Շուշիի գործողութիւնները առաջին հերթին ինքնապաշտպանութիւն էր

Գեներալ-մայոր Աստւածատուր Պետրոսեանը Շուշիի գրաւումը Հայկական բանակի կազմաւորման առաջին փուլում հայերի տարած առաջին խոշոր յաղթանակն է համարում: Այսօրւայ ասուլիսին նա նաև անդրադարձաւ գործողութեան քննադատողներին:

«Այսօր միայն շնորհաւորանքներ չենք ընդունում, նաև քննադատութիւններ ենք լսում, թէ ինչու այս կամ այն քայլը չարեցիք: Եթէ այդքան հասունացած լինէինք, կանէինք: Թէ ինչ սխալներ ենք գործել, ինչպէս ենք կատարել այդ գործողութիւնները, իւրաքանչիւրս մեր սխալի վրայ ենք սովորում: Ով ասում է` ինքն անսխալական է, նա չի կարող որևէ բան սովորել: Անընդհատ սովորելու բան չունեցող մարդը չի կարող Շուշիում յաղթանակել, չի կարող Մարտակերտ, Քելբաջար օպերացիաները կատարել, չի կարող Հայրենական պատերազմի արժանաւոր զինւորների արժանաւոր թոռը լինել և 21-րդ դարը նրանը չի լինելու»,- պատասխանելով քննադատողներին` ասաց գեներալ-մայորը:
Շատերը մտածում են, որ Շուշիի օպերացիան գրոհ էր, սակայն գեներալ-մայորի պարզաբանմամբ` դա առաջին հերթին ինքնապաշտպանութիւն էր:
«Նրանք 40-50 հազար զօրքով պաշարեցին ու յետ գնացին: Փախչում էին՝ ով ոնց կարող էր: Օպերացիայի առաջին 7 ժամւայ ընթացքում նրանք խնդրում էին յանձնւել, սակայն մենք թողնում էինք, որ գնան, վերևից ուղղաթիռով թռչելիս լաւ տեսնում էինք, որ փախչում են»,- պատմեց գեներալ-մայորը:
Շուշիի օպերացիայի ժամանակ հայկական կողմը 22 զոհ տւեց: Ադրբեջանական կողմի կորուստները պաշտօնական տւեալներով հասան 78-ի: «Այդքանը մենք մեր աչքով տեսանք: Նրանց միւս զոհերի մասին տեղեկութիւններ չունեցանք: Մարտից 3-4 ժամ յետոյ թողնում էինք, որպէսզի նրանք գան ու իրենց դիակները տանեն»,- պատմեց բանախօսը:
Շուշիի մարտում ընկան հիմնականում Շիրակի դաշտավայրի երկրապահ ջոկատի տղաները:
Գեներալ-մայորը յիշում է` նախքան օպերացիան սկսելը կանխատեսւում էր, որ հայկական կողմը 200-300 զոհ կըտայ. «Մեր 200-300 գրոհող տղաները մէկը միւսին ասում էր` ով զոհւի, դաւաճան է»:
Աստւածատուր Պետրոսեանը նշում է, որ թշնամուն հնարաւոր եղաւ յաղթել միասնականութիւն դրսևորելու արդիւնքում: «Անկախ կուսակցական պատկանելութիւնից էին կռւում, կուսակցականութիւնն այնտեղ գլուխ չբարձրացրեց: Հէնց կուսակցականութիւնը գլուխ բարձրացներ, այդ օրը մենք պարտութիւն կը կրէինք»,- նշեց նա:

Tert.am

0 Պատգամ: