«Ադրբեջանը պէտք է իր զօրքերը դուրս բերի Շահումեանից և Գետաշէնից»
«Արցախի անկախութիւնն ու հայրենիքին միացումն այլընտրանք չունեն»


«Թուրքիայի ղեկավարութեան ուղեղներում դեռևս վառ են պանթուրքիզմի և նէօ–օսմանիզմի գաղափարները»

-Թուրք-ադրբեջանական տանդեմը, ի դէմս Թուրքիայի վարչապետ Էրդողանի և Ադրբեջանի սուլթանի պաշտօնը հօրից որդի ժառանգած կրտսեր Ի. Ալիևի, հանդէս եկաւ Ղարաբաղեան հակամարտութեան հետ կապւած անհեթեթ յայտարարութիւններով,-ԱԺ յայտարարութիւնների ժամին ասել է ՀՀԿ խմբակցութեան քարտուղար Էդւարդ Շարմազանովը:
-Թուրքիան շարունակում է ապակառուցողական լեզւով խօսել հայկական կողմի հետ՝ նշելով, որ քանի դեռ Ղարաբաղեան հարցը լուծւած չէ, Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը: Այս յայտարարութիւնը ևս մէկ անգամ փաստում է, որ Թուրքիայի ղեկավարութեան ուղեղներում դեռևս վառ են պանթուրքիզմի և նէո–օսմանիզմի գաղափարները: Ստիպւած եմ նրանց երկնքից իջեցնել երկիր, որպէսզի նրանք աւելի իրատեսօրէն նայեն աշխարհին,-նշել է Է. Շարմազանովը՝ աւելացնելով.
-Նախ, Թուրքիան պէտք է հասկանայ, որ ինքը չի կարող միջնորդ լինել Ղարաբաղեան հարցում, և Մինսկի համանախագահութեան ձևաչափը այլընտրանք չունի: Նախօրէին նման կարծիք արտայայտեց նաև Չեխիայի վարչապետը: Անպտուղ խօսելու փոխարէն՝ Թուրքիան թող զբաղւի իր խնդիրներով և իր զօրքերը դուրս բերի Կիպրոսից, որի տարածքի մի մասը զաւթած պահում է 35 տարուց աւելի։ Իրականութիւնից հեռու յայտարարութիւնների առումով իր աւագ եղբայր Էրդողանից առաջ անցաւ կրտսեր Ալիևը՝ նշելով, թէ Հայաստանը պէտք է իր զինուժը դուրս բերի ազատագրւած տարածքներից:
Ալիևին յիշեցնենք, որ ԼՂ-ն երբէք չի եղել ու չի լինի Ադրբեջանի կազմում: Խնդրի խաղաղ կարգաւորման հասնելու համար Ադրբեջանը, նախ և առաջ, պէտք է իր զօրքերը դուրս բերի Շահումեանից ու Գետաշէնից և իր կողմից բռնազաւթւած հայկական տարածքներից, և այտնեղ վերադարձնի հայ փախստականներին: Այսօր Լեռնային Ղարաբաղը կայացած պետութիւն է՝ իր կառոյցներով, բանակով, սեփական ճակատագիրը ինքնուրոյն տնօրինող քաղաքացիներով:
Եզրափակելով խօսքը՝ ՀՀԿ խմբակցութեան քարտուղարը շնորհաւորել Արցախի ժողովրդին Լաչինի ազատագրման 18-րդ տարեդարձի կապակցութեամբ և նշել, որ Արցախի անկախութիւնն ու հայրենիքին միացումն այլընտրանք չունեն:

7or.am

0 Պատգամ: