Վահան Յովհաննիսեան.–
«Ողջունւեցին Դաւութ... ո՞նց էր դրա անունը, Չավուշօղլուի պրագմատիկ կեցւածքները»

«Նա մեզ համար Եւրոպայի խորհրդի նախագահ չէ, ինքը մեզ համար հեղինակաւոր միջազգային կազմակերպութեան ղեկավար չէ. թո՛ւրք է այդ մարդը...»

Մայիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի յայտարարութիւնների ժամին ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանը անդրադառնալով ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուի Հայաստան կատարած այցին, յայտարարել է.
«Չավուշօղլուն եկաւ և գնաց, հիմա փորձենք գնահատել՝ ինչ եղաւ։ Ինչպէս գիտէք, մենք հրաժարւեցինք նրա հետ հանդիպել, և Ձեզ յայտնի են մեր փաստարկները, պատճառաբանութիւնները, հիմնաւորումները։ Կրկնելու կարիք չկայ։ Բայց քաղաքական շատ ուժեր՝ տարբեր բևեռներից, իշխանութիւնից, ընդդիմութեան տարբեր ֆալանգներից, որոշեցին, որ չէ, անպայման պէտք է հանդիպեն։ Ոմանք կատու էին ճղում ուղղակի, թէ հիմա կը գնանք, ամէն ինչ կասենք երեսին։ Եւ ի՞նչ եղաւ։ Իշխանութեան, կրկնում եմ՝ այս դէպքում յիշէք, որ և՛ իշխանութեան, և՛ ընդդիմութեան վերաբերեալ ես նկատի չունեմ բոլոր հանդիպումները. կան երջանիկ բացառութիւններ՝ շատ քիչ։ Բայց հիմնականում ի՞նչ եղաւ։ Իշխանութեան կողմից ներկայացան կառուցողական դիրքորոշումներով, ողջունւեցին Դաւութ... ո՞նց էր դրա անունը, Չավուշօղլուի պրագմատիկ կեցւածքները, որոշւեց ֆիքսել Ղարաբաղով զբաղւող ենթայանձնաժողովի նպատակները։ Ընդամէնը։ Այսինքն խօսք չեղաւ, որ մենք դէմ ենք այդ ենթայանձնաժողովին, որ այդ ենթայանձնաժողովը Եւրոպայի խորհրդում մեզ համար կործանարար բան է։ Ո՛չ, մենք կառուցողական դիրքորոշում ցուցաբերեցինք։ Իսկ ի՞նչ արեցին որոշ ընդդիմադիր ուժեր։ Նրանք գնացին ու թուրքին սկսեցին գանգատւել Հայաստանի Հանրապետութիւնից, թուրքի՛ն, ով ապացուցեց, որ ինքը մեզ համար Եւրոպայի խորհրդի նախագահ չէ, ինքը մեզ համար հեղինակաւոր միջազգային կազմակերպութեան ղեկավար չէ. թուրք է այդ մարդը։ Եկել է և ասում է, թէ մենք պէտք է յարգենք նրա որոշումը, ու դասեր է տալիս Հայաստանի Հանրապետութեանը, յոյս է յայտնում, որ մենք 2012թ. կթերթենք ամօթալի էջերը մեր պատմութեան։ Իրենց պատմութեան մասին ինքը ոչինչ չի ասում։ Այս պայմաններում, կարծում եմ, մենք պէտք է լուրջ հետևութիւններ անենք։ Խայտառակ ենք եղել, ինձ թւում է։ Որովհետև Չավուշօղլուն ինչ ցանկանում էր, Հայաստան իր այցից քամեց, ստացաւ ու գնաց։ Իսկ ի՞նչ ստացաք դուք, ինձ համար հասկանալի չէ։ Եւ, ուրեմն, այսօր պէտք է հետևութիւններ անել։ Մեր պատւիրակութեան համար Եւրոպայի խորհրդում, ես հասկանում եմ, պրոցեդուրային առումով հեշտ չի լինելու որևէ քայլ անել, այսինքն՝ իմպիչմենտի գործընթաց, յետ կանչման և այլն։ Հասկանում եմ՝ դա այն կազմակերպութիւնը չէ, դա գրեթէ անհնարին բան է։ Բայց առնւազն դէմն առնել այդ ենթայանձնաժողովի մենք այսօր պարտաւոր ենք, որովհետև դուք տեսնում եք՝ Թուրքիան անշեղօրէն, դանդաղ, բայց մեր ստրատեգիական դաշնակից Ռուսաստանի օգնութեամբ մտնում է, մխրճւում է Մինսկի գործընթացի մէջ։ Հետևութիւնները պէտք է անեն մեր քաղաքական այրերը»։

7or.am

0 Պատգամ: