Մեդվեդևին Անկարայում սառը ցնցո՞ւղ է սպասում
«Մեդվեդևի այցի ընթացքում հնարաւոր չի լինելու ստորագրել ատոմակայանի հետ կապւած պայմանագիրը»
17:01 • 11.05.10
Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Դմիտրի Մեդվեդևի` այսօր Թուրքիա կատարելիք այցից առաջ թուրքական լրատւամիջոցները տեղեկութիւն են տարածել, որի համաձայն` Անկարայի և Մոսկւայի միջև Թուրքիայի տարածքում ատոմակայանի շինարարութեան վերաբերեալ պայամանագրի ստորագրումը հետաձգւում է:
Թրքական Enerjivadisi.com կայքէջի փոխանցմամբ` Թուրքիայի տարածքում ռուսների կողմից Akkuyu ատոմակայանի շինարարութեան հարցում որոշ տարաձայնութիւններ են առաջ եկել կողմերի միջև:
«Տարաձայնութիւնները վերաբերում են շինարարութեան արժէքին և դրա գործարկման հետ կապւած խնդիրներին: Այդ պատճառով Մեդվեդևի այցի ընթացքում հնարաւոր չի լինելու ստորագրել ատոմակայանի հետ կապւած պայմանագիրը: Հարցի շուրջ բանակցութիւնները շարունակւում են կողմերի արտաքին գործերի և էներգետիկայի նախարարութիւնների միջև»,- գրում է թրքական կայքէջը:
Իր հերթին թուրքական Milliyet օրաթերթն այդ տեղեկութիւնը որակել է որպէս «սառը ցնցուղ Մեդվեդևի հսկայածաւալ նախագծերի համար»:
Յիշեցնենք, որ այսօր երեկոյեան երկօրեայ այցով Թուրքիա է ժամանում Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Թուրքական կողմի հետ հանդիպումների առանցքում էներգետիկ հարցերն են:

Tert.am

0 Պատգամ: