Եւա Ռիվասի ելոյթի ժամանակ Օսլօի բեմում կախարդանք է տեղի ունենալու
13:00 • 15.05.10
Հայկական պատւիրակութիւնը մայիսի 17-ին մեկնում է Օսլօ՝ մասնակցելու «Եւրատեսիլ 2010» երգի միջազգային փառատօնին։ Այդ մասին Tert.am-ին ասաց Հայաստանի Հեռուստա–ռադիո–ընկերութեան տնօրէնի յատուկ նախագծերի գծով խորհրդական Դիանա Մնացականեանը։
«Եւրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Եւա Ռիվասի առաջին փորձն անցնելու է մայիսի 18-ին՝ առաւօտեան 8-ին։ Հայաստանը ներկայացնող երգչուհու շօուն ամբողջովին պատրաստ է, յայտնի են բոլոր մանրամասները, որոնք, սակայն, Դիանա Մնացականեանն այդպէս էլ չբացայայտեց։ Ըստ նրա, նախ՝ կանոնների համաձայն, այդ գաղտնիքները բացայայտել չի թոյլատրւում, և երկրորդ՝ բացայայտելու դէպքում հետաքրքրութիւնը կը կորչի։Այդուամենայնիւ, որոշ բաներ տնօրէնի խորհրդականը բացայայտեց, օրինակ, որ Եւա Ռիվասի շօուն լինելու է թատերականացւած ու մի փոքրիկ անակնկալ է ունենալու։ Համարում լինելու են աճպարարական տարրեր և, կարելի է ասել, որ բեմի վրայ կախարդանք է տեղի ունենալու։ Երգչուհու բեմական հագուստում գերակշռելու են բաց և մեղմ երանգները, և, իհարկէ, լինելու են ծիրանագոյն տարրեր։
Յիշեցնենք, որ Եւա Ռիվասը Apricot Stone երգով ելոյթ կունենայ մայիսի 27-ին՝ «Եւրատեսիլի» 2–րդ կիսաեզրափակիչում։
Դիանա Մնացականեանը մեզ տեղեկացրեց, որ պրոմօ շրջագայութեան շրջանակներում Ռիվասն արդէն ելոյթներով հանդէս է եկել Ռուսաստանում, Ուկրաինայում, Յունաստանում, Կիպրոսում, Գերմանիայում, Բելգիայում, ինչպէս նաև մասնակցելու է Արման Յովհաննիսեանի մենահամերգին Ֆրանսիայի Լիոն քաղաքում, ուր Ռիվասն այցելելու է մէկ օրով։
«Մեզ բոլորիս համբերութիւն և մեծ յաջողութիւն եմ մաղթում»- յաւելեց Մնացականեանը։
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment