Դմիտրի Մեդվեդևը Սիրիայից կը մեկնի Թուրքիա

Պաշտօնական այցով Սիրիայում գտնւող ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը այդ երկրի նախագահ Բաշար Ասադի հետ կը քննարկի երկկողմ յարաբերութիւնների զարգացումը տնտեսութեան, էներգետիկայի, ռազմատեխնիկական համագործակցութեան և այլ ոլորտներում, ինչպէս նաև կանդրադառնայ մերձարևելեան կարգաւորման խնդրին, Իրանում, Իրաքում և Լիբանանում տիրող իրավիճակին:
Ինչպէս ՌԻԱ Նովոստի գործակալութեանը յայտնել է ՌԴ նախագահի օգնական Սերգէյ Պրիխոդկոն, այսօր երեկոյեան Դ.Մեդվեդևը Սիրիայից կը մեկնի Թուրքիա, որտեղ կը քննարկի այդ երկրի ղեկավարութեան հետ երկկողմ յարաբերութիւնների զարգացումը տնտեսութեան, էներգետիկայի ոլորտներում, ինչպէս նաև մի շարք միջազգային և տարածաշրջանային հարցեր:
Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գիւլի նստավայրում տեղի կունենայ երկու երկրների նախագահների աշխատանքային ճաշկերոյթը:
Չորեքշաբթի օրը ՌԴ նախագահը ծաղկեպսակ կը դնի Թուրքիայի առաջին նախագահ Աթաթուրքի շիրիմին, այնուհետև կը մեկնարկեն երկու երկրների ղեկավարների բանակցութիւնները` սկզբում նեղ, այնուհետև ընդլայնւած ձևաչափով:
Այցի շրջանակներում կայանալու է ՌԴ նախագահ Մեդվեդևի և Թուրքիայի վարչապետ Էրդողանի հանդիպումը: Դմիտրի Մեդվեդևը նաև կայցելի Թուրքիայի խորհրդարան, ինչպէս նաև կը մասնակցի ռուս-թրքական գործարար ֆորումին:
Ռուսաստանի նախագահի Թուրքիա կատարած այցի շրջանակներում երկու երկրների միջև շուրջ 25 փաստաթուղթ կստորագրւեն:
Այցի արդիւնքում կստեղծւի երկկողմ յարաբերութիւնները համակարգող նոր կառոյց` Բարձր մակարդակի համագործակցութեան խորհուրդ, որը գլխաւորելու են ՌԴ նախագահը և Թուրքիայի վարչապետը:
Թուրքիայի ղեկավարութեան հետ բանակցութիւններում ՌԴ նախագահը նաև կանդրադառնայ տարածաշրջանային և միջազգային խնդիրներին` ծայրայեղականութեան և ահաբեկչութեան դէմ պայքարին, Անդրկովկասում տիրող իրավիճակին, կիպրական և մերձարևելեան հակամարտութիւնների կարգաւորմանը, իրանական միջուկային խնդրին, ինչպէս նաև իրավիճակին Աֆղանստանում:
ՌԴ նախագահի օգնականը նշել է, որ չի բացառւում կողմերի միջև Հայ-թրքական յարաբերութիւնների ներկայիս իրավիճակի քննարկումը: Ռուսաստանը միշտ հետաքրքրւած է եղել Հայաստանի և Թուրքիայի հետ, ինչպէս նաև վերջիններիս միջև փոխշահաւէտ ծրագրերի իրականացման հարցում, - նշել է Ս.Պրիխոդկոն: ՌԴ նախագահի այցը Թուրքիա կաւարտւի մայիսի 12-ի երեկոյեան:
ԱՅՍՕՐ, 09:44

0 Պատգամ: