Դմիտրի Մեդվեդևը Թուրքիա կատարելիք այցից առաջ խօսել է ռուս–թրքական յարաբերութիւնների մասին
«Խորին յարգանք եմ տածում մեծ բարեփոխիչ
Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անձի նկատմամբ»
«Ռուսաստանն առաջին երկիրն էր, որը ճանաչեց
երիտասարդ Թուրքիայի Հանրապետութիւնը»
13:41 • 10.05.10
Մայիսի 11-ին սկսւում է Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Դմիտրի Մեդվեդևի երկօրեայ պաշտօնական այցը Թուրքիա: Այցի կապակցութեամբ թրքական Zaman օրաթերթում հրապարակւել են ՌԴ նախագահի մեկնաբանութիւններն ու գնահատականները ռուս-թրքական յարաբերութիւնների վերաբերեալ:
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Ռուսաստան-Թուրքիա. շարունակել ճանապարհը` չսահմանափակւելով ձեռքբերումներով» խորագրով իր յօդւածում, կարևորելով Ռուսաստանի և Թուրքիայի միջև առկայ յարաբերութիւնները, ընդգծում է երկկողմ յարաբերութիւնների ներկայ փուլը վերլուծելու և առաջ շարժւելու կարևորութիւնը:«Խորին յարգանք եմ տածում մեծ բարեփոխիչ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անձի նկատմամբ, որի ներդրումը նոր Թուրքիայի կայացման հարցում հնարաւոր չէ գերագնահատել: Ռուսաստանն առաջին երկիրն էր, որը ճանաչեց երիտասարդ Թուրքիայի Հանրապետութիւնը, ինչպէս նաև ռազմատեխնիկական և նիւթական քիչ օգնութիւն ցոյց չի տւել թուրք ժողովրդին` անկախութեան համար մղւող իր պայքարի դժւարին տարիներին: Յունիսի 3-ին լրանում է մեր երկրների միջև դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 90-րդ տարին: Եւ իմ այցելութիւնը տեղի է ունենալու այդ յիշարժան օրւայ նախաշէմին»,- գրում է Դմիտրի Մեդվեդևը:ՌԴ նախագահն իր յօդւածում անդրադարձ է կատարում Մոսկւայի և Թուրքիայի միջև ձևաւորւելիք նոր կառոյցի և դրա գործառոյթների, երկու երկրների միջև առկայ էներգետիկ նախագծերի, ինչպէս նաև երկկողմ առևտրաշրջանառութեան ծաւալների վրայ:
«Այցելութեան ընթացքում ձևաւորւելու է միջպետական խորհրդակցութիւնների սկզբունքօրէն նոր մեխանիզմ` Բարձր մակարդակի համագործակցութեան խորհուրդը, որը գործելու է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և իմ համանախագահութեամբ: Ստեղծւելիք կառոյցի նպատակը ռուս-թրքական յարաբերութիւնների գլխաւոր ուղղութիւնների և ռազմավարութեան մշակումն է, կարևոր նախագծերի իրականացման համակարգումը, երկու երկրների գործարարների միջև կապերի հաստատումը»,- գրում է ՌԴ նախագահը` աւելացնելով, որ ձևաւորւելիք նոր կառոյցի նպատակներից է լինելու նաև արտաքին քաղաքականութեան ոլորտում քայլերի համաձայնեցումը` միջազգային խաղաղութեանն ու կայունութեանը նպաստելու նպատակով:
«Մեր փոխգործակցութեան կարևոր ուղղութիւնը, անկասկած, համագործակցութիւնն է էներգետիկ բնագաւառում: Այդ ոլորտում կան առաջնային համատեղ նախագծեր` «Հարաւային հոսք» և «Կապոյտ հոսք - 2» գազատարերի, «Սամսուն-Ջէյհան» նաւթատարի կառուցումը, ինչպէս նաև Թուրքիայի Հանրապետութեան տարածքում ռուսների կողմից ատոմակայանի կառուցումը»,- գրում է Մեդվեդևը` ընդգծելով, որ Ռուսաստանի և Թուրքիայի ընդհանուր նպատակներից է նաև երկու երկրների միջև առկայ ապրանքաշրջանառութեան ծաւալներն առաջիկայ 5 տարիների ընթացքում 3-5 անգամ մեծացնելը։
«Մենք Թուրքիային դիտում է որպէս վստահելի և անկեղծ հարևանի, որի հետ, ի շահ մեր երկու ժողովուրդների բարէկեցութեան, ուրախ ենք կառուցել ծրագրեր, որոնք կամրապնդեն մեր հետագայ համագործակցութիւնը»,- եզրափակում է Ռուսաստանի Դաշնութեան նախագահը:
Իր հերթին թրքական Cumhuriyet օրաթերթը գրում է, որ Դմիտրի Մեդվեդևին Անկարա կատարելիք այցի ժամանակ ուղեկցելու է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավար Սերգէյ Լաւրովը, որը հանդիպելու է իր թուրք գործընկեր Ահմեթ Դաւութօղլուին։
Թրքական պարբերականը նշում է, որ հանդիպումների ընթացքում այլ հարցերի թւում քննարկւելու են Ղարաբաղեան հիմնախնդիրն ու Հայ-թրքական յարաբերութիւնները:
Յիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դաւութօղլուն յայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Անկարա ծրագրւած այցի ժամանակ քննարկւելիք առանցքային հարցերից մէկը լինելու է Ղարաբաղեան հիմնախնդիրը:
Tert.am
1 Պատգամ:
Ձեր լրատւութիւնն էլ ձեր միւս գրութիւնների նման իւրօրինակ են։ Նոյն լուրը կարդում եմ տարբեր տեղերում, բայց դուք լուրի եւ յօդւածի ողնուծուծը առանձին էլ դնում ք, ու այս ցոյց է տալիս լրատւութեան մէջ վարպետութիւնը։ Ապրէք ու շարունակէք, բայց խնդրում եմ գրէք նաեկ ձեր սեփական գրչին պատկանող յօդւածներն էլ։
Շնորհակալութիւն
Post a Comment