Հասոյթը` հիւանդ երեխաներին


Նիւ Եորքի հանրայայտ պատկերասրահներից մէկը` Ջէյմզ Քոհենը, պատրաստւում է նիւեորքահայ արւեստագէտ Հայկ Քոչարեանի լուսանկարչական նոր գործերի ցուցադրութիւնը:
«Հայեացք պատուհանից դուրս» այսպէս է անւանել լուսանկարիչ արւեստագէտը իր լուսանկարների հերթական ցուցադրութիւնը:
Լուսանկարներն արւել են Աֆրիկայում, մասնաւորապէս Եթովպիայում եւ պատկերում են ՁԻԱՀ-ով հիւանդ երեխաների:
Արւեստագէտը ներկայացնում է կեանքն այն երեխաների աչքերով, որոնք ի ծնէ դատապարտւած են, որովհետեւ հիւանդութիւնը նրանց անցել է ժառանգաբար` հիւանդ ծնողներից:
Ցուցահանդէս- վաճառքից ստացւած ամբողջ հասոյթը յատկացւելու է հիւանդ երեխաների բուժման նպատակով:
«Ես իմ ցուցահանդէսով ուզում եմ, որ մարդիկ մէկ հայեացք գցեն այս երեխաներին, նրանց հետ զգացական կապ հաստատեն: Այս երեխաները լաւատեսօրէն են նայում կեանքին: Օգնելով նրանց` մենք նաեւ ինքներս մեզ ենք օգնում`աշխարհը աւելի լաւը դարձնելով»,- ասաց արւեստագէտը:
Ցուցահանդէսի բացումը տեղի է ունենալու մայիսի 17-ին:
Հայկ Քոչարեանը ծնւել է Երեւանում: Նրա հայրը` դերասան Վլադիմիր Քոչարեանը, կնքել է իր մահկանացուն, երբ Հայկը 15 տարեկան էր: Մայրը` Սունդուկեան թատրոնի նախկին դերասանուհի Կարինէ Քոչարեանը, ապրում է Նիւ Եորքում եւ զբաղւում է լրագրողական աշխատանքով:
Հայկ Քոչարեանը 6 կարճամետրաժ եւ 2 լիամետրաժ ֆիլմերի հեղինակ է: Նրա լուսանկարչական գործերը ցուցադրւել են նաեւ Կալիֆոռնիայի, ինչպէս նաեւ Եւրոպական բազմաթիւ քաղաքներում: Արւեստագէտը մասնակցել է Նիւ Եորքի արւեստի մրցանակաբաշխութիւններին` արժանանալով բարձր մրցանակների:

Ռոբերտ Կարապետեան
Նիւ Եորք

0 Պատգամ: