Milliyet.– Արձանագրութիւններում թէ՛ Ղարաբաղի հարցի, թէ՛ պատմական իրադարձութիւնների քննարկման համար բաց թողնւած տեղեր կան

15:50 / 06.05.2010
Թուրքական Milliyet-ի թղթակից Թահա Աքյոլը իր «արձանագրութիւնները ապրում են» հրապարակման մէջ մէջբերել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուի խօսքերը` նշելով, որ ստորագրւած Հայ-թրքական արձանագրութիւններում թէ՛ Ղարաբաղի հարցի, թէ՛ պատմական իրադարձութիւնների քննարկման համար բաց թողնւած տեղեր կան:
Թահա Աքյոլը հրապարակման մէջ ներկայացրել է Ուկրաինա ուղեւորւելիս Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դաւութօղլուի հետ տեղի ունեցած զրոյցից մանրամասներ: «Իմ այն հարցին, թէ Հայ-թրքական արձանագրութիւնները մահացե՞լ են, Դաւութօղլուն պատասխանեց. „Ոչ, արձանագրութիւնները ապրում են: Եթէ վերլուծութիւն իրականացնեք, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ մեր ունեցած ներկայիս յարաբերութիւնները մէկ տարի առաջւայ համեմատ աւելի լաւն են: Նշանակում է` գետը առանց կանգ առնելու հոսում է“-ասաց Դաւութօղլուն»,-գրում է Աքյոլը:
Այնուհետ Milliyet-ի թղթակիցը Ղարաբաղի եւ 1915-ի հետ կապւած մէջբերում է Դաւութօղլու հետ զրոյցից մէկ այլ հատւած: «Նախարարին հարցրեցի, թէ արդեօ՞ք առանց Ղարաբաղի խնդրին անդրադառնալու էք Հայաստանի հետ սեղանի շուրջ նստել, Դաւութօղլուն յիշեցրեց „կառուցողական անորոշութիւններ“ (constructive ambiguity) սկզբունքը»: Թահա Աքյոլը եզրակացնելով, որ արձանագրութիւնների «անորոշ» տեքստը ապահովելու է գործընթացի սկիզբը եւ այնուհետ քայլ առ քայլ առաջընթացը` աւելացրել է, որ ստորագրւած Հայ-թրքական արձանագրութիւններում թէ՛ Ղարաբաղի հարցի, թէ՛ պատմական իրադարձութիւնների քննարկման համար բաց թողնւած տեղեր կան:
Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: