Հրանտ Դինքը դարձե՞լ էր
նաև թուրքական
մաֆիայի թիրախը

15:12 • 08.10.10
Թուրքիայում ի յայտ են եկել նոր մանրամասներ 2007թ. սպանւած «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի վերաբերեալ: Թուրքական Taraf օրաթերթը գրում է, որ Դինքի սպանութիւնից մօտ հինգ ամիս առաջ նա յայտնւել էր թուրքական մաֆիայի թիրախում:
Պարբերականի փոխանցմամբ` թուրքական մաֆիայի յայտնի պարագլուխներից Այվազ Քորքմազը խմբագրապետի սպանութիւնից ամիսներ առաջ Դինքին սպանելու համար առաջարկել է 100 հազար թուրքական լիրա (մօտ 70 հազար ԱՄՆ դոլար) պարգևավճար: Սակայն այդ գումարի վճարման հետ կապւած խնդիրներ են առաջացել և ոճիրը չի իրականացւել։
Ըստ Taraf-ի` այդ մանրամասներն ի յայտ են եկել Ստամբուլի դատարանում մէկ այլ գործի լսման ժամանակ, որով որպէս մեղադրեալ անցնում էր նաև Այվազ Քորքմազը: Իսկ այդ գործով անցնող որոշ կասկածեալներ ժամանակին հարցաքննւել են Հրանտ Դինքի սպանութեան և Մալաթիայի «Զիրվէ» հրատարակչատնում իրականացւած սպանդի գործերով:
Կասկածեալներից մէկը` Մեթին Դողանը, յայտարարել է, որ Հրանտի սպանութիւնը տեղի չի ունեցել առաջարկւող գումարի վճարման հետ կապւած խնդիրների պատճառով: Դողանն ասել է նաև, որ իրեն սպառնացել են բանտում՝ պահանջելով լռել։
«Դինքի սպանութիւնից յետոյ ինձ բանտում Այվազ Քորքմազի հարցով ասացին հետևեալը. «Մեթին, եղբայր, քեզ բարևներ Այվազ մեծ եղբօրից: Ասում է, որ խելքդ գլուխդ հաւաքես, լեզուդ պահես ատամներիդ տակ: Դա լաւ կլինի քեզ և քո ընտանիքի համար: Շուտով կհասկանաս մեր սպառնալիքների լրջութիւնը»,- ասել է Մեթին Դողանը:
Թեմայի առնչութեամբ Դինքի ընտանիքի փաստաբան ֆեթհիյէ Չեթինը յայտարարել է, որ դրանք նոր մանրամասներ են և դեռ պէտք է ուսումնասիրւեն։

Tert.am

***
Իրականութեան մէջ, ոչ մի մանրամասնութիւններ էլ չկան։ Բոլորս էլ տեղեակ ենք, որ Թրքական իշխանութիւնները՝ պատմութիւնը նենգափոխելու հարցում մեծ համբաւ ունեն հեքիաթներ ու առասպելներ հիւսելու գործերով։ Ամենամեծը՝ Հայոց Ցեղասպանութեան մերժումն է՝ նորանոր հեքիաթներ հիւսելով։
Այս հարցում եւս, թրքական ֆաշիստական իշխանութեանը զերծ պահելու համար Հրանտ Դինքի սպանութեան իր մեղսակցութեան մէջ, այսպիսի զառանցանքներ են տարածում։
Ոչ մի կասկած չկայ, որ հէնց թրքական լրատւամիջոցների վկայութեամբ, Հրանտ Դինքի սպանութեան ուղղակի պատասխանատուն՝ ինքը թրքական իշխանութիւնն է։ Վ.

0 Պատգամ: