ՄԱՄԼՈՅ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ - Այս տարի ամբողջանում է հայոց պատմութեան մէջ ամենահին եւ ամենաազդեցիկ քաղաքական կազմակերպութիւններից մէկի՝ Դաշնակցութեան 120-ամեակը: Այս առիթով՝ USC-ի Հայկական ամբիոնը եւ «Armenian review»-ն հասարակութեանը հրաւիրում են մի ակադեմական գիտաժողովի՝ ՀՅԴ-ի պատմութեան, ներկայ գործունէութեան եւ ապագայ հեռանկարների շուրջ:
Այս մէկօրեայ գիտաժողովը, որի խորագիրն է «ՀՅԴ 120 տարեկան. պատմութեան կերտում», կայանալու է դեկտեմբերի 4-ին, առաւօտեան ժամը 9-ին, Հարաւային Կալիֆորնիայի համալսարանի (USC) «Դէյւիդսոն» գիտաժողովների կենտրոնում: Գիտաժողովը կը քննարկի առանցքային խնդիրներ, ինչպէս՝ Հայաստանում ՀՅԴ-ի գործունէութեան հասարակա-տնտեսական ոլորտները, կանանց դերը՝ ՀՅԴ-ի շարքերում, մարտահրաւէրները՝ որպէս պետական մակարդակում գործող քաղաքական կուսակցութիւն եւ միաժամանակ Սփիւռքով մէկ տարածւած քաղաքական շարժում, պատմական զարգացումների գնահատականներ եւ ներկայ հարցեր:
Սոյն գիտաժողովին կը մասնակցեն ուսումնասիրողներ, մասնագէտներ եւ ակտւիստներ՝ Հայաստանից, Միջին Արեւելքից, Եւրոպայից եւ ԱՄՆ-ից, որոնք կը ներկայացնեն բազմաշերտ վերլուծականներ՝ ՀՅԴ-ի գործունէութեան 120-ամեակի առիթով:
Գիտաժողովի համակազմակերպիչ, «Արմինիըն ռիւիւ»-ի գլխաւոր խմբագիր, «Բենթլի» համալսարանի դասախօս պրոֆեսոր Ասպետ Գոչիկեանն ասաց, «Անցեալում հազւադէպ առիթներով է, որ նման մի ակադեմական գիտաժողով համախմբի գիտնականներ եւ մասնագէտներ՝ գիտական, ակադեմական եւ գիտա-քննադատական աչքով խորին քննութեան ենթարկելու համար ՀՅԴ-ն կամ որեւէ այլ հայկական մի կուսակցութիւն»:
Պրոֆ. Գոչիկեանն ասաց նաեւ, որ մինչ այս գիտաժողովը հեռու է ՀՅԴ-ն սպառիչ վերլուծութեան ենթարկելուց, սակայն հող է պատրաստում հետագայ հետազօտութեանց համար, ինչպիսին են՝ կանանց դերը՝ հայկական քաղաքական կեանքում, կամ շարունակական բանավէճերը կուսակցութեան աշխատելաձեւի շուրջ՝ թէ՛ Սփիւռքում, թէ՛ Հայաստանում:
Գիտաժողովը բաղկացած է երեք զրոյց-բաժիններից: Պրոֆ. Ռիչարդ Յովհաննիսեանը (UCLA) կը վարի առաջին բաժինը, որտեղ կը քննարկւի ՀՅԴ-ի պատմութիւնը՝ համեմատաբար եւ յատկապէս՝ հայկական պարունակի մէջ ու իր ընկերվարական եւ ազգային գաղափարախօսութեան զարգացումը: Առաջին բաժնի զեկուցաբերները կը լինեն պրոֆ. Հուրի Պերպերեանը (Cal State Long Beach), տկն. Էլքէ Հարթմանը (Բեռլինի Ազատ համալսարան), պրոֆ. Արա Սանճեանը (University of Michigan at Dearborn), պրոֆ. Խաչիկ Տէր- Ղուկասեանը («Սան Անդրէս» համալսարան, Բուէնոս Այրես): Երկրորդ բաժինը՝ «ՀՅԴ-ի դերը՝ հայ հասարակութեան մէջ» կը վարի պրոֆ. Ստեֆան Աստրեանը (UC Berkeley):
Զեկուցաբերներն են՝ Արսէն Ստեփանեանը՝ «Քաունթերփարթ Արմինիա» (շահերի պաշտպանութեան) ծրագրի վարիչ, Ընկերվա-րական միջազգայնականի փոխնախագահուհի Մարիա Թիթիզեանը, պրոֆ. Արա Խանճեանը (Ventura college), պրոֆ. Լեւոն Չորպաճեանը (U Mass at Lowell), պրոֆ. Վիգէն Եագուպեանը (Woodbury university): Երրորդ բաժինը կը վարի պրոֆ. Խաչիկ Թէոլէոլեանը, որը կուսումնասիրի ՀՅԴ-ի գործունէութեան վերջին տասնամեակները՝ ազգ եւ պետութիւն պարունակի մէջ:
Վերջին բաժնի զեկուցաբերներն են՝ Արամ Համբարեանը՝ Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն, Արմէն Սարգսեանը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Ազգային ժողովի անդամ, պրոֆ. Օհաննէս Կէոքճեանը (Բէյրութի Ամերիկեան համալսարան), պրոֆ. Ասպետ Գոչիկեանը (Bentley համալսարան) եւ «Արմինիըն ռիւիու»-ի գլխաւոր խմբագիր:
Անդրադառնալով այս ակադեմական նախաձեռնութեանը՝ համաժողովի մասնակից-զեկուցաբեր պրոֆ. Վիգէն Եագուպեանն այն կոչեց «երիտասարդ-աւագի խորին քննարկումը»: Իրօք՝ համաժողովը, որ ուսումնասիրում է ՀՅԴ-ի դերը՝ հայ քաղաքական եւ մշակութային կեանքում, մի յետադարձ հայեացք է նետում վերջին հարիւր քսան տարիների ընթացքում կուսակցութեան ժամանակակից եւ շարունակական ներկայութեանը՝ Հայաստանում եւ Սփիւռքի համայնքներում:
Այս տեսանկիւնից դիտւած՝ համաժողովը խոստանում է գիտնականներին, ակտիւիստներին եւ ակադեմականներին առիթ տալ՝ քաղաքական պատմութեամբ եւ քաղաքական հեռանկարներով կառուցելու աւելի կառուցողական մի ապագայ:Համաժողովը անվճար է եւ հասարակութեան համար մուտքն ազատ է. կարելի է նաեւ հետեւել՝ ստորեւ նշւած կայքէջից:
«ՀՅԴ 120 տարեկան» համաժողովի ծրագրի տեղեկութեանց համար կարելի է այցելել www.arf120.com կամ դիմել arf120@armenianreview.org:
0 Պատգամ:
Post a Comment