Սերժ Սարգսեան.–
«Ես գնում եմ կոնկրետ խնդիրներ լուծելու»


16:09 / 17.09.2009
Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանն այսօր ելույթ է ունեցել կուսակցապետերի երրորդ թեմատիկ խորհրդակցութիւնում, որը վերաբերում էր Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման ներկայ փուլին:
Նրա խօսքը ներկայացնում ենք ամբողջութեամբ:
"Սա այս ձեւաչափով մեր երրորդ հանդիպումն է: Ինչպէս յիշում էք, նախորդ երկու քննարկումները նւիրւած էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգաւորմանն ու ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների յաղթահարմանը: Անձամբ ինձ համար, եւ ինչպէս կարծիքներ եմ լսել` մասնակիցներից շատերի համար, այդ քննարկումները կարեւոր էին, անհրաժեշտ ոչ միայն տեսակէտներ լսելու, այլ նաեւ մեր յետագայ գործունէութեան մէջ որոշակի ուղղումներ մտցնելու տեսանկիւնից:
Իսկ այսօր առաջարկում եմ քննարկման թեմայ դարձնել Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման ներկայ փուլը: Այս թեմայով քննարկումների ամենատարբեր ձեւաչափեր եմ կանխատեսում. մօտակայ շաբաթների ընթացքում լինելու են տարբեր ձեւաչափեր, ինքս եմ նախաձեռնելու ու մասնակցելու այս հարցի շուրջ քննարկումներին եւ որոշեցի այդ շարքն սկսել հէնց այսօրինակ հանդիպումով:

Անշուշտ, ձեզնից շատերի հետ մենք դեռեւս այլ քննարկումներում էլ կը հանդիպենք, կարծում եմ ձեր հրապարակային գործունէութեան ընթացքում դուք էլի առիթներ կունենաք մօտեցումներ ներկայացնելու, իսկ այսօրւայ հաւաքը ես համարում եմ արդէն իսկ սկիզբ առած քաղաքական բանավէճի հետագայ ծաւալման համար բաւականին յարմար ձեւաչափ:
Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման վերաբերեալ համատեղ յայտարարութեան եւ նախաստորագրւած արձանագրութիւնների հրապարակումից յետոյ սկսւել է մի գործընթաց, որն իսկապէս դրական ու կարեւոր է: Ես նկատի ունեմ հասարակական-քաղաքական քննարկումների այս փուլը:
Այս օրերի ընթացքում ես մանրամասն ծանօթացել եմ հանրայնօրէն հնչեցւած ամենատարբեր կարծիքների, լսել եմ դրական, խրախուսող կոչեր, լսել եմ քննադատութիւն, այդ թւում խիստ քննադատութիւն, լսել եմ նաեւ մտահոգութիւններ: Անշուշտ ես էլ եմ տեսնում ռիսկեր, ես էլ ունեմ մտահոգութիւններ: Բայց որպէսզի մեր մտահոգութիւնները համադրելի լինեն, որպէսզի մենք ճիշտ գնահատենք ռիսկերը ու հասկանանք, որ անելիք ունենք, մենք պէտք է կարողանանք նոյն հարթութեան մէջ բերել մեր բոլոր դիտարկումները:
Հրաւիրելով Թուրքիայի նախագահին Հայաստան եւ նախաձեռնելով այս ողջ գործընթացը` ես նպատակ եմ հետապնդել բացել երկկողմ յարաբերութիւնների կարգաւորման հնարաւորութիւնների պատուհանը Հայաստանի եւ Թուրքիայի համար, ցոյց տալ, որ Ցեղասպանութեան արհաւիրքով անցած ժողովուրդը, եւ Հայաստան երկիրը, որ կանգուն է եւ տէր է իր ժողովրդի ցաւին, իրականում բաւարար ուժ ունի առաջինը ձեռք մեկնելու եւ աշխարհի զարգացման ընթացքին հակընդդէմ շարժւելու անիմաստութիւնը մատնացոյց անելու:
Այստեղ ուզում եմ ձեր ուշադրութիւնը հրաւիրել մի հանգամանքի վրայ. շատ-շատերն ասում են, որ պէտք էր բանակցել Թուրքիայի հետ, բայց անհրաժեշտութիւն չկայ դա անել հրապարակայնօրէն եւ բաց: Բոլորդ յիշում էք, որ անկախ Հայաստանի պատմութեան ողջ ընթացքում միշտ այդպիսի փորձեր եղել են. իրօք, այս վերջին գործընթացը մնացածներից տարբերւում է իր հրապարակայնութեամբ: Բայց ես համարում եմ, որ գործընթացը պէտք էր հրապարակայնացնել, որովհետեւ այն լարւածութիւնը, որ կայ մեր միջեւ, մտացածին չէ, իրավիճակային չէ, այդ լարւածութիւնը, այսպէս ասած, վերնախաւերի պատերազմ չէ, այն մեր հասարակութիւնների միջեւ է, եւ այդ լարւածութիւնը, եթէ ուղիղ ասենք` այդ թշնամութիւնը, հետեւանք է մեր պատմութեան ամենամռայլ էջի` ցեղասպանութեան, որ տեղի ունեցաւ Օսմանեան կայսրութիւնում: Եթէ մենք երբեւէ կարգաւորելու ենք մեր յարաբերութիւնները Թուրքիայի հետ, ապա բացի Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարների քաղաքական կամքից, անհրաժեշտ է մեր հասարակութիւնների մասնակցութիւնը: Առանց դրա անհնար է այս խնդիրը լուծել:

Ես հասկանում եմ, որ հրապարակայնութիւնն ունի նաեւ իր խնդիրները, որովհետեւ եթէ գործընթացը մտնի փակուղի, բնականաբար, իմ ասած հակասութիւնները, թշնամանքը խորանալու են:
Հասարակական- քաղաքական քննարկումների այս առաջին օրերի ընթացքում ես դեռ չեմ լսել ընդդէմ սահմանների բացմանն արտայայտվող որեւէ քաղաքական ուժի կարծիք, միգուցէ այսօր հնչեն, չգիտեմ, բայց, համոզւած եմ, որ նման դիրքորոշումը քաղաքական դաշտում, յամենայն դէպս, տիրապետող չէ, այդ մասին ուղիղ չի ասւում։ Չկան կամ քիչ են նաեւ Թուրքիայի հետ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատմանը դէմ դիրքորոշումները: Եւ եթէ մեր տրամաբանական ճանապարհը մենք սկսում ենք այս ելակէտերից, ապա պէտք է կարողանանք հասկանալ որտե՞ղ ենք, ի՞նչ ունենք եւ ու՞ր ենք գնում:
Որտեղ ենք. Ներկայ փուլը նախաստորագրւած փաստաթղթերի քննարկման, ստորագրման եւ հնարաւոր վաւերացման փուլն է: Այո, հնարաւոր եմ համարում, որ փաստաթղթերի առանձին հատւածների վերաբերեալ որոշ մարդկանց համար բացատրութիւններն այդպէս էլ համոզիչ չլինել, չնայած համոզւած եմ, որ համակողմանի ներկայացման ու անաչառ քննութեան դէպքում դա գրեթէ անհնար է: Բայց նույնիսկ այդ դէպքում արդեօ՞ք նշանակում է, որ մենք ինչ-որ հարցի շուրջ տանուլ ենք տւել, թէ՞ նշանակում է աշխատանքային դաշտ բացել խօսելու եւ բոլոր խնդիրները լուծելու համար: Ի վերջոյ այս փուլով մենք աւարտու՞մ, թէ՞ սկսում ենք: Եկէ’ք միասին այսօր խօսեք եւ հասկանանք:
Ինչ ունենք. ունենք նախաստորագրւած երկու փաստաթուղթ եւ ակտիւ գործընթաց: Հիմայ եկէք միասին խորհենք` ինչ են տալիս կամ վերցնում այս փաստաթղթերը: Համոզւած եմ` քաջածանօթ ենք մանրամասներին: Ինչպէ՞ս գնահատել դրանք. որպէս առկայ հարցերին պատասխան տւո՞ղ, թէ՞ հարցերի լուծման համար նախադրեալներ ստեղծող ակտեր: Եկէք միասին դատենք. մեր համոզմունքներն ու ճշմարտութեան մեր հաւատամքը զոհու՞մ ենք այս փաստաթղթերով, թէ՞ ինքնամփոփ անաղարտութեան մէջ պարփակւելու փոխարէն դրանք տեղ հասցնելու ճանապարհներ ենք բացում, աշխատանքի ճակատ ենք բացում: Եկէ’ք միասին հասկանանք:
Այս օրերին ինձ բազմաթիւ մարդիկ հարցեր են տալիս եւ հարցը հետեւեալ կերպ է հնչում` ո՞րն է ձեր նւազագոյն կամ առաւելագոյն ծրագիրը: Թուրքիայի հետ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելը եւ սահմանների բացումը ես չեմ համարում ոչ նւազագոյն ծրագիր եւ ոչ էլ առաւելագոյն ծրագիր: Ես այդ գործընթացների աւարտը դիտում եմ լոկ որպէս մի նւազագոյն միջավայրի ապահովում, որը հնարաւորութիւն կը տայ թուրքերի հետ սկսել երկխօսութիւն: Մենք շատ խնդիրներ ունենք լուծելու Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման հարթութիւնում` տնտեսականից, քաղաքականից մինչեւ պատմական:
Ու՞ր ենք գնում մենք. անձամբ ես գնում եմ խնդիրներ լուծելու: Եթէ որեւէ խնդրի լուծման համար մենք որեւէ դուռ ենք փակել, խնդրում եմ մատնացոյց անել: Եկէք միասին հասկանանք այս խնդիրները: Եթէ մենք իրօք ուզում ենք յարաբերութիւնները կարգաւորել, իսկ նորից եմ կրկնում, դեռեւս որեւէ մէկը հրապարակայնօրէն չի յայտարարել, որ ինքը որպէս քաղաքական ուժ դէմ է թուրքերի հետ յարաբերութիւնները կարգաւորելուն, ապա եկէք հասկանանք, թէ ով ինչ է անելու եւ, ընդհանարպէս, բոլորս միասին ինչ աշխատանք ենք անելու: Կարծում եմ, սա է ամէնից կարեւորը:
Նշենք, որ Սերժ Սարգսեանի խօսքից յետոյ քննարկումը շարունակւել է փակ դռների ետեւում եւ տեւել շուրջ հինգ ժամ:
NEWS.am

0 Պատգամ: