ԹՈՒՐՔ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ. ՕԲԱՄԱՅԻ ՃՆՇՈՒՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է ԼԻՆԵԼՈՒ
Թուրքիայի վարչապետի վաշինգտոնեան այցը լուսաբանելու համար Միացեալ Նահանգներ է մեկնել «Սի Էն Է թուրք« (CnnTurk)-ի ներկայացուցիչը:
Վերլուծաբան Եավուզ Օգանը խորհրդանշական է համարել այն, որ Էրդողանի այցը զուգահեռւել է Վաշինգտոնում տեղացած առաջին ձեան հետ:
Առաջին հետեւթիւնը, որ արել է փորձագէտը, եղել է այն, որ Միացեալ Նահանգներում Իրաքի հարցն այլեւս օրակարգային չէ, ինչպէս նախկինում:
Սա թոյլ է տւել թուրք փորձագէտին եզրակացնելու, որ հէնց դա էլ Օբամայի հետ Էրդողանի հանդիպումը դժւարացնող տարրերից մէկն է: Քանի որ Անկարայի համար իրաքեան հարցը թիւ մէկն է. Իրաքում — այդ երկրի հիւսիսում գործում է «ՔԲԿ»-ը (Քրդական բանւորական կուսակցութիւնը): «Օբաման Անկարայից պահանջելու է տարածութիւն պահպանել Իրանից:
Իրանի եւ միջազգային համայնքի միջեւ սկսւած «ձեռնամարտը» շարունակւում է, եւ Թուրքիան դեռ վարանում է` ում կողմից հանդէս գալ»,- գրում է թուրք վերլուծաբանն ու ընդգծում, որ Թուրքիային յօգուտ Արեւմուտքի օգտագործելու համար Օբամայի գործադրելիք ճնշումն անխուսափելի է լինելու: «Ասել է թէ` հարեւանների հետ զրօ խնդիր քաղաքականութեանը հետամտող Անկարան Արեւմուտքի պատճառով իր մի հարեւանի հետ խնդիրներ առաջացնելու շէմին է յայտնւելու»:
Եավուզ Օգանը նշում է, որ սեղանին լինելու են նաեւ Կիպրոսի եւ կովկասեան տարածաշրջանի հիմնախնդիրները: Ըստ նրա` Էրդողանը հաւատացնելու է, որ կիպրական խնդրի լուծմանը շատ քիչ ժամանակ է մնացել եւ ցանկութիւն է յայտնելու` ճնշում գործադրել յունական կողմի վրայ` յանուն խնդրի կարգաւորման: Իսկ Հայաստանի հարցը, Օգանի համոզմամբ, կովկասեան տարածաշրջանում առկայ խնդիրների շրջանակներում է քննարկւելու:
Անկարան կամենալու է, որ Ամերիկան ղարաբաղեան կարգաւորման գործընթացում առաւել մեծ ակտիւություն դրսեւորի: «Քանի որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ստորագրւած արձանագրութեան կիրառումը որոշապէս կապւած է հայ-ադրբեջանական կարգաւորման հետ, թէեւ փաստաթղթերում այդ մասին չի նշւում»,- կարծիք է յայտնում Օգանը:
Յիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրաւէրով մեկնել է Վաշինգտոն: Օդանաւակայանում Էրդողանին դիմաւորել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նաբի Շենսոյը: Էրդողանի հետ միասին Վաշինգտոն են մեկնել նաեւ վերջինիս տիկինը` Էմինէ Էրդողանը, պետնախարար եւ վարչապետի օգնական Ալի Բաբաջանը, պետնախարար եւ Թուրքիայի եւրաանդամակցութեան գլխաւոր բանագնաց Էգէմեն Բաղըշը, արտգործնախարար Ահմադ Դաւութօղլուն, քաղաքաշինութեան նախարար Մուստաֆա Դեմիրը եւ զինւած ուժերի լխաւոր շտաբի պետի տեղակալ, բանակի գեներալ Ասլան Իւները:
0 Պատգամ:
Post a Comment