18 տարի առաջ ազատագրւեց Բերձորը

18 տարի առաջ` 1992 թւականի այս օրը ԼՂՀ պաշտպանութեան բանակի ստորաբաժանումները մտան Լաչին /այժմ Բերձոր, Քաշաթաղի շրջան/` դրանով իսկ ճեղքելով եռամեայ շրջափակման օղակը:
1992 թւականի մայիսի 9-ին Շուշիի ազատագրումից և մերձակայ տարածքների կրակակէտերի վերացումից յետոյ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանութեան ուժերի առջև խնդիր դրւեց բացել Շուշի-Լաչին-Զաբուխ` կենսական կարևոր նշանակութիւն ունեցող ճանապարհը: Դա թոյլ կտար վերացնել Արցախի շրջափակումը և ապահովել բնականոն կենսագործունէութիւնը:
Մայիսի 18-ին ռազմական գործողութիւնների ընթացքում ձևաւորւող Ղարաբաղեան բանակի ստորաբաժանումները մտան Լաչին, իսկ արդէն մայիսի 20-ին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով ստեղծւած միջանցքով ԼՂՀ մայրաքաղաք հասցւեց հարիւրաւոր տոննա մարդասիրական բեռ` սննդամթերք, դեղօրայք և առաջին անհրաժեշտութեան այլ ապրանքներ: Այս ճանապարհն ստացաւ «Կեանքի ճանապարհ» անւանումը:
Շուշի-Լաչինի ռազմագործողութիւններից յետոյ հակամարտութեան գօտում լարւածութիւնը որոշ չափով նւազեց: Լաչինի ազատագրումը դարձաւ Շուշի-Լաչին ռազմավարական օպէրացիայի տրամաբանական աւարտը:

ԱՅՍՕՐ, 11:42
Aysor.am

0 Պատգամ: