Բակօ Սահակեան.–
Շուշիի ազատագրմամբ կրկին վերածնւեց հայի ոգին ու հաւատը սեփական ուժերի հանդէպ
19:33 / 08.05.2010
Յաղթանակի տօնի, ԼՂՀ պաշտպանութեան բանակի եւ Շուշիի ազատագրման օրւայ առթիւ շնորհաւորական ուղերձ է յղել ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեանը, որտեղ մասնաւորապէս ասւած է.
«Սիրելի հայրենակիցներ,
Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախեան ազատամարտի թանկագին վետերաններ,
Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան բանակի յարգելի զինւորներ, սպաներ, գեներալներ,
Այս տարի տօնում ենք մի փառապանծ յոբելեան` Հայրենական մեծ պատերազմում տարած յաղթանակի 65-ամեակը, յաղթանակ, որի կերտման գործում նախկին ԽՍՀՄ ժողովուրդների հետ միասին իրենց նշանակալի աւանդն են ունեցել նաեւ արցախցիները: Ֆաշիզմի դէմ պայքարում նրանց ցուցաբերած սխրանքն ու խիզախութիւնը հայրենասիրութեան անգնահատելի դաս է սերունդների համար:
Մեծ Հայրենականում մեր հայրենակիցների հերոսական օրինակը ոգեշնչեց մեզ եւ կոչեց նոր յաղթանակների: Արցախեան ազատամարտում ձեւաւորւեց ու կոփւեց ԼՂՀ պաշտպանութեան բանակը եւ քաջ հայորդիների սուրբ արեամբ գրւեց մեր ժողովրդի պատմութեան փառաւոր էջերից մէկը: Շուշիի ազատագրմամբ կրկին վերածնւեց հայի ոգին ու հաւատը սեփական ուժերի հանդէպ:
Այսօր գլուխ ենք խոնարհում հայրենիքի բոլոր նվիրեալների յիշատակի առջեւ: Մենք պարտաւոր ենք միշտ վառ պահել մայիսեան յաղթանակների խորհուրդը, սիրել ու փայփայել մեր հայրենիքը, կառուցել հզօր ու բարգաւաճ երկիր, լինել ուժեղ ու միասնական: Պարտաւոր ենք ուշադիր եւ հոգատար լինել մեր զոհւած քոյրերի ու եղբայրների ընտանիքների, մեր վետերանների հանդէպ, նրանց կեանքը դարձնել աւելի լաւ ու բարեկեցիկ:
Թանկագին արցախցիներ, մէկ անգամ եւս շնորհաւորում եմ ձեզ Յաղթանակի տօնի, ԼՂՀ պաշտպանութեան բանակի եւ Շուշիի ազատագրման օրւայ կապակցութեամբ եւ բոլորիդ մաղթում խաղաղութիւն, քաջառողջութիւն ու երջանկութիւն»:
NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment