Վրացական բանտում ջաւախքահայ գործիչ Վահագն Չախալեանի նկատմամբ բռնութիւն է գործադրւել


13:53 / 09.05.2010
2010 թւականի Ապրիլի 30-ին Վահագն Չախալեանի նկատմամբ բռնութիւն է գործադրւել Վրաստանի Ռուսթավի քրէակատարողական հիմնարկի պահակախմբի կողմից:
Այս մասին յայտարարութիւն է տարածել Ջաւախքահայութեան իրաւունքների պաշտպանութեան համակարգող խորհուրդը:
«Ընտանիքի անդամների հետ ջաւախքահայ քաղաքական գործչի տեսակցութիւնից յետոյ, երբ նրան ուղեկցում էին բանտախուց, պահակախմբի աշխատակիցները յարձակւեցին նրա վրայ՝ հարւածներ հասցնելով իրանին և դէմքին: Սա երկրորդ անգամ է, երբ Վահագն Չախալեանը ծեծի է ենթարկւում վրացական բանտում:
Առաջին դէպքը տեղի է ունեցել 2009 թւականի Ապրիլի 16-ին՝ Թբիլիսիի Գլդանի քրէակատարողական հիմնարկում: Դրանից երկու օր առաջ՝ Ապրիլի 14-ին Փարիզում Վրաստանի դեսպանատան առջև Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհուրդը ցոյց էր անցկացրել ի պաշտպանութիւն Վահագն Չախալեանի: Ստոյգ տեղեկութիւնների վրայ հիմնւելով` Ջաւախքահայութեան իրաւունքների պաշտպանութեան համակարգող խորհուրդը յայտարարում է, որ այս միջադէպը ուղղակիօրէն կապւած է ս.թ. մայիսի 30-ի Վրաստանում կայանալիք ՏԻՄ ընտրութիւնների հետ:
Ջաւախքահայութեան իրաւունքների պաշտպանութեան համակարգող խորհուրդը, խստօրէն դատապարտելով տեղի ունեցածը, կոչ է անում միջազգային կազմակերպութիւններին համապատասխան գնահատական տալ վրացական իշխանութիւնների այս խայտառակ քայլին, որով նրանք հերթական անգամ ցինիկաբար ոտնահարում է կտտանքների և եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատւութիւնը նւաստացնող վերաբերմունքի կանխարգելման ուղղութեամբ իր ստանձնած բոլոր միջազգային պարտաւորութիւնները:
Ջաւախքահայութեան իրաւունքների պաշտպանութեան համակարգող խորհուրդը վերահաստատում է Վահագն Չախալեանի ազատագրման համար պայքարելու իր վճռականութիւնը»,- ասւած է յայտարարութեան մէջ:


NEWS.am

0 Պատգամ: