Thursday, October 7, 2010

Կիրօ Մանոյեան.–

Կիրօ Մանոյեան.–

Բանակցութիւնների

տրամաբանութիւնը

պէտք է փոխւի


«Ճիշտ չէ ասել, որ Հայաստանը չի ճանաչել Արցախի Հանրապետութիւնը, և
նոյնքան սխալ է պնդել, թէ Հայաստանը ճանաչել է այն»


«Պարոն Նալբանդեանի հիմնաւորումներից մէկն այն է, որ փաստահաւաք
խմբի այցելութեան մասին խօսւել է աւելի շուտ, քան բանաձևի նախագծի ի
յայտ գալը։ Հնարաւոր է, որ Նալբանդեանն այդ կապը չի տեսնում, սակայն ես
տեսնում եմ»



09:44 • 07.10.10
ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահաւաք առաքելութիւնը Ղարաբաղի վերահսկողութեան տակ գտնւող տարածքներում քննադատութիւնների է արժանանում Հայաստանում: ՀՅԴ Հայ Դատի գրասենեակի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրօ Մանոյեանը «Կապիտալի» հետ զրոյցում ասում է, որ հիմնական վտանգն այն է, որ Լեռնային Ղարաբաղ կոչւածը ԼՂԻՄ-ն է:
*– Պարոն Մանոյեան, ԵԱՀԿ փաստահաւաք խումբն սկսել է իր փաստահաւաք գործունեութիւնն ազատագրւած տարածքներում։ Ի՞նչ վտանգ է սա պարունակում։
** - Հիմնական վտանգը հէնց այն հասկացութիւնն է, որ Լեռնային Ղարաբաղ կոչւածը ԼՂԻՄ-ն է։ Վտանգն այն է, որ հայկական կողմը՝ Հայաստանը և ԼՂՀ-ն, համաձայնել է դրան։ Նրանք չեն հասկանում, որ Լեռնային Ղարաբաղն այսօրւայ 11 հազար քառ. կմ տարածքն է, և դրա մէջ դաշտային Ղարաբաղ չկայ։ Վտանգն այս ամէնն է, քանի որ նրանք իրենց հասկացութեամբ այցելում են ոչ թէ Լեռնային Ղարաբաղ, այլ ԼՂ-ի շուրջ գտնւող տարածքներ։
Վտանգն այն է, որ նրանք մտածում են, որ մի օր պէտք է այդ հողերը վերադարձւեն, և հիմա նրանք եկել են և մեզ «բարի վարուց» վկայական են ուզում տալ, թէ մենք որքան խելոք ենք մնացել և որքանով են այդ տարածքները վերադարձնելու համար պատրաստ պահել։ Սա երկրորդ հիմնական վտանգն է, սա այն ընդհանուր մօտեցումն է, որը փորձում է հարցը կարգաւորել ինչ-որ կայսրութեան, այս պարագայում Խորհրդային կայսրութեան, ներքին վարչական սահմանների հիման վրայ, որոնք կապ չունեն պետութեան արտաքին սահմանների տրամանաբութեան հետ:
* -- Չէ՞ք կարծում, որ այսօր տարածքներն Ադրբեջանին տալու միջազգային տրամադրւածութիւնը բխում է այն բանից, որ հայկական կողմը չկարողացաւ բնակեցնել տարածքները։
** - Հինգ տարի առաջ էլ, երբ նման առաքելութեամբ փաստահաւաք խումբ մեկնեց Ղարաբաղ, իշխանութիւնները դժգոհ չէին, որ իրենց դարձեալ պիտի «բարի վարուց» վկայական տրւէր։ Այո, համաձայն եմ, որ այդ տրամադրւածութիւնը մեր մեղքով է, քանի որ մենք չկարողացանք այդ տարածքներին տալ այն կենսունակութիւնը, որն անհրաժեշտ էր և որը հնարաւոր էր, եթէ վարվեր յստակ և նպատակաուղղւած քաղաքականութիւն, սակայն Հայաստանի դիրքորոշումը միշտ եղել է այն, որ այդ տարածքներն անվտանգութեան գօտի են մինչև Ղարաբաղի կարգավիճակի յստակեցումը։
* - Ի տարբերութիւն 2005թ. փաստահաւաք խմբի՝ այս փաստահաւաք խմբում կան ՄԱԿ-ի փախստականների յանձնաժողովի երկու փորձագէտներ։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ նպատակով են նրանք եկել Ղարաբաղ։
*- Ենթադրում եմ՝ ադրբեջանցի փախստականների վերադարձի հաւանականութեան մասին է դա վկայում։ * -Իսկ ինչո՞ւ ՄԱԿ-ը չի զբաղւում Հայ փախստականների վերադարձի հարցով։
** - Չի զբաղւում, քանի որ մինչև վերջերս հայկական կողմն այդ մասին չէր բարձրաձայնել։ Սա նոյնպէս կախւած է բանակցութիւնների տրամաբանութիւնից, և այդ տրամաբանութիւնն է, որ պիտի փոխւի։
* - Դուք լրատւամիջոցներից մէկին տւած հարցազրոյցում ասել էիք, որ այդ փաստահաւաք խմբի այցը բխում է ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայ ներկայացւած, սակայն հետագայում յետ կանչւած «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացւած տարածքներում» բանաձևի տրամաբանութիւնից։ Արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը օրերս յայտարարեց, որ մէկը միւսի հետ կապ չունի։ Ձեր դիտարկումը։
** - Պարոն Նալբանդեանի հիմնաւորումներից մէկն այն է, որ փաստահաւաք խմբի այցելութեան մասին խօսւել է աւելի շուտ, քան բանաձևի նախագծի ի յայտ գալը։ Հնարաւոր է, որ Նալբանդեանն այդ կապը չի տեսնում, սակայն ես տեսնում եմ։ Իհարկէ, շատ դրական եղաւ, որ բանաձևը յետ կանչւեց, քանի որ այնտեղ կային մի շարք անհեթեթ և պօռոտախօս ձևակերպումներ, սակայն այն, ինչ պիտի լինէր բանաձևի ընդունումից յետոյ, տեղի է ունենում նաև առանց նրա ընդունման։
Կրկնում եմ՝ շատ լաւ է, որ բանաձևը չընդունւեց, ընդ որում՝ մեր դիւանագիտութեան, մեր և այլ հասարակական կառոյցների աշխատանքների շնորհիւ, սակայն ակնյայտ է, որ այն, ինչ անում է փաստահաւաք խումբը, բխում է բանաձևի տրամաբանութիւնից։
* - Պարոն Մանոյեան, «Ժառանգութիւնը» դարձեալ առաջարկում է ճանաչել Արցախի անկախութիւնը։ Ըստ Ձեզ՝ նպատակայարմա՞ր է արդեօք այս պահին Հայաստանի կողմից Արցախի անկախութեան ճանաչումը։
** - Այս նախագծի վերաբերեալ տարբեր առիթներով ՀՅԴ-ն ներկայացրել է իր տեսակէտը։ Որպէս սկզբունք՝ մենք չենք կարող դէմ լինել Ղարաբաղի անկախութեան ճանաչմանը, սակայն միւս կողմից կարծում ենք, որ քաղաքական մեծամասնութիւնը պատրաստ չէ այդ նախագծին և, ինչպէս իրենք են ասում, հնարաւոր է՝ «դէմ» քւէարկեն, և ստացւի, որ Հայաստանի խորհրդարանը «դէմ» քւէարկեց Ղարաբաղի անկախութեանը։ Որոշ բաներ, կարծում եմ, պէտք է շեշտել։ Ճիշտ չէ ասել, որ Հայաստանը չի ճանաչել Արցախի Հանրապետութիւնը, և նոյնքան սխալ է պնդել, թէ Հայաստանը ճանաչել է այն։ Հայաստանն Արցախի անկախութիւնը դէ ֆակօ ճանաչելուց աւելին է արել։
Այս պահին Հայաստանն Արցախի հետ ունի միջպետական պայմանագրեր, վարկեր և այլն, որոնք սովորաբար իրար չճանաչած պետութիւնների միջև չեն լինում։ Միւս կողմից, կարծում եմ, ճիշտ է, որ դէ իւրէ չի յայտարարել, որ ճանաչում է Արցախի Հանրապետութիւնը։ Սակայն այս ամէնը ձևական է, քանի որ իրականում Հայաստանը վաղուց ճանաչել է Արցախի Հանրապետութիւնը։ Համաձայն եմ այն կարծիքներին, որ Արցախի համար շատ աւելի հեշտ կլինէր այլոց կողմից հասնել ճանաչման, եթէ Հայաստանը ճանաչած լինէր Արցախի Հանրապետութիւնը, սակայն Հայաստանի ճանաչումը ճիշտ կլինի այն պահին միայն, երբ հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացը մտած լինի փակուղի։
Բայց կարծում եմ, որ սա չի խանգարում, որ Հայաստանը և ԼՂՀ-ն, մենք՝ հասարակական-քաղաքական կառոյցներս, ակտիւօրէն հետապնդենք Արցախի Հանրապետութեան ճանաչումը։ Խնդիրն իրականում բաւական նուրբ ու բարդ է, և մենք պէտք է անենք ամէն բան, որ յօնքը շտկելու փոխարէն աչքը չհանենք։ Անհրաժեշտ է, որ և՛ խորհրդարանական մեծամասնութիւնը, և՛ ընդդիմութիւնը հարցին մօտենան համապատասխան պատասխանատւութեամբ։

Tert.am

0 Պատգամ: