ՍՏԱՑՒԱԾ ԳՐՈՒԹԻՒՆ
«Ալիք» Օրաթերթ
«Սահակեան» ոչ-շահադիտական դպրոցի մի խումբ ծնողների կողմից՝ ի
պատասխան Ռոբերտ Մարգարեանի «Ո՞վ է մեղաւոր» յօդւածի
Իսկ «ո՞վ է մեղաւոր», որ դեռեւս գոյութիւն ունեն այնպիսի ընտանիքներ, իհարկէ երեւի «հնամիտ» եւ իրենց երեխայի ապագայի նկտամամբ «անտարբեր», որոնք ոչ միայն ցանկանում, այլ պնդում են, որ իրենց երեխան անպայման յաճախի հայկական դպրոց, քանի որ դա հիմնաքար է համարւում այդ ընտանիքներում:
Պարսիկները մի գեղեցիկ ասացւածք ունեն՝ «Այն ինչին, որ նեխում է, աղ են աւելացնում, իսկ վայ այն օրւան, երբ աղն ինքը նեխւի»:«Ո՞վ է մեղաւոր», որ արդէն իսկ իրանահայ համայնքը հասել է այն կէտին, որ ազգային իշխանութիւնում դիրք զբաղեցնող, թարգմանիչ եւ առաւել հայոց լեզւի ուսուցիչը «Ալիք»-ով մի էջ լրիւ բացատրութիւններ է տալիս եւ համոզում, որ այս ու այս պատճառներով պարսկական դպրոցներում է երաշխաւորւում մեր երեխաների փայլուն ապագան:
Հետաքրքիր է, որ նոյն ուսուցիչը իր գործընկերների մօտ արդարանալու նպատակով՝ ասել է, որ իբր իր երեխայի մթնոլորտը փոխելու նպատակով է ընտրել պարսկական դպրոցը, իսկ «Ալիք»-ով....Յարգելի պրն. Ռոբերտ եւ, իհարկէ, միւս հայ ուսուցիչներ, դուք իրաւունք ունէք որտեղ ցանկանում էք ձեր երեխաներին արձանագրել, սակայն այն, որ մամուլով եւ լրիւ մէկ էջ բացատրութիւններ տաք եւ ոչ-հիմնական ու յարգելի պատճառներով մեզ եւս համոզէք, դա յարիր չէ հայոց լեզւի եւ ազգային իշխանութիւնում դիրք զբաղեցնող անձնաւորութեանը:
Այդպէս շեփորելը վիրաւորական է բոլոր նրանց համար, որ հայկականն են ընտրել:Իսկ ինչո՞ւ այդ պատճառաբանութիւններն ու համեմատութիւնները ժամանակին ձեր աշակերտների ծնողներին չէք փոխանցել: Միթէ այդ աշակերտների ապագան այդքան ձեզ համար անկարեւո՞ր էր: Ասենք ծնողը չէր հասկանում ինչ է բերում իր երեխայի գլխին, դուք, որ տեղեակ էք եղել, ինչո՞ւ այդքան տարիներից յետոյ եւ երբ ձեր երեխայի հերթն է հասել, նման մեկնաբանութիւններ էք անում:
Ազգային իշխանութեան դիրքերում յարգելի աշխատողներ, չէ՞ք կարծում այս օրերում, երբ իրանահայ համայնքը օրըստօրէ նւազում է եւ թուլանում են մեզ այս հողի վրայ պահող սիւները, ձեր իւրաքանչիւր քայլափոխը այլ կերպ է դիտւում հասարակ խաւի կողմից:
Ժողովուրդը ձեզ վստահել է, ուստի՝ ձեր քննադատութիւնները պէտք է լինեն կառուցողական, պիտանի, յոյսեր ներշնչեն երիտասարդներին եւ լինեն խրախուսիչ:
Չէ՞ որ մնացող խաւը այն մասն է, որ դեռեւս կառչած է իր արժէքներին, իսկ նման հակասական վերաբերմունք ձեր կողմից, միայն անհաւատարմութիւն է սերմանում եւ ժողովուրդը կորցնում է ազգային իշխանութեան հանդէպ ունեցած հաւատքն ու իրեն խաբւած է զգում: Յարգելի պրն. Մարգարեան, մենք էլ տեղեակ ենք, մեր դպրոցների թերութիւնների մասին (իհարկէ, պարսկական դպրոցներն էլ անթերի չեն):
Մենք էլ ենք աշխատում պարսկական հիմնարկներում, ունենք պարսիկ գործընկերներ, ծանօթներ, անգամ ուսուցիչներ, որոնցից հետաքրքրւում ենք իրենց դպրոցների մասին:
Հայկական դպրոցում արձանագրելը չի նշանակում, որ մենք անտեղեակ լինելու պատճառով ենք ընտրում հայկականը, այլ առ ի տեղեկութիւն ձեզ՝ որպէս հայոց լեզւի ուսուցիչ՝ պէտք է ասել, որ մեր եւ մեր երեխաների համար գոյութիւն ունեն այնպիսի սուրբ արժէքներ, որ հեշտօրէն դրանցից չենք հրաժարւելու: Մեր տեսակէտից՝ այն, ինչ որ մեր երեխաները հայկական դպրոցներում են ստանում, դա անփոխարինելի է:
Պրն. Ռոբերտ, իսկ եթէ այդքան կարեւոր խնդիրների առջեւ ենք կանգնած (դպրոցների վերաբերեալ), ահա դո՛ւք ասէք, այդ ովքեր են, որ պէտք է այդ թերութիւնների վերացման ուղղութեամբ աշխատեն:
«Հասարակ», «միամիտ», «խաբւած», «Ամերիկայի առաջադիմութիւններից ու հաճոյքներից զրկւած» ու անգամ ամենատարրական իրաւունքից՝ «լաւ դպրոցից» զրկւած, հայն ու հայկականը սիրող ու պաշտպանող իրանահա՞յը թէ նրանք, ովքեր խոստացել են ժողովրդի շահերը պաշտպանել եւ նրան մենակ չթողնել:
Այն հայ հայրը, որ առաւօտից իրիկուն աշխատելով՝ ուրախ է, որ որդին ապահով ձեռքերում է եւ եթէ ինքը հնարաւորութիւն չի ունեցել սովորելու, փոխարէնը՝ իր որդին (երեխան) սովորում է եւ գիտի հայերէնը կամ այն հայ մայրը, որ առաւօտեան երեխային ճանապարհելուց եւ ընտանիքի ճաշը դասաւորելուց յետոյ՝ վազում է դէպի դպրոցի բուֆէն, որ մի կերպ օգնած լինի դպրոցին, ո՞ր մէկն են կարող այդ ահռելի թերութիւնները շտկել:
Իսկ չէ՞ք կարծում՝ մեր երեխաների պարսկական դպրոց յաճախելու պատճառներից մէկը եւս այն է, որ հայ ուսուցիչները իրենց սուրբ գործի առաքելութեանը հաւատարմօրէն չեն մօտենում:
«ՍԱՀԱԿԵԱՆ» ՈՉ-ՇԱՀԱԴԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ
ՄԻ ԽՈՒՄԲ ԾՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
0 Պատգամ:
Post a Comment