ՀՅԴ մամլոյ խորհրդաժողովի
մասնակիցները՝ Սփիւռքի
լրատւական դաշտում
առկայ խնդիրների մասին
«ԱԼԻՔ»– «Report.am» - Հոկտեմբերի 10-11-ը Երեւանում կայացած ՀՅԴ լրատւամիջոցների խորհրդաժողովին մասնակից «Ասպարէզ» օրաթերթի խմբագիր Աբօ Պօղիկեանը եւ «Ազդակ»-ի խմբագիր Շահան Գանտահարեանը երէկ հանդիպեցին հայկական լրատւամիջոցների ներկայացուցիչների հետ:
Խօսելով հայաստանեան եւ Սփիւռքի լրատւական դաշտում առկայ խնդիրների մասին՝ խմբագիրները նշեցին, որ օրակարգային հարց է Սփիւռքում լոյս տեսնող լրատւամիջոցների տեղեկատւութիւնը, վերլուծութիւնները հայ հասարակութեանը ներկայացնելը:
«Խնդիր կայ Սփիւռքում լոյս տեսնող մտաւորական աշխատանքը ներկայացնել Հայաստանի հասարակութեանը, հակառակն աւելի շատ է լինում: Սփիւռքի բոլոր թերթերում բաւական ներկայ է Հայաստանում լոյս տեսած վերլուծումները, մօտեցումները, կեցւածքները, շատ քիչ է Սփիւռքի լրատւամիջոցների ներկայութիւնը՝ Հայաստանում: Պէտք է ինչ-որ ձեւ գտնւի, որպէսզի այս փոխադարձ ծանօթացումն աւելի լաւ լինի:
Որոշ փոքր նւաճումներ կան»,- ասաց Ա. Պօղիկեանը եւ յաւելեց, որ Յարութ Սասունեանը, օրինակ, կանոնաւորութիւն եւ կարգապահութիւն է ցուցաբերում՝ ամէն շաբաթ իր տեսակէտն արտայայտել Հայաստանում եւ Սփիւռքում տեղի ունեցող իրադարձութիւնների վերաբերեալ: «Բայց, Սփիւռքում կան շատ այլ անուններ, որոնք եւս արժէ ծանօթացնել Հայաստանին: Այդ գծով մեր թերացումները պէտք է սրբագրենք եւ վերացնենք»,- ասաց Ա. Պօղիկեանը:
Այս համատեքստում ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ Սպարտակ Սէյրանեանն ասաց, որ հայկական լրատւամիջոցները ենթարկւում են տեղեկատւական յարձակման. «Հայութեան հիմնախնդիրները թուրք-ադրբեջանական համատեղ քարոզչութեան համար հիմնական թիրախ են: Նրանք տարբերութիւն չեն դնում այս կամ այն հրապարակումով իրենք Սփիւռքի որեւէ գաղթօջախի՞ են հարւածում, Հայաստան պետութեա՞նը թէ՝ Արցախին:
Որեւէ նման հրապարակում նրանք դիտարկում են որպէս հայութեան շահերի դէմ ուղղւած եւ սեփական շահեր հետապնդող քաղաքականութիւն: Ունենալով ոչ պակաս, եթէ ոչ նիւթական, ապա արհեստավարժ լրատւամիջոցների բազմազանութիւն, մենք ինչ-որ իմաստով աչքի ենք ընկնում չկազմակերպւածութեամբ»,- ասաց Ս. Սէյրանեանը եւ աւելացրեց, որ ողջունելի է ՀՀ Սփիւռքի նախարարութեան կազմակերպած լրատւամիջոցների խորհրդաժողովը՝ Արցախում:
«Արդի քարոզչական տեխնոլոգիաները, մեթոդները պէտք է արագ իւրացւեն մեր ամբողջ լրատւական դաշտի կողմից եւ կիրառւեն մեր ազգային խնդիրները հետապնդելու համար»: «Որեւէ լրատւական միջոցի, որեւէ խօսքի բեմի փակւելուն, առարկայական կամ քաղաքական պատճառներով, սկզբունքայնօրէն մենք դէմ ենք: Մեր մէջ եղած ամէն մտածումի երանգ պէտք է ինչ-որ դրսեւորման ձեւ գտնի եւ ժողովրդական լայն խաւերին հասնի», - ասաց Աբօ Պօղիկեանը:
Ադրբեջանա-թուրքական քարոզչամեքենային, ըստ Սպարտակ Սէյրանեանի, հայկական լրատւամիջոցները ոչ թէ ուշացումով են հակազդում, այլ մեր հակազդեցութիւնը դեռեւս չունի կազմակերպւած անհրաժեշտ մակարդակը: Ս. Սէյրանեանն ասաց, որ այս խորհրդաժողովից յետոյ իրենք պատրաստւում են փաթեթ ներկայացնել Ստեփանակերտում գումարւող համահայկական խորհրդաժողովին, որում ընդգծւած կը լինեն ոլորտում առկայ խնդիրները:
Հայաստանին, հայութեանը եւ Լեռնային Ղարաբաղին առնչւող հարցերի վերաբերեալ ադրբեջանական եւ թուրքական լրատւամիջոցներում, Ս. Սէյրանեանի ասութեամբ, հնարաւոր չէ տարակարծութիւնների հանդիպել՝ անկախ ընդդիմադիր թէ իշխանական լինելուց, մինչդեռ Հայաստանում որոշ լրատւամիջոցներ տիրաժաւորում են նոյն ադրբեջանական եւ թուրքական տեսակէտները: Աբօ Պօղիկեանը եւ Շահան Գանտահարեանն ասացին, որ այսօր Սփիւռքում խնդիր կայ հայոց գրաւոր լեզւի պահպանութեանը կապւած՝ մատաղ սերունդը չի գրում եւ կարդում հայերէն:
Պատճառը, ըստ Ա. Պօղիկեանի, նաեւ ֆինանսա-տնտեսական ճգնաժամն է, որի պայմաններում հայ ծնողները գերադասում են երեխաներին տանել անվճար հանրակրթական դպրոց, ոչ թէ վճարովի հայկական կրթօջախ: «Հայատառ մամուլը, որ լոյս է տեսնում Սփիւռքում, իր մեծ դերակատարութիւնն ունի հայապահպանման աշխատանքներում»,- եզրափակեց Շահան Գանտահարեանը:
0 Պատգամ:
Post a Comment