Հայ յեղափոխական երգերը՝
ժողովրդի ձայնը
«Եկէ՛ք միասնաբար ուխտենք ու մեր ապագայ սերունդին սովորեցնենք մեր յեղափոխական երգերը, նրանց խոր իմաստն ու կարեւորութիւնը՝ որպէս ազգային ճանաչում, ազգային պայքար ու հայ ազգի յաւերժացում»
«Համազգային» հայ կրթական եւ մշակութային միութեան նախաձեռնութեամբ Նիւ Եօրքի Հայ կենտրոնում վերջերս տեղի ունեցաւ դասախօսութիւն՝ նւիրւած հայ յեղափոխական երգերին:
«Համազգային»-ի ատենապետ դոկտ. Հրանտ Մարգարեանը իր ողջոյնի խօսքում նշեց, որ շուտով տեղի է ունենալու միութեան 40-ամեակի տօնակատարութիւնը, բոլոր հանդիսականներին հրաւիրեց ներկայ գտնւել՝ իրենց հարազատների հետ միասին տօնելու այս փառահեղ յիշատակելի օրը: Ձեռնարկին ներկայ էր Նիւ Եօրքի Ս. Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիւ Տ. Նարեկ քհնյ. Թրթռեանը:
Ներկայացրւեց օրւայ բանախօս՝ երաժշտագէտ, խմբավար եւ երգահան Գրիգոր Փիտէճեանը: Նա ծնւել է Ալեքսանդրիայում, Եգիպտոս, երաժշտագէտ ընտանիքում: Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան դպրեվանքում ստանձնել է դպրապետի պաշտօն: Յաճախել է Բէյրութի պետական երաժշտանոցը եւ վարել մայր տաճարի երաժշտապետութեան պատասխանատու պաշտօնը: 1962 թ.-ին հաստատւել է Նիւ Եօրքում եւ կազմել ու ղեկավարել է «Գուսան» երգչախումբը:
Իր երաժշտական կատարելագործումը ստացել է Հընթըր կոլէջում մագիստրոսի տիտղոսով: Յօրինել եւ ձայնագրել է երգեր: Երկար տարիներ վարել է եկեղեցական եւ մշակութային երգչախումբ: Հեղինակ է մի շարք գրքերի: Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից պարգեւատրւել է «Ս. Մեսրոպ Մաշտոց»-ի շքանշանով: Անդրադառնալով մեր դարաւոր պատմութեան, մեր հողին ու ջրին՝ յստակօրէն կարելի է տեսնել ա՛յն ակունքները, ուր հոսել է հայ ազգի յեղափոխական երգերի շարանը:
Ճնշւած ժողովրդի քաջութեան, արդարութեան ու պայքարի դաշոյնն է ներկայացնում մեր յեղափոխական երգերի փունջը: Նոյնիսկ եթէ անծանօթ ենք մնում մեր պատմական իրադարձութիւններին, կարդալով, լսելով ու երգելով՝ մեր զարկերակներում արթնանում են ա՛յն հայրենասիրական զգացումները, կարօտն ու ազատութեան տենչը, որ ունեցել են մեր նախնիներն ու մեր հերոսները:
Եւ քանի դեռ հայ ժողովրդի արդար իրաւունքները ոտնակոխւա՛ծ, միլիոն ու կէս առաւել մէկ արիւնահեղութիւնը անտեսւած է համարւում, յեղափոխական երգերի պայքարի ոգին մնում է անսասան, նո՛յն թարմութեամբ, նո՛յն ոգով, ինչ որ էր տարիներ ու դարեր առաջ: Գ. Փիտէճեանը գերազանցօրէն ներկայացրեց օրւայ նիւթը՝ վերլուծելով այն ենթահողը, որ ծնունդ տւեց յեղափոխական շարժումներին ու յեղափոխական երգերին:
Սրահը լեցուն ներկաները մեծ հետաքրքրութեամբ լսեցին բանախօսին: Միասնաբար երգւեցին մի շարք յեղափոխական երգեր՝ ստեղծելով առաւել խանդավառութիւն: Բանախօսութեան ընթացքում ըստ կարգի երգեց ինքը՝ բանախօսը: Նաեւ ձայներիզի վրայ լսւեցին մի քանի հայրենաշունչ երգեր, ներառեալ Պերճուհի Փիտէճեանի անուշ ու զուլալ ձայնով «Ֆեդային երգը»: Այժմ ձեզ ենք ներկայացնում բանախօսի ամփոփ խօսքերը. «18-րդ դարը ինչպէս Եւրոպայի, մի քիչ աւելի ուշ ժամանակով, հրաշքի նման մեր էլ լուսաւորութեան դարը եղաւ:
Արեւմտեան Հայաստանը Եւրոպային աւելի մօտ լինելով՝ կարողացան յարաբերւել ու օգուտներ քաղել նրա լուսաւորութիւնից: Հայի ազգային գիտակցութիւնը, եւրոպական լուսաւորութեան հետ շփումն ու նրա ընկալումը հայութեանը առաջնորդեցին դէպի արթնութիւն, ազգային ինքնաճանաչում, պահանջատիրութիւն, վերածնունդ (1715-1852) եւ ազգի հիմնաքարը եղող Հայոց ազգային սահմանադրութիւն (1860, մայիսի 24):
Այս շրջանում ռուսահայերն ու թիֆլիսահայերը եւս սկսեցին ապրել իրենց վերածնունդի սկիզբը: Հակառակ ծանր կշռող օտար լուծերի (թուրք, պարսիկ եւ ռուս) ահաւոր ճնշումների, հայի կեանքի սարսափելի կացութիւնների, հրաշքի նման ծաղկեց մշակոյթը՝ իր գլխաւոր բնագաւառներով՝ գրականութիւն, թատրոն, երաժշտութիւն եւ այլն: Բոլորն էլ ժողովրդի ազգային գիտակցութիւնն ու հայրենասիրական հպարտութիւնը հրահրելու վսեմ ու նւիրական նպատակով: Այս բոլորը իրականանում էր նոյնիսկ մահւան գնով: Սա դառնում է օրւայ հրամայականը:
Հայր Ղեւոնդ Ալիշանը, Մկրտիչ Պեշիկթաշլեանը, Խրիմեան Հայրիկը եւ ուրիշներ իրենց ազգաշունչ գրութիւնների պատճառով՝ թուրք պետութեան կողմից անբաղձալի տարր էին համարւում: Իսկ արեւելահայութեան մէջ Մեսրոպ Թաղիադեանը, Խաչատուր Աբովեանը, Գամառ Քաթիպան, Միքայէլ Նալբանդեանը, Շուշանիկ Կիւրղինեանը, Սմբատ Շահազիզը եւ ուրիշներ իրենց ազգաշունչ բանաստեղծութիւններով եւ թարգմանական գործերով երգեցին հայի վիշտը, արցունքը, տրտմութիւնը, խռովքն ու ազատագրութիւնը:
19-րդ դարից սկսեալ՝ ինչպէս արեւմտահայութիւնը զոհ էր գնում Սուլթան Համիդ Բ-ի հայատեաց քաղաքականութեան, թիֆլիսահայութիւնն էլ զոհ էր գնում Ռուսաստանի փոխարքայ նոյնքան հայատեաց իշխան Գոլիցինի ռուսացման ծրագրերին՝ 300 դպրոցների փակում, հայ մամուլի խիստ գրաքննութիւն, ազգային կալւածների բռնագրաւում, հայ գիւղերի քանդում, յեղափոխական գործիչների բանտարկում, մահապատիժ եւ այլն:
Հայ ժողովուրդն ամենուրեք անասելի ճնշումների տակ էր: 1846-1909 թթ. Սայեաթ Նովւայից յետոյ մեր մեծագոյն աշուղը Աշուղ Ջիւանին էր, որը յօրինեց ու երգեց հայ ժողովրդի ամենադառն ու ամենաճակատագրական, ազգային զարթօնքի, ազատագրական եւ յեղափոխական շարժումների երգերը: Սրանք հանդիսացան մեր ազգային զարթնումի շեփորահարները: Այսպիսի պատկառելի անձնաւորութեանց հայրենասիրական ըմբոստունակ եւ պայքարունակ շնչով ու ոգով գրւած բանաստեղծութիւններն ու երգերն անհուն ոգեւորութիւն ստեղծեցին ժողովրդի մէջ:
Այս երգերը չեն մոռացւում. «Զարթիր, որդեակ», «Կիլիկիա», «Պլպուլն Աւարայրի», «Լռեց. ամպերը», «Տէր, կեցո’, դու զհայս», «Կեցցէ, Զէյթուն», «Ձայնը հնչեց Էրզրումից», «Մայր Արաքսի ափերով», «Հայ ապրինք», «Հիմի՞ էլ լռենք», «Ահա ծագեց կարմիր արեւ», «Ձայն տուր, ով ծաւակ», «Ազատն Աստւած», «Վարդան մեր քաջ» Անդրանիկին՝ «Իբրեւ արծիւ սաւառնում ես լեռ ու ժայռ…», «Հայեր, յիշէք նւիրական այս օրը, յուլիս ամսի քսանհինգին կատարեցէք մեր տօնը…, եւայլն:
Այս ազատագրական երգերի ոգեւորութիւնը փոխելով հայի հոգեբանութիւնը՝ 19-րդ դարը նրա համար դարձաւ ազատագրական եւ հայրենակերտման ձգտող դար եւ բնորոշւեց «Հայը Հայաստանին, Հայաստանը հային» լոզունգներով: Այս ազատագրական առաջին յեղափոխական երգերի նման «Ձայն մը հնչեց Էրզրումի հայոց լեռներէն», թունդ թունդ ելան հայոց սրտեր՝ զէնքի շաչիւնից: Հայ գիւղացին դարուց ի վեր, զէնք չէր տեսել, դաշտը թողեց, սուր, հրացան բահի տեղն առաւ….. Ուրախացաւ Մայր Հայաստան, ելաւ կանգնեց, հինգ դարերի սուգ, տառապանք մի քիչ մեղմացաւ»:
Այս երգերով հայ ժողովրդի մէջ արթնացաւ ազգային-ազատագրական գիտակցութիւնն ու զէնք կրելու քաջութիւնը: Սա էր կարեւորը, որովհետեւ թուրքի 500 տարւայ լուծը հայ երիտասարդից խլել էր նրա քաջասրտութիւնը, արիութիւնն ու ըմբոստանալու ոգին»: Սա էր այդ օրերու վիճակը, երբ տեղի տւեց 1862 թ. Զէյթունի առաջին յեղափոխական ապստամբութեան, որը եղաւ քաջութեան, ազատասիրութեան եւ հայրենասիրութեան օրինակ ու ծառայեց ոչ միայն թրքական լուծի տակ հեծող արեւմտահայերի, այլ ամբողջ հայ ժողովուրդի համար:
Այո’, Զէյթունի ապստամբութիւնը հայ ազատագրական շարժման փառաւոր դրւագներից է: Մեծ է եղել այդ ապստամբութեան նշանակութիւնը՝ հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցութեան բարձրացման համար: Զէյթունի հերոսական օրինակը երկար տարիներ ոգեշնչել է եւ ազատագրական պայքարի հանել մեր ժողովրդին:
Նաեւ Խանասորի յաղթական արշաւանքի առթիւ գրւեցին ազատագրական երգեր՝ «Գարահիսար լեռան լանջին» եւ «Կարկուտ տեղաց Խանասորայ դաշտումը», Սասնայ լեռների եւ Մշոյ դաշտի պատերազմն ու Արաբոյին նւիրւած «Խուժան ասկեար» երգերը յաւէտ վառ կը մնայ հայ ժողովրդի հոգում, որովհետեւ դա’ է մեր պատմութիւնը եւ մենք ենք դա’:
Եւ վերջապէս, հայոց պատմութիւնն ու հայի նկարագիրը ներկայացնող այս յեղափոխական երգերի ազդեցութիւնն էր, որ աւելի ուժ ու աւիւն մատակարարեց մեր ֆեդայիներին ու զինւորներին՝ Սարդարապատի, Ղարաքիլիսայի եւ Բաշ Ապարանի յաղթական պատերազմի կերտումով եւ ինչու չէ, նաեւ մեծ ուժ տւեց Ղարաբաղեան շարժմանը: Յեղափոխական-հայրենասիրաոկան շնչով գրւած բանաստեղծութիւնների ու երգերի միջոցով հայ ժողովուրդն ու գալիք սերունդները ծանօթանում են մեր հայրենի հերոսներին մօտենում են մեր պատմութեան անցքերին, սովորում ու լցւում հայրենիքի սիրով ու նրա վեհութեամբ:
Յեղափոխական երգերը, որպէս սրբազան ուխտ, որպէս զինւորական երդում, քաջութիւն էին ներշնչում եւ հաւատ՝ հայ ֆեդայուն ու յաղթանակի մղում նրան: Անցել են տարիներ, եւ այդ տարիների հետ աճել, մեծացել է մի նոր սերունդ, որը անտեղեակ է, թէ ինչ է պատերազմը, ինչ ամպեր են անցել մեր գլխով, սակայն այս երգերը շարունակում են հնչել ու յիշեցնել մե՛ր անցեալը, մե՛ր պատմութիւնը, մեզ դրսեւորող ինքնութիւնն ու մեր հայութիւնը:
Եկէ՛ք միասնաբար ուխտենք ու մեր ապագայ սերունդին սովորեցնենք մեր յեղափոխական երգերը, նրանց խոր իմաստն ու կարեւորութիւնը՝ որպէս ազգային ճանաչում, ազգային պայքար ու հայ ազգի յաւերժացում»:

ԱՐՄԻՆԷ ՄԻՆԱՍԵԱՆ
(ՆԻՒ ԵՕՐՔ)
«ԱԼԻՔ» Օրաթերթ
7/1/2008

0 Պատգամ: