Լեհաստանը կաջակցի Հայաստանին`
ադրբեջանական բանաձեւի աննպաստ
ձեւակերպումների դէմ պայքարում
Նոյեմբեր 05, 2010 19:10
Լեհաստանի ԱԳ պետքարտողար, նախարար Եացեք Նայդերը պատրաստակամութիւն է յայտնել աջակցել հայկական կողմին, որպէսզի ԼՂ խնդրի վերաբերեալ բանաձեւի նախագիծն անընդունելի ձեւակերպումներով չընդունւի ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում: Այս մասին նա ասել է այսօր` նոյեմբերի 4-ին Հայաստանի Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարեանի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպէս NEWS.am-ը տեղեկանում է ԱԱԽ քարտուղարի մամուլի ծառայութիւնից, Արթուր Բաղդասարեանն ու Եացեք Նայդերը քննարկել են Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ քաղաքական համագործակցութեան հեռանկարները, այդ թւում` Լեհաստանի նախաձեռնած «Արեւելեան գործընկերութեան» ծրագրի շրջանակում:
Արթուր Բաղդասարեանը ներկայացրել է Հայաստանում տարբեր ուղղութիւններով բարեփոխումների իրականացման ընթացքը: Քննարկւել են հայ-լեհական երկկողմ ծրագրերի իրականացման հետ կապւած հարցեր, երկուստէք ընդգծւել է, որ Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ քաղաքական երկխօսութիւնը բարձր մակարդակի է:
Հանդիպման ընթացքում քննարկւել են նաեւ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցութեան հետ կապւած հարցեր:
Անդրադառնալով ԼՂ խնդրի լուծման գործընթացին` Արթուր Բաղդասարեանն անընդունելի է համարել Ադրբեջանի նախաձեռնութիւնը` ՆԱՏՕ-ի` նոյեմբերին կայանալիք Խորհրդարանական վեհաժողովում շրջանառութեան մէջ դնել բանաձեւի նախագիծ, որում խօսւում է Ադրբեջանի «գրաւեալ» տարածքների մասին:
«Բանակցային գործընթացի զարգացումների` նման բուռն ժամանակաշրջանում անընդունելի է կրքերի աւելորդ թէժացումը: ԼՂ հիմնախնդիրը կարգաւորւելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, եւ տարբեր կառոյցներում նման բանաձեւերի ի յայտ գալը կարող է վնասել բանակցային գործընթացին»,-ասել է Արթուր Բաղդասարեանը:
Լեհական կողմն ընմբռնումով է ընդունել ՀՀ ԱԱԽ քարտուղարի հարցադրումները:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: