Դաւութօղլուն թուրք դիւանագէտներին հրահանգել է շփումներ սկսել հայկական Սփիւռքի հետ


11:03 • 15.04.10
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դաւութօղլուն Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատանը կազմակերպւած ընդունելութեան ժամանակ կոնկրետ հրահանգներ է տւել Հիւսիսային Ամերիկայի երկրներում հաւատարմագրւած թուրք դեսպաններին և գլխաւոր հիւպատոսներին ուղիղ երկխօսութիւն սկսել հայկական Սփիւռքի ներկայացուցիչների հետ:
«Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի վրայ դրական ազդեցութիւն կունենայ նաև հայկական Սփիւռքի հետ երկխօսութիւնը»,- յայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը:
Թրքական լրատւամիջոցների փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Միացեալ Նահանգներում Թուրքիայի դիւանագիտական առաքելութեան ներկայացուցիչները նկատել են, որ հայկական Սփիւռքի հետ ուղիղ շփումների հաստատման և երկխօսութեան ծաւալման համար լուրջ արգելք է ամերիկացի օրէնսդիրների կողմից ընդունւած՝ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձևը: Թուրք դիւանագէտներն ընդգծել են, որ Միացեալ Նահագներում հայկական Սփիւռքի ողջ ուշադրութիւնը ներկայ պահին կենտրոնացւած է թիւ 252 բանաձևը Կոնգրէսի լիագումար նիստի օրակարգ բերելու ուղղութեամբ։
«Միայն Հայաստանի հետ չէ, որ ցանկանում ենք կարգաւորել մեր յարաբերութիւնները: Ցանկանում ենք շփումներ սկսել նաև Սփիւռքում ապրող հայերի հետ: Այս կէտում բոլոր հայերին նոյն հարթութեան վրայ դնելու, նրանց որպէս մէկ ընդհանուր զանգւած դիտելու մօտեցումը սխալ կլինի: Դա պէտք է լաւ հասկանալ: Կը լինեն հայկական համայնքներ, որոնց հետ մենք կը կարողանանք երկխօսութիւն ծաւալել… Մենք պէտք է փոխենք նրանց պատկերացումները»,- աւելի վաղ յայտարարել էր Դաւութօղլուն:

Tert.am

0 Պատգամ: