«Ադրբեջանի այլազգիները
դաժանութեան են
հանդիպում ամենուր»
«Ադրբեջանական իշխանութիւնների կողմից յատուկ բացասական վերաբերմունքի են արժանանում նաև լեզգինները և ավարները»
Ադրբեջանի բանտերում և բանակում գտնւող ազգային փոքրամասնութիւնների ներկայացուցիչները ենթարկւում են դաժան վերաբերմունքի, ծաղրանքի, նոյնիսկ` կտտանքի, ինչի մասին վկայում են միջազգային կազմակերպութեանը հասցէագրւած բազմաթիւ նամակները: Այսօր ասուլիսի ժամանակ «Միտք» վերլուծական կենտրոնի նախագահ Հրանտ Մելիք-Շահնազարեանը լրագրողներին ներկայացրեց ազգային փոքրամասնութիւնների` դաժան վերաբերմունքի արժանացած ներկայացուցիչների մի քանի նամակներ:
Ըստ բանախօսի` Ադրբեջանում այլատեացութեան վկայութիւնը ոչ միայն Ադրբեջանում գերի ընկած ՀՀ քաղաքացի Մանւէլ Սարիբէկեանի մահն է, այլև Ադրբեջանի այլազգի մի քանի քաղաքացիների ողբերգական մահը: Մասնաւորապէս Հ. Մելիք-Շահնազարեանը յիշատակեց անցեալ տարւայ օգոստոսի 17-ին բանտերից մէկում թալիշցի պրոֆեսոր Նովրուզալի Մամեդովի մահը:
«Նա թալիշական թերթի խմբագիր էր, լեզւաբան: Իրեն դատապարտեցին պետական դավաճանութեան համար` միայն այն պատճառով, որ Մամեդովը Իրանում մասնակցել է թալիշական կոնֆերանսի: Խնդիրն այստեղ յստակ է. ոչ մի տեղ երբէք չբարձրաձայնել Ադրբեջանում բնակւող ազգային փոքրամասնութիւնների մասին»,-ասաց բանախօսը:
Ըստ փորձագէտի` ադրբեջանական իշխանութիւնների կողմից յատուկ բացասական վերաբերմունքի են արժանանում նաև լեզգինները և ավարները, որոնք բնակւում են երկրի հիւսիսում` Դաղստանի սահմանագծին:
«Լեզգիներին և ավարներին, որոնք, հիմականում, նաև սուննի մահմեդական են` ի տարբերութիւն Ադրբեջանի մնացած բոլոր մահմեդական բնակչութեան, յաճախակի կենցաղային բնոյթի յանցանքների համար ցմահ ազատազրկում են` որպէս միջազգային ահաբեկիչների»,- նշեց Հ. Մելիք-Շահնազարեանը` յաւելելով, որ բազմաթիւ փաստաթղթեր խօսում են այն մասին, որ բանտերում ազգային փոքրամասնութիւնների ներկայացուցիչները ոչ միայն ստորացումների են ենթարկւում, այլև` կտտանքի:
«Ավարները, թաթերը, լեզգիները և այլ ազգային փոքրամասնութիւնների ներկայացուցիչները դաժանութիւնների և ստորացումների են ենթարկւում նաև բանակում, որտեղ նրանց յանձնարարւում է ամենածանր աշխատանք, ուղղորդւում են պաշտպանական առաջին գիծ»,- նշեց Հ. Մելիք-Շահնազարեանը` յաւելելով, որ Ադրբեջանում ազգային փոքրամասնութիւնների ծանր վիճակի մասին վկայում են նաև միջազգային կազմակերպութիւնների զեկոյցները և արձագանքները:
Անդրադառնալով Ադրբեջանում գերի ընկած ՀՀ քաղաքացի Մանւէլ Սարիբէկեանի սպանութեան փաստին` Հ. Մելիք-Շահնազարեանն ասաց, որ ադրբեջանական իշխանութիւնները, որքան էլ փորձեն միջազգային կազմակերպութիւններին հակառակն ապացուցել, փորձել են մահն օտգագործել իրենց քարոզչութեան համար:
«Պէտք է սպանւած դիվերսանտի դիակի դիմաց դիակ յանձնել` կյանձնեն, պէտք լինի Նախիջևան փախած Հայ ընտանիքին ցոյց տալ բարեկեցիկ պայմաններում` ցոյց կտան», - եզրափակեց Հ. Մելիք-Շահնազարեանը:
07.10.2010, 18:27
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment