Բակօ Սահակեանը
հանդիպել է եռանախագահներին
«Նաշագահը շեշտեց որ Ադրբեջանում չեն դադարեցւում հակահայկական քարոզչութիւնը և ապակառուցողական քայլերը, ինչը մեծապէս խոչընդոտում է հակամարտութեան կարգաւորմանը, և կոչ է արել համանախագահներին համապատասխան ձևով արձագանքել այդ զարգացումներին»
ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկէին /ԱՄՆ/, Իգոր Պոպովին /ՌԴ/, Բեռնար Ֆասիէին /Ֆրանսիա/ և նրանց ուղեկցող փորձագէտներին, ովքեր Արցախի Հանրապետութիւն են ժամանել Մինսկի խմբի համանախագահութեան` իրավիճակին ծանօթանալու դաշտային առաքելութեան իրականացման շրջանակներում:
Ինչպէս տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատւութեան գլխաւոր վարչութիւնը, հանդիպման ընթացքում քննարկւել են առաքելութեան իրականացմանն առնչւող հարցեր: Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախում ստեղծւած են բոլոր պայմանները աշխատանքները պատշաճ մակարդակով կատարելու համար:
Անդրադարձ է կատարւել նաև իրավիճակին ծանօթանալու դաշտային առաքելութեան երկրորդ փուլի իրականացմանը՝ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետութեան ռազմակալւած տարածքներում: Այս համատեքստում Նախագահ Սահակեանը նշել է, որ առաքելութեան յաջող իրականացման համար Արցախի իշխանութիւններն ակնկալում են կառուցողական մօտեցում նաև Բաքւի կողմից՝ Շահումեանի, Գետաշէնի, Մարտակերտի և Մարտունու բռնազաւթւած հատւածներում:
Հանդիպման ընթացքում քննարկւել են նաև ադրբեջանա-Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում առկայ վերջին զարգացումները: Նախագահը նշել է, որ Ադրբեջանում չեն դադարեցւում հակահայկական քարոզչութիւնը և ապակառուցողական քայլերը, ինչը մեծապէս խոչընդոտում է հակամարտութեան կարգաւորմանը, և կոչ է արել համանախագահներին համապատասխան ձևով արձագանքել այդ զարգացումներին:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Գէորգի Պետրոսեանը, պաշտօնատար այլ անձինք:
ԱՅՍՕՐ, 17:31
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment