Ադրբեջանցի շախմատիստին
հանել են հաւաքականից
հայազգի շախմատիստի անւան թիմում
հանդէս գալու համար
Հոկտեմբեր 09, 2010 03:14
Ադրբեջանցի շախմատիստ Վուգար Հաշիմովը Ադրբեջանում լուրջ խնդիրներ է ունեցել: Հաշիմովը «Ազատութիւն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայութեան հետ զրոյցում պարզաբանել է իր եւ հայազգի շախմատիստ Գարի Կասպարովի շուրջ ծաւալւած սկանդալը:
Իսկ պատմութիւնը, որ վերջին օրերին զբաղեցնում է շախմատային հասարակութեան ուշադրութիւնը, սկսւել է, երբ Ադրբեջանի շախմատի տղամարդկանց հաւաքականը ռուսական Խանտի Մանսիյսկում` 39-րդ շախմատային օլիմպիադային մասնակցելու է մեկնել առանց առաջատար շախմատիստ Վուգար Հաշիմովի, ով Ադրբեջանի եռակի չեմպիոն է եւ ում շնորհիւ է 2009 թւականին Ադրբեջանի թիմը Եւրոպայի չեմպիոն հռչակւել:
Օլիմպիադայում Ադրբեջանի հաւաքականը գրաւել էր 12-րդ տեղը` չնայած յաւակնում էր աւելի բարձր տեղերի: Նման վատ արդիւնքը հաւաքականի անդամներն ու արդէն հրաժարական ներկայացրած ղեկավար Զուրաբ Ազմայպարաշվիլին կապում են հէնց Հաշիմովի բացակայութեան հետ:
Թէ ինչու Հաշիմովը չի ընդգրկւել Ադրբեջանի հաւաքականի կազմում` տարբեր պատճառներ են նշւում, այդ թւում եւ այն, որ Հաշիմովը խաղում է աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի անունը կրող իսպանական շախմատային ակումբում:
Ադրբեջանի սպորտի եւ երիտասարդութեան հարցերի նախարար Ազադ Ռահիմոնովը իր հարցազրոյցներում դատապարտել է Վուգար Հաշիմովի ելոյթները «Կասպարով - Մարկոտէ» կոչւող իսպանական ակումբում եւ յայտարարել, թէ Հաշիմովը չպէտք է հանդէս գար հայազգի շախմատիստի անունը կրող ակումբում:
Ինքը Հաշիմովը այս պնդումները մեկնաբանելու խնդրանքին արձագանքել է. «Բոլորը գիտեն, որ դա Կասպարովի թիմը չէ, պարզապէս Ֆերնանդօ Մարկոտէն հրաւիրել է Կասպարովին իր թիմ որպէս բրենդ: Այսինքն` միայն Կասպարովի անունն է օգտագործւում թիմում: Մի քանի տարի առաջ Մարկոտէն մահացաւ, բայց նրա կողմից առաջարկւած Կասպարովի անունը այդպէս էլ մնաց: Յետոյ թիմը դարձաւ Իսպանիայի չեմպիոն, եւ դրանից յետոյ ոչ ոք չցանկացաւ փոխել ակումբի անունը»:
Իսկ թէ որոնք են 39-րդ շախմատային օլիմպիադային իր չմասնակցելու պատճառները` Հաշիմովը նշել է. «Անկեղծ ասած, ինձ համար եւս պատճառները պարզ չեն: Ես գիտեմ, որ այդ թեմայով բազմաթիւ շահարկումներ են արւում, սակայն դրանք բոլորն անհիմն են: Ոչ ոք ինձ ոչ մի տեղ չի հրաւիրել, սակայն ես ինքս էլ չեմ հրաժարւել հաւաքականում հանդէս գալուց»:
Ադրբեջանի սպորտի եւ երիտասարդութեան նախարարութիւնն ու Շախմատի ֆեդերացիան Հաշիմովին են մեղադրում` նշելով, թէ բազմիցս փորձել են կապ հաստատել նրա հետ, սակայն շախմատիստը չի պատասխանել, ինչից յետոյ էլ նրան հանել են Ադրբեջանի շախմատի հաւաքականի կազմից:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: