Ալի Լարիջանին Երեւանում


Յովիկ Աբրահամեանը նշել է, որ Իրանը բարեկամ երկիր է Հայաստանի

համար, և ամէն ինչ կարւի, որ Իրանի հետ յարաբերութիւններն աւելի

զարգանան:


«Փաստելով երկու երկրների միջև գոյութիւն ունեցող բարեկամական

յարաբերութիւնները` կողմերը կարևորել են միջխորհրդարանական

յարաբերութիւնների զարգացումը, ինչը կնպաստի երկկողմ կապերի

ամրապնդմանը և փոխգործակցութեան խորացմանը բազմաթիւ

ուղղութիւններով»



«Հայաստանը ցանկանում է խաղաղ ապրել հարևանների հետ, և խնդիրները

պէտք է լուծել բանակցութիւնների միջոցով»



21:09 • 08.10.10
Այսօր Հոկտեմբերի 8-ին երկօրեայ աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետութեան խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի գլխաւորած պատւիրակութիւնը:
ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել առանձնազրոյց ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանի և ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի միջև:
Փաստելով երկու երկրների միջև գոյութիւն ունեցող բարեկամական յարաբերութիւնները` կողմերը կարևորել են միջխորհրդարանական յարաբերութիւնների զարգացումը, ինչը կնպաստի երկկողմ կապերի ամրապնդմանը և փոխգործակցութեան խորացմանը բազմաթիւ ուղղութիւններով: Նշւել է, որ երկու երկրների ջերմ յարաբերութիւնների ձևաւորմանը նպաստում է օրէնսդիր մարմինների համագործակցութիւնը և այս համատեքստում կարևորւել բարեկամութեան պատգամաւորական խմբերի գործունէութիւնը: Խորհրդարանների ղեկավարները նշել են, որ Հայ-Իրանական համագործակցութիւնը նպաստում է տարածաշրջանային խաղաղութեան և կայունութեան ամրապնդմանը, կարևորել են տնտեսական փոխգործակցութեան ակտիւացումը և կոնկէրտ ծրագրերի իրականացումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին: Առանձնազրոյցից յետոյ հանդիպումը շարունակւել է ընդլայնւած կազմով:
ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանը ողջունելով հիւրերին` անդրադարձել է 2009 թւականի սեպտեմբերին ԻԻՀ կատարած պաշտօնական այցին և կարևորել այդ ընթացքում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ փոխայցելութիւնները նպաստում են երկու երկրների ու ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը, և Ալի Լարիջանիի այցով երկկողմ յարաբերութիւններն աւելի կակտիւանան:
Իրանի (Իսլամական) խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին կարևորել է ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանի` Իրան կատարած այցը, նշելով, որ այն իր մէջ ներառում էր երկու երկրների յարաբերութիւնների ակտիւացման բանալին: Նա դրական է գնահատել այդ այցը, որը նպաստեց նաև տնտեսական յարաբերութիւնների ակտիւացմանը:
Հանդիպմանը կարևորւել է տնտեսական կապերի սերտացումը և այդ ոլորտում նախանշւած ծրագրերի իրականացումը: Երկուստէք նշւել է, որ միջխորհրդարանական յարաբերութիւնները գտնւում են բաւական բարձր մակարդակի վրայ, ինչը լաւ հնարավորութիւն է ստեղծում նպաստել նախատեսւած ծրագրերի իրականացմանը: ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանը կարևոր է համարել այն ծրագրերի իրագործումը, որոնք կնպաստեն տնտեսութեան աշխուժացմանը:
Անդրադարձ է կատարւել նաև տարածաշրջանի երկրների փոխ–յարաբերութիւններին և առկայ խնդիրներին: Յովիկ Աբրահամեանը նշել է, որ Հայաստանը ցանկանում է խաղաղ ապրել հարևանների հետ, և խնդիրները պէտք է լուծել բանակցութիւնների միջոցով: Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտութեանը, ԱԺ նախագահն ասել է, որ այն պէտք է կարգաւորւի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և շատ կարևոր է ԼՂՀ իշխանութիւններին ներգրաւել բանակցութիւններում: Յովիկ Աբրահամեանը շնորհակալութիւն է յայտնել ԼՂ հարցում Իրանի իշխանութիւնների անկողմնակալ դիրքորոշման համար: Իրանի խորհրդարանի նախագահը նշել է, որ խնդիրը պէտք է լուծւի երկուստէք ընդունելի տարբերակով: Անդրադարձ է եղել նաև Հայ-թրքական յարաբերութիւններին:
Ալի Լարիջանիի գնահատմամբ` Իրանի և Հայաստանի համագործակցութիւնը կարող է յաջողւած կամուրջ լինել տարածաշրջանի զարգացման և առաջընթացի համար:
Յովիկ Աբրահամեանը նշել է, որ Իրանը բարեկամ երկիր է Հայաստանի համար, և ամէն ինչ կարւի, որ Իրանի հետ յարաբերութիւններն աւելի զարգանան:
Հանդիպման աւարտին Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին գրառում է կատարել պատւաւոր հիւրերի գրքում, այնուհետև երկու երկրների խորհրդարանների պատւիրակութիւնները համատեղ լուսանկարւել են:

Tert.am

0 Պատգամ: