Թուրքիայի ԱԳՆ–ն իր կայքից
պէտք է ջնջի կեղծիքներն
ու ներողութիւն խնդրի հայերից
«Ու՞ր են ամերիկահայերի կազմակերպւած ջանքերը' Հայոց
Ցեղասպանութեան բանաձևին դէմ քւէարկող կոնգրէսականների
վերընտրութիւնը նոյեմբերի 2-ին ձախողելու համար»
Յարութ Սասունեան
Տարիներ շարունակ թուրքական իշխանութիւնները խեղաթիւրել են Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը: Չնայած, որ այս ամէնը շատ ցաւալի ու անգամ նողկալի է, սակայն զարմանք չի յարուցում, քանզի չարագործները, սովորաբար կոծկում են իրենց մեղքն ու անմեղ ձևանում:
Զարմանալին այն է, որ թուրքական խեղաթիւրումները Հայոց Ցեղասպանութեան զոհերի ժառանգների համար այնքան սովորական են դարձել, որ նրանք այլևս անհրաժեշտ իսկ չեն համարում եռանդուն պայքար մղել ժխտող «պատմաբանների», քաղաքական գործիչների, դիւանագէտների և լրագրողների դէմ:
Ինչո՞ւ հրէական Հոլոքոստի ժառանգներն ամբողջ թափով պայքարում են ժխտող պատմաբանների, նեօնացիստների և այլ խեղաթիւրողների դէմ, մինչդեռ հայերը, իրենց ողբերգութիւնը ժխտողների հանդէպ անհոգ վերաբերմունք են ցուցաբերում: Արդեօ՞ք նրանք պարզապէս յոգնել են թուրքական միևնոյն կեղծիքները տարեցտարի լսելուց, թէ՞ իրենց անզօր են համարում այդ խեղաթիւրումներին վերջ տալու համար:
Այս տարւա սկզբին Միացեալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ մի բանաձև ընդունեց ձայների չնչին մեծամասնութեամբ' 23-ն ընդդէմ 22-ի: Անկախ այն բանից, թէ յանձնաժողովի 22 անդամները բանաձևին դէմ քւէարկելու համար ինչպիսի արդարացումներ ներկայացրին, սակայն փաստն այն է, որ երբ ճշմարտութիւնը ճանաչելու պահը եկաւ, նրանք բարոյական կամք չցուցաբերեցին դասւել առաքինիների շարքը, այլ բռնեցին խաբեբաների, ժխտողների և զանգւածային մարդասպանների կողմը:
Եւ ինչպիսի՞ն էր հայերի արձագանքը Կոնգրէսի 22 անդամների արգահատելի պահւածքի հանդէպ: Ցաւօք, զայրոյթի ոչ մի խօսք չհնչեց նրանց կողմից: Ոչ մի հայ պաշտօնեայ չդատապարտեց այդ ստոր կոնգրէսականներին: Ու՞ր են ամերիկահայերի կազմակերպւած ջանքերը' Հայոց Ցեղասպանութեան բանաձևին դէմ քւէարկող կոնգրէսականների վերընտրութիւնը նոյեմբերի 2-ին ձախողելու համար:
Պատկերացրէք, թէ ի՞նչ տեղի կունենար, եթէ Կոնգրէսի նոյնիսկ մի անդամ դէմ քւէարկէր Հոլոքոստի բանաձևին: Արդեօք Իսրայէլի ղեկավարներն ու Ամերիկայի հրէաները կլռէի՞ն: Նրանք արդարացիօրէն ամէն ինչ կանէին, որպէսզի Կոնգրէսի այդ անդամը չվերընտրւի:
Հարցն այն չէ, թէ արդեօ՞ք Ամերիկայի Հայ համայնքը նոյնքան ազդեցիկ կամ հզօր է, որքան' հրէականը: Անկախ իր առկայ քաղաքական կարողութիւնից, Հայ համայնքը պէտք է եռանդուն արշաւ ձեռնարկի իր քաղաքական հակառակորդներին տապալելու համար: Բաւական է, որ Կոնգրէսում լուր տարածւի, թէ Ցեղասպանութեան դէմ քւէարկողը հայերի կողմից պարտութեան թիրախ կդառնայ, ապա Կոնգրէսի անբարոյ և անողնաշար անդամներն արագօրէն հետևութիւն կանեն, որ Հայոց Ցեղասպանութեան ժխտումը մի բուռ թուրքական լիրայի համար չի բխում իրենց շահերից:
Ահա Ցեղասպանութեան ժխտման ևս մէկ ճչացող օրինակ, որն աննկատ ու անբողոք մնաց հայերի ու միջազգային հանրութեան կողմից: Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ Թուրքիայի արտգործնախարարութեան կայքն անհամար խեղաթիւրւած յայտարարութիւններ է պարունակում: Կայքը ստահոդ պատասխաններ է տալիս անմեղօրէն ձևակերպւած հարցերին, ինչպիսիք են' «Ի՞նչ է տեղի ունեցել 1915 թւականին: Ինչքա՞ն է Հայ տեղահանւածների ընդհանուր թիւը: Արդեօ՞ք բոլոր տեղահանւածները մահացել են: Արդեօ՞ք Թուրքիայում 1915 թւականի դէպքերը որպէս «ցեղասպանութիւն» որակելը յանցագործութիւն է համարւում և արդեօ՞ք այդպէս պնդողները ենթարկւում են իրաւական հետաքննութեան»:
Թուրքիայի արտգործնախարարութիւնն իր երկիրը լաւ լոյսի ներքոյ ներկայացնելու համար իր կայքում ծիծաղելի քայլերի է դիմում' համարձակւելով յայտարարել, որ «Թուրքիան այն միակ երկիրն է, որտեղ 1915 թւականի դէպքերը կարելի է ազատօրէն քննարկել»:
Նախարարութեան կայքում նաև տեսնում ենք հետևեալ կեղծ յայտարարութիւնը' «այժմ Թուրքիայում չկայ որևէ մէկը, որը դատապարտվել կամ հետապնդւել է 1915 թւականի դէպքերը որպէս «ցեղասպանութիւն» որակելու պատճառով»: Թուրքիայի արտգործնախարարութեանը շատ յարմար է մոռանալ, որ լրագրող Հրանտ Դինքը դատապարտւել և մեղաւոր էր ճանաչւել իր հարցազրոյցներից մէկում «ցեղասպանութիւն» բառն օգտագործելու համար: Նա աւելի վատ ճակատագրի արժանացաւ, քան բանտում յայտնւելը. նրան գնդակահարեցին ու սպանեցին: Նոբելեան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը ևս մեղադրւել է Թուրքիայի Քրէական օրէնսգրքի 301-րդ խայտառակ յօդւածով («Թրքականութեան վիրաւորում»)' այն պնդման համար, որ մէկ միլիոն Հայ է սպանւել: Միջազգային ակտիւ ճնշումների շնորհիւ Փամուկի նկատմամբ ներկայացւած մեղադրանքները դադարեցրին, սակայն հետագայում'վերականգնեցին: Հայոց Ցեղասպանութեան մասին գրելու համար բազմաթիւ այլ թուրք լրագրողներ ու գրողներ են կանգնել դատարանի առաջ:
Հայ պաշտօնեաները, սփիւռքահայերը և միջազգային հանրութիւնը պէտք է իրենց ջանքերը համատեղեն' Թուրքիայի կառավարութիւնից պահանջելով արտգործնախարարութեան կայքից անյապաղ ջնջել այս վիրաւորական կեղծիքներն ու ներողութիւն խնդրել հայերից:
Իսկ մինչ այդ, ոչ մի Հայ պաշտօնեայ չպէտք է որևէ շփում կամ հանդիպում ունենայ Թուրքիայի ղեկավարների հետ: Մի պահ պատկերացրէք, որ Գերմանիայի արտգործնախարարութեան կայքը յայտարարի, որ Հոլոքոստը երբէք տեղի չի ունեցել, և Իսրայէլի ղեկավարները շարունակեն պահպանել իրենց կապերը Գերմանիայի հետ:
Յարութ Սասունեան
«Կալիֆորնիա կուրիէր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմ.՝ Ռ.Աւագեանի

0 Պատգամ: