«Թուրքիան չի կարող նախապայմանների լեզւով խօսել»
Սերժ Սարգսեանի ամբողջական ելոյթը Վաշինգտոնում

«Մենք չենք պատրաստւում որևէ ձևաչափում քննութեան առարկայ դարձնել Ցեղասպանութեան եղելութեան փաստը»

21:26 • 12.04.10
Սերժ Սարգսեանն այցելել է Վաշինգտոնի Ազգային տաճար և ծաղկեպսակ դրել Վուդրո Վիլսոնի շիրիմին։
Այնտեղ նա հանդիպել է ամերիկահայերի հետ, խօսել Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ իր հանդիպման արդիւնքների մասին։ Այս մասին հաղորդում է Tert.am–ի թղթակիցը Վաշինգտոնից։
Ստորև ներկայացնում ենք Սերժ Սարգսեանի խօսքը Վաշինգտոնի մայր տաճարում Վուդրո Վիլսոնի գերեզման այցելութիւնից յետոյ։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մենք միասին մեր յարգանքի տուրքը մատուցեցինք նախագահ Վուդրո Վիլսոնի շիրիմին` մարդու և ԱՄՆ առաջնորդի, ում մեր ժողովուրդը յիշում է ու միշտ կը յիշի որպէս հայ ժողովրդի իսկական բարեկամի: Նախագահ Վիլսոնը մեծ գործիչ էր, գործիչ, ում իր հայրենիքից հազարաւոր մղոններ հեռու բնակւող հինաւուրց ժողովուրդը գրեթէ հարիւր տարի անց էլ շարունակում է մեծարել ու փոխանցել այդ մեծարանքը սերնդէ սերունդ: Վիլսոնը հայերիս համար ոչ միայն կորուսեալ հայրենիքի իղձը կենարար հողով ամրացրեց, այլև աշխարհին պատւիրան թողեց այն մասին, որ մեծերը կարող են և պարտաւոր են թոյլ չտալու փոքր ժողովրդի տառապանքների կրկնութիւն: «Դուք մտածե՞լ եք Հայաստանի տառապանքների մասին: Դուք օժանդակեցիք հայերին այն բանից յետոյ, երբ նրանք տառապանքներ կրեցին: Այժմ զօրակցէ՛ք, որ նրանք այլեւս երբէք չտառապեն». նախագահ Վիլսոնի` 1919թ. փետրւարի 26-ի բոստոնեան ելոյթի այս բառերը հնչում են մինչ օրս, ինչն իրականում նա յղում էր ողջ մարդկութեանը: «Զօրակցէ՛ք, որ այլևս հայերը երբէք չտառապեն»` այս խօսքով ԱՄՆ 28-րդ նախագահը դեռ 90 տարի առաջ փաստացիօրէն ձևակերպում էր Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման պահանջը, քանզի հէնց ճանաչումով է սկսւում ցեղասպանութիւնների և ապագայ բոլոր տառապանքների կանխարգելումը: Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Նախագահի շիրիմի առջև և զեկուցում, որ Հայոց Ցեղասպանութիւնից իննսունհինգ տարի յետոյ էլ աշխարհի շատ երկրներ, կազմակերպութիւններ և քաղաքական գործիչներ, այդ թւում և իր հայրենիքում, շարունակում են գործել վիլսոնեան պատգամի տրամաբանութեամբ: Հայ ժողովուրդը յիշում և յիշելու է բոլորին. անուն առ անուն:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ամերիկահայութիւնը, յատկապէս վերջին տասնամեակներում, դարձել է Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման ու դատապարտման գործի ամենաեռանդուն ու ամենահետևողական օղակներից մէկը և, համոզւած եմ, այսուհետ և՛ս ջանալու է բազմապատկւած ճիգերով։ Ոչ ոք չի կարող կասեցնել անխուսափելին։
Հայ-թրքական արձանագրութիւնների ստորագրման նախօրէին ոմանք մտավախութիւն ունէին, թէ դրանով կը դանդաղեցւեն կամ ժամանակաւորապէս կը սառեցւեն ցեղասպանութեան ճանաչմանն ուղղւած միջազգային քայլերը։ Ժամանակը ցոյց տւեց, որ այդ մտավախութիւններն անհիմն են և անհիմն կլինեն այնքան ժամանակ, քանի մենք բոլորս պատրաստ ենք առաւել ջանքերի, պատրաստ ենք նոր պայքարի:
Անցած ամիսներին մենք ձեզ հետ միասին վկան եղանք Թուրքիայի դատապարտւած փորձերին` պառակտելու հայրենիքն ու Սփիւռքը, իրավիճակը ներկայացնելու այնպէս, թէ իբր գոյութիւն ունի երկու տարբեր կարծիք Հայաստանում և Սփիւռքում։ Այսօր մենք միասին կրկին անգամ հերքում ենք նման սին պատրանքները։ Չկայ՛ Հայաստանի հայութեան և Սփիւռքի հայութեան կարծիքների տարբերութիւն. կայ միասնական հայ ժողովուրդ, և նա տէր է իր արդար դատին։
Այո՛, մենք պատրաստ ենք և ցանկանում ենք բնականոն յարաբերութիւններ ունենալ մեր բոլոր հարևանների հետ, բայց մենք չենք հանդուրժի, որ պայմաններ թելադրւեն մեզ։ Այս առաւօտ ես հանդիպեցի Թուրքիայի վարչապետի հետ: Մեր դիրքորոշումը եղել և մնում է շատ յստակ. Թուրքիան չի կարող նախապայմանների լեզւով խօսել Հայաստանի և հայութեան հետ։ Մենք դա պարզապէս թոյլ չենք տայ։ Մենք չենք պատրաստւում որևէ ձևաչափում քննութեան առարկայ դարձնել Ցեղասպանութեան եղելութեան փաստը կամ ձևացնել, թէ հաւատում ենք, որ Թուրքիան կարող է որևէ դրական դերակատարութիւն ունենալ Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման բանակցային գործընթացում: Ցանկացած նոր արտաքին քաղաքական ուղեգիծ ենթակա է փորձությունների, որովհետև մենք անցնում ենք չտրորւած արահետով։ Ես վստահ եմ, որ Հայաստանը պատւով է բռնելու նաև այս քննութիւնը։
Յարգելի՛ հայրենակիցներ,
Դուք, որպէս արտերկրում ապրող, բայց հայութեան ցաւերով ու շահերով տոգորւած հաւաքականութիւն, անխորտակելի ուժ էք. դուք Հայաստանի միջազգային քաղաքական կշռի կարևոր բաղկացուցիչն էք։ Սա գիտակցում են թէ՛ մեր բարեկամները, թէ՛ միւսները։ Դուք ձեր կեցւածքով ու վճռականութեամբ ապացուցում եք, որ սխալ են եղել բոլոր այն հաշւարկները, ըստ որոնց հայութեանը կարելի է փոշիացնել ու ոչնչացնել՝ ցրելով աշխարհով մէկ։ Իւրաքանչիւր հայ, որ մայրցամաքում էլ լինի, պէտք է դառնայ այն կաթիլը, որը քար է ծակում։ Մենք հէնց այդ ճանապահին ենք։ Մեր ժողովրդի դահիճները մեզ այլընտրանք չեն թողել։ Եւ մենք բարգաւաճելու ենք, մենք ծակելու ենք անտարբերութեան, ցինիզմի ու երկերեսանիութեան քարը։ Դրա համար մենք ունենք բաւականաչափ համբերութիւն, հաւատ և նպատակասլացութիւն։
Հայրենակիցնե՛ր,
Թոյլ տւէք խօսքս աւարտել երախտագիտութեան բառերով ուղղւած մի երկրի ու մի ժողովրդի, որ ծնել է դեսպան Մորգենթաուի և նախագահ Վիլսոնի պէս գործիչներ։ Հայութիւնն ուժեղ է և կարողանում է ինքնարտայայտւել Ամերիկայի Միացեալ Նահանգներում: Դա անշուշտ ձեր արժանիքն է, բայց ձեր արժանիքը լինելուց զատ, ամերիկեան ազատութեան արժանիքն է։ Մենք շնորհակալ ենք այս մեծ ու հզօր երկրին, որ այսօր էլ իր զգալի դերակատարութիւնն ունի հայ ժողովրդի կեանքում։ Աստւած պահի Հայաստանը և փառք Հայ ժողովրդին»:
Tert.am

0 Պատգամ: