Հայկական կողմը բազմիցս յայտարարել է, որ մտադիր չէ Թուրքիայի հետ քննարկել Ղարաբաղեան հարցը

15:33 / 12.04.2010
Սարգսեան-Էրդողան կայանալիք հանդիպման ժամանակ Ղարաբաղեան հարցը չի քննարկւելու, NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում յայտարարել է Հանրապետական կուսակցութեան խմբակցութեան քարտուղար Էդւարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով թրքական կողմի այն յայտարարութիւնը, թէ վաշինգտոնեան հանդիպման ժամանակ Ղարաբաղեան հարցը քննարկւելու է Հայաստանի առաջնորդի հետ։
«Հայկական կողմը յայտարարել է, որ մտադիր չէ Թուրքիայի հետ քննարկել Ղարաբաղեան հարցը, քանի որ այդ երկիրը խնդրի հանդէպ կողմնակալ վերաբերմունք ունի։ Կարծում եմ, որ Սարգսեան-Էրդողան հանդիպման ժամանակ Ղարաբաղեան հարցը չի քննարկւի»,- յայտարարել է Շարմազանովը։
Խօսելով Հայ-թրքական արձանագրութիւնների վաւերացման հնարաւորութեան մասին՝ Շարմազանովը նկատել է, որ Սարգսեանի համաձայնութիւնը՝ հանդիպել Էրդողանի հետ, արդէն իսկ խօսում է հայկական կողմի բարի կամքի եւ Անկարայի հետ առանց նախապայմանների յարաբերութիւններ հաստատելու մասին։ «Կարծում եմ, որ քանի դեռ բանակցութիւնները շարունակւում են, առաջընթաց կարող է գրանցւել ցանկացած փուլում. ամէն դէպքում գնդակն այժմ Թուրքիայի դաշտում է», նշել է նա։
Հայ ազգային կոնգրէսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետեանն իր հերթին անհանգստութիւն է յայտնել այն փաստի առնչութեամբ, որ Սերժ Սարգսեանը, հակառակ իր յայտարարութիւնների, ընդունել է Վաշինգտոնում Էրդողանի հետ հանդիպելու առաջարկութիւնը։ «Թուրքիան Հայոց Ցեղասպանութեան տարելիցի նախօրէին ցանկանում է Հայաստանի հետ երկխօսութեան իմիտացիա ստեղծել, որպէսզի խոչընդոտի Ցեղասպանութեան ճանաչման միջազգային գործընթացին, իսկ Սարգսեանը, ընդունելով Էրդողանի առաջարկը, նպաստում է Անկարայի այդ քաղաքականութեանը»,- նշել է Կարապետեանը։
Նա նաեւ անհանգստութիւն է յայտնել, որ Սարգսեանը համաձայնել է Ղարաբաղեան հարցը քննարկել Էրդողանի հետ. «Եթէ Սարգսեանը չհամաձայնէր Էրդողանի հետ քննարկել Ղարաբաղեան հարցը, նա կամ պէտք է հրաժարւէր Թուրքիայի վարչապետի հետ հանդիպումից կամ էլ պէտք է հերքէր այդ երկրի արտգործնախարար Դաւութօղլուի յայտարարութիւնն այն մասին, թէ Վաշինգտոնում Էրդողանն այդ հարցը կը քննարկի ՀՀ նախագահի հետ»,- նկատել է Կարապետեանը։
Նշենք, որ Սերժ Սարգսեանը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միջուկային անվտանգութեան գագաթնաժողովի շրջանակներում այս օրերին գտնւում են Վաշինգտոնում։

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: