Ամէն տարիների նման, այս տարի եւս Իրանահայ համայնքում անցան Մեծ Եղեռնի ոգեկոչման միջոցառումները, եւ պատւական ժողովուրդը կանգնած լինելով իր պահանջատիրական աննահանջ դիրքերի վրայ, մասնակցեց համահաւաքներին ու դարձեալ ապացուցեց, որ դեռ տէր է կանգնում իր իրաւունքներին ու իրաւացի պահանջներին:
Գնահատելի էին թէ՛ ազգային իշխանութեան կողմից կեանքի կոչւած կազմակերպիչ յանձնախմբի եւ թէ՛ Հայկական Հարցերի Ուսումնասիրութեան Կենտրոն՝ «ՀՈՒՍԿ»ի հաւաքներն ու միջոցառումները: Թէեւ դրանք էլ ունէին րենց թերութիւններ, սակայն առյժմ դրանց մասին չեմ խօսում, քանզի կարեւորը ժողովրդի համար պահանջատիրութեան կեցւածքի դրսեւորման առիթ ստեղծւելն էր, որ իրականացաւ լաւագոյն կերպով:
Թաքուն չի, որ այդ բոլոր ձեռնարկները քաաքական եւ քարոզչական ցուցական ակտ լինելուց բացի, նաեւ ծառայում է ցեղասպանութեան իրողութեան յիշեցմանը՝ պետական ու միջազգային քաղակական ատեաններին: Թէ կատարւածները ինչքանո՞վ ծառայեցին իրենց նպատակներին, այլ հարց է, բայց ուրիշ հարց է, այն միջոցառումները որոնք տեղի ունեցածներին զուգահեռ կարող էին նպաստել ցեղասպանութեան ճանաչմանը եւ պետականօրէն դատպարտմանը:
Արդէն ամիսներ առաջւանից գիտէինք, որ հէնց Մեծ Եղեռնի 94-ամեակի սեմին (Ապրիլ20), Ժընեւում տեղի էր ունենալու «Դուրբան -2» կոչւող «Ցեղապաշտութեան Դէմ Պայքարի» միջազգային համագումարը՝ հանրապետութեան նախաահ պրն. Ահմադինեժադի մասնակցութեամբ: Միաժամանակ Ապրիլի 21 եւ 22-ին, հէնց Թեհրանում կայանալու էր Իսլամական երկրների դատախազների համագումարը, որի օրակարգը ցեղապաշտութեան զոհ գանացած ժողովուրդների ոճրագործների դէմ դատական հայց յարուցելու գործելակերպի քննարկումն էր:
Թէեւ գործնական քայլերի դիմելու գաղափարին հաւատք չունեցող թուլամորթ թերահաւատները բազմաթիւ պատրւակներով գուցէ չիրականացւելիք համարէին այս տեսակէտը, բայց ոչ մի արգէլք չկար, որ պաշտօնական ու փաստացի տւեալների հիմունքով դատական հայց ներկայացնէին երկու համագումարներին էլ, Հայոց Ցեղասպանութեան հարցով: Մանաւանդ որ համագումարներին էլ ներկայ էին թրքական բարձրաստիճան պատւիրակութիւններ եւ որը կարող էր ամենանպատակայարմար վայրը լինէր՝ մէկ անգամ եւս միջազգային ու պետական ատեաններում արծարծել տակաւին գետին մնացած Հայոց Ցեղասպանութեան պետականօրէն ու համաշխարհային մաշտապով ճանաչեցնելու հարցը:
Չգիտեմ թէ ազգային ո՞ր մարմիը պիտի ձեռնարկէր այս քայլը, սակայն վստահ եմ, որ նոյնիսկ հայցը մերժւելու դէպքում էլ շահողը՝ մենք էինք՝ ոճրագործութեան զոհ գնացած ժողովրդի ժառանգները:
Դրանով, դարձեալ գործնականօրէն կապացուցէինք, որ պահանջատէր ժողովուրդը իր վրայ գործւած ոճրագործութիւնը դատապարտելու, ճանաչեցնելու եւ դրա հեղինակների ժառանգորդներին պատասխանատւութեան կանչելու հարցուն ամրակամ է ու աննահանջ, եւ ոչ մի առիթ չի փախցնում դրան իրականութեան մօտեցնելու հացում:
Իմ կարծիքով, ամէն տարի նոյները կրկնելը, նոյն մարդկանց ու նոյն ժողովրդի ներկայութեամբ, նահանջ է նշանակում ու բնականաբար դուրեկան է թշնամու համար:
Նորութիւնը ցուցական փոփոխութիւններ չի: Վզներից արաբական ՉաՖիէ կախելը, նոր ու արդիական բեմ կանգնեցնելը, բեմերի նոր լուսաւորումները, արեւմտեան բեմերի նման անիմաստ կրակ բոցավառելը, էկրանների արդիականացնելը,... եւ նման նորարարութիւնները ոչ մի կերպ չեն կարող նպաստեն ո՛չ ցեղասպանութեան ճանաչեցմանը միջազգային ու տեղական շրջանակներում, եւ ո՛չ էլ քսաներորդ դարի անպատիժ մնացած առաջին ցեղասպանութեան դատապարտմանը:
Նորութիւնը՝ նոր ելքերի ու միջոցների մէջ է, եւ ոչ թէ կրկնութիւնները յարդարելու մէջ:

Ձերդ՝ Վարդան
Ապրիլ 24, 2009

Ուրբաթ Ապրիլի 24-ի առաւօտեան BBC –ի ձայնը իր պարսկերէն հաղորդումների բաժնում անդրդառնալով Հայոց ցեղասպանութեանը, հարցազրոյցներ է ունեցել Իսլամական Խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային Իրանահայութեան պատգամաւոր ճրտգ. Գէորգ Վարդանեանի, եւ իրանահայ լրագրողներ՝ Վարդան Դաւթեանի ու Արթին Առաքելեանի հետ: Նոյն մեկնաբանութիւնները BBC-ն տեղադրել է իր կայքէջում, որին կարելի է դիտել այստեղ:

Tuesday, April 21, 2009

ՎԱՐԴԱՆ ԴԱՒԹԵԱՆ

Լրագրող, հրապարակագիր: Ծնւել եմ 1955 թւականի յուլիս 14- ին Թեհրանում: Տարրական եւ միջնակարգ ուսումս ստացել եմ Թեհրանի Հայոց ազգային «Ի. Սահակեան» եւ «Քուշեշ Դաւթեան» դպրոցներում:
Պատանի տարիքից ուսումնասիրական եւ թարգմանական աշխատանքներով համագործակցել եմ Իրանի պարսկատառ մամուլի եւ ռադիո-հեռուստատեսութեան հետ:
Հետաքրքրւած լինելով ազգագրութեան բնագաւառով նոյն տարիներից (1968 թ.) սկսել եմ ուսումնասիրելով գրի առնել իրանահայ մի շարք հայաբնակ գիւղերի ու շրջանների Ֆոլքլորը (Ժողովրդական մշակոյթ եւ բանաւոր գրականութիւն ու հասարակագիտութիւն):
Այդ ուսումնասիրութիւններն ու աւանդական սարքերի ու նմոյշների փոքրիկ հաւաքածոն ներկայումս պահւում են Իրանի Ազգագրական Պետական Կենտրոնում: Նոյն ուսումնասիրութեանց առընչութեամբ բազմաթիւ ելոյթներ եմ ունեցել Իրանի ռադիո-հեռուստատեսութիւնից:
Ի շարս ուրիշ բազմաթիւ յօդւածների, առաջին անգամը լինելով Իրանի նորագոյն պատմութեան մէջ՝ 1972 թւականին Հայոց ցեղասպանութեան դատապարտութեան թեմայով պարսկերէն յօդւած եմ տպագրել ժամանակի պարսկատառ ամէնանշանաւոր թերթ համարւող «Քէյհան» օրաթերթում:
Այդ յօդւածը, ինչպէս նաեւ ռադիո-հեռուստատեսային հաղորդումները պատճառ դարձան, որ Իրանահայ նշանաւոր մտաւորական ու ազգային հասարակական գործիչ հանգուցեալ Հրայր Խալաթեանի հրաւէրով միանամ «Ալիք» հաստատութեան ու օրաթերթին: Ես ապա գործունէութիւնս ծաւալում եմ նաեւ հայերէն լեզւով, որը շարունակւում է մինչեւ այսօր:
Թէեւ չունեմ համալսարանական ուսում սակայն ինքնաշխատութեամբ ու գիտական համագումարների մասնակցելով՝ Իսլամ – Քրիստոնեա փոխադարձ ազդեցութեանց (Շիա թեքումով) եւ բաղդատական Աստւածաբանութեան մասնագիտութիւն եմ ստացել եւ այդ ուղղութեամբ բազմաթիւ նիւթեր ներկայացնելուց բացի, աւելի քան 20 տարի է որ համագործակցում եմ Իրանի Բարձրագոյն Ուսման Նախարարութեան, Ուսումնադաստիարակչութեան Նախարարութեան արժեւորման բաժնի եւ Պետական ու Ազատ համալսարանների հետ:
Հիմնադրել եմ Թեհրանի Հայոց Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապի բաժինը եւ այդ ուղղուոթեամբ ազդեցիկ գործունէութիւն եմ ծաւալել Իրանահայութեան ու Հայ ժողովրդի մշակոյթն ու քաղաքակրթութիւնը միւսներին ծանօթացնելու գործում:
Տարիներ վարելով Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային Իրանահայութեան պատգամաւոր՝ Ճրտգ. Վարդան Վարդանեանի գրասենեակը, իբրեւ խորհրդական համագործակցել եմ յաջորդ պատգամաւորների հետ:
Ներկայումս ազատ լրագրող եմ եւ պաշտօնական արտօնութիւն ունեմ Մշակոյթի ու Իսլամական Առաջնորդութեան նախարարութիւնից:
Տարիներ եղել եմ «Ալիք» օրաթերթի խմբագրութեան կազմի անդամ եւ չորս տարուց ի վեր ունեցել եմ իմ յատուկ սիւնակը՝ «ՏՐԱՄԱԳԻԾ 360+5» ընդհանուր վերնագրով, որը տպագրւում էր ամէն հինգշաբթի օր։ Վերջինը տպագրւեց 2008 թւականի սեպտեմբերի 25–ին, եւ որից յետոյ «Ալիք» օրաթերթի խմբագրութիւնը խուսափեց այդ շարանի տպագրելուց։
Յոյսով եմ այս կայքէջով ու սեփական հնարաւորութիւններով կարողանամ բաւարարել բոլոր այն ազնւական ընթերցողներին, որոնք յաճախ թափուր էին տեսնում այս սիւնակի տեղը։
Անշուշտ նոյնանման թեմաներ ու նիւթեր շօշափելով։
Սակայն այս բոլորը չի նշանակում, որ հեռացել եմ «Ալիք»–ին ծնունդ ու սնունդ տւող այն սրբազան գաղափարախօսութեանը, որին պարտական ենք մեր ազգային, հասարակական, քաղաքական ու ... կայունութիւնն ու կանգունութիւնը։
Բարի էք շնորհ բերել մեր այս նոր ժամադրավայրը...
Մնացէք իմ հետ, միասին սար ենք կարող տեղափոխել...