105 Տարւայ Յիշողութիւններ. Հայ-թրքական Յարաբերութիւնները` Ցեղասպանութիւնը
Վերապրածի Աչքերով

«Մեզ ընչի՞ էին ջարդում, որովհետև ասում էին` ով մի Հայ սպանի, Աստծոյ արքայութեանն է արժանանալու: Ես ոնց կուզեմ, որ սահմանը բացւի»,- ըմբոստանում է Մարին:

Նազիկ Արմենակեան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից
Գայանե Մկրտչեան
105-ամեայ Մարի Վարդանեանն օրն անց է կացնում է` բազմոցի վրայ ծալապատիկ նստած: Կողքին ռադիոընդունիչն է և Աստւածաշունչը: Յատուկ ականջակալներ ունի, որով ամէն օր լսում է «Ազատութիւն» ռադիոկայանի լուրերը:
«Դէ, մենք գնում ենք աշխատանքի, ու մայրս ամբողջ օրը մենակ է մնում: Մի քանի տարի առաջ գրքեր էր շատ կարդում, հիմա տեսողութիւնը վատացել է, ու աւելի շատ ականջակալներով լուրեր է լսում»,- ասում է տղան`Արմէն Վարդանեանը:
105-ամեայ կինը ուշադիր նայում է իրեն այցելած հիւրերին: Յատկապէս հետևում է շրթունքների շարժումներին: Տղան ասում է, որ փորձում է այդպէս հասկանալ դիմացինի խօսքը:
Մէկ դարից աւելի ապրած կինը սկսում է խօսել: Ցամաքած աչքերը կենդանանում են, երբ խօսում է իր ծննդավայրի`Մալաթիայի մասին: Յուզմունքից ձայնը թրթռում է, բայց շարունակում է:
«Ես Մազմանեան Գէորգ էֆենդիի թոռն եմ: Նա աշխատել է թուրքական կառավարութիւնում`որպէս գանձապետ: Պապիս ջարդից դեռ օրեր առաջ էին թուրքերը սպանել: Յիշում եմ` ինչպէս առաւօտեան ձին պապիս դիակը տուն բերեց»,- պատմում է Մարի Վարդանեանը:
Մի պահ յիշողութիւնները խառնւում են իրար: Նա սկսում է պատմել, թէ ինչ գեղեցիկ էր իրենց քաղաքը:
«Մալաթիան երազի էր նման: Այն յայտնի էր պարտէզներով ու այգիներով: Մինչև հիմա յիշում եմ մեր երկյարկանի տունը իր լայն պատշգամբներով,- պատմում է Մարին: - Յիշում եմ ամէն փողոց ու թաղ»:
Այսօր Մալաթիան գտնւում է Թուրքիայում: Ժամանակին եղել է Արևմտեան Հայաստանի խոշոր քաղաքներից մէկը: Մինչ 1915 թ. հայկական ջարդերը այստեղ բնակւել է շուրջ 20 հազար Հայ: Հայերի զանգւածային ջարդերի ժամանակ Մալաթիայում աւելի քան 7500 Հայ է զոհւել: Ողջ մնացածները տեղահանւել են ու ապաստան գտել աշխարհի տարբեր երկրներում:
«Մեզ`տատիս, մօրս և ինձ, յաջողւեց կենդանի մնալ մեր թուրք բարեկամների շնորհիւ, որոնք մեզ թաքցրին իրենց տանը,- պատմում է Մարին: - Այդ օրերին հրաման կար` ում տանը մի հայ գտնւի, նրան իր դռան վրայ կախաղան հանեն, ու չնայած այդ սարսափին`մարդիկ մեզ թաքցնում էին»:
Գաղթ, ջարդ, կոտորած ու դաժանութիւն տեսած տատի աչքերը ցաւից փոքրացել են: Արցունքները խառնւում են թափանցիկ մաշկի տակից երևացող երակներին, երբ յիշում է`ինչպէս էին գաղթի ճանապարհին մարդկանց սպանում, ինչպէս էին Մալաթիայի յայտնի «Ալմալօղլու բախչան» (խնձորի այգի) դարձրել հայերի գերեզմանոցը:
«Բողոքականներին ու կաթոլիկներին չսպանելու հրաման կար: Մայրս ներկայացավ որպէս բողոքական: Նրան ազատ արձակեցին: Յետոյ մենք, վախն ու սարսափը մեր սրտում, Մալաթիայում մնացինք մինչև 1937 թ., որից յետոյ տեղափոխւեցինք Հալէպ»,- ասում է Մարին:
Նա յիշում է Հալէպի քաղաքային տրանսպորտում փակցւած գրութիւնները. «Թուրքերէն չխօսե´ս, յիշի´ր մէկ ու կէս միլիոն զոհերին»:
1946 թ. բազմաթիւ հայերի հետ Մարին հայրենադարձւում է մայր հայրենիք և հաստատւում Երևանի Մալաթիա թաղամասում: Այստեղ Հին Մալաթիայից գաղթած հայերը հաստատւել էին դեռևս 1925 թ.-ից` հիմնելով Մալաթիա թաղամասը:
Չնայած պատկառելի տարիքին`Մարին ռադիոյով հետևում է լուրերին և տեղեակ է Հայ-թրքական արձանագրութիւնների ու սահմանի բացման մասին: Նրան դուր չեն գալիս Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման օգտին հնչած լուրերը: Նա ընդդիմանում է Թուրքիայի հետ բարեկամանալու փորձերին:
Նա սուր է արտայայտւում Հայաստանի արևմտեան հարևանների մասին և ասում, որ Հայաստանը չպէտք է շտապի Թուրքիային ողջունելու հարցում:
«Թող հլը ճանաչեն ցեղասպանութիւնը»,- ասում է Մարին:
Եղեռնը վերապրած կինը չի հաւատում, որ սահմանի բացումը «կը բարձրացնի Հայաստանի կենսամակարդակը, կը նպաստի երկրի տնտեսութեան զարգացմանը»:
«Սկզբում լաւ կըլնի, բա յետոյ՞: Մեզ ընչի՞ էին ջարդում, որովհետև ասում էին` ով մի Հայ սպանի, Աստծոյ արքայութեանն է արժանանալու: Ես ոնց կուզեմ, որ սահմանը բացւի»,- ըմբոստանում է Մարին:
Մէկ դարից աւելի ապրած Մարի Վարդանեանը սեփական մաշկի վրայ է զգացել թուրքական եաթաղանի դաժանութիւնը: Տարիները չեն մաշել մանկութեան տարիներին տեսած ահն ու սարսափը:
«Շան երես տենալ չեմ ուզում: Սոխ ու ցամաք հաց կուտեմ, միս էլ չեմ ուտի, մենակ թէ շան երեսը էլ չտեսնեմ: Դուք չէք տեսել, դուք չգիտէք` էդ ինչ է»,-ասում է նա:



«ԱՐՄԵԱՆԵԱՆ ՆԱՕ»

ՀԿԵՈՒ-Մ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՒ ԳՆԱՑՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ԵՐԹԵՒԵԿՈՒԹԵԱՆ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ


«Հարաւկովկասեան երկաթուղի» ՓԲԸ-ում տեղի ունեցաւ «Գնացքների անվտանգ երթեւեկման միջոցների ապահովման մասին» գիտահետազոտական խորհուրդը, հաղորդում է ընկերութեան մամլոյ ծառայութիւնը:
Խորհրդի շրջանակներում անցկացւել էր գնացքների անվտանգ երթեւեկման վերաբերեալ վերլուծութիւն: «Անվտանգութեան առումով 2009 թ-ը հասարակ չէր: Մենք աշխատում էինք ֆինանսա-տնտեսական ճգնաժամի ժամանակ: Սակայն չնայած դրան մենք կարողացանք ապահովել հիմնական ուղու բիւջէտային եւ որակական տւեալները», - նշել է ՀԿԵՈւ-ի գլխաւոր տնօրէն Շեվկեթ Շայդուլինը: Նրա խօսքերով, գնացքների անվտանգ երթեւեկութեան ապահովումը պայմանաւորւած է պետական անվտանգութեան շահերով:
«Հարաւկովկասեան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի 100-տոկոսանոց դուստր-ձեռնարկութիւնն է: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն յանձնւել է «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարմանը, ըստ 2008թ. փետրւարի 13-ին կնքւած կոնցեսիոն պայմանագրի:
Կոնցեսիոն կառավարման ժամկէտը 30 տարի է` այն եւս 10 տարով երկարացնելու իրաւունքով: ՀԿԵՈւ-ի միջպետական հաղորդակցութիւնում գոյութիւն ունի երկու երթուղի` Երեւան-Թբիլիսի-Բաթում, որը իրականացւում է ամառային շրջանում: Տեղական հաղորդակցութիւնում գործում են էլեկտրագնացքներ Վանաձոր-Այրում, Երեւան-Արաքս, Երեւան-երասխ, Երեւան-Արարատ, Երեւան-Գիւմրի, Քանաքեռ-Հրազդան, Գիւմրի-Պեմզաշէն ուղղութիւններով:


«ՓԱՆԱՐՄԷՆԻԱՆ»

ՀԻՄԱ ԷԼ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ԵՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՐՈՒՄ


Աւելին` Նախիջեւանը նոյնպէս Ադրբեջանում մօտ ժամանակներս կանցկացւեն եգիպտական կինոյի օրեր:
Անդրադառնալով այդ իրադարձութեանը` եգիպտական Moheet.com կայքը պատկերել է Ադրբեջանի քարտէզը` առանց Ղարաբաղի, աւելին՝ եգիպտացիները ամբողջովին են վերականգնել պատմական արդարութիւնը` Նախիջեւանը եւս ճանաչւել է հայկական տարածք:
Այս փաստի առիթով, ինչպէս լինում է նման բոլոր դէպքերում (իսկ նման դէպքերը վերջին ժամանակներում յաճախակի են դարձել - Հ.Ա.,) Ադրբեջանը իր բողոքի նոտան է ուղարկել Կահիրէ: Եգիպտոսում Ադրբեջանի դեսպան Ֆաիկ Բաղիրովը, «Թրէնդ նիւզ»-ին տւած հարցազրոյցում հաստատել է այդ հանգամանքը: Բաղիրովը նշել է նաեւ, որ դեսպանատունը իր բողոք-նամակն է ուղարկելու նաեւ վերոյիշեալ կայքի գրասենեակ:
Այսպիսով՝ եգիպտական լրատւամիջոցը նոյնպէս «շփոթւել» է, Ղարաբաղը ճանաչելով հայկական տարածք` միանալով «Եկրոնիւզին», ռուսական «Պրավդա»-ին եւ այլն, որոնք նիւթեր են պատրաստել հայկական Ղարաբաղի մասին: Հետաքրքրական է, թէ ո՞ւմ է ուղղւած լինելու Բաքւի յաջորդ նոտան, մանաւանդ հաշւի առնելով, որ այդ նոտայի հասցէատէրերի աշխարհագրութիւնը կարծես թէ տարածւում է աշխարհով մէկ:
Մի ուշագրաւ հանգամանք եւս. Ադրբեջանը պետական մակարդակով իրեն չի համարում սովետական Ադրբեջանի իրաւայաջորդ, այլ` մուսաւաթականի: Կարելի է յիշեցնել հարեւան պետութեանը, որ մուսաւաթական Ադրբեջանի կազմում Ղարաբաղը երբէք չի եղել:

Հ. ԱՖԵԱՆ
«ԱԶԳ»

ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐ
Սերժ Սարգսեանը Յունւարի 29-ին հրամանագիր է ստորագրել Արմէն Գրիգորեանին Հայաստանի Հանրապետութեան սպորտի եւ երիտասարդութեան հարցերի նախարարի պաշտօնից ազատելու մասին։
Երկրի ղեկավարի մէկ այլ հրամանագրով Արթուր Պետրոսեանը նշանակւել է Հայաստանի Հանրապետութեան սպորտի եւ երիտասարդութեան հարցերի նախարար։
ԱՐԹՈՒՐ ՊԵՏՐՈՍԵԱՆ
կենսագրական տւեալներ
Ծնւել է 1952թ. մարտի 22-ին ՀՍՍՀ Անիի շրջանում, ծառայողի ընտանիքում: 1970թ. աւարտել է Երեւանի թիւ 83 միջնակարգ դպրոցը:1970-1976թթ.-ին սովորել եւ աւարտել է Երեւանի պետական Ճարտարագիտական ինստիտուտի լեռնամետալուրգիայի ֆակուլտետը:
1976-1981թթ. աշխատել է Նուռնուսի քարերի մշակման գործարանում` որպէս հերթափոխի պետ, այնուհետեւ` հանքի պետ, ապա նաեւ` արտադրութեան պետ:1981թ. աշխատանքի է անցել ՀՀ Ներքին գործերի նախարարութիւնում` որպէս օպեր լիազօր, հետագայում զբաղեցնելով աւագ օպեր լիազօրի, բաժնի պետի, ապա` վարչութեան պետի պաշտօնները:
1992թ. փոխադրման կարգով նշանակւել է ՀՀ կառավարութեանն առընթեր Հարկային պետական տեսչութեան օպերատիւ վարչութեան պետ:1993թ. նշանակւել է ՀՀ Հարկային պետական տեսչութեան պետի տեղակալ, իսկ 1995թ.` ՀՀ ՀՊՏ պետի առաջին տեղակալ, օպերատիւ վարչութեան պետ: Ունի ՀՊՏ գնդապետի յատուկ կոչում:
1999թ. նոյեմբերի 8-ին նշանակւել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահի խորհրդական:2003թ. գլխաւորել է ՙԿենտրոն՚ հեռուստաընկերութիւնը: 2003 մայիսից - 2007թ. եղել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամաւոր:2009թ. փետրւարից "Բարգաւաճ Հայաստան" կուսակցութեան անդամ է:
2009թ. Յուլիսից մինչ նոր նշանակումը զբաղեցրել է ՀՀ աշխատանքի պետական տեսչութեան պետի պաշտօնը:Ամուսնացած է, ունի երկու երեխայ:

«Ա+1»

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը
կը շահագործւի 2012թ.-ին

Յունւարի 29-ին Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի տրանսպորտի նախարարները քննարկել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցման նախագիծը։ Այն իր մէջ ներառում է 98 կիլոմետր երկարութեամբ Կարս-Ախլքալաք եկաթգծի կառուցումն ու Ախլքալաք-Կարս երկաթգծի վերանորոգումը։ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային միջանցքի կառուցումը կազմելու է 442 միլիոն դոլար։
Երկաթգծի շահագործումը նախատեսւած է 2012թ.-ին։

Ըստ «Bakililar.az

ԵՐԵՔ ԴԻԱԿ ՆՈՅՆ ԲԱԿՈՒՄ
Այսօր ժամը 17-ի սահմաններում, Լենինգրադեան 22 եւ Արզումանեան 7 շէնքերի բակում յայտնաբերւել է մօր եւ դստեր`Գալինա Իւանի Ալեքսանդրեանի եւ Մարիաննա Ռոբերտի Ալեքսանդրեանների դիակները` գլխի մասում հրազէնային վնասւածքներով:
Գալինա Ալեքսանդրեանը 65 տարեկան էր, իսկ Մարիաննան` 38: Մարիաննան աշխատում էր հայփոստում որպէս օպերատոր:
Սպանւածներից քիչ հեռու գտնւող աւտոտնակի յետնամասում յայտնաբերւել է նոյն շէնքի բնակիչ 41-ամեայ Մամիկոն Հայկազի Յարությունեանի դիակը, կրծքի ձախ մասում հրազէնային վնասւածքով : Նրա կողքին յայտնաբերւել է որսորդական կարճեցւած երկփողանի 12 մմ տրամաչափի հրացան:
Յարուցւել է քրէական գործ, կատարւում է նախաքննութիւն: Ենթադրւում է, որ Մամիկոնը կենցաղային հողի վրայ սպանել է մօրն ու դստերը, ապա ինքնասպան եղել:
Գագիկ Շամշեան
«Ա +1»

ԿԱՐԵՒՈՐԸ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔՆ Է ԵՒ ՍՓՈՓԱՆՔԸ

Վերջին տարիներին ձեւաւորւած աւանդոյթի համաձայն՝ ԼՂՀ անյայտ կորած ազատամարտիկների հարազատների միութիւնը (ԱԿԱՀՄ) Ամանորի եւ Սուրբ Ծննդի կապակցութեամբ հանդէս է գալիս տարաբնոյթ նախաձեռնութիւններով. ամանորեայ հանդիսութիւնների կազմակերպում, նւէրների եւ սննդամթերքի բաշխում՝ կազմակերպութեան անդամներին եւ անյայտ կորած ազատամարտիկների երեխաներին եւ այլն։
Բացառութիւն չեղաւ նաեւ 2010-ի Ամանորը։ Ինչպէս միշտ, այս անգամ էլ նւէրների ձեռքբերման հարցում աջակցողներից էին Ազգային անվտանգութեան ծառայութիւնը, Կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը, ԼՂՀ ԿԱ հարկային պետական տեսչութիւնը։ Ամանորեայ միւս ծրագրերի իրականացման համար հովանաւորների դերում հանդէս եկան ԼՂՀ պաշտպանութեան նախարարութիւնը, «Արցախբանկ», «Բեյզ Մեթըլս» եւ «SBS» ընկերութիւնները։ ԼՂՀ ԱԿԱՀՄ նախագահ Վերա Գրիգորեանի հաւաստմամբ՝ օգնութեան տրամադրումը դեռ շարունակւում է։
Շուրջ 130 հոգի արդէն օգտւել են նշւած ծրագրից։ Անյայտ կորած ազատամարտիկների միութեան վարչութեան անդամները նախատօնական եւ յետ–տոնական օրերին հասցրել են այցելել անկողնային հիւանդներին (60 հոգի) եւ շնորհաւորել նրանց Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ «Մեր կողմից արւածը մեծ բան չէ, ընդամէնը վերաբերմունք եւ ուշադրութիւն։
Ամէնից կարեւորը բարոյական սփոփանքն է, որ նրանք զգում են իրենց հանդէպ»,- ասում է Վ. Գրիգորեանը։ Իսկ ԼՂՀ ԱԿԱՀՄ անդամների համար ամանորեայ ամէնից հաճելի նւէրը հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի կողմից տրամադրւած համակարգիչն էր՝ իր բոլոր աքսեսուարներով։
Կազմակերպութեան նախագահը երախտագիտութեան խօսք ուղղեց երկրի ղեկավարին եւ բոլոր հովանաւորներին, ովքեր մշտական ուշադրութեան կենտրոնում են պահում խեղւած ճակատագրերով անձանց ընտանիքներին։

ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ
«ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»

ԶՕՐԱՀԱՆԴԷՍ ԲԱՔՒՈՒՄ...
Ադրբեջանական բանակում երկու զինծառայողներ չորս սպաների են սպանել եւ անձնասպան եղել

Արմէն Քոլոյեան

Հինգշաբթի օրը տեղական ժամանակով ժամը 18:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի զօրամասերից մէկում տեղի է ունեցել հրազէնի կիրառմամբ ծանր հետեւանքների յանգեցրած միջադէպ։
Երկու զինծառայողներ ինքնաձիգներից կրակ են բացել ծառայակիցների վրայ եւ սպանել չորս սպաների, այդ թւում` դիվիզիայի հրամանատարին, ինչից յետոյ անձնասպան են եղել։ Այդ մասին հաղորդում է «Ազատութիւն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայութիւնը:
Տւեալ պահին հետաքննութիւն է իրականացւում, Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութիւնը խոստացել է առաջիկայ ժամերին լրացուցիչ տեղեկութիւններ յայտնել։
«Ազատութիւն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայութիւնը նշում է, որ անցեալ տարի Սեյֆելիի հրաձգարանում տեղի էր ունեցել նմանօրինակ միջադէպ. 20-ամեայ շարքային Օրհան Սաֆարովը կրակ էր բացել իր հինգ ծառայակիցների վրայ եւ սպանել նրանցից չորսին: Սաֆարովը ցմահ ազատազրկման է դատապարտւել։
Ադրբեջանցի զինւորական հարցերով փորձագէտ Ուզեիր Ջաֆարովը «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում ընդգծել է, որ երբ Սաֆարովը անցեալ տարի չորս սպայ էր սպանել, պաշտպանութեան նախարարութիւնը խոստացել էր մանրամասն տեղեկատւութիւն հրապարակել, սակայն նոյնիսկ դատն էր դռնփակ։
«Կարծում եմ, այս դէպքում էլ նրանք անձնասպան զինւորներին են մեղադրելու։ Մենք պահանջում ենք փոխել բանակի ղեկավարութիւնը, մինչդեռ ղեկավարներին պարգեւատրում են, եւ նրանք այնքան ինքնավստահ են` չնայած նրան, որ այսօրինակ միջադէպերը սովորական երեւոյթ են դարձել։ Ադրբեջանական բանակում անպատժելիութեան մթնոլորտ է», - ասել է փորձագէտ Ջաֆարովը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը օրերս բարձրագոյն պետական պարգեւ էր շնորհել պաշտպանութեան նախարար Սաֆար Աբիեւին:
Վերլուծաբանները նշում են, որ յետխորհրդային երկրների զինւած ուժերում յաճախ են տեղի ունենում նման միջադէպեր։ Դրանք բացատրւում են կարգապահութեան բացակայութեամբ, սպայական կազմի կողմից դաստիարակչական աշխատանքը ձախողելու եւ օրէնքները խախտելու հանգամանքով, ինչպէս նաեւ մեծ թւով զօրամասերում տիրող «ոչ կանոնակարգային» յարաբերութիւններով։

ԱՒԵՏԻՔ ԳՐԻԳՈՐԵԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ՉԵՄՊԻՈՆԸ

Յունւարի 30-ն տեղի է ունեցել Հայաստանի տղամարդկանց շախմատի առաջնութեան վերջին տուրը եւ պարգեւատրման արարողութիւնը:
9-դ տուրից յետո ժամկէտից շուտ չեմպիոնական տիտղոսը նւաճեց Աւետիք Գրիգորեանը, նա ունի 6.5 միաւոր, եւ արդէն անհասանելի է մրցակիցների համար: Զաւէն Անդրիասեանը եւ Տիգրան Պետրոսեանը ունեն 5-ական միաւոր, եւ վերջին տորում կը որոշւի, թէ ով կը դառնայ արծաթէ եւ բրոնզէ մրցանակակիր: 8-դ տուրում շախմատիստները խաղացին հետեւեալ կերպ. Զաւէն Անդրիասեան - Տիգրան Քոթանյեան 0.5-0.5 Տիգրան Պետրոսեան - Դաւիթ Պետրոսեան 1:0 Աւետիք Գրիգորեան - Դաւիթ Քալաշեան 1:0 Արտաշես Մինասեան - Արթուր Չիբուխեան 1:0 Հրանտ Մելքումեան - Ռոբերտ Յովհաննիսեան 0:1 Շախմատը յատուկ ֆիգուրներով սեղանի տրամաբանական խաղ է 64 վանդակներով խաղատախտակի վրայ` երկու մրցակիցների համար, որն իր մէջ արւեստի, գիտութեան եւ սպորտի տարրեր է պարունակում: Վերարտադրում է որոշակի կանոններով մարտնչող ուժերի գործողութիւնները: Խաղն իր անւանումը ստացել է պարսկերէնից` շահ եւ մատ, ինչը նշանակում է «տիրակալը վախճանւեց»: Խաղում են երկու հոգի (կարող են խաղալ նաեւ խաղացողների խմբեր` մէկը միւսի դէմ կամ մի խաղացողի դէմ; նման խմբերը սովորաբար կոչւում են կոնսուլտանտներ) շախմատային եւ ՖԻԴԵ մրցաշարային կանոններով: Շախմատային կոմպոզիցիայում կազմողը կարող է փոխել խաղատախտակի չափերը, նոր ֆիգուրներ ներմուծել, փոխել քայլի կանոնները եւ այլն: Գիտութիւնն ուսումնասիրում է շախմատային խաղի զանազան ասպեկտները (օրինակ` Ձիու քայլի մասին դասական խնդիրը եւ Ութ թագուհիների մասին խնդիրը), այդ թւում կատարւում է խաղի համակարգչային մոդելաւորում:

«ՓԱՆԱՐՄԷՆԻԱՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՒ ՆՈՐՒԷԳԻԱՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՌԵԱԴՄԻՍԻԱՅԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

Յունւարի 29-ին պաշտօնական կարճատեւ այցով Օսլոյում գտնւող Հայաստանի արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը հանդիպում ունեցաւ իր նորւէգացի գործընկեր Եոնաս Գահր Շտյորեի հետ:
Առանձնազրոյցի, ապա աշխատանքային ճաշի ընթացքում նախարարները քննարկեցին երկկողմ յարաբերութիւնների զարգացման ուղղութեամբ ձեռնարկւելիք քայլերը, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն մամլոյ ծառայութիւնը: Նախարարներն ընդգծեցին Հայաստանի եւ Նորւէգիայի միջեւ տարբեր ոլորտներում համագործակցութիւնը խթանելու անհրաժեշտութիւնը, մասնաւորապէս բարձրաստիճան այցերի կազմակերպումը, երկու երկրների ԱԳՆ-ների միջեւ կանոնաւոր խորհրդակցութիւնների անցկացումը, իրաւապայմանագրային դաշտի ձեւաւորումը, մշակութային, կրթական եւ գիտական ոլորտներում փոխանակումների ակտիւացումը:
Հայաստանի եւ Նորւէգիայի արտաքին քաղաքական գերատեսչութիւնների ղեկավարները հանգամանալից քննարկեցին առեւտրատնտեսական ոլորտում փոխգործակցութիւնը աշխուժացնելու հնարաւորութիւնը եւ պայմանաւորւեցին յաւելեալ ջանքեր գործադրել այդ ուղղութեամբ: Նախարար Շտյորէն ներկայացրեց իր երկրի արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւները, սկանդինավեան երկրների համագործակցութեան փորձը, նշելով, որ այն կարող է կիրառւել նաեւ այլ տարածաշրջանների համար:
Այս ենթատեքստում նախարար Նալբանդեանն ընգծեց, որ ածխաջրածնային պաշարներով աշխարհում առաջատար դիրքեր զբաղեցնող եւ աշխարհի ամենախաղաղ երկիրը համարւող Նորւէգիայի քաղաքականութիւնը եւ միջազգային անվտանգութեան ամրապնդմանն ուղղւած գործունէութիւնը կարող են օրինակելի լինել նման պաշարներ ունեցող այլ երկրների համար: Հայաստանի արտգործնախարարը Նորւէգիայի ԱԳ նախարարին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականութեան հիմնական ուղղութիւններն ու առաջնահերթութիւնները` կովկասեան տարածաշրջանում անվտանգութեան եւ կայունութեան ապահովմանն ուղղւած Հայաստանի ջանքերը, Եւրոպական ընտանիքին մերձենալու արտաքին քաղաքական ուղեգիծը եւ այդ ուղղութեամբ ձեռնարկւող քայլերը, արցախեան հիմնախնդրի կարգաւորման բանակցութիւնների վերջին զարգացումները, Հայաստանի — Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների հաստատման ՀՀ Նախագահի նախաձեռնութիւնը եւ այդ ուղղութեամբ գործադրւող ջանքերը:
Նախարարներ Նալբանդեանն ու Շտյորէն անդրադարձան նաեւ ԵԱՀԿ օրակարգային հարցերին: Էդւարդ Նալբանդեանն ու Եոնաս Գահր Շտյորէն ստորագրեցին Հայաստանի եւ Նորւոէգիայի միջեւ Ռեադմիսիայի մասին համաձայնագիրը: Հանդիպման արդիւնքներով ընդունւեց մամուլի համատեղ յայտարարութիւն: Նոյն օրը ՀՀ արտգործնախարարը հիւրըկալւեց Նորւէգիայի միջազգային յարաբերութիւնների ինստիտուտում, որտեղ հանդէս եկաւ Հայաստանի արտաքին քաղաքականութեան մասին ծաւալուն ելոյթով, որին ներկայ էին Օսլոյում հաւատարմագրւած դեսպաններ, ԱԳՆ բարձրաստիճան պաշտօնեաներ, քաղաքագէտներ:
Ելոյթից յետոյ նախարար Նալբանդեանը պատասխանեց ներկաների, այդ թւում Թուրքիայի եւ Ադրբեջանի դեսպանների հարցերին:


«ՓԱՆԱՐՄԷՆԻԱՆ»

ԻՏԱԼԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹԻՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ ՏԵՍԱՖԻԼՄ Է ՑՈՒՑԱԴՐՈՒՄ

Երեւան (Երկիր) - 2009 թ. նոյեմբերի 22-ից Իտալիայի MEDIASET հեռուստաընկերութիւնը իւրաքանչիւր կիրակի` «Հոգու սահմաններ» հաղորդաշարի շրջանակներում, հեռարձակում է Հայաստանի մասին պատմող պատմավաւերագրական տեսաֆիլմ:
Արդէն ցուցադրւել է 20 րոպէից աւելի տեւողութեամբ 8 հաղորդում` «Հայաստան» (Armenia), «Հայաստան. պատմութիւնը շարունակւում է Վենետիկում» (Armenia, la storia continua a Venezia), «Հայաստան. ինչպիսի՞ ապագայ» (Armenia, quale futuro?), «Հայաստան. մեծ չարիք» (Armenia, il grande male), «Հայաստան` մէկ եկեղեցի, մէկ ժողովուրդ» (Armenia, una chiesa un popolo), «Հայաստան. վանքեր» (Armenia, monasteri), «Պատմական դաշնագիր» (Storico accordo) եւ «Հայաստան. ճչացող քարերի երկիր» (Armenia: la terra delle pietre urlanti):
Ֆիլմը հնարաւոր է դիտել նաեւ MEDIASET հեռուստաընկերութեան
http://www.video.mediaset.it/ կայքէջում. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատւութեան վարչութիւնը:

ՑՆՑՈՂ ԲԱՑԱՅԱՅՏՈՒՄ

Հնէաբաններին յաջողւել է ապացուցել, որ կաւճէ դարաշրջանում ապրած դինոզաւրերի բազմաթիւ տեսակներ փետրաւոր են եղել:
գիտնականները կարողացել են անգամ հասկանալ, թէ ինչ գոյնի են եղել երկրագնդի ամենահին թռչունների փետուրները: Դրանք ունեցել են շագանակագոյն, սպիտակ և սև երանգներ: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»՝ վկայակոչելով Nature ամսագրում տպագրւած հետազոտութեան արդիւնքները:
Մեծ Բրիտանիայի Բրիստոլի համալսարանի հնագէտ Մայքլ Բենտոնը և Չինաստանի հնէաբանութեան ինստիտուտի հնէաբան Ժոնգէ ժոուն էլեկտրական մանրադիտակի տակ ուսումնասիրելով աւելի քան 100 միլիոն տարի առաջ Չինաստանի հիւսիս-արևելքում յայտնաբերւած երկրագնդի ամենահին «բնակիչների» քարացուկները, կարողացան յայտնաբերել մելանոսոմներ: Սրանք իրենց վրայ կրում են բջիջներ, որոնցով էլ պայմանաւորւած է ժամանակակից կենդանատեսակների և թռչունների գոյնը:
Հետազոտութեան արդիւնքում գիտնականները պարզեցին, որ նախապատմական դինոզաւրոպտերիքս թռչունը, որի քարացուկը յաջողութեամբ պահպանւել է մինչև մեր օրերը, ունեցել է սև և ոսկեգոյն երանգաւորում: Դրանից յետոյ գիտնականները համեմատեցին շուրջ 125 միլիոն տարի առաջ ապրած մէկ այլ դինոզաւրի՝ կոնֆուցիոուսորնիսի բջիջները և եկան այն եզրակացութեան, որ վերոնշեալ դինոզաւրերի «փետուրներն» ունեն նոյն կառուցւածքը:
Հնէաբան Մայքլ Բենտոնը կարծում է, որ յայտնաբերւած քարացուկներում առկայ մելանոսոմների բջջային կառուցւածքը վկայում է դինոզաւրերի փետուրների առկայութեան մասին:
Դինոզաւրերի «փետրածածկոյթի» վերաբերեալ վէճերն ու քննարկումները գիտնականների շրջանում դեռ շարունակւում են: Բենտոնի թիմի հետազոտութեանը, որն առաջինն է մարդկանց պատկերացում տալիս դինոզաւրերի փետուրների իրական գոյնի մասին, շատերը սկեպտիկօրէն են վերաբերւում:
ԱՄՆ Հիւսիսային Կարոլինայի համալսարանի պրոֆէսոր Ալան Ֆեդուչիյան, օրինակ, կարծում է, որ գիտնականները շատ են շտապել իրենց եզրակացութիւններում: Հնարաւոր է՝ փետուրների գոյնը պայմանաւորող բջիջները պատկանում են անհետացած կենդանիների մարմնի վրայ «բնակւած» բակտերիաներին կամ դինոզաւրերի մաշկի մնացուկներ են:


«ԿԱՊԻՏԱԼ»

Սերժ Սարգսեանը մտադիր է «մաքրե՞լ»
նախարարների կաբինետը



Այսօր մամուլում լուրեր են տարածւել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը մօտ ապագայում մտադիր է «թարմացնել» նախարարների կաբինետը։
Խօսքը մասնաւորապէս 7 նախարարների պաշտօնանկ անելու մասին է, այդ թւում՝ Սպորտի և երիտասարդութեան հարցերի նախարար Արմէն Գրիգորեանի, Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի, ոստիկանապետ Ալիկ Սարգսեանի և Ազգային անվտանգութեան ծառայութեան պետ Գորիկ Յակոբեանի։
«7օր»-ի թղթակցի հետ զրոյցում, սակայն, նշւած կառոյցների մամուլի ծառայութիւններից հերքել են այդ տեղեկութիւնը։
Մասնաւորապէս Սփիւռքի նախարարութեան մամուլի վարչութեան պետ Թևոս Ներսիսեանն ասել է.
-Կլեաուզա է եղել. այդպիսի խօսակցութիւն ընդհանրապէս չկայ։
Սպորտի և երիտասարդութեան հարցերի նախարարութեան տեղեկատւական բաժնի պետ Կարինէ Եսայեանն էլ նշել է, որ պաշտօնապէս որևէ տեղեկութիւն չունի։
-Ընդհա՛նրապէս չի համապատասխանում իրականութեանը,- վերոնշեալ տեղեկութիւնները հերքել է նաև ԱԱԾ լրատւութեան և հասարակայնութեան հետ կապերի վարչութեան պետ Արծւին Բաղրամեանը։
ՀՀ ոստիկանութեան լրատւութեան և հասարակայնութեան հետ կապերի վարչութեան պետի տեղակալ Մուշեղ Կրոյեանն էլ «7օր»-ին ասել է, որ ոստիկանապետը պաշտօնանկ չի արւել.
-Ոստիկանապետը տեղում աշխատում է,- հաստատել է նա։
Մի շարք նախարարների պաշտօնանկ անելու մասին տեղեկութիւն չունէին նաև ՀՀ կառավարութեան մամուլի ծառայութիւնում։ Վարչապետ Տիգրան Սարգսեանի խորհրդական Արամ Անանեանն էլ «7օր»-ին ասել է, որ պաշտօնական որևէ տեղեկութիւն չկայ։
ՀՀ նախագահի մամլոյ խօսնակ Սամւէլ Ֆարմանեանը «7օր»-ին փոխանցել է, որ բացի Սպորտի և երիտասարդութեան հարցերի նախարար Արմէն Գրիգորեանից, մնացած նախարարների մասով տարածւած լուրերը իրականութեանը չեն համապատասխանում։
Ի դէպ, նշենք, որ «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան նախագահ Գագիկ Ծառուկեանի մամուլի խօսնակ Խաչիկ Գալստեանն արդէն ասել է, որ Հայաստանի սպորտի և երիտասարդութեան հարցերի նախարար Արմէն Գրիգորեանը հրաժարական է ներկայացրել ծանրաբեռնւածութեան պատճառով, իսկ ԲՀԿ-ն, որպէս նոր նախարարի թեկնածու, առաջարկել է Աշխատանքի տեսչութեան պետ Արթուր Պետրոսեանին։

7օր

«ԻՆՉՈ՞Ւ ԱԼԻԵՒԸ ԳՈՀ ՉԷ ՆԱԵՒ ՀՀ ԱԺ-ԻՑ»
Զարմանում է քաղաքագէտ Ստեփան Գրիգորեանը ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը Հայաստանին ու Ադրբեջանին երէկ կոչ է արել շուտափոյթ համաձայնեցնել Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմանը միտւած սկզբունքները։ 'Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման մէջ գլխաւոր դերը մենք տալիս ենք Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերին, ինչպէս նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբին։
Մենք պատրաստ ենք ամէն տեսակ աջակցութիւն ցուցաբերել ԵԱՀԿ ներկայիս նախագահի անձնական ներկայացուցիչ Ա. Կասպրչիկի աշխատանքին։ Կարծում ենք, որ հիմնարար սկզբունքների շուրջ բանակցութիւնների ձգձգումը կարող է բացասաբար ազդել նրա հետագայ ընթացքի վրայ եւ վերջնականապէս խաթարել կողմերի վստահութիւնը միմեանց նկատմամբ',- ասել է ԵԱՀԿ նախագահը: Սոչիի հանդիպումից յետոյ ԼՂՀ հարցի շուրջ առաջացած աշխուժութիւնն արդեօք արհեստական չէ՞, եւ եւրոպական պաշտօնեաների՝ իրար հետեւած յայտարարութիւնները հարցի շուտափոյթ լուծման անհրաժեշտութեան մասին, արդեօք, ճնշումներ չե՞ն կողմերի վրայ:
Պատասխանելով 'Առաւօտի' այս հարցին՝ քաղաքագէտ Ստեփան Գրիգորեանն ասաց, որ ԵԱՀԿ նախագահի յայտարարութեան մէջ արտառոց, արհեստական ոչինչ չկայ: Աւելին, մեր զրուցակիցը բնական է համարում, որ ստանձնելով ԵԱՀԿ-ում նախագահութիւնը՝ Ղազախստանը ցանկանում է իր գործունեութեան մէկ տարւայ ընթացքում կարեւոր արդիւնքներ ստանալ, մանաւանդ, որ այդ երկրի նախագահը դեռեւս 1990-ականների սկզբներին է ԼՂՀ հարցում աջակցութեան նախաձեռնութիւններով է հանդէս եկել:
Այն, որ Սոչիի հանդիպումից յետոյ խօսակցութիւններ են պտտւում, թէ կողմերի միջեւ համաձայնութիւն կայ, որ ԼՂՀ-ն պէտք է վերադառնայ բանակցութիւնների սեղանին, իսկ ԵԱՀԿ նախագահը խնդրի կարգաւորման հարցում իբրեւ գլխաւոր դերակատարներ նշում է Հայաստանին ու Ադրբեջանին՝ մեր զրուցակիցը նկատում է. 'Ֆորմալ տեսանկիւնից, այո, կողմերը Հայաստանն ու Ադրբեջանն են: Եթէ համաձայնութիւն կայ, որ ԼՂՀ-ն պէտք է վերականգնւի իբրեւ կողմ՝ դրական է: Բացասականն այն է, որ նման փաստաթուղթ դեռեւս հրապարակւած չէ: Ընդամէնը խօսակցութիւններ են: Աւելին, ադրբեջանական կողմն էլ հերքեց այդ արտահոսքը':
Մեր զրուցակիցը յիշեցնում է նաեւ, որ մշտապէս, երբ խօսք է գնացել Ղարաբաղին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու մասին, ադրբեջանական կողմը շեշտել է, որ ԼՂՀ-ն պէտք է ներկայանայ երկու համայնքներով՝ ադրբեջանական ու հայկական: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էլ, ըստ լրատւական կայքերի, The Wall Street Journal-ին տւած հարցազրոյցում համոզմունք է յայտնել, որ պաշտօնական Անկարան չի վաւերացնի Հայ-թրքական արձանագրութիւնները, քանի դեռ չի լուծւել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան հարցը:
Ալիեւն ասել է, որ ինքն 'առաւել քան գոհ է' այս հարցում Թուրքիայի մօտեցումից, չնայած նախկինում սուր քննադատութեան էր ենթարկում Թուրքիային՝ Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթաց սկսելու համար: 'Առաւօտի' խնդրանքով մեկնաբանելով նաեւ այս յայտարարութիւնը՝ Ստեփան Գրիգորեանը զարմացաւ, որ Ալիեւը գոհունակութիւն չի յայտնել նաեւ ՀՀ ԱԺ-ի քայլերից: 'Այսօր Թուրքիայի եւ ՀՀ ԱԺ-ի քաղաքականութիւնը համընկնում են: Երկուսն էլ ձգձգում են արձանագրութիւնների վաւերացումը՝ փաստօրէն, աշխատելով յօգուտ Ադրբեջանի':
Քաղաքագէտն այնուամենայնիւ պնդում է, որ ներկայումս թուրք-ադրբեջանական յարաբերութիւնները բաւականին լարւած են, ընդ որում՝ ամենատարբեր մակարդակներում, բայց՝ 'Ալիեւը գոհ է, որովհետեւ արձանագրութիւնների վաւերացումը ձգձգւում է: Թուրքիայի այդ քաղաքականութիւնը հասկանալի է՝ ցանկանում են այդ գործընթացից կորզել մաքսիմալը եւ ոչ միայն ԼՂՀ հարցում, այլեւ ԱՄՆ-ից, ՌԴ-ից եւ այլն: Իսկ այդ ձգձգումը բերում է նրան, որ ինքնըստինքեան Ղարաբաղի եւ Հայ-թրքական հարցերը անընդհատ միախառնւում են: Այս առումով Թուրքիայի քայլերն ինձ հասկանալի են, իսկ ՀՀ ԱԺ-ինը՝ ոչ: Միտումնաւոր ձգձգելով արձանագրութիւնների վաւերացումը՝ աջակցում ենք Ադրբեջանին: ՀՀ ԱԺ-ն դուրս է գալիս երկրի եւ Հայ ժողովրդի շահերի դէմ:
Ինչքան վաւերացումը ձգում ենք, այնքան Հայ-թրքական եւ ԼՂՀ հարցերը կապւում են միմեանց, եւ մեծանում է ճնշումների հաւանականութիւնը: Վաւերացնենք արձանագրութիւնները եւ դուրս գանք այս գործընթացից: Հայաստանի վաւերացմամբ՝ ամբողջ պատասխանատւութիւնն ընկնում է Թուրքիայի վրայ: Իսկ դրա մասին մենք չպէտք է մտահոգւենք: Այսօր մենք էլ կարծես սկսում ենք 'խաղեր' տալ':

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐԵԱՆ
«ԱՌԱՒՕՏ»

ԻՆՉ ՉՈՐՈՇՒԵՑ ՍՈՉԻՈՒՄ, ՈՐՈՇՒԱԾ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ


Այո, ԼՂՀ-ն պնդել է եւ շարունակում է պնդել իր պարտադիր վերադարձը բանակցութիւնների սեղանի մօտ, քանի որ անտրամաբանականութիւն եւ նոյնիսկ անհեթեթութիւն է տեսնում այն բանում, որ առանց իր ուղղակի մասնակցութեան իր իսկ ապագայի հարցն է քննարկւում։


Երկուշաբթի օրը Սոչիում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջնորդութեամբ անցկացւեցին նոր տարում առաջին բանակցութիւնները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսեանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ։ Ինչպէս եւ սպասւում էր, Ղարաբաղեան կարգաւորման գործընթացում ճեղքում տեղի չունեցաւ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովը բանակցութիւնների գլխաւոր հանրագումար է անւանել կողմերի համաձայնութիւնը՝ գրաւոր ձեւակերպել հակամարտութեան լուծման վիճելի սկզբունքների իրենց ձեւակերպումները։
Նա նշել է, որ կողմերը «փաստաթղթի ներածականի ընդհանուր ըմբռնում են գտնում», որում պարունակւում են հիմնախնդրի լուծման սկզբունքները, բայց ըստ այդմ հրաժարւել է բացել փաստաթղթի մանրամասները, քանի որ դա մնում է որպէս բանակցութիւնների առարկայ։ Նախարարի ընդհանուր, դիւանագիտօրէն սքողւած եւ կոնկրետութիւնից զուրկ ձեւակերպումները վկայում են, թերեւս, այն մասին, որ առայժմ հակամարտութեան փոխադարձաբար ընդունելի լուծում չկայ։ Որպէս հետեւանք՝ չկայ եւ առաջադիմութիւն հիմնախնդրի լուծման գործում։
Սոչիի գագաթնաժողովի անարդիւնք լինելու մասին է խօսում նաեւ այն փաստը, որ նրա մասնակիցները հանդէս չեն եկել համատեղ յայտարարութեամբ, որում հռչակւած լինէին բանակցային գործընթացի զարգացման հեռանկարները որոշող ինչ-ինչ սկզբունքներ։ Թէեւ պէտք է խոստովանել, որ նման հռչակումները Ադրբեջանի մեղքով նոյնպէս արդէն քիչ նշանակութիւն ունեն։
Այսպէս, 2008 թւականի նոյեմբերին նախագահներ Մեդվեդեւը, Սարգսեանն ու Ալիեւը Մոսկւայում ունեցած հանդիպման արդիւնքներով ստորագրեցին ընդհանուր, այսպէս կոչւած՝ Մայնդորֆեան հռչակագիրը, որը վերլուծաբաններն անւանեցին ճեղքումային փաստաթուղթ։ Ինչը, սակայն, Ադրբեջանի ղեկավարին չխանգարեց գրեթէ մէկ ամիս անց հրաժարւել դրանից՝ վերստին խօսելով հակամարտութեան հնարաւոր ուժային լուծման մասին եւ վերահաստատելով իր համբաւը՝ որպէս բանակցութիւններում անյուսալի գործընկեր։
Այնինչ, Սոչիի բարձր մակարդակով հանդիպման վերաբերեալ անորոշ մեկնաբանութիւնները շաղախւած են կոնկրետութեան պահանջմունքով աչքի ընկնող մի տեղեկատւութեամբ։ Մամուլ է ներթափանցել մի հաղորդում, որում «բանակցային գործընթացին մօտ կանգնած բարձրաստիճան աղբիւրի» վկայակոչումով նշւել է, որ Լաւրովի կողմից յիշատակւած նախաբանում արձանագրւած է ազգերի ինքնորոշման իրաւունքի առաջնայնութիւնը, ինչպէս նաեւ բանակցութիւների յաջորդ փուլում ԼՂՀ-ի մասնակցութեան անհրաժեշտութիւնը։
Նշենք, որ տեղեկատւական արտահոսքերը դիւանագիտութեան պրակտիկայում նորութիւն չեն, եւ դրանք որոշակի նպատակներ են հետապնդում՝ կապւած, ասենք, այս կամ այն հրատապ հարցի վերաբերեալ հասարակական կարծիքը նախապէս շօշափելու հետ։ Թէ ում է պէտք եղել վերը յիշատակւած հաղորդագրութիւնը տեղեկատւական դաշտ նետելը՝ դժւար է ասել, ինչպէս որ դժւար է դրա հաւաստիութիւնը հաստատելը։ Սակայն այստեղ ուշադրութիւն է գրաւում հետեւեալ հանգամանքը, այն է՝ տւեալ նիւթի մատուցումը որպէս գաղտնիութեամբ քողարկւած ինչ-որ հետաքրքրութիւն գրգռող սենսացիա։
Բայց չէ որ ըստ էութեան նոր եւ առաւել եւս սենսացիոն ոչինչ չկայ տւեալ հաղորդագրութեան մէջ. բոլորին յայտնի «գաղտնիք»։ Եւ ահա թէ ինչու։ Բանն այն է, որ այդ երկու դրոյթներն էլ՝ ազգերի ինքնորոշման իրաւունքի առաջնայնութիւնը եւ բանակցութիւններին ԼՂՀ-ի մասնակցութեան անհրաժեշտութիւնը, վաղուց են հանդիսանում Ղարաբաղեան կողմի դիրքորոշման սկզբունքային բաղադրիչներ։ Եւ Լեռնային Ղարաբաղը երբէք դրանից գաղտնիք չի սարքել։ Ինչպէս եւ այն, որ իր ընտրած ուղուց չի շեղւի եւ ձգտելու է իր Դէ ՖԱԿՏՈ անկախութեան միջազգային իրաւաբանական ճանաչման՝ անկախ այն բանից՝ ինքը բանակցային գործընթացին մասնակցում է, թէ ոչ։
Այո, ԼՂՀ-ն պնդել է եւ շարունակում է պնդել իր պարտադիր վերադարձը բանակցութիւնների սեղանի մօտ, քանի որ անտրամաբանականութիւն եւ նոյնիսկ անհեթեթութիւն է տեսնում այն բանում, որ առանց իր ուղղակի մասնակցութեան իր իսկ ապագայի հարցն է քննարկւում։ Բայց նա գործընթացի մէջ իր վերադարձն է պահանջում ոչ նրա համար, որ սեփական քաղաքական կարգավիճակը քննարկի, առաւել եւս՝ Ադրբեջանի կազմում, ինչին որ Բաքուն է ձգտում։
ԼՂՀ-ի անկախութիւնը բանակցութիւնների առարկայ չէ, եւ առաւել եւս՝ սակարկութեան, բայց ահա Ադրբեջանի հետ յարաբերութիւներին վերաբերող միւս հարցերի քննարկումից Ղարաբաղը չի հրաժարւում։ Ներկայումս ոչ միջնորդները, ոչ Հայաստանն ու Ադրբեջանը չեն հնչեցրել Սոչիի բանակցութիւնների արդիւնքները։ Երեք նախագահների հանդիպումը սոսկ հերթական անգամ հաստատել է լուրջ տարաձայնութիւնների առկայութիւնը բանակցող կողմերի դիրքորոշումներում, տարաձայնութիւններ որոնք դեռեւս շուտ չեն լուծւելու։
Դատելով ըստ ամենայնի, Սոչիում չի յաջողւել որոշել կարգաւորման գործընթացի զարգացման վեկտորը։ Բայց այն, ինչ չի յաջողւել Սոչիում, արդէն յաջողւել է Ստեփանակերտում։ Քանզի կարգաւորման գործընթացը կարող է լինել ինչպիսին որ ասես, միայն թէ՝ Լեռնային Ղարաբաղի շահերին չհակասող։ Այս թեզիսը բազմիցս է հնչեցւել պաշտօնական Ստեփանակերտի կողմից, որի դիրքորոշումը, ի տարբերութիւն այլ երկրների, լիովին համընկնում է տւեալ հարցում ժողովրդական կամքի արտայայտութեան հետ։
Ստեփանակերտը չի կամենում եւ չի սպասելու իր ճակատագրի որոշմանը երրորդ կողմի պարտադրանքով՝ որտեղ էլ որ լինի՝ Մոսկւայում, Փարիզում թէ Սոչիում։ Ստեփանակերտն արդէն վաղուց է որոշել սեփական քաղաքական զարգացման առաջնայնութիւններն ու հեռանկարները։ Եւ դրանց էլ հետեւում է։ Բանակցային գործընթացներից անկախ։

Լեոնիդ Մարտիրոսեան
«ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԴ ՈՐՈՇՈՒՄԸ
Երեւան (Երկիր) - Հայաստանի արտգործնախարար Էւարդ Նալբանդեանը Յունւարի 28-ին Լոնդոնում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուի հատ յետքննարկել է Հայ-թրքական արձանագրութիւնների վերաբերեալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը. տեղեկացնում է CNN turk-ը:
Հանդիպումը տեւել է 15 րոպէ: Թուրքիայի արտգործնախարարը կրկին նշել է, որ ՍԴ որոշումը նոր խնդիրներ է առաջացնում: Իր հերթին, Հայաստանի արտգործնախարարն ասել է, որ արձանագրութիւններում եւ բուն գործընթացում փոփոխութիւններ չեն եղել: Ըստ CNN turk-ի` նախարարները պայմանաւորւել են հանդիպել այս շաբաթւայ վերջին Միւնխենում կայանալիք անվտանգութեան հարցերով խորհրդաժողովում:
Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել է նախարարների` Լոնդոնում հանդիպելու փաստը, սակայն հերքել է Միւնխենում հանդիպման հնարաւորութիւնը` նշելով, որ Էդւարդ Նալբանդեանը չի ծրագրում մասնակցել խորհրդաժողովին:
Թուրքական մամուլը նաեւ տեղեկացնում է, որ Յունւարի 28-ին Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է նաեւ իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդեարովի հետ: Քննարկւել են Հայաստանի ՍԴ որոշման հետ կապւած հարցեր եւ Սոչիում տեղի ունեցած Ադրբեջան-Հայաստան-Ռուսաստան հանդիպման մանրամասները:

Ո՞Վ ԱՅՍ ԳԻՇԵՐ ՋՈՒՐ ԿԸ ԽՄԻ

Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինութեամբ Ս. Սարգիս զորավարի տօնը հռչակւել է Երիտասարդների օրհնութեան օր:
Այս տարի այն նշւում է Յունւարի 30-ին: Ս. Սարգիս զօրավարը ամենասիրւած սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նա նահատակւել է յանուն քրիստոնէական հաւատքի: Սբ. Սարգիս զօրավարի անւան հետ կապւում են բազմաթիւ հրաշքներ ու ժողովրդական սովորութիւններ: Երիտասարդ աղջիկներն ու տղաները Սբ. Սարգսի հետ են կապում իրենց երազանքների ու իղձերի կատարումը: Տօնի նախորդող գիշերը` քնելուց առաջ նրանք աղի բլիթ են ուտում՝` իրենց ապագայ սիրեցեալին երազում տեսնելու յոյսով: Յունւարի 30-ին Ս.Սարգիս Զօրավարի անունը կրող եկեղեցիներում կը մատուցւի Ս. Պատարագ, որից յետոյ կատարւում է երիտասարդների օրհնութեան կարգ:


«Ա+1»

ԱՂԲԱՐԿՂԵՐԻՑ ՕԳՏՒՈՂ ԻՒՐԻԿ ՊԱՊԻԿԻՑ ՋՐԻ ՓՈՂ ԵՆ ՈՒԶՈՒՄ

«Մերգելեան» ինստիտուտում եւ «Էլեկտրաշարժիչ» գործարանում աշխատած Իւրիկ Գրիգորեանի բախտը չի բերել այն առումով, որ նա ժամանակին իր աշխատանքով կարողացել է Գրիգոր Լուսաւորիչ փողոցում չորս պատ ունենալ, որի մէջ ջրագիծ կայ...
Իր այդ դարդը պատմելու համար էլ նա եկել էր խմբագրութիւն` Աստծոյ կամքով արդարութիւն գտնելու ակնկալիքով: «Երեւան-ջուրը» դատի է տւել «Աստծոյ ողորմածութեամբ քաղաքի աղբամանների եղածով եօլա գնացող, թոշակազուրկ, նպաստազուրկ» Իւրիկ Գրիգորեանին եւ առանց վերջինիս ներկայութեան ստացել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատեանի դատաւոր Ս.Թադէոսեանի կարգադրութիւնը:
Այսինքն` Իւրիկ Գրիգորեանը պէտք է «Երեւան-ջուր» ընկերութեանը վճարի մօտ 87 հազար դրամ: Բայց ինչպէս Իւրիկ պապիկն է ասում` ինքը միայնակ ծէր է, ջուրն օգտագործում է միայն սանհանգոյցի համար, ոչ բան ունի եփելու, ոչ էլ լւացք է անում, ուստի զարմանում է, թէ ինչպէս եղաւ, որ այդքան գումար եկաւ: Բաժանորդի հաշւի քաղւածքից պարզւեց, որ դա 3 տարւայ պարտք է` 2006-2009թթ., ու նա ջրաչափ չունի:
Դա նշանակում է, որ ջրաչափ չունենալու պատճառով Իւրիկ պապիկի վրայ են գրւել նաեւ տարածքի ջրային կորուստների մի մասը, ինչպէս սովորաբար արւում է: Թէ ինչու ջրաչափ չի դրել` մի պատճառը հասկանալի է` փող չունի: բայց միւս պատճառն այն է, որ Իւրիկ պապիկը նաեւ Հայաստանի Հանրապետութեան անձնագիր չունի` «սովետի» կարմիր անձնագրով է դեռ մնացել: «Սեպտեմբերին էր` Տիգրան Փափազեանը ներկայացաւ, 29 հազար դրամի չափով գրութիւն ներկայացրեց ու ասեց` այսքան դուք ջրօգտագործմանը պարտք էք:
Ես ասեցի` ոչ բաղնիք ունեմ, ոչ կալոնկայ, ոչ կուբ, ես լւացք չեմ անում, ես ճաշ չեմ եփում, տուալետից բացի ուրիշ ջուր չեմ օգտագործում: Ինքն էլ խեթ-խեթ նայեց ու գնաց: Յետոյ եկաւ էս թուղթը դատարանից. որոշում են կայացրել, բացարձակապէս իմ երեսը չեն տեսել: Ծանուցագիր չի եղել, միայն սա եմ ստացել ես», - պատմում է Իւրիկ պապիկը: - Ի՞նչու ջրաչափ չէք դրել, - հարցրի: - Գործազուրկ եմ, նպաստազուրկ եմ, թոշակազուրկ եմ: Ես մի կոպէկի եկամուտ չունեմ:
- Բա ինչպէ՞ս էք ապրում: - Դա էլ ասեմ, ներող եղէք, Մեծարգոյ հայուհի, քաղաքամայր Երեւանի աղբարկղերից. իմ այս ճակատագրի համար չեմ փոշմանում, եթէ միլիոն մարդկանց մէջ այդպիսի ճակատագիր է տրւել Տիրոջ կողմից` ես հազարապատիկ խոնարհւում եմ նրան: Հրաշագործ երկնաւոր Հայրը, ում, ցաւալի է, այս խփնւած դեբիլ մարդկութիւնը չի ճանաչում... եւ այս վիճակում` այս միայնակ թոշակառուն մի կոպէկ եկամուտ չունենալով այդ շահամոլ, այդ փողամոլ, այդ փառամոլները ինձնի՞ց են գռփում. չկայ՞ ուրիշ մի մարդ:
Ո՞ւմ կարգադրութեամբ են ինձ ճնշում, կեղեքում: - Իսկ ինչո՞ւ թոշակ եւ նպաստ չէք ստանում: - Ներող եղէք, ես այդտեղ արդէն իրաւունք չունեմ որեւէ մէկին մեղադրելու, ուղղակի պասպորտս խորհրդային է, չեմ փոխել: Տարիներ առաջ այդ հարցով գնացել եմ Աշոտ Բլեյեանի մօտ (մտածելով, որ նա է սոցապ նախարարը), բայց քարտուղարուհին ասաց` նախարարը տեղում չէ:
Նա լսել էր, որ ինչ-որ բարեգործի կողմից կամ կառավարութեան պահուստային ֆոնդից գումար է յատկացւել «Երեւան-ջուր» ընկերութեանը` անապահովներին ջրաչափով ապահովելու համար, թէ երբ եւ ինչ կարգով` նա չյիշեց, բայց խմբագրութիւն էր եկել` «Ժամանակ»-ի համարներից մէկը թեւի տակ դրած, որի մէջ ժպտում էր թերթին հարցազրոյց տւած Սամուէլ Ալեքսանեանը:

Էլմիրա Մարտիրոսեան
«ԺԱՄԱՆԱԿ»

Էդւարդ Նալբանդեանը Լոնդոնում հանդիպում է ունեցել Հիլարի Քլինթոնի հետ

28.01.2010
Ռուզաննա Ստեփանեան

Հայաստանի արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը, ով այս օրերին Լոնդոնում մասնակցում է Աֆղաստանին նւիրւած միջազգային համաժողովին, այսօր հանդիպում է ունեցել Միացեալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:
«Ազատութիւն» ռադիոկայանի հետ հեռախօսազրոյցում Հայաստանի արտգործնախարարութեան խօսնակի պաշտօնակատար Տիգրան Բալայեանը հանդիպման մասին մանրամասներ չհաղորդեց:
Լոնդոնի համաժողովի շրջանակներում, յիշեցնենք, Հիլարի Քլինթոնը երէկ հանդիպում էր ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուի հետ:
Թուրքական լրատւամիջոցների փոխանցմամբ, Դաւութօղլուն Անկարայի մտահոգութիւններն էր փոխանցել Հայ-թրքական արձանագրութիւնների վերաբերեալ Հայաստանի Սահմանադրական Դատարանի կայացրած որոշման առնչութեամբ։

ՍԷՅՐԱՆ ՕՀԱՆԵԱՆ.–
«ՄԵՐ ԶԻՆՒՈՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՈԳՈՒ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՇՆՈՐՀԻՒ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ»
ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգեւատրման արարողութիւնից յետո ՀՀ ՊՆ նախարար Սէյրան Օհանեանը լրատւամիջոցներին տւած ճեպազրոյցում ասաց, որ Հայկական բանակի տօնը առաջին հերթին այն տղաների տօնն է, որոնք իրենց կեանքն են նւիրաբերել մեր երկրի անկախութեանը:
«Բացի հպարտանալու զգացողութիւնից, իւրաքանչիւր նման տօն մեզ նաեւ պէտք է պատասխանատւութեան զգացում տայ, մեր գործին նւիրւելու յատկութիւններն աւելացնի, որպէսզի մեր առօրեայ աշխատանքով պահպանենք այն ամէնը, ինչ ձեռք ենք բերել: Միայն այդպէս մենք կարող ենք ապահովել մեր ժողովրդի խաղաղ գոյութիւնը»,- ասաց Ս. Օհանեանը:
Հարցին` թէ այսօր մեր բանակը պատրա՞ստ է ցանկացած թշնամու հակահարւած տալ, ՀՀ պաշտպանութեան նախարարը պատասխանեց. «Այսօր մեր բանակը հէնց դա է իրականացնում: Մեր որակական չափանիշների, մեր զինւորի մարտական ոգու ու մեր զինւորական ստորաբաժանումների բարոյա-հոգեբանական բարձր մակարդակի շնորհիւ մենք կարողանում ենք մեր սահմանները պաշտպանել»:


«ԵՐԿԻՐ»

Thursday, January 28, 2010

Ղարաբաղեան խնդիր

Իլհամ Ալիեւ.
«Թուրքիան չի վաւերացնի արձանագրութիւնները, քանի դեռ գրաւեալ տարածքները չեն վերադարձւել Ադրբեջանին»
28.01.2010 Գէորգ Ստամբոլցեան«Վստահ եմ, որ Անկարան չի վաւերացնի [հայ - թրքական] արձանագրութիւնները, քանի դեռ գրաւեալ տարածքները չեն վերադարձւել Ադրբեջանին», - Wall Street Journal պարբերականին տւած հարցազրոյցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի աշխատանքներին մասնակցող Ադրբեջանի ղեկավարը ամերիկեան հեղինակաւոր պարբերականի թղթակիցներին չորեքշաբթի օրը նաեւ ասել է. - «Տարածաշրջանում ընդհանուր ըմբռնում է առկայ, որ առաջին քայլը Հայաստանը պէտք է կատարի` սկսելով ազատագրել գրաւեալ տարածքները»:
«Թուրքիայի ներկա մօտեցումը խնդրին ինձ լիովին գոհացնում է», - յայտարարել է Ալիեւը:
Համոզմունք յայտնելով, որ Հայ - թրքական յարաբերութիւնների բարելաւումն ու Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգաւորումը փոխկապակցւած հարցեր են, ադրբեջանական պետութեան ղեկավարը յաւելել է. - «Եթէ այս երկու խնդիրները միմեանցից անջատ դիտարկւեն, ապա չի բացառւում, որ Հայաստանը սառեցնի Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցութիւնները Ադրբեջանի հետ»:
Ալիեւի համոզմամբ` հիմնական գործօնը, որը ստիպեց պաշտօնական Երեւանին մասնակցել բանակցութիւններին, Հայաստանի դէմ կիրառւած տնտեսական ճնշումն էր:
Հայ - թրքական յարաբերութիւնների շուրջ Wall Street Journal-ին մեկնաբանութիւն է տւել նաեւ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգէն Սարգսեանը, որի համոզմամբ` «այժմ մենք մի իրավիճակի ենք յանգում, երբ դրութիւնը գնալով աւելի է բարդանում»:
Սարգսեանը կտրականապէս հերքում է Անկարայից հնչող այն պնդումները, թէ Հայաստանի Սահմանադրական դատարանի Յունւարի 12-ի վճռում նախապայմաններ են առաջ քաշւած:
Հայաստանցի պաշտօնեան ամերիկեան պարբերականի լրագրողներին տեղեկացրել է, որ քանի դեռ կառավարութիւնը Ցիւրիխում ստորագրւած արձանագրութիւնները ուղարկում է խորհրդարան` վաւերացման համար, միաժամանակ նաեւ օրէնսդրական փոփոխութիւններ են նախապատրաստւում, որոնք հնարաւորութիւն կընձեռեն երկրի նախագահին հետ կանչել հայկական կողմի` արձանագրութիւնների տակ դրւած ստորագրութիւնները:
Սարգսեանի խօսքով, սակայն, «եթէ կողմերը կորցնեն [յարաբերութիւնների կարգաւորման] այս հնարաւորութիւնը, ապա ողջ տարածաշրջանը հետընթաց կապրի»:
«Իրադարձութիւնների նման զարգացման պարագայում տարածաշրջանը կը յայտնւի նոյնիսկ ոչ այն կէտում, որից մեկնարկել են բանակցութիւնները: Այն շատ աւելի հետ կը մղւի», - ընդգծել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը:

Սերժ Սարգսեան.–
«Որեւէ սադրանքի հեղինակ հաստատապէս պէտք է լուրջ հակահարւածներ սպասի Հայկական բանակից»

«Հայոց բանակը այն երկաթէ երաշխիքն է, որ ապահովում է մեր գոյութիւնն ու ընթացքը եւ սառը ցնցուղ է ցանկացած տաք–գլուխ արկածախնդրութեան դէմ»
28.01.2010
Յովհաննէս Շողիկեան

Նորանկախ Հայաստանի Զինւած ուժերի կազմաւորման 18-րդ տարեդարձի օրը նախագահ Սերժ Սարգսեանը իր տօնական ուղերձում նշել է, թէ «որեւէ սադրանքի հեղինակ հաստատապէս պէտք է լուրջ հակահարւածներ, նաեւ մեծ անակնկալներ սպասի Հայկական բանակից. չհասկանալ սա` առնւազն միամտութիւն է»։
«Այսօր Հայոց բանակը այն երկաթէ երաշխիքն է, որ ապահովում է մեր գոյութիւնն ու ընթացքը եւ սառը ցնցուղ է ցանկացած տաք–գլուխ արկածախնդրութեան դէմ», - ասւած է Սերժ Սարգսեանի ուղերձում։
Առաւօտեան Հայաստանի Հանրապետութեան բարձրաստիճան ղեկավարները՝ նախագահ Սերժ Սարգսեանի գլխաւորութեամբ, այցելեցին Եռաբլուր պանթէոն եւ յարգանքի տուրք մատուցեցին իրենց կեանքը հայրենիքի ազատութեան համար զոհաբերած հայորդիների յիշատակին։
«Սա համազգային տօն է, եւ իւրաքանչիւրս հպարտութեամբ ենք գալիս Եռաբլուր, որովհետեւ մենք ունենք յաղթանակած բանակ», - լրագրողներին Եռաբլուրում ասաց վարչապետ Տիգրան Սարգսեանը: - «Մենք ամէն ինչ պէտք է անենք, որպէսզի ունենանք ուժեղ բանակ, որը յուսալի երաշխաւորն է մեր պետութեան անվտանգութեան, գոյատեւման, հայ ժողովրդի անվտանգութեան եւ գոյատեւման»:
Իշխանութեան ներկայացուցիչներից մի քանի ժամ անց Եռաբլուր այցելեցին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրէսի (ՀԱԿ) ներկայացուցիչները: ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տէր-Պետրոսեանը, ինչպէս «Ազատութիւն» ռադիոկայանին ասաց Տէր-Պետրոսեանի խօսնակ Արման Մուսինեանը, մրսածութեան պատճառով Եռաբլուր չէր այցելել:
ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաեանը «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում ասաց, որ բանակը, թերեւս, այն սակաւաթիւ կառոյցներից է, որը ընդդիմութիւնը չի քննադատում:
«Բանակը մեր յաղթանակների եւ ապագայ անվտանգութեան երաշխաւորն է եղել եւ կայ», - ասաց նա: - «Մեր քննադատութիւնը ուղղւած է ոչ թէ բանակին, այլ այս իշխանութիւններին, որոնք ամէն ինչ արեցին բանակը փչացնելու, բանակը ներքին քաղաքական նպատակներով օգտագործելու [համար]... Բանակը պիտի լինի սրբութիւն, բանակը չպիտի ծառայեցւի, ոչ միայն բանակը՝ ընդհանրապէս պետական ինստիտուտները չպիտի ծառայեցւեն ինչ-որ մարդկանց սեփական շահերին: Եւ մենք ամէն ինչ անելու ենք, որ դա լինի»:
«Բանակին քննադատել իմ համար՝ ոնց որ հօրս քննադատեմ», - «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում ասաց «Հանրապետութիւն» կուսակցութեան առաջնորդ Արամ Սարգսեանը: - «Ու ես երբէք չեմ արել: Դա չի նշանակում, որ բանակում տեղ գտած թերութիւնները չպէտք է տեսնել ու վերացնել»:
Ըստ Հայաստանի ժողովրդական կուսակցութեան ղեկավար Ստեփան Դեմիրճեանի, բանակը «Հայաստանի երրորդ հանրապետութեան ամենակայացած կառոյցներից մէկն է՝ եթէ ոչ ամենակայացածը»:
Հայկական բանակի կազմաւորման 18-րդ տարեդարձի կապակցութեամբ պաշտպանութեան նախարարութեան վարչական շէնքում չորեքշաբթի օրը կայացել է հանդիսաւոր նիստ, որի ընթացքում յանձնւել են պետական եւ գերատեսչական պարգեւներ:
Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պետական բարձր պարգեւների յանձնման հանդիսաւոր արարողութիւնը։
«Պատերազմի բերած արեան ու արցունք­ների մէջ, կրակների մէջ ծնւեց Հայկական բանակը, որ շարունակում է զարգանալ ու հզօրանալ։ Այսօր Հայոց բանակը այն երկաթէ երաշխիքն է, որ ապահովում է մեր գոյութիւնն ու ընթացքը եւ սառը ցնցուղ է ցանկացած տաք–գլուխ արկածախնդրութեան դէմ», - ասւած է տօնի կապակցութեամբ նախագահ Սերժ Սարգսեանի ուղերձում։ - «Առանց մարտունակ զինւած ուժերի այսօր մեր տարածաշրջանում չի կարող լինել հաւասարակշռութիւն, ուրեմն եւ՝ խաղաղութիւն ու կայունութիւն։ Մեր բանակի դերն այսօր չի սահմանափակւում միայն երկրի սահմանների պաշտպանութեամբ։ Միջազգային խորացող ինտեգրացիան ենթադրում է նոր խնդիրներ տարբեր ուղղութիւններով, որոնք լուծւում են յաջողութեամբ»։




ՄԻԹԷ՞ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԸ ՍԱՌԵՑՆԻ
Հայաստանի Ազգաային Ժողովի կոալիցիոն մեծամասնութիւնը` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, Յունւարի 27-ի ուշ երեկոյեան հանդէս է եկել յայտարարութեամբ:

«ՀՀ Ազգային ժողովի ղեկավարութեան ուշադրութիւնն ենք հրաւիրում ԵԽԽՎ նորընտիր նախագահ Մովլութ Չավուշօղլուի` ս.թ. Յունւարի 26-ին ադրբեջանական ՙAPA՚ լրատւական գործակալութեանը տրւած հարցազրոյցին, որում Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահը հանդէս է եկել կանխակալ տեսակէտներով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի առնչութեամբ: Վեհաժողովի նախագահի կողմից «իրականութեան» որոշ մեկնաբանութիւններ հարցականի տակ են դնում նրա անկողմնակալութիւնը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի ընկալման հարցում:
ԵԽԽՎ նախագահը լաւ չի ընկալում հակամարտութեան բնոյթն ու տարրերը, ինչպէս նաև վերջինիս շուրջ ընթացող բանակցային գործընթացը: Նա ակնյայտօրէն նախընտրում է անտեսել այն փաստը, որ խաղաղ կարգաւորումը հիմնւած է մի քանի սկզբունքներին հետամուտ լինելու վրայ, որոնց թւում է նաև ինքնորոշման սկզբունքը:
Ինչպէս երևում է, Նախագահը նաև անտարբերութեամբ է վերաբերում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգութեանն առնչւող հիմնահարցերին, որոնք մշտապէս վտանգւած են Ադրբեջանի իշխանութիւնների կողմից, ներկայումս նաև հայերի հանդէպ ատելութիւն և այլատեացութիւն քարոզելու միջոցով:
Աւելին, ցաւում ենք, որ յենւելով հիմնահարցի առնչութեամբ Թուրքիայի դիրքորոշմանը և շեշտելով, որ. ՙայս հակամարտութիւնը կարծես խոչընդոտում է Թուրքիայի և Հայաստանի միջև յարաբերութիւնների կարգաւորմանը՚`Նախագահը լրջօրէն հարցականի տակ է դնում իր պաշտօնավարութեան հեղինակութիւնը տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում առհասարակ որևէ դրական դերակատարում ունենալու տեսանկիւնից:
Այս հարցազրոյցը ևս մէկ անգամ հաստատում է, որ բանակցութիւններ վարելը միայն լիազորւած մարմնի, այս պարագայում ԵԱՀԿ և վերջինիս Մինսկի խմբի համանախագահութեան իրաւասութիւնն է, և այն, որ այս ձևաչափից դուրս ցանկացած անպատասխանատու ձեռնարկում միայն աւելի բարդացնում և վնասում է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման բանակցային գործընթացը:
Հաշւի առնելով վերոգրեալը, Ազգային Ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցութիւն», «Բարգաւաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կոալիցիոն խմբակցութիւնները յորդորում են Ազգային ժողովի նախագահին` ԵԽԽՎ նախագահից ճշտել տարածւած հարցազրոյցի իսկութիւնը, բացատրութիւններ պահանջել պարոն Չավուշօղլուից, հասկանալ, արդեօ՞ք նրա խօսքերը կարելի է համարել ԵԽԽՎ պաշտօնական դիրքորոշում և հարկ եղած դէպքում լրջօրէն քննարկել Մովլութ Չավուշօղլուի նախագահութեան շրջանում ԵԽԽՎ-ի աշխատանքներին Հայաստանի մասնակցութիւնը սառեցնելու հարցը" ասւած է յայտարարության մէջ:



«ԼՐԱԳԻՐ»

Հայաստանի խորհրդարանի նախագահը հեռախօսազրոյց է ունեցել ԵԽԽՎ նորընտիր նախագահի հետ

Աբրահամեանը կոչ է արել նրան իր նախագահութեան երկու տարիների ընթացքում ցուցաբերել զգայուն, խոհեմ եւ հաւասարակշռւած դիրքորոշում տարածաշրջանին առնչւող հարցերին:

16:12 / 28.01.2010
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Յովիկ Աբրահամեանը Յունւարի 28-ին հեռախօսազրոյց է ունեցել Եւրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահ Մեվլութ Չաւուշօղլուի հետ:
ՀՀ ԱԺ հասարակայնութեան եւ տեղեկատւութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ հեռախօսազրոյցի սկզբում ՀՀ ԱԺ նախագահը շնորհաւորել է Մեվլութ Չաւուշօղլուին ԵԽԽՎ նախագահ ընտրւելու կապակցութեամբ: Հաշւի առնելով այն հանգամանքը, որ թուրք քաղաքական գործիչն առաջինն է մեր ընդհանուր տարածաշրջանից, ով ստանձնել է այդ բարձր պաշտօնը, պարոն Աբրահամեանը կոչ է արել նրան իր նախագահութեան երկու տարիների ընթացքում ցուցաբերել զգայուն, խոհեմ եւ հաւասարակշռւած դիրքորոշում տարածաշրջանին առնչւող հարցերին:
Հեռախօսազրոյցի ընթացքում Մ. Չաւուշօղլուն ՀՀ ԱԺ նախագահին յայտնել է, որ Յունւարի 26-ին ադրբեջանական «APA» լրատւական գործակալութեան կողմից տարածւած տեքստում իրեն վերագրւել են մի շարք յայտարարութիւններ, որոնք ինքը չի կատարել: Մ.Չաւուշօղլուն հաւաստիացրել է, որ այդ յայտարարութիւնները թերի թարգմանութեան եւ ադրբեջանցի լրագրողի թիւրըմբռնման հետեւանք են:
Հեռախօսազրոյցի ընթացքում կողմերը նաեւ տեսակէտներ են փոխանակել առանց նախապայմանների Հայ-թրքական յարաբերութիւնները կանոնակարգելու գործընթացի շուրջ, նաեւ քննարկել ԵԽԽՎ նորընտիր նախագահի Հայաստան այցելութեան հնարաւորութիւնը:


Լուրեր Հայաստանից

Սերգէյ Լաւրովը եւ Հիլլարի Քլինթոնը քննարկել են Ղարաբաղեան հարցը

17:08 / 28.01.2010
Լոնդոնում երկկողմ հանդիպման շրջանակներում ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը քննարկել են ռուս-ամերիկեան չարաբերութիւններին առնչւող հարցեր, իրավիճակը Մերձաւոր Արեւելքում եւ Ղարաբաղեան հակամարտութիւնը։
Ղարաբաղեան խնդրի վերաբերեալ երկու երկրների արտգործնախարարները ընդգծել են հարցի բարդութիւնը եւ դրա լուծման ճանապարհներ գտնելու պատրաստակամութիւն են յայտնել։
Լաւրովը ամերիկացի գործընկերոջը տեղեկացրել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում կայացած եռակողմ հանդիպման մանրամասներին, յայտնում է Inforos-ը։

Լուրեր Հայաստանից

ՇՆՈՐՀԱՒՈՐ ՏՕՆԴ ՄԵՐ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ


Յունւարի 28-ն արդէն մի քանի տարի նշւում է որպէս Բանակի օր: Այսօր նշում ենք մեր ազգային բանակի 18–րդ տարեդարձը:
Բանակ, որ չնայած երիտասարդ տարիքին, որպէս Հայոց իրողութիւն, իր էութեան մէջ հազարաւոր տարիների հպարտանալու արժանի պատմութիւն ունի ամբարած, սկսած մեր նախահայր Հայկից, շարունակած Տիգրան Մեծով, Մամիկոնեան տոհմի սպարապետներով, Բագրատունիներով, մինչեւ Սարդարապատ, Բրանդէնբուրգեան դարպասների մօտ քոչարի պարած թամանցիներ, մինչեւ Շուշի ու Քարվաճառ ազատագրած մերօրեայ հերոսները…
Այսօր մե՛ր բանակի տօնն է: Վստահ ենք, որ ժամանակի ընթացքում հայերս ճիշտ կընկալենք բանակի դերակատարութիւնը և նշանակութիւնը մեր բոլորիս պաշտպանութեան և անվտանգութեան ապահովման գործում և այս տօնը կը նշենք իսկապէս ողջ ժողովրդով, յաւուր պատշաճի:
Հայկական բանակը, չնայած իր ակունքներում ունէր խորհրդային բանակի աւանդոյթները, այնուամենայնիւ ստեղծւեց հախուռն, անհրաժեշտութիւնից ելնելով, ֆիդայական ջոկատների վրայ հիմնւելով, բայց որն ամենակարևորն է, կայացաւ Հայրենիքի սահմանների պաշտպանութեան եւ Արցախի ազատագրման համար մղւող պատերազմական գործողութիւններին զուգընթաց:
Չնայած դժւարին ժամանակներին, մեր բանակի շինարարներին յաջողւեց անել այն, ինչը չստացւեց հետխորհրդային երկրներից եւ ոչ մէկի մօտ, թերեւս, միգուցէ բացառութեամբ Ռուսաստանի: Նորանկախ Հայաստանի պատմութեան ընթացքում հայկական զինւած ուժերը կարողացան ոչ միայն արդիւնաւէտ դիմակայել արտաքին թշնամուն, այլև մեր տարածաշրջանում հաստատւած յարաբերական կայունութեան ապահովման գործում դարձան ամենակարևոր գործօններից մէկը:
Հաճելի է արձանագրել, որ օտար փորձագէտների գնահատմամբ եւս Հայաստանի զինւած ուժերն են մեր պայթիւնավտանգ տարածաշրջանում կայնութեան ապահովման հիմնական երաշխիքներից մէկը: Ասւածն, իհարկէ, չի նշանակում, թէ մեր բանակի ձեռք բերումները հնարաւորութիւն են տալիս մեզ «քնել դափնիների» վրայ և անուշադրութեան մատնել բանակի ամրապնդման հետագայ ընթացքը:
Ընդհակառակը, մենք չպէտք է կանգ առնենք ունեցածի վրայ և ջանք ու եռանդ չպէտք է խնայենք մեր բանակը մարտունակ, սպառազինութեան ժամանակակից տեսակներով զինւած, այդ զինատեսակներին տիրապետող, քաղաքականապէս գրագէտ և բարձր կամային որակներով օժտւած զինւորներով համալրւած կառոյց դարձնելու համար:
Մասնաւորապէս, այսօր մեր բանակի մարտունակութիւնը բարձր պահելու համար առաջին հերթին պէտք է բարելաւել բանակում տիրող բարոյա-հոգեբանական մթնոլորտը: Սա առաջին հերթին ոչ միայն բանակային ղեկավարութեան, այլ բոլորիս, և անշուշտ պետութեան հոգածութեան առարկան է:
Բանակը պէտք է համալրւի առնւազնֆիզիկապէս և հոգեպէս առողջ երիտասարդներով: Իր հերթին, բանակի բարձրագոյն ղեկավարութիւնը պէտք է հոգ տանի, որպէսզի զինւած ուժերում որպէս սպայ ծառայութիւն անցնողներն ունենան անհրաժեշտ մասնագիտական պատրաստւածութիւն և բարոյա-կամային բարձր յատկանիշներ: Միւս խնդիրն առնչւում է զինծառայողների սոցիալական հիմնախնդիրների հետ և անմիջականօրէն ազդում է հայրենիքին յաւուր պատշաճի ծառայելու շահադրդման վրայ:
Բնականաբար ցանկալի կը լիներ, որպէսզի մեր բանակային հայրենակիցների առօրեայ բոլոր հոգսերն իրենց լուծումը ստանային պետութեան և հասարակութեան աջակցութեամբ, ինչը կը բերեր այն բանին, որ հայ զինւորը բացառապէս կը կենտրոնանայ իր մասնագիտական պարտականութիւնները առաւելագոյնս արդիւնաւէտ իրականացնելուն: Մեզանից իւրաքանչիւրը պէտք է իր ուժերի ներածի չափով ամէն ինչ անի բանակաշինութեան գործին օժանդակելու համար, և մէկընդմիշտ յիշի, որ բանակը ոչ թէ գեներալներին է, կամ սպայակազմի որևէ հատւածինը, այլ ամէնքինս և կոչւած է ծառայելու յանուն բոլորիս անվտանգութեան և պաշտպանութեան:
Ինչևէ, Հայոց բանակի մարտիկին, շնորհաւորելով տօնի կապակցութեամբ, մաղթում ենք, որպէսզի նրա մասնագիտական հմտութիւններն ու կարողութիւնները ցուցադրելու իրական առիթ երբևէ չծագի։

ԱԳՆ: Չավուշողլուի յայտարարութիւնները հարցեր եւ մտահոգութիւններ են առաջացնում նրա հետագայ գործունէութեան վերաբերեալ
20:02 / 27.01.2010
ԵԽԽՎ նախագահի պաշտօնում Մովլութ Չավուշողլուի ընտրւելու մասին որոշման թանաքը դեռ չչորացած, նա կողմնակալ յայտարարութիւններով է հանդէս գալիս` չարաշահելով եւ իր նեղ նպատակներին ծառայեցնելով ԵԽԽՎ նախագահի հեղինակաւոր պաշտօնը:
Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում յայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայեանը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ նորընտիր նախագահի Ղարաբաղեան հիմնախնդրի եւ Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման վերաբերեալ յայտարարութիւնները:
«Հիասթափութիւն է առաջացնում այն հանգամանքը, որ Թուրքիայի կառավարող կուսակցութեան բարձրաստիճան ներկայացուցիչը անգիտակցաբար կամ հէնց գիտակցաբար այդ կարգի յայտարարութիւններով վնաս է հասցնում Ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացին, ինչը յարիր չէ ԵԽԽՎ նման հեղինակաւոր կառոյցի ղեկավարին, որի թիւ մէկ խնդիրը եւ առաքելութիւնն է կազմակերպութեան անդամ երկրների միջեւ տարաձայնութիւնների վերացումը», — նշեց Բալայեանը.
«Ինչ վերաբերում է Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորումը Ղարաբաղեան հիմնախնդրի հանգուցալուծման հետ կապակցելու ապարդիւն փորձերին, ապա դրանք վաղուց սպառել են իրենց եւ միջազգային հանրութիւնը դրանց գնահատականը արդէն տւել է: Պարոն Չավուշողլուի յայտարարութիւնները մի շարք հարցեր եւ մտահոգութիւններ են առաջացնում ԵԽԽՎ նախագահի պաշտօնին նրա հետագայ գործունէութեան վերաբերեալ», — ընդգծեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարը:


Լուրեր Հայաստանից

Մէկուկէս միլիոն ծառ կը տնկեն Մեծ Եղեռնի զոհերի յիշատակին


19:47 / 27.01.2010
Համաշխարհային հայկական կոնգրէսը սկսել է Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին նւիրւած միջոցառումների նախապատրաստական աշխատանքները:
«Մենք մէկ անգամ եւս պիտի ապացուցենք, որ Հայոց Ցեղասպանութիւնը վերստուգելու կամ վերահաստատելու կարիք չունի, այն փաստ է, որը պէտք է ընդունւի եւ դատապարտւի»,-այսօր՝ Յունւարի 27-ին Գիտութիւնների ազգային ակադեմիայում տեղի ունեցած համաժողովի ժամանակ ասաց ասոցիացիայի եւ Ռուսաստանի հայերի միութեան փոխնախագահ Վլադիմիր Աղաեանը՝ յաւելելով, որ Ցեղասպանութեան 100-ամեակի կապակցութեամբ ասոցիացիայի թեւը նախաձեռնել է խորհրդանշական ծառատունկ կազմակերպել: Այսինքն՝ մինչեւ 2015 թւականը եղեռնի զոհերի յիշատակը յաւերժացնող 1,5 միլիոն ծառ տնկել Հայաստանում:
Ծառատունկի թեման բաւականին մեծ հետաքրքրութիւն առաջացրեց համաժողովի մասնակիցների շրջանում: ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսեանը, Գրողների միութեան նախագահ Լեւոն Անանեանը, գրող Պերճ Զեյթունցեանը եւ մի շարք խորհուրդների ներկայացուցիչ Աստղիկ Գէորգեանը, ցեղասպանութեան թեման մօռացած՝ լուրջ դէմքերով սկսեցին քննարկել ծառատունկի տնտեսական մասը: Իսկ յատուկ այդ հարցերին պատասխանելու համար համաժողով հրաւիրւած քաղաքապետարանի բնապահպանութեան վարչութեան պետ Աւետ Մարտիրոսեանը ծառատունկի թեման համակողմանի վերլուծելուց յետոյ կազմակերպիչներին խորհուրդ տւեց դիմել Կառավարութեանը:
Նշենք, որ Համաշխարհային հայկական կոնգրէսի նախագահը Ռուսաստանի հայերի միութեան նախագահ Արա Աբրահամեանն է:


Լուրեր Հայաստանից

ՀՀ պաշտպանութեան նախարար.–
Հայկական բանակը տարածաշրջանի ամէնամարտունակ բանակներից է

15:34 / 27.01.2010
Հայկական բանակը, սկսած արցախեան ազատամարտից՝ առ այսօր, պատւով է կատարում իր առջեւ դրւած բոլոր խնդիրները:
Այդ մասին Զինւած ուժերի սպայական կազմին պարգեւներ յանձնելու հանդիսաւոր արարողութեանը յայտարարել է Հայաստանի պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը: Նրա խօսքով, 18 տարի առաջ, երբ ստեղծւում էր պաշտպանութեան նախարարութիւնն ու կազմաւորւում էին առաջին կանոնաւոր բանակային ստորաբաժանումները, որեւէ մէկը չէր կարող մտածել, որ «այսօր մենք հզօր եւ մարտունակ բանակ ենք ունենալու»:
« Հայկական բանակը տարածաշրջանի ամէնամարտունակ բանակներից է: Մենք յաղթող բանակ ենք եւ կողմ ենք խաղաղութեանը: Հակառակորդի ռազմատենչ յայտարարութիւնները մեզ ստիպում են զգօն լինել»,- նկատել է նախարարը՝ ընդգծելով, որ հայկական բանակը շարունակում է զարգանալ՝ դիմագրաւելու համար բոլոր մարտահրաւէրներին:
Նշենք, որ Յունւարի 28-ին Հայաստանը նշում է իր Զինւած ուժերի 18-ամեակը: 1991թ. Հայաստանի կառավարութեան որոշմամբ ստեղծւեց պաշտպանութեան պետական կոմիտէն, իսկ 1992թ. Յունւարի 28-ին ընդունւեց պատմական որոշում «Հայաստանի պաշտպանութեան մասին»՝ այդ կերպ օրինականացնելով Հայոց ազգային բանակի ստեղծման փաստը:

Լուրեր Հայաստանից

Եռակողմ հանդիպում՝ Իրան-Հայաստան երկաթգծի շինարարութեան վերաբերեալ

18:35 / 27.01.2010
Երեւանում Յունւարի 27-ին տեղի է ունեցել Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրի աշխատանքային խմբի եռակողմ՝ Հայաստան-Ռուսաստան-Իրան երկրորդ հանդիպումը:
Հայաստանի կապի եւ տրանսպորտի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյեանը NEWS.am-ին յայտնեց, որ հայկական կողմից աշխատանքային հանդիպմանը մասնակցել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարեանը, ռուսականից` ՌԴ տրանսպորտի նախարարութեան երկաթուղային տրանսպորտի պետական քաղաքականութեան դեպարտամենտի տնօրէն Սերգէյ Տուգարինովը, «Ռուսական երկաթուղիներ» ընկերութեան ներկայացուցիչներ, իսկ իրանական կողմից՝ Իրանի Իսլամական հանրապետութեան ճանապարհների եւ տրանսպորտային հաղորդակցութեան փոխնախարար Մաջիդ Ասադին եւ պաշտօնատար այլ անձիք:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նախորդ նիստից յետոյ կատարւած աշխատանքները: Հ.Բեգլարեանը տեղեկացրել է, որ Ասիական զարգացման բանկը երկաթուղու նախագծի տեխնիկատնտեսական հիմնաւորման աշխատանքների համար արդէն տրամադրել է 1 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ, եւ ապրիլին կը յայտարարի այդ աշխատանքներն իրականացնող ընկերութեան ընտրութեան միջազգային մրցոյթ: Մրցոյթի արդիւնքների ամփոփումից յետոյ կսկսւեն տեխնիկատնտեսական հիմնաւորման աշխատանքները: Նշւել է նաեւ, որ աւստրիական ilF ընկերութիւնն արդէն կատարել է Իրան-Հայաստան երկաթգծի տեխնիկատնտեսական ուսումնասիրման նախնական աշխատանքները:
Իրանի փոխնախարար Մ.Ասադին տեղեկացրել է, որ իրենք արդէն աւարտել են Իրան-Հայաստան երկաթգծի` Իրանի տարածքում մօտ 60 կմ կառուցւելիք հատւածի տեխնիկատնտեսական հիմնաւորման աշխատանքները: Ըստ Մ.Ասադիի, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման դէպքում, իրանական կողմը պատրաստ է իր միջոցներով կառուցել իրանական հատւածը:
Աշխատանքային խմբի յաջորդ հանդիպումը կը կայանայ Իրան-Հայաստան երկաթուղու տեխնիկատնտեսական հիմնաւորման աշխատանքների աւարտից յետոյ, Երեւանում:


Լուրեր Հայաստանից

Եւրախորհրդարանն իր զեկոյցում Թուրքիային յիշեցնում է Հայ-թրքական արձանագրութիւնների շտապ վաւերացւեն անհրաժեշտութիւնը


18:30 / 27.01.2010
Եւրախորհրդարանի Թուրքիայի հարցով զեկուցող Ռիա Օյմեն-Ռույտենը, աւարտելով Թուրքիայի վերաբերեալ իր կողմից պատրաստած զեկոյցը, այն ներկայացրել է Եւրախորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողով։
Firatnews լրատւական գործակալութեան փոխանցմամբ՝ Թուրքիայի վերաբերեալ պատրաստւած զեկոյցը հաստատւել է Եւրախորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձաժողովի կողմից։ Զեկոյցում հնչում է քննադատութիւն Թուրքիայի խորհրդարանական միակ քրդական «Ժողովրդավարական հասարակութիւն» (DTP) կուսակցութեան փակման համար եւ պահանջւում է, որ թրքական իշխանութիւնները յստակ բարեփոխումներ կատարեն։
Զեկոյցում նշւում է նաեւ, որ անհրաժեշտ է Հայ-թրքական յարաբերութիւնները կարգաւորող 2009-ի հոկտեմբերի 10-ին ստորագրւած արձանագրութիւնները շտապ վաւերացւեն Թուրքիայի կողմից։

Լուրեր Հայաստանից