Մոսկւան դէմ չէ Ղարաբաղեան կարգաւորման վերաբերեալ Իրանի նախաձեռնութեանը


16:05 / 30.04.2010
Մոսկւան դէմ չէ Իրանի առաջարկին Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցով Ադրբեջանի, Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում կազմակերպել: Այդ մասին յայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Անդրէյ Նեստերենկոն Մոսկւայում կայացած ճեպազրոյցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք նման հանդիպման դէմ ոչինչ չունենք: Եթէ նման հանդիպում կայանայ, ակնյայտ է, որ պէտք է սպասել դրա արդիւնքներին եւ նոր միայն խօսել Ղարաբաղեան կարգաւորման հարցում իրանական միջնորդութեան մասին»,- ասել է Նեստերենկոն՝ մեկնաբանելով Իրանի առաջարկը՝ միջնորդ դառնալ կարգաւորման գործընթացում:
Նեստերենկոն ընդգծել է, որ տւեալ փուլում Իրանի առաջարկը վերաբերել է միայն եռակողմ հանդիպման կազմակերպմանը:
ՌԴ ԱԳՆ-ն պաշտօնական առաջարկ չի ստացել Ադրբեջանից` Թուրքիային ընդգրկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կազմում, ասել է Նեստերենկոն:
«Նման խօսակցութեան համար անհրաժեշտ է երկու կողմերի համաձայնութիւնը։ Հաշւի առնելով Հայ-թրքական արձանագրութիւնների վաւերացման կասեցման փաստը, դժւար թէ հնարաւոր լինի խօսել նման միջնորդութեան մասին»,- ասել է Նեստերենկոն:

Լուրեր Հայաստանից

Thursday, April 29, 2010

Իմ Ընկեր՝ Գալօն...


Իմ Ընկեր՝ Գալօն...

Երեկոն դանդաղ վրայ էր հասնում ու գիշերային խաւարը պարելով մաղւում էր աշխարհի այս ծայրամասում: Դրա հետ միասին, մեղմ անձրեւն էլ շաղւում էր իր գլխի վրայ կուտակւած սեւ ամպերի փէշերից...
Իր ամենասիրած պահերն ու պատկերներն էին, որոնք մէկտեղւած շնորհւում էր իմ ընկեր՝ Գալոյին: Այս տեսակ տեսարանը գուցէ տխուր ու մռայլ պահեր թւան ոմանց համար, իսկ Գալոյի համար ուրախութեան ու զւարճութեան խորախորհուրդ ու աննկարագրելի ապրումների ակնաղբիւրներ էին...Նա միշտ էլ սիրել է անձրեւը, դա լինի յորդ կամ մեղմօրէն շաղւող:


Եւ արեւամուտը՝ որտեղ աշխարհից յոգնած արեգակն արդէն մայր մտնելով, հրաժեշտ է տալիս աշխարհական բոլոր գեղեցիկ ու գէշ երեւոյթներին: Ու պահը խորհրդաւորւում է մթնշաղով, երբ ահա ինչպէս Աստւածաշունչն է նկարագրում՝ խաւարն անջատւում է լոյսից...
Եւ նրա խորհրդաւոր պահերն հարստացնում էր դիմացի ալեկոծւող ծովը, որի կոհակներն իրար հետ խաղ բռնելով, անմոռանալի յուշեր թարմացնող մեղեդիներ էին նւագում Գալոյի ականջի տակ..., մեղեդիներ, որոնցից իւրաքանչիւրը ինչ որ դրւագ, դէպք ու քաղցր պահերի յուշեր էր թարմացնում նրա արդէն իսկ յոգնած մտքի ծալքերում:
...Իսկ ամենաշատը յիշում էր տարրական դպրոցի հայոց լեզւի դասագրքերից մէկում տպագրւած «Է՜յ նաւավար» բանաստեղծութիւնը, որ նա երբեք չկարողացաւ գոց անել ու հէնց այդ պատճառով էլ պատժւեց դասարանում՝ մի ոտքն ու ձեռքերը բարձրացրած կանգնելով պատի տակ՝ մէկ դասաժամի չափ...
Յիսուն տարիներ դրանից անցնելով, դեռեւս չի կարող հասկանալ, թէ ինչո՞ւ չկարողացաւ գոց անել այդ «ոտանաւոր»-ը, բայց յիշում է, որ հէնց այն ժամանակ այդ դասը կարդալիս, յատուկ տխրութիւն, թախիծ էր պատում իրեն, ու այդ պատճառով էլ անգամներ լացելու համար մատը բարձրացնելուվ օր. Եւգինէից իրաւունք էր ստանում դասարանից «դուրս գնալ»...Անցնող աւելի քան յիսուն տարիների ընթացքում, հայոց դպրոցն իր մանրամասութիւններով, նկարագրւել էլ հէնց իրենց լեզւի դասագրքի շապիկին տպագրւած շէնքի նման... քարէ պատւանդան ունեցող երկյարկանի մի շէնք, որի կենտրոնական մասի տանիքը թիթեղապատ էր, ճակատում գրւած՝ ԴՊՐՈՑ:
Բակում երեխաներն են վազվզում ու երեւի դրանցից մէկը պատժւելուց նեղացած թիկնել է բակի նստարանին: Գրքի շապիկի միւս նաղշերը՝ բոցավառւած ջահն ու զանգակը, դասագրքերը՝ Խաչատուր Աբովեանի ու Յովհաննէս Թումանեանի պատկերներով, այնքան էր տպաւորել նրան, որ կարծես ամէն օր դրանց հանդիպում է այդ սուրբ տաճարում...

+++

Թեհրանի «Թունեան» ու «Նայիրի» դպրոցներն յաճախած Գալուստը, որին կրճատւած Գալօ էինք անւանում, ընտանիքի նիւթական աննպաստ պայմանների բերումով չկարողացաւ ուսումը շարունակել ու բաւարարւեց միայն «Քուշեշ» դպոցի 9-րդ դասարանի աւարտման վկայագրով ու աշխատանքի դաշտ իջաւ ու կարճ ժամանակում, սակայն շատ տանջանքներ ու զրկանքներ ընդունելով, դարձաւ յաջողած արհեստաւոր ու գործարար:
Գալօն, որ երբէ՛ք չմոռացաւ իր մանկութեան զրկանքները, ոչ մի ջանք չխնայեց մանաւանդ հայոց դպրոցներին նիւթական շօշափելի օժանդակութիւններ կարտարելով: Այսօր էլ, երբ աւելի քան յիսուն տարիներ են անցել այն քաղցր ու երջանիկ օրերից, իր մանկութեան դպրոցն յիշելիս տեսնում է միայն այնքան հետաքրքիր ու գրաւիչ դասագրքի շապիկի պատկերը՝ կանթեղով ու զանգակով, թիթեղեայ տանիքով, չարաճճի աշակերտներով ու նոյնիսկ բակի նստարանին թիկնած պատժւած աշակերտով, որն իր մէջ չգիտես ինչո՞ւ դասընկերոջ՝ ծոյլ Սուրիկին էր յիշեցնում:
Եւ այդ ամբողջ տարիների ընթացքում, ոչ թէ երազի նման, այլ կարծես իրապէս Խաչատուր Աբովեանն ու Յովհաննէս Թումանեանը իրենց ուսուցիչներն էին ու ամէն օր դասարան էին մտնում ու իրենք էլ ի յարգանս դրանց՝ ոտքի էին կանգնում... Ինչ մեծ պարծանք՝ նրանք, այդ հսկաներն են եղել իրենց ուսուցիչները... Գալօն նաեւ ոչ միայն չմոռացաւ իր մանկութիւնը, որ դժւար անցնելով, երջանիկ պահեր աւանդ թողեց նրան, աչքերի բիբերի նման պահեց հայոց լեզւի դասագրքերը, որոնք իր մենութեան ընկերներն էին:
Նոյնիսկ դասագրքերից մէկի մէջ դեռ ծալւած պահւել էր ճերմակ ու մաքուր թաշկինակը, որի վրայ ձեռքերի թաթը դրւած դասարանի սեղանին , ամէն առաւօտ ուսուցչուհին քննում էր նաեւ ձեռքերն ու եղունգները: Հակառակ իր առնական ու մարզւած մարմնին, ու նիւթական բարձր կարողութեան, Գալօն ամենաչնչին հարցով ընկճւում ու ծալւում էր, չափազանց դիւրագրգիռ ու յուզւող էր, մանաւանդ, եթէ նրան ընկճէր փոքրիկներին կապւող խնդիրները: Նրա մենութիւնը, ընկճումը, յուզումն ու տխրութիւնը բաժանւում էր հէնց այդ դասագրքերի հետ:
Դասագրքեր, որոնք տարիներ անցնելով գուրգուրանքով էին պահւում, ու մանաւանդ ամառանոց գնալիս, իր անբաժան ընկերներն էին, ու ճամբորդութեան համար անհրաժեշտ գոյքերի ցանկի մէջ առաջին տեղն էր գրաւում: Այդպիսի պահերում, նա յաճախ էր թերթում երջանիկ մանկութիւնն յիշեցնող դասագրքերը: Կարդում էր պատահական կտորներ, ու մանրամասօրէն յիշում էր թէ՝ այդ դասը սովորելիս ի՞նչ ապրումներ է ունեցել...
Կարդում էր Խնկօ Ապէրի կենսագրութիւնը, «Դոդոշ»-ը, «Է՜յ Նաւավար»-ը, «Իմ ընկեր Նեսօն», «Երջանիկ խրճիթ»-ը, «Գառնուկ Ախպեր»-ը, «Ոսկի Ձկնիկը», «Կաքաւն ու Աղւեսը», «Տաղ Հայաստանին», «Մարտոյի Բոստանը», «Հնարգաէտ Մոսին», «Կօշիկ սրբող Թոմասը», «Արեւի Մօտ», եւ...:
Ե՛ւ կարդում էր, ե՛ւ արտասւում, ե՛ւ կարդում էր ե՛ւ յիշում... ու ամենից շատ Գալոյին հետաքրքրում էր տարրական միջոցներով տպագրւած այնքան գեղեցիկ նկարչութիւն-նկարները...

+++
Այդ երեկոյ, երբ երեկոն մօտենում էր ու գիշերային գեղեցիկ խաւարը մեղմօրէն շաղւում էր իր ծովափնեայ ամառանոցի վրայ ու անձրեւն էր նազանքով մաղւում, Գալօն առաջին անգամ տխրեց այդ պահից ու մտածեց, թէ դա լինելու է իր կեանքի ամենատխուր անձրեւն ու իրիկունը:Նա քիչ առաջ «Ալիք» օրաթերթ կայքէջում ընթերցել էր, «Քուշեշ» դպրոցի փակման վերաբերող մի հաղորդագրութիւն...Տխրեց, շատ տխրեց ու պահարանից հանեց իր այդ տեսակ պահերի, անկեղծ ընկերոջը: Այս անգամ ոչ թէ պատահմամբ, այլ գիտակցօրէն ընտրեց տարրական երրորդ բաժանմունքի դասագիրքն ու կարդաց «Մեր դպրոցը» բանաստեղծութիւնը: Կարդաց ու արտասւեց, կարդաց ու...
...Եւ այսպէս կարդաց.-Մեր դպրոցը մի սուրբ տաճար,Մեր դպրոցը վառ կանթեղ,Հալածում է մութն ու խաւար,Լոյս է սփռում ամեն տեղ:+++Մեր դպրոցը կրթում է մեզ.Ազնւացնում մեր հոգին,Ու հարազատ ծնողի պէսԳուրգուրում է ամենքին:

+++

Եկէ՛ք, եկէ՛ք մեր դպրոցը,
Ուսում առէք, մարդ դառէք,
Անհանգչելի լոյս է ծոցը,
Մութ աշխարհին լոյս տարէք:
+++
.., ...., ..., ....,

Ձերդ՝
ՎԱՐԴԱՆ

«Թուրքիայի համար ողջամիտ ժամկէտն առաջիկայ հազարամեակն է»

«Կովկասեան կենտրոնի » տնօրէն, քաղաքագէտ Արտուշ Մկրտչեանի կարծիքով Հայ-թրքական յարաբերութիւններն ամենևին էլ փակուղային իրավիճակում չեն. գործընթացը շարունակւում է, պարզապէս դանդաղել է: Նա կարծիք է յայտնել, որ առաջիկայ ամիսներին մենք կլսենք նոր գործընթացի մասին.
«Ես կարծում եմ, որ առաջիկայ մէկ ամսւայ ընթացքում՝ մայիսի վերջերին, յունիսի սկզբին, մենք արդէն կը լսենք յայտարարութիւն նոր գործընթացի սկզբի մասին, որը կանեն Հայաստանի և Թուրքիայի իշխանութիւնները: Կարծում եմ, որ հիստերիայի համար մէկ, մէկուկէս ամիսը լրիւ բաւարար է և՛ թուրքական, և՛ հայկական կողմի համար: Այնպէս որ մայիսի վերջին կլսենք առաջին գործընթացի մասին: Սա գործընթաց է, որը երբէք չի տապալւի: Սա արդէն սկսւած գործընթաց է, որը կարող է և՛ դանդաղ ընթանալ, և՛ արագ: Բայց որ այն շարունակւում է, փաստ է: Եթէ նոյնիսկ այսօր դիւանագիտական շփում և որևէ երկխօսութիւն չկայ հայերի և թուրքերի միջև, գործընթացը շարունակւում է, այն կասեցւած չէ»,- ասել է Արտուշ Մկրտչեանը:
Իսկ հարցին, թէ որն է Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման ողջամիտ ժամկէտը, վերջինս պատասխանել է, որ ողջամիտ ժամկէտներ չկան՝ աւելացնելով. «Թուրքիայի համար ողջամիտ ժամկէտն առաջիկայ հազարամեակն է»:

Դերենիկ Մալխասեան
Գիւմրի

Այսօր Թուրքիայի Ազգային անվտանգութեան խորհուրդը քննարկելու է Հայ-թրքական արձանագրութիւնները
12:10 / 29.04.2010
Այսօր` ապրիլի 29-ին Թուրքիայի Անվտանգութեան խորհդի նիստում քննարկւելու է Հայաստանի հետ ստորագրւած արձանագրութիւնների եւ Իրաքում տեղի ունեցած ընտրութիւնների հետ կապւած հարցերը:
Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ` Թուրքիայի Ազգային անվտանգութեան խորհրդի այս նիստում ելոյթում հանդէս կը գայ Թուրքիայի Ազգային հետախուզութեան (MIT) նոր գլխաւոր խորհրդականը, ում անունը դեռ յայտնի չէ: Ազգային անվտանգութեան խորհրդի նիստի օրակարգում են լինելու ստորագրւած Հայ-թրքական արձանագրութիւնները եւ Իրաքում տեղի ունեցած ընտրութիւնները:

NEWS.am

ԵԽԽՎ լիագումար նիստում հրապարակւել է Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող յայտարարութիւն


17:29 • 29.04.10
Այսօր առաւօտեան Եւրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի մեկնարկին հրապարակւել է Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող և դատապարտող յայտարարութիւն։
Այս մասին Ստրասբուրգից հեռախօսով Tert.am–ին տեղեկացրեց ԵԽԽՎ հայաստանեան պատւիրակութեան անդամ, ՀՀ ԱԺ «ԲՀԿ» խմբակցութեան պատգամաւոր Նաիրա Զոհրաբեանը։ Նրա խօսքով, նախօրէին հայկական պատւիրակութիւնը շրջանառութեան մէջ էր դրել Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող գրաւոր յայտարարութեան նախագիծ։
«Հաշւի առնելով, որ լրացաւ Հայոց Ցեղասպանութեան 95–ամեակը, և արձանագրելով, որ Ցեղասպանութեան ճանաչումը նպաստում է մարդկային արժանապատւութեան յարգմանը և մարդկութեան դէմ յանցագործութիւնների կանխարգելմանը, վկայակոչելով տարբեր երկրների կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը, Վեհաժողովի ներքոստորագրեալ անդամները Վեհաժողովի անդամներին կոչ են անում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր 1915թ. Օսմանեան կայսրութեան իրականացրած Ցեղասպանութեան ճանաչման ուղղութեամբ, որը կնպաստի, որ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչի նաև Թուրքիան, ինչն էլ կնպաստի Հայաստանի ու Թուրքիայի միջև յարաբերութիւնների բնականոնեցմանը և տարածաշրջանում խաղաղութեան հաստատմանը»,– գրաւոր յայտարարութեան հակիրճ բովանդակութիւնը ներկայացրեց Նաիրա Զոհրաբեանը։
Նրա խօսքով, հայկական պատւիրակութեան գրաւոր յայտարարութեանը միացել են Վեհաժողովի 15–ից աւելի երկրների ներկայացուցիչներ, այդ թւում այնպիսի երկրների ներկայացուցիչներ, որոնց երկրները դեռևս չեն ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը (օրինակ, յայտարարութեանը միացել է Մեծ Բրիտանիայի պատւիրակութեան ներկայացուցիչը)։
«Սահմանւած ընթացակարգով, երբ հաւաքւում է 20–ից աւելի ստորագրութիւն, իսկ մենք հաւաքել են շատ աւելի մեծ թւով ստորագրութիւններ, այդ յայտարարութիւնը յանձնւում է քարտուղարութիւն, և այսօր առաւօտեան արդէն Վեհաժողովի լիագումար նիստի մեկնարկին նիստը նախագահող ֆրանսիացի պատգամաւոր Ժան Կլոդ Մինյոնը հրապարակեց այդ յայտարարութիւնը՝ ասելով, որ այն բաց է ստորագրութիւնների համար, ցանկացողները կարող են միանալ»,–նշեց հայկական պատւիրակութեան ներկայացուցիչը՝ ուշադրութիւն հրաւիրելով այն հանգամանքի վրայ, որ այսօրւայ նիստը չղեկավարեց ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն։«Մենք այդպէս էլ ակնկալում էինք, որ Չավուշօղլուն չի վարի նիստը, որպէսզի խուսափի այդ յայտարարութեան հրապարակումից»,– ընդգծեց Զոհրաբեանը։
«Ես շատ կարևոր եմ համարում, որ Վեհաժողովի ամբիոնից հերթական անգամ հնչեցւեց Հայոց Ցեղասպանութեան մասին, հնչեցւեց Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտելու մասին և հնչեցւեց կոչ Թուրքիային՝ ճանաչելու Հայոց Ցեղասպանութիւնը»,– եզրափակեց Նաիրա Զոհրաբեանը։

Tert.am

ՀՅԴ.
Հայ-թրքական յարաբերութիւնները Հայ քաղաքական մտքի, ռոմանտիկ մօտեցումների ձախողումներն են

13:17 / 29.04.2010
«Հայ-թրքական յարաբերութիւնները Հայ քաղաքական մտքի, ինչպէս նաեւ ողջ արեւմտեան քաղաքակրթութեան իդէալիստական, նոյնիսկ ռոմանտիկ մօտեցումների ձախողումներն են»,- ապրիլի 29-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ յայտարարեց ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Արա Նռանեանը։
Նրա խօսքով, հակառակ իշխանութիւնների՝մեզ մատուցած տեսակէտի, թէ յանուն երկրի եւ ժողովրդի բարեկեցութեան Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորման ճանապարհին կարելի է որոշակի զիջումների գնալ, նոյն այդ իշխանութիւնները չեն հաշւարկել մի կարեւոր բան. «Մենք ունենք Թուրքիա եւ Ադրբեջան, որոնք վիճարկում են իր հայրենիքում հայ ժողովրդի ապրելու իրաւունքը եւ այս պայմաններում Թուրքիայի հետ համագործակցութեան գնալ նմանօրինակ իդէալիստական պայմաններով, նշանակում է գնալ վտանգաւոր գործընթացներով յղի իրավիճակի»,- համոզմունք յայտնեց Նռանեանը։
Նշելով, որ արձանագրութիւններում առկայ վտանգների մասին արդէն գիտակցում են նաեւ իշխանութեան շարքերում, նա համոզմունք յայտնեց, որ պէտք է անյապաղ հրաժարւել Հայ-թրքական արձանագրութիւններից. «Այդ արձանագրութիւններն իրականում պէտք է մերժել, մեր սերունդը պէտք է մաքրւի այդ բծից»,- ընդգծեց ԱԺ պատգամաւորը՝ աւելացնելով, որ հակառակ դէպքում ստիպւած կլինենք ինչ-որ պահի ամէն ինչ սկսել նոյն կէտից։ Ամփոփելով՝ ՀՅԴ ներկայացուցիչը նկատեց. «Հայ-թրքական գործընթացն ապացուցեց, որ ԱՄՆ այնքան էլ ուժեղ չէ, որ Թուրքիայի վրայ ճնշումներ գործադրելով հասի իր ուզածին»:

Լուրեր Հայաստանից

ՀՅԴ.–
ՀԱԿ–ն արտահերթ ընտրութիւնների սցենարը յարմարեցնում է իր ցանկութիւններին

12:31 • 29.04.10
«Իսկապէս, ՀԱԿ–ն իր ներսում միշտ էլ պրոբլեմներ գտնում է արտահերթ ընտրութիւններ անելու, որ փորձեն իրենց դերակատարումն աւելի շեշտադրել, բայց որևէ այլ հիմք ես չեմ տեսնում արտահերթ ընտրութիւնների»։
Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման յայտարարութեամբ հանդէս եկաւ Հանրապետական կուսակցութեան պատգամաւոր Սուքիաս Աւետիսեանը՝ պատասխանելով Теrt.am–ի այն հարցին, թէ որքա՞ն է արտահերթ ընտրութիւնների անցկացման հաւանականութիւնը, որի մասին խօսում է Հայ ազգային կոնգրէսը։
Նոյն հարցին ի պատասխան՝ ՀՅ Դաշնակցութեան պատգամաւոր Արա Նռանեանն արձագանքեց.
«Սա այն դէպքն է, երբ սցենարը յարմարեցւում է ցանկութիւններին։ Գիտէք, որպէսզի նման հիմք լինի, պէտք է հասարակութիւնում համապատասխան հասունացում տեղի ունենայ, և տեղի ունենայ քաղաքական ուժերի այնպիսի վերադասաւորում, որը հրատապ դարձնի նման փոփոխութիւնները։ Այսօր նման վերադասաւորում չկայ, բայց գործընթացը ընթանում է, և ես կարծում եմ, որ մինչև ընտրութիւններ կունենանք բաւական լուրջ վերադասաւորումներ։ Սակայն, հաշւի առնելով, որ մենք դեռ գործընթացի մէջտեղում ենք, կարծում եմ՝ առաջիկայում նման փոփոխութիւններ չեն լինի»։
Հարցին, թէ ինչ վերադասաւորումներ նկատի ունի դաշնակցական պատգամաւորը, Արա Նռանեանը մեկնաբանեց.
«Երբ հասարակութիւնում ընթանում են քաղաքական գործընթացներ, բացայայտւում են տարբեր քաղաքական գործիչների իրական տրամադրութիւններն ու ցանկութիւնները։ Այսօր, օրինակ, պարզ դարձաւ, որ Հայ–թրքական յարաբերութիւններում իշխանութեան և ընդդիմութեան մի հատածի մօտեցումները բաւական մօտ են, նոյնիսկ կասէի, որ ընդդիմութեան մի հատւածն աջակցում էր իշխանութիւններին Հայ–թրքական յարաբերութիւններում։ Կարելի է ասել նաև, որ կան քաղաքական ուժեր, որոնք բաւական կողմ են որոշակի զիջումների՝ Լեռնային Ղարաբաղի հարցով, և հասարակութեան քաղաքականացումը և հասարակութեան մէջ այս խնդիրների կարևորութիւնը բերում է նրան, որ քաղաքացիները սկսում են արդէն հասկանալ կոնկրէտ, յստակ տարբերութիւնները քաղաքական ուժերի միջև...»։
Նռանեանն այն համոզմանն է, որ ներքին և արտաքին իրավիճակի շուրջ զարգացումները հասարակութեանը կօգնեն յստակ տարբերելու քաղաքական ուժերին, ինչն էլ մինչև 2012թ. ընտրութիւնները կբերի լուրջ վերադասաւորումների։

Tert.am

Թուրքիայի խորհրդարանում առաջին անգամ հնչել է Հայ կոմպոզիտորի երաժշտութիւնը
14:16 • 29.04.10
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում հնչել է ազգութեամբ Հայ կոմպոզիտոր Սարգիս Էֆենդիի երաժշտութիւնը:
Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ` թրքական խորհրդարանում այդ «տարօրինակ և անակնկալ» իրադարձութիւնը տեղի է ունեցել երէկ` ընդմիջման ժամանակ: Սարգիս Էֆենդիի երաժշտութիւնը հեռարձակւել է խորհրդարանի հեռուստացոյցով և կուլիսներում տեղադրւած բարձրախօսներով:
Թրքական պարբերականը նշում է, որ մինչև օրս թուրքական խորհրդարանում հնչել են բացառապէս արևմտեան կոմպոզիտորների ստեղծագործութիւններ, ինչպիսիք են Բախը և Մոցարտը:
Milliyet-ի տեղեկացմամբ` ազգութեամբ Հայ Սարգիս Էֆենդին ծնւել է 1885թ., ստեղծագործել է Թուրքիայում, իսկ կեանքի վերջին տարիներին ընտանիքի հետ տեղափոխւել է Փարիզ, որտեղ էլ 1944թ. կնքել է իր մահկանացուն:

Tert.am

Ժամանակաւորապէս դադարեցւել է բնական գազի մատակարարումը Հայաստան

10:36 / 29.04.2010
Ապրիլի 29-ից ժամանակաւորապէս դադարեցւել է բնական գազի մատակարարումը Հայաստանի Հանրապետութիւն՝ Հիւսիսային Կովկասի բարձր լեռնային շրջաններից մէկում սողանքների հետեւանքով վնասւած մայրուղային գազատարի պատճառով:
Ինչպէս NEWS.am-ը տեղեկանում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Կենտրոնական կարգաւարական վարչութիւնից, հանրապետութեան գազամատակարարումը շարունակւում է իրականացւել ստորգետնեայ պահեստ-կայանի պահեստաւորւած գազի հաշւին՝ առանց սահմանափակումների:
Լուրեր Հայաստանից

ԵԽԽՎ գլխաւոր քարտուղարը անտեսել է ադրբեջանական պատւիրակութեան հերթական «լացուկոծը»

12:51 / 28.04.2010
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում Ադրբեջանի ներկայացուցիչների ելոյթները տպաւորութիւն չեն գործել Եւրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամների վրայ։
Նշենք, որ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ժամանակ ապրիլի 26-ին ադրբեջանցի խորհրդարանականները ԵԽԽՎ գլխաւոր քարտուղար Տորնբերն Եագլանդին Հայաստանի կողմից «ադրբեջանական հողերը բռնազաւթելուն» առնչւող հարցեր են հասցէագրել։
ԵԽԽՎ նստաշրջանին ելոյթ ունեցած Գանիրա Փաշաեւան հարցով դիմել է գլխաւոր քարտուղարին՝ նշելով, որ «աւելի քան 15 տարիների ընթացքում շուրջ 1 միլիոն ադրբեջանցի փախստականներ չեն կարողանում վերադառնալ իրենց տներ, քանի որ Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը դեռեւս հայկական օկոպացիայի ներքոյ են գտնւում»:
Հարցին ի պատասխան, Եագլանդն ընդգծել է, որ «Ղարաբաղեան հարցի լուծումը կախւած է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տարւող քննարկումների արդիւնքից»: Նա նաեւ ասել է, թէ այս ձեւաչափով պէտք է շարունակւեն կողմերի հանդիպումները, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ վստահութիւնն ամրապնդելու համար: Նմանօրինակ պատասխանի է արժանացել նաեւ հակահայկական ելոյթներով հանդէս եկած ադրբեջանցի պատգամաւոր Գիւլտեկին Գաջիբէյլին։

Լուրեր Հայաստանից

Երբ մարմինը չգիտի, թէ գլուխն ինչ է անելո՞ւ

Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման վերաբերեալ «ճանապարհային քարտէզի» ստորագրումից ուղիղ մէկ տարի յետոյ՝ 2010թ. ապրիլի 22-ին, ՀՀ Ազգային ժողովում քաղաքական կոալիցիայ կազմած կուսակցութիւնները՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը, հանդէս եկան համատեղ յայտարարութեամբ՝ նշելով, որ «հայկական կողմի կառուցողական ջանքերը և միջազգային հանրութեան ակնկալիքները շարունակաբար բախւեցին թուրքական կողմի անհետևողական, խուսափողական դիրքորոշումներին, շարունակական նախապայմանների առաջադրման քաղաքականութեանը, որը փակուղի մտցրեց 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցիւրիխում ստորագրւած Հայ-թրքական արձանագրութիւնների՝ խելամիտ ժամկէտներում վաւերացման գործընթացը»:
Հետաքրքրական այն է, որ այդ յայտարարութիւնից ընդամէնը 2 օր առաջ՝ ապրիլի 20-ին, նոյն այդ կոալիցիոն կուսակցութեան՝ «Օրինաց երկրի» փոխնախագահ Մհեր Շահգելդեանը մեր հարցին ի պատասխան յայտարարել էր, որ Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը փակուղի չի մտել։
-Չեմ կարծում, որ գործընթացը փակուղի է մտել, և այս հանդիպումներն ու քննարկումները ևս ցոյց տւեցին դա,-ասել էր Մ. Շահգելդեանը։
Փաստօրէն մէկ օր անց ՕԵԿ–ը զգաց, որ փակուղում է յայտնւել և յայտարարութեամբ հանդէս եկաւ։
Ապրիլի 16-ին (կոալիցիոն կուսակցութիւնների համատեղ յայտարարութիւնից ընդամէնը 6 օր առաջ) նոյն հարցը տւեցինք նաև կոալիցիոն մէկ այլ կուսակցութեան՝ «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արամ Սաֆարեանին, և, ի՞նչ էք կարծում՝ ի՞նչ պատասխան ստացանք։ Նա յայտարարեց, որ Հայ-թրքական երկխօսութիւնը ոչ թէ սպրինտ է՝ 100 մետրանոց վազք, որը պէտք է մի շնչով արագ վազել, այլ մարաթօն, և որ 2010թ. ապրիլի 24-ից յետոյ էլ Հայ-թրքական բանակցութիւնները կշարունակւեն, ողջամիտ ժամկէտն էլ չի սպառւի այնքան ժամանակ, քանի դեռ հարցն ունի հասարակական-քաղաքական հնչեղութիւն.
- Հարցը շարունակում է մնալ արդիական, հետևաբար ողջամիտ ժամկէտներ ասած տերմինը դեռևս սպառւած չէ,- նշել էր Արամ Սաֆարեանը։
Ու զաւեշտալին ոչ այնքան նրանց պատասխաններն են (թէև ոմանց համար դեռ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցիւրիխում Հայ-թրքական արձանագրութիւնները ստորագրելուց առաջ էլ պարզ էր, որ գործընթացը յայտնւելու է փակուղում), այլ այն, որ իրենց լաւատեսական պնդումներից ընդամէնը օրեր անց նոյն այդ կոալիցիոն կուսակցութիւններին պէտք է հրահանգւէր յայտարարութիւն տարածել՝ նշելով, որ Թուրքիան փակուղի է մտցրել խելամիտ ժամկէտներում արձանագրութիւնների վաւերացման գործընթացը:
Գոնէ Հայաստանի հանրապետական կուսակցութեան փոխնախագահ, ՀՀԿ խմբակցութեան ղեկավար Գալուստ Սահակեանից օրինակ վերցնէին, ով արդէն վերջերս սկսել էր պնդել, որ ողջամիտ ժամկէտները վաղուց սպառւել են։
-Մի քանի անգամ ասել եմ՝ ողջամիտ ժամկէտները վաղուց անցել են։ Այսօր Հայաստանը պատրաստ է արձանագրութիւնների տակ դրւած իր ստորագրութիւնը յետ վերցնել, սակայն նաև հարկաւոր է խոհեմ, նպատակայարմար քաղաքական պահի դա կատարել։ Իհարկէ, Սերժ Սարգսեան-Օբամա հանդիպումը նաև կանխատեսում է, որ հնարաւորինս աւելի կակտիւանան ճնշումները Թուրքիայի վրայ,- 2010թ. ապրիլի 13-ին «7օր»-ին տւած հարցազրոյցում յայտարարել էր Գ. Սահակեանը։
Թէև նա էլ իր կարծիքը հաշւած օրերի ընթացքում փոխելու գործելաոճով ոչնչով չի տարբերւում կոալիցիոն միւս գործընկերներից, քանի որ ապրիլի 15-ին, Գ. Սահակեանը յայտարարեց, որ Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացն արդէն աւելի է առաջ գնացել, քան արձանագրութիւնների վաւերացման կամ չվաւերացման խնդիրն է, ու շատ հնարաւոր է, որ մինչև ստորագրելն էլ սահմանները բացւեն։
Դէ այդ ժամանակ Գալուստ Սահակեանն ի՞նչ իմանար, որ օրեր յետոյ ինքը կոալիցիոն միւս գործընկերների հետ ոչ միայն գործընթացը փակուղու մէջ մտնելու մասին յայտարարութեան տակ պէտք է ստորագրէր, այլ նաև իր ղեկավար Սերժ Սարգսեանը պէտք է ուղերձով հանդէս գար և յայտարարէր.
-Թուրքիան պատրաստ չէ սկսւած գործընթացը շարունակել և առանց նախապայմանների, արձանագրութիւնների տառին համապատասխան քայլերով առաջ շարժւել: Ողջամիտ ժամկէտները, մեր կարծիքով, աւարտւել են: Ամէն գնով ապրիլի 24-ն անցկացնելու թուրքական գործելաոճը պարզապէս անընդունելի է: Մենք անընդունելի ենք համարում նաև Հայաստան-Թուրքիա երկխօսութիւնն ինքնանպատակ դարձնելու անիմաստ ձեռագիրը և այս պահից սկսած յարաբերութիւնների կարգաւորման ներկայ փուլը համարում ենք սպառւած:
Ինչպէս պարզ է դառնում ՀՀ նախագահի խօսքից՝ գործընթացի շատ աւելի առաջ գնալու մասին խօսք անգամ չկայ, ինչի մասին պնդում էր ՀՀԿ փոխնախագահը։
Այս ամէնից կարելի է եզրակացնել մեկ բան։ Սրանով ապացուցւում է, որ Հայաստանի ճակատագիրը գտնւում է ընդամէնը մէկ մարդու՝ ՀՀ նախագահի ձեռքում, ում որոշումների մասին կոալիցիոն անդամները և սեփական կուսակցութեան ներկայացուցիչները մեր բոլորի հետ միասին տեղեկանում են դրանց կայացումից յետոյ միայն (այդպէս եղաւ նաև 2009թ. ապրիլի 22-ին՝ «ճանապարհային քարտէզի» գիշերային ստորագրութեան պարագայում, ինչպէս նաև Հայ–թրքական արձանագրութիւնների գիշերային նախաստորագրման ժամանակ)։ Հայաստանի ճակատագիրն այն մարդու ձեռքում է, ով որոշումներ է կայացնում, իսկ յետոյ շատ հեշտութեամբ յայտարարում, որ չի սխալւում նա, ով ոչինչ չի անում։
-Չսխալւելու երաշխիքն ու հոմանիշը դեռ երէկ ոչինչ չանելն էր: Այսօր ոչինչ չանելը հաւասարազօր է սխալւելուն։... Մենք պէտք է ճկուն լինենք որոշումներ կայացնելիս և դրանք փոխելիս,- 2009թ. նոյեմբերի 28-ին ՀՀԿ 12-րդ համագումարում զայտարարեց Սերժ Սարգսեանը:
Այդ տրամաբանութեամբ կարելի է Հայաստանին հասցնել կործանման եզրին և յայտարարել՝ օ՛յ, սխալւեցի, բայց դէ, չի սխալւում նա, ով ...
Արէգնազ Մանուկեան

Յ.Գ.։ Եթէ յիշում էք, Հայ–թրքական «մեղրամիսի» բուռն շրջանում, երբ մեզ քարոզչական տեռորի էին ենթարկում տարբեր կարգի պաշտօնեաները, «մտաւորականները», վերլուծաբանները, թուրքագէտները և քաղաքագէտները, հիմնական փաստարկն այն էր, որ Հայաստանը զարգանալու այլ տարբերակ չունի, քան Թուրքիայի հետ բաց սահմանը։ Հիմա ստացւում է, որ մենք զարգանալու շանս չունե՞նք։ Բայց չէ՞ որ դա յիմարութիւն էր։ Յիմարութիւն, որը տոտալ կերպով քարոզւում էր։ Իհարկէ լաւ կլինի, որ ունենանք բաց սահմաններ, բայց այդ սահմաններն այդ ձևով չեն բացւելու, ինչ ձևով, որ քարոզւում էր մեզ։

7օր

Հայաստանում ստեղծւած թքի միջոցով գերհոգնածութեան մակարդակը պարզելու մշակումը կիրառութիւն կը գտնի արտերկրում

20:48 / 28.04.2010
Հայաստանում ստեղծւած թքի միջոցով գերհոգնածութեան մակարդակը պարզելու մշակումը կիրառութիւն կը գտնի արտերկրում։
Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրոյցում ասաց Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի Հայկական տարածաշրջանային բաժանմունքի տնօրէն Համլետ Նաւասարդեանը՝ աւելացնելով, որ այդ համաձայնութիւնը Հայ գիտնականների եւ լատվիայի ներդրողների միջեւ ձեռք է բերւել ապրիլի 21-23-ը Տոմսկում «Տեխնոլոգիայի առաջմղում» ֆորումի ժամանակ։
«Հայ գիտնականների մշակումը հնարաւորութիւն է տալիս թքի միջոցով պարզել մարդու գերհոգնածութեան մակարդակը եւ ինֆարկտ-ինսուլտ ստանալու հաւանականութիւնը»,-ասաց Նաւասարդեանը՝ աւելացնելով, որ այդ մշակման կիրառումը կարեւոր է յատկապէս վարորդների, օդաչուների, եւ սպորտսմէնների համար։
Տեղեկացնենք, որ «Տեխնոլոգիայի առաջմղում» ֆորումը միջավայր է, որտեղ հանդիպում են տարբեր երկրների գիտական նախագծեր մշակողներն ու բիզնեսի ներկայացուցիչները, եւ փորձում համագործակցութեան եզրեր գտնել։
Այս տարի Հայաստանից ֆորումին մասնակցում էին ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանութեան ինստիտուտի ներկայացուցիչները։
Նշենք, որ նմանատիպ ֆորում նախատեսւում է անցկացնել ամռանը Հայաստանում։

NEWS.am

Դաշնակցական գործիչ.-
Անկախ արձանագրութիւնների ճակատագրից, սահմանը պէտք է բացւի


13:21 • 28.04.10
«Հիմա մենք արտաքին ճակատում, կարծում եմ, ունենք մէկ հիմնական խնդիր և մէկ ածանցեալ խնդիր»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանը յայտարարեց ՀՅ Դաշնակցութեան Բիւրոյի անդամ Աղւան Վարդանեանը։
Նրա խօսքով, Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում այսօր թիւ մէկ խնդիրը Ղարաբաղի հարցն է, իսկ ածանցեալը՝ Հայ–թրքական սահմանի բացման ուղղութեամբ անհրաժեշտ աշխատանքների կատարումը։
«Հիմնականը, բնականաբար, Ղարաբաղի հարցն է, պիտի ուժերը կենտրոնացնել այդ ուղղութեամբ, բայց կարծում եմ նաև, որ Հայաստանը պէտք է աշխատի զուտ սահմանի բացման հարցով Թուրքիայի վրայ միջազգային ճնշումն ուժեղացնելու ուղղութեամբ, որովհետև սա միակ փակ սահմանն է Եւրոպայում, և առանց որևէ արձանագրութեան, առանց որևէ փաստաթղթի էլ նորմալն այն է, որ փակ սահմաններ չպէտք է լինեն։ Անկախ մեռած արձանագրութիւններից՝ այս թեման, կարծում եմ, պիտի մնայ Հայաստանի քաղաքական օրակարգում»,– յայտարարեց Աղւան Վարդանեանը։
Դաշնակցութեան ներկայացուցիչը, անդրադառնալով Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հիմնախնդրին, նկատեց, որ այդ հարցում Հայաստանը հեռացել է զիջողական դիրքերից և դա Հայ–թրքական գործընթացի դրական երևոյթներից է։ «Ազգային քաղաքականութեան հարցերում որոշակի զիջումներ կատարելու պատրաստակամութիւնից մենք կամաց–կամաց եկանք, հասանք կարևորագոյն շահերը չզիջելու դիրքորոշման, և այդ գիտակցութիւնը, կարծում եմ, արդէն արմատաւորւելու է»,– նշեց նա։

Tert.am

«Դաւիթ Յարութիւնեանը ոչինչ չի արել թուրք պատգամաւորի ընտրութիւնը խափանելու համար»


ՀԱԿ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետեանը նշել է, որ Ստրասբուրգում և Բրիւսելում իր ունեցած հանդիպումների ժամանակ Ղարաբաղեան հարցը քննարկւելիք ամենակարևոր հարցերից չի եղել, և ինքն էլ առաջին հերթին ուշադրութիւնն այդ խնդրի վրայ չի հրաւիրել։
Նրա կարծիքով ՀԱԿ-ը պարտաւորութիւն ունի Հայաստանում զարգացնել ժողովրդավարութիւնը, երկրորդ քննարկւելիք խնդիրը ՀԱԿ մօտեցումներն էին, որտեղ ինքը շեշտադրումները դրել է քաղբանտարկեալների և մամուլի ազատութեան խնդրի վրայ։
Ինչ վերաբերում է ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլուի յայտարարութեանը, թէ ինքը ցանկանում է գլխաւորել Ղարաբաղեան հակամարտութեամբ զբաղւող ենթայանձնաժողովը, Վլ. Կարապետեանը նշել է, որ Հայաստանի պատւիրակութիւնը ղեկավարող, ՀՀԿ-ն ներկայացնող Դաւիթ Յարութիւնեանը ոչինչ չի արել թուրք պատգամաւորի ընտրութիւնը խափանելու համար. ընդհակառակը՝ պասիւ դիրքորոշմամբ նպաստել է դրան։
-Նա առաջին իսկ նախաձեռնութեամբ վերակենդանացնում է Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղւող ենթայանձնաժողովը, ինչը բացարձակ չի բխում Հայաստանի շահերից, և, բացի դրանից, նա հաւակնութիւն ունի գլխաւորել այդ յանձնաժողովը։ Հաշւի առնելով, որ թուրքերը բաւական պատկառելի պատւիրակութիւն ունեն Եւրոպայի խորհրդում (էլ չեմ ասում, որ Ադրբեջանի պատւիրակութիւնն էլ շուրջ երկու անգամ աւելի մեծ է, քան Հայաստանի պատւիրակութիւնը), կարելի է պատկերացնել, թէ ԵԽ-ում պատւիրակների ուժերի ինչ բալանս կլինի՝ հաշւի առնելով մեր պատւիրակների պրոֆեսիոնալ պատրաստւածութիւնը, էլ չասեմ լեզւի տիրապետումը,- ասել է Վլ. Կարապետեանը և նշել, որ մեծ մտահոգութիւն ունի, որ յանձնաժողովն իր աշխատանքի արդիւնքում կը նախապատրաստի մի զեկոյց, որտեղ կը լինեն մոտաւորապէս նոյն շեշտադրումները, որոնք կային 2008թ. մարտի 13-ին ՄԱԿ-ի գլխաւոր ասամբլեայի կողմից ընդունւած բանաձևում։
Նա նշել է, որ Թուրքիայի ակտիւութիւնը, ներգրավւածութիւնն ու ազդեցութիւնը ԼՂ հարցում, ինչպէս նաև Ադրբեջանի կողմից ներկայացւող աւելի մեծ պահանջները և փաստաթղթի վերաբերեալ հրապարակումները վկայում են, որ Հայաստանը բարենպաստ վիճակում չի, և վտանգներն աւելի տեսանելի են։
-Ղարաբաղեան հիմնահարցի լուծման մեր տարբերակն այն է, որ մենք աւելի ամուր կանգնած լինենք ոտքի վրայ, չունենանք այն խնդիրները, որոնք նշեցի, և այն պարագայում, երբ չկան ճնշումներ քո և քո երկրի վրայ, աւելի ամուր դիրքերից կարող ես խօսել և աւելի նպաստաւոր փաստաթուղթ պահանջել,- նշել է նա։


7or.am

Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը յարգած թուրք իրաւապաշտպանները չեն ընկրկի սպառնալիքների առաջ

15:17 / 28.04.2010
Թուրքիայի Մարդու իրաւունքների միութեան Ստամբուլի մասնաճիւղի կողմից ապրիլի 24-ին Ստամբուլում կազմակերպւած 1915-ին կոտորւած հայերի յիաշատակման միջոցառումներից յետոյ թուրք ազգայանականները բազմաթիւ մահւան սպառնալիքներով նակակներ են ուղարկել կազմակերպիչներին:
Թուրքիայի Մարդու իրաւունքների միութիւնը այս սպառնալիքների կապակցութեամբ տարածել է յայտարարութիւն, որում վճռականօրէն պնդում է, որ իրենք չեն ընկրկելու նման սպառնալիքների առջեւ եւ շարունակելու են իրենց պայքարը արդարութեան հասնելու ուղղութեամբ:
«Այդ մարդիկ չունեն խիզախութիւն առերեսւել մեր պատմութեան հետ, կամ չեն ուզում, որ իրականութիւնը յայտնի դառնայ: Մենք ճիշտ ուղու վրայ ենք: Մենք պայքարում ենք, որ այս աշխարհագրական տարածքում շատ բաներ ճիշտ լոյսի ներքոյ ներկայացւեն եւ նման զարգացումների համար հող ենք նախապատրաստում: Մենք քննադատում ենք այդ վիրաւորանքները եւ սպառնալիքները եւ դրան հակառակ շարունակելու ենք մեր պայքարը, չենք ընկրկելու սպառնալիքների եւ վիրաւորանքների առաջ»-նշւել է յայտարարութեան մէջ:
Նշենք, որ Մարդու իրաւունքների Ստամբուլի մասնաճիւղի երկու տարբեր յանձնաժողովներ ապրիլի 24-ին Ստամբուլում տարբեր ժամերի եւ տարբեր վայրերում կազմակերպել էին 1915-ին զոհւած հայերի յիշատակման արարողութիւններ:
Լուրեր Հայաստանից

Հայոց Ցեղասպանութեան հարցն ընդգրկւել է Իսրայէլի Կնեսէտի օրակարգ

20:16 • 28.04.10
Հայոց Ցեղասպանութեան հարցն ընդգրկւել է Իսրայէլի կնեսէտի օրակարգ:
Խաիմ Օրոն շուրջ 15 րոպէ ներկայացրել է հարցը, ինչին հետևել է բաւական բուռն քննարկում, որը տևել է սովորականից աւելի երկար` շուրջ 25 րոպէ: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց իսրայէլագէտ Արտակ Գրիգորեանը:
Հարցը Կնեսէտի օրակարգ է ընդունւել 12 կողմ, 8 դէմ ձայներով: Առայժմ պարզ չէ, թէ գլխամասային որ յանձնաժողովը կը ներկայացնի հարցը խորհրդարանում և խորհրդարանի ընդհանուր նիստում երբ կքննարկւի հարցը: Կնեսէտի ղեկավարութիւնն այդ հարցը կորոշի առաջիկայ երկու շաբաթների ընթացքում: Իսրայէլի կառավարութիւնը, ինչպէս նախորդ տարիներին, այս անգամ էլ բացասական եզրակացութիւն է տւել հարցին: Չնայած դրան, հարցն ընդգրկւել է օրակարգ:
Փորձագէտի խօսքով` երրորդ տարին անընդմեջ այս հարցն ընդունւում է Կնեսէտի օրակարգ, բայց քնեցւում է, և որևէ զարգացում չի լինում: Ի տարբերութիւն նախորդ տարիների, ուրախալին այն է, որ այս անգամ հարցն աւելի երկար է քննարկւել Կնեսէտում և հայամէտ ելոյթերն աւելի շատ են եղել: Եղել են նաև դէմ ելոյթներ, որոնք հնչեցնողները հիմնականում եղել են արտգործնախարարի ղեկավարած կուսակցութեան անդամները: Այս կուսակցութիւնը հիմնականում համալրւած է Ռուսաստանից Իսրայէլ տեղափոխւած հրէաներով:
«Եթէ իրատես լինենք, դժւար թէ այս ուղղութեամբ զարգացում լինի, քանի որ այսօրւայ քաղաքական իրավիճակը դրա համար նպաստաւոր չէ»,- մեզ հետ զրոյցում նշեց Արտակ Գրիգորեանը:

Tert.am

Թուրքիայում պահանջում են Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ զազրելի պատասխան տւած թուրք պաշտօնեայի հրաժարականը

16:41 / 28.04.2010
Թուրքիայի Չանաքալեի նահանգի ազգային կրթութեան վարչութեան պետ Վեֆա Բարդաքչըյի կողմից Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ կեղտոտ պատասխանը իրարանցում է առաջացրել Թուրքիայում: Վերջինս ասել էր, որ հայերը մեզ հետեւից դանակահարեցին, մեզ դաւաճանեցին եւ այդ դաւաճանութեան դիմաց էլ պատասխան ստացան:
Կրթութեան վարչութեան պետի այս յայտարարութիւնը քննադատել է իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան Չանաքալեյի նահագային կառոյցի ղեկավար Մուզաֆեր Քութլուն: Թուրքիայի գլխաւոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան Չանքալեյի նահանգային ղեկավարը աւելի խիստ է արտայայտւել` ասելով. «1915-ի վերաբերեալ մենք կրթութեան վարչութեան պետից սպասում էինք պատմական տեղեկութիւններ, ոչ թէ ատելութիւն ու քէն պարունակող յայտարարութիւն: Այդ պաշտօնեային կոչ ենք անում հրաժարական տալ»:
Թուրքիայի Մարդու իրաւունքների Չանաքալեյի մասնաճիւղի ղեկավար խորհրդի անդամ Հայրեթին Փիշքինը յայտարարել է, որ ֆաշիստ երիտթուրքերի իրականացրած ցեղասպանութեան վերաբերեալ նման խօսքեր արտայայտած կրթութեան վարչութեան պետը պէտք է անմիջապէս հեռացւի աշխատանքից:
Լուրեր Հայաստանից

Հանրային խորհուրդը կը փորձի փրկել «Մոսկւա» կինօթատրոնի ամառային դահլիճը

18:17 • 28.04.10
Հանրային խորհրդի այսօրւայ նիստում որոշում ընդունւեց՝ առաջարկել ՀՀ կառավարութեանը` «Մոսկւա» կինօթատրոնի ամառային դահլիճը վերականգնել պետական յուշարձանների ցանկում: Այս որոշումն ընդունւեց 17 կողմ, 6 դէմ և 3 ձեռնպահ ձայների յարաբերակցութեամբ:
Նիստում նշւեց, որ կառոյցն այդ ցանկից հանւել էր առանց մշակոյթի նախարարութեան համաձայնութեան:
Մինչև որոշման ընդունումը հարցի վերաբերեալ բուռն քննարկում ծաւալւեց: Խորհրդի քաղաքաշինութեան և ճարտարապետութեան հարցերի ենթայանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզեանը նշեց, որ կառոյցն իրօք ճարտարապետական մեծ արժէք է ներկայացնում և հիմնաւորումներ բերեց: Խորհրդի անդամներից ոմանք նաև առաջարկեցին ձեռնպահ մնալ որևէ որոշում կայացնելուց և կոչ անել, որպէսզի Մայր Աթոռն ու ճարտարապետները գնան բանակցութիւնների: Սակայն այս տարբերակին մեծամասնութիւնը համաձայնութիւն չտւեց:
Հանրային խորհրդի նախագահ Վազգէն Մանուկեանը կոչ արեց հարցը քննարկել ոչ թէ այն ենթատեքստում, թէ խորհուրդը դէմ է գնում եկեղեցուն, այլ պէտք է ընդամէնը դնել «Մոսկւա» կինոթատրոնի ամառային դահլիճի պահպանման հարցը: Մանուկեանն այս դիտարկումն արեց՝ ի պատասխան խորհրդի անդամ Ռուբէն Սաֆրաստեանի այն դիտարկմանը, թէ պէտք է հարցը լուծել խղճի տեսանկիւնից:
Հանրային խորհրդի անդամ Կարինէ Դանիէլեանն արձանագրեց, որ Երևանն աւերւել է թէ՛ բնապահպանական, թէ՛ քաղաքաշինական տեսանկիւնից: Նա ուրախալի համարեց փաստը, որ այս խնդրի շուրջ մեծ աղմուկ է բարձրացել, սակայն դժգոհեց. «Շատ մշակութային շինութիւններ քանդւեցին, ոչ ոք մեզ չաջակցեց պայքարը մինչև վերջ տանելու հարցում»:
Խորհրդի անդամ Կարէն Բեքարեանն էլ առաջարկեց պահպանել կառոյցը, յանձնել այն Մայր Աթոռին` մշակոյթի կենտրոնի վերածելու նպատակով: «Մայր աթոռը կարող է մշակոյթի կենտրոն ունենալ և քարոզել ազգայինը»,- նշեց նա:
Հանրային խորհրդի այսօրւայ որոշման կապակցութեամբ խորհրդի նախագահի յանձնարարականով ստեղծւեց խմբագրական յանձնաժողով, որը կը ձևակերպի կառավարութիւն ներկայացւելիք առաջարկը:
Յիշեցնենք, որ ՀՀ կառավարութեան որոշմամբ «Մոսկւա» կինոթատրոնի ամառային դահլիճը անհատոյց տրամադրւել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Նախատեսւում է դահլիճը քանդել և փոխարէնը եկեղեցի կառուցել: Այս որոշման դէմ պայքարում են ճարտարապետները` նշելով, որ շինութիւնը ճարտարապետական մեծ արժէք է ներկայացնում:
Դահլիճի ապամոնտաժման դէմ նաև ստորագրահաւաք է կազմակերպւել, որին միացել են 23 000-ից աւելի քաղաքացիներ:

Tert.am

Google-ը ստեղծել է Երկրագնդի եռաչափ քարտէզներ


12:45 • 28.04.10
Google-ը ներկայացրել է նոր ծառայութիւն, որը հնարաւորութիւն է ընձեռում դիտել որոնողական համակարգի քարտէզները եռաչափ ձևաչափով։ Նոր ծառայութիւնը կոչւում է Earth View։
Google Earth-ի եռաչափ քարտէզները դիտելու համար համապատասխան յաւելւած կարելի է ներբեռնել որոնողական ցանցի կայքից։
Earth View գործառոյթը օգտատէրերին հնարաւորութիւն կը տայ դիտել օբյէկտները ցանկացած անկեան (بعد) տակ։ Որոնողական ցանցում հնարաւոր կլինի եռաչափ (سه بعدی) քարտէզներով դիտել ոչ միայն քաղաքները, այլև յայտնի շինութիւնները, տեսարժան վայրերը և նոյնիսկ ծովի յատակը։
Google-ի նոր ծառայութեան գործարկումը պէտք է տեղի ունենար Երկրագնդի օրւայ առթիւ` մարտի 22-ին, սակայն հետաձգւել էր գործառոյթի որոշ թերութիւնների պատճառով։

Tert.am

Դավութօղլու.–
Թուրքիան մեծապէս հետաքրքրւած է Նախիջևանի ապագայով...

11:44 • 28.04.10
Թուրքիան միշտ հետաքրքրւել է և շարունակելու է հետաքրքրւել Նախիջևանի ապագայով: Այս մասին, թուրքական Cumhuriyet օրաթերթի փոխանցմամբ, Անակարայում Նախիջևանի Ինքնավար Հանրապետութեան խորհրդարանի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ հանդիպումից յետոյ յայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դաւութօղլուն:
«Թուրքիայի և Նախիջևանի միջև առկայ սերտ կապի պատճառով Թուրքիան միշտ հետաքրքրւել է և շարունակելու է հետաքրքրւել Նախիջևանի ապագայով: Նախիջևանի անվտանգութիւնն ու բարեկեցութիւնը մեր անվտանգութիւնն ու բարեկեցութիւնն է»,- յայտարարել է Դաւութօղլուն:
Ի պատասխան լրագրողներից մէկի այն հարցին, թէ Հայաստանի հետ արձանագրային գործընթացում ինչպիսին է լինելու Կարսի պայմանագրի ճակատագիրը, Դաւութօղլուն յայտարարել է, որ ոչ մի կասկած չունի պայմանագրի` իրաւական ուժ ունենալու առնչութեամբ:

Tert.am

«Գորշ գայլերը» սպառնում են սպանել Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը ոգեկոչողներին


11:29 • 28.04.10
Թուրքիայում ազգայնական շրջանակների ներկայացուցիչները սպառնում են սպանել ապրիլի 24-ին Ստամբուլում Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նւիրւած միջոցառումների կազմակերպիչներին:
Firat գործակալութեան փոխանցմամբ` Մարդու իրաւունքների պաշտպանութեան միութեան Ստամբուլի մասնաճիւղի ներկայացուցիչներին սկսել են սպառնալ այն բանից յետոյ, երբ վերջիններիս նախաձեռնութեամբ միջոցառում էր կազմակերպւել Ստամբուլում` ի յիշատակ 1915թ. ապրիլի 24-ին նահատակւած Հայ մտաւորականների:
Firat-ի հետ հարցազրոյցում կազմակերպութեան քարտուղար Բաքի Բողան յայտարարել է, որ իրենք ստանում են բազմաթիւ էլեկտրոնային նամակներ մահւան սպառնալիքներով և վիրաւորանքներով:
«Անցած տարի Հայոց Ցեղասպանութեան տարելիցի առնչութեամբ նոյնպէս հանդէս էինք եկել յայտարարութեամբ և ստանում էինք սպառնալիքներով նամակներ: Սակայն այս տարի սպառնալիքների թիւը բազմապատկւել է»,- նշել է Բողան` աւելացնելով, որ իրենք պատրաստւում են հայց ներկայացնել դատարան` ընդդէմ իրենց հասցւած վիրաւորանքների և սպառնալիքների հասցէատէրերի:
«Մենք առայժմ չենք ուսումնասիրել մեզ ուղարկւող նամակների աղբիւրը: Սակայն միանշանակ կարելի է ասել, որ դրանց բովանդակութիւնը գաղափարական առումով համապատախանում է «Գորշ գայլեր» ծայրայեղական կազմակերպութեանը»,- յայտարարել է թուրք իրաւապաշտպանը` 1915թ. իրադարձութիւնները ևս մէկ անգամ որակելով որպէս Ցեղասպանութիւն:
«Ցեղասպանութեան ժամանակ 1 միլիոնից աւելի մարդ է սպանւել: Որևէ նշանակութիւն չունի` այդ սպանութիւնները թուրքերի՞, թէ՞ քրդերի ձեռքով է իրականացւել: Կարևորն այն է, որ դա իրականացւել է պետութեան կողմից յատուկ հրահանգով»,- նշել է Բաքի Բողան:

Tert.am

Երեխաների ունակութիւնները զարգացնող խաղեր և նիւթեր՝ մանկական գրադարանում

09:52 • 28.04.10
Ապրիլի 29-ին Խնկօ-Ապոր անւան գրադարանում կըբացւի «Միասին խթանենք կրթութեան որակը, հասանելիութիւնը և մատչելիութիւնը» խորագրով ցուցահանդէսի բացումը:
Այն կազմակերպել է «Յոյսի կամուրջ» հասարակական կազմակերպութիւնը ՀՀ կրթութեան և գիտութեան նախարարութեան հետ համատեղ և Բաց հասարակութեան ինստիտուտի (Բուդապեշտ) աջակցութեամբ:
Ցուցահանդէսին կը մասնակցեն ՀՀ ԿԳՆ կրթութեան ազգային ինստիտուտը, հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնը, IREX-ի հայաստանեան ներկայացուցչութիւնը, «Քայլ առ քայլ», «Հաւատ» կազմակերպութիւնները, «Նոյեան Տապան» գրախանութը, «Մանկան» խաղալիքների խանութը և այլն:
Աւելի քան 50 կազմակերպութիւն կներկայացնեն կրթական նիւթեր, բուկլետներ, տեսանիւթեր, մասնագէտների կողմից մշակւած և կազմւած կրթական ծրագրեր, երեխաների ունակութիւններն ու հմտութիւնները զարգացնող խաղեր, դիդակտիկ նիւթեր և այլն:
Ցուցահանդէսը կը գործի մինչև մայիսի 1-ը:

Tert.am

Կայացել է «Սովորական Ցեղասպանութիւն։ Սումգայիթ, Փետրւար, 1988» փաստագրական ֆիլմի շնորհանդէսը


21:01 / 27.04.2010
Այս ֆիլմը մարդկութեան դէմ յանցագործութեան մեղադրանք է, որ կատարւել է Խորհրդային Ադրբեջանում 1988թ. փետրւարի 27-29-ը։
Ֆիլմում ներկայացւած բացառիկ տեսանիւթերն ու լուսանկարները, ականատեսների վկայութիւնները, հետաքննութեան և դատավարութիւնների փաստաթղթերը ցուցադրւում են առաջին անգամ՝ ոչ միայն բացայայտելով Սումգայիթում տեղի ունեցածի վերաբերեալ ճշմարտութիւնը, այլև ապացուցելով Ադրբեջանի յատուկ ծառայութիւնների և իշխանութիւնների կողմից՝ յանցագործութեան կազմակերպւած լինելու և Խորհրդային Միութեան ղեկավարութեան յանցաւոր դերակատարութեան փաստը։
Ողբերգութիւնից ի վեր ամբողջ 22 տարիների ընթացքում Ադրբեջանը նպատակասլաց փորձում է խեղաթիւրել «սումգայիթի» էութիւնը: «Սովորական Ցեղասպանութիւն» նախագիծը կոչւած է վերացնելու վերջերիս պատմութեան զանգւածային կեղծումները բացառապէս վաւերագրական փաստարկների և փաստերի ներկայացմամբ, որոնք կասկած իսկ չեն թողնում, որ թէ՛ «սումգայիթը», թէ՛ դրան հետևած էթնիկ զտումների ու ջարդերի բոլոր գործողութիւններն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի տարածքում մտադրւել և իրականացւել են հայ ժողովրդի ցեղասպանութեան և նրա պատմական բնակութեան տարածքների վերջնական իւրացման քաղաքականութեան համաձայն: Ադրբեջանի կողմից խաղաղ հայ բնակչութեան նկատմամբ դաժան հաշւեյարդար տեսնող յանցագործների հերոսացումը՝ սկսած 1988թ. «սումգայիթից» և վերջացրած 2004թ. Բուդապեշտում Հայ սպայի դահճով, դրա վառ ապացոյցն է:
Այս ֆիլմը նաեւ ուղերձ է միջազգային հանրութեանը` մարդկութեան դէմ յանցագործութիւնների համար Ադրբեջանին պատասխանատվութեան կանչելու կոչով։
Նշենք, որ «Սումգայիթ, Փետրւար, 1988» ֆիլմը երկրորդն է «Սովորական Ցեղասպանութիւն» ֆիլմաշարում։ «Սովորական Ցեղասպանութիւն» նախագիծն իրագործւում է ՀՀ Նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատւութեան կենտրոնի աջակցութեամբ։ Առաջին ֆիլմի պրեմիերան՝ «Բաքու, Յունւար, 1990», կայացել է 2010թ. Յունւարին, ֆիլմը մի քանի լեզուների է թարգմանւել և տարածւում է տեսասկաւառակներով և ինտերնետում:

Լուրեր Հայաստանից

ՀՅԴ-ն կրկին պահանջում է Էդւարդ Նալբանդեանի հրաժարականը


«Այս պայմաններում որոշ պաշտօնեաներ չպէտք է սպասեն մինչեւ նախագահը իրենց հեռացնի գործից»


19:34 / 27.04.2010
ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանին դուր չի եկել, երբ երէկ ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանը հեռուստատեսութեամբ յայտարարել է, որ Հայ-թրքական արձանագրութիւններում նախապայմաններ տեսնում են ընդամենը մի քանի ընդդիմախօս: «Հասկանալի չէ, երբ նորից ակտիւացած ԱԳ նախարարը նշում է, որ արձանագրութիւններին Հայաստանում ընդամէնը մի քանի ընդդիմախօս են դէմ: Եթէ նա համարում է, որ արձանագրութիւնների դէմ ստորագրած քառորդ միլիոն մարդը „մի քանի ընդդիմախօս է“, ես կարծում եմ, որ այս պայմաններում որոշ պաշտօնեաներ չպէտք է սպասեն մինչեւ նախագահը իրենց հեռացնի գործից»,- ԱԺ յայտարարութիւնների ժամին իր ելոյթում ասել է Վահան Յովհաննիսեանը:
Այնուհետեւ անդրադառնալով այն փաստին, որ Հայ-թրքական արձանագրութիւնները հանւել են քառօրեայի օրակարգից, սակայն մնացել է ԱԺ մեծ օրակարգում, ՀՅԴ պատգամաւորը յայտարարել է, որ հասկանալի չէ, թէ ինչ է փոխւել՝ եթէ հարցը չի հանւել նստաշրջանի օրակարգից: «Որովհետեւ մնացածը արդէն արւել էր ԱԺ նախագահի կողմից: Փաստօրէն մենք չէինք վաւերացնում, չէ՞», — փաստարկել է նա՝ ներկայացնելով, իր կարծիքով՝ ճիշտ ընթացակարգը. «Նախագահը պէտք է յետ տաներ արձանագրութիւնները՝ վերադարձնելու կամ չվերադարձնելու կամ վերապահումներով հետագայում վերադարձնելու համար»:
Նա կրկնել է ՀՅԴ տեսակէտը, ըստ որի, թէ ամենաճիշտ քայլը կլիներ ստորագրութիւնն ընդհանրապէս յետ վերցնելը: «Քանի դեռ այդ փաստաթղթում առկայ է Հայաստանի ստորագրութիւնը, մենք ենթակայ ենք ճնշումների: Ամէն կերպ փորձ է արւելու Թուրքիայի համար նոր դուռ բացել վաւերացնելու իմաստով, եւ ես մտահոգութիւն ունեմ, որ դա արւելու է կամ փորձ է արւելու դա անել մեր հաշւին՝ Ղարաբաղում պարտադրելով մեզ միակողմանի զիջումներ»,- ասել է նա:
Փոխարէնը ՀՀԿ մամուլի քարտուղար Էդւարդ Շարմազանովը Սերժ Սարգսեանի որոշումը գնահատել է որպէս «վճռական քայլ», որով «ամրապնդւեցին Հայաստանի դիրքերը միջազգային ասպարէզում»:


NEWS.am

ՎԱԽՃԱՆՒԵՑ
ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ՝
Տ. ՆՇԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԹՈՓՈՒԶԵԱՆԸ


Ցաւով տեղեկանում ենք, որ Ատրպատականի Հայոց Թեմի առաջնորդ՝ Տէր Նշան Եպիսկոպոս Թոփուզեանը այսօր վախճանւեց, ըստ երեւոյթի թոքերի բորբոքման հետեւանքով։
Յաւելեալ տեղեկութիւնները՝ առանձին։

Թուրքիան Աղդամի եւ Ֆիզուլիի վերադարձի հարցում ստացել է համանախագահող երկրների աջակցութիւնը
«Սերժ Սարգսեանի վարած քաղաքականութեան ամենակարեւոր ձախողումն այն է, որ ՝ չյաջողւեց անջատել Հայ-թրքական գործընթացը Ղարաբաղեան կարգաւորումից»
17:06 / 27.04.2010
Հայ-թրքական արձանագրութիւնների վաւերացման գործընթացը կասեցնելու մասին Սերժ Սարգսեանի որոշումը, ըստ էութեան, փոփոխութիւն չի մտցնում ՀՀ ԱԺ-ում դրանց վաւերացման գործընթացի կագավիճակի մէջ: Նման յայտարարութեամբ ապրիլի 27-ին հանդէս է եկել ՀԱԿ կենտրոնական գրասենեակի համակարգող Լեւոն Զուրաբեանը։
Այս կապակցութեամբ ՀԱԿ-ի տարածած յայտարարութեան մէջ նշւում է, որ Սերժ Սարգսեանի վարած քաղաքականութեան ամենակարեւոր ձախողումն այն է, որ հակառակ հռչակւած մտադրութիւնների եւ խոստումների՝ չյաջողւեց անջատել Հայ-թրքական գործընթացը Ղարաբաղեան կարգաւորումից, ինչի հետեւանքով Հայ-թրքական եւ Ղարաբաղեան կարգաւորման գործընթացները միջազգային հանրութեան կողմից այլեւս դիտարկւում են որպէս փաթեթով լուծւելիք միասնական խնդիր:
Միւս կարեւոր դրոյթը, որի վրայ ուշադրութիւն դարձրեց ՀԱԿ ներկայացուցիչը, այն է, որ ստանալով Ցեղասպանութեան ուրացումը եւ դրա փոխարէն ոչինչ չհատուցելով՝ Թուրքիան այժմ զարգացնում է յաջողութիւնը, սահմանի վերաբացման դիմաց պահանջելով Աղդամի եւ Ֆիզուլիի վերադարձը Ադրբեջանին. «Ըստ որոշ տւեալների, Թուրքիան արդէն ստացել է այդ հարցում համանախագահող տէրութիւնների աջակցութիւնը»,- համոզմունք յայտնեց Լեւոն Զուրաբեանը:
Ամփոփելով՝ նա նկատեց, որ «Սերժ Սարգսեանը ստիպւած մտաւ դիւանագիտական այնպիսի գործընթացների մէջ, որոնք թոյլ են տալիս իրեն ձեռք բերել միջազգային հանրութեան աջակցութիւնը եւ ամրապնդել իր խոցելի եւ ոչ-լեգիտիմ կառավարումը Հայաստանում: Կործանարար այս գործընթացի կասեցման միակ միջոցն այն է, որ դադարեցւեն բռնութեան եւ դրսի օժանդակութեանը կառչելու փորձերը եւ երկրում նախաձեռնւեն համերաշխութեան եւ ազգային համախմբման գործընթացներ, որոնք կը յանգեցնեն Հայաստանում ժողովրդավարութեան եւ լեգիտիմ իշխանութեան ձեւաւորմանը»:

Լուրեր Հայաստանից

Վ. Յովհաննիսեան.
«...հասկանալի չէ, թէ ինչ է փոխւել»


«նորից ակտիւացած» արտգործնախարարը նշում է, որ արձանագրութիւններին Հայաստանում դէմ են ընդամէնը մի քանի ընդդիմախօսներ...»

ՀՀ ԱԺ յայտարարութիւնների ժամին ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանն անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի կողմից արձանագրութիւնների վաւերացման գործընթացի կասեցմանը և նշել, որ ՀՅԴ կարծիքով դա արւել է ոչ ամբողջութեամբ և ճիշտ կերպով։
Վ. Յովհաննիսեանը նշել է, որ ինքնին ողջունելի է, որ ՀՀ իշխանութիւնները վերջերս սկսել են հասկանալ, որ թուրքերի հետ նախապայմաններով, Հայաստանի վզին փաթաթած օրակարգերով բանակցելը վտանգաւոր է։
-Եթէ Ազգային ժողովի նստաշրջանի օրակարգից հարցը հանւած չէ, ապա հասկանալի չէ, թէ ինչ է փոխւել,- ասել է նա և յաւելել, որ մնացածն արդէն արւել էր ԱԺ նախագահի կողմից, քանի որ արձանագրութիւնները չէին վաւերացւում։
Ճիշտ ընթացակարգն, ըստ Վ. Յովհաննիսեանի, պէտք է լինէր հետևեալը, ինչն էլ բխում է ՀՀ նախագահի հրամանագրից. նախագահը պէտք է արձանագրութիւնները հետ տաներ նախագահական՝ վերադարձնելու կամ չվերադարձնելու կամ հետագայում վերապահումներով վերադարձնելու համար։ Այդուհանդերձ, ամենաճիշտ տարբերակը, Վ. Յովհաննիսեանի համոզմամբ, արձանագրութիւններից ստորագրութիւնները հետ վերցնելն է, որովհետև քանի դեռ այդ փաստաթղթի տակ կայ Հայաստանի ստորագրութիւնը, Հայաստանը ենթակայ է ճնշումների.
-Ամէն կերպ փորձ է արւելու Թուրքիայի համար նոր դուռ բացել վաւերացնելու իմաստով, և ես մտահոգութիւն ունեմ, որ դա արւելու է, կամ փորձ է արւելու դա անել մեր հաշւին՝ Ղարաբաղում մեզ միակողմանի զիջումներ պարտադրելով։ Ուրեմն մեր խորհրդարանը, մեր հասարակութիւնը և երկրի ղեկավարութիւնը պէտք է պատրաստ լինեն դիմակայել նման ճնշումների, որոնք, կարծում եմ, անխուսափելի են, իսկ դուք, կարծում եմ, արդէն սովորել էք, որ եթէ մի բան կանխատեսում ենք, այդպէս էլ ստացւում է,- ասել է Վահան Յովհաննիսեանը։
Նա նշել է, որ այդ ֆոնի վրայ հասկանալի չէ, երբ «նորից ակտիւացած» արտգործնախարարը նշում է, որ արձանագրութիւններին Հայաստանում դէմ են ընդամէնը մի քանի ընդդիմախօսներ. «Եթէ նա համարում է, որ արձանագրութիւններին դէմ ստորագրած քառորդ միլիոն մարդը մի քանի ընդդիմախօսներ են, կարծում եմ, որ այս պայմաններում որոշ պաշտօնեաներ չպէտք է սպասեն, մինչև նախագահն իրենց հեռացնի գործից, և լրջօրէն մտածեն, որ այս պայմանների մէջ նախագահին և Հայաստանը գցելու համար պէտք է կամաւոր հրաժարւեն իրենց պաշտօնից»։

7or.am

Ճգնաժամն աւարտւեց, իսկ հակաճգնաժամային միջոցները դեռ տեղ չեն հասել


16:34 • 27.04.10
ԵւրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամը բաւական դանդաղ է աշխատում։
Այս մասին այսօր Երևանում Եւրասիական զարգացման բանկի ներկայացուցչութեան բացմանը նախորդած ճեպազրոյցին յայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը։
Նա նշեց, որ ԱՊՀ երկրների կառավարութիւնների ղեկավարների վերջին հանդիպմանը նաև քննարկւել է ԵւրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամից յատկացւելիք միջոցների հարցը։ «Ես գործընկերների ուշադրութիւնը հրաւիրեցի այն հանգամանքի վրայ, որ հիմնադրամը բաւական դանդաղ է աշխատում։ Ճգնաժամը, կարծես, արդէն ետևում է, բայց հիմնադրամի միջոցներն այդպէս էլ չեն ծախսւել»,- ասաց Տ.Սարգսեանը։
Ըստ վարչապետի՝ խնդիրն այն է, որ հիմնադրամը կառավարում են ֆինանսների նախարարները, որոնք յայտնի են որպէս «գծուծ» և ոչ մէկին փող չեն տալիս։ «Դա ֆինանսների նախարարների գործառոյթն է և նրանք, կարծես, իրենց առաքելութիւնը վատ չեն կատարում»,- ասաց Տ.Սարգսեանը։
Հիմնադրամի հետ կապւած միւս խնդիրը միջոցների տրամադրման պայմաններն են։ Ըստ Տ. Սարգսեանի՝ դրանք բաւական խիստ են և չեն համապատասխանում այն պայմանաւորւածութիւններին, որոնք ձեռք են բերել կառավարութեան ղեկավարները, երկրի նախագահները։ Տ. Սարգսեանը նշեց, որ Հակաճգնաժամային հիմնադրամի կողմից միջոցների յատկացման պայմանները պէտք է լինեն աւելի մատչելի, ճկուն, երկարաժամկէտ, հակառակ դէպքում այդ միջոցներից օգտւելը անիմաստ է, քանի որ «թանկ ռեսուրսներ» յատկացնում են նաև այլ ֆինանսական միջազգային կազմակերպութիւններ, մասնաւորապէս՝ Համաշխարհային բանկը, Եւրասիական զարգացման բանկը։

Tert.am

Հրանտ Դինքի սպանութեան հանգամանքները կուսումնասիրեն թուրքական խորհրդարանում


15:27 / 27.04.2010
Թուրքիայի իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնը Հրանտ Դինքի սպանութեան հանգամանքները խորհրդարանում ուսումնասիրելու նախագիծ է պատրաստել:
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ` իշխող կուսակցութեան նախագծի ընդունման պարագայում, Թուրքիայի խորհրդարանը կըսկսի ուսումնասիրել 2007-ի Յունւարի 19-ին «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանութիւնը:
Ներկայումս Դինքի սպանութեան գործով մեղադրւում են սպանութիւնը իրականացրած Օգիւն Սամասթը, վերջինիս հրահանգաւորած Եասին Հայալը եւ Էրհան Թունջելը: Սակայն Դինքի ընտանիքի փաստաբանները պահանջում են երեւան հանել սպանութեան ետեւում կանգնած իրական դէմքերին:
Բացի այդ, ուսումնասիրութիւններ են կատարւում նաեւ «Վանդակ» գործողութիւնների նախագծի եւ «Էրգենեկոնի» գործերի հետ Դինքի սպանութեան կապը ապացուցելու ուղղութեամբ:

Լուրեր Հայաստանից

ՍԻՐԵԼԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Ինչպէս արդէն իսկ տեղեակ էք, Կիրակի Ապրիլի 25–ի վաղ առաւօտից, խանգարման ենթարկւեց իմ Բլօգերի իսկական էջը, որի միջոցով կապ էի հաստատում Ձեր հետ։

Թէեւ տեղեակ չեմ թէ՝ այս խոչընդոտի վերացումը ժամանակաւոր է թէ ոչ, սակայն պիտի փորձեմ հնարաւորին չափ երկկողմանի կապ պահել Ձեր բոլորի ու այն այցելուների հետ, որոնք վերջին օրերի ընթացքում իրենց մտահոգութինն էին յայտնել էջի չթարմանալու համար։

Յոյսով եմ նոյն թափով կը շարունակւեն տեղեկատւութեան գործընթացը։
Երախտապարտ եւ շնորհակալ եմ, բոլոր նրանց, որոնք իրենց ցուցաբերած հետաքրքրութեամբ փորձեցին ինչ որ կերպ օգտակար հանդիսանալ ինձ։
ՎԱՐԴԱՆ

Հերթական անգամ Օբաման ամօթալիօրէն կապիտուլեացիայի ենթարկւեց Թուրքիայի սպառնալիքների առջեւ
23:14 / 24.04.2010
«Հերթական անգամ ամօթալիօրէն կապիտուլեացիայի ենթարկւելով Թուրքիայի սպառնալիքների առջեւ, նախագահ Օբաման այսօր չկարողացաւ արժանի կերպով ընդունել Հայոց Ցեղասպանութիւնը, նախընտրելով էվֆեմիզմներով (մեղմասացութիւն) ու խուսափոխական տերմիններով հանդէս գալ, որպէսզի բնութագրի մարդկութեան դէմ իրագործւած այդ յանցագործութիւնը»,- այս մասին յայտնում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտէն (ANCA):
«Այսօր մենք միաւորւելով ԱՄՆ-ի ու ողջ աշխարհի հայութեամբ, արտայայտում ենք մեր խորը հիասթափութիւնը, որ նախագահը ունակ չեղաւ դատապարտել եւ յարգել հայերի ցեղասպանութեան զոհերին»,- յայտարարել է ANCA-ի նախագահ Քեն Խաչիկեանը:
«Այն բանից յետոյ, երբ Թուրքիան մէկ տարւայ ընթացքում այս հարցի հետ կապւած մանիպուլեացիայի ենթարկեց Օբամայի վարչակազմին, նախագահ Օբաման կանգնեց դժւար ընտրութեան առաջ. Կամ վարւել խղճի մտոք եւ կատարել նախկինում տւած խոստումը` ճանաչելով Հայոց Ցեղասպանութիւնը, կամ աջակցել Թուրքիային եւ նրա ճանաչումը մերժող քաղաքականութեանը: Ի ցաւ բոլոր նրանց, ովքեր մեծ ջանքեր են գործադրել ողջ աշխարհում ցեղասպանութեան ճանաչման համար, նա կատարեց սխալ ընտրութիւն, թոյլ տալով Թուրքիային խստացնել ճնշումը ցեղասպանութեան հարցում Ամերիկայի քաղաքականութեան վրայ»,- ասել է նա:

NEWS.am

Պատմութեան մէջ առաջին անգամ Ստամբուլում Ապրիլի 24-ին յարգեցին Ցեղասպանութեան նահատակների յիշատակը
01:06 • 25.04.10
Ստաբուլի Թաքսիմ հրապարակում Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակն են յարգել մօտ 300 թուրք մտաւորականներ:
Հրապարակում խիստ հսկողութիւն էին իրականացնում ոստիկանները, քանի որ ակցիայի կազմակերպիչները բազմաթիւ սպառնալիքներ էին ստացել ազգայնականներից և դիմել իրաւապահ մարմիններին իրենց պաշտպանելու խնդրանքով:
Յիշատակի արարողութիւնը լուռ է անցել, հաւաքւածները վառել են մոմեր և ծաղիկներ նետել օդ: Աւելի ուշ, սակայն, Իստիկլալ պողոտայով անցնելիս երթի մասնակիցները վանկարկել են «Հայերի, թուրքերի և քրդերի եղբայրութիւն», «Ուս ուսի ընդդէմ ֆաշիզմի» կարգախօսներ:
Նշենք, որ նոյն ժամին Թաքսիմ հրապարակին մօտեցել է ցուցարարների փոքրաթիւ մէկ այլ խումբ՝ փորձելով հակացոյց անցկացնել: Ոստիկանները, սակայն, նրանց թոյլ չեն տւել հրապարակ մտնել:

Tert.am

Բէյրութում տեղի ունեցած քայլարշաւին մասնակցել է աւելի քան 60 հազար մարդ
19:14 / 24.04.2010
Հայոց Ցեղասպանութեան 95-րդ տարելիցի կապակցութեամբ լիբանանահայ համայնքը քայլերթ է կազմակերպել, որը մեկնարկել է Անթիլիասի մայրավանքից եւ աւարտւել ընդամէնը ժամ-ժամուկէս առաջ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում այս մասին յայտնեց «Ազդակ» թերթի խմբագրապետ Շահան Քանդահարեանը։
Նշելով, որ Անթիլիասի կաթողիկոսարանից մեկնարկած քայլարշաւին մասնակցել է աւելի քան 60 հազար մարդ, նա նկատեց, որ դա «բաւական զանգւածային մասնակցութիւն էր»:
«Նախքան քայլարշաւը՝ Ցեղասպանութեան անմեղ նահատակների յիշատակի համար պատարագ մատուցւեց, որի ժամանակ Արամ Ա կաթողիկոսը խօսք վերցրեց եւ աղօթեց 1.5 միլիոն անմեղ զոհերի հոգիների հանգստութեան համար»,- տեղեկացրեց «Ազդակ»-ի խմբագրապետը՝ աւելացնելով, որ քայլարշաւին յաջորդած հանրահաւաքում բազմաթիւ ելոյթներ են հնչել։ «Քայլարշաւին յաջորդեց հանրահաւաքը, որին բացի հայերից, մասնակցում էին նաեւ խորհրդարանի պատգամաւորներ, լիբանանեան քաղաքական ուժերի ներկայացուցիչներ»,- նշեց նա։
Շ. Քանդահարեանի խօսքով, Ցեղասպանութեան զոհերի ոգեկոչման միջոցառումների շրջանակներում երէկ երեկոյեան Անթիլիասի մայրավանքի Նահատակաց մատուռի առջեւ տեղի է ունեցել նաեւ հսկումի երեկոյ, որին մասնակցել են հայ քաղաքական կուսակցութիւնների ուսանողական եւ երիտասարդական միաւորումներ. «Այնտեղ եւս երիտասարդները հանդէս են եկել Ցեղասպանութեան միջազգային ճանաչման պահանջով»,- տեղեկացրեց Քանդահարեանը։
Ամփոփելով՝ «Ազդակ»-ի խմբագրապետը տեղեկացրեց, որ ոգեկոչման միջոցառումների շարքն այսքանով չի աւարտւում, եւ որ նախատեսւում են ֆիլմերի եւ գեղանկարների ցուցադրութիւններ. «Վաղը նախատեսւած է Ցեղասպանութեան մասին պատմող վաւերագրական ֆիլմերի եւ տեսահոլովակների, ինչպէս նաեւ գեղանկարների ցուցադրութիւն»:

Լուրեր Հայաստանից

Օբաման կրկին գորշ գայլերի ճիրանների գերին


21:06 / 24.04.2010
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմել է աւանդական ուղերձով ապրիլի 24-ի՝ Օսմանեան կայսրութիւնում Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակի օրւայ կապակցութեամբ:
Եւ այս տարի Սպիտակ տան ղեկավարը չի արտասանել «Ցեղասպանութիւն» բառը՝ ներկայացնելով այդ տարիների դէպքերը: Դրա փոխարէն նա օգտագործել է հայկական «Մեծ Եղեռն» հասկացութիւնը: Այս կերպ Օբաման արդէն երկրորդ տարին շարունակ խախտում է հայերին տւած իր նախընտրական խոստումը:
"Յիշատակի այս սգոյ օրը մենք յիշում ենք 20-րդ դարասզկբի սարսափելի ոճրագործութեան մասին՝ որ տեղի է ունեցել 95 տարի առաջ: Պատմութեան այդ մռայլ փուլում Օսմանեան կայսրութիւնում մէկուկէս միլիոն Հայ սպանւեց: Այսօր օրն է, երբ պէտք է դասեր քաղենք անցեալից:
Ես հետեւողականօրէն արտայայտել եմ սեփական տեսակէտս այն մասին, թէ ինչ է եղել 1915թ. Եւ կարծում եմ, որ պատմութիւնը հնարաւոր չէ փոխել: Մենք շահագրգռւած ենք փաստերի լիարժէք, անկեղծ ու արդարացի ճանաչմամբ: Թուրքերն ու հայերը պէտք է միասին ընդունեն սեփական պատմութիւնը: Ոչ ոք չի կարող յետ բերել «Մեծ Եղեռնի» ժամանակ զոհւածներին: «Թուրք եւ հայ ժողովուրդներն ուժեղ կդառնան, երբ ընդունեն իրենց ընդհանուր պատմութիւնն ու գիտակցեն իրենց մարդկային էութիւնը»,- յայտարարել է Օբաման:
«Անգամ երբ մենք բախւում ենք 1915թ. դաժանութեան հետ, մեզ ոգեշնչում է Հայ ժողովրդի զարմանալի ոգին: Թէեւ ոչ ոք չի կարող վերադարձնել Մեծ Եղեռնի ժամանակ զոհւածներին, այն համաշխարհային աւանդը, որ ներդրել են հայերը վերջին 95 տարում, հայ ժողովրդի ուժի, տոկունութեան եւ տղամարդկութեան առհաւատչեան է: Հայ ժողովրդի անսանձելի ոգին ամրապնդեց յաղթանակը նրանց նկատմամբ, ովքեր մտադրւել էին ոչնչացնել իրեն»,- նկատել է Օբաման:
Նրա խօսքով, շատ հայեր, որոնք ապրել են 1915 թւականի սարսափները, տեղափոխւել են ԱՄՆ: «Անցել են ժամանակներ, եւ հայկական արմատներով ամերիկացիների նոր սերունդները հիմա իրենց ներդրումն են ունենում մեր տնտեսութեան մէջ, նպաստում մեր ժողովրդավարութեան ամրապնդմանը:
Հայերի ամուր աւանդոյթներն ու մշակոյթը նոյնպէս դարձան մեր նոր հանրապետութեան հիմքը, միջազգային հանրութեան մի մասը, որն իր յարաբերութիւններն է հաստատել աշխարհի հետ լաւ ապագայ կերտելու համար: Մենք այսօր նրանց եւ աշխարհի բոլոր հայերի հետ յիշում ենք 1915 թւականի սարսափելի իրադարձութիւնները եւ հիանում այն մեծ աւանդով, որը դուրս է գալիս այդ սարսափելի անցեալի շրջանակներից եւ մեզ բոլորիս ապագայի յոյս է տալիս»,- իր ուղերձում նշել է Բարաք Օբաման:
NEWS.am

Աթէնքի հրապարակում Հայոց Ցեղասպանութեանը նւիրւած համերգ է կազմակերպւել
18:08 / 24.04.2010
Հայոց Ցեղասպանութեան 95-ամեակի յիշատակի և ոգեկոչման արարողութիւնների մեկնարկը Յունաստանի մայրաքաղաք Աթենքում տրւել է ապրիլի 23-ի երեկոյեան:
Աթենքի կենտրոնական Սինտագմա (Սահմանադրութեան) հրապարակում կազմակերպւել է յունահայ սիրւած երգիչ Հայկ Եազըճեանի և Համազգային Հայ կրթական և մշակութային միութեան Յունաստանի շրջանային վարչութեան երիտասարդական պարախմբերի համերգը: Հանդիսաւոր միջոցառումների և դրան նախորդած օրերին Սինտագմա հրապարակում նաև կազմակերպւել է գեղանկարչական աշխատանքների ցուցահանդէս: Տեղակայւել է տաղաւար, որտեղ ցուցադրւում են տեսաժապաւէններ, պատմական լուսանկարներ և գրքեր` յոյն հանրութեանը ցեղասպանութեան մասին աւելի լայնօրէն իրազեկելու և ցեղասպանութեան 95-ամեակի ոգեկոչմանը նրանց մասնակից ու հաղորդակից դարձնելու նպատակով:
Ապրիլի 24-ին, Աթենքի Նեա Զմիռնի («Նոր Զմիւռնիա») թաղամասի «Զանգակ» յուշակոթողի մօտ տեղի կունենայ ցեղասպանութեան զոհերի յիշատակի ոգեկոչման արարողութիւն, իսկ ապրիլի 25-ին «Ատտիկոն» սրահում կը կայանայ յիշատակի արարողութիւնների կենտրոնական ձեռնարկը:
Ապրիլի 25-ին ցեղասպանութեան 95-ամեակի միջոցառումներ կանցկացւեն նաև Յունաստանի Սալոնիկ և Կոմոտինի քաղաքներում:

Լուրեր Հայաստանից