Դմիտրի Մեդվեդեւը Twitter-ում

պատասխանել է Հայուհուն


Նոյեմբեր 30, 2010 14:43
Ռուսաստանի Դաշնային Ժողովին ուղղւած երկրի նախագահի ուղերձից 20 րոպէ անց Դմիտրի Մեդվեդեւը իր սիրելի կայքի միջոցով շնորհաւորել է բոլորին, ովքեր աջակցել են իրեն:
Բացի այդ Twitter-ում «MedvedevRussia» ռեսուրսում Մեդվեդեւը պատասխանել nna_smbatyan օգտատիրոջը, ով գրել էր, թէ երազում տեսել էր նախագահին, եւ նրանք ընթրել էին «ինչ-որ մռայլ դղեակում»:
«Ես երէկ ընդհանրապէս չեմ ընթրել, ուղերձն էի պատրաստում»,- գրել է Ռուսաստանի նախագահը՝ միաժամանակ նշելով, որ երկուշաբթի գիշերը տեսած երազները չեն կատարւում:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Աբդուլլահ Գիւլը կռահել էր Wikileaks-ի
հրապարակած գաղտնի փաստաթղթերի
բովանդակութեան մասին
Wikileaks-ի փաստաթղթերում ծանր մեղադրանքներ կան ներկայացւած
թրքական իշխանութիւնների դէմ։ Փաստաթղթերից մէկում Թուրքիայի ԱԳ
նախարար Ահմեդ Դաւութօղլուն նկարագրւել է որպէս ծայրայեղ վտանգաւոր
եւ խելագար։
Նոյեմբեր 30, 2010 10:28
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլը եւս հանդէս է եկել Wikileaks-ի կողմից հրապարակւած գաղտնի փաստաթղթերի վերաբերեալ առաջին մեկնաբանութեամբ:
Թուրքիայի նախագահը նշել է, թե Wikileaks-ի կողմից հրապարակած գաղտնի փաստաթղթերի բովանդակութիւնն իրենք արդէն կռահել էին։
«Անհրաժեշտ է տեսնել, թէ յետեւից ինչեր են գալու»,-շեշտել է Գիւլը:
Աւելի վաղ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել էր, թէ իրենք կսպասեն մինչեւ Wikileaks-ը հրապարակի բոլոր փաստաթղթերը, որից յետոյ կուսումնասիրեն եւ կմեկնաբանեն։ «Wikileaks-ի փաստաթղթերը վտանգաւոր են եւ կասկածելի»,-ընդգծել էր Էրդողանը:
Նշենք, որ Wikileaks-ի փաստաթղթերում ծանր մեղադրանքներ կան ներկայացւած թրքական իշխանութիւնների դէմ։ Փաստաթղթերից մէկում Էրդողանը եւ նրա նախարարների մեղադրւում են կաշառակերութեան եւ անօրինականութիւնների մէջ։ Իսկ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դաւութօղլուն նկարագրւել է որպէս ծայրայեղ վտանգաւոր եւ խելագար։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

هوای تهران بسیار ناسالم است


Դիտէք Պարսկերէն Բաժնում.–

Wikileaks.-

Մեդվեդեւը սպառնացել է Ալիեւին.

Եթէ ճանաչէք Գոլոդոմորը, կմոռանաք

Ղարաբաղի մասին



Նոյեմբեր 30, 2010 11:41
Ռուսաստանը շանտաժ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ ստիպել է չճանաչել Գոլոդոմորը որպէս ուկրաինացի ժողովրդի ցեղասպանութիւն: Այդ մասին ասւած է Wikileaks-ի հրապարակած գաղտնի փաստաթղթերում:
Ըստ փաստաթղթերի, այդ մասին ասել է անձամբ Ալիեւը բրիտանական արքայազն Անդրիւին:
«Ալիեւը փաստաթուղթ է ստացել նախագահ Մեդվեդեւից, որում ասւած է, որ եթէ Ադրբեջանը ճանաչի բոլշեւիկեան արհեստական Գոլոդոմորն Ուկրաինայում որպէս ցեղասպանութիւն, պէտք է ընդհանրապէս մոռանայ Լեռնային Ղարաբաղի մասին»,- ասւած է ամերիկեան դիւանագէտների նամակագրութեան մէջ:
Արքայազն Անդրիւն հաստատել է, որ այլ երկրների նախագահներ եւս շանտաժի են ենթարկւել Մոսկւայի կողմից:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

Սերգէյ Լավրով.–

Մեդվեդևն ուզում է մշակել փաստաթուղթ՝ ԼՂ
հակամարտութեան «Կարգաւորման հիմնական
սկզբունքները»



16:50 • 30.11.10
Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Դմիտրի Մեդվեդևի նպատակը Ղարաբաղեան հակամարտութեան «Կարգաւորման հիմնական սկզբունքները» անւանումով առաջին կոլեկտիւ համընդգրկուն փաստաթղթի մշակումն է։ Այս մասին Голос России ռադիոկայանին տւած հարցազրոյցում յայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լավրովը։
Ի պատասխան այն հարցին, թէ «Աստանայում կայանալիք գագաթնաժողովի մասնակիցների հիմնական գլխացաւը Ղարաբաղեան հիմնախնդիրն է։ Ինչ էք կարծում, կարելի՞ է որոշ տեղաշարժեշ ակնկալել գագաթնաժողովից խնդրի առնչութեամբ», Լավրովը յայտարարել է.
«Ռուսաստանը՝ որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մէկը, զբաղւում է Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման աջակցութեամբ, ինչպէս նաև իր ազգային յատկանիշով՝ հաշւի առնելով մեր բարի յատուկ յարաբերութիւնները և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ։ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն անձամբ է զբաղւում այդ հարցով։ Նրա նպատակն է մշակել Ղարաբաղեան հակամարտութեան «Կարգաւորման հիմնական սկզբունքները» անւանումով առաջին կոլեկտիւ համընդգրկուն փաստաթղթը, որը որպէս իրաւաբանական պարտաւորեցնող փաստաթուղթ կմատնանշէր արդէն խաղաղ համաձայնագրի առնչութեմաբ իրականացւելիք աշխատանքների հիմնական ուղղութիւնները»։
«Մենք սերտ համագործակցում ենք ինչպէս ամերիկացի, այնպէս էլ ֆրանսիացի համանախագահների հետ։ Աստանայում կայանալիք գագաթնաժողովի նախօրէին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի իշխանութիւնների հետ։ Նրանց յանձնարարւած է Աստանայի գագաթնաժողովի համար պատրաստել այնպիսի յայտարարութիւն, որի տակ կկարողանան ստորագրել և՛ Երևանը, և՛ Բաքուն, և՛ համանախագահները»,– ասել է Լավրովը՝ ընդգծելով, որ վերջին շրջանում իրենք յարաբերական անդորր են նկատում շփման գծում։
«Սակայն առայժմ չեմ կարող ասել, որ Աստանայի գագաթնաժողովում կյաջողւի բեկում ապահովել խնդրի կարգաւորման առնչութեամբ։ Դա քրտնաջան աշխատանք է»,– նշել է Լավրովը՝ աւելացնելով. «Եթէ Աստանայի գագաթնաժողովն օգնի հետագայ առաջընթացի համար, դա արդէն լուրջ ձեռքբերում կլինի»։

Tert.am



120-ԱՄԵԱՅ ԱՆՇԵՂ ՈՒՂԻՆ

ՀՅԴ-ի պաշտօնաթերթ՝ «Դրօշակ»



30 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2010
Հ. Յ. Դաշնակցութեան առաջին հրատարակութիւնը պէտք է համարել «Մանիֆեստ» թռուցիկը (1890 թ.): Նրան յաջորդեցին թիւ 1 եւ 2 «թռուցիկ թերթերը»: Նշւած թռուցիկները եւ նրանց յաջորդող «Դրօշակ»-ի առաջին երկու համարները հրատարակւեցին Թբիլիսիում՝ Մոսկւայի «Ազատութեան աւետաբեր»-ից ստացւած տառերով:

Այս թռուցիկ թերթերի հրատարակումից յետոյ՝ անհրաժեշտութիւն էր դարձել նաեւ «Դրօշակ»-ի առաջին համարի լոյսընծայումը:1891 թւականից սկսած՝ Հ. Յ. Դաշնակցութիւնը ունենում է իր պաշտօնաթերթը՝ «Դրօշակ»-ը, որի առաջին եւ երկրորդ համարները լոյս տեսան Թբիլիսում: Երրորդը լոյս տեսաւ Ռումինիայում՝ 1892 թ.:Այնուհետեւ խմբագրատունը տեղափոխւեց Ժնեւ եւ մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմի տարիները՝ հրատարակւեց Ժնեւում:

«Դրօշակ»-ը առաջին իսկ համարից սկսած՝ տպագրում է մի շարք խմբագրականներ եւ յօդւածներ՝ պարզելու համար ՀՅԴ-ի հիմնական սկզբունքները՝ նպատակը, կազմակերպական ձեւն ու գործելակերպը:

Այդ յօդւածների հեղինակներն էին՝ Քրիստափորը, Զաւարեանը եւ Ռոստոմը՝ բացի առաջին խմբագրականից: Հետագայում «Դրօշակ»-ն ունեցաւ նաեւ իր յեղափոխական-ընկերվարական հրատարակութիւնների մատենաշարը, որոնց մէջ տեղ գտան Ա. Վռամեանի, Գ. Խաժակի, Մ. Վարանդեանի, Ս. Վրացեանի, Ռ. Դարբինեանի եւ շատ նշանաւոր դաշնակցական ու համակիր մտաւորականների, քաղաքական, գաղափարական եւ ընկերվարական տեսութեան յօդւածներն ու մեկնաբանական նիւթեր:

Մէկ հարիւրամեակից աւելի է անցել այդ ժամանակաշրջանից, բայց Դաշնակցութեան ռահվիրաների յայտնած մտքերից ու պարզած տեսութիւններից շատերը թարմ ու կենսունակ են մինչ այսօր:

Նրանք վկայում են, թէ մտաւոր ինչ լուրջ պատրաստութիւն եւ որքան խոր ծանօթութիւն ունէին ժամանակակից հայ իրականութեան հետ:

«ԱԼԻՔ»

Հայաստանի 5-րդ անընդմէջ յաղթանակը


Թուրքիայում




Նոյեմբեր 30, 2010 11:03
Թուրքիայում անցկացւող շախմատի համաշխարհային պատանեկան Օլիմպիադայում Հայաստանի հաւաքականը տարաւ 5-րդ անընդմէջ յաղթանակը` 3:1 հաշւով առաւելութեան հասնելով Հնդկաստանի հաւաքականի նկատմամբ: Պարտիան յաղթանակով աւարտեցին Կարէն Գրիգորեանը, Յովհաննէս Գաբուզեանը եւ Դաւիթ Շահինեանը: Պարտւեց Ռոբերտ Աղասարեանը:
Հայաստանը հինգ տուրերում տարած հինգ յաղթանակով գլխաւորում է մրցաշարային աղիւսակը: Երկու միաւոր յետ Թուրքիայի հաւաքականը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Թուրքիայի նախագահին արգելել են

ցուցահանդէսում դիտել պոռնոգրաֆիկ

ստեղծագործութիւնը


Յիշեալ ցուցահանդէսին մասնակցում են նաեւ 4 Հայ նկարիչներ՝ Ֆելիքս
Եղիազարեանը, Արմէն Գէորգեանը, Տիգրան Կիրակոսեանը եւ Կարէն Աղամեանը՝
շուրջ 20 նկարներով



Նոյեմբեր 30, 2010 00:59
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլն իր տիկնոջ հետ այցելել է Ստամբուլում ներկայացւող Contemporary İstanbul ցուցահանդէսը, որին մասնակցում են աշխարհի 420 արւեստագէտներ՝ 2 հազար ստեղծագործութիւններով։
Թուրքական Hurriye-ի փոխանցմամբ՝ ցուցահանդէսում շրջելու ընթացքում նախագահի թիկնապահները նկատել են, որ Գիւլը եւ տիկինը մտնելու են մի սրահ, որտեղ գտնւում է գերմանացի յայտնի արւեստագէտ Թոմաս Բայրլեի Camera delgi sposi (after mantegna) շարքի մի պոռնոգրաֆիկ ստեղծագործութիւն։
Թիկնապահները մտածել են, որ գեղեցիկ չի լինի, երբ Գիւլին լուսանկարեն այդ ստեղծագործութեան հետ եւ նախագահին ու նրա տիկնոջը յետ են պահել այդ սրահ մտնելուց՝ ուղեկցելով մէկ այլ սրահ:
Ցուցահանդէսում շրջելիս Թուրքիայի նախագահը նշել է, թէ չի սպասել, որ այս ցուցահանդէսը կարժանանայ հասարակութեան լուրջ ուշադրութեանը։ «Ես տպաւորւած եմ՝ այսքան մարդ տեսնել այս ցուցահանդէսում։ Պարզ եմ ասում՝ չէի սպասում այցելութեան նման բարձր ցուցանիշի»,-շեշտել է Գիւլը։
Նշենք, որ յիշեալ ցուցահանդէսին մասնակցում են նաեւ 4 Հայ նկարիչներ՝ Ֆելիքս Եղիազարեանը, Արմէն Գէորգեանը, Տիգրան Կիրակոսեանը եւ Կարէն Աղամեանը՝ շուրջ 20 նկարներով։

Լուրեր Հայաստանից - NEWS.am


Թուրքիայում 90 հազար կոտորւած թուրք

զինւորների յիշատակի սգոյ միջոցառումը

անցել է քէֆ-ուրախութեամբ




Նոյեմբեր 30, 2010 00:09
Թուրքիայի Քոջայելի նահանգի Դերինջեյի շրջանում կազմակերպւել է յիշատակի սգոյ միջացառում՝ նւիրւած 1914-ին ռուսական զօրքերի դէմ դուրս եկած, Սարիղամիշի մօտ ցրտի պատճառով մահացած եւ ռուսական զօրքերի կողմից կոտորւած 90 հազար թուրք զինւորների յիշատակին։
Թուրք հասարակութեանը ցնցել է այն փաստը, որը Դերինջեյի շրջանում կազմակերպւած յիշատակի սգոյ միջոցառմանը, որին մասնակցել են Քոջայելիի յայտնի պաշտօնեաներ եւ Սարիղամիշի քաղաքապետը, վերածւել է ուրախ երգ ու պարով քէֆ-ուրախութեան։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Ումի՞ց է թաքնւում Օdnoklassniki.ru

եւ քանի օգտւող ունի Հայաստանում



Նոյեմբեր 29, 2010 21:15
Սոցիալական ցանցերը Հայաստանում, ինչպէս նաեւ ողջ աշխարհում մեծ տարածում ունեն, սակայն այդ ցանցերի կազմակերպիչների մասին տեղեկատւութիւն ստանալը, պարզւում է, այնքան էլ հեշտ չէ։
Մի քանի տարի առաջ Հայասատանում թիւ մէկ սոցիալական կայքը Օdnoklassniki.ru-ն էր։ Սակայն վերջին տւեալներով՝ այն զիջում է Facebook-ին։ Այսպէս՝ Facebook-ից օգտւողների թիւը ներկայում գերացանցում է 100 հազարը։ Facebook-ը գերադասում են հիմնականում մտաւորականներն ու պետծառայողները։ Յատկանշական է, որ Facebook-ում վերջին շրջանում նկատւում են լուսանկարներ, որոնց վրայ կայ Օdnoklassniki.ru կայքի նշումը։
NEWS.am-ը փորձեց նաեւ պարզել, թէ որքան է Օdnoklassniki.ru-ից օգտւողների թիւը Հայաստանում։ Սակայն լրագրողական այս սովորական հարցումը վերաճեց թւաբանական անլուծելի խնդրի։ Մեզ յաջողւեց ճշտել, որ Օdnoklassniki.ru սոցիալական ցանցի ներկայացուցիչը Հայաստանում IT master ընկերութիւնն է, որը հիմնականում զբաղւում է համակարգչային տեխնիկայի, ցանցային եւ ծրագրային ապահովման բիզնեսով։ Սակայն ընկերութեան կայքէջում նշում չկայ այն մասին, որ հանդիսանում են Օdnoklassniki.ru-ի պաշտօնական ներկայացուցիչը։
Երբ զանգեցինք ընկերութիւն՝ չհերքեցին, որ ներկայացնում են Օdnoklassniki.ru-ն։ Բազմաթիւ փորձերից յետոյ ընկերութեան անունից յանձն առաւ հարցերին պատասխանել ոմն երիտասարդ, որն այդպէս էլ չցանկացաւ ներկայանալ։ Նշենք, որ ընկերութեան տնօրէնը Սուրէն Երիցեանն է, որն այդպէս էլ 5 րոպէ չգտաւ հաղորդակցւելու համար:
Ընկերութեան «չբացայայտւած» աշխատակիցը տեղեկացրեց, որ Հայաստանում Օdnoklassniki.ru-ից օգտւում է 30-40 հազար մարդ։ «Սոցիալական ցանցում դրական փոփոխութիւնները նկատելի են եւ օգտւողների ոչ թէ նւազում, այլ աճ է նկատւում, քանի որ Օdnoklassniki.ru-ն աւելի բարելաււում է իր կառուցւածքը»,- ասաց սոյն աշխատակիցը։ Երբ խնդրեցինք ներկայանալ՝ նա յանկարծ հրաժարւեց իր ասածներից, իրեն ներկայացրեց որպէս «սովորական օգտւող»։ Նման անլուրջ վերաբերմունք հազարաւոր քաղաքացիների կողմից սիրւած սոցիալական կայքի ադմինիստրացիայից, անկեղծ ասած, չէինք սպասում:


Լուսինէ Մովսիսեան
Լուրեր Հայաստանից - NEWS.am



ԽՄԲԱԳՐԱԿԱՆ



«Թուրքը մնում է թուրք»,

Եւրոպան՝ առաւել եւս...



29 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2010
1- Հայ-թուրքական յարաբերութիւնների այսպէս ասած սառեցւած գործընթացի շրջանակներում Թուրքիայի նախագահ Գիւլը սոյն թւականի նոյեմբերի սկզբին գրեթէ համահունչ արձագանգեց, երբ նոյն օրերին Շւէյցարիայից վերադարձին յայտարարում էր թէ՝ գործընթացը կարելի է բնութագրել որպէս «լուռ դիւանագիտութիւն....»:

2- Նոյեմբերի կէսերին եւ այս անգամ Թուրքմենստանից վերադարձին Գիւլը միանգամայն շրջադարձային յայտարարութիւն արեց՝ ասելով. «...Այդ խնդրի գծով կապի մէջ եմ Սերժ Սարգսեանի, Ալիեւի, Մեդւեդեւի եւ Պուտինի հետ...»:

Միջանկեալ նշենք, որ հէնց նոյ. 9-10-ին Անկարայում էր գտնւում ԱՄՆ-ի սենատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Ջան Քերին, ով մամլոյ ասուլիսի ընթացքում փորձում էր «պատգամել» թուրք իշխանաւորներին թէ՝ «Այս տարի սենատում Հայոց Ցեղասպանութեան բանաձեւի աջակիցների թիւը բարձրանալու է...»՝ աւելացնելով ու ընդգծելով նաեւ, որ ԱՄՆ-ի համար գերկարեւոր նշանակութիւն ունի Թուրքիայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանական համակարգի տեղակայումը՝ չմոռանալով յիշեցնել միաժամանակ «Իրանի ատոմային սպառնալիքը», դրան գումարելով նաեւ թուրք-իսրայէլական վերջին անախորժութիւնների աննպատակայարմարութիւնը...»:

3- Այժմ, նոյեմբերի վերջին Գիւլն արդէն առաջարկում է, որ Հայաստանի նախագահը կամք ու համարձակութիւն դրսեւորի, որպէսզի գործընթացը իր բարեյաջող աւարտով եզրայանգւի. չմոռանալով, սակայն, յայտնի նախապայմանը՝ հայկական ուժերի դուրսբերումը՝ «ադրբեջանական օկուպացւած տարածքներից»:

4- ՆԱՏՕ-ի տւեալ գագաթաժողովին, ի հեճուկս թուրքական լարախաղացութեան (Թուրքիան իբր խիստ պահանջում էր ՆԱՏՕ-ից, որ իր հակահրթիռային համակարգի սեփական երկրում տեղակայումը չպէտք է որեւէ երկրի (ասել է թէ՝ Իրան, Ռուսաստան) դէմ կիրառւելիք քայլ համարւի, որը, ի դէպ, զաւեշտալի էր բնութագրւում նոյնինքն Թուրքիայի ազգայնական կուսակցապետ Բահչելիի կողմից), այդուհանդերձ՝ ՆԱՏՕ-ականները հաստատում են նախագծւած հռչակագիրը, որում զետեղւած էր Հարաւկովկասեան երկրների լոկ «տարածքային ամբողջականութեան պահպանման» սկզբունքը եւ հակառակ նախորդ տարիների նոյնանման հռչակագրերի՝ զեղչւել էր «ազգերի ինքնորոշման իրաւունքի» սկզբունքը (չի բացառւում, որ Թուրքիա-ՆԱՏՕ սակարկութիւնների արդիւնքում՝ կատարւել է «առ եւ տուր»-ի գործարք՝ հակահրթիռային կայանների տեղակայում՝ ադրբեջանամէտ բանաձեւի դիմաց):

Այստեղից էլ՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ՀՀ նախագահի չմասնակցելը... Իսկ միւս կողմից նոյն գագաթաժողովին մասնակից Ռուսաստանի նախագահ Մեդւեդեւի առաջարկը, որով ՆԱՏՕ-Ռուսաստան հրթիռակայանների օգտագործման խնդրում համատեղ գործակցութեան տարբերակն էր առաջ քաշում, միանշանակ մերժւեց ՆԱՏՕ-ի կողմից:

5- Այս իրադարձութիւնները, սակայն, իրենց յաջորդականութեամբ տեղի են ունենում մօտալուտ՝ դեկտ. 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ-ի վեհաժողովի նախօրեակներին, որտեղ իբր պէտք է նախանշւեն Արցախեան հարցի կարգաւորման շուրջ կողմերի «նորացւած մօտեցումները», այլապէս՝ Գիւլի մատնանշած կամքը՝ ՀՀ նախագահի կողմից, չդրսեւորւելու դէպքում, շրջանը կրկին ականատեսը կը լինի նոր պատերազմի բռնկման... անշուշտ՝ մեղքը բարդելով Հայաստանի վրայ...:

Դա են ապացուցում նաեւ ԵԽԽՎ-ի թուրք նախագահ Չաւուշօղլուի Արցախեան հարցի մասին օրերս բարձրաձայնումներն ու նոյնինքն Գիւլի կողմից ԵԱՀԿ-ի գալիք վեհաժողովում նոր նախագահութեան (թուրք ներկայացուցիչ) առաջադրման մտադրութիւնը:

6- Ահաւասիկ, Գիւլի ասած «լուռ դիւանագիտութիւնը» վերածւել է աղաղակող յոխորտալիքների, որոնց առթիւ այլեւս «թուրքը մնում է թուրք» բնութագիրը անբաւարար կը լինէր: Աւելին՝ դրանով հայկական կողմի ինքնարդարանալու պատրանքով ու «համաշխարհային հանրային կարծիքի առջեւ Հայաստանի դրական իմիջի» խաբկանքով տարւելը մեղմ ասած՝ ի վնաս է լինելու հայոց պետական ու ազգային շահերին:

Ի վերջոյ, համարձակութիւնն ունենանք բարձրաձայնելու, որ «Եւրոպան էլ մնում է Եւրոպա...», ոչ միայն պատմական կտրւածքի փաստացի հայադաւութեամբ, այլեւ՝ այսօրեայ քաղաքական ու դիւանագիտական խաղերի թրքամէտութեամբ...

Անդրադարձան Արցախեան հիմնախնդրին




Նոյեմբեր 29, 2010թ. 19:09
Նոյեմբերի 29-ին Հայաստանի արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանն ընդունեց Հարաւային Կովկասում Եւրոպական Միութեան յատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:
Ամփոփելով Հայաստանի եւրաինտեգրման քաղաքականութեան ընթացիկ տարւայ ձեռքբերումները` կողմերը գոհունակութեամբ նշեցին, որ Հայաստան-Եւրոպական Միութիւն յարաբերութիւնները շարունակում են դինամիկ զարգանալ թէ′ բազմակողմ, թէ′ անդամ երկրների հետ երկկողմ ձեւաչափերով:
Հանդիպման ընթացքում քննարկւեցին դեկտեմբերի սկզբին նախատեսւող Հայաստան – Եւրամիութիւն Խորհրդի նախապատրաստական աշխատանքները, ինչպէս նաեւ Հայաստանի արտգործնախարարի՝ Բրիւսել կատարելիք այցելութեան մանրամասները:
Նախարար Նալբանդեանն ընդգծեց, որ Հայաստանը շարունակելու է գործուն քայլեր ձեռնարկել յարաբերութիւնների առաւել ամրապնդման ուղղութեամբ:
Կողմերը մտքեր փոխանակեցին Արեւելեան գործընկերութիւն ծրագրի համատեքստում Ասոցիացման համաձայնագրի մշակման, Ազատ առեւտրի խորացման եւ համապարփակ համաձայնագրի կնքման, մուտքի արտօնագրերի տրամադրումը դիւրացնելու վերաբերեալ:
Զրուցակիցներն անդրադարձան Արցախեան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումներին:


ArmAr.am

Թռչունների և խոզերի ժանտախտը

Հայաստանում նահանջում է



09:30 • 29.11.10
Հայաստանում ընտանի թռչունների շրջանում ժանտախտ հիւանդութեան տարածումը դադարել է։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ՀՀ գիւղատնտեսութեան նախարարութեան սննդի անվտանգութեան և անասնաբուժական պետական տեսչութեան պետ Գրիշա Բաղիեանը՝ նշելով, որ վերջին օրերին ժանտախտից թռչունների անկման դէպքեր չեն գրանցւել։ Ըստ մասնագէտի՝ այս հիւանդութեան դէմ պատւաստանիւթի պակաս Հայաստանում չկայ, թէև այն այլևս պետպատւէրի շրջանակներում չի յատկացւում գիւղացիներին։ «Գիւղացիներն իրենց միջոցներով են ձեռք են բերում անհրաժեշտ պատւաստանիւթն ու պատւաստում թռչուններին։ Ճգնաժամի պատճառով կառավարութիւնը կենդանիների շրջանում հանդիպող 4 հիւանդութիւնների դէմ օգտագործւող պատւաստանիւթերը հանել է պետպատւէրով յատկացւող պատւաստանիւթերի ցանկից։ Այդ թւում է նաև թռչունների ժանտախտի դէմ պատւաստանիւթը»,- ընդգծեց Բաղիեանը։
Բոլորովին վերջերս թռչունների ժանտախտի դէպքեր էին գրանցւել Գեղարքունիքի, Արագածոտնի և Սիւնիքի մարզերում։ Ըստ Բաղիեանի՝ հիւանդութեան հետևանքով ընկած թռչութիւնների թիւը չնչին է։
Յիշեցնենք, որ Ագրարագիւղացիական միութեան նախագահ Հրաչ Բերբերեանը օրերս մտահոգութիւն էր յայտնել թռչունների ժանտախտի վերաբերեալ՝ նշելով, որ Արարատեան դաշտավայրում այդ հիւանութիւնը տարածւում է, իսկ գիւղնախարարութիւնը հիւանդութեան դէմն առնելու ուղղութեամբ ոչինչ չի ձեռնարկում։
«Էսօր թռչնի համաճարակը հիմնականում փոքր և միջին ֆերմերներին է հարւածել, որոնք իրենց բակում և փոքր գոմերում սահմանափակ թւով թռչուններ են պահում և մի կերպ գոյատևում։ Բայց վտանգ կայ, որ այս հիւանդութիւնը կարող է հարւածել խոշոր թռնաբուծական ֆաբրիկաներին, հետևաբար հիւանդութեան դէմ արդիւնաւէտ պայքար պէտք է մղւի»,- ասել էր Բերբերեանը։ Նա նաև մտահոգութիւն էր յայտնել, որ խոզերի աֆրիկեան ժանտախտ հիւանդութեան տարածման պատճառը նոյնպէս գիւղնախարարութեան անտարբերութեան արդիւնք է. «Երեք տարի է՝ իրենք էդ համաճարակից չե՞ն կարողանում ազատւել։ Եթէ անասնաբոյժն իր տեղում լինի, այդ գիւղում համաճարակ չի լինի»,- ընդգծել էր Հրաչ Բերբերեանը։ Սակայն Գրիշա Բաղիեանը մեզ հաւատացրեց, որ հանրապետութեան տարածքում խոզերի աֆրիկեան ժանտախտի նոր դէպք վերջին ժամանակահատւածում չի գրանցւել։ Չնայած դրան, ռիսկային մարզերում գործում է կարանտինային ռեժիմ, մասնագէտների կողմից համապատասխան կանխարգելիչ աշխատանքներ են տարւում։ «Ամբողջ հանրապետութեան տարածքը աֆրիկեան ժանտախտի վարակակիր է, չի բացառւում, որ հիւանդութիւնը դարձեալ կրկնւի»,- ընդգծեց Բաղեանը։
Նշենք, որ աֆրիկեան ժանտախտից այս տարի խոզերի անկման բազմաթիւ դէպքեր են գրանցւել յատկապէս Տավուշի և Լոռու մարզերում։ Ի տարբերութիւն թռչունների ժանտախտի, խոզերի աֆրիկեան ժանտախտի դէմ համապատասխան պատւաստանիւթ չկայ։ Պայքարի միակ միջոցը հիւանդ կենդանուն սպանդի ենթարկելն ու խորը փոսերում թաղելն է։

Tert.am

Wikileaks.-

Ադրբեջանի առաջին տիկինը՝ պլաստիկ

վիրահատութեան զոհ



Նոյեմբեր 29, 2010 14:46
Գերմանական Der Spiegel հանդէսը հրապարակել է Wikileaks-ի բացայայտումները՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջին տիկնանց վերաբերեալ:
Այսպէս. փաստաթղթերից մէկում, օրինակ, նշւում է, որ Ռուսաստանի առաջին տիկին Սվետլանա Մեդվեդեւան «լարւածութիւն է առաջացնում Մեդվեդեւի եւ Պուտինի ճամբարների միջեւ եւ ագահ բամբասանքների առարկայ դառնում»: Զեկոյցում նշւում է, որ նախագահ Մեդվեդեւի կինն արդէն պաշտօնեաների ցանկ է կազմել, որոնք պէտք է տուժեն «իր ամուսնուն՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին հաւատարիմ չլինելու համար»:
Մէկ այլ փաստաթղթում նշւում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կինը՝ Մեհրաբան Ալիեւան այնքան պլաստիկ վիրահատութիւններ է տարել, որ հեռաւորութեան վրայ նրան կարելի է շփոթել դուստրերից մէկի հետ, իսկ նա հազիւ է կարողանում շարժել դէմքի մկանները»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am



120-ԱՄԵԱՅ ԱՆՇԵՂ ՈՒՂԻՆ

Խանասորի Արշաւանքը



29 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2010
1897 թ. յուլիսի 25-ին Հայ յեղափոխական շարժումն իր տարերքի ամենաբուռն պառթկումն ապրեց: Այդ օրն իրագործւեց Խանասորի արշաւանքը:

Մի քանի ժամւայ ընթացքում Վանում հարիւրաւոր անմեղ հայերի արեան հեղման գործադիր քուրդական մազրիկ ցեղախումբը արեամբ պատժւեց՝ Հ. Յ. Դաշնակցութեան որոշմամբ: Վրիժառու արշաւախմբի կազմակերպմանը լծւած էին ՀՅԴ-ի լաւագոյն գործիչները՝ հրամանատար Վարդանը, նրա օգնական Իշխան Յովսէփ Արղութեանը, սակայն ձեռնարկի յղացողն ու նախապատրաստական աշխատանքների ոգին ու մղիչ ուժն էր հանդիսանում հայդուկապետ Նիկոլ Դումանը:

Խանասորի արշաւանքը զգալի յեղաշրջում առաջացրեց հայ ժողովրդի հոգեբանութեան մէջ եւ մարտական գործողութիւնների նոր ազդակ հանդիսացաւ ազատատենչ երիտասարդութեան ու յեղափոխական ուժերի համար եւ Խանասորի խիզախ արշաւանքը եկաւ հայոց նորագոյն պատմութեան այդ հատու պատասխանը խորհրդանշելու, որ հայ ժողովրդի արեան այդպէս խարդախ ու անարգ հեղումը՝ թուրքական բռնատիրութեան ծառայակոչւած քուրդ մազրիկ ցեղախմբի հրոսակների ձեռքով, անպատասխան եւ անպատիժ չէր կարող մնալ ու չմնաց:


«ԱԼԻՔ»

Wikileaks.-

Էրդողանը՝ թուրք կաշառակեր

պաշտօնեաների ցուցակում



14:41 • 29.11.10
Wikileaks-ի հրապարակած ԱՄՆ պետքարտուղարութեան գաղտնի փաստաթղթերում տեղ են գտել նաև թուրք բարձրաստիճան կաշառակեր պաշտօնեաների անունները։
Անկարայում Միացեալ Նահանգների նախկին դեսպան Էրիկ Էդելմանի կողմից 2004թ. դեկտեմբերի 30-ին պատրաստւած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխաւորած «Արդարութիւն և զարգացում» իշխող կուսակցութեան շարքերում առկայ ապօրինութիւնների մասին փաստաթղթում ասւում է.
«Ինչպէս մեզ տեղեկացրել են «Արդարութիւն և զարգացում» իշխող կուսակցութեան ներկայացուցիչները, մի շարք նախարարական ընտանիքների անդամներ առնչութիւն ունեն շատ լուրջ ապօրինութիւնների հետ։ Օրինակ՝ Էրդողանը միանգամից 8 առանձին հաշւեհամարներ ունի շւէյցարական բանկերում։ Իսկ թրքական կառավարութեան ղեկավարի այն յայտարարութիւնը, թէ ինքն իբր իր ունեցւածքը կուտակել է տղայի հարսանիքի նւէրների հաշւին, իսկ իր չորս զաւակների ուսման վարձերը վճարում է մի թուրք գործարար, ուղղակի մակերեսային են»։
Բացի այդ, հրապարակւած փաստաթղթում նշւում է, որ կաշառակերութեան հետ ամենասերտ կապեր ունեցող թուրք այժմ արդէն նախկին նախարարներից են Աբդուլքադիր Աքսուն, որը զբաղեցնում էր ներքին գործերի նախարարի պաշտօնը, Քիւրշաթ Թիւզմենը, ով զբաղեցնում էր արտաքին առևտրի հարցերով պետնախարարի աթոռը, և «Արդարութիւն և զարգացում» իշխող կուսակցութեան Ստամբուլի գրասենեակի նախկին ղեկավար Մեհմեդ Մուեզզինօղլուն։

Tert.am

Հրազդանի գազանանոցում առիւծը

քրքրել է իրեն կերակրողի ոտքը.

Երիտասարդը արնաքամ է եղել ու մահացել



Նոյեմբեր 29, 2010 10:18
Նոյեմբերի 28-ին ժամը 17:30-ի սահմաններում, Ոստիկանութեան Հրազդանի բաժնում, Հրազդանի քաղաքային հիւանդանոցից ահազանգ է ստացւել այն մասին, որ հիւանդանոցում մահացել է միկրոթաղամասի բնակիչ 21-ամեայ Նւէր Էդիկի Սարգսեանը:
Ինչպէս NEWS.am-ին յայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշեանը, օպերատիւ խումբը պարզել է, որ նա վնասւածքներն ստացել է Հրազադան միկրոթաղամասում գտնւող գազանանոցում առիւծին կեր տալու ժամանակ:
Հրազդանցիների փոխանցմամբ, առիւծին կերակրելու ժամանակ կենդանին յարձակւել է Նւէր Սարգսեանի վրայ եւ ամբողջովին քրքրել նրա ոտքը: Տուժածին շտապ տեղափոխել են հիւանդանոց, սակայն նա արնաքամ է եղել ու մահացել:
Գազանանոցը գտնւում է Կոտայքի մարզի ընդհանուր իրաւասութեան դատարանի Հրազդանի նստավայրի հարեւանութեամբ: Այն պատկանում է Հրազդան քաղաքի միկրոթաղամասի 263 շէնքի 6-րդ բնակարանի բնակիչ Արմէն Միհրանի Աւետիսեանին:
Ոստիկանութեան քննչական գլխաւոր վարչութեան Հրազդանի քննչական բաժնում նիւթեր են նախապատրաստւում:

Լուրեր Հայաստանից - NEWS.am


Wikileaks-ը հրապարակեց գաղտնի փաստաթղթերը.

Ալիևը՝ Հայաստանի, Արցախի,

Մեդվեդևի և Պուտինի

մասին




02:20 • 29.11.10

Wikileaks-ը ժամեր առաջ հրապարակել է Միացեալ Նահանգների պետքարտուղարութեանը պատկանող 250 հազար գաղտնի փաստաթղթեր: Այդ նիւթերի հրապարակման պահին Wikileaks-ը ենթարկւել է հաքերային յարձակման, ինչի մասին կայքը տեղեկացրել է Twitter սոցիալական ցանցի միջոցով: Այդ պատճառով գաղտնի փաստաթղթերը հրապարակւել են բրիտանական Guardian, ամերիկեան New York Times, գերմանական Der Spiegel, իսպանական El Pais և ֆրանսիական Le Monde պարբերականների կայքերում:
ԱՄՆ-ի պետքարտուղարութեանը պատկանող և 2004 թւականից մինչև 2010թ. մարտն ընկած ժամանակահատւածին վերաբերող այդ գաղտնի փաստաթղթերը ինֆորմացիա են պարունակում նաև Թուրքիայի, Իսրայէլի, Իրանի, Ադրբեջանի, Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի և Ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման վերաբերեալ: Այդ տեղեկութիւնները բրիտանական Guardian պարբերականից թուրքերենով իր կայքում տեղադրել է Hurriyet օրաթերթը, և այն որոշ կրճատումներով ներկայացնում ենք ձեր ուշադրութեանը:
2007թ. օգոստոսի 31-ին թւագրւած մի փաստաթղթում նշւում է, որ նոյն թւականի օգոստոսի 17-ին հանդիպել են իսրայէլական Mossad գաղտնի ծառայութեան ղեկավար Մեիր Դագանը և Միացեալ Նահանգների փոխպետքարտուղար Բիլ Բըրնսը: Հանդիպման ընթացքում պաշտօնեաները քննարկել են Մերձաւոր Արևելքում տիրող իրավիճակը և յատկապէս կենտրոնացել են Իրանի խնդրի վրայ: Հանդիպման ընթացքում Բըրնսը և Դագանն անդրադարձել են նաև Թուրքիային: Mossad-ի ղեկավարը ԱՄՆ փոխպետքարտուղարին ասել է, որ Թուրքիայում աստիճանաբար թափ են հաւաքում իսլամիստները և տարակուսել, թէ իրեն աշխարհիկ կարգերի պահապանը համարող թուրքական բանակը մինչև երբ է պատրաստւում լուռ մնալ:
Ինչ վերաբերում է Իրանին, ապա Դագանը յայտարարել է, թէ Իրանում ուժի միջոցով ռեժիմի փոփոխութեան համար անհրաժեշտ է անել աւելին:
2010թ. փետրւարի 25-ին թւագրւած փաստաթղթում տեղ են գտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Միացեալ Նահանգների փոխպետքարտուղար Բիլ Բըրնսի միջև կայացած հանդիպման մանրամասները: Փաստաթղթում նշւում է, որ Ալիևը Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Դմիտրի Մեդվեդևի և վարչապետ Վլադիմիր Պուտինի հասցէին շատ կոպիտ, փողոցային ժարգոնով է արտայայտւում: Նոյն կերպ Ադրբեջանի նախագահը խօսում է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև մեկնարկած բանակցային գործընթացի և Ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման մասին:
Ալիևը Բըրնսին ասում է, թէ ապրիլի 24-ը որպէս դամոկլեան սուր ճոճւում է Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման և Հայ-թրքական մերձեցման գործի գլխին: Բացի այդ, Ալիևն առաջարկում է, որպէսզի Հայ-թրքական գործընթացը քննարկւի ապրիլից յետոյ` Ղարաբաղեան հիմնախնդրի հարցում առաջընթաց ապահովելու համար: Ադրբեջանի նախագահն ԱՄՆ պետքարտուղարին ասում է նաև, որ իրենք պատրաստ են աւելի ճկուն լինել Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում, փոխարէնը Միացեալ Նահանգները պէտք է մեծացնի ճնշումը Հայաստանի վրայ:
Փաստաթղթում նշւում է նաև, որ Ալիևն ասել է, թէ ինքը զգում է, որ Մեդվեդևի և Պուտինի միջև հակասութիւններ կան, և ՌԴ նախագահի ու վարչապետի համար ադրբեջաներենով ասել է. «Երկու գլուխ մէկ կաթսայում չի եփւի»:
Հանդիպման ընթացքում Բըրնսը Միացյալ Նահանգների անունից կարծիք է յայտնում, թէ Հայաստանի և Թուրքիայի միջև յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը քաղաքական հող է նախապատրաստելու Ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման հարցում Երևանի` աւելի ճկուն գործելու համար
Հանդիպման ընթացքում Ալիևը Միացեալ Նահանգների փոխպետքարտուղարին պատմում է Թուրքիայի Էներգետիկայի նախարար Թաներ Եըլդըզի` Ադրբեջանի պետական նաւթային ընկերութեան նախագահին տւած խորհրդի մասին: Ըստ Ալիևի` Եըլդըզն ասել է. «Ինչո՞ւ էք փչացնում ձեր յարաբերութիւնները Ռուսաստանի հետ: Մի՞թէ իրականում Nabucco-ի կարիքն ունենք»:Ինչ վերաբերում է ադրբեջանա-իրանական յարաբերութիւններին, ապա Ալիևը դրանք որակում է լարւած և անկայուն: Ալիևը յայտարարում է նաև, որ Իրանը շարունակում է քաղաքական սադրանքներն Ադրբեջանի դէմ:
Բըրնսի հետ հանդիպման ընթացքում Ալիևը խօսում է նաև Ռուսաստանի հետ կնքւած գազային համաձայնագրի մանրամասների մասին: Ըստ Ալիևը` ադրբեջանական կողմը գնացել է այդ քայլին, որպէսզի թոյլ չտայ Թուրքիային դառնալ էներգետիկ կենտրոն:


Tert.am


Շեր.-

Հայաստանում ես ապշեցի, որ նման եմ

բոլորին, իսկ բոլորն էլ՝ ինձ



Նոյեմբեր 24, 2010 11:18
Ամերիկեան երգչուհի եւ դերասանուհի Շերն իրեն Հայ է համարում: Որքան էլ տարօրինակ է, նա հասկացել է այդ «պարզ» փաստը, երբ ժամանել է Հայաստան:
«Երբ ես եղայ Հայաստանում, գնացի Երեւան հէնց այն ժամանակ, երբ այնտեղ պատերազմ էր: Իմ հայրը Հայ է, բայց ես ծանօթացել եմ նրա հետ, երբ 11 տարեկան էի, այսինքն մինչեւ 11 տարեկանը չեմ իմացել, որ Հայ եմ: Իսկ երբ տեսայ հօրս, նկատեցի, որ մենք շատ նման ենք: Բայց երբ եկայ Հայաստան, ապշեցի, որ նման եմ բոլորին, բոլորն էլ՝ ինձ: Դա ինձ համար բացայայտում էր, այո ես իսկապէս հայուհի եմ»,- ասել է Շերը «Ամերիկայի ձայնին» տւած հարցազրոյցում:
Նրա խօսքով, մինչեւ Հայաստանում լինելն, «արեան կանչը» չի զգացել: «Մեր բեռնատար ինքնաթիռը մարդասիրական օգնութիւն էր տանում մարդկանց: Նրանք վատ վիճակում էին, առանց տանիքի եւ սննդի: Հրաշալի էր, որ ես եղայ Հայաստանում, անգամ կարողացայ օգնել մարդկանց»,- ասել է նա:
Նշենք, որ Շերի իսկական անունն է Շերիլին Լայպեր Սարգսեան:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Թուրք ֆուտբոլասէրների յայտնի Հայազգի
առաջնորդ Ալէն Մարկարեանը
ենթարկւել է զինւած յարձակման
Նոյեմբեր 28, 2010 16:18
Ստամբուլում զինւած յարձակման է ենթարկւել հայազգի Ալէն Մարկարեանը, ով աշխարհում ֆուտբոլի երկրպագուների ամենայայտնի` Բեշիքթաշի Çarşı ակումբի ղեկավարն է, թուրքական ամենամեծ ֆուտբոլային տրիբունայի մարզասէրների ղեկավարը, ամիգօ (երկրպագուներին ոգեւորող եւ շօուն ղեկավարող) եւ սպորտային մեկնաբանն է։
Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝ հայազգի ամիգօ Ալէն Մարկարեանին ատրճանակով 3 տեղից վիրաւորել է Բեշիքթաշի ամիգօներից Հարուն Դուլքարան։ Ըստ տեղեկութիւնների՝ Հարուն Դուլքարան Բեշիքթաշի երկրպագուներից մէկի մօտ Ալէնի հասցէին վիրաւորական արտայայտութիւններ է արել։ Երկրպագուն այն ամէնը ձայնագրել եւ փոխանցել է հայազգի ամիգոյին։ Իմանալով այս մասին, Բեշիքթաշի Çarşı ակումբի անդամները զգուշացրել են Հարուն Դուլքարային չմասնակցել Բեշիքթաշ-Քոնյասփոր հանդիպմանը։
Ալէն Մարկարեանը այս դէպքերի կապակցութեամբ ցանկացել է խօսել Հարուն Դուլքարայի հետ եւ հանդիպել նրա հետ Ուսքյուդարի նաւահանգստում։ Իր խօսակցութեան ձայնագրութիւնը լսելուց յետոյ Հարուն Դուլքարան կատաղել է եւ իր մօտ գտնւող ատրճանակով երեք անգամ կրակել Ալէնի ուղղութեամբ։
Ազդրից եւ ձեռքերից վիրաւորւած Ալէն Մարկարեանը տեղափոխւել է հիւանդանոց, նրա կեանքին վտանգ չի սպառնում։ Հալուն Դուլքարան ձերբակալւել է, ընթանում է հետաքննութիւն։
Նշենք, որ Ալէն Մարկարեանը ծնւել է 1966-ի յունիսի 30-ին Ստամբուլում։ Ղեկավարում է 1982-ին ստեղծւած Բեշիքթաշի ֆուտբոլի եւ բասկետբոլի ակումբների երկրպագուների Çarşı ակումբը, որը աշխարհում յայտնի է՝ տրիբունաներում կազմակերպած իւրօրինակ շօուներով։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

120-ԱՄԵԱՅ ԱՆՇԵՂ ՈՒՂԻՆ




Բանկ Օտտոմանի գրաւումը՝ 14 օգոստ. 1896 թ.





Բանկ Օտտոման գրաւած է

Դաշնակցական կոմիտէն,

Նրա մէջ լեցուցած է

Պայթիչ, խորտակիչ ռումբով:



Սասունի ապստամբութեան հետեւանքով 1895 թւականին տեղի ունեցած հայկական ընդհանուր կոտորածները եւ եւրոպական մեծ տէրութիւնների խոստացած բարենորոգումների ծրագրի գործադրման ձգձգումը ՀՅԴ ղեկավար շրջանակներում առաջացնում են ուժեղ հակահարւածով ցնցել Օսմանեան կայսրութեանն ու եւրոպական խաբուսիկ դիւանագիտութիւնը:Բանկ Օտտոմանի գրաւումը կատարւեց 1896 թ. օգոստ. 14-ին:

Ձեռնարկի ղեկավար եւ մղիչ ուժը Բաբգէն Սիւնին էր, որը գրաւման պահին զոհւում է, իսկ խմբի ընդհանուր ղեկավարութիւնն իր վրայ է վերցնում Արմէն Գարօն:

Բանկ Օտտոմանի գրաւման խիզախ արարքը շշմեցուցիչ ապտակ է հասցնում բռնապետ սուլթանի դիւային կառավարութեանը եւ զգօնութեան հրաւիրում Պոլսի եւրոպական դիւանագիտական շրջանակներին:

Օսմանեան կայսրութեան համար դա մեծ խայտառակութիւն էր, որ մի խումբ հայ յեղափոխականներ օրը ցերեկով յաջողել էին հարւածել սուլթանի կառավարութեան ողնաշարին ու աշխարհով մէկ թնդացնել Հայոց արդար Դատի պահանջատիրութեան վսեմ ձայնը:


«ԱԼԻՔ»

چهارشنبه و پنج‌شنبه مدارس و ادارات دولتي


در تهران، شهر ري و شميرانات تعطيل است



Դիտել Պարսկերէն Բաժնում.–



Լիբանանում ՀՀ դեսպանատունը հանդիպում է

կազմակերպել լիբանանահայ

արւեստագէտների հետ



Նոյեմբերի 23-ին Լիբանանում Հայաստանի դեսպանութեան նախաձեռնութեամբ կազմակերպւել էր հանդիպում լիբանանահայ արւեստագէտների, քանդակագործների, գեղանկարիչների, դիզայներների եւ ցուցասրահների տնօրէնների հետ:
ԱԳՄ մամուլի ծառայութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ հանդիպմանը ողջոյնի խօսքով հանդէս է եկել Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարեանը: Նա կարեւորել է Հայաստան-Սփիւռք գործակցուեան զարգացման եւ ընդլայնման գործընթացը, նշեց, որ ծառացած խնդիրներն ու մարտահրաւէրները կարող են յաղթահարւել միասնաբար եւ համատեղ ջանքերով` համերաշխութեան եւ նւիրւածութեան սկզբունքների հիման վրայ: Դեսպանը ներկաներին տեղեկացրել է, որ Հայկական խաչքարի արւեստը. Խաչքարի խորհուրդը եւ խաչքարագործութիւնը ընդգրկել է ԵՈՒՆԵՍԿՕ-ի մարդկութեան ոչ նիւթական մշակութային ժառանգութեան ցանկի մէջ: Նա ընդգծեց, որ դա հնարաւոր դարձաւ նաեւ աշխարհասփիւռ` մասնաւորապէս Լիբանանի հայ համայնքի ներգրաււածութեան եւ աջակցութեան շնորհիւ:
Այս տարւայ սեպտեմբերին Հայաստանում կայացած «Արւեստը եւ բիզնեսը, արւեստը եւ համացանցը» խորագրով կերպարւեստի գործիչների համահայկական համաժողովի արդիւնքների, ընդունւած որոշումների եւ առաջարկութիւնների մասին զեկուցել են Բէյրութի «Նոյեան Տապան» ցուցասրահի տնօրէն Մովսէս Հերգելեանը եւ ՀՀ ԳԱԱ արւեստի ինստիտուտի տնօրէն դոկտոր - պրոֆեսոր Արարատ Աղասեանը: Այնուհետեւ տեղի է ունեցել մտքերի փոխանակում Հայաստան-Սփիւռք գործակցութեան խորացման, Հայ արւեստաէտների համախմբման եւ հետագայ գործողութիւնների ծրագրի մշակման վերաբերեալ:
Հանդիպմանը ներկայ է եղել նաեւ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ վաստակաւոր ճարտարարպետ, դոկտոր-պրոֆեսոր Մուրադ Հասրաթեանը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am



Կրասնոդարում սպանդ իրականացրած
աւազակախմբի կազմում հայեր կան
13:15 • 27.11.10
Յայտնի է դարձել Կրասնոդարի երկրամասում վերջերս 12 մարդու սպանած աւազակախմբի ողջ կազմը։ Life News–ի տրամադրութեան տակ է յայտնւել երկրամասում կատարւած յանցագործութիւնների մէջ կասկածւող 30 մարդկանց անունները, որոնց թւում են 2 հայեր՝ Սարգսեան Արման Իշխանի (28 տարեկան) և Գէորգեան Գ.Գ։
2010թ. նոյեմբերի 5–ին, Կրասնոդարի երկրամասի Կուշևսկայա աւանի Զելյօնայա փողոցում յայտնաբերւել էր 12 մարդու մարմին, այդ թւում՝ 4 երեխայի։
Նախնական տւեալներով՝ երեխաներից մէկը մահացել էր շմոլ գազի թունաւորումից, իսկ երկրորդին խեղդել էին։ Մնացած 10 հոգին մահացել էին բազմաթիւ կտրած–ծակած վերքերից, ոմանց վրայ եղել էին նաև այրւածքների հետքեր։ Յանցագործութեան հետքերը կոծկելու համար յանցագործներն այրել էին մարմինները։
Սպանւածների թւում են «Ասթոն» ընկերութեան ֆինանսական տնօրէն Վլադիմիր Միրոնենկոն, նրա երկու դուստրերը, կինը և կնոջ ծնողները։
Կուշևսկայա աւանի բնակիչներին կողոպտած ու սպանած խմբաւորման կազմում 30 մարդ է եղել։ Աւազակային խմբաւորման ղեկավարը Սերգէյ Ցեպկոն է. նրա գլխաւորած խմբաւորման անդամները կատարել են աւելի քան հարիւր յանցագործութիւն, այդ թւում՝ գողութիւններ, կողոպուտ, սպանութիւններ, բռնաբարութիւն, մահւան ելքով վթարներ, խուլիգանութիւն։
«Խմբաւորման ակտիւ անդամների մեծ մասն արդէն բազմիցս դատւած է եղել, նրանք շրջապատում յայտնի են համապատասխան մականուններով»,– Life News–ին մեկնաբանել են Կրասնոդարի երկրամասի ուժային գերատեսչութիւնից։Խմբաւորման անդամների դերերը բաշխւել են խիստ աստիճանակարգի համաձայն՝ կախւած իւրաքանչիւր յանցագործի փորձառութիւնից։
Յիշեցնենք, որ փաստի առթիւ քրէական գործ էր յարուցւել՝ ՌԴ ՔՕ 105–րդ յօդւածի 2–րդ մասով՝ երկու և աւելի անձանց սպանութիւն։ Հարցաքննութեան արդիւնքում հետաքննչական մարմինը պարզել է յանցագործութեան կազմակերպչի և նրա մերձաւոր օգնականի ինքնութիւնը։
Նոյեմբերի 14–ին Ռոստովում իր սեփական տանը ձերբակալւել է աւազակախմբի պարագլուխ Սերգէյ Ցապոկը, միաժամանակ՝ Կուշևսկայա աւանում ձերբակալւել է նաև նրա օգնական Սերգէյ Ցեպովեազը։ Նոյեմբերի 20–ին Ռոստովի օդակայանում ձերբակալւել են Եգիպտոսից նոր ժամանած Անդրէյ Բիկովը և Սերգէյ Կարպենկոն, իսկ նոյեմբերի 24–ին յայտնաբերել են աւազակախմբի ևս մէկ անդամի, որը կասկածւում է 45–ամեայ Իգոր Չորնիխի 4 երեխաների սպանութեան մէջ։
Բոլոր ձերբակալւածների համար որպէս խափանման միջոց ընտրւել է 2 ամսով կալանքը, յայտնել է Կուշչևսկի շրջանային դատարանի դատաւորի օգնական Օկսանա Բաշկիրցևան։

Tert.am

Ռուսաստանից Հայաստան է ուղարկւել

348 միլիոն դոլար



Նոյեմբեր 27, 2010 13:47
Կազմւել է ԱՊՀ երկրների վարկանիշային աղիւսակը` դէպի Ռուսաստան եւ Ռուսաստանից ուղարկւող դրամական փոխանցումների ծաւալների վերաբերեալ: 2010 թւականի երրորդ եռամսեակում Ռուսաստանից Հայաստան է փոխանցւել 348 միլիոն դոլար, իսկ մէկ գործարքի միջին գումարը կազմել է 677 դոլար:
Նշենք, որ այդ ցուցանիշով ԱՊՀ երկրների շարքում առաջատարը Ուզբեկստանն է. Ռուսաստանից Ուզբեկստան է ուղարկւել 993 մլն դոլար, մէկ գործարքի միջին գումարը կազմել է 633 դոլար:
Իսկ առաջին տեղում Չինաստանն է (Ռուսաստանից Չինաստան է ուղարկււել 1089 միլիոն դոլար. Մէկ գործարքի միջին գումարը կազմել է 10 366 դոլար):
ԱՊՀ երկրների շարքում երկրորդ տեղում Տաջիկստանն է: Տաջիկները Ռուսաստանից փոխանցել են 756 մլն դոլար, մէկ փոխանցման միջին գումարը կազմել է 404 դոլար:
Այնուհետեւ ցուցակն ունի այս տեսքը. Ուկրաինա (606 մլն դոլար/ 625 դոլար), Հայաստան (348 մլն դոլար/677 դոլար), Ղրղըզստան (334 մլդ դոլար/396 դոլար), Մոլդովա (261 մլն /591 դոլար), Ադրբեջան (252 մլն դոլար/680 դոլար), Ղազախստան (290 մլն դոլար/741 դոլար), Բելառուս (57 մլն դոլար/407 դոլար) եւ Թուրքմենստան (10 մլն դոլար /584 դոլար):
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանից ԱՊՀ երկրներ է փոխանցւել 3 708 մլն դոլար:
Դէպի Ռուսաստան դրամական փոխանցումների ցուցանիշով առաջին տեղում Ղազախստանն է (181 մլն/1.444 դոլար): Այնուհետեւ գալիս է Ուկրաինան (73 մլն դոլար/431 դոլար), Ուզբեկստանը (71 մլն դոլար/1.684 դոլար), Ղրղըզստանը (52 մլն դոլար/1.761 դոլար), Հայաստանը (34 մլն դոլար/1.508 դոլար), Տաջիկստանը (28 մլն դոլար /1.585 դոլար), Ադրբեջանը (23 մլն դոլար /940 դոլար), Բելառուսը (19 մլն դոլար/428 դոլար), Մոլդովան (13 մլն դոլար /839 դոլար), Թուրքմենստան (6 մլն դոլրա/749 դոլար): Ընդհանուր գումարը կազմել է 498 միլիոն դոլար:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

وضعيت هوا درشرايط هشدار

نفس تهران همچنان تنگ است



Դիտել՝ Պարսկերէն Բաժնում.–

Էրդողանը թրքական Պենտագոն է ստեղծում


Նոյեմբեր 27, 2010 17:43

Շուտով Թուրքիայում «Գլխաւոր շտաբ» գրառումը կփոխարինւի «Պաշտպանութեան նախարարութեան շտաբ» բառերով:
Խնդիրն այն է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աշխատում է մի նախագծի վրայ, որը նախատեսում է Թուրքիայի զինւած ուժերի համակարգի ամբողջական փոփոխութիւն: Նախագծի համաձայն, Թուրքիայի Զինւած ուժերի գլխաւոր շտաբն ամբողջութեամբ կչեզոքացւի, իսկ նրա հիման վրայ կստեղծւի պաշտպանութեան նախարարութեան շտաբ:
Salamnews-ի հաղորդամբ, այդ մասին յայտնել է նախագծի կոորդինատորներից մէկը, ով համապատասխան յանձնարարութիւն է ստացել անձամբ վարչապետից:
«Գլխաւոր շտաբի դիրքորոշումը երեք հրամանատարների խնդրով, որոնք անցնում են «Բալոզ» դատական գործով եւ Եւրամիութեան պահանջները, որը վերաբերում է Թուրքիայի ռազմական էլիտայի եւ քաղաքացիական իշխանութիւնների փոխ–յարաբերութիւններին, ստիպել են իշխանութիւններին մէկընդմիշտ վերջ դնել այդ հարցին: Մինչեւ տեխնիկական կողմի լուծումը, հասարակութիւնը չի իմանայ սոյն նախագծի մասին:
Գլխաւոր շտաբի վերակազմակերպումը կարող է աւարտւել մի շարք ռազմական շտաբների եւ ձեռնարկութիւնների պարզեցմամբ:
«Պաշտպանութեան նախարարութեան շտաբի պետը պէտք է ամբողջութեամբ ենթարկւի Թուրքիայի պաշտպանութեան նախարարին: նոր նախագծի քննարկմանը, հնարաւոր է, մասնակցեն նաեւ Գլխաւոր շտաբի ներկայացուցիչները: Բոլորը խօսում են այն մասին, որ Անկարան լրջօրէն մտադիր է Գլխաւոր շտաբը վերակազմաւորել ՊՆ շտաբի: Գլխաւոր շտաբն ամբողջութեամբ պէտք է ենթարկւի կառավարութեանը: Վերակազմաւորումները կվերաբերեն նաեւ Գլխաւոր շտաբի շէնքին եւ կստեղծւի ամերիկեան Պենտագոնի մոդելը»,- ասւած է պարբերականի յօդւածում:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

«Մանկական Եւրատեսիլ 2010»-ի յաղթող

Վլադիմիրը պարգևատրւել է

ՀՀ Նախագահի շնորհակալագրին



Կոմիտասի անւան կամերային երաժշտութեան տանը Նախագահ Սերժ Սարգսեանը հանդիպել է Կոմիտասի 140-ամեակին նւիրւած յոբելեանական տարին եզրափակող երեկոն ունկնդրելու եկած «Մանկական Եւրատեսիլ 2010» երգի մրցոյթում առաջին տեղը զբաղեցրած Վլադիմիր Արզումանեանին և նրա հետ ելոյթ ունեցած պարային խմբի անդամներին:
«Մանկական Եւրատեսիլ 2010»-ում Հայաստանն արժանւոյն ներկայացնելու և փայլուն յաղթանակի համար Հանրապետութեան ղեկավարը Վլադիմիր Արզումանեանին պարգևատրել է ՀՀ Նախագահի շնորհակալագրով:
Այնուհետև Սերժ Սարգսեանը նրան և պարային խմբի անդամներին յանձնել է նւէրներ` մաղթելով, որպէսզի այդ առաջին յաջողութիւնը նրանց կեանքի վերելքի սկիզբը լինի:


ArmAr.am

ԵՄ-ն պատասխան է տւել Բաքւին,

օրինակ բերելով Հայաստանին



Նոյեմբեր 27, 2010 19:16
Ադրբեջանը շատ բան է կորցնում, որ շարունակում է վիզային ռեժիմը Եւրամիութեան քաղաքացիների համար, «Նովոստի Ադրբեջան»-ին յայտարարել է Ադրբեջանում Եւրամիութեան քաղաքականութեան, էկոնոմիկայի, մամուլի եւ տեղեկատւութեան հարցերով բաժնի ղեկավար Ջերոմ Փոնսը:
«Եթէ Ադրբեջանը պարզեցնի վիզային ռեժիմը ԵՄ քաղաքացիների համար, զբօսաշրջիկների հոսքը դէպի Ադրբեջան զգալիօրէն կաւելանայ»,- ասել է նա:
Փոնսի խօսքով, եթէ ԵՄ քաղաքացին ցանկանում է այցելել ու ծանօթանալ Կովկասի տեսրժան վայրերին, նա առանց վիզայի կարող է այցելել միայն Հայաստան ու Վրաստան Որպէսզի տուրիստն այցելի Ադրբեջան, անհրաժեշտ է անցնել վիզայի ստացման գործընթաց:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Թուրքերն աղաւաղել են անգլիացի գրողի

խօսքերը Հայոց Ցեղասպանութեան մասին




13:20 • 27.11.10
Թուրք թարգմանիչն աղաւաղել է անգլիացի գրող Հարի Կունզրուի՝ Հայոց Ցեղասպանութեան մասին խօսքերը։
Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ՝ Ստամբուլում «Եւրոպայի գրողների խորհրդարանի» բացման արարողութեան ժամանակ բրիտանացի գրողը հանդէս է եկել ելոյթով, որի ժամանակ խօսել է «Ակօս» շաբաթաթերթի նահատակւած խմբագրապետ Հրանտ Դինքի, Նոբելեան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուքի, Թուրքիայի ՔՕ 301-րդ յօդւածով նրանց հետապնդման և Հայոց Ցեղասպանութեան մասին։ Բրիտանացի գրողը թուրքական իշխանութիւններին կոչ է արել ՔՕ-ից հանել այդ յօդւածը։
Այնուհետև անգլիացի գրողը Ստամբուլում կազմակերպւած միջոցառման մասին իր տպաւորութիւնները կիսել է բրիտանական Guardian պարբերականի ընթերցողների հետ՝ իր վրդովմունքը յայտնելով հետևեալ հանգամանքի առնչութեամբ։
«Իմ ելոյթի ժամանակ ես գործածել եմ Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը, այնինչ իմ թուրք գործընկերներից մէկը, աղաւաղելով իմ խօսքերը, այն վերածել է «այսպէս կոչւած Հայոց Ցեղասպանութիւն» արտայայտութեան»,– Guardian–ում գրել է Կունզրուն։

Tert.am

Բացւել է գեղանկարիչ Վարդգէս Սուրէնեանցի

150-ամեակին նւիրւած ցուցահանդէսը


Նոյեմբեր 27, 2010 19:10
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանն երէկ` նոյեմբերի 26-ին Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայ է գտնւել Հայ անւանի արւեստագէտ, գեղանկարիչ Վարդգէս Սուրէնեանցի 150-ամեակին նւիրւած յոբելեանական ցուցահանդէսի բացմանը: Նա նաեւ Վարդգէս Սուրէնեանցի յոբելեանի նշումը նախապատրաստող կառավարական յանձնաժողովի նախագահն է:
Նա ասել է. «Սուրէնեանցին կարելի է դասել համաշխարհային արւեստի լաւագոյն գործիչների շարքը: Այդ առումով մեր պետութիւնն ունի լուրջ անելիքներ` ներկայացնելու Սուրէնեանցի ժառանգութիւնն աշխարհին պատշաճ ձեւով, եւ 150-ամեակի նշումը պէտք է լինի Սուրէնեանցի ժառանգութեան միջազգայնացման գործընթացի սկիզբը: Ծանօթանալով Սուրէնեանցի կենսագրութեանը` ինձ համար բացայայտեցի մի շատ զարմանալի հանգամանք. Սուրէնեանցն իր կեանքի ընթացքում ունեցել է ընդամէնը մէկ անհատական ցուցահանդէս` 1901 թ. Բաքւում: Այդ առումով այսօր մեր կողմից կազմակերպւած այս ցուցադրումը բացառիկ է, որովհետեւ իսկապէս մենք փորձել ենք հաւաքագրել մեզ հասանելի բոլոր ստեղծագործութիւնները` հնարաւորութիւն տալով հայ հանդիսատեսին ծանօթանալ դրանց»:
Ցուցահանդէսի շրջանակում ցուցադրւել է Սուրէնեանցի մասին տեսաֆիլմ, ներկայացւել է հեղինակի գրաֆիկական աշխատանքները ներառող գիտական կատալոգ եւ արւեստագէտի` Հայաստանի ազգային պատկերասրահում գտնւող բոլոր գործերը ամփոփ ներկայացնող ալբոմ:
Այնուհետեւ կառավարութեան ղեկավարը շրջել է սրահներով, ծանօթացել նկարչի` ՀՀ տարբեր թանգարաններում պահւող աշխատանքներին: Մասնաւորապէս, ներկայացւած էին Հայաստանի ազգային պատկերասրահի պահոցներից Սուրէնեանցի ողջ հաւաքածուն` աւելի քան 200 ստեղծագործութիւն, ինչպէս նաեւ Եղիշէ Չարենցի անւան գրականութեան եւ արւեստի թանգարանում պահւող արւեստագէտի կեանքին ու գործունէութեանը նւիրւած փաստաթղթեր, նամակներ, ձեռագրեր, գրքի ձեւաւորման էսքիզներ, արխիւային լուսանկարներ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Հայազգի տնտեսագէտը յայտնւել է


աշխարհի 100 ինտելեկտուալների ցանկում




Նոյեմբեր 27, 2010 13:22
Ամերիկեան յայտնի Foreign Policy ամսագրի կողմից ներկայացրած համաշխարհային ինտելեկտուալների 100 հոգանոց ցուցակի մէջ է յայտնւել ստամբուլահայ Տարօն Աջեմօղլուն, ով ներկայումս դասախօսում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։
Թուրքական մամուլը ուշադրութիւն է դարձնում այն հանգամանքի վրայ, որ Foreign Policy-ի ցուցակում 2 Թուրքիայի քաղաքացի կայ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դաւութօղլուն եւ ստամբուլահայ Տարօն Աջեմօղլուն։
NEWS.am-ը աւելի վաղ յայտնել էր, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուն Թուրքիա էր հրաւիրել ԱՄՆ-ի Մասաչուսեթի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագիտութեան պրոֆեսոր, հայազգի Տարօն Աջեմօղլուին։
Milliyet-ի հետ հարցազրոյցի ժամանակ, Տարօն Աջեմօղլուն նշել էր, թէ երբէք Դաւութօղլուի հետ չի հանդիպել, միայն հեռախօսով է հետը խօսել։ «Յոյսով եմ, առաջիկայում Թուրքիա կվերադառնամ եւ նրա հետ մօտիկից կծանօթանամ»-նշել էր հայազգի տնտեսագէտը:
Տարօն Աջեմօղլուն ծնւել է 1967-ին, Ստամբուլում։ 1986-ին աւարտել է Գալաթասարայի աւագ դպրոցը։ Այնուհետ, աւարտել Լոնդոնի «Եորք» համալսարանը եւ դոկտորական պաշտպանել Լոնդոնի Տնտեսագիտութեան դպրոցում։ 1993-ին համալրել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագէտների շարքը՝ 2000-ին ստանալով պրոֆեսորի կոչում։
Տարօն Աջեմօղլուն, IDEAS/RePec տնտեսագիտական վերլուծական կազմակերպութեան կողմից հրապարակւած տւեալների համաձայն, աշխարհում ամենաշատ վկայակոչւող 20 տնտեսագէտների մէջ է մտնում՝ զբաղեցնելով 8-րդ տեղը, երբ Նոբելեան մրցանակի դափնեկիր պրոֆ. Փոլ Կրուգմանը այդ ցուցակում 13-րդ տեղն է։
Լուրեր Հայաստանից - NEWS.am