Որտե՞ղ կանցկացնեն Նոր Տարին

համաշխարհային առաջնորդները



18:10 • 30.12.10
Մարոկօ, Եգիպտոս, Հաւայեան կղզիներ. սրանք արևմտեան տէրութիւնների առաջնորդների համար ծննդեան տօներն անցկացնելու ամենագրաւիչ երկրներն են։
Ինչպէս տեղեկացնում է РБК–ն, տաք երկրներ մեկնած առաջնորդների թւում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին։
Անցեալ հինգշաբթի Ֆրանսիայի նախագահը իր ընտանիքի հետ միասին Ծննդեան տօներին մեկնել էր Մարակէշ՝ Մարոկօի հին մայրաքաղաք։ Պարզւել է, որ այս երկրին նախապատւութիւն են տալիս ֆրանսիացի առաջատար շատ քաղաքական գործիչներ։ Ծննդեան տօնի արձակուրդներն այնտեղ է անցկացնում նաև Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը։
ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբաման կնոջ, երեխաների և նոյնիսկ սիրելի շան հետ ծննդեան տօներին նոյնպէս մեկնել է ծովափ։ Իհարկէ, դրա համար նա ստիպւած չէր երկրից դուրս գալ. Օբաման իր 10-օրեայ հանգիստը անցկացնում է Հաւաեան կղզիներում։ Կղզիներից մէկում նա մեծացել է, և այնտեղ մինչև այժմ ապրում են նրա հարազատները։ Հաւայեան կղզիները ԱՄՆ նախագահի ամենասիրելի հանգստեան վայրերից մէկն է, և նա բազմիցս Սուրբ Ծնունդն այնտեղ է անցկացրել։ Սովորաբար Սպիտակ տան ղեկավարի ընտանիքը հանգստանում է Հոնոլուլուից ոչ հեռու գտնւող փոքր քաղաքում վարձակալած շքեղ դղեակում։
Գերմանացի մի շարք քաղաքական գործիչներ նոյնպէս ընտրել են ծովը և արևը։ Այսպէս, երկրի փոխկանցլեր Գիդո Վեստերվելեն կմեկնի Եգիպտոս։ Իսկ գերմանական գլխաւոր տիկին Անգելա Մերկելը եւրոպացի իր տղամարդ գործընկերներից աւելի սպորտային է գտնւել, և սովորականի նման մեկնել է շւէյցարական Ալպեր լեռնադահուկային սպորտով զբաղւելու։ Արձակուրդների միւս մասը տիկին Մերկելը և նրա ամուսինը աւանդաբար անցկացնում են գերմանական Ուկկերմարկի ամառանոցում։
Միւս քաղաքական գործիչները չեն պատրաստւում բնակավայրից շատ հեռանալ։ Այսպէս, Իսպանիայի վարչապետ Խոզէ Լուիս Սապատերոն Սուրբ Ծնունդը նշել է Մադրիդում ընտանիքի հետ և այնտեղ էլ պատրաստւում է անցկացնել Նոր Տարին։ Էստոնիայի նախագահ Հենդրիկ Իլվեսը և վարչապետ Անդրուս Անսիպը նոյնպէս տօներն անցկացնում են հայրենիքում։ Ըստ ուկրաինական ԶԼՄ–ների՝ երկրի նախագահ Վիկտոր Եանուկովիչը Նոր տարին և ուղղափառների Սուրբ Ծնունդը կանցկացնի Ուկրաինայում իր մեծ ընտանիքի հետ։


Tert.am

Մի՜ վերածէք Ամանորը որկրամոլութեան տօնի.

Իրենց ընտրազանգւածին խորհուրդ են

տալիս ազգի ընտրեալները



Դեկտեմբեր 31, 2010 12:31
Մի՜ վերածէք Ամանորը որկրամոլութեան տօնի. իրենց ընտրազանգւածին խորհուրդ են տալիս ազգի ընտրեալները: Ինչպէս պարզւեց մեր բլից հարցազրոյցների ժամանակ օրէնսդիր մարմնի ներկայացուցիչների հետ, նրանք մեծամասամբ նոր տարւայ սեղանին վերաբերում են անտարբերութեամբ եւ խորհուրդ են տալիս իրենց ընտրողներին չընկնել յատուկ աժիոտաժի մէջ՝ տօնական ուտելիքներ պատրաստելու համար:
Սակայն ազնիւ լինելու համար նշենք, որ արտաքնապէս նրանց տեսքին նայելով դժւար է հաւատալ, որ պատգամաւորները որոշակի արհամարհանքով են վերաբերում ուտելիքներին ընդհանրապէս եւ ամանորեայ կերակրատեսակներին մասնաւորպէս: Իսկ ահա «ձիգ» եւ նիհար «էլեկտորատի» տեսքին նայելով, որը փողոցներով «թափառում է» խորը մտահոգ հայեացքներով, կարելի է դատել, որ ամանորեայ կերակուրներն ամենեւին էլ ընդգրկւած չեն նրանց ամէնօրեայ առաջնահերթային խնդիրների մէջ:
Ամէն դէպքում մենք փորձեցինք պարզել, թէ ամանորեայ ո՞ր կերակրատեսակներն են առաւելապէս նախընտրում, «առանձնայատուկ ախորժակով չտարբերւող» Հայ խորհրդարանականները:
Հարցումների արդիւնքում շքերթի առաջին տեղը գրաւում է աւանդական տոլման: Ընդ որում, մեծ պահանաջարկ ունեն բոլոր տեսակի տոլմաները` թփով, կաղմաբով, բադրիջանով եւ այլն: Տոլմայի սիրահարներն են Հայաստանի հանրապետական կուսակցութեան ներկայացուցիչ Յովհանէս Սահակեանը, ԱԺ փոխխօսնակ Սամւէլ Նիկոյեանը, ով ի դէպ նախընտրում է ամառային տոլմայ:
Ընդ որում, Սամւէլ Նիկոյեանը խոստուանեց, որ նոյնիսկ կարիք չունի մտածելու, թէ որն է իր սիրած կերակրատեսակը:
«Իմ ամենասիրելի ուտեստը տոլման է, որն անփոխարինելի է: Ինձ համար ամէն ինչ սկսում է այդ կերակրատեսակով եւ աւարտւում է դրանով»,- ասաց նա:
Իսկ ահա ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակեանն արդէն երկրորդ տարին շարունակ հաւաստիացնում է, որ անտարբեր է ուտելիքների նկատմամբ: «Ընդհանրապէս նախընտրում եմ սուպեր, իսկ ամանորեայ ուտեստների նկատմամբ անտարբեր եմ, սեղանին մօտենում եմ միայն նրա համար, որպէսզի բերանս ինչ-որ բան գցեմ խմելուց յետոյ, դէ ալկոհոլի ազդեցութիւնը չեզոքացնելու համար»,-խոստուանեց նա:
Իսկ ահա ՀՀԿ-ական Կարինէ Աճեմեանը յատկապես համեղ է պատրաստում հնդկահաւը, եւ ամէն ինչ անում է, որպէսզի այն զարդարի ամանորեայ սեղանը:
Չնայած զբաղւածութեանը, խոհարարական հմտութիւնները չի կորցրել «Օրինաց երկիր» խմբակցութեան նախագահ Հեղինէ Բիշարեանը, ում խօսքից կարելի է ենթադրել, որ գիշերներն անց է կացնում խոհանոցում: «Երկաթէ լէյդիի» ամանորեայ նախընտրութիւնների ցանկում, սակայն, չկայ տոլման: Հեղինէ Բիշարեանն ամենաշատը սիրում է քիւֆթան` պանրով եւ մայոնեզով: Դեսերտները եւս առանձնանում են Բիշարեանի ընտանիքում, քանի որ որպէս դեսերտ նա մատուցում է ոչ թէ աւանդական թխւածքներ, այլ ազգային ղափամայ:
«Սակայն ես անձամբ նախընտրում եմ աղանդեր, այդ պատճառով փորձում եմ ամէն օր թարմ սալաթ պատրաստել իմ հիւրերի համար»,-ասաց Բիշարեանը:
Նա նաեւ նշեց, որ շատ գումար չի ծախսում չրեղէն առնելու համար, քանի որ ամռան ընթացքում նա այնքան է պատրաստում, որ նոյնիսկ բաժանում է բարեկամներին:
«Սակայն այս տարի այդ հարցում ես մի քիչ թերացայ, քանի որ մրգերը շատ թանկ էին»,-վրդոււած նշեց Բիշարեանը:
Ընդհանուր առմամբ Բիշարեանը գլուխ գովեց, որ կարող է պատրաստել բոլոր այն ուտեստները, որոնք յայտնի են մեզ: Ընդ որում նա յայտարարեց, որ չի սիրում Նոր տարին վերածել որկրամոլութեան տօնի:
Զրոյցի ժամանակ նա նաեւ յայտնեց, որ արդէն 13 տարի շարունակ «Օրինաց երկրի» բարձրաստիճան անդամները Ամանորի գիշերը միասին են դիմաւորում:
«Այս տարիների ընացքում այդ աւանդոյթը չի խախտւել: Հաւաքւում ենք 23:00-ին եւ ցրւում առաւօտեան՝ բոլորը կերած, ուրախ, բարձր տրամադրութիւնով»,-խոստովանեց Բիշարեանը` յաւելելով, որ արդէն ժամը 5-ի մօտ ՕԵԿ-ի կերած-խմած անդամները, ովքեր չեն սիրում Նոր տարին վերածել որկրամոլութեան տօնի, նաեւ խաշ են ուտում:
Ամենահամեստը ամանորեայ ուտեստների նախընտրութեան հարցում ընդդիմութեան ներկայացուցիչներն են:
«Ժառանգութիւն» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Մարտիրոսեանը հաւաստիացրեց, որ Ամանորին բոլոր տօնական ուտեստներից նախընտրում է սովորական սպասը: Դէ ինչ, դրա մէջ էլ առաւելութիւն կայ, կարելի է խուսափել ստամոքսի խանգարումներից:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Հրապարակւել է Երևանի տօնական

միջոցառումների ցանկը



18:31 • 31.12.10
Երևանի քաղաքապետարանի տեղեկատւութեան և հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնը հրապարակել է տօնական օրերին նախատեսւած միջոցառումների ժամանակացոյցը։
Ըստ այդմ, Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 31-ից մինչև յունւարի 6-ը Հանրապետութեան հրապարակում նախատեսում է անցկացնել տօնական համերգային ծրագրեր։ Դեկտեմբերի 31-ին ժամը 13:00-ից Հանրապետութեան հրապարակում կմեկնարկի տօնական համերգը` մանկական համոյթների և պարային խմբերի, հեքիաթների հերոսների մասնակցութեամբ։
Երեկոյեան ժամը 23:00-ից կսկսւի տօնական համերգը` էստրադայի աստղերի, պարային խմբերի մասնակցութեամբ, որը ժամը 24:00-ին կուղեկցւի շքեղ հրավառութեամբ: Համերգը կշարունակւի մինչև ուշ գիշեր` ժամը 04:00-ն։
Յունւարի 1-6-ը Հանրապետութեան հրապարակում կանցկացւեն ցերեկային միջոցառումներ` հեքիաթների հերոսների մասնակցութեամբ:
Այդ օրերին երեկոյեան ժամը 18:00-ից 22:00-ն Dj-ները կանցկացնեն տօնական համերգային դիսկոտեկ։
Դեկտեմբերի 6-ից տօնական միջոցառումները մեկնարկել են Ազատութեան հրապարակում: Ժամը 15:00-ից 18:00-ն այստեղ անց են կացւում ցերեկային համերգային ծրագրեր` մանկական համոյթների, պարային խմբերի, անհատ կատարողների մասնակցութեամբ։ Տօնական միջոցառումներն Ազատութեան հրապարակում կշարունակւեն մինչև յունւարի 6-ը:
Սահադաշտի վերածւած Կարապի լճում դեկտեմբերի 30-ից մինչև 2011թ. յունւարի 6-ը կանցկացւեն գեղասահքի տօնական ցերեկային ծրագրեր` Ձմեռ պապի և Ձիւնանուշի մասնակցութեամբ։ Նախատեսւում են խմբակային պարեր հայ և ռուս կոմպոզիտորների երաժշտութիւնների ուղեկցութեամբ, մենապարեր, զուգապարեր, «Բուրատինօ» հեքիաթ-պար` գեղասահքի մարզադպրոցի սաների մասնակցութեամբ։ Օրական 30 րոպէ տևողութեամբ սահադաշտում կանցկացւի նաև հոկէյի մրցաշար:
Tert.am

Թուրքիայում քուրդ լրագրողը դատապարտւել

է 138 տարւայ ազատազրկման



17:35 • 30.12.10
Թուրքական դատարանը 138 տարւայ ազատազրկման է դատապարտել քրդալեզու Azadiya Welat թերթի նախկին պատասխանատու խմբագիր Էմինէ Դեմիրին։ Այս մասին տեղեկացնում է Firat գործակալութիւնը։
Լրատւամիջոցի տեղեկացմամբ՝ դատական նիստը տեղի է ունեցել Դիրաբեքիրի դատարանում, որին ներկայ չի գտնւել Էմինէն։ Դատարանը հրահանգել է կալանաւորել լրագրողին։
Էմինէ Դեմիրը 2008-2009թթ. ընկած ժամանակահատւածում 84 նիւթ է հրապարակել Azadiya Welat պարբերականում, ինչի համար Դիարբեքիրի դատարանը «Քիւրդստանի բանւորական կուսակցութեանն (PKK) անդամակցելու» և «PKK–ի քարոզչութեամբ զբաղւելու» մեղադրանքով 24-ամեայ աղջկան իւրաքանչիւր նիւթի համար մօտ 1,5–ական տարւայ ազատազրկման է դատապարտել։

Tert.am

Վաղը երեկոյեան Երևանում ձեան

փաթիլներ կերևան



12:31 • 30.12.10
Հայաստանի լեռնային շրջանների բնակավայրերի բնակիչներն Ամանորը կդիմաւորեն ձիւնով, իսկ հովտային շրջաններում սպասւող տեղումները կլինեն անձևների տեսքով։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կանխատեսում ներկայացրեց «Հայպետհիդրոմետ» ծառայութեան օպերատիւ հիդր–օդերևութաբանութեան բաժնի պետ Զարուհի Պետրոսեանը։
«Յատկապէս երեխաներին, որոնք շատ–շատ են սպասում ձեան, ասեմ, որ այս գիշեր՝ ժամը 3–4–ից սկսած հանրապետութիւնում տեղումներ կսկսւեն։ Լեռնային շրջաններում դրանք կսկսւեն ձեան տեսքով, այսինքն 1200–1300 մետր բարձրութիւններից վերև սպասւում է ձիւն, իսկ մայրաքաղաքի ցածրադիր վայրերում սպասւում է անձրև»,– ասաց Զարուհի Պետրոսեանը։ Նրա խօսքով, վաղը տեղումներն ընդհատումներով կշարունակւեն։ «Վաղը երեկոյեան՝ ժամը 23–24–ին, արդէն մայրաքաղաքում նոյնպէս կերևան ձեան փաթիլներ, բայց քանի որ գիշերային ջերմաստիճանը շատ ցածր չի, լուրջ ձիւն, կայուն ձեան ծածկոյթ մայրաքաղաքում՝ հովտային շրջաններում, պէտք չէ ակնկալել։ Ուղղակի կտեսնենք ձիւնը մայրաքաղաքում և Արարատեան դաշտավայրում»,– ասաց նա։
Պետրոսեանի խօսքով՝ յունւարի 1–ին՝ օրւայ երկրորդ կէսին, սպասւում է տեղումների դադար։ Ինչ վերաբերում է ջերմաստիճանին, մասնագէտը նշեց, որ դեկտեմբերի 31–ի լոյս յունւարի 1–ի գիշերը ջերմաստիճանը Երևանում կլինի 0–ին մօտ, իսկ յունւարի 2–ի գիշերը սպասւում է ջերմաստիճանի նւազում։ Մինչև յունւարի 6–7–ը տեղումներ չեն սպասւում, սակայն օդի ջերմաստիճանը մի փոքր էլ կնւազի։
Հարցին, թէ առաջիկայում սառնամանիքներ սպասւո՞ւմ են, Զարուհի Պետրոսեանը պատասխանեց. «Այս տարւայ յունւարին ակնկալւում է նորմային մօտ ջերմաստիճան, նման յունւարներ շատ են եղել։ Յունւար ամսւայ կտրւածքով և առաջիկայ տասն օրերի ընթացքում շատ ցուրտ չի լինի։ 10–12 աստիճան ցուրտը բաւականին բնութագրական ջերմաստիճան է Արարատեան դաշտի և մայրաքաղաքի համար այս ժամանակահատւածում»։
Մասնագէտը նշեց, որ յունւարի 1–ի գիշերը մայրաքաղաքում սպասւող ձիւնը ցածր ջերմաստիճանի պատճառով կհալւի՝ վերածւելով սառոյցի։ «Այս երևոյթը մի վտանգ ունի, որ առաւօտւայ ժամերին գետինը սառչելու է և բաւականին վտանգաւոր է լինելու երթևեկութեան համար։ Այս իմաստով ես ուզում եմ բոլորի ուշադրութիւնը հրաւիրել այս հանգամանքի վրայ, որպէսզի յատկապէս վարորդներն ուշադիր լինեն»,– խորհուրդ տւեց «Հայպետհիդրոմետի» աշխատակիցը։

Tert.am

WIKILEAKS-Ը ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄ Է

ՀԱՅ - ԹՐՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ

ԱՌՆՉՒՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ



Շւէյցարիայի իշխանութիւնները, նախ եւ առաջ` արտգործնախարար Միշլին Քալմի-Ռեյը, Հայ - թրքական հաշտեցման գործընթացն ու երկկողմ արձանագրութիւնների ստորագրումն ընկալում էին որպէս պաշտօնական Բեռնի միջնորդական ջանքերի լուրջ յաջողութեան վկայութիւն: Այդ է վկայում WikiLeaks կայքում զետեղւած գաղտնի նամակը, որը 2009-ի հոկտեմբերի 8-ին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին գրել է Բեռնում Միացեալ Նահանգների դեսպան Դոնալդ Բեյերը:
Ցիւրիխեան արձանագրութիւնների ստորագրման նախօրէին գրւած այս ուղերձում ասւած է. - «Ես եւ Բեռնի դեսպանութեան ողջ աշխատակազմը անհամբերութեամբ ենք սպասում ձեր այցին: Այն, ըստ ամենայնի, նշանակալի իրադարձութիւն կդառնայ Հայ - թրքական յարաբերութիւնների կարգաւորման ճանապարհին, ինչն էլ, իր հերթին, կնպաստի Եւրատլանտեան անվտանգութեան համակարգի ամրապնդմանը»:
Ամերիկացի դեսպանը յատուկ ընդգծում է այն կարեւոր միջնորդական դերակատարութիւնը, որ պաշտօնական Երեւանի եւ Անկարայի շփումներում ստանձնել էր Շւէյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավար Միշլին Քալմի-Ռեյը:
«Տիկին Քալմի-Ռեյն այսօր իրեն բաւական վստահ է զգում, ինչը վերջին շրջանում արձանագրւած մի շարք արտաքին քաղաքական յաջողութիւնների արդիւնք է: Խօսքը շւէյցարական UBS բանկի եւ Միացեալ Նահանգների արդարադատութեան նախարարութեան միջեւ ձեռք բերւած համաձայնութեան, ինչպէս նաեւ Ժնեւում կազմակերպւած բանակցութիւնների մասին է, որոնց մասնակցեցին Իրանի, ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի մշտական անդամ հինգ պետութիւնների եւ Գերմանիայի ներկայացուցիչները: Այդ յաջողութիւնների թւին կարելի է դասել նաեւ Հայ - թրքական արձանագրութիւնների` հոկտեմբերի 10-ին Ցիւրիխում կայանալիք ստորագրումը, որն ուղի է հարթելու երկու պետութիւնների միջեւ յարաբերութիւնների կարգաւորման համար», - նշել է դեսպան Բեյերը` խորհուրդ տալով, սակայն, չանտեսել ներքաղաքական այն հնչեղութիւնը, որին արժանանում են Շւէյցարիայի արտգործնախարարի քայլերը:
«Թէեւ Քալմի-Ռեյը յաջողութիւնները տօնելու բաւարար պատճառներ ունի, այնուհանդերձ, նախարարի արտաքին քաղաքական ակտիւութիւնը Շւէյցարիայի քաղաքական դաշտում միանշանակ չի ընկալւում: Նման վերաբերմունքը, ըստ ամենայնի, շւէյցարական չեզոքութեան բազմադարեայ աւանդոյթի արդիւնքն է: Երբ խօսքը Շյցարիայի` որպէս միջնորդ պետութեան ներուժի կիրառմանն է վերաբերում, ինչպէս, օրինակ, Հայ - թրքական գործընթացի պարագայում է, ապա հանրային աջակցութիւնը երկրի ներսում բաւական ուժեղ է: Բայց աւելի «բարդ» դէպքերում Քալմի-Ռեյի տեսակէտները շւէյցարական հանրութեան լայն աջակցութեանը չեն արժանանում», - նշում է ամերիկացի դիւանագէտը` մասնաւորապէս յիշեցնելով այն ակտիւ աջակցութեան մասին, որ ցուցաբերեց Շւէյցարիայի արտաքին գործերի նախարարը Կոզովոյի անկախացման ընթացքում:

Գէորգ Ստամբոլցեան
«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»

Thursday, December 30, 2010

Վստահել Աստծուն

Վստահել Աստծուն



30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2010
ԲԱԲԳԷՆ ԵՊՍ. ՉԱՐԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Ողջո՜յն հայրական դարաւոր Սուրբ Ամենափրկչեան վանքից՝ Ամանորի առթիւ:Մի նոր տարի՝ 2011 թւական...Մի նոր պատմութեան էջ է բացւում իւրաքանչիւրիս դիմաց: Ի՞նչ է գրւելու այդ նոր էջերի մէջ: Ինչպիսի՞ ապրելակերպ, ինչպիսի՞ մտածելակերպ, ինչպիսի՞ վերաբերմունք, ինչպիսի՞ դէպքեր եւ ինչպիսի՞ նոր իրագործումներ...Պէ՞տք է մտահոգւենք այս բոլորի համար, պէ՞տք է վախենանք մեր դիմաց բացւող նոր տարւայ համար, գալիք կեանքի համար:
Եթէ քրիստոնեայ ենք, կարիք չունենք մտահոգւելու, որովհետեւ մտահոգւելը թերահաւատութեան դրսեւորում է: Յիսուսն ասում է. «Մի՛ մտահոգւէք ձեր կեանքի համար, թէ ինչ էք ուտելու, եւ ո՛չ էլ ձեր մարմնի համար, թէ ինչ էք հագնելու, որովհետեւ կեանքն աւելի կարեւոր է քան՝ ուտելիքը եւ մարմինն աւելի կարեւոր է, քան՝ հագուստը» (Ղկ. 12:22-23): Չմտահոգւել, հոգ չանել կեանքի համար չի՛ նշանակում չծրագրաւորել, չի՛ նշանակում ապագային չնայել, չի՛ նշանակում չաշխատել, չստեղծագործել եւ չգոյատեւել:
Ճի՛շտ է, Աստւած կերակրում է թռչուններին, սակայն նրանք պէտք է գնան եւ փնտրտուք կատարեն: Աստւած նոյնպէս մարդուն կերակրում է, հանապազօրեայ հացն է տալիս, սակայն մարդն էլ պէտք է մտածի, աշխատի, մշակի, կառուցի, ստեղծագործի եւ գոյատեւի: Յիսուսն ասաց. «Աստւած ձեզ կերակուր եւ հագուստ է տալիս»: Հաւատո՞ւմ ենք դրան: Նա ասաց. «Եկէ՛ք Ինձ մօտ դուք՝ բոլորդ, յոգնածներ եւ բեռնաւորւածներ, եւ Ես հանգիստ կը տամ ձեզ» (Մտթ. 11:28): Հաւատո՞ւմ ենք: Տակաւին Նա ասում է. «Ով որ խմի այն ջրից, որ ես կը տամ նրան, յաւիտեան չի ծարաւի»: Հաւատո՞ւմ ենք: Արդեօք մեր մէջ հոսո՞ւմ է այդ կենսատու ջուրը, թէ պարզապէս թերահաւատներ ենք:
Վախենո՞ւմ ենք գալիքից եւ կեանքից:Պէտք է շարունակ յուսալ, վստահել եւ հաւատալ:Մարդկային իւրաքանչիւր կեանք Աստծու ամենատես աչքի հսկողութեան տակ է: Աստւած սիրող Հայր է: Նա թոյլ չի տայ, որ չարութեան մէջ ընկնենք, չարը խափանի մեզ. «Աստւած բարու համար գործակից է լինում նրանց՝ ովքեր սիրում են Իրեն» (Հռ. 8:28): Հոգ չանել վաղւայ համար, հագուստկապուստի համար, ուտելիքի համար նշանակում է՝ թերահաւատ չլինել, այլ վստահել եւ հաւատալ ճշմարիտ Աստծուն: Մենք պէտք է քաջ գիտակցենք, որ ճշմարիտ Աստծու զաւակներն ենք եւ Աստւած մեր բոլորի հայրն է՝ Իր անհուն սիրով, զօրութեամբ եւ իմաստութեամբ: Առանց Աստծու գիտութեան՝ ոչ մի ճնճղուկ գետին չի ընկնում: Մեր գլխի ամէն մի մազն անգամ հաշււած է Նրա կողմից: Հետեւաբար՝ նշանակում է, որ Աստւած գիտէ մեր բոլոր կարիքները:
Մի խօսքով՝ հոգ չանել, չմտահոգւել վաղւայ համար նշանակում է, որ Աստւած խոստացել է մեր բոլոր կարիքները հոգալ, եթէ մենք վստահենք ու փնտրենք Նրան: Վստահե՛նք Աստծու սիրոյն եւ հաւատարմութեանը։ Սիրե՛նք Նրան ամբողջ հոգով, սրտով, մտքով ու զօրութեամբ: Մի խօսքով՝ մեր նոր կեանքը Քրիստոսի կեանքին պէտք է նմանւի:Ահա՛ թէ ինչու իւրաքանչիւր մարդ այսօր հարց պէտք է տայ ինքն իրեն, թէ ո՛ւր է Քրիստոսը՝ մեր կեանքում:Ամանորի այս օրերում ազգովի պէտք է հարց տանք՝ որքանո՞վ Քրիստոսի ներկայութիւնն զգացւում է մեր կեանքում, որքանո՞վ փնտրում ու վստահում ենք Նրան:

* * *

Մարդը եսակենտրոն, ինքնակենտրոն էակ չէ. նա պէ՛տք է մտածի իր նմանի մասին, ընկերոջ մասին, հարազատի մասին, տկարի մասին, հիւանդի մասին, կարօտեալի մասին եւ պէ՛տք է աղօթի նրանց համար, որպէսզի Աստւած նրանց քաջառողջ կեանք եւ հոգեկան խաղաղութիւն ու անդորրութիւն պարգեւի:Հարկ է նման հանգրւանում յիշել նաեւ մեզանից առյաւէտ բաժանւած բոլոր ննջեցեալներին եւ աղօթել նրանց հոգիների խաղաղութեան համար:
Նրանք, ովքեր անցեալ տարի մեզ հետ էին ու այսօր չկան:Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը 2011 թւականը հռչակել է Հայ մանուկի տարի: Արդարեւ, մի նոր աշխատանքի տարի է բացւել մեր բոլորի առաջ: Մանուկները միշտ վաղւայ յոյսն են, ապագան են:
Եթէ ուզում ենք, որ մեր ընտանիքները առողջ լինեն, մեր դպրոցները լուսաւոր լինեն, մեր եկեղեցիները պայծառ լինեն, մեր հայրենիքը հզօր լինի ու մեր ազգը գոյատեւի, պէտք է հոգատար լինենք մանուկների նկատմամբ՝ միշտ Քրիստոսի պատգամին հետեւելով. «Թոյլ տւէք այդ մանուկներին, որ ինձ մօտ գան, մի արգելէք նրանց, որովհետեւ այդպիսիներինն է Երկնքի Արքայութիւնը»: (Մտթ. 19:14) Հետեւաբար՝ խնամե՛նք, դաստիարակե՛նք (հոգեւոր, բարոյական մշակութային եւ ազգային արժէքներով), պաշտպանե՛նք եւ գուրգուրա՛նք՝ յատուկ սէր տածելով մեր մանուկների նկատմամբ:Թող Ամանորը մի նոր լուսաւոր ճանապարհ բացի իւրաքանչիւր հայի եւ յատկապէս իւրաքանչիւր հայ մանուկի համար:
Ձեզ բոլորին մաղթում եմ առողջութեամբ, երջանկութեամբ, յաջողութեամբ եւ բարիքներով լեցուն մի տարի:Շնորհաւոր Նոր տարի եւ Ս. Ծնունդ:

26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,
2010ՆՈՐ ՋՈՒՂԱ

«ԱԼԻՔ»

2011-ին ընդառաջ


Ամփոփելով 2010-ը պէտք է նկատել, որ այն ՀՀ-ի համար հերթական լճացման տարի էր՝ նման բրեժնեւեան շրջանի մառազմին։ Ներքին ու արտաքին կեանքում համատարած ձախողումներ էին, իսկ ձեռքբերումներն ի հեճուկս վարչակազմի էր։
Օրինակ՝ Հայաստանին յաջողւեց մասամբ դուրս գալ «նախաձեռնողական» որակւած դիւանագիտութեան տակից, բայց դա ոչ թէ Սերժ Սարգսեանի, այլ արտաքին ինչ-ինչ հանգամանքների և Ալիև-Էրդողան զոյգի յիմարութեան ու ագահութեան շնորհիւ։ Թէ չէ Սարգսեանին որ մնար՝ նա իր «ֆուտբոլասիրութեամբ» Հայաստանն ակամայից կդարձնէր թուրք-ադրբեջանական «պռախադնոյ դվոռ», և մենք այսօր ոչ թէ Նոր տարի, այլ, ասենք, Բայրամ կանէինք։
Ինչ վերաբերում է Սարգսեանի «մէկ օլիգարխի տնտեսութեան» կառուցմանը միտւած «նախաձեռնողականութեանը», ապա այն թափ է հաւաքում ու նորանոր աւերածութիւններ գործում մեր երկրում։
Վատ պարողներին խանգարող «հանգամանքները»
Վագրի տարին աւարտւեց հաւի ձւի շուկայում տիրող ճգնաժամով, և ինչպէս սովետական ժամանակաշրջանում էր լինում՝ հեռուստատեսութեամբ հիմա ցոյց է տրւում, թէ ձւի պլանը գերակատարվել է, այն է՝ որևէ խնդիր չկայ, բայց մարդիկ խանութներից կա՛մ չեն կարողանում հաւկիթ գնել, կա՛մ էլ հայաստանեան հաւերի ածած ձուն, պատկերաւոր ասած, արդէն ոսկու գնի է հաւասարւել։
Ընդհանուր առմամբ գնահատելով Սերժ Սարգսեանի և Տիգրան Սարգսեանի վարած տնտեսական քաղաքականութիւնը՝ կարելի է երկու պաշտօնական ցուցանիշ ներկայացնել, որոնք շատ խօսուն են։ Այդ ցուցանիշներն են՝ Հայաստան ժամանողների և այստեղից մեկնողների բացասական հաշւեկշիռը (շուրջ 60 000 մարդ) և ինֆլեացիան (մօտ 10%)։ Սա՛ է ՀՀ իշխանութիւնների որդեգրած տնտեսական քաղաքականութեան իրական գնահատականը։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի Կառավարութիւնը շատ վատ է աշխատել, իսկ Կենտրոնական բանկը խախտել է ՀՀ Սահմանադրութեան համապատասխան նորմը և չի ապահովել գների կայունութիւնը, բայց նման երևոյթները Սերժ Սարգսեանի համար, բնականաբար, չեն դառնում անընդունելի և անհանդուրժելի, քանի որ հէնց ի՛նքն է այդ անհանդուրժելի ու անընդունելի երևոյթների թիւ 1 ճարտարապետն ու պատասխանատուն։
Իրականութիւնն այն է, որ ՀՀԿ «ճկուն» ղեկավարի համար անհանդուրժելի ու անընդունելի են միայն այն երևոյթները, որոնք անձամբ իր ֆինանսատնտեսական ու աթոռային շահերի դէմ են։ Մնացած դէպքերում անհանդուրժելի երևոյթները խրախուսւում են։ Օրինակներ որքան ուզէք։
Այսպէս. երկրի արտաքին պարտքը երկու տարում կրկնապատկւում է, իսկ բերւած վարկերը, մեղմ ասած, անարդիւնաւէտ են օգտագործւում, բայց «տիրացուն» շարունակում է «Հայկական աշխարհ» կառուցել՝ ձեռքի հետ յաղթահարելով սեփական շրջապատի ֆինանսատնտեսական ճգնաժամը։ Այս ամէնը ոչ միայն անհանդուրժելի չի դառնում, այլ ոմանց ախորժակը ուտելիս է բացւում. յաջորդ տարի նախատեսւում է Հայաստանի արտաքին պարտքը հասցնել 4,2 միլիարդ դոլարի։ Այսինքն՝ արտաքին տնտեսական «նախաձեռնողականութիւնը» շարունակւելու է։
Մենք երկրորդ տարին անընդմէջ տնտեսական անկում ենք արձանագրում (այս տարւայ 2%-ից մի փոքր աւել ՀՆԱ աճն անւանական է, քանի որ կայ երկնիշ ինֆլեացիա), բայց վարչապետն ինքնագոհ շարունակում է non stop ռեժիմով հարցազրոյցներ տալ ու դեմագոգիայի շքահանդէս կազմակերպել։
Ի դէպ, շատ խորհրդանշական էր, որ Տ. Սարգսեանի՛ գլխաւորած կառավարութիւնը բախւեց ձւի խնդրի հետ։ Մի փոքր վերափոխելով յայտնի ասացւածքը՝ կարող ենք արձանագրել, որ վատ «պարող» կառավարութեանը նոյնիսկ ձւի շուկան է խանգարում։
Ալիևը՝ ՀՀ անվտանգութեան երաշխաւոր
Հայ-թրքական գործընթացը, որը սահուն կերպով վերածւել էր Հայաստանի վրայ Ղարաբաղի հարցով ճնշումներ բանեցնելու մեխանիզմի, Իլհամ Ալիևի անհեռատեսութեան ու նաւթադոլարների հոտից առաջացած խելապակասութեան շնորհիւ գրողի ծոցն ուղարկւեց, ինչի համար պէտք է շնորհակալ լինել մեր հարևան երկրի ղեկավարին։
Չլինէին Ալիևի ճնշումները Թուրքիայի վրայ՝ մենք ականատեսն էինք լինելու անդառնալի «ֆուտբոլի», որի յամառ նախաձեռնողն էր դարձել Սերժ Սարգսեանը և որը ողջունում էր Սարգսեանի աթոռային մրցակից Լևոն Տէր-Պետրոսեանը։
Փաստօրէն՝ Իլհամ Հէյդարիչի հայամէտ դիրքորոշման շնորհիւ «ֆուտբոլային» դիւանագիտութիւնը չբերեց Հայաստանի անվտանգութեան կորստին, իսկ Սարգսեանի «նախաձեռնողականութ»եան» շնորհիւ հիմնովին արժէզրկւեց «Առանց Ղարաբաղեան հակամարտութեան եւ Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման Հայաստանն անվտանգութեան, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելաւման հեռանկար չունի, անկախ այն հանգամանքից, թէ ում ձեռքում կլինի իշխանութեան ղեկը» գաղափարախօսութիւնը և խաղից դուրս մնացին այդ գաղափարախօսութեան կրող ուժերը, ովքեր ներքաղաքական պայքարում յոյսը դրել էին Հայաստանի համար արտաքին անբարենպաստ զարգացումների վրայ՝ «Հեսա Ղարաբաղը կյանձնեն ու մենք կգանք իշխանութեան» թեմայով։
Տապալւելով «ֆուտբոլային» դիւանագիտութեան մէջ՝ Սերժ Սարգսեանը տապալեց նաև Հայ ազգային կոնգրէսում փոքրամասնութիւն կազմող «սերգոջանական» թևին, ինչի համար պէտք է շնորհակալ լինել անընդունելի և անհանդուրժելի Սերժ Սարգսեանից։ Բայց հասկանալի է, որ ՀՀ անվտանգութիւնը և զարգացումը չի կարող յաւերժ կախւած լինել ալիևների կամ էրդողանների, կներէք արտայայտութեանս, էշութիւնից և Սարգսեանի «հայրենասիրական» պոռթկումներից։ Մեր ճակատագիրը մե՛նք պէտք է տնօրինենք, այլ ոչ թէ հույս ունենանք, որ Ալիևն էլի մեզ կփրկի։ Դրա համար հարկաւոր է լցնել ներքաղաքական դաշտի վակուումը և գնալ համակարգային փոփոխութիւնների՝ նախապէս, իհարկէ, լուծելով իշխանափոխութեան հարցը։
2011-ն այդ առումով շատ կարևոր տարի է՝ նախապատրաստական աշխատանքների տարի։ Անհրաժեշտ է քաղաքական ուժերի և անհատների լայն կոնսոլիդացիայ ապահովել, և կառուցել Նոր Հայաստան։
Բոլորիս մաղթում եմ, որ 2011-ը լինի պայքարի ու յաղթանակի նախապատրաստման տարի։


Անդրանիկ Թևանեան

70r.am

Նոր տարւայ սեղանի համար դեռ ոչինչ չեմ գնել,


սպասում եմ աշխատավարձիս, ստանամ,


տեսնեմ՝ ինչ եմ անում





Դեկտեմբեր 30, 2010 10:44
Նոր տարւան մէկ օր է մնացել, սակայն մայրաքաղաքի մթերային խանութների աժիոտաժը նախորդ տարւայ խառնաշփոթի հետ չես համեմատի։ Այս տարի հայաստանցիները կարծես չեն շտապում րոպէ առաջ աւարտել իրենց ամանորեայ գնումները, նայում են ապրանքների բաձր գներին ու մի տեսակ «քոռ ու փոշման» հեռանում խանութներից։
Ինչեւէ, պարզելու համար, թէ ինչպէս են պատրաստւում դիմաւորել Նոր տարին մեր համաքաղաքացիները, Նոր տարւայ գնումների ո՞ր մասն են հասցրել անել եւ ի՞նչ են, առհասարակ, ունենալու իրենց ամանորեայ սեղաններին, NEWS.am-ի թղթակիցը փոքրիկ հարցում անցկացրեց Երեւանի փողոցներում։
Ինչպէս պարզւեց, ամանորեայ ուտեստների առաջատարը եւ Նոր տարւայ սեղանի «զարդը», սպասւածի նման, աւանդական բուդն է, որից հայերս ոչ մի կերպ, այնուամենայնիւ, չենք կարողանում հրաժարւել։
«Այս տարի ամէն ինչի գները շատ թանկ են, բայց ինչ անենք, սովորել ենք։ Նեղութիւն տալով է, պարտքով է, մէկ է, Նոր տարւայ սեղանին խոզի բուդ անպայման դնելու ենք, թէ չէ առանց դրա սեղանը մի տեսակ դատարկ է երեւում, ճոխ չի լինում»,- նշեց մի կին։ Մէկ ուրիշ անցորդ էլ նկատեց, որ թէպետ դէմ է Նոր տարին «հայաւարի», ծանրումեծ դիմաւորելու սովորութեանը, այնուամենայնիւ իրեն եւս այլ բան չի մնում, քան ամէն ինչ անել «ընդունւած կարգի համաձայն»։ «Դեռ ոչինչ չեմ գնել։ Սպասում եմ աշխատավարձիս, ստանամ, տեսնեմ՝ ինչ եմ անում։ Բուդը բացառւում է, հաստատ չեմ գնելու, բայց գիտեմ, որ միջին սեղան ունենալու համար մօտ 200 հազար դրամ, այսպէս թէ այնպէս, կծախսեմ։ Ոչ ոքի զարմացնելու ոչինչ չունեմ, ինձ չեմ «կոտորելու»,- ասաց նա։
Մի տղամարդ էլ ասաց, որ Ամանորի գնումների առումով ինքն իրեն սահմանափակումների մէջ չի դնում եւ ծախսում է այնքան, ինչքան սիրտն ուզում է։
Հետաքրքիր է, որ ամանորեայ սեղանի ճոխութեանը մեծ տեղ են տալիս նաեւ երիտասարդները։ Մի 18-20 տարեկան աղջիկ, օրինակ, ամենայն լրջութեամբ նկատեց, որ «Նոր տարւայ սեղանի ճոխութեան համար աւանդական խոզի բուդը պարտադիր է»։ Նոյն կարծիքն արտայայտեց նաեւ նրա ընկերուհին։
Մէկ այլ երեւանցի էլ նշեց, որ մինչ դեկտեմբերի 25-ը ինքը 150 հազար դրամ արդէն իսկ ծախսել է։ «Երեւի մի 50 հազար էլ դեռ կծախսեմ եւ դրանով կսահմանափակւեմ»,- ասաց նա։
Հարցւածներից միայն երկու-երեք հոգի նշեցին, որ Նոր տարին դիմաւորելու են համեստ ու զուսպ՝ առանց աւելորդութիւնների։ «Ի վերջոյ, այս կեանքում ուտելն ամենակարեւորը չէ։ Պարզապէս պէտք է ուրախանալ, տօնը նշել եւ ոչ թէ կենտրոնանալ ուտելու վրայ»,- ասաց մի կին՝ աւելացնելով, որ մեծ գումարներ արժէ ծախսել ճամփորդութիւնների, ուսման եւ հետաքրքիր գրքեր գնելու, բայց ոչ երբեք Նոր տարին ճոխ նշելու վրայ։ Մէկ ուրիշ կին էլ ասաց, որ այս տարի Նոր տարին դիմաւորելու է ընկերների հետ. «Մենք պարզապէս խորուած կուտենք եւ վերջ։ Կարեւորն ընկերութիւնն է»։
Հարցին, թէ ի՞նչ սպասելիքներ ունեն մեր համաքաղաքացիները գալիք Նապաստակի տարւանից, հարցւածներից գրեթէ բոլորն էլ նշեցին, որ մեծ յոյսերով են դիմաւորելու 2011-ը։ «Կարեւորը, որ գալիք տարում ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն։ Մնացած ամէն ինչ մարդու համար է. մի օր լաւ կլինի, մի օր՝ վատ»,- նշեց նրանցից մէկը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Հայդուկի Նոր տարին



ԱՒԵՏԻՍ ԱՀԱՐՈՆԵԱՆ
Լո՛ւռ. մի մրմնջար. քայլիր հանդարտ, ընկեր, տղամարդի կրծքից թռած հառաչը ժպիտ է բերում չար բախտի դէմքին։ Ձիւնոտ այս լեռը պիտի անց կենանք, չէ՞ միւս կողմից է բերում մեզ քամին ողբ ու հառաչի աղեխարշ ձայներ. այնտեղ կասես ձորերն են տնքում. սղմիր հրացանդ թարմ վէրքի վրայ, պի՛նդ, պի՛նդ, եւ առաջ քայլենք։ Նոր տարին մօտ է. չլինի՛ թէ նա հասնի եւ մեզ թոյլ, ընկճւած, յուսահատ տեսնի։
Տե՜ս, երբ այն սիրուն աստղը պլպլան այն բարձր լեռան կատարին հասնի, ա՛յ, այն ժամանակ Նոր տարի կը լինի…Վերելքը ծանր է, մեր ճամբան երկար, բայց շատ ենք անցել։ Լո՜ւռ քայլիր, ընկեր. առաջդ լա՛ւ նայիր. ձեանը չհաւատաս. ինչպէս երբեմն սրտերի քէնը, հոգիների թոյնը մարդիկ ծածկում են նենգ ժպիտների խաբուսիկ քողով, այնպէս էլ ձիւնի սպիտակ սաւանը պաղ գեղեցկութեան դաւաճան տեսքով անդունդ է ծածկում մեր ոտքերի տակ։
Այսքան քայլել ենք եւ ի՜նչ օրերով,- մեղք է, որ յանկարծ Նոր տարուն մօտիկ կուլ գնանք այստեղ մի խորխորատում։ Տե՜ս, աստղը հեռու չէ լեռան կատարից. էլի մի փոքր - եւ Նոր տարի կը լինի…Ի՜նչ ցուրտ է, ընկե՛ր. գիտեմ մրսում ես։ Դէ՛, մենակ մենք չենք. քանի՜- քանիսները մեզ պէս մրսում են, դողում, սարսռում, ձմեռ է պատել մեր ողջ երկիրը. որբեր, այրիներ դողում են ցրտից, ծերերն էլ իրենց չորացած բազուկները կծկած ծոցերում՝ դողում են, դողում։
Եւ ում որ միսը չի դողում, ում պարարտ մարմինը պատած է ոսկի-արծաթ զրահով, նրա էլ հոգին է մրսում, դողդողում, նա էլ սիրտն է սարսռում ահից։ Եթէ որ մենք էլ նրանց պէս դողանք, էլ ո՞վ պիտի դիմաւորի Նոր տարուն։ Տես, աստղը մօտ է լեռան կատարին, եւ Նոր տարին հեռու չէ մեզնից…Է՞լի մրմնջացիր, ցաւո՞ւմ է վէրքդ. կեցի՛ր, իմ ընկեր, թո՛ղ իմ շնչով մի փոքր փչեմ, տաքացնեմ նրան։ Հաւատա՛, ընկեր, մտերիմի շունչին. նա փրկարար է. վէրք է բուժում, հոգի է տալիս, սիրտ է տաքացնում, բոցեր է վառում։ Թո՛ղ, թո՛ղ որ փչեմ այդ վէրքիդ վրայ. հաւատա, հոգիս, այդ հզօր ճար է. ա՛յ այս լաթովս էլ կը կապեմ վէրքդ…
Այսպէս լա՞ւ է. այժմ հանգի՞ստ ես. Դէ՛, բռնիր հրացանդ, փողը դեռ տաք է. պինդ սղմիր ձեռքիդ. լաւ չէ, որ Նոր տարին քեզ տեսնի անզէն եւ անհրացան։ Տե՜ս, աստղը մօտ է. էլի մի փոքր, եւ Նոր տարի կը լինի…Մռայլ է չորս կողմերս, խաւարը թանձր. լուռ է ամէն ինչ, ասես մեռել է ողջ տիեզերքը. սարսափն է խաղում աշխարհի վրայ, մարդիկ վախում են ձայն տալ իրարի, նոյնիսկ մոռացել են, թէ Նոր տարի է գալիս. ցաւերի մեծ բեռը մէջքերին դրած՝ արիւնոտ շրթունքներով ժպտում են երկիւղից բռնութեան դէմքին եւ սարսափի հանգստի մահաբեր ծոցում լռել են, մնջել եւ սպասում են… Ինչի՞… Հրաշքի՞… Անմիտի գլխին բարիքով ամուլ ու չար երկինքը միայն շանթ ու փոթորիկ ունի։
Եթէ որ մենք էլ նրանց պէս լռենք, ո՞վ պիտի դիմաւորի Նոր տարուն: Դէ՛, քայլիր, ընկեր…Տե՛ս, տե՛ս, սիրելի՛ս, ի՜նչ հանդարտ, վստահ սահում է աստղը երկնի վրայ. ցոլքերը պայծառ, շողերն իստակ, ասես լողում է անսահմանութեան մէջ՝ մարդկանց ցոյց տալու, թէ ինչ ասել է ազատ, անկախ կեանք. նրանք չեն հասնում վարի մռայլն ու սեւ խաւարը. նա չգիտէ՛ ինչ ասել է շղթայ. բռնութիւն չի կարող նրան կանգնեցնել. հպարտ պատռում է խաւարի քողը եւ առաջ գնում։
Ով կուզի լինի նրա պէս ազատ, նրա պէս անկախ, թող շուտով պատռի քողը բռնութեան եւ առաջ գնայ։ Քայլենք դէպի վեր, կատարը մօտ է, եւ հէնց այնտեղ էլ տօնենք Նոր տարին՝ մեր հրացանի ահեղ որոտով…Դեռ արշալոյս էր, երբ ճամբայ ընկանք։ Քանի հոգի էինք. այժմ մնացել ենք երկուքով միայն։ Ո՜րքան ենք քայլել. ծանր էր ճանապարհը. ստոր մատնութիւնը բռնութեան արիւնոտ թաթիցը բռնած՝ քայլում էր ուշով մեր յետեւից. որքա՜ն զոհ տւինք. բուքն ու փոթորիկը խլեցին տարան. ցուրտն ու խաւարը մէկէն կուլ տւին…
Մենք ենք մնացել, զոյգ ըմբոստներ, ի՜նչ փոյթ, թէ քիչ ենք. ամէն ընկնողի վերջին հառաչից մենք հիւսել ենք մեր վայրենի երգը. նրանց զայրոյթի թունոտ կաթիլներով մենք համեմել ենք մեր ատելութիւնը՝ չար բռնութեան դէմ. նրանց մեծ սրտի սրբազան բոցից մի մի շիթ խլած՝ մեր խիզախ հոգու թեւերն ենք հիւսել եւ սլանում ենք վրէժի շնչով, ուր կանչում է մեզ նւիրական պարտքը. մենք կը չանգռենք յուսահատութեան խոպան, կոշտացած հողը եւ նրա կրծքին կը ցանենք յուսոյ սերմերը արիւնոտ ձեռքով… Դէ՛, քայլիր, ընկեր… Մօտ է աստղը։
Տե՜ս, երբ նա այս լեռան կատարին հասնի, այն ժամանակ կէս գիշեր կը լինի, Նոր տարի կը լինի…Կանգ առ մի փոքր։ Այս ի՞նչ պատահեց. խաւարը սաստկացաւ, տես, ընկեր, աստղը ծածկւեց կատարին չհասած. այն մռայլ ամպը իր սեւ ծոցի մէջ կուլ տւեց նրան։ Մօտալուտ տարւայ պլպլան նշանն էլ չենք տեսնում. էլ կա՞յ այս երկրում մի ուրիշ նշան, որ մենք իմանանք Նոր տարու մուտքը։ Ե՞րբ կը գայ նա եւ ե՞րբ կանցնի, այդ մենք այլեւս գիտենալ չենք կարող։ Քանի՜ տարի է, որ մենք չգիտենք, թէ ինչպէս գալիս է ու անցնում Նոր տարին. թո՛ղ այս էլ անցնի, գնայ մեր գլխով։
Բռնութեան ճիրաններում կեանքը մեր երկրում դարձել է արիւնոտ ժամերի մի շարք. ի՜նչ ասել է այստեղ Նոր տարի, երբ օրերը սեւ են, հողերը՝ կարմիր… Խաւարը թանձրացաւ. մռայլը ճնշում է. ցուրտը սաստկացաւ, ասես ժայռերն էլ են ցրտից դողդողում… Ահա եւ լեռան կատարը. հասանք վերջապէս։ Տե՜ս այնտեղ ներքեւում սեւ-սեւ ստւերները. գիւղերն են նրանք. լուռ են ու մեռած. աստղի Նոր տարին չի կարող տալ նրանց յոյս, կենդանութիւն. երկնքից իջնող լուսոյ շողերը միշտ փոփոխական են եւ անհաստատ, ինչպէս երկնքից իջած ձրի շնորհը, որով դեռ ոչ ոք երջանիկ չի եղել երկրիս երեսին…
Փոյթ չէ այդ, ընկեր. իջնենք վար շուտով. թողնենք երկինքը հանգիստ իր տեղում, հրացանի որոտով պատռենք խաւարը. գնդակի որոտով խռովենք հոգեկան այս լռութիւնը. խօսենք այն լեզւով, որ ամենասոսկալին է բռնութեան համար, ազատութեան լեզւով, որոտի լեզւով, շանթերի լեզւով. կռւի գոռոցի մէջ խեղդենք բռնութեան լպիրշ քրքիջը, քանդենք այս գիւղերի լեզւի կապանքը. մի փոքրիկ բոց դնենք նրանց սրտերում, չորացնենք այնտեղ լացի աղբիւրը. եւ այն ժամանակ կը գայ ՆՈՐ ՏԱՐԻՆ, մեր փրկարարը. փոյթ չէ՛, թէ աստղը ծածկւի ամպերով. փոյթ չէ՛, թէ երկինքը կորչի խաւարում…

1899

«ԱԼԻՔ»

21-ամեայ երիտասարդն առանձնակի

դաժանութեամբ սպանել է հարազատ տատին.

Նա կտրել է 85-ամեայ կնոջ կոկորդը




Դեկտեմբեր 30, 2010 01:31
Երէկ ՝ դեկտեմբերի 29-ին, ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանութեան Շէնգաւիթի բաժնում հիւանդանոցից ահազանգ է ստացւել, որ նշւած շրջանի Մանանդեան փողոցի 22 շէնքի 36 բնակարանում մահացած անձ կայ:
Ինչպէս NEWS.am-ին յայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշեանը, նշւած հասցէ են շտապել ոստիկանութեան Շէնգաւիթի բաժնի օպերատիւ խումբը՝ բաժնի պետ, գնդապետ Լեւոն Եազիչեանի գլխաւորութեամբ: Նշւած հասցէ է մեկնել նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Աշոտ Միրիջանեանը, փորձագէտն ու քրէագէտը:
Նշւած բնակարանում ոստիկանութեան Շէնգաւիթի բաժնի աշխատակիցները յայտնաբերել են խոշտանգւած կնոջ մարմին: Պարզւում է, որ նա 85-ամեայ Վարդուհի Յովհաննէսի Շատիկեանն է, ում մարմինն առանձնակի դաժանութեամբ խոշտանգւած է եղել: Հարեւանները պատմել են, որ կտրած էր կնոջ կոկորդը։ Բնակարանում յայտնաբերւել է գլխից պոկւած մազափնջեր, ջախջախւած էր նաեւ գլուխը։ Թէ քանի՞ հարւած է ստացել կինը եւ ինչի՞ արդիւնքում է մահացել, վերջնական եզրակացութիւնը կտայ դատական բժիշկը։
Նոյն օրը ոստիկանութեան քննչական գլխաւոր վարչութեան Շէնգաւիթի քննչական բաժնում յարուցւում է քրէական գործ, ՀՀ Քրէական օրէնսգրքի 104 յօդւածի 1-ին մասի յատկանիշներով (դիտաւորեալ սպանութիւն):
Մինչ դատական փորձագէտները փորձաքննութեան կենթարկեն դին, ոստիկանութեան Շէնգաւիթի բաժնի աշխատակիցների օպերատիւ աշխատանքի արդիւնքում, որը ղեկավարում էր շրջանի ոստիկանապետը, պարզւում է, որ սպանութիւնը կատարել է Վարդուհի Շատիկեանի թոռը՝ 21-ամեայ Աւետիք Շատիկեանը:
Օպերատիւ խումբը Շատիկեանին յայտնաբերում է 16 թաղամասի իրենց բնակարանում: Կասկածեալին բերման են ենթարկում Շէնգաւիթի բաժին, որտեղ նա պատմում է իրականութիւնը։ Ոստիկանութեան աշխատակիցները Աւետիք Շատիկեանի մօրաքրոջ տանը (Հալաբեան փողոցի վրայ) յայտնաբերում են նաեւ յանցագործութեան արիւնօտ գործիքներն ու նրա հագուստը:
Արիւնօտ գործիքներն ու հագուստը ուղարկւել է փորձաքրէգիտական կենտրոն, նշանակւել է փորձաքննութիւն։
Քննչական մարմինը Ա.Շատիկեանին ձերբակալել է, այս պահին տեղափոխել է Երեւանի ՁՊՎ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Պատգամ՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդեան

տօների կապակցութեամբ



30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2010
Սիրելի հայրենակիցներ,Մարդկութեան պատմութիւնը հարստանում է եւս մէկ տարով՝ յիշողութիւններին աւանդելով բազում իրադարձութիւններ, որոնք երբեմն անցնող ժամանակաշրջանների կրկնութիւնն են, երբեմն էլ իրենց իւրայատկութիւններով տարբերւում են նախորդ տարիների անցուդարձերից:
Տարեմուտին մեզանից իւրաքանչիւրը փորձում է ամփոփել իր օրակարգում եղածը, գնահատականներով հաստատագրել կատարած եւ չկատարած աշխատանքները եւ մտովի ընդառաջ գնալ յաջորդ՝ նոր տարւան՝ լաւ գիտակցելով, որ իւրաքանչիւր նորը պէտք է իր ձեռքբերումների պաշարով գերազանցի նախորդին եւ սրբագրի անցնող տարւայ բացթողումները: Տարին հարուստ էր հայ-իրանական յարաբերութիւնների բովանդակային ձեռքբերումներով, ինչը մեզ յուսադրում ու գօտեպնդում է նոր՝ աւելի համարձակ քայլեր ձեռնարկելիս:
Մեր երկկողմ յարաբերութիւնների զարգացմանը նպաստեցին յատկապէս բարձր մակարդակի փոխայցելութիւնները, որոնց ընթացքում ամրագրւում եւ օրակարգային հարց են դառնում մեր տնտեսութեան համար կարեւորագոյն նախագծեր եւ ծրագրեր: Անցնող տարւայ ընթացքում ունեցանք մարդկային անդառնալի կորուստներ: Ունեցանք նաեւ մեր կամքից անկախ հնարաւորութիւնների ու ժամանակի ահռելի կորուստ՝ բացթողում:Անշուշտ, մեզ վիճակւած չէ դատաւորի կեցւածքով գնահատել նախորդ շրջանի մեր ձեռքբերումները, յաջողութիւնները, բացթողումները:
Վիճակւած չէ ըմբռնել կորուստների հասցրած վնասն ու հետեւանքները: Մենք միայն պէտք է դասեր քաղենք անցեալից աշխատելով չկրկնել սխալներն ու բացթողումները:
Սիրելի հայրենակիցներ, Ցանկանում եմ օգտւել «Ալիք»-ի միջոցով ձեզ պատգամ յղելու բացառիկ հնարաւորութիւնից‘ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանութեան աշխատակազմի եւ անձամբ իմ անունից շնորհաւորելու Ամանորի ու Սուրբ Ծննդեան տօների կապակցութեամբ, մաղթել Ձեր առջեւ ծառացած բոլոր դժւարութիւնները յաղթահարելու հաստատակամութիւն, նորանոր յաջողութիւններ եւ յաղթանակներ:


ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼԵԱՆ
ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԵՒ ԼԻԱԶՕՐ ԴԵՍՊԱՆ
«ԱԼԻՔ»

120-ԱՄԵԱՅ ԱՆՇԵՂ ՈՒՂԻՆ
120-ամեայ անսասան նւիրում՝ ի սպաս
հայ ժողովրդի յաղթանակի
29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2010
Հայ ժողովրդի պատմութեան ամենադժւարին պայմաններում ծնունդ առաւ Հ. Յ. Դաշնակցութիւնը: Հայ ժողովրդին միաւորող այս նոր ու կենսունակ շարժումը թէեւ պատմա-քաղաքական աննպաստ պայմաններում էր առաջացել հայ ժողովրդի կեանքում, այդուամենայնիւ, այն իրական արտայայտիչը եղաւ ընկճւած ու բազմաթիւ տանջանքների ենթարկւած հայ ազգի գոյատեւման ու ազատագրական պայքարի անկոտրում կամքի:
Այդ առումով՝ Հ. Յ. Դաշնակցութիւնը եւ նրա նւիրեալ զաւակները, հիմնադիր երրորդութիւնից մինչեւ մեր օրերի ազնիւ ուխտեալները, հայոց ազատագրական պայքարի կարմիր դրօշը մի սերունդից փոխանցելով միւսին՝ որպէս ազգային ուխտի սրբազան աւանդ՝ յանձնել են մեր ժողովրդին: Այդ առումով՝ Հ. Յ. Դաշնակցութիւնը իր 120-ամեայ ազատագրական մաքառումի եւ արդարատենչ անսասան մղումներով հանդիսացել է հայոց ազգային գաղափարախօսութեան առանցքը եւ ազգային ոգին:
Ահա, գաղափարաբանական այս դիմագծով է ներկայացել ու ներկայանում ամբողջ աշխարհին: Հ. Յ. Դաշնակցութիւնը եղել է եւ կը մնայ գերազանցապէս ազգային-ազատագրական, յեղափոխական եւ ընկերվարական շարժում: Այսօր Հ. Յ. Դաշնակցութիւնը տօնում է իր 120-ամեայ անշեղ ուղին՝ ամենուրեք ծածանելով իր ազգային-ազատագրական պայքարի արիւնամերկ դրօշը՝ ընդդէմ ամէն տեսակ բռնութեան, հալածանքների եւ անարդարութիւնների:Աշխարհն այսօր փոփոխւած է. ուստի եւ հայ ժողովուրդը Սփիւռքում, Հայաստանում, Արցախում եւ Ջաւախքում կանգնած է քաղաքական, տնտեսական եւ հասարակական պարտադրւող նոր մարտահրաւէրների դէմ-յանդիման:
Ուստի՝ այսօր բոլոր ժամանակներից աւելի՝ հայ ժողովուրդը կարիք ունի ամուր յենարանի, ինքնավստահութեան ներշնչանքի եւ ազգային միասնական մեծ յաղթանակների: Թէեւ հայ ժողովուրդը երկար ժամանակ Հ. Յ. Դաշնակցութեանը ծանօթ էր որպէս քաջարի, յեղափոխականների, խիզախների կուսակցութիւն, սակայն այս պատկերը ամբողջական չէր լինի, եթէ չլինէր Դաշնակցութեան վերջին շրջանի գործունէութիւնը՝ Հայաստանում, Արցախում, Ջաւախքում եւ աւելի՝ միջազգային ասպարէզում՝ հայոց ազգային նպատակներին եւ Հայ Դատի լիակատար լուծմանը հասնելու համար: Հ. Յ. Դաշնակցութեան սկզբունքային պահւածքի շնորհիւ է, որ հայ ժողովուրդը հաւատում եւ յենւում է նրան՝ նրա գործունէութեան մէջ տեսնելով իր ազգային իղձերի ու նպատակների իրականացման հեռանկարը:
Հետեւաբար՝ Հ. Յ. Դաշնակցութիւնը հայ ժողովրդի համակրանքը փնտրում է ոչ թէ իր կուսակցական յաղթանակի մէջ, այլ՝ իր ծրագրի իրականացման համար, որի խորքում ընկած են ժողովրդի շահերի պահպանումն ու Հայ Դատի լուծման խնդիրները:Երբ այսօր ազգային միասնութեան ըմբռնումն ընդհանուր է եւ հայրենիքի գաղափարը՝ հայ ազգի սեփականութիւնը, ուստի՝ հայկական պահանջատիրութեան, Հայ Դատի ու Հայկական պետականութեան հզօրացման եւ հայկական ուժի կենտրոնացման պատրտականութիւնը էական եւ անփոխարինելի մասն է կազմում Հ. Յ. Դաշնակցութեան:
Դաշնակցութիւնը կտրել է 120-ամեայ դժւարին ճանապարհ. այսօր նա ուժեղ է կազմակերպւած՝ Սփիւռքում եւ Հայրենիքում: Սակայն, դեռեւս երկար ճանապարհ ունի անցնելիք, որպէսզի մեր ժողովրդի ակնկալիքներն իրականացւեն:Հէնց այս համոզումով է, որ իր ծննդեան 120-ամեակին Հ. Յ. Դաշնակցութիւնը աւելի ուժեղ, աւելի ամուր եւ աւելի վճռական մղւել է հզօր, ինքնուրոյն, բարւոք հայրենիքի կառուցման, հայութեան բոլոր հատւածների համախմբման եւ Հայ Դատի յաղթանակի սուրբ գործին:Ահա, չափազանցութիւն չէ ասել, որ ժողովրդից ծնունդ առած Դաշնակցութեան ծրագրային եւ գաղափարական յաղթանակը, իրօք, հայ ժողովրդի յաղթանակն է:
«ԱԼԻՔ»

«Լեռնային Ղարաբաղ.

կարգավիճակ առանց կարգավիճակի»



28.12.2010
Հրաչ Մելքումեան
Ադրբեջանցի վերլուծաբանները, փորձագէտները քննարկում են կազմակերպել` ամփոփելով Ղարաբաղեան բանակցութիւնների 2010 թւականի գործընթացները։
Բաքւում հանդիպումն անցկացւել է Մամուլի կենտրոնում, մասնակիցները քննարկել են Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հնարաւորութիւններն ու հնարաւոր կարգավիճակը` հաշւի առնելով հակամարտութիւնները լուծելու միջազգային փորձը։
Ներկայացւել է «Ատլաս» հետազոտութիւնների կենտրոնի ղեկավար Էլհան Շահինօղլուի «Լեռնային Ղարաբաղ. կարգավիճակ առանց կարգավիճակի» գիրքը, որտեղ նա հակամարտութիւնների լուծման ու ինքնավարութիւն տրամադրելու 10 մոդել է ներկայացնում։
Նա նշել է, որ անցնող տարում` 2010 թւականին Ռուսաստանի միջնորդութիւնից իրական արդիւնքներ չկան Ղարաբաղի հարցում։ Բացի այդ, օգոստոսին Ռուսաստանը ռազմական նոր համաձայնագիր ստորագրեց Հայաստանի հետ` Գիւմրիում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկէտը երկարաձգելու վերաբերեալ։ Միաժամանակ, պաշտօնական Մոսկւան յանձն առաւ Հայաստանի անվտանգութեան ապահովումը։ Ռուսաստանը յստակ ցոյց է տալիս, որ ճնշում չի գործադրի Հայաստանի վրայ, իսկ պատերազմի դէպքում էլ կօգնի Երեւանին։
Ինչ վերաբերում է 2011 թւականի կանխատեսումներին` Շահինօղլուն նշել է, որ հնարաւոր է շարունակւեն «անպտուղ բանակցութիւնները», չբացառելով, որ շփման գծում կարող են լինել տեղական բախումներ։ Նա չի բացառել նաեւ լայնամասշտաբ պատերազմը` չնայած միջազգային հանրութեան ակտիւ մոնիթորինգին։
Մադրիդեան սկզբունքների մասին ադրբեջանցի փորձագէտն ասել է, թէ Հայաստանի պահանջը` նշանակել հանրաքւէի օրը, որով պէտք է որոշւի Ղարաբաղի կարգավիճակը, արգելափակում է բանակցութիւնները։
Միաժամանակ, նա նաեւ նշել է, որ այդպիսի հանրաքւէն, որը անկասկած շրջանը կանջատի Ադրբեջանից, անընդունելի է Բաքւի համար։
Միջազգային ճգնաժամային խմբի փորձագէտ Թաբիբ Հօսէյնովը ասել է, թէ այս պահին ռէալ չէ քննարկել Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը։ «Կողմերի նոյնիսկ ամենաազատական ու կառուցողական ներկայացուցիչները չեն կարող համաձայնութեան հասնել Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցում դիրքորոշումների անընդունելիութեան պատճառով», - ընդգծել է նա:
Հօսէյնովի կարծիքով` Մադրիդեան սկզբունքների արժէքը այն է, որ հետաձգւում է Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը` պայմաններ ստեղծելով միւս խնդիրները լուծելու համար։


***– Լուսանկարում.– Զօրավարժութիւններ Ղարաբաղում, արխիւային լուսանկար
«Ազատութիւն»

Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը

հերքում է կայքի դէմ յարձակման

մասին տեղեկութիւնը



21:00 • 29.12.10
Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը հերքում է թուրքական ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատւութիւնը, թէ թուրք հաքերները յարձակում են գործել Յանձնախմբի կայքի վրայ։ ANCA-ից յայտնում են, որ կայքը յարձակման չի ենթարկւել և շարունակում է լաւ գործել։
Յիշեցնենք, որ թուրքական Cihan գործակալութիւնը հաղորդել էր, թէ յարձակումն իրականացւել է Jeopardy մականունով յայտնի հաքերի գլխաւորած Code the arts հաքերների խմբի կողմից, որում ընդգրկւած են թուրք, չիլիացի և արգենտինացի հաքերներ։
Նշւում էր, որ հաքերները յարձակումն իրականացրել են ի պատասխան ANCA–ի կողմից Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման համար մղւող պայքարի, ինչպէս նաև՝ NBA յայտնի բասկետբոլիստներից Քոբի Բրայանթի դէմ սկսւած արշաւի։ Թուրքական գործակալութիւնը նաև յայտնում էր, որ հաքերներին յաջողւել է մի քանի ժամով խափանել կայքի գործունէութիւնը՝ առաջին էջին տեղադրելով Թուրքիայի դրօշն ու Քոբի Բրայանթին աջակցող արտայայտութիւններ։


Tert.am

يادگارهای معماران ارمنی در تهران


Դիտել Պարսկերէն Բաժնում


Հայկական նոր տարւայ խորհուրդը.
Ինչպե՞ս էինք նշում հնում եւ
ինչպէ՞ս ենք նշում այսօր



Դեկտեմբեր 29, 2010 14:11
Վաղնջական ժամանակներից հայերի Նոր տարին սկսւում էր Նաւասարդի մէկից (օգոստոսի 11) եւ տեւում մէկ շաբաթ։
Հայկական բոլոր ընտանիքներում Նաւասարդը դիմաւորում էին մեծ խրախճանքով։ Այդ օրը իւրայատուկ կերակուրներ և ուտելիք էին պատրաստում։ Ճոխ սեղան էին բացում և ընտանիքի բոլոր անդամներն ուրախութեամբ էին դիմաւորում Նաւասարդը:18-րդ դարում` Սիմէոն Երեւանցի կաթողիկոսի օրօք, որպէս նոր տարւայ սկիզբ ընդունւեց յունւարի 1-ը եւ միայն 20-րդ դարի սկզբներից որպէս տարւայ սկիզբ համընդհանուր դարձաւ յունվարի 1-ը:
*Ինչպէ՞ս էին նոր տարին դիմաւորում երէկ
Նոր տարին սկսւում էր դեկտեմբերի 30-31-ին, ամանորեայ խմորեղէն պատրաստելով: Խմորեղէնի մէջ ամենագլխաւոր դերը յատկացւում էր Տարի հացին, ինչի մէջ սովորաբար դնում էին դրամ կամ ուլունք եւ այն բաժանում ընտանիքի անդամների թւով: Ում բաժնի մէջ ընկնէր այդ ուլունքը, ենթադրում էին, որ տան յաջողութիւնն ու բախտաւորութիւնն այդ տարի նրա հետ է կապւած: Նոր տարւայ նախորդ գիշերը ամբողջ Հայաստանում երիտասարդներն ու պատանիները փոքրիկ խմբերով տոպրակներ կամ գուլպաներ ուսած շրջում էին երդիկից երդիկ եւ դրանք չւանով երդիկից ցած իջեցնելով` բարեմաղթանքի երգեր էին ասում ու շնորհաւորում տնեցիներին: Տանտիկինը պարտաւոր էր լցնել տոպրակը մրգով, չիր ու չամիչով, գաթայով: Յաջորդ օրը, յունւարի 1-ին, մեծերն այցելում էին միմեանց եւ շնորհաւորում խնձորով, ընկոյզով ու նարինջով:
* Ինչպէ՞ս են նախընտրում նոր տարին անցկացնել այսօր
Բազմաթիւ ընտանիքներ նախընտրում են նոր տարին դիմաւորել արտերկրում: Ըստ տուրիստական գործակալութիւնների` նոր տարւայ կապակցութեամբ յատկապէս ընտանեօք պատւէրները աւելի շատ են լինում: Հայաստանցիները հիմնականում նախընտրում են մեկնել Եգիպտոս, Դուբայ, Թաիլանդ: Վերջերս զարգացել են նաեւ եւրոպական ուղղութիւնները, արդիական է դարձել Իտալիան:
*Նոր տարին` ընտանեկան տօն
Չնայած նրան, որ այսօր գործում են բազմաթիւ ժամանցային վայրեր` սկսած ակումբներից մինչեւ ռեստորանային համալիրներ, այնուամենայնիւ մեր երիտասարդութիւնը նախընտրում է նոր տարին անցկացնել ընտանիքի հետ, յետոյ միայն նոր ընկերների շրջապատում եւ իհարկէ հաճելի մթնոլորտի ուղեկցութեամբ: Այս առնչութեամբ, NEWS.am-ը դիմեց մեր հմաքաղաքացիներին, պարզելու, թէ ինչպէս են նախընտրում նշել Ամանորը:
*Նաիրա Յարութիւնեան` տնտեսագէտ.
Իւրաքանչիւր մարդ նոր տարին պէտք է նախ իր ընտանիքի հետ անցկացնի իր տանը` ընտանիքի շրջապատում: Յետոյ նոր աւելի ուշ միանայ ընկերներին, քանի որ նոր տարին ընտանեկան տօն եմ համարում:
* Նոռա Փափազեան` հոգեբան.
Նոր տարին կնշեմ ընտանիքիս հետ տանը, որից իսկապէս հաճոյք եմ ստանում: Հետաքրքիր կլինի նաեւ, որ ընկերներով, ասենք մի 8-10 հոգով ինչ որ տեղ գնայինք, թէկուզ քաղաքից դուրս: Արկածախնդրութեան համար ասենք Ծաղկաձորի գիւղերից մէկում մի տաք տուն վերցնէինք ձների մէջ ու միասին անցկացնէինք:
Վահագն Դաւիդաւեան` հումորիստ.
Նոր տարին ընդհանրապէս նախընտրում եմ անցկացնել ընտանիքում, որ բոլորը հաւաքւած են, բայց մէկ անգամ էլ ուզում եմ անցկացնել ընկերական շրջապատով ու Հայաստանից դուրս:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Թուրք երգչուհին հերքում է


թրքական մամուլի տեղեկութիւնը.

Նա հայերին չի մեղադրել





Դեկտեմբեր 27, 2010 16:16
ԱՄՆ-ում ապրող թուրք երգչուհի Սինեմ Սանիյէն հերքել է թրքական մամուլի այն տեղեկութիւնը, թէ ինքն իբր ասել է, որ հայկական Սփիւռքի ջանքերով է իր համերգը NBA-ի խաղի ընթացքում չեղեալ յայտարարւել։
Թրքական Haberx-ի փոխանցմամբ՝ Սինեմ Սանիյէն յայտարարել է, թէ իր խօսքերը աղաւաղել են։ «Ես չեմ ասել, թէ այդ գործում հայերի մատը խառն է։ Նրանց չեմ մեղադրել։ Ես միայն ասել եմ, որ համերգը չեղեալ է յայտարարւել LA Clippers ակումբի կողմից»,-նշել է երգչուհին։
Նշենք, որ Լոս Անջելեսում կայացած NBA-ի հերթական LA Clippers-Phoenix Suns խաղի ընթացքում ԱՄՆ-ում բնակւող թուրք երգչուհի Սինեմ Սանիյէն կատարել է միայն ԱՄՆ հիմնը, իսկ նրա եւ միւս թուրք երգիչների մասնակցութեամբ համերգային ծրագիրը անվտանգութեան նկատառումներով չեղեալ է յայտարարւել։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Սէյրան Օհանեան.–

«Մեր զինւած ուժերը 2010-ին պատւով

են կատարել իրենց գլխաւոր խնդիրը»


«Էականօրէն բարձրացել է զինւած ուժերի տարբեր ստորաբաժանումների ներդաշնակման եւ մարտական խնդիրների կատարման աստիճանը»


«Հետեւողականօրէն շարունակւել են զօրքերի մարտական պատրաստութեան բարձրացման, անձնակազմի ռազմահայրենասիրական դաստիարակութեան ամրապնդմանն ուղղւած աշխատանքները: Իրականացւել են մարտական հերթապահութեան բարելաւման, սահմանամերձ շրջանների անվտանգութիւնն ամրապնդելու լայնածաւալ միջոցառումներ: Անցնող տարում դաշտային երթերի, շտաբային զօրավարժութիւնների եւ մարզումների հետ մէկտեղ անցկացւել են օպերատիւ-մարտավարական մի շարք զօրավարժութիւններ, որոնք լրջօրէն կատարելագործել են մեր զինւած ուժերի անձնակազմի տեսական եւ գործնական ունակութիւնները: Այս ամէնի արդիւնքում էականօրէն բարձրացել է զինւած ուժերի տարբեր ստորաբաժանումների ներդաշնակման եւ մարտական խնդիրների կատարման աստիճանը», - նշում է Սէյրան Օհանեանը իր ուղերձում, որը տրամադրել են պաշտպանութեան նախարարութեան տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից: - «2010 թւականին զգալի առաջընթաց է գրանցւել նաեւ հայրենական ռազմարդիւնաբերական համալիրի զարգացման գործում»:
«Արդիականացւել եւ յագեցւել է բանակի նիւթատեխնիկական բազան: Ընդլայնւել է ռազմական համագործակցութիւնը թէ' ՀԱՊԿ-ի եւ թէ' ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ: Ռազմական համագործակցութեան շրջանակներում երկրի զինւած ուժերի տարբեր ստորաբաժանումներ մասնակցել են արտերկրում կազմակերպւած տարաբնոյթ զօրավարժութիւնների: Հայաստանի Հանրապետութեան զինծառայողները պատւով են կատարել միջազգային անվտանգութեան ապահովման իրենց խնդիրները թէ' Կոզովոյում եւ թէ' Աֆղանստանում», - ասւած է պաշտպանութեան նախարարի ուղերձում:
«Բանակն աւելի բաց եւ թափանցիկ է դարձել հասարակութեան առջեւ: Ողջունելի է, որ զինւած ուժերում տեղի ունեցած ինչպէս դրական, այնպէս էլ բացասական երեւոյթներն ակտիւօրէն քննարկւել են հասարակութեան տարբեր շրջանակներում եւ մամուլում: Այնուամենայնիւ, բանակում խնդիրները դեռեւս շատ են, իսկ դրանց լուծումը պահանջում է բոլորիս ուշադրութիւնն ու նւիրումը», - ընդգծում է Սէյրան Օհանեանը` յաւելելով. - «Պաշտպանական բարեփոխումների գործընթացը, որն ուղղւած է այդ խնդիրների լուծմանը, շարունակական բնոյթ է կրում` տարէցտարի առաջադրելով առաւել բարձր չափանիշներ: Կարծում եմ` 2011 թւականին պաշտպանական բարեփոխումները կապահովեն այնպիսի որակական առաջընթաց, որը նոր մակարդակի կբարձրացնի զինւած ուժերի մարտական վարպետութեան աստիճանը եւ միաժամանակ տեսանելի կլինի հասարակութեան համար»:
Նախարարը հաւաստիացնում է, որ պաշտպանական բարեփոխումների բոլոր խնդիրները կան եւ մնալու են իր անմիջական ուշադրութեան ներքոյ:
«Մենք հասնելու ենք այն շէմին, որը կապահովի մեր ժողովրդի անվտանգ զարգացումը առաջիկայ տասնամեակների համար», - ասւած է Սէյրան Օհանեանի ուղերձում:




«Ազատութիւն»

ՀՅԴ պատգամաւոր.–

Իշխանութիւնները տապալել են

սոցիալական սահմանադրութեան

կոնցեպցիան


17:49 • 28.12.10
2010-ը Հայաստանի համար բացասական սպասումների և հասարակական ճգնաժամի տարի էր: Նման համոզմունք յայտնեց ԱԺ պատգամաւոր, ՀՅԴ խմբակցութեան անդամ Լիլիթ Գալստեանն այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի` «Հայաստան 2010. անորոշութեան տարի» զեկոյցի հրապարակման ժամանակ:
Ըստ պատգամաւորի՝ Հայաստանն անցնող տարում չի կարողացել յաղթահարել ֆինանսատնտեսական ճգնաժամը տնտեսական օլիգարխիկ բնոյթի քաղաքականութիւն վարելու պատճառով: Համաշխարհային մրցունակութեան զեկոյցի համաձայն՝ Հայաստանը 98-րդն է 139 երկրների շարքում, ինչը խօսում է Հայաստանում մրցունակութեան մտահոգիչ մակարդակի վրայ լինելու մասին, յետընթաց է բիզնեսի վարման մէջ:
Աւելին` իշխանութեան տնտեսական քաղաքականութեան պատճառով 2011 թ. արտաքին պարտքը կկազմի 4 միլիարդ դոլար, իսկ սա նշանակում է, որ ՀՀ իւրաքանչիւր քաղաքացու պարտքն արտաքին աշխարհին լինում է 40 դոլար: «Պէտք չէ տնտեսական խորը ճգնաժամի հիմնական պատճառը երկրում կապել միայն արտաքին մարտահրաւէրների հետ, այստեղ ակնառու է, որ ՀՀ կառավարութիւնը չունի լծակներ վերահսկելու երկրի տնտեսական ոլորտը, իսկ ձւի և պանրի շուկայում վերջին իրադարձութիւնները նոյն այդ քաղաքականութեան ամենապարզ օրինակներն են: Իսկ կառավարութեան` խորհրդարան ներկայացրած բիւջէի օրինագծում դրսևորւում է գործադրի մերկութիւնը տնտեսական քաղաքականութեան մէջ:
Լ.Գալստեանի խօսքով, կառավարութեան կանխատեսումներով 2012թ-ին աղքատութեան ցուցանիշը պէտք է լինի 12, իսկ ծայրայեղ աղքատութեանը` 1.6 տոկոս, մինչդեռ աղքատութիւնը երկրում արդէն 34,5 տոկոսի շրջանում է: «Իշխանութիւնները տապալել են սոցիալական սահմանադրութեան կոնցեպցիան` իրենց վարած անյաջող քաղաքականութեամբ»,- աւելացրեց նա:
Tert.am

مدير عامل شركت تاكسيراني شهر تهران در گفت‌وگو با فارس تأكيد كرد

افزايشي در نرخ كرايه تاكسي‌ها تا

پايان ماه جاري نداريم


Հայկ Դեմոյեան.-

«Հայ-թրքական յարաբերութիւնների հաշտեցման

գործընթացն աւարտւած է»


Դեկտեմբեր 28, 2010թ. 13:45
«Հայ-թրքական յարաբերութիւնների հաշտեցման գործընթացն աւարտւած է, արձանագրութիւնները, որոնք արդէն արժէզրկւել են Թուրքիայի պահւածքի պատճառով, չեն կարող հիմք հանդիսանալ հետագայ որեւե գործընթացի համար: Եւ եթօ մօտ ժամանակներս Հայ-թրքական հաշտեցման գործընթացը վերսկսւի, անկախ նրանից` ով կնախաձեռնի այն, պէտք է նոր փաստաթուղթ դրւի բանակցութիւնների սեղանին»,- ասել է Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն Հայկ Դեմոյեանը:
«Հայկական կողմը ճիշտ եւ գրագէտ գործեց, նա կատարեց ոչ թէ մէկ, այլ կէս քայլ, որը կարող էր համահաւասարեցման կարգավիճակի բերել երկու կողմերին` մեղադրելու համար: Այս կէս քայլի փիլիսոփայութիւնն այն էր, որ պէտք էր պարզապէս ի ցոյց դրւէր, թէ ով է մեղաւորն այս գործընթացի գոնէ առժամանակ տապալման համար»,- ասաց Հ. Դեմոյեանը:
Պատմաբանի կարծիքով, նոր փաստաթղթի ի յայտ գալու դէպքում պէտք է միջկառավարական յանձնաժողովի պատմաբանների ենթայանձնաժողով ստեղծելու հատւածը կամ հանւի կամ էլ աննշան յղման ձեւով լինի, քանի որ թուրքական կողմն այն ներկայացնում է իր ցանկալի ձեւաչափով եւ ձեւակերպմամբ, այն է՝ որպէս պատմաբանների յանձնաժողով:
«Պէտք է յստակ ընգծւի, որ խօսքը գնում է ոչ թէ վիճելի խնդիրների քննարկման, այլ ցեղասպանութեան հետեւանքների վերացմանը վերաբերող քննարկումներ անցկացնելուն»,-պարզաբանեց Հայկ Դեմոյեանը:


ArmAr.am

Բանկոմատի, ֆանի և այլ գիւտերի
հեղինակներն ամերիկահայեր են.
Ներկայացւեց «Ամերիկահայութեան
ներդրումը ԱՄՆ-ում» գիրքը
14:58 • 28.12.10
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամներ Էմիլ Աբրահամեանը և Տիգրան Խզմալեանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեցին 20–րդ դարում հայերի ձեռքբերումներն ու գիւտերը գիտութեան ասպարէզում։
Ինչպէս տեղեկացրեց Տիգրան Խզմալեանը, վերջերս Լոս-Անջելեսում հրատարակւել է արւեստագէտ և հրապարակախօս Ստեփան Պարթամեանի հեղինակած «Ամերիկահայութեան ներդրումը Միացեալ Նահանգներում» գիրքը, որտեղ ներկայացւել են 20-րդ դարի ԱՄՆ հայկական համայնքի գիտնականների, գիւտարարների ամենանշանաւոր յայտնագործութիւններն ու գիւտերը: «Գիրքը մէկ անգամ ևս արձանագրում է, թէ ինչ ներուժ ունի Հայ ժողովուրդը, եթէ ապրում և արարում է ազատութեան, արդարութեան ու օրինականութեան պայմաններում»,– ասաց նա:
Ընդ որում, գրքում արտացոլւած են նաև ԱՄՆ արտօնագրային գործակալութեան կողմից ճանաչւած այդ գիւտերի պաշտօնական արտօնագրերի համարներն ու գրանցման տարեթւերը, ինչն էլ աւելի է արժևորում այդ աշխատութիւնը: Բանախօսների ներկայացրած գիւտերը ներկայացւում են ստորև.
Միացեալ Նահանգներում Հայ ճարտարագիտական մտքի առաջին արտօնագրւած նմուշ է հանդիսանում 1908 թւականին ներկայացւած և 1911 թւականին պաշտօնապէս գիւտ ճանաչւած Գաբրիէլ Կազանջեանի մազերի չորացման սարքը` այսօր համընդհանուր տարածում գտած «ֆանը»:
Տեխնիկական յեղափոխութեան իսկական հերոս կարելի է համարել Ցեղասպանութիւնից հրաշքով փրկւած Ասատուր Սարաֆեանին, որն Ամերիկայում յայտնի է որպէս Օսկար Բենկեր` առասպելական այն ճարտարագէտը, ով յայտնագործել է ինքնաշարժերի աւտոմատ փոխանցման տուփը: 1931 թւականին 1.795.464 համարով արտօնագրւած այս գիւտն 1940 թւականից կիրառւել է ամերիկեան «Օլդսմոբիլ» մակնիշի աւտոմեքենայում:
Նոյն Բենկեր-Սարաֆեանին են պատկանում աւտոսիրողներին քաջ յայտնի բենզինային պոմպի, ինչպէս նաև աւտոիւղի չափիչի գիւտերը:
ԱՄՆ կառավարութեան կողմից Ասատուր Սարաֆեան-Բենկերի ամենաարժէքաւոր յայտնագործութիւններ են համարւել ուղղաթիռի տրանսմիսիայի` Սիկորսկու շարժիչի փոխանցման տուփը, և բազմագոյն տպիչ սարքը։
Մէկ այլ գիւտարար` Արթուր Բուլբուլեանը, 1944 թւականին ստացաւ թիւ 2.348.108 արտօնագիր ամերիկեան օդուժի համար խիստ անհրաժեշտ օդաչուների թթւածնային դիմակ պատրաստելու համար:
Ամենամեծ համբաւ և տարածում ստացած գիւտերից է հանրայայտ Ալէք Մանուկեանի նորամուծութիւնը` իւրայատուկ տեսակի ջրի ծորակը, որը 1969 թւականից կիրառւում է աշխարհում:
Համաշխարհային մեծ տարածում ստացաւ քչերին յայտնի Ստեփան Ստեփանեանի բեռնատարի թափքի վրայ բետոնխառնիչ տեղադրելու գաղափարը, որը յեղափոխեց և խթանեց շինարարական արդիւնաբերութիւնը:
Արժէ յիշատակել աստղաբաշխական քանակով արտադրւող Արտաշէս Հայկանեանի հեղուկ խմիչքների համար ճկուն անկիւնով ծղոտը, կամ «կոկտէյլի փայտիկի» գիւտը (1980 թւական, թիւ 4.216.801 արտօնագիր):
Դժւար է պատկերացնել այսօրւալ քաղաքակրթութիւնը առանց դրամաբաշխային սարքերի, հանրայայտ «բանկոմատի», որի գիւտը պատկանում է Լիւթեր Սիմիջեանին։ Ընդ որում, Սիմիջեանն առանձին արտօնագրել է ինչպէս թղթադրամի, այնպէս էլ` 1965 թւականին` մետաղադրամի համար նախատեսւած բանկոմատի գիւտերը:
1977 թւականին Միքայէլ Տէր-Պօղոսեանը ստեղծել է կոմպիւտերային տոմոգրաֆիայի միջոցով մարդու մարմնի պատկերը վերարտադրող սարքը, ինչը յեղափոխութիւն կատարեց բժշկութեան ոլորտում։
Այսօր միլիոնաւոր մարդկանց կեանք է փրկում միջուկային մագնետիկ ռեզոնանսի սկզբունքով գործող սկաները, առանց որի անհնար է պատկերացնել ժամանակակից առողջապահութիւնը` ախտորոշումից մինչև բուժում: Այդ գիւտը պատկանում է Ռէյմոնդ Դամադեանին։
Հայերի արտօնագրւած գիւտերի մի մասը ներկայացնելուց յետոյ Տիգրան Խզմալեանը նշեց, որ իրենք առաջիկայում այլ գիւտեր էլ կներկայացնեն։ Միաժամանակ, նա մի ուշագրաւ պատմութիւն ներկայացրեց.
«Մեր տւեալներով, մի քանի տարի առաջ Հայաստան է այցելել աշխարհահռչակ գիտնական Ռէյմոնդ Դամադեանը, մագնիսա-ռեզոնանսային ախտորոշման մեթոդի հեղինակը` մեր երկրում այդ եզակի սարքերի արտադրութիւնը կազմակերպելու առաջարկով: Բարձրաստիճան պաշտօնեաները ակնարկել են նրան, որ ազնիւ այս գաղափարի իրականացման համար սփիւռքահայ մասնագէտը պէտք է կատարի որոշակի վճար որոշակի մարդկանց «նւիրատւութեան» ձևով: Աւելորդ է ասել, որ գիտնականը հեռացել է Հայաստանից հիասթափւած ու վիրաւորւած:
Հետևութիւնը մէկն է` մեր Հայրենիքը ի վիճակի է և անպայման կատարելու է գիտական, կրթական, տնտեսական և հասարակական թռիչքային զարգացում, օգտագործելով համայն հայութեան մտաւոր և նիւթական ներուժը: Սակայն դա հնարաւոր է լինելու միմիայն Հայաստանը օկուպացրած ռեժիմից ազատագրելուց յետոյ»։

Tert.am


Հայ կատոլիկները առաջին
անգամ վերջին
50 տարում ծառայել են Հռոմի
պապին
Դեկտեմբեր 28, 2010 12:45
Վերջին 50 տարում առաջին անգամ Հայ կաթոլիկներին հնարաւորութիւն է տրւել ծառայել Հռոմի պապ Բենեդիկտոս 16-ին Վատիկանի սուբծննդեան պատարագին:
Դեկտեմբերի 24-ի լոյս 25-ի գիշերը Պապի հետ պատարագը մատուցել են Հռոմի պապական հայկական կոլեգիայի ռեկտորը, փոխռեկտորը եւ բոլոր սեմինարիստները, յայտնել է Հռոմի սեմինարիայի ռեկտոր Գէորգ Նորատունկեանը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

ايسنا «نقش ارامنه در سينماي ايران» را بررسي مي‌كند

Դիտել Պարսկերէն Բաժնում.–


Շատ կարևոր է, որ այդ հայելին ծուռ չլինի.

Սերժ Սարգսեանը շնորհաւորել է

ԶԼՄ-ների ներկայացուցիչներին


14:17 • 28.12.10
Նոր Տարւայ և Սուրբ Ծննդեան տօների առթիւ Սերժ Սարգսեանն այսօր ՀՀ Նախագահի նստավայրում ընդունելութեան է հրաւիրել զանգւածային լրատւութեան միջոցների ներկայացուցիչներին:
Շնորհաւորելով լրագրողներին գալիք տոների կապակցութեամբ` նախագահը, մասնաւորապէս, ասել է.
«Յարգելի լրագրողնե՛ր և լրատւամիջոցների ներկայացուցիչնե՛ր,
Շնորհաւորում եմ ձեզ Նոր Տարւայ և Սուրբ Ծննդեան տօների կապակցութեամբ: Ուրախ եմ այս աւանդական հանդիպման և Հայաստանի Հանրապետութեան Նախագահի նստավայրում ձեզ ընդունելու համար:
Ընդհանուր առմամբ, անցնող տարին բաւականին արդիւնաւէտ էր ձեր աշխատանքի տեսանկիւնից: Տարին նաև առանձնացաւ հիմնականում առողջ քաղաքական բանավէճով, և շատ յաճախ այդ բանավէճի ակտիւ մասնակիցները նաև մեր լրատւամիջոցներն էին: Շատ լրատւամիջոցներ կարողացան պատւով կատարել իրենց առաքելութիւնը և չդառնալ գործիք ինչ-ինչ հարցերի լուծման համար: Մաղթում եմ, որ գալիք տարում էլ մեր երկրի լրագրողներից մեծ համարձակութիւն չպահանջւի որևէ հասարակայնօրէն կարևոր ասելիք բարձրաձայնելու համար: Դա ես դիտում եմ, ոչ միայն ձեր` իբրև պրոֆեսիոնալների, այլև մեր ողջ հասարակութեան հասունութեան չափանիշ:
Մէկ անգամ ևս պիտի շեշտեմ, որ մենք բացարձակապէս տրամադրւած չենք կոծկելու պետական համակարգում կամ հասարակութեան մէջ առկայ թերութիւնները, և այդ հարցում շարունակում ենք ունենալ ձեր աջակցութեան կարիքը: Մեզ անհրաժեշտ է ձեր ազնիւ ու անաչառ աշխատանքը, որպէսզի Հայաստանի հասարակութիւնը, ողջ պետական համակարգը, ամենատարբեր կառոյցներն ու գործիչները կարողանան լրատւութեան հայելու մէջ տեսնել իրենց իրական պատկերը: Շատ կարևոր է, որ այդ հայելին ծուռ չլինի, իսկ ներկայացւած պատկերն էլ` աղճատւած: Վստահ եմ, որ ձեր առողջ դատողութիւնը, ձեր ինքնակազմակերպումը և ինքնակարգաւորումը թոյլ կտան լուծումներ գտնել նաև այդ ոչ հեշտ խնդրի համար:
Մենք պէտք է շարունակենք մնալ քաղաքական հանդուրժողականութեան, փոխադարձ յարգանքի և տարբեր` անգամ իրարամերժ ուժերի երկխօսութեան և, ինչո՞ւ չէ, համագործակցութեան ջատագովը: Կեղծիքը, սադրանքը, վիրաւորանքը և պիտակաւորումը խոչընդոտում են երկխօսութեանը, խափանում դրա հնարաւորութիւնն իսկ: Այդ պատճառով կրկին յօրդորում եմ ձեզ մասնագիտական պարտականութիւնները կատարելիս լինել անաչառ և համակողմանի: Ներկայ Հայաստանի իրականութեան ամբողջական ու առարկայական պատկերը նաև մեր երկրի ժամանակագրութիւնն է: Այս առումով ձեր օբյէկտիւութիւնն ու օպերատիւութիւնը թանկ են ոչ միայն ներկայի, այլև ապագայի տեսանկիւնից:
Յարգելի՛ լրագրողներ,
Ի դէմս ձեզ` շնորհաւորում եմ Հայաստանի լրագրողներին ու մեր լրատւամիջոցների բոլոր աշխատակիցներին, միաժամանակ շնորհակալութիւն յայտնում կատարած աշխատանքի համար:
Համոզւած եմ, որ 2011 թւականը լինելու է համագործակցութեան, վերընթաց զարգացման և առաջընթացի տարի: Թող նոր տարին յաջողութիւն բերի ձեր գործերին և ձեռնարկումներին, խաղաղութիւն ու երջանկութիւն` ձեր ընտանիքներին:
Շնորհաւո՛ր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ»:


Tert.am