Ադանայի Ջարդի Հարիւրամեակին Նւիրւած Համագումար


ԱՆԹԻԼԻԱՍ. Հինգշաբթի 29 Հոկտեմբերին, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Արամ Ա. կաթողիկոսի, Անթիլիասի Մայրավանքի Վեհարանի մէջ բացումը կատարւեց Ադանայի ջարդի հարիւրամեակին նւիրւած համագումարի, մասնակցութեամբ Լիբանանից, Սուրիայից, Հայաստանից, Կիպրոսից, Յունաստանից, Իտալիայից, Ֆրանսիա, Իրանից եւ այլ երկրներից ժամանած մասնագէտների:
Համագումարի բարի գալստեան խօսքը արտասանեց կազմակերպիչ յանձնախումբի ատենապետ Նարէկ եպս. Ալեէմէզեանը: Ապա, հայրապետական իր օրհնութիւնը տալով համագումարին, վեհափառ կաթողիկոսը սոյն համագումարի արդիւնաւէտ աշխատանքի համար կատարեց մի շարք թելադրութիւններ:
«Զգացականի դիմաց՝ իրապաշտը, ընդհանրացումների փոխարէն՝ մասնաւորը, նկարագրողականի տեղ՝ վերլուծականը տալ», թելադրեց նա: «Մենք ասելիք ունենք, սակայն մեր խօսքը չէ՛ այդ միայն, այլ մեր նահատակների խօսքը, որ պէտք է ասենք յստակօրէն», աւելցրեց նա:
Բացման նիստին, Մկրտիչ Պուլտուգեանը ներկայացրեց համագումարի առաջին նիւթը, որ Ադանայի մէջ հայութեան ներկայութեան մասին համապարփակ ծանօթացում էր, իր հոգեւոր, կրթական, ընկերային, թւային ու այլ բնագաւառներով: Ապա, առաջին նիստը յատկացւեց ականատեսների վկայութիւններին եւ ուսումնասիրութիւնների:
Սոյն բաժնի մէջ, դասախօսութիւններ ներկայացրեցին Արմէն Գլոտ Մութաֆեանը («Ադանան Եւրոպացի ճամբորդների համաձայն»), Ժերար Տէտէյեանը («Միջամուխ լինելու իրաւունքի մի ռահվիրայ ՝ ֆրանսիացի հիւպատոս Ֆերտինանտ Ռօք-Ֆէրիէ»), որի դասախօսութիւնը իր բացակայութեան պատճառով կարդացւեց, եւ Նազարէթ Բէրբէրեանը («Ազատախոհ Եւրոպայի պատասխանատուութեան բաժինը Ադանայի կոտորածի նախաձեռնողները անպատիժ ձգելու յանցագործութեան մէջ»):

Երեւանից ժամանած զեկուցաբերներ Վերժինէ Սվազլեան եւ Քնարիկ Աւագեանը ներկայացրեցին «Ադանայի կոտորածը ըստ ականատես վերապրողների վկայութիւնների» եւ «Ադանայի կոտորածը եւ ամերիկահայութիւնը» զեկոյցները: Ապա ներկաները ունկնդրեցին Գրիգոր Ծ. վրդ. Չիֆթճեանի «Մուշեղ եպս. Սերոբեանի օրագիրը» զեկոյցին:
Մուշեղ եպս. Սերոբեանը եղել է Ադանայի առաջնորդ, ու թէեւ ջարդի օրերին նա բացակայ է եղել Կիլիկիաից, սակայն նրա օրագրութիւնները Ադանայի մասին կատարւած ուսումնասիրութիւնների մէջ կարեւոր տեղ էր գրաւում: Պատմաբան Երւանդ Փամպուքեանը զեկուցեց «Սիմոն Զաւարեան եւ Ադանայի աղէտը» թեմայի շուրջ: Աղէտի օրերին Զաւարեանը գտնւում էր Պոլիս:
Իր կուսակցական ընկերներին գրած նամակների մէջ նկարագրւում էին ջարդերի ահաւոր տեսարանները: Հոկտեմբեր 29ին, համագումարի երկրորդ օրը ելոյթներ ունեցան նաեւ Կիպրոսի թեմի կաթողիկոսական փոխանորդ Վարուժան արք. Հերկելեանը, որ ներկայացրեց «Ադանայի կոտորածը եւ Կիպրոսը», եւ Կարօ Յովհաննէսեանը՝ «Հայութեան նիւթական եւ մարդկային կորուստը Ադանայի մէջ» զեկոյցը:
Վարուժան արք. Հերկելեանի զեկոյցից իմացանք, որ հաւանաբար Կիլիկիայի աղէտի զոհերի առաջին յուշարձանը Լառնակայի Ս. Ստեփանոս մատուռն է՝ կառուցւած 1912 թւականին:
Բոլոր նիստերին յաջորդեցին լայն քննարկումներ:

ՏՂԵՐՔԸ ՇԱՐՔԵՐՈՒՄ ԵՆ...



Արձանագրութիւնների ստորագրմանը նախորդող օրերին` այն անորոշ ու անհաստատ օրերին, երբ գիշեր ու զօր հոգիդ փոթորկւած էր նոյն մտատանջութեամբ, թէ, ինչպէս տատս կասէր` «ջանըմ, վերջը ի՞նչ պիտի լինի... ամէն զրկանք տարանք, հլը դիմանում ենք, փորձում գոնէ պահել հպարտութիւններս, հիմա դա՞ էլ են ուզում խլել», մի քիչ ոգեւորւում էի` հրապարակում ամէն օր հանդիպելով Արցախեան ազատամարտի մասնակից լեգէնդար տղերքի:
Շատերը հաշմանդամ, իրենց առօրեայում բազում կենցաղային ու առողջական խնդիրներով խեղդւած, բայց գալիս էին մասնակցելու հացադուլին, ցոյց տալու, որ երբէք չեն թողնի ինչ-որ մէկին` խլել իրենց ազգային արժանապատւութիւնը, եկել են ասելու, որ «տղերքը դեռ շարքերում են», եւ որ ոչ մի դժւարութիւն ու զրկանք չի վախեցնում իրենց, երբ խօսքը պատւի, ազգային դէմքն ու նկարագիրը պահելու մասին է:
Վախեցող լինէին, զէնք չէին վերցնի ու մեկնի Արցախ` գիտակցելով, որ նայելու են մահւան աչքերին, տեսնելու են ամէն տառապանք ու դժւարութիւն: Չէին գնացել իւղ ու մեղր ուտելու, նրանց համար իւղն ու մեղրը ազատագրւած ամէն մի թիզ հողն էր, որի վրայ այսօր ծածանւում է Ազատ Արցախի դրօշը:

Յանուն այդ մի թիզ հողի նրանք օրերով ե՛ւ սոված մնացին, ե՛ւ մրսեցին, ե՛ւ կորցրին առողջութիւն, ամէն, ամէն ինչ, բայց... ձեռք բերեցին հպարտութիւն, ուղղեցին մեր կորացած մէջքը, դարասկզբին եղեռն տեսած ժողովրդի պատմութեան 20-րդ դարի էջը փակեցին յաղթանակով, յետ բերեցին մեր ազգային արժանապատւութիւնը:
Եւ նորից դուրս եկան հրապարակ` արհամարհելով տարիների ընթացքում իրենց հանդէպ դրսեւորած անտարբերութիւնն ու վիրաւորանքը, սոցիալական ծանր վիճակը, աղքատութիւնն ու ընտանիքի ամէնօրեայ բազմազան հոգսերը, լքւածութիւնն ու մենակութիւնը, տարիներ ի վեր ապրած` խաբւած լինելու զգացումը սրտում... Խաբւած, քանզի, ում վստահել է իր նւաճած անկախութիւնը, դարձրել է այն կախւածութիւն, խաբւած, որովհետեւ երբ հաշմանդամութեան թօշակը չեն տւել, թէ` փող չկայ, տեսել է` որոշները ոնց են այդ փողերը վատնում...
Դրան դիմացողը հացադուլ չէ, ամէն ինչի էլ կդիմանայ, առաւել եւս, երբ դաւանում է այնպիսի արժէքների, վեհ գաղափարների, յանուն որոնց պատրաստ է զոհաբերել անգամ կեանքը:
Եւ նրանք այսօր ոտքի են ելել` բողոքելու յանուն նոյն այդ արժէքների ու գաղափարների, չեն նեղացել ու լքել հայրենիքը, վարկեան իսկ չեն դադարել հայ մնալուց ու հայեցի ապրելուց յանուն այդ գաղափարների: Եւ վերջապէս` դրա շնորհիւ են այսքան տարիներ տարել, նէրել ու սիրել... Երբէք իրենց հերոսութեան մասին չեն թմբկահարել, չեն ասել` բայ, գիտէ՞ք` մենք Արցախում, էս կռւին, էն կռւին...», թէեւ իրենց հարուստ կենսագրութեամբ լիովին ունէին դրա իրաւունքը:
Չեն ասել, որովհետեւ նախ` դրա կարիքը չեն զգացել. նրանց հաւաքական յաղթանակի արդիւնք Արցախի ազատութիւնը իրողութիւն է, եւ երկրորդ` իրենց չգործած սխրանքների մասին այսօր թմբկահարողներն այնքան շատ են, կրծքներին էլ` հաստ-հաստ մեդալներ, որ «անյայտ զինւորի» սխրանքի մասին դրանց կողքին խօսելը ոմանց համար կարող է աւելորդ թւալ:
Բայց հոգ չէ: Գարեգին Նժդեհը կասէր` «պահի հերոս կարող է լինել ամէն բախտախնդիր, դու դա մեծ բան մի համարիր, բարեկամս, պատմութեան հպարտութիւնը ժամանակի հերոսներն են, նրանք, որոնց ծնում է ժամանակը եւ յաւերժ պահում իր յիշողութեան մէջ»:
Մեր ողբերգութիւններից մէկն էլ հէնց այն է եղել, որ իսկական հերոսներին չենք կարողացել գնահատել ու արժանին մատուցել, միշտ էլ ոչ իրական հերոսները ստւերել են ճշմարիտ հայրենասէրներին: Բայց ժամանակը, ժողովուրդն ու սերունդները իրենց հոգում պահել են միայն արժանաւորներին, դժւարին պահերին առաջնորդւել նրանց կերպարով, նրանց ուղենշով:
Օրեր շարունակ Հանրապետութեան հրապարակում հաւաքվածները այդ յարատեւ պայքարի շարունակողներն էին, այն պահանջատէրերը, որոնք ուզում են տէր կանգնել իրենց անցեալի ու ապագայի ժառանգութեանը` երբէք թոյլ չտալով դրա դոյզն-իսկ սակարկումը:
Մո՞ւշը, Վա՞նը, Սասո՞ւնը, Կարի՞նը, Կա՞րսը, Անի՞ն, Արդահա՞նն ու Ալաշկե՞րտն են սակարկութեան առարկայ, թէ մեր պապերի անթաղ ոսկորները: Ո՞ր մէկիս գերդաստանին բաժին չի ընկել գեհէնի ճանապարհը, եւ եթէ թոյլ տանք այսօր սակարկել պատմական իրողութիւնները «ցեղասպանութեան փաստն ուսումնասիրող յանձնաժողովի» կամ չգիտեմ ինչի մակարդակով, ուրեմն թոյլ ենք տալիս մեր պապերի, մեր գերդաստանի ու վերջապէս մեր ինքնութեան սակարկումը:
Եթէ լռենք, մի օր էլ կզգանք, որ ակամայից մենք էլ ենք դարձել մի աններելի յանցագործութեան մասնակից: Կզգանք, որ Արաբոյի, Աղբիւր Սերոբի, Գէորգ Չավուշի, Սօսէի եւ միւս ֆիդայիների անունները տալու, նրանց ձօնւած երգերը երգելու իրաւունք չունենք, եւ, վերջապէս, մի օր կզգանք, որ մեր ոտքերը չեն շարժւում առաջ, որ մեզ տանեն Եռաբլուր: Փոխարէնը տանջում է մի հարց. «Ինչպէ՞ս նայեմ տղերքի աչքերի մէջ»: Այս ամէնն այնքան պարզ ու շաղկապւած են, այնքան հասկանալի...
Օրերս, արդէն չգիտեմ` որերորդ անգամ, թերթում էի մի գիրք, որ նշանաւոր հայդուկ Սեբաստացի Մուրադի յուշերն են: 1915թ. արիւնօտ օրերին մեծ հայորդին օրագրի ձեւով գրի է առել իր մտածումներն ու զգացումները, յաճախ` թուղթը ծնկին դրած կամ լեռների քարերին, անձրեւի կամ կիզիչ արեւի տակ, բայց միշտ անբաժան իր ընկերակից հրացանից:
Դրանցից մէկում` 1915թ. յուլիսի 17-ի յուշագրութեան մէջ, բառացիօրէն կարդում ենք հետեւեալ տողերը. «Անէծք, բիւր անէծք անոր, որ թուրքից վրէժ չի լուծեր եօթը պորտէն անդին: Եթէ իմ աչքովս տեսածներն ընթերցողը տեսած ըլլայ, կարելի է մեռելներին ալ կտակէ, որ վրէժխնդիր ըլլան: Խնայել պէտք չէ: Հայերի գլխին բերած չարիքներէն քարերն անգամ կդողան»:
Կարդում ես ու մտածում` ախր ո՞ր իրաւունքով ես, օրինակ, այս Մեծ Հայի ու Ազգի Մեծ Նւիրեալի գրածն անտեսեմ ու հէնց վաղն առաւօտ թուրքի հետ «ախպեր-ախպեր խաղամ», յետոյ էլ թռվռալով գնամ Արեւմտեան Հայաստան, թէ` եկել եմ մեր վանքերում ու եկեղեցիներում մոմ վառեմ... Էլ ո՞ր եկեղեցին (եթէ, իհարկէ, մի կանգուն եկեղեցի գտնեմ) իմ աղօթքը կընդունի ու կբարձրացնի առ Աստւած, որ ես էլ ինձ լաւ զգամ, վերջում էլ մի քանի էժան չուլ ու փալաս առած հետ գամ ու «օրհնեմ էն սհաթը», երբ թուրքի ոտքը մեր լիս աշխարհը մտաւ... Այն ժամանակ իրօք որ անէծքի արժանի կլինեմ...


ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉԵԱՆ
«ԵՐԿԻՐ»

Նալբանդեանի Համաձայն, Երկու Կողմերը Պէտք Է Արագօրէն Վաւերացնեն Արձանագրութիւնները




ԵՐԵՒԱՆ, «Նոյեան Տապան».- «Հայ-թրքական արձանագրութիւնների վաւերացումը կապւած չի Ղարաբաղի հարցի հետ», Ուրբաթ, Հոկտեմբեր 30ին յայտնեց Հայաստանի արտաքին գործոց նախարար Էդւարդ Նալբանդեանը եւ աւելացրեց, թէ այս հաստատումը ներքին օգտագործման համար կատարւող յայտարարութիւն չի, այլ Հայաստանի իշխանութիւնների պաշտօնական դիրքորոշումն է:

«Ոչ միայն Հայաստանն է ասում, որ դրանք կապւած չեն: Եռանախագահող երկրներն այդ մասին բազմիցս յայտարարութիւններ են արել, եւ երբ վերջերս եռանախագահողները Հայաստանում էին, եւս մէկ անգամ ասացին, որ որեւէ ձեւով կապւած չի եւ չի կարող լինել», ասաց նախարարը: Նալբանդեանը յայտարարեց, թէ երկու կողմերը պարտաւոր են արագօրէն վաւերացնել արձանագրութիւնները եւ կեանքի կոչել համաձայնութիւնները:
Մեկնաբանելով Հայկական Ցեղասպանութեան ճանաչման վերաբերեալ բանաձեւի ներկայացումը Միացեալ Նահանգների Ծերակոյտին, նախարարը յայտարարեց, որ պաշտօնական Երեւանը միշտ ողջունել է Հայոց Ցեղասպանութեան փաստի ճանաչումը աշխարհի այլ երկրների կողմից:
«Արդէն աշխարհի շուրջ 20 երկրներ ճանաչել են այդ պատմական փաստը, որը վերաբերում է ոչ միայն հայ ժողովրդին, այլ նաեւ ողջ մարդկութեանը: Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը կարող է հետագայում կանխել մարդկութեան դէմ նման ոճրագործութիւնները», ասաց Նալբանդեանը:
Իր կարգին, ԳԱԱի Արեւելագիտութեան հիմնարկի տնօրէն, թրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը յայտնեց, թէ Անկարան վերջին մի քանի օրերին մեղմացրել է հայ-թուրքական արձանագրութիւնների վաւերացման վերաբերող իր յայտարարութիւնները, այդ իրողութիւնը վերագրելով Վաշինկթոնի եւ Եւրոմիութեան կողմից Թուրքիայի վրայ բանեցւող ճնշումներին:
Ըստ նրա, Թուրքիան փորձում է առեւտուրի նիւթ դարձնել Հայոց Ցեղասպանութեան հարցը: Նա նաեւ նշեց, որ թէեւ Թուրքիայի ազգայնամոլ շրջանակների մէջ հակահայ տրամադրութիւնները սաստկացել են, ընդհանուր առմամբ թրքական հասարակութիւնը այդ արձանագրութիւնների հանդէպ չունի այն հետաքրքրութիւնը, որ կայ, օրինակ, քրդական հարցի նկատմամբ:
Յիշեցնենք, որ Հինգշաբթի օր Բաքու գտնւող Թուրքիայի խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնախմբի նախագահ Մուրադ Մէրճանը, Ադրբեջանի արտաքին գործոց նախարար Էլմար Մամէտեարովի հետ մի հանդիպում ունենալուց յետոյ, դարձեալ յայտարարեց, թէ Հայասան-Թուրքիա սահմանը չպիտի բացւի, եթէ Լեռնային Ղարաբաղի տագնապը չլուծւի:

Անգլիայում սկսւել է ապառիկ դագաղների վաճառքը


«Wal-Mart» խոշորագոյն ռիթէյլորական ընկերութիւնը սկսում է դագաղների ապառիկ վաճառք: Ըստ BBC-ի, ընկերութիւնը կառաջարկի ինչպէս սովորական պողպատէ մոդելներ, այնպէս էլ` բրոնզէ բացառիկ 2899 դոլար արժողութեամբ նմուշներ: Առաջարկւող այս գները շատ աւելի ցածր են, քան մասնագիտացւած սգոյ ծառայութիւններինը:

«Wal-Mart»-ի առաջարկի առանձնայատկութիւնն այն է, որ դագաղի ողջ արժէքը հնարաւոր է համամասնօրէն վճարել 12 ամիսների ընթացքում:
Ընկերութիւնը դագաղները հասցէատիրոջն է տրամադրում 48 ժամւայ ընթացքում` հարազատների զանգով: ««Wal-Mart»-ի այս նոր բիզնեսի ապագան կախւած է գնորդների ռէակցիայից»,- յայտնել է ընկերութեան ներկայացուցիչ Ռավիլ Ջարիվալան:



ԱՅՍՕՐ, 15:22

Օտարերկրացիները Հայաստանում զբաղւում են թմրանիւթերով եւ մաքսանենգութեամբ


16:29 / 31.10.2009
Օտարերկրացի յանցագործները Հայաստանում հիմնականում զբաղւած են թմրանիւթերի իւրացմամբ եւ մաքսանենգութեամբ: Հայաստանի ոստիկանութիւնից NEWs.am-ին յայտնում են, որ օտարերկացիների կատարած յանցագործութիւնների մէջ 3-րդ տեղը զբաղեցնում է մարմնական վնասւածքներ հասցնելը:
Ըստ ոստիկանութեան՝ 2009թ. առաջին 9 ամիսներին Հայաստանում օտարերկրացի յանցագործների կողմից կատարւել է 71 յանցանք, մեղադրանք է առաջադրւել 78 օտարերկրացիների, իսկ 53 անձի նկատմամբ 40 քրէական գործեր, որ յարուցւել են աւելի վաղ կատարւած յանցագործութիւնների համար, գտնւում են քննութեան փուլում: Ի դէպ, Հայաստանում օտարերկրացիների նկատմամբ կատարւել է 79 յանցագործութիւն:


Լուրեր Հայաստանից

Անհեռատես Լաւատեսութեան Արդիւնքները

«Փառք Աստծոյ, որ կրքերը մարեցին, եւ ամէն ինչ հանդարտւեց»,- ասում է իր զրուցակցին ծանօթ հաղորդավարն ու քաղաքական մեկնաբանը էկրանից` նկատի ունենալով հայ-թուրքական արձանագրութիւններին «ոչ» ասելու` ՀՅ Դաշնակցութեան յուժկու շարժումն ու դրան միացած այլ քաղաքական ուժերի համատեղ կեցւածքը:

Թէ ինչի՞ համար է այդ առիթով Աստծուն փառք տալիս հանրայայտ հեռուստահաղորդավարը` թողնենք իր խղճին, որովհետեւ Աստծուն դիմելու եւ ապաւինելու մէջ պարսաւելի ոչինչ չկայ: Սակայն ուրախանալու առիթ նոյնպէս չկայ:
Նախ` հանրապետութեան ու հասարակութեան այս օրերի համեմատաբար հանդարտ վիճակը խաբուսիկ է այնքանով, որ սպասման հսկայական լարւածութիւն է կրում եւ ամէն պահ կարող է նորից սրւել:
Ակնյայտ է, որ հէնց այդպէս էլ կլինի, երբ արձանագրութիւնները մտնեն խորհրդարան` վաւերացւելու:
Իսկ այժմ մեր խորհրդարանականներն ու գործադիր իշխանութիւնը սպասում են նոյն գործընթացի զարգացումներին` թուրքական խորհրդարանում: Իսկ այնտեղ եղել է ընդամէնը մէկ քննարկում, որը ոչ այնքան հարցերի պատասխաններ տւեց, որքան որ նոր հարցեր ծնեց:
Հայկական մամուլին ու հեռուստատեսութեանը ուշադիր հետեւողները նկատած կլինեն, որ դրանից յետոյ անգամ մեր իշխող կուսակցութիւնների ներկայացուցիչներն սկսեցին աւելի զգոյշ ու քիչ օգտագործել մի անհեթեթ բառակապակցութիւն` «ներքին օգտագործման համար» արտայայտութիւնը:
Եղան էլի խուլ ու համր ձեւացողներ, եղան ջայլամի պէս գլուխները թաքցնողներ, բայց մեծաւ մասամբ հասկացան, որ Թուրքիայի թէ՛ արտգործնախարարի եւ թէ՛ վարչապետի ելոյթները ոչ այնքան ներքին օգտագործման համար էին, որքան արտաքին աշխարհին ուղղւած «վերջնագրեր»:
Եթէ մեր իշխանութիւնները շարունակեն պնդել, թէ Ադրբեջանին սիրաշահելուն միտւած արտայայտութիւնները դարձեալ «ներքին օգտագործման» համար են, ուրեմն կարելի է համաձայնել նրանց հետ` մէկ պայմանով միայն: Ադրբեջանն ու Թուրքիան ներքին օգտագործման նոյն տարածքն ունեն, եւ իրականում չկայ տարբաժանում, չկայ շահերի հակասութիւն, առաւել եւս` դաւաճանութիւն:
«Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը մեզ համար նոյնքան սուրբ է, որքան Թուրքիայի ամբողջականութիւնը»,- ասում է Ահմեդ Դաւութօղլուն, եւ աւելի անկեղծ նախադասութիւն այս ողջ գործընթացի ընթացքում չի լսւել ո՛չ մեր եւ ոչ էլ թուրք իշխանաւորների շուրթերից:
«Թուրքիան չի կարող հանդուրժել, որ Ադրբեջանի տարածքները մնան բռնազաւթւած, ներկայիս ստատուս-քվոն չի կարող երկար շարունակւել, եւ Թուրքիան կանի ամէն ինչ, արդարութեան վերականգնման եւ տարածաշրջանում խաղաղութեան պահպանման համար»,- ասում է Թուրքիայի վարչապետ Էրդողանը: Ընդամէնը մէկ տարի առաջ այս յայտարարութիւնը կարող էր ցնցում ու շոկ առաջացնել թէ՛ Հայաստանում եւ թէ՛ Ղարաբաղեան բանակցութիւններով զբաղւող միջազգային կառոյցներում: Դրան անշուշտ կհետեւէին բազմաթիւ պատասխաններ:
Մինչ այս յայտարարութիւնները, Թուրքիան էլի յայտարարութիւններ է արել, բայց վերջնագրային պակաս դոզայով, եւ ամէն անգամ մերոնք եւ միջազգայինները հնչեցրել են աւել կամ պակաս ադեկվատ պատասխաններ: Վերջին` Թուրքիայի մէջլիսում հնչած յայտարարութիւնները ոչ մի պատասխանի չարժանացան: Չափաւորւած դոզայով ազդելով դանդաղ ու աստիճանաբար, ի վերջոյ, Թուրքիան հասաւ իր գլխաւոր ասելիքին:
«Եթէ անգամ Ադրբեջանը համաձայնի ներկայիս ստատուս քվոյին, Թուրքիան երբէք չի կարող այն հանդուրժել»,- խորհրդարանական քննարկումներից յետոյ Ահմեդ Դաւութօղլուն ասում է լրագրողներին ու դրանով էլ աւելի կարծրացնում ու թնդացնում գլխաւոր նախապայմաններից մէկը: Սա էլ համարժէք ոչ մի պատասխան չի ստանում: Տպաւորութիւն է ստեղծւում, թէ Հայաստանն այսուհետ աւելի շատ Թուրքիայի հետ պիտի բանակցի Ղարաբաղի խնդրով, քան Ադրբեջանի: Վերոյիշեալ արտայայտութիւններով Թուրքիան իրեն դրեց հարցով ոչ միայն շահագրգիռի, այլ նաեւ որոշողի ու վճռողի դիրքում:
Կրկնում ենք` նման իրավիճակը մէկ տարի, նոյնիսկ կէս տարի առաջ այնքան յաւակնոտ ու անտեղի կթւար, որ Թուրքիային իր տեղը կդնեին: Այսօր բոլորը համակերպւել են նման ամբիցիաներին: Ահա հայ-թուրքական շփումների առաջին «պտուղները», ահա «առանց նախապայմանների» դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու կոյր մղումների ու անհեռատես լաւատեսութեան արդիւնքները:
Հետաքրքիր է, որ այս իրավիճակում մեզանում աւելացել են այն տեսակէտի կրողները, որ հայ-թուրքական նորմալ յարաբերութիւններ չեն լինի, եւ այս ամէնը խաղ էր` ընդամէնը Ղարաբաղեան հարցի կարգաւորման գործընթացը Ադրբեջանա-թուրքական շահերի կողմը տեղաշարժելու նպատակով:

ՀՐԱՉ ՄԱՆՈՒԿԵԱՆ
30/10/2009

ԿԸ ԳՆԻ ԱՐԴԵՕ՞Ք ԾԱՌՈՒԿԵԱՆԸ ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ


«Գագիկ Ծառուկեանին որ մնայ, ամբողջ Արեւմտեան Հայաստանը կը գնի»,-այսօր ԱԺ խմբակցութիւնների ճեպազրոյցի ժամանակ «Ա1+»-ի հարցին պատասխանելով ասաց ԲՀԿ խմբակցութեան պատգամաւոր Նաիրա Զոհրաբեանը:
«Ա1+» -ը քաղաքական ուժերի ներկայացուցիչներից հետաքրքրւեց, թէ արդեօք տեղին է թուրք հասարակութեան մտավախութիւնը, որ ներկայացրեց գործարար Նոյեան Սոեակը, թէ հայ-թուրքական սահմանի բացումից յետոյ հայերը կգնեն թուրքական հողերը:
Արդեօ՞ք Արեւմտեան Հայաստանը յետ բերելու այդպիսի հեռահար նպատակ կարող է ունենալ իշխանութիւնը' հարցրինք ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանին: «Իշխանութիւնը որպէս կատեգորիա' կարող է, այս իշխաանութիւնը' ոչ:
Բացի դրանից, հայ գործարարները, եթէ նոյնիսկ իրաւունք ստանան հող գնելու, որովհետեւ Նոյեան Սոյակը մի քիչ անկեղծ չէ, թուրքական օրէնքները այդքան հեշտ թոյլ չեն տալիս հայկական գործարարներին, օտարներին, անհատ ու իրաւաբանական անձանց, սեփականութիւն ձեռք բերել, եւ այնպէս չի, որ մեր խորհրդարանում ներկայացւած օլիգարխները գնան ու Սեւրի դաշնագրով ամբողջ Հայաստանը գնեն:
Բացի այդ, որպէս կանոն մարդկանց այդ կատեգորիան նախընտրում է աւելի կոմֆորտային գօտիներում սեփականութիւն գնել, ու նրանց այս տեսակի գործողութիւնները շատ հազւադէպ են ազգային զգացողութեամբ դրդւած»,-ասաց նա: ԲՀԿ խմբակցութեան քարտուղար Արամ Սաֆարեանը տեղեկացրեց, որ 3 տարի առաջ թուրքական խոշոր աւտոձեռնարկութիւններից մէկի տէնդեր էր յայտարարւել Թուրքիայում եւ խոշոր գնորդների շարքում 2 մլրդ դոլար վաճառքի պատրաստակամութեամբ հանդէս էր եկել Ռուսաստանի հայ նշանաւոր գործարար Ռուբէն Վարդանեան:
Թուրքիայի անվտանգութեան խորհուրդը յատուկ նիստ հրաւիրեց եւ որոշում կայացրեց չվաճառել այդ ընկերութիւնը հայ գործարարին, որովհետեւ դա սպառնալիք է Թուրքիայի ազգային անվտանգութիւնը»: Ապա պատմեց, թէ ինչպէս դեռ 80-ական թւականներին ամերիկահայ մի գործարար իբրեւ ԱՄՆ քաղաքացի Վանում մի հիւրանոց էր գնել, եւ երբ տեղի թուրքերը իմացել էին, որ գնորդը հայ է, այնպիսի պայմաններ էին ստեղծել, որ նա բիզնեսը թողել' հեռացել էր:
«Ես վստահ եմ, որ եթէ նման ձեռնարկութիւններ Հայաստանում վաճառքի հանւեն' մեր ազգային անվտանգութեան խորհուրդը եւ հիմնական քաղաքական ուժերը լուրջ քննարկումներ կունենան այն թեմայով, թէ կարելի է այդ գործարքը թոյլ տալ, թէ ոչ: Վստահ եմ, որ մեր օրէնսդրական դաշտը կատարելագործման խնդիր ունի, նկատի ունենալով որոշ ինքնապաշտպանական բնազդներ, որոնք պէտք է ՀՀ-ն կարողանայ դրսեւորել' դիմակայելու համար աւելի ուժեղ թուրքական տնտեսութեանը»,-ասաց Արամ Սաֆարեանը:
Իսկ ՀՀԿ խմբակցութեան ղեկավար Գալուստ Սահակեանն աւելի հեռու գնաց: Նա յայտարարեց, որ ինչպէս ամբողջ աշխարհում, այնպէս էլ մեր դէպքում մեր հողերը կվերադարձւեն դրանց իրական տէրերի ժառանգներին: «Հայերը չեն պատրաստւում թուրքերի հողերը գնել, որովհետեւ այդ հողերի մեծ մասը հայաբնակ են եղել, ու բնականաբար, կարծում եմ, ինչպէս աշխարհն է գնացել, մենք էլ կը գնանք, եւրոպական որ երկիրը գնում ենք, տեսնում ենք, որ գտել են ժառանգներին,ովքեր սեփականութիւն են ունեցել 18,17,16-րդ դարերում, եւ վերադարձրել են սեփականութիւնը»,-ասաց նա:
Գալուստ Սահակեանը նաեւ բացայայտեց այսօրւայ իշխանութեան նպատակը. «Մեզ համար նպատակներից նպատակը ցեղասպանութեան հետեւանքների վերացումն է,հետեւանքների վերացումն է, որի կոնտեքստում տեսնում ենք ցեղասպանութեան ճանաչման խնդիրը հէնց Թուրքիայի կողմից»:

«Ա+ 1»

Կիրօ Մանոեան.–
ԼՂՀ ԱԺ-ն չուզեցաւ ամրագրել փաստացի սահմանները



13:54 / 31.10.2009
ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրօ Մանոեանը չի կարծում, թէ Լեռնային Ղարաբաղի գործող իշխանութիւնները կարող են այնպիսի որոշում կայացնել, որով քրէական պատասխանատւութեան կենթարկւեն տարածքների յանձնման մասին բարձրաձայնողները: Մանոեանը նման տեսակէտ յայտնեց NEWS.am-ի հետ զրոյցում:
Յիշեցնենք, որ ԼՂՀ խորհրդարանի պատգամաւոր Արմէն Սարգսեանն օրերս հանդէս էր եկել յայտարարութեամբ, համաձայն որի՝ ԼՂՀ օրէնքների գործողութեան տարածքներում հակաօրինական է խօսել տարածքների յանձնման մասին: Սարգսեանը յայտնել էր, թէ այդ անձանց քրէական պատասխանատւութեան պէտք է ենթարկել, քանի որ «համանման բոլոր յայտարարութիւնները պէտք է ճանաչւեն հակասահմանադրական, այլ ոչ թէ՝ խօսքի ազատութեան ժողովրդավարական դրսեւորում»:
«Կարծում եմ՝ Ղարաբաղի ժողովրդի անկեղծ ցանկութիւնների անկեղծ արտայայտութիւնն է»,- ԼՂՀ ԱԺ պատգամաւորի յայտարարութիւնը մեկնաբանեց Կիրօ Մանոյեանը, իսկ հարցին, թէ իրաւական կամ քաղաքական տեսակէտից ինչ հետեւանքներ կարող է առաջացնել այդ յայտարարութիւնը, ասաց. «Քաղաքական իմաստով լաւ կը լինի, որ նման յայտարարութիւն լինի, իրաւական իմաստով չեմ կարծում, որ որոշում կը կայացւի՝ հաշւի առնելով, որ Ղարաբաղի խորհրդարանում մեծամասնութիւն է կազմում այն քաղաքական ուժը, որ Սահմանադրութեան մէջ չուզեցաւ ամրագրել Լեռնային Ղարաբաղի այսօրւայ փաստացի սահմանները դէ-իւրէ սահմաններ՝ 2006թ. սկսած, այլ ուրիշ ձեւակերպում տւեց: Այդ նոյն քաղաքական ուժը չեմ կարծում, որ նման որոշում կայացնի»:

Լուրեր Հայաստանից

ՍԵՆԱՏԻ ՆՈՐ ԲԱՆԱՁԵՒԸ
ԽԱՌՆՈՒՄ Է ԽԱՂԱԹՂԹԵՐԸ


Դաւութօղլուն նշեց, որ պատմական արխիւների ուսումնասիրման ընդունումը Հայաստանի կողմից նշանակում էր, որ հայերը հրաժարւում են պատմութեան միակողմանի մեկնաբանութեան իրենց դիրքերից եւ ընդունում են Թուրքիայի տարածքային ամբողջականութիւնը` հիմնւած անցեալի պայմանագրերի վրայ: Նա նաեւ նշեց, որ արձանագրութիւնները նպաստելու են «ազատագրելու ադրբեջանական տարածքները», այսինքն` Ղարաբաղը (Արցախը):
Հասկանալի է, որ Դաւութօղլուն փորձելու էր արձանագրութիւններին տալ հնարաւորինս լաւ մեկնաբանութիւն, որպէսզի ապահովէր դրանց վաւերացումը, ասենք, որ նրա թւարկած երեք հիմնաւորումները հէնց նոյն պատճառներն են, որոնց դէմ էին արտայայտւում հայերից շատերը:
Ինչպէս ակնկալւում էր, Դաւութօղլուն խիստ քննադատութեան ենթարկւեց խորհրդարանի ընդդիմադիր կուսակցութիւնների կողմից, որոնք դէմ են արձանագրութիւններին: Ամենախիստ քննադատութիւնն, այդուհանդերձ, հնչեցրեց խորհրդարանի քրդական խմբակցութեան առաջնորդ Սելահեթդին Դեմիրթաշը, որը կառավարութեանը պատասխանատւութեան կանչեց «հայոց կոտորածների» փաստերն աղաւաղելու եւ ժխտելու համար:
Նման քննադատությիւն երբէք դրանցից առաջ չէր հնչել թուրքական խորհրդարանում: Դեմիրթաշը համարձակօրէն ասաց. «Հաւատացած ենք, որ ժամանակն է խօսելու մի թեմայի շուրջը, որն այնքան տառապանք է պատճառել հայ ժողովրդին: Դա թուրքական հանրապետութեան առաջ ծառացած գլխաւոր խնդիրներից մէկն է: Հարիւր տարի առաջ իթթիհադական կուսակցութիւնը` նպատակ ունենալով ամբողջ Անատոլիան թուրքացնելու, հետամուտ եղաւ բնաջնջելու բոլոր ոչ մահմեդականներին, յատկապէս հայերին, նրանց այս տարածքներից տարագրելու եւ կոտորելու միջոցով»:
Անտեսելով իր հասցէին ուղղւած կառավարող կուսակցութեան (AKP) եւ այլոց վիրաւորանքները, Դեմիրթաշը քննադատեց կառավարութեան ժխտողական քաղաքականութիւնը, որը, նպատակ ունենալով խուսափելու այդ «ողբերգութեան» հետեւանքներից, ստեղծում էր «կեղծ մի պատմութիւն»` կարծես այդ բոլորը երբէք էլ տեղի չի ունեցել: «Մենք պարտաւոր ենք խօսել այդ ամէնի մասին եւ ճշտել մեր տւեալները», եզրակացրեց նա:
Թուրքական խորհրդարանում ելոյթ ունենալուց անմիջապէս յետոյ Դաւութօղլուն Բաքու թռաւ` հանգստացնելու ադրբեջանցիների բորբոքւած նեարդերը արձանագրութիւնների կապակցութեամբ: Հասկանալով նրանց վրդովմունքի խորութիւնը, նա ստիպւած էր մի քանի արտասովոր յայտարարութիւններ կատարել` ասելով. «Ադրբեջանի հողերը մեզ համար սուրբ են, եւ դրանց ազատագրումը Թուրքիայի առաջնահերթ խնդիրն է: Մենք չենք փոխելու մեր դիրքորոշումը, նոյնիսկ եթէ երկինքը փուլ գայ երկրի վրայ»: Նա նաեւ աւելացրեց. «Եթէ կարիք լինի, 72 միլիոն թուրքերը պատրաստ են մահանալու Ադրբեջանում»:
Ադրբեջանի ղեկավարները, սակայն, այնքան էլ չտպաւորւեցին Դաւութօղլուի խօսքերից: Շարունակւեց Թուրքիայի ֆինանսաւորմամբ գոծող մզկիթների փակումը, վերացւեցին Բաքւում թուրք նահատակների գերեզմանի վրայից թուրքական դրոօշները եւ սպառնալիքներ հնչեցին բարձրացնելու թուրքերին վաճառւող նաւթի գինը:
Մինչ չափազանց յագեցած ծրագրով Դաւութօղլուն գտնւում էր Բաքւում, Վաշինգտոնից հեռարձակւած լուրը եկաւ խառնելու Անկարայի քաղաքական խաղաթղթերը: Մի նոր բանաձեւ ներկայացւեց Մ. Նահանգների Սենատին` վերահաստատելու Հայոց ցեղասպանութեան փաստը: Այս անակնկալ զարգացումը ուժեղ ազդանշանային պատգամ էր` ուղղւած ոչ միայն Թուրքիային, այլեւ Հայաստանի, Ռուսաստանի, Եւրոմիութեան եւ անգամ Մ. Նահանգների ղեկավարներին:
Ի հեճուկս իրենց ակնկալիքների, թուրք ղեկավարները հասկացան, որ արձանագրութիւնները վերջ չէին դնելու Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ արդարութեան վերահաստատման գործընթացին:
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նաբի Սենսոյը տագնապել էր եւ անմիջապէս քննադատեց բանաձեւի անցկացումը «Ամերիկայի ձայնին» տւած իր հարցազրոյցի ընթացքում: Նա «ցաւալի» եւ «անյաջող» հորջորջեց նման բանաձեւի առաջադրման ժամանակը, ակնարկելով, որ դա տեղի էր ունեցել Թուրքիայում արձանագրութիւնների խորհրդարան մտնելու յաջորդ օրը: Յարգարժան դեսպանը մօռացաւ, սակայն, նշել, թէ երբ էր, իր կարծիքով, առաւել յարմար ժամանակը դրա համար:
Թուրքիայի առաջնորդներն այժմ երկընտրանքի դժւարին կացութեան առաջ են կանգնած: Եթէ շտապեն վաւերացնել արձանագրութիւնները, որպէսզի բանաձեւը զրկեն քաղաքական պաշտպանութիւնից, ապա նեղացնելու են իրենց ազերի «եղբայրներին»` Ղարաբաղի վերաբերեալ իրենց խոստումը չկատարելու կապակցութեամբ:
Միւս կողմից, եթէ նրանք հետաձգեն վաւերացումը մինչեւ յաջորդ տարւայ ապրիլի 24-ը եւ աւելին (ակնկալելով, որ Հայաստանը զիջումներ կը կատարի Արցախի հարցի վերաբերեալ), ապա վտանգի կենթարկեն իրենց, այն իմաստով, որ մինչ այդ Ներկայացուցիչների պալատը կամ Սենատը (կամ երկուսն էլ) ընդունած կլինեն Հայոց ցեղասպանութեան ճանաչման նոր բանաձեւը: Հաշւի առնելով, որ 2010 թւականը ընտրութիւնների տարի է Ներկայացուցիչների պալատի բոլոր եւ Սենատի մէկ երրորդ անդամների համար, Կոնգրէսի պատգամաւորներն, ըստ սովորութեան, աւելի պատասխանատու են զգալու ընտրազանգւածին տւած իրենց խոստումների հանդէպ եւ դրանով մեծացնելու բանաձեւի ընդունման հաւանականութիւնը:
Աւելին, նախագահ Օբաման պարտաւորւած է լինելու ճնշել թուրքերին, որ վաւերացնեն արձանագրութիւնները նախքան ապրիլի 24-ը, որպէսզի առնւազն «երես ունենայ» իր յաջորդ «Մեծ եղեռն» բառերը հնչեցնելու:
Հետեւաբար, եթէ Հայաստանի ղեկավարները շարունակեն պինդ մնալ հասարակութեանը տւած իրենց պարտաւորութիւններում, եւ ոչ մի զիջումի չգնան, ապա Անկարայի առաջիկայ քայլերի ղեկը կպահեն իրենց ձեռքերում:
Միաժամանակ, նախագահ Սարգսեանը նոյնպես պէտք է պահի իր խոստումը` կապւած ցեղասպանութեան ճանաչման գործընթացի շարունակման հետ: Այս առիթով լաւ կլինի, որ նախագահ Սարգսեանը նամակ յղի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի ղեկավարութեանը` քաջալերելու նրանց առաջադրած բանաձեւի անցկացումը: Հաշւի առնենք, որ թուրքական կառավարութիւնը ոչ մի անգամ չի տատանւել նամակների միջոցով հակաքարոզչութիւն ծաւալելու ընդդէմ կոնգրէսական բանաձեւերի ընդունման:
Մ. Նահանգների Կոնգրէսին հասցէագրւած նման պաշտպանական նամակը նւազագոյնն է, որ Հայաստանի նախագահը կարող է անել: Դա նաեւ այն ազդանշանային պատգամը կը հնչեցնի Վաշինգտոնին, Մոսկւային եւ այլոց, որ Հայաստանը չի հրաժարւում իր պատմական իրաւունքներից, անգամ այլ բնագաւառներում զիջումներ կատարելու ճնշումների ենթարկւելու դէպքում:
Ժամանակն է, որ Հայաստանի ղեկավարները ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները` խուսափելու համար հետագայ սխալ քայլերից:

Թարգմ. Հ. Ծ.

«ԱԶԳ»

Կիպրոսի նախագահ.– Թուրքիայի քաղաքականութիւնը յիշեցնում է հիտլերեան Գերմանիայի քաղաքականութեանը



20:03 / 30.10.2009
Թուրքիայի ներկայիս քաղաքականութիւնը յիշեցնում է հիտլերական Գերմանիայի քաղաքականութեանը:
Այդ մասին, հոկտեմբերի 29-ին, բրիտանական «The Guardian» պարբերականին տւած հարցազրոյցում յայտնել է Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Քրիստոֆիասը՝ ինքնակոչ Հարաւային Կիպրոսի թուրքական հանրապետութեան նախագահ Մահմեդ Ալի Թալեաթի հետ հանդիպման ժամանակ:
«Ես Թուրքիան չեմ համեմատում ֆաշիստական Գերմանիայի հետ, բայց խելամիտ չէ ասել` Թուրքիայի առջեւ պահանջներ մի դրէք, նա կարող է զայրանալ: Գոյութիւն ունեն օրէնքներ, որոնցով Թուրքիան չի առաջնորդւում.. Դա ինձ յիշեցնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի իրավիճակը, երբ հանգստացնում էին Հիտլերին, որպէսզի նա չդառնայ աւելի ագրեսիվ: Ֆաշիզմը մնում է ֆաշիզմ, իսկ Հիտլերը մնում է Հիտլեր»,-յայտարարել է Քրիստոֆիասը:
Նրա խօսքով` Եւրամիութիւնը ոչ մի դէպքում չպէտք է թոյլ տայ Թուրքիային իրեն պահանջներ ներկայացնել: Շօշափելով կիպրոսեան խնդիրները, Դիմիտրիս Քրիստոֆիասը նշել է, որ իրենց եւ թուրքերի միջեւ շատ տարաձայնութիւններ կան` կապւած այդ հարցի հետ:
Ընդ որում, թուրքական կառավարութիւնում առաջացած լճացման մեղքի բաժնի մեծ մասը Կիպրոսի նախագահը դրեց վարչապետ Ռաջաբ Թէյէբ Էրդողանի վրայ ."Մենք համաձայն չենք Էրդողանի եւ ոչ մի խօսքին"։
Մեծամասամբ Կիպրոսի հետ բանակցութիւններից է կախւած Թուրքիայի անդամակցումը Եւրոպական միութեանը։ Անկարայի եւ Բրիւսելի միջեւ բարդ բանակցութիւները Թուրքիայի Եւրամիութեանն անդամակցելու շուրջ սառեցւել էին անդամակցութեանը Կիպրոսի յունական հատւածի դէմ լինելու պատճառով, յիշեցնում է «The Guardian»-ը։

Լուրեր Հայաստանից

Գէորգ Դանիէլեան. –
Ցեղասպանութիւնը հերքելը պէտք է քրէական պատասխանատւութիւն առաջացնի, անկախ ամէն ինչից

20:15 / 30.10.2009

Բացառիկ հարցազրոյց ՀՀ արդարադատութեան նախարար Գէորգ Դանիէլեանի հետ


Պարոն Դանիէլեան, որքանո՞վ է Հայաստանում գործող իրաւական դաշտը պատրաստ հայ-թուրքական սահմանի հնարաւոր բացմանը, եւ ի՞նչ պէտք է արւի՝ պատրաստ լինելու համար:
–Հայ-թուրքական ընդհանուր սահմանի բացմանը նաև իրաւական կարգաւորումների տեսանկիւնից լիովին պատրաստ լինելու համար` Հանրապետութեան նախագահի յանձնարարութեամբ արդէն տեւական ժամանակ է, ինչ իրականացւում են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ:
Ընդհանուր ուղղւածութիւնը հետևեալն է. օրէնսդրութեան մէջ կատարել այնպիսի նորամուծութիւններ, որոնք իրաւական հնարաւորութիւն կտան բացառելու անվտանգութեանն սպառնացող բոլոր գործօնները, միւս կողմից՝ բնականոն պայմաններ ստեղծել երկկողմ յարաբերութիւնների արդիւնաւէտ զարգացման և մարդկանց իրաւունքների փոխադարձ պաշտպանութեան համար:
Դա չափազանց ընդգրկուն ու բարդ գործընթաց է և հնարաւոր չէ հակիրճ անդրադառնալ դրա բոլոր ասպեկտներին: Բացի այդ, աւելորդ հապճեպութիւնը կարող է խիստ վնասներ հասցնել վերը նշւած արժէքներին:
Շատերը մտավախութիւն ունեն, որ թուրքերը սահմանամերձ տարածքներում հողեր ձեռք կըբերեն: Արդեօ՞ք այդ մտավախութիւնը տեղին է:
–Համոզւած եմ, որ այդ մտավախութիւնը ինչպէս իրաւական, այնպէս էլ քաղաքական լուծումների տեսանկիւնից հիմնաւորւած չէ: Խօսքը բացարձակապէս միայն թուրքերին չի վերաբերում, պարզապէս որոշ տարածքներում օտարերկրեայ քաղաքացիներին և իրաւաբանական անձանց գոյքային իրաւունքների սահմանափակումը բխում է տւեալ երկրի անվտանգութեան շահերից:
Տւեալ դէպքում նոյնիսկ անհասկանալի է այն քաղաքական գործիչների դիրքորոշումը, որոնք սահմանափակւում են միայն սահմանամերձ շրջաններով, ինչը, ի դէպ, նաև Ձեր հարցադրման մէջ էր շոշափւում: Չպէտք է սահմանափակւել նաև միայն հողի նկատմամբ սահմանափակումներ նախատեսելով, դա հաւասարապէս պէտք է վերաբերի ցանկացած տեսակի անշարժ գոյքի նկատմամբ ոչ միայն սեփականութեան, այլեւ` գոյքային իրաւունքներին (օրինակ` անհատոյց օգտագործման, վարձակալութեան և այլն):
Անվտանգութեան գօտին ընդգրկում է ինչպէս սահմանամերձ որոշ տարածքներ, այնպէս էլ` պետութեան այն տարածքները, որոնք յատուկ նշանակութիւն ունեն՝ անվտանգութեան տեսանկիւնից:
Իսկ այն յայտարարութիւնները, թէ օտարերկրացիները տարածքներ ձեռք կբերեն այլոց անուններով, հետևաբար, առաւել խելամիտ կլինի թոյլ տալ, որ հէնց իրենք էլ ձեռք բերեն, որպէսզի վերահսկելի ու թափանցիկ դառնայ ողջ գործընթացը, պարզապէս լուրջ չեն և աւելի շատ դիլետանտիզմի դրսևորումներ են: Վերջին հաշւով, պէտք էր ըմբռնել, որ անվտանգութեանը սպառնալու նպատակ ունեցողը երբէք նախապատւութիւնը չի տայ թափանցիկ գործելաոճին: Ընդհանրապէս կոչ կանէի ձեռնպահ մնալ նեղ մասնագիտական հարցերի մասին «վերջին» ճշմարտութիւններ հնչեցնելու միգուցէ հրապուրիչ մտքից:
Ի դէպ, Թուրքիայի «Հողի ռեգիստրի մասին» օրէնքի 35-րդ յօդւածի համաձայն. «Օտարերկրեա ֆիզիկական անձինք և առևտրային կազմակերպութիւնները իրաւունք ունեն ձեռք բերել Թուրքիայի Հանրապետութիւնում գտնւող անշարժ գոյք` փոխադարձութեան սկզբունքի վրայ»: Մէկ այլ` «Զինւորական փակ շրջանների և անվտանգութեան գօտիների մասին» օրէնքի համաձայն, օտարերկրեա ֆիզիկական և իրաւաբանական անձանց կողմից զինւորական փակ շրջաններում և անվտանգութեան գօտիներում անշարժ գոյքի ձեռբերումը չի թոյլատրւում: Այս օրինակները բազմաթիւ են, պարզապէս դրանց վրայ յղում անելով, նպատակայարմար եմ գտնում ընդգծել, որ փոխադարձութեան սկզբունքն է մեզ թելադրելու որոշ քայլեր կատարել:
–ՀՅԴ-ն առաջարկում է ցեղասպանութիւնը ժխտելու համար պատիժ սահմանող օրէնք ընդունել։ Դուք կո՞ղմ էք նման օրէնքի ընդունմանը: Եթէ ոչ, ապա ինչո՞ւ:
–Ձեր հարցը փոքր ինչ ճշգրտելու կարիք կայ. ՀՅԴ-ն չի կարող պարզապէս ցեղասպանութիւնը ժխտելու համար պատիժ սահմանող օրէնք առաջարկել, որպէսզի ես էլ կողմ կամ դէմ լինեմ: Գործող քրէական օրէնսգրքի 3791 յօդւածով արդէն իսկ սահմանւած է քրէական պատասխանատւութիւն ոչ միայն ցեղասպանութեան, այլև խաղաղութեան ու մարդկութեան անվտանգութեան դէմ ուղղւած յանցագործութիւնները հերքելու, մեղմացնելու, դրանց հաւանութեան տալու կամ արդարացնելու համար: ՀՅԴ-ի դիրքորոշումն այն է, որ քրէական պատասխանատւութիւն սահմանւի յատուկ Օսմանեան Թուրքիայում և Արևմտեան Հայաստանում Հայոց Ցեղասպանութեան համար: Ընդ որում, առաջարկւում է այդ յանցագործութեան համար նախատեսել ոչ մինչև 4, այլ` մինչև 5 տարի ժամանակով ազատազրկում:
Այս առումով մենք Կառավարութեանը ներկայացրել ենք առաւել արմատական լուծումներ: Նախ, առաջարկել ենք ամբողջովին վերանայել յիշեալ յօդւածը և դրա դիսպոզիցիայից հանել շարժառիթին առնչւող յատկանիշները, այսինքն, ցեղասպանութիւնը հերքելը պէտք է քրէական պատասխանատւութիւն առաջացնի, անկախ այն հանգամանքից, թէ ինչ շարժառիթով է (ռասայական պատկանելութեան, մաշկի գոյնի, ազգային կամ էթնիկական ծագման կամ կրէնական պատկանելութեան հիման վրայ` անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելութիւն, խտրականութիւն կամ բռնութիւն հրահրելու նպատակով) այն կատարւել: Ի դէպ, այս դիրքորոշումը մասամբ համահունչ է նաև ՀՅԴ-ի կողմից ներկայացւած նախագծին:
Սակայն, կարծում ենք, որ շարժառիթին վերաբերող յատկանիշները ոչ թէ պէտք է ամբողջութեամբ հանել, այլ դրանք դիտարկել, որպէս արարքը որակեալ դարձնող հանգամանքներ, ըստ այդմ էլ` առաջադրել առաւել խիստ պատիժ:
Չեմ կարծում, թէ սոսկ մէկ տարւայ չափով պատիժ խստացնելու հիմքով իմաստ ունի առանձնացնել Հայոց Ցեղասպանութիւնը: Նոյն կերպ դա ընդունելի չէ նաև քաղաքական նկատառումներով. մեզ համար հաւասարապէս պէտք է դատապարտելի լինի մեր պետութեան կողմից ճանաչւած ցեղասպանութեան իւրաքանչիւր դէպք, պարզապէս առաւել արժէքավոր է, երբ մենք ինքնուրոյն իրաւաքաղաքական ակտով կոնկրէտ գնահատականներով դատապարտում ենք Հայոց Ցեղասպանութիւնը:
Նկատենք, որ ճանաչումն իրականացւում է ինչպէս ներպետական իրաւական ակտ ընդունելու, այնպէս էլ համապատասխան միջազգային պայմանագրին միանալու եղանակով: Մասնաւորապէս, Հայոց ցեղասպանութիւնը ճանաչւել է Գերագոյն խորհրդի 1988թ. նոյեմբերի 22-ի «Օսմանեան Թուրքիայում հայերի 1915 թւականի ցեղասպանութեան դատապարտման մասին» օրէնքով:
–Իսկապէ՞ս պարտադիր էր, որպէսզի միջպետական յարաբերութւններ հաստատելու համար ճանաչէինք Թուրքիայի ներկայ սահմանները: Ինչո՞ւ է հայկական կողմը համաձայնել դրան:
–Այս առնչութեամբ յաճախ հնչում են նաև պնդումներ այն մասին, որ դրանով իբր քողարկւած ձևով իրաւական ուժ է հաղորդւել մեր պետականութեան շահերին հակասող պատմական անցեալում կնքւած տարաբնոյթ պայմանագրերի: Պարզապէս, յստակեցնեմ, որ մեր պետութեան համար իրաւական ուժ կարող է ունենալ բացառապէս Ազգային ժողովի կողմից վաւերացւած կամ սահմանւած կարգով հաստատւած միջազգային պայմանագիրը` դա Սահմանադրութեան 6-րդ յօդւածի անվերապահ պահանջն է:
Չեմ կարծում, որ այսքանից յետոյ կլինեն մարդիկ, որ կպնդեն, թէ իբր արձանագրութիւնների երկիմաստ ձևակերպումների արդիւնքում մեր պետութեան համար իրաւական ուժ է ձեռք բերել, օրինակ՝ Սեւրի պայմանագիրը:

Լուրեր Հայաստանից

Շւեդական կուսակցութիւնը՝ Ցեղասպանութեան ճանաչման օգտին


12:46 / 30.10.2009
Շւեդիայի Սոցիալ Դեմոկրատական կուսակցութիւնը որոշում է կայացրել շարունակել իր աշխատանքները Շւեդիայի, Եւրամիութեան եւ ՄԱԿ-ի կողմից 1915թ. Օսմանեան կայսրութիւնում տեղի ունեցած Հայոց ցեղասպանութեան ճանաչման ուղղութեամբ:
Շւեդիայի Հայկական Ասոցիացիաների Միութիւնը յայտնում է, որ Շւեդիայի ՍԴԿ նիստը տեւական քննարկումներից յետոյ որոշել է անտեսել կառավարութեան առաջարկը եւ հաստատել է J28 առաջարկի առաջին մասը, ըստ որի «Սոցիալ դեմոկրատները պէտք է գործեն 1915 Ցեղասպանութեան եւ Քրդերի ցեղասպանութեան`Շւեդիայի, ԵՄ եւ ՄԱԿ-ի կողմից ճանաչման համար»:
Շւեդիայի Հայկական Ասոցիացիաների Միութիւնը ողջունել է այս որոշումը ու միեւնոյն ժամանակ նշել, որ այն չի ազդի Թուրքիայում ժողովրդավարութեան զարգացման, ցեղասպանութեան հետաքննման եւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման վրայ։


Լուրեր Հայաստանից

Լարիսա Ալավերդեան.–
«Թուրքիան այս գործընթացից ունի սպասելիքներ ու խնդիրներ եւ նաեւ ուզում է ցոյց տալ, թէ ով է այս խաղի իրական տէրը»




15:10 / 30.10.2009
«Թուրքիան հայ-թուրքական արձանագրութիւնների վաւերացումը ձգձգելու հնարաւորութիւն ունի, որովհետեւ սա նրա նախաձեռնութիւնն է»,- այսօր լրագրողների հետ ճեպազրոյցների ժամանակ յայտարարեց «Ժառանգութիւն» խմբակցութեան պատգամաւոր Լարիսա Ալավերդեանը:
Նրա խօսքով, Թուրքիան այս գործընթացից ունի սպասելիքներ ու խնդիրներ եւ նաեւ ուզում է ցոյց տալ, թէ ով է այս խաղի իրական տէրը, դրա համար էլ կարող է ձգձգել արձանագրութիւնների վաւարեացումը: «Իսկ Հայաստանեան իշխանաւորների ձեւակերպումները մնում են կոդաւորւած եւ անհասկանալի բոլորի համար»,- յաւելեց պատգամաւորը:
Լ. Ալավերդեանը տեղեկացրեց, որ իրենք առաջարկել են ԱԺ-ին ապրիլի 24-ը նշել ցեղասպանութեան զոհերի եւ նաեւ հայրենազրկման օր: «Հայրենազրկում տերմինի գործածումն ուժեղացնում է Հայաստանի դիրքերը եւ լաւ է, որ երկրի ղեկավարները սկսել են օգտագործել Րաֆֆի Յովհաննիսեանի կողմից շրջանառութեան մէջ դրւած այս տերմինը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի նախաձեռնութեանը, ըստ որի ցեղասպանութիւնը ժխտելու կամ մերժելու համար քրէական պատիժ պէտք է նախատեսւի, «Ժառանգութեան» պատգմաւոր Զարուհի Փոստանջեանն ասաց, որ իրենց վերջնական դիրքորոշումը կարող են յայտնել միայն օրինագիծը ուսումնասիրելուց յետոյ, սակայն կարծիք յայտնեց, որ այդ վերաբերմունքը հաւանաբար կլինի դրական, քանի որ այդ հարցում իերնց դիրքորոշումները համընկնում են:

Լուրեր Հայաստանից

Պաշտօնական Մինսկը բացառում է ղարաբաղեան հակամարտութեան շուրջ իրադարձութիւնների ռազմական զարգացման հնարաւորութիւնը

13:02 / 30.10.2009
Մինսկը վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան շուրջ իրադարձութիւնների ռազմական զարգացումը բացառւում է։ Այս մասին այսօր հոկտեմբերի 30-ին Երեւանում տեղի ունեցած մամլոյ ասուլիսի ժամանակ յայտարարել է Բելառուսի ԱԳՆ ղեկավար Սերգէյ Մարտինովը։
Ինչպէս յայտնում է NEWS.am-ի թղթակիցը, ըստ նրա, Բելառուսը յոյս ունի, որ հակամարտութիւնը կը կարգաւորւի փոխզիջումների, միջազգային իրաւունքի սկզբունքների հիման վրայ, կողմերի պայմանաւորւածութիւնների համապատասխան։ «Կցանկանայինք յուսալ, որ ոչ հեռու ապագայում Մինսկը կարող է իր յարկի տակ ընդունել խաղաղութեան ամփոփիչ խորհրդաժողովը»,- նշել է Մարտինովը։
Մինսկի կողմից Ադրբեջանին, որը գտնւում է ՀԱՊԿ գծով Բելառուսի գործընկեր Հայաստանի հետ պատերազմական վիճակում, զէնք մատակարարելու փաստը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան Սերգէյ Մարտինովը նշել է, որ դրանք իրականացւում են առանց բելառուսական կողմի ՄԱԿ-ի եւ ՀԱՊԿ գծով պարտաւորութիւնների խախտման։ «Մենք նաեւ հանդէս ենք գալիս այն բանի օգտին, որպէսզի ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի հետ մեր ռազմա-տեխնիկական համագործակցութիւնը առաւելագոյնս խորը լինի»,- նշել է նա՝ աւելացնելով, որ Բելառուսը միշտ էլ մեծ պատասխանատւութեամբ է վերաբերւում իր պարտաւորութիւններին։

Դաւութօղլուն մեկնում է Ֆրանսիա՝…
Եւրամիութեանը Թուրքիայի անդամակցութեան շուրջ բանակցելու
17:12 / 29.10.2009
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուն նոյեմբերի 6-ին մեկնում է Փարիզ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Samanyolu կայքէջը։
Դաւութօղլուն Փարիզում կը հանդիպի Ֆրանսիայի իր գործընկեր Բեռնար Քուշների հետ եւ կքննարկւեն Եւրամիութեանը Թուրքիայի անդամակցութեան, տարածաշրջանային եւ այլ հարցեր։
Դաւութօղլուն պէտք է Ֆրանսիա մեկնէր հոկտեմբերի 23-ին, սակայն թուրքական խորհրդարանում Հայաստանի հետ ստորագրւած արձանագրութիւնների քննարկումների պատճառով այցը հետաձգւեց։

Լուրեր Հայաստանից

Իսրայէլա-թուրքական վերջին ճգնաժամից ի վեր առաջին անգամ Իսրայէլից բարձրաստիճան պատւիրակութիւն կըմեկնի Թուրքիա
19:31 / 29.10.2009

Իսրայէլից Թուրքիա կուղեւորւի բարձրաստիճան պատւիրակութիւն։ Այս մասին յայտնում է թուրքական Interhaber կայքէջը։
Դաւոսեան սկանդալի, զինավարժութիւնների եւ TRT հեռուստաընկերութեան կողմից հեռարձակւող սերիալի հետ կապւած քաղաքական ճգնաժամից յետոյ առաջին անգամ Իսրայէլից բարձրաստիճան պատւիրակութիւն կայցելի Թուրքիա։ Իսրայէլական պատւիրակութիւնը Իսրայէլի առեւտրի նախարարի գլխաւորութեամբ՝ նոյեմբերի 24-ին կը լինի Անկարայում։ Այս մասին յայտնել է Անկարայում Իսրայէլի դեսպան Գաբի Լեւին։

Ո՞ւմ Առաջ Է Պատասխանատու Վարչապետը


Վարչապետ Տիգրան Սարգսեանի վերջերս արած յայտարարութիւնը, թէ` «մենք պատասխանատու ենք միայն 3 միլիոնի առաջ», բուռն արձագանքների եւ դժգոհութիւնների տեղիք տւեց: Հոկտեմբերի 28-ին ԱԺ-ում ընդդիմադիր պատգամաւորների հարցերը վարչապետին հէնց այդ դժգոհութիւնների ապացոյցն էին:
ԱԺ ՀՅԴ խմբակցութեան անդամ Արտաշես Շահբազեանը, նշելով, որ ամիսներ առաջ Տ.Սարգսեանի խօսքերը 10 միլիոնանոց հայոց աշխարհի մասին շատ յուսադրող էին եւ ամբողջութեամբ հակասում են օրերս ասածին, ասաց, որ վարչապետի վերջին դիրքորոշումը համընկաւ ողջ Սփիւռքի` արձանագրութիւնների դէմ արտայայտւելուն: «Քաւ լիցի, չեմ ուզում ուղիղ կապ տեսնել, բայց սա նաեւ համընկնում է այն ժամանակի եւ այն արտայայտութիւնների հետ, երբ թուրք բարձրաստիճան պաշտօնեաները մեզ խորհուրդներ են տալիս, թէ Հայաստանը պէտք է ձերբազատւի Սփիւռքի խորհուրդներից եւ ինքնուրոյն կողմնորոշւի»:
Ապա դիմելով կառավարութեան ղեկավարին` դաշնակցական պատգամաւորը փորձեց պարզել, թէ արդեօ՞ք մենք Թուրքիայի յայտարարութիւններին մեղմ չենք արձագանքում, այն դէպքում, երբ նա փորձում է այդ ամէնով իր համար ստեղծել իրաւական ու քաղաքական հիմքեր:
«Այսօր համարժէք ձեւով խնդիրները չենք դնում: Այսօր միջազգային հանրութեան համար փորձ է արւում ամրագրել այն, որ Ղարաբաղի խնդիրը ուղղակիօրէն կապւում է այս արձանագրութիւնների հետ: Մենք շատ կրաւորական դիրք չունե՞նք այս պայմաններում»,- հարցրեց նա: Տիգրան Սարգսեանը, պատասխանելով հարցադրմանը, նշեց, որ ճիշտ չէ թուրքական կողմի բոլոր յայտարարութիւններին նոյն ոճով պատասխանելը: Դա, ըստ նրա, կը թուլացնի Հայաստանի դիրքերը:
Ապա անդրադառնալով «3 միլիոնի» խնդրին` վարչապետը, փաստօրէն, կարողացաւ նախօրոք արած յայտարարութեան տակից դուրս գալ. «Ակնյայտ է, որ մենք գործ ունենք մի իրողութեան հետ, այն է` մենք, որպէս ազգ, ներկայացւած ենք ոչ միայն Հայաստանի Հանրապետութիւնում բնակւող երեք միլիոն հայերով, այլեւ Լեռնային Ղարաբաղի բնակչութեամբ, ինչպէս նաեւ Ջավախքով, Սփիւռքով, եւ այս բոլոր սուբյեկտները հայկական աշխարհի տարր են:
Մենք ձեզ հետ միասին պարտաւոր ենք ուժեղացնել, հզօրացնել հայկական աշխարհը, իսկ հայկական աշխարհի շարժիչ ուժը Հայաստանի Հանրապետութիւնն է, որը այդ առումով պատասխանատու է ամբողջ հայկական աշխարհի համար: Եւ ես, որպէս ՀՀ վարչապետ, միայն երեք միլիոնի համար պատասխանատու չեմ: Այլ որպէս այդ հայկական աշխարհում լիազօրութիւններ ունեցող պաշտօնատար անձ` պատասխանատու եմ նաեւ 10 միլիոնի առջեւ»: Ըստ վարչապետի, հայոց աշխարհի իւրաքանչիւր սուբյեկտ ունի իր շահերը:
Հակադարձելով Տիգրան Սարգսեանին` պատգամաւոր Արտաշես Շահբազեանը նշեց, որ վճռականօրէն համաձայն չէ վարչապետի վերջին մտքին. «90-ականների սկզբներին օրւայ իշխանութիւնները մի թեզ զարգացրին եւ այդպէս էլ գործեցին. այն է թէ` Հայաստանն ու Սփիւռքը ունեն տարբեր շահեր: Մենք սրան վճռականօրէն դէմ ենք. Հայաստանն ու Սփիւռքը, չենք կարծում, որ ունեն հակառակ շահեր: Տարբեր շահեր չկան, մենք բոլորս ունենք նոյն շահը»:

Ս. ՅԱԿՈԲԵԱՆ

Հայ Դատը Դատապարտում է Ցեղասպանութեան Բանաձեւի Դէմ Թուրք Դեսպանի Արտայայտութիւնը


ՈՒԱՇԻՆԿԹՈՆ, ՊՈԼԻՍ, «Մարմարա».- «Ամերիկայի ձայն» ձայնասփիւռի թրքերէն բաժինը անցեալ Ուրբաթ, Հոկտեմբեր 23ին մի հարցազրոյց է ունեցել Միացեալ Նահանգների մօտ Թուրքիայի դեսպան Նաբի Շէնսոյի հետ՝ Կոնգրէս յղւած Հայկական Ցեղասպանութեան բանաձեւի ու Հայաստանի հետ ստորագրւած երկկողմանի յարաբերութիւնները բնականոնացնելու արձանագրութիւնների առնչութեամբ։

Շէնսոյը պատասխանել է, որ արձանագրութիւնների ստորագրութեան յաջորդող օրերին Հայկական Ցեղասպանութեան ճանաչումը պահանջող բանաձեւը Ծերակոյտի մէջ ներկայացնելը մի «անբախտ ու ցաւալի զարգացում» է։ Նա յիշեցրել է, որ նախագահ Բարաք Օբաման, ամերիկացի նախորդ նախագահների նման, Ապրիլ 24ի իր յայտարարութեան մէջ խուսափեց «ցեղասպանութիւն» բառը գործածելուց։
«Ակնկալում էինք, որ այդպէս պիտի անէր ու այդպէս էլ արեց, վստահ ենք, որ այսպէս էլ պիտի շարունակի», ասել է Նաբի Շէնսոյը, միաժամանակ յոյս յայտնելով, որ բանաձեւը Ծերակոյտի կողմից չի քննւելու:
Գալով երկու արձանագրութիւնների առնչութեամբ Ադրբեջանի հետ ստեղծւած լարւածութեանը, Թուրքիայի դեսպանը դիտել է տւել, որ Հայաստանի հետ յարաբերութիւնների հաստատումն ու սահմանների բացւելը իր կարեւոր նպաստը պիտի բերի Կովկասի մէջ սառած հարցերի լուծման վրայ, «ուրեմն մեր ադրբեջանցի եղբայրները պէտք չունեն անհանգստանալու»։
Թուրքիան ամենաբարձր մակարդակի վրայ երաշխաւորութիւն է տւել, որ Ադրբեջանի շահերին ներհակ գործ չպիտի տեսնւի», ասաել է Շէնսոյը։ Նոյն կայանից սփռւած մի հարցազրոյցի ընթացքին, Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի վարիչ գործավար Արամ Համբարեանը դատապարտեց դեսպանի յայտարարութիւնը եւ յայտնեց, թէ նա դարձեալ հաստատեց այն իրողութիւնը, որ Թուրքիան Հայաստանի հետ յարաբերութիւնները բնականոնացնելու աշխատանքները ձեռնարկել է ձախողութեան մատնելու համար Հայկական Ցեղասպանութեան միջզգային ճանաչում ապահովելու արշաւը: Նա վստահեցրեց, որ Ցեղասպանութեան ճանաչումը ապահովելու արշաւը պիտի շարունակւի:

Նաբի Շէնսոյի Հարցազրոյցը դիտելու համար այցելէք՝

www.youtube.com/watch?v=evC0mE7OAJA համացանցային կայքէջը:

Թուրքիան Արդէն Պատմաբանների Յանձնաժողովի Ղեկավար Է Առաջարկել

ԵՐԵՒԱՆ, «Երկիր Մեդիա».- Թրքական «Հիւրիյէթ» պարբերականը Հոկտեմբերի 19ին հրապարակած մի յօդւածի մէջ գրել էր, թէ Թուրքիայի կառավարութիւնը ոչ-պաշտօնապէս հայ-թրքական պատմական յանձնաժողովի ղեկավար է նշանակել մի պոլսահայ գիտնականի:

Թերթի տւեալներով, այդ պատմաբանը անցեալ տարի Երեւանի մէջ ուսումնասիրութիւններ է կատարել Հայոց Ցեղասպանութեան թանգարանի մէջ: Նշւած էր նաեւ, որ նա հայազգի առաջին պատմաբանն է, որ 1974ին ստացել էր Թուրքիայի օրւայ նախագահ Ֆահրի Քորութիւրքի թոյլտւութիւնը Օսմանեան արխիւները ուսումնասիրելու համար:
Կենսագրական այս փաստը հիմք է տւել «Երկիր Մեդիա»յին եզրակացնելու, որ խօսքը պոլսահայ պատմաբան եւ լեզւաբան Բարսեղ Թուղլաճեանի մասին է, որ եղել է նախագահ Քորութիւրքի կողմից նման թոյլտւութիւն ստացած գիտնականը:
Թրքական աղբիւրներ այս գիտնականի անունը աւելի յաճախ յիշատակում էին իբրեւ Բարս Թուղլաճը: Բարսեղ Թուղլաճեանը, որ վերջերս Երեւան էր, հրաժարւել է «Երկիր Մեդիա»յին մեկնաբանութիւն տալուց պատմաբանների յանձնաժողովի գլխաւորելու համար իր թեկնածութեան առաջադրման, ինչպէս նաեւ հայ-թրքական յարաբերութիւնների գծով տեղի ունեցող վերջին զարգացումների մասին առ հասարակ:
Թուղլաճեանը խոստացել է «Երկիր Մեդիա»յին այդ նիւթի շուրջ խօսել 3 ամիս յետոյ, երբ կրկին Երեւան պիտի վերադառնայ իր գրքի շնորհանդէսին մասնակցելու նպատակով:

Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խնդիրը քննարկւելու է ԵԱՀԿ Աթէնքում կայանալիք նիստում
18:35 / 29.10.2009
Դեկտեմբերի սկզբին Աթէնքում կայանալիք ԵԱՀԿ նիստում կը քննարկւի Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Այս մասին յայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդեարովը, հաղորդում է Day.az -ը։
Նա նաեւ նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին պարզ կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների յաջորդ շաբաթ կայանալիք հանդիպումից յետոյ։

Լուրեր Հայաստանից

Հոգեկան տւայտանքներ...


Դաւութօղլուն իրենց խորհրդարանում արձանագրութիւնների ներկայացումից մէկ օր անց ձեռքերը բարձրացրեց ու յանձնւելու նշաններ ցոյց տւեց. «Որեւէ յոյս չկայ, թէ հայ-թուրքական արձանագրութիւնները կը վաւերացւեն Թուրքիայի խորհրդարանում, եթէ դրական առաջընթաց չլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հարցում»:
Այսպէս նա խօսեց «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տւած հարցազրոյցում: Ի՞նչ զգացին մեր դիպլոմատներն այս յայտարարութիւնից յետոյ` դժւար է ասել, որովհետեւ նրանց ներկայ պահւածքը ամենամեծ ցանկութեան դէպքում էլ չի կարելի ադեկվատ համարել Դաւութօղլուի մտասեւեռմանը:
Յիշո՞ւմ էք, ժամանակին, Էրդողանը մի այսպիսի միտք արտայայտեց` Հայաստանը պէտք է ձգտի ձերբազատւել Սփիւռքի ազդեցութիւնից: Սերժ Սարգսեանն էլ անմիջապէս փորձ արեց իրականացնել դա: Նրա սփիւռքեան շրջագայութիւնը, որ զանազան մեկնաբանութիւնների առիթ տւեց, նաեւ շատ կողմերով համաշխարհային հանրութեանը ցուցադրեց մէկ ազգ մէկ պետութիւն լինելու հայութեան ձգտումը:
Սփիւռքահայերը բողոքեցին անարդարութեան դէմ, այն խաղերի դէմ, որոնց մէջ ներքաշւում է Հայրենիքը, այն անհիմն փաստարկների դէմ, ըստ որոնց` այդ հայրենիքը պէտք է զարգանայ` որպէս գին վճարելով իր գրեթէ բոլոր կռւանները: Յանուն ինչի՞: Որ Դաւութօղլուն այսօր ասի, թէ չենք կարող, առանց ադրբեջանցի եղբայրների կարծիքի հետ հաշւի նստելու, մի քա՞յլ անել: Աֆերին...
Դեռ ժամանակը չէ՞ դրան ասելու` տղայ ջան, Թուրքիան պէտք է ձգտի ձերբազատւել Ադրբեջանի ազդեցութիւնից: Ո՞վ պիտի ասի, ե՞ս, թէ՞ ՀՀ նախագահը, Պօղո՞սը, թէ՞ Էդւարդ Նալբանդեանը, որ եւրոպաներից տուն չի գալիս: Ե՞րբ պիտի ասեն: Գուցէ խելամիտ մի ժամանակահատւածո՞ւմ: Հայ ազգին յայտարարեցին, որ մինչեւ տարեվերջ Արցախի հետ կապւած ոչ մի թուղթ չի ստորագրւի:
Յայտարարեցին ու իրենց գործը աւարտւած համարեցին: Իսկ 2010-ի յունւարի առաջին կէսի՞ն, երբ ազգովի մի լաւ խմած կլինենք, իսկ փետրւարի 19-ի՞ն, իսկ Օբամայի յաջորդ ապրիլեան ուղերձի նախօրեակի՞ն:
Այդ օրերի՞ն էլ մեզ ոչինչ չի սպառնում: Վերջին հաշւով, թուրքերը շատ մեծ տեղ են տալիս նշանաւոր օրերին հերթական օյինբազութիւնն անելու մեթոդին, եւ մենք դա գիտենք: Ճիշտն ասած` ես բոլորովին չեմ հասկանում, թէ ինչու պէտք է մենք սպասենք Թուրքիայի խորհրդարանի որոշմանը արձանագրութիւնների վաւերացման փուլում: Արձանագրութիւններում ոչ մի տեղ գրւած չէ, որ նախ Թուրքիայի խորհրդարանը պէտք է վաւերացնի, յետոյ` Հայաստանի:
Եթէ սա բանաւոր պայմանաւորւածութիւն է, ապա պէտք է շնորհաւորեմ մեր դիւանագէտներին, իսկ եթէ պարզապէս կապրիզ է, կամակորութիւն մեր կողմից, ուրեմն ստիպւած եմ արձանագրել, որ մինչեւ օրս էլ մերոնք չգիտեն` այս արձանագրութիւնները մեզ համար լա՞ւն են, թէ՞ վատը: Այսինքն` գիտեն, որ վատն են, որ նրանց մէջ նախապայմաններ կան, բայց սպասում են` տեսնելու, թէ, մեզ համար այսքան վատը լինելով հանդէրձ, ընդունելի՞ են Թուրքիայի համար, թէ՞ ոչ:
Իսկ Թուրքիան, ինչպէս տեսնում ենք, չի շտապում բաւարարել մեր իշխանութիւնների հետաքրքրութիւնը: Դաւութօղլուն արդէն խօսում է այն մասին, որ Թուրքիայի խորհրդարանը քաղաքականապէս, իսկ որ աւելի կարեւոր է` հոգեբանօրէն պատրաստ չէ վաւերացնելու հայ-թուրքական արձանագրութիւնները:
Ասել է թէ` թուրք օրէնսդիրները հիմա այն նոյն հոգեկան տւայտանքների մէջ են, ինչ որ Էդւարդ Նալբանդեանը Ցիւրիխում, ասել է թէ` սփրթնած են եւ ձեռքները չի գնում քւէարկելու ադրբեջանցի եղբայրների դէմ: Ես կառաջարկէի հոգեբանութեան մասնագէտներ ուղարկել Թուրքիայի խորհրդարան` Վազգէն Մանուկեանին, Խոսրով Յարությունեանին, Էդւարդ Շարմազանովին եւ, իհարկէ, Գալուստ Սահակեանին: Բաւական է նրանք Մեջլիսում յայտարարեն, որ Սերժ Սարգսեանն ասել է` նախապայմաններ չկան, եւ թուրք երեսփոխանների հոգեբանական խնդիրներն անմիջապէս կը վերանան:
Միայն չգիտեմ, թէ ինչ պէտք է անենք Դաւութօղլուի յայտարարութեան երկրորդ մասի հետ, որ մօտաւորապէս այսպէս է հնչում. «Դրա համար (որպէսզի խորհրդարանը հոգեբանօրէն պատրաստ լինի վաւերացնելու արձանագրութիւնները.- Է.Ա.) անհրաժեշտ է, որ առաջընթաց լինի խաղաղ բանակցութիւններում, որովհետեւ ադրբեջանական հողերի օկուպացիան (բռնագրաւումը) դարձել է Թուրքիայի խնդիրը»: Տեղ հասանք վերջապէս: Դէ ասա, էլի, այ մարդ, էլ ի՞նչ ես ծամում: Ապրիլի 23-ին չէի՞ր կարող ասել, Ս. Սարգսեանի սփիւռքեան այցից առաջ կամ Ցիւրիխում գոնէ:
Մեր նախագահի՞ն ինչու տարաք Բուրսա` ֆուտբոլ նայելու: Դու քո խորհրդարանը չէի՞ր ճանաչում, քո վարչապետին, նախագահին, տօ հէնց ինքդ քեզ չէի՞ր ճանաչում, որ մեյդան էք դուրս եկել, թէ` Հայաստանի հետ ուզում ենք յարաբերութիւններ հաստատել: Բա կարելի՞ է այդպէս դաժանօրէն խաբել հարեւան երկրի իշխանութեանը: Բա որ հիմա մեր արտգործնախարարը վեր կենայ ու յայտարարի, թէ Թուրքիան անտանելի է դառնում, ի՞նչ ես անելու:
Չէ՞ որ տիկին Քլինթոնը, Լավրովը, Սոլանան էնպէս կը քաշէն ականջներդ, որ կաղկանձդ Անկարայից Բաքու կհասնի: Ադրբեջանական հողերի օկուպացիան ո՞րն է, տօ շան որդի: Սպասիր, Նալբանդեանը գայ Երեւան, յետոյ կխօսենք քեզ հետ: Տես, թէ քո գլուխն ինչ է բերելու: Ասել ենք, չէ՞, դիպկորպուս ունենք` աշխարհը չունի:

Էդիկ ԱՆԴՐԷԱՍԵԱՆ

Թուրքիայի իշխող կուսակցութիւն.–
Երեւանը պէտք է կատարի Անկարայի պայմանները
17:42 / 29.10.2009
Որպէսզի ստորագրւած հայ-թուրքական արձանագրութիւնները հաստատւեն թուրքական խորհրդարանի կողմից, պէտք է կատարւի Թուրքիայի պայմանը։ Այսպէս է ասել թուրքական իշխող կուսակցութեան փոխնախագահը եւ մանրամասնել այդ պայմանը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Interhaber կայքէջը։
Թուրքիայի իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան նախագահի տեղակալ Սալէհ Քափուսուզը ասել է. «Հայաստանի հետ ստորագրւած արձանագրութիւնների Թուրքիայի խորհրդարանի կողմից վաւերացումը կախւած է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հնարաւոր համաձայնութիւնից»։

Լուրեր Հայաստանից


ԴԻՏԱՆԿԻՒՆ

Արամ Ա.- «Եթէ Վիկտոր Հիւգօն այստեղ լինէր եւ նայէր այս նկարներին, կասէր, որ այստեղով թուրքեր են անցել»


. ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Ադանայի 1909-ի կոտորածի հարիւրամեակի առիթով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան նախաձեռնութեամբ եւ Արամ Ա Վեհափառ Հայրապետի հովանաւորութեամբ համագումար է կազմակերպւել Անթիլիասի մայրավանքում՝ հոկտ. 28-30-ը։
Համագումարին մասնակցում են հրաւիրեալներ՝ Լիբանանից, Հայաստանից եւ արտասահմանի տարբեր երկրներից։ Քննարկման նիւթերն են՝ Ադանայի պատմութիւնն ու աշխարհագրութիւնը, հայութեան ներկայութիւնը՝ քաղաքում, ինչպէս նաեւ եւրոպացի ճանապարհորդների վկայութիւնները՝ քաղաքի մասին։
Այնուհետեւ՝ Ադանայի կոտորածը՝ ըստ ականատեսների վկայութիւնների, ժամանակակից մամուլի արձագանգները, դիւանագիտական փաստաթղթեր, օրագրեր, հայութեան նիւթական եւ մարդկային կորուստները եւ ընդհանուր առմամբ՝ քաղաքական գնահատականներ։

* * *

Հարիւր տարի առաջ՝ 1909 թւականի ապրիլին, երկու փուլերով, Միջերկրականի ափերում, որտեղ Միջնադարում շուրջ երեք հարիւր տարի ստեղծւել ու բարգաւաճել էր Կիլիկիայի հայկական թագաւորութիւնը, տեղի ունեցան հայոց ջարդեր, որոնք հայկական պատմագրութեան մէջ յայտնի են Կիլիկիայի աղէտ կամ Ադանայի ջարդեր անունով:
Հայոց պատմութեան այդ ողբերգական էջի 100-րդ տարելիցի առիթով հոկտեմբերի 28-ին Կիլիկիայի հայոց կաթողիկոսութեան մայրավանքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի ձեռամբ տեղի ունեցաւ այդ ջարդերին նւիրւած խաչքարի տեղադրում եւ լուսանկարների ցուցահանդէսի բացում:
«Այն, ինչ կատարւեց 100 տարի առաջ, պատահական չէր, այլ Օսմանեան կայսրութեան հայաջինջ քաղաքականութեան արդիւնքն էր: Տեղի ունեցածը Օսմանեան կայսրութեան կողմից ծրագրւած եւ իրականացւած ջարդեր էին»,- ցուցահանդէսի բացմանը նւիրւած իր խօսքում ասաց Արամ Ա կաթողիկոսը:
Այդ ջարդերին զոհ գնացին աւելի քան 30 հազար հայեր, որբ մնացին շուրջ 8,000 հայ մանուկներ, աւելի քան 4,000 հայուհիներ դարձան այրի, աւելի քան 30 հազար հայեր մնացին անտուն, հրկիզւեցին, թալանւեցին կամ աւերւեցին 32 եկեղեցիներ, 19 դպրոցներ, շուրջ 3000 տներ, 600 խանութներ, դպրոցներ, այլ կառոյցներ:
«Այս թւերը երեւակայութիւն չեն, սրանք օրւան ականատեսի վկայութիւններն են»,- ասաց Արամ Ա կաթողիկոսը:Ադանայի ջարդերի ականատեսների վկայութիւնները սահմռկեցուցիչ են: «Նիւ Եօրք թայմզ» թերթի 1909 թւականի ապրիլի 19-ի համարում կարդում ենք. «Իրավիճակը Կիլիկիայում ակնյայտօրէն ծանր է, եւ Ադանայից եկող ճեպագրերը հաւաստում են իրավիճակի անյուսալիութիւնը:
Քաղաքի մեծ մասն այրւել է, ներառեալ՝ հայերով բնակեցւած թաղամասը, որոնք անյուսալիօրէն դիմադրել են եւ ծանր կորուստներ հասցրել հակառակորդին՝ մինչեւ վերջնականապէս պարտւելը: Թարսուս քաղաքն այրւում է: Քրիստոնեաներն այնտեղ խաղաղ են, բայց թուրքերն սպանում են եւ կողոպտում»:
Մի քանի օր անց՝ 1909 թւականի ապրիլի 23-ի համարում նոյն թերթը գրում է. «Հալէպի եւ Ալեքսանդրէթի միջեւ ընկած Քըրքխանի ողջ բնակչութիւնը կոտորւել է, նոյնիսկ նորածին երեխաներին չեն խնայել... Ջարդերն ուղեկցւում են դաժանութեամբ, անգամ կանանց ու երեխաներին չեն խնայում»:
Անթիլիասի մայրավանքում հաւաքւած ներկաներին դիմելով՝ Արամ Ա Վեհափառն ասաց. «Եթէ ֆրանսիացի նշանաւոր գրող Վիկտոր Հիւգօն այստեղ լինէր եւ նայէր այս նկարներին, կասէր, որ այստեղով թուրքերն են անցել: Պատմութիւնը ցոյց է տւել, որ այնտեղով, որտեղով թուրքերն են անցել, միայն մահ, քանդում, աւեր են սփռել»:
Հարիւր տարի է անցել Ադանայի ջարդերից, բայց մեր ժողովրդի հաւաքական յիշողութեան մէջ անգամ հազար տարի յետոյ արմատացած կը մնայ Կիլիկիայի աղէտը եւ Հայոց Ցեղասպանութիւնը,- ասաց Վեհափառ Հայրապետը:
«Համաշխարհային հանրութեանը պէտք է յիշեցնենք, որ 100 տարի առաջ Օսմանեան Թուրքիան կատարել է Ադանայի ջարդերը եւ նահատակների թոռներն ու ծոռները կը յիշեն եւ կը պահանջեն արդարութիւն եւ փոխհատուցում»,- աւելացրեց Արամ Ա կաթողիկոսը:

ԼՂՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ԴՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ` ՔՐԷԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՒՈՒԹԻՒՆ

Երեւան (Երկիր) -
ԼՂՀ այն քաղաքացիները, որոնք խօսում են փոխզիջման մասին կամ կասկածի տակ են դնում ԼՂՀ տարածքային ամբողջականութիւնը, պէտք է ենթարկւեն քրէական պատասխանատւութեան, հոկտեմբերի 28-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստում յայտարարութիւն-առաջարկ է արել «ՀՅ Դաշնակցութիւն-Շարժում-88» խմբակցութեան ղեկավար Արմէն Սարգսեանը:
Ըստ նրա` դա ոչ թէ այլակարծութեան կամ ժողովրդավարութեան դրսեւորում է, այլ հակասահմանադրական քայլ, որովհետեւ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ժողովուրդը համաժողովրդական հանրաքւէով ընդունել է Սահմանադրութիւն, որում յստակ ամրագրւած են մեր սահմանները եւ տարածքային ամբողջականութիւնը», տեղեկացնում է «Ապառաժ» թերթը:

Երեւանում բացւել է
Expo «Ռուսաստան-Հայաստան 2009»
ցուցահանդէսը


14:29 / 29.10.2009
Երեւանում բացւել է Expo «Ռուսաստան-Հայաստան2009» ցուցահանդէսը։ Բացման արարողութեանը ներկայ են եղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը, ռուս եւ հայ խոշոր ձեռնարկատէրեր։
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վեաչեսլավ Կովալենկոն ընթերցել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովի ուղերձը։ Ուղերձում, մասնաւօրապէս, նշւում է, որ նմանօրինակ ցուցահանդէսներն ակտիւացնում են Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմ համագործակցութիւնը։ Նախարարը նշում է, որ հայ-ռուսական համագործակցութիւնը աւանդաբար բարձր մակարդակի վրայ է գտնւում։ Ուղեձում նշւում է, որ հայկական տնտեսութեան մէջ ռուսական ներդրումները մեծ դեր են խաղում։
ԱՊՀ գործերով դաշնային գործակալութեան փոխնախագահ Իգոր Մարոզովը ընթերցել է միջկառավարական յանձնաժողովի տնտեսական համագործակցութեան համանախագահ Իգոր Լեւիտինի ուղերձը, ով եւս ընդգծել է նման ցուցահանդէսների դերը։ Նշենք, որ ցուցահանդէսի աւարտին տեղի կունենայ կլոր սեղան՝ երկկողմ էներգետիկ համագործակցութեան հարցերով։

Երեք աւանդական կուսակցութիւնների առաջնորդները հանդիպել են Երեւանում


12:14 / 29.10.2009
ՀՅԴ Բիւրոյի Երեւանի «Քրիստափոր Միքայէլեան» կենտրոնում տեղի է ունեցել ՍԴՀԿ, ՌԱԿ եւ ՀՅԴ միջկուսակցական բարձր մակարդակի հանդիպում:

Ինչպէս NEWS.-ը տեղեկանում է այս երեք կուսակցութիւնների ղեկավար մարմինների կողմից տարածած հաղորդագրութիւնից, հանդիպմանը մասնակցել են Սոցիալ-Դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան կենտրոնական վարչութեան ատենապետ Սեդրակ Աճեմեանը, Ռամկավար Ազատական Կուսակցութեան Կենտրոնական վարչութեան ատենապետ Մայք Խարապեանը եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը:
«Փոխադարձ ըմբռնումի մթնոլորտի մէջ կայացած հանդիպման ընթացքում քննարկւել են Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնները եւ ընդհանրապէս հայութեանը յուզող այլ հարցեր»,- ասւած է հաղորդագրութեան մէջ:
Յիշեցնենք, որ ՍԴՀԿ-ն մաս է կազմում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրէսի, իսկ ՀՅԴ-ն փորձում է քաղաքական դաշտում ազգային բեւեռ ձեւաւորել:

Լուրեր Հայաստանից

ՍՈՒՄԳԱՅԻԹեԱՆ ՋԱՐԴԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՒԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՈՒԹԵԱՄԲ

Վերջերս ՀՀ գլխաւոր դատախազութիւնը նախաձեռնել էր Սումգայիթում ադրբեջանցիների վայրագութիւնները փաստող ապացոյցների ու պատմութիւնների տեղադրումը համացանցում: Արխիւը հսկայական էր, աւելի քան 37 հատոր` լուսանկարներ, ականատեսների վկայութիւններ, պատմութիւններ:

ՀՀ գլխաւոր դատախազի մամուլի խօսնակ Սոնա Տռուզեանը փաստեց, որ էլեկտրոնային արխիւի ստեղծումն ընթացքի մէջ է: «Արխիւացւում են ոչ միայն Սումգայիթի ջարդերի կապակցութեամբ խորհրդային դատախազութեան յարուցած քրէական գործերի շրջանակներում Հայաստանի դատախազութիւնում եղած նիւթերը, այլեւ յարակից այլ քրէական նիւթեր:
Այդ օրերին զուգահեռաբար յարուցւել էր մէկ այլ քրէական գործ խորհրդային դատախազութիւնից այն հայ գործիչների նկատմամբ, ովքեր փորձում էին իրականութիւնը ներկայացնել հանրութեանը, բարձրաձայնել ջարդարարութիւնները: Խորհրդային դատախազութիւնը դա ներկայացրեց որպէս ազգամիջեան թշնամանք սերմանելու մի քայլ, բայց երբ այդ գործն ուղարկւեց Հայաստանի դատախազութիւն, կարճւեց այն հիմնաւորմամբ, որ գործիչները ոչ թէ թշնամանք էին սերմանում, այլ ներկայացնում իրականութիւնը», ներկայացնում է Սոնա Տռուզեանը:
Արխիւում կան ականատեսների վկայութիւններ, պատմութիւններ, թէ ինչպէս են տեղի ունեցել այդ վայրագութիւնները, ինչպէս էր ամբոխն առանց տարբերակման` կնոջ, թէ տղամարդու, երեխայի, թէ զառամեալի, բռնութեան ենթարկում: «Կան փաստեր, թէ ինչպէս է այդ ամէնին լուռ հետեւել ոստիկանութիւնը, աւելին, բազմաթիւ վկայութիւններում ասւում է, որ հէնց իրենք են ճանապարհներ բացել ամբոխի համար:
Ջարդերն ուղղորդում էր Սումգայիթի առաջին քարտուղար Մուսլայիմ Զադէն` յորդորելով, թէ կարող էք ամէն ինչ անել, միայն պետական գոյքին ձեռք չտաք: Բացի այդ, վայրագութիւն կատարողների ձեռքերին եղել են ցուցակները հասցէներով, թէ որտեղ են ապրում հայերը: Այդ ամէնը յուշում է, որ Սումգայիթեան ջարդերը եղել են կազմակերպւած», նկատում է Սոնա Տռուզեանը:
«Այլատեացութեան կանխարգելման նախաձեռնութիւն» ՀԿ նախագահ Սամուէլ Մարտիրոսեանն էլ յաւելեց, թէ վկայութիւնները փաստում են, որ ջարդարարներն ունեցել են ղեկավարներ: «Բացի նրանից, որ ունեցել են ցուցակներ, հայերի բնակարաններում հեռախօսներն անջատւած էին, իսկ ադրբեջանական բնակարաններում` ոչ:
Մի շարք վկայութիւններ փաստում են, որ ադրբեջանական պաշտօնեաները ոչ միայն կազմակերպել են, այլեւ անմիջական մասնակցութիւն են ունեցել: Տասնեակ վկայութիւններում կան տողեր, որտեղ ասւում է, որ ջարդարարների մէջ տեսել են ակնառու պաշտօնեաների», ասաց Մարտիրոսեանը: Գլխավոր դատախազի մամուլի խօսնակն էլ յաւելեց, որ բացի Սումգայիթի ջարդերի մասին պատմող վկայութիւններից, դատախազութեան արխիւն աւելացել է 1992-ին Մարտակերտի շրջանի Մարաղա գիւղում տեղի ունեցած կոտորածի վերաբերեալ նիւթերով:
«Այդ կապակցութեամբ Ղարաբաղի դատախազութիւնը յարուցել էր քրէական գործ՝ ցեղասպանութեան եւ մարդկութեան դէմ ուղղւած յանցագործութեան յատկանիշներով: Թէպետ մեղաւորները պատասխանատւութեան չենթարկւեցին, բայց կան այդ վայրագութիւններն ապացուցող փաստեր:
Վերջերս ԼՂՀ դատախազութիւնն այդ նիւթերն ուղարկեց Երեւան՝ էլեկտրոնային գրադարանում ներկայացնելու համար», ասաց Տռուզեանը: Ղարաբաղից ուղարկւած փաստերն ու վկայութիւնները պատմում են, թէ ինչպէս են Մարաղա գիւղում դաժանութեամբ սպանել 60 խաղաղ բնակչի, իսկ 70 խաղաղ բնակչի պատանդ են վերցրել:
1991-ի հուլիսի 7-ին Ադրբեջանի ՍՍՀ ՆԳՆ միլիցիայի յատուկ նշանակութեան ստորաբաժանման աշխատակիցները Սրխաւեանդ գիւղում գործող ահաբեկչական խմբի անդամների գլխաւորութեամբ, անձնագրային ռեժիմի ստուգման պատրւակով ներկայանալով Կիչան գիւղ, ազգային հողի վրայ, ապօրինի ազատութիւնից զրկել են վերոնշեալ գիւղի բնակիչ Արտօ Յակոբեանին:
Նրան տեղափոխել են Սրխաւեանդ գիւղ, որտեղ էթնիկական պատկանելութեան, դաւանանքի պատճառով ծեծի են ենթարկել ու տեղափոխել Շուշի քաղաքի գաղութ`(բանտ) ապօրինի կալանաւորելով խոշտանգել: Նոյն թւականի յուլիսի 12-ին Սրխաւեանդ գիւղում գործող ահաբեկչական խմբաւորումը ադրբեջանական բանակի աջակցութեամբ յարձակւելով Կիչան գիւղի վրայ, հրկիզելով՝ դաժանաբար սպանել է գիւղում մնացած մեծահասակ խաղաղ բնակիչների:
Սա ընդամենը մէկ գիւղում տեղի ունեցած ահաբեկչական գործողութիւներից մի հատւած էր, մինչդեռ այդպիսի պատմութիւններ դատախազութեան արխիւում հսկայական են: Թէ ինչպէս են յղի կնոջը մերկացրել ու ստիպել պարել, թէ ինչպէս են դաժանութեամբ սպանել երեխաների, նաեւ փաստեր, թէ ինչպէս են ադրբեջանցի բժիշկները փրկել հայ վիրաւորների կեանքը:
Սոնա Տռուզեանը նկատեց, որ նիւթերը մեծ արժէք են ներկայացնում ոչ միայն պատմաբանների համար, այլեւ՝ հետագայ սերունդներին կրթելու, իրականութիւնն ապացուցելու: «Պէտք է իմանալ, թէ իրականում ինչ է տեղի ունեցել 1988-ին Սումգայիթում կամ 1992-ին Մարաղայում: Քրէական նիւթերում պատմական իրականութիւնը փաստող հսկայական պաշար կայ», ասաց նա` յաւելելով, որ արխիւների հրատարակումը կօգնի շատերին զերծ մնալ պատմութիւնը կեղծելու հնարավորութիւններից:
Բացի էլեկտրոնային արխիւից՝ գլխաւոր դատախազութիւնը մտադրւել է նաեւ ժողովածու հրատարակել նիւթերը հասանելի դարձնելու անգամ այն մարդկանց, ովքեր համացանցից չեն օգտւում:
Սամուէլ Մարտիրոսեանն էլ փաստեց, թէ ակնյայտ է, որ տուժածների թիւն աւելի շատ է, քան հաղորդւում է պաշտօնական տւեալներով: «Հետեւաբար մեր նպատակն է վկայութիւնների, տարբեր պատմութիւնների շնորհիւ գտնել այն մարդկանց մասին տեղեկութիւններ, որոնց մահը գաղտնի է պահւել ու չի հրապարակւել», ասաց Մարտիրոսեանը` կոչ անելով բոլորին՝ ունենալով լուսանկարներ կամ այլ վկայութիւններ, ուղարկել
azerbaijangenocide@gmail.com էլեկտրոնային հասցէին:
«Ազգ» օրաթերթը, գնահատելով այս նախաձեռնութիւնը, էլեկտրոնային գրադարանին է տրամադրում իր արխիւում եղած շուրջ երեք տասնեակ լուսանկարներ, որոնք փաստում են ադրբեջանական դաժանութիւնները:


ՅԱՍՄԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ