Հրդէհ` ադրբեջանական ինքնաթիռում
Այսօր գիշեր հրդեհ է բռնկւել Ստամբուլ-Բաքու չւերթն իրականացնող ինքնաթիռում, ինչի հետևանքով ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Ստամբուլի օդանաւակայանում:
APA գործակալութեան փոխանցմամբ` «Ադրբեջանական աւիաուղիներ» ընկերութեանը պատկանող Boing 757 մարդատար ինքնաթիռի՝ օդ բարձրանալուց 15 րոպէ անց այն ստիպւած է եղել վայրէջք կատարել հրդէհի բռնկման պատճառով:
Ենթադրւում է, որ հրդէհը բռնկւել է ինքնաթիռի խոհանոցում: Դէպքի առնչութեամբ այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդւում:

Tert.am

Քրիստոսի ամենամեծ
արձանը կկանգնեցւի Լեհաստանում
Աւարտին են մօտենում Յիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենամեծ արձանի կառուցման աշխատանքները։ Նոր արձանն աւելի բարձր կլինի, քան Բոլիվիայի ու Բրազիլիայի՝ արդէն մեծ հռչակ ունեցող արձանները, յայտնում է MIGnews-ը։Լեհ հոգևորական Սիվեստր Զաւադսկին պատմել է, որ Քրիստոսի ամենամեծ արձանը կառուցւում է Լեհաստանի արևմուտքում՝ Գերմանիայի հետ սահմանից 50 կմ հեռաւորութեան վրայ գտնւող Սվեբոդզին փոքր քաղաքում։Նշենք, որ արձանը կունենայ 58 մ բարձրութիւն։

Tert.am

Ուժգին պայթիւն Ստամբուլի կենտրոնում.
Կան բազմաթիւ վիրաւորներ
Հոկտեմբեր 31, 2010 13:38
Ստամբուլի կենտրոնում՝ Թաքսիմի հրապարարկին կից ոստիկանական հերթապահ կէտի մօտ պայթիւն է որոտացել։
Թրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ առաւօտեան 10.38-ի սահմաններում Թաքսիմի հրապարակում հերթապահութիւն իրականացնող ոստիկանական աւտոբուսների մօտ տեղի է ունեցել ուժգին պայթիւն, որն ամենայն հաւանականութեամբ, իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։
Ստամբուլի ոստիկանապետ Հուսէյն Չափքընը նշել է, թէ պայթիւնի հետեւանքով 12 ոստիկան եւ 10 քաղաքացիական անձ է վիրաւորւել։
Թաքսիմի հրապարակը փակւել է քաղաքացիների համար, ոստիկանական ուղղաթիռները անցել են որոնողական գործողութիւնների։
Թրքական մամուլը ուշադրութեան հրաւիրում այն հանգամանքի վրայ, որ այսօր՝ հոկտեմբերի 31-ին վերջանում է PKK-ի յայտարարած զինադադարի ժամկէտը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Ղարաբաղեան հարցի վերաբերեալ
ՆԱՏՕ-ի բանաձեւը կարելի է
պրոհայկական անւանել

Ղարաբաղեան հարցի վերաբերեալ ՆԱՏՕ-ի բանաձեւը պրոհայկական է, քանի որ սոյն բանաձեւի 5 եւ 6 կէտերում նշւում են բոլոր այն դրոյթները, որի մասին խօսում են Հայաստանի ներկայացուցիչները միջազգային ամբիոններից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցութեան անդամ Կարէն Աւագեանը:
«Ներկայումս մենք համապատասխան առաջարկութիւններ ենք մշակում Լեռնային Ղարաբաղի բանաձեւի նախագծի վերաբերեալ, որը կքննարկւի ՆԱՏՕ-ի 56-րդ գագաթնաժողովում` նոյեմբերին: Հայկական կողմի հիմնական առաջարկութիւնները կապւած են այդ բանաձեւի երկրորդ կէտի հետ, որում կայ հետեւեալ նախադասութիւնը. «Հաշւի առնելով, որ Ղարաբաղի կարգավիճակի շուրջ հակամարտութիւնը եւ 7 շրջանների «բռնազաւթում»ը էական տառապանքներ է հասցրել տարածաշրջանի ժողովրդին»: Բացի այդ, ըստ Աւագեանի, այդ փաստաթղթում ՆԱՏՕ-ն կոչ է անում իր անդամ երկրների կառավարութիւններին եւ խորհրդարանին աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը հանդէս է գալիս որպէս այդ հակամարտութեան միջնորդ:
Իսկ ինչ վերաբերւում է նրան, թէ կընդունւի՞ այդ բանաձեւը, թէ` ոչ, Աւագեանն ասաց, որ փաստաթուղթը պարտադիր կատարման ենթակայ չէ եւ խորհրդատւական բնոյթ ունի:
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ բանաձեւը քննարկւելու է ՆԱՏՕ-ի 56-րդ գագաթաժողովի ժամանակ, որը կը կայանայ նոյեմբերի 12-16-ին Վարշաւայում: Այն պատրաստւել է կանադացի զեկուցող Ռէյնել Անդրեյչուկի կողմից: Քւէարկութիւնը կը կայանայ նոյեմբերի 14-ին:

Լուրեր Հայաստանից - NEWS.am


McKinsey–ի


գլխաւոր տնօրէնը Հայաստանում է



19:46 • 30.10.10
Սերժ Սարգսեանն այսօր ընդունել է McKinsey&Company ընկերութեան համընդհանուր գլխաւոր տնօրէն Դոմինիկ Բարտոնին, ով մեր երկրում է Հայաստանի ազգային մրցունակութեան հիմնադրամի կողմից կազմակերպւած երկրորդ համաժողովին մասնակցելու նպատակով:
Սերժ Սարգսեանը զոյս է յայտնել, որ համաշխարհային տնտեսութեան մէջ իր մասնագիտական գործունէութեամբ մեծ համբաւ վայելող ընկերութեան ներկայացուցչի մասնակցութիւնը Հայաստանի ազգային մրցունակութեան հիմնադրամի համաժողովին, չափազանց օգտակար կլինի ինչպէս հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների, այնպէս էլ Հայաստանի գործարար համայնքի համար: Սերժ Սարգսեանն ընդգծել է, որ Հայաստանի տնտեսութեան զարգացման, հեռանկարային ծրագրերի իրագործման տեսանկիւնից կարևոր է ուսումնասիրել աշխարհի առաջաւոր փորձը, ուսանելի դարձնել յաջողութիւնների հասած ընկերութիւնների օրինակը:
McKinsey & Company ընկերութեան համընդհանուր գլխաւոր տնօրէն Դոմինիկ Բարտոնը նշել է, թէ ուրախ է Հայաստանի ազգային մրցունակութեան հիմնադրամի հետ համագործակցութեամբ, որն աչքի է ընկնում իր գործնական ու արդիւնաւէտ աշխատանքով:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հետճգնաժամային փուլում համաշխարհային տնտեսութեան զարգացման միտումներին, ինչպէս նաև` քննարկել Հայաստանի յարաբերական առաւելութիւններն ու առանձին ոլորտների զարգացման հեռանկարները:


Tert.am

Գրեբենշչիկով.-
Վախենում էի Ջիւանի երաժշտութիւնը
երկրորդ անգամ լսել.
16:11 • 30.10.10
Հոկտեմբերի 31–ին Սպենդիարեանի անւան ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնում տեղի կունենայ Բորիս Գրեբենշչիկովի և լեգենդար «Ակւարիում» խմբի համերգը։
«Մեզ համար մեծ երջանկութիւն է Երևան այցելելը»,– Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գրեբենշչիկովը։
Հարցին, թէ ինչ անակնկալնեեր կարելի է սպասել առաջիկայ համերգից, Գրեբենշչիկովը պատասխանեց.
«Ամենամեծ անակնկալն այն է, որ «Ակւարիումը», այնուամենայնիւ, հասաւ Երևան»։
Վաղւայ համերգին Գրեբենշչիկովը հանդէս կգայ դուդուկահար Ջիւան Գասպարեանի հետ։
«Առաջին անգամ չէ, որ միասին հանդէս ենք գալիս նոյն բեմում։ Համերգներ ենք ունեցել Մոսկւայում, Սանկտ Պետերբուրգում։ Իր հերթին, Ջիւան Գասպարեանը նշեց, որ իմպրովիզ է անելու բեմի վրայ։
Ջիւան Գասպարեանը յատուկ Գրեբենշչիկովի համար հետաձգել է նոյեմբերի 1–ին Կրասնոդարում կայանալիք իր համերգը։
Առաջին անգամ Գրեբենշչիկովը Ջիւան Գասպարեանի դուդուկի հնչիւնները լսել է 70–ականների վերջին. «Այդ երաժշտութիւնը սրտիս դիպավ այնպէս, որ նոյնիսկ վախենում էի երկրորդ անգամ լսել այն, այն չափազանց գեղեցիկ էր, չափազանց տխուր։ Նոյնիսկ ամենաանհաւանական երազում չէի կարող պատկերացնել, որ ոչ միայն կհանդիպեմ նրան, այլև հնարաւորութիւն կունենամ խօսել, նւագել նրա հետ, և ոչ մէկ անգամ, աւելին՝ ձայնագրւել նրա հետ։ Աստւած, այնուամենայնիւ, մեր ուղիները խաչեց։ Մինչև հիմա էլ ինձ համար մեծ պատիւ ու այնպիսի մեծ երջանկութիւն եմ համարում, որ նոյնիսկ չեմ կարողանում այդ մասին խօսել։
Յիշեցնենք, որ «Ակւարիումի» համերգը Երևանում նւիրւած է Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի 300–ամեակին։ Գրեբենշչիկովի համար մեծ անակնալ է եղել նորութիւնը, որ վաղը նախատեսւած է նրա գրքի հայերէն թարգմանութեան շնորհանդէսը։
Հարցին, թէ արդեօ՞ք նրա գրքերը թարգմանւել են նաև այլ լեզուներով ԱՊՀ տարածքում, Գրեբենշչիկովը պաատսխանեց. «Ոչ մի լեզւով չեն թարգմանւել»։

Tert.am

Թեհրանում Բաքւի հակահայ
գործողութիւնները դատապարտման
չարժանացան
30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2010
Թեհրանում շարունակւող Մամլոյ եւ լրատւական գործակալութիւնների 17-րդ միջազգային ցուցահանդէսի բացման արարողութեան ժամանակ հայկական եւ ադրբեջանական պատւիրակութիւնների միջեւ տեղի ունեցած ընդհարումը երեք օրւայ ընթացքում որեւէ կերպ չհարթւեց, որովհետեւ իրանական կողմը, տեղի տալով ադրբեջանական սադրանքներին եւ հիստերիային, հայկական տաղաւարի պատից հանեց սեփական ձեռքով ամրացրած Հայաստանի խորհրդանիշ ներկայացրած «Մենք ենք մեր սարերը» կամ «Տատի ու պապի» լուսանկարը:
Հայաստանը ներկայացնող «Ազգ» օրաթերթի եւ «PanARMENIAN.Net»-ի լրագրողները փորձում էին կազմակերպիչներին բացատրել, որ յուշարձանը հայկական է, ճարտարապետը՝ հայ, եւ այն ունի բոլոր իրաւունքները՝ ներկայացւելու որպէս Հայաստանի խորհրդանիշ:
«Թեհրանում կան բազմաթիւ հայկական եկեղեցիներ, եթէ դրանք որեւէ ցուցահանդէսի ժամանակ ներկայացւեն որպէս հայկական խորհրդանիշեր, հայկական եկեղեցիներ, դուք կընդդիմանա՞ք», հայկական պատւիրակութեան հարցին իրանցի կազմակերպիչները բացասական պատասխան էին տալիս: Թուրքիայի դրօշի վրայ պատկերւած են լուսին եւ աստղ, արդեօք դա նշանակում է, որ լուսինն ու աստղը պատկանում են միայն Թուրքիայի՞ն հարցին իրանական կազմակերպիչները կրկին համաձայնում են, սակայն «Տատի ու պապի» յուշարձանի վերաբերեալ նրանց վերաբերմունքն անփոփոխ էր:
Իրանական կողմը այդ դիրքորոշումն անւանում էր հաւասարակշռութիւն, սակայն իրականում հաւասարակշռութիւն չնկատւեց: Երեք օրւայ ընթացքում ադրբեջանական կողմը որեւէ կերպ չփորձեց ներողութիւն խնդրել իրենց լրագրողի ագրեսիւ պահւածքի համար, իրանական կողմն էլ միայն զգուշացրեց, որ նրանք հայկական տաղաւարին չմօտենան, սակայն դա բաւարար չէր, անհրաժեշտ էր յայտարարութիւն տարածել ու բացայայտ դատապարտել ադրբեջանական կողմի պահւածքը:
Այս ամենի համատեքստում հայկական կողմը նախօրէին կազմակերպիչներին վերջնաժամկէտ ներկայացրեց՝ եթէ տաղաւարի պատին «Տատի ու պապի» լուսանկարը չյայտնւի, պատւիրակութիւնը դադարեցնում է իր մասնակցութիւնը ցուցահանդէսին:
Իրանական կողմը խոստացաւ, որ կը գտնի լաւագոյն տարբերակը, սակայն երէկ առաւօտեան պարզւեց, որ լաւագոյն տարբերակը լուսանկարը Երեւանի հրապարակը պատկերող լուսանկարով փոխելն էր, ինչն էլ արժանացաւ հայ լրագրողների վրդովմունքին՝ յայտարարութեամբ, որ անիմաստ են համարում ներկայ գտնւել ազատ խօսքի միակ պաշտպան մամուլին նւիրւած միջազգային ցուցահանդէսին, որտեղ պէտք է ոտնահարւի ազատ խօսքը:
Սակայն, մինչ տաղաւարը լքելը՝ հայկական կողմը անգլերէն եւ պարսկերէն լեզուներով ներկայացրեց իր բողոքն ու բոյկոտի պատճառը, գունաւոր թղթի վրայ բազմացրեց «Տատի ու պապի» լուսանկարը եւ բաժանեց ցուցահանդէսի մասնակից երկրների ներկայացուցիչներին:Լուրը, որ Հայաստանը հրաժարւում է մասնակցել ցուցահանդէսի հետագայ աշխատանքներին, նեարդայնացրեց իրանական կողմին:
Ցուցահանդէսի կազմակերպիչներից մէկը սկսեց հայկական պատւիրակութեան անդամների հետ վիճաբանել եւ արգելել թռուցիկների բաժանումը՝ աւելացնելով, որ մենք դրա իրաւունքը չունենք եւ խախտում ենք ցուցահանդէսի կարգը: Ինչ վերաբերում է նկարի տեղափոխմանը, ասաց, թէ չեն ցանկանում կոնֆլիկտային տարածքում գտնւող որեւէ բան ներկայացնել ցուցահանդէսին:
Դրան ի պատասխան՝ հայկական կողմը ներկայացրեց ադրբեջանական պատւիրակութեան տարածած գիրքը՝ Ղարաբաղի մասին, որտեղ պարսկերէնով հակահայկական քարոզչութիւն էր իրականացւում:Գրքի ներկայութիւնը առաւել նեարդայնացրեց կազմակերպչին: Վերջինս այցելեց ադրբեջանական տաղաւար եւ արգելեց գրքի ցուցադրումն ու տարածումը:
Ուշադրութեան է արժանի այն փաստը, որ հայկական կողմի դիրքորոշմանը կողմ էին մասնակից գրեթէ բոլոր երկրների ներկայացուցիչները:Լիբանանի, Տաջիկստանի, Վիետնամի, Պակիստանի եւ էլի բազմաթիւ երկրների ներկայացուցիչներ մօտենում էին հայկական տաղաւարին եւ յայտարարում, որ ադրբեջանական կողմի յարձակողական պահւածքը արժանի է դատապարտման:
Ի դէպ, Տաջիկստանի, Վրաստանի, Ղազախստանի ներկայացուցիչները մտադիր են ցուցահանդէսի աւարտին յօդւած պատրաստել կատարւածի առնչութեամբ: Իրանահայութեանը տեղեակ պահելու կապակցութեամբ նախօրէին հայկական կողմը ծաւալուն հարցազրոյց է տւել Թեհրանում հրատարակւող «Ալիք» օրաթերթին եւ նորաբաց «Հայելի» կայքէջին:
Մինչ ցուցահանդէսի աւարտը՝ հայկական կողմը մտադիր է մնալ Թեհրանում եւ որպէս այցելու՝ շրջել ադրբեջանական եւ թուրքական տաղաւարներով՝ փորձելով կանխել նրանց կողմից հակահայկական քարոզչութիւնը:
«ԱԼԻՔ»
ՅԱՍՄԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
ԹԵՀՐԱՆ
«ԱԶԳ»

Ովքե՞ր են Հայաստանի խոշորագոյն
գործատուները
(ամբողջական ցանկ)
18:29 • 30.10.10
Օրերս ՊԵԿ-ը հրապարակել է ֆինանսական տարւայ սկզբից 100 և աւելի աշխատողների միջին ցուցակային թիւ ունեցող ընկերութիւնների ցուցակը։ Ցուցակում յայտնւել են 409 ընկերութիւններ, որոնցում ընդհանուր հաշւով աշխատում է 148130 մարդ։ Համեմատութեան համար նշենք, որ երեք ամիս առաջ 100-ից աւել աշխատող ունէր 405 ընկերութիւն, ընդհանուր հաշւով 146 673 աշխատողներով: Ընդ որում՝ 100-497 աշխատող ունի 348 ընկերութիւն, 500-997 աշխատող ունի 40 ընկերութիւն, իսկ 1000-ից աւելի՝ ընդամէնը 21 ընկերութիւն։
Ցուցակը, ինչպէս և երեք ամիս առաջ, գլխաւորում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերութիւնը իր 7622 աշխատակիցներով։ Ընդ որում՝ այս ժամանակահատւածում ընկերութիւնն աւելացրել է իր աշխատողների թիւը 5–ով։ Երկրորդ տեղում է «Հայռուսգազարդը»՝ 5997 աշխատակիցներով, ինչը 20–ով պակաս է նախորդ ժամանակահատւածից։ Ցուցակում երրորդը «Հարաւկովկասեան երկաթուղին» է՝ 4417 աշխատողով: «Արմէնտելը», «ՀայՓոստը», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Նայիրիտ գործարանը», «Ղ–Տելեկոմը», «ՀԱԷԿ»–ը և «Հայջրմուղկոյուղին» ինչպէս և նախորդ անգամ, զբաղեցնում էին 4-10–րդ տեղերը 3231, 3163, 3112 և 3067, 1848, 1778, 1774 աշխատակիցներով։
1000 և աւելի աշխատողներ ունեցող 21 ընկերութիւնների կազմը ևս երեք ամիսների ընթացքում չի փոփոխւել: Քիչ է փոփոխւել նաև այս ընկերութիւնների աշխատողների միջին ցուցակային թիւը: Ամենամեծ շեղումները «Ալէքս գրիգ» և «Ի Էմ Էյջ Քոնսթրաքշըն» ընկերութիւններում են նկատւում. առաջինը երեք ամսում ընդունել է 71 նոր աշխատող` ցուցակի 17-րդ հորիզոնականից բարձրանալով 16-րդ հորիզոնական, իսկ երկրորդը ազատել է աշխատանքից 69 հոգու` 16-րդ տեղից յայտնւելով 21–րդում:

Tert.am

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը
յայտարարութիւն է տարածել
Ջօ Բայդէն-Սերժ Սարգսեան
զրոյցների մասին

Հոկտեմբեր 30, 2010 00:07
Ի պատասխան ինտերնէտում տեղադրւած անյայտ ծագման սկանդալային տեսահոլովակի, որում Միացեալ Նահանգների փոխնախագահ Ջօ Բայդէնը իբր ԱՄՆ Հայ համայնքի ներկայացուցչի հետ զրոյցում յայտարարում է, թէ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը զանգահարել է իրեն եւ խնդրել հետաձգել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը յայտարարութիւն է տարածել: NEWS.am-ը ներկայացնում է յայտարարութեան ամբողջական տեքստը.
«ԱՄՆ փոխնախագահը եւ նախագահ Սարգսեանը 2009թ. ապրիլին երկու անգամ խօսել են: Այս խօսակցութիւնների ընթացքում փոխնախագահը ասել է նախագահ Սարգսեանին, որ Միացեալ Նահանգները հաւատում է, որ Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորումը եւ սահմանների բացումը ճանապարհ կհարթեն Հայաստանի աւելի լաւ ապագայի համար եւ յայտնել է Միացեալ Նահանգների աջակցութիւնը նրա առաջնորդութեան համար: Փոխնախագահը յայտնել է Օբամայի վարչակազմի աջակցութիւնը յարաբերութիւնների կարգաւորման ուղղութեամբ առաջընթացի վերաբերեալ Հայ-թրքական համատեղ յայտարարութեան մասին Շւէյցարիայի առաջարկին:
Նախագահ Սարգսեանը չի խօսել նախագահ Օբամայի ապրիլ 24-եան ուղերձի բովանդակութեան մասին եւ չի փորձել հետաձգել Ներկայացուցիչների պալատի 252 բանաձեւի դիտարկումը: Ընհակառակը, փոխնախագահ Բայդէնի եւ նախագահ Սարգսեանի միջեւ խօսակցութիւնները, որոնց վերջերս անդրադարձել է փոխնախագահ Բայդէնը, Հայ թրքական յարաբերութիւնները կարգաւորելու համար անհետաձգելի քայլեր կատարելու անհրաժեշտութեան մասին էին: Երկու ղեկավարները համաձայնել են, որ Հայ-թրքական յարաբերութիւնները պէտք է կարգաւորւեն առանց նախապայմանների»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Աստաբացեան.-
Կարմիր Խաչը կազմ ու պատրաստ է գերիների
փոխանմակման գործողութիւններ սկսելուն
Հոկտեմբեր 30, 2010 14:30
Հայաստանեան Կարմիր Խաչը կազմ ու պատրաստ է ադրբեջանական կողմի հետ գերիների փոխանակման գործողութիւններ սկսելուն. հարկաւոր է միայն, որ այդ մասին իրենց տեղեկացնեն։ NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում այս մասին նշեց Կարմիր խաչի միջազգային կոմիտէի (ԿԽՄԿ) հաղորդակցման ծրագրերի ղեկավար Աշոտ Աստաբացեանը:
«Մեր դերն այս հարցում չեզոք միջնորդի դերն է։ Մենք անկախ հումանիտար կազմակերպութիւն ենք, որն ունի մանդատ եւ չեզոք միջնորդի կարգավիճակ: Աւելին այս պահին ասել չեմ կարող»,- շեշտեց նա՝ միաժամանակ աւելացնելով, որ չի կարող նշել անգամ փոխանակման գործողութիւնների մօտաւոր ժամկէտները։
Նշենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսեանն ու Իլհամ Ալիեւը հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայացած եռակողմ հանդիպման արդիւնքներով պայմանաւորւել են ռազմագերիների եւ զոհւածների դիակների փոխանակում իրականացնել:
Ներկայումս Ադրբեջանում են գտնւում 6 հայ ռազմագերի եւ մէկ ընտանիք՝ բաղկացած 5 անձից: Կարմիր խաչի միջազգային կոմիտէի (ԿԽՄԿ) հաղորդակցման ծրագրերի ղեկավար Աշոտ Աստաբացեանը յայտնեց, որ Ադրբեջանի տարածքում են գտնւում Եղիշէ, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայեանէ եւ Պետրոս Գէորգեանները, որոնք անցել են ադրբեջանական սահմանը այս տարւայ Յունւարին:
Ադրբեջանական գերութեան մէջ են գտնւում նաեւ զինծառայողներ Հրանտ Մարկոսեանը, Ալիկ Թեւոսեանը, Արթուր Սարգսեանը, Օհան Յարութիւնեանը, Գէորգ Թովմասեանն ու Կարէն Յարութիւնեանը:
Աստաբացեանը նշեց նաեւ, որ Հայաստանում գտնւում են ադրբեջանցի 2 ռազմագերի եւ քաղաքացիական մէկ անձ: Կարմիր Խաչի ներկայացուցիչը, սակայն, չնշեց ադրբեջանցիների անունները՝ յայտնելով, որ դա կազմակերպութեան սկզբունքն է, եւ իրենք իրաւունք չունեն յայտնել այդ անձանց անունները:
Ադրբեջանական լրատւամիջոցների պնդմամբ, Հայաստանում են գտնւում զինծառայողներ Անար Հաջիեւն ու Ռոման Հուսէյնովը, նաեւ 47-ամեայ Էլդար Թագիեւը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Ադոլֆ Էրդողանը և Գիւլ Պաչինոն՝
թրքական ընդդիմութեան
ցուցահանդէսում
12:04 • 30.10.10
Թուրքիայի ամենախոշոր ընդդիմադիր՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցութեան (ԺՀԿ) կենտրոնական գրասենեակում բացւել է ցուցահանդէս, որտեղ ծիծաղաշարժ նկարներով ներկայացւած են թրքական իշխանութեան բարձրագոյն ներկայացուցիչները՝ ի դէմս նախագահ Աբդուլլահ Գիւլի և «Արդարութիւն և զարգացում» իշխող կուսակցութեան (ԱԶԿ) առաջնորդ, վարչապետի Ռեջեփ Թայիփ Էրդողանի:
Թրքական Vatan օրաթերթի փոխանցմամբ` «ԱԶԿ-ի տառապեալները» խորագրով ցուցահանդէսում ներկայացւած մոնտաժւած նկարներում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլն ու վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «մարմնաւորել են» հոլիվուդեան յայտնի ֆիլմերի հերոսներին: Սակայն ամենաուշագրաւը, թերևս, Էրդողանի` Նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի տեսքով պատկերն է: Բացի այդ, լուսանկարներից մէկը ներկայացնում է Էրդողանի յայտնի արցունքները, որը ԺՀԿ-ն համեմատել է կոկորդիլոսի արցունքների հետ:
Ցուցահանդէսում տեղ են գտել նաև Թուրքիայի վարչապետի կնոջ` Էմինէ Էրդողանի, փոխվարչապետ Բիւլենթ Արընչի, ԱԶԿ-ի փոխնախագահ Աբդուլքադիր Աքսուի, ինչպէս նաև Աբդուլլահ Գիւլի գործարար որդու լուսանկարները:

ՄԱԿ–ը հետկոնֆլիկտային

երկրներին աջակցելու մասին

բանաձև է ընդունել




ՄԱԿ-ի Գլխաւոր վեհաժողովի 65-րդ նստաշրջանում հետկոնֆլիկտային երկրներին աջակցելու մասին բանաձև է ընդունւել։
ՄԱԿ-ի անդամ երկներն այդ բանաձևում ընդգծում են խաղաղութեան հաստատաման գործում ՄԱԿ-ի յանձնախմբի աշխատանքների արդիւնաւէտութեան բարձրացման անհրաժեշտութիւնը։
Այդ յանձնախումբը զբաղւում է հակամարտութիւնից դէպի խաղաղութիւն անցնելու ճանապարհին գտնւող երկներին օգնութիւն ցուցաբերելով։


Անցնում ենք ձմեռային ժամանակի.

ի՞նչ օգուտներ և վնասներ կան դրանից

Կիրակի օրը` 31-ին, ժամը 3:00-ին, Հայաստանում

ժամացոյցի սլաքները պէտք է տանել մէկ ժամ յետ



10:33 • 30.10.10
ՀՀ էկոնոմիկայի նախարարութիւնը տեղեկացնում է, որ ըստ «ՀՀ տարածքում ժամանակի հաշւարկման կարգի մասին» ՀՀ օրէնքի` 2010թ. հոկտեմբերի վերջին կիրակի օրը` 31-ին, ժամը 3:00-ին, ժամացոյցի սլաքները պէտք է տանել մէկ ժամ յետ:
Ինչպէս գրում է «Կապիտալ» օրաթերթը, ընդունւած է ասել, որ անցնում ենք ձմեռային ժամանակի, սակայն դա կոռէկտ բնորոշում չէ, քանի որ ժամասլաքի փոփոխութիւնները կատարւում են ամռանը (անցում ամառային ժամանակին), իսկ ձմռանը վերադառնում ենք նորմալ գօտիական ժամանակին: Յիշեցնենք, որ ամառային ժամանակին անցումը կատարւում է մարտի վերջին կիրակի օրը: Ամառային ժամանակը կիրառւում է էլեկտրաէներգիայի խնայողութեան նպատակով: Առաջին անգամ օգտագործւել է Անգլիայում՝ 1908թ.: Ներկայում 76 երկիր այս կամ այն ձևով օգտւում է ամառային ժամանակից, դրանցից 10-ում այն պարտադիր է տարածքի միայն մի մասի նկատմամբ:
Ամառային ժամանակից օգտւում են ԱՄՆ-ում, Կանադայում, համարեա ողջ Եւրոպայում, Ռուսաստանում: Սակայն 128 երկիր դրա կարիքը չի զգում: Ամառային ժամանակից հրաժարւել են հասարակածին մօտ գտնւող երկրները, ինչպէս նաև Ճապոնիան, Չինաստանը, Սինգապուրը, Էստոնիան և Կենտրոնական Ասիայի պետութիւնները:
Ամառային ժամանակի կողմնակիցները պնդում են, որ մարդը բնական ձգտում ունի արթնանալ լուսաբացին, որպէսզի առաւելագոյնս օգտագործի օրւայ լուսաւոր ժամանակահատւածը: Դա հնարաւորութիւն է տալիս նաև զգալի էլեկտրաէներգիայ տնտեսել, քանի որ մարդու ֆիզիոլոգիական ակտիւութեան շրջանը համընկնում է լուսաւոր ժամերի հետ:Սակայն ամառային ժամանակի կիրառումն ունի բազմաթիւ հակառակորդներ: Քննադատներն ասում են, որ ժամասլաքների փոփոխութիւնը բացասաբար է անդրադառնում մարդու առողջութեան վրայ, իսկ տնտեսական օգուտն ապացուցւած չէ:
Ղազախստանը, օրինակ, 2005թ. հրաժարւեց ամառային ժամանակի օգտագործումից, քանի որ դրա հետևանքով աւելանում են ճանապարհատրանսպորտային պատահարները, աճում են արտադրական տրաւմատիզմի դէպքերը:
Մարդկանց վրայ յատկապէս բացասաբար է անդրադառնում ժամասլաքի ձմեռային փոփոխութիւնը: Հոգեբանները զգայուն մարդկանց խորհուրդ են տալիս սթրեսներից խուսափելու համար փոխել օրւայ ռեժիմը՝ աւելի վաղ քնել, չընթրել և երեկոյեան 6-ից յետոյ չօգտագործել թունդ խմիչքներ: Առաջարկւում է նաև ժամասլաքի փոփոխութիւնն իրականացնել ոչ թէ շաբաթ, այլ ուրբաթ գիշերը, որպէսզի մարդիկ հասցնեն յարմարւել:


Tert.am



Թուրք կուսակցապետ.–
Հրանտ Դինքի սպանութեան մէջ
իշխանութիւնների մատը խառն է
Հոկտեմբեր 29, 2010 23:58
Ստամբուլի հայկական «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքը սպանւել է թրքական իշխանութիւնների քաղաքականութեան արդիւնքում։ Այս մասին, թրքական NTV-ի եթերում ասել է Թուրքիայի «Ազատութիւն եւ համերաշխութիւն» (ÖDT) կուսակցութեան առաջնորդ Ալփեր Թաշը։
Թուրք կուսակցապետը յիշեցրել է, թէ իրենք վաղուց են ասում, որ Դինքի սպանութիւնը կոլեկտիվ կերպով իրականացւած սպանութիւն է։ «Այդ գործում պետութիւնն էլ կայ։ Դինքի սպանութիւնն օրինականացնող անուններից մէկն էլ թրքական կառավարութեան խօսնակ Ջեմիլ Չիչեքն է։ Յիշեալ գործում դեր ունեն Ստամբուլի նահանգապետը, ոստիկանապետեր, ժանդարմերիան։ Հրանտ Դինքն սպանւել է պետութեան իրականացրած քաղաքականութեան արդիւնքում»,-նշել է Ալփեր Թաշը:
Թուրք գործիչն անդրադարձել է Դինքի մարդասպանին անչափահասների համար նախատեսւած դատարանում դատելու վճռին՝ նշելով, թէ պետութիւնը երեխայից մարդասպան սարքեց։ «Այդ պատճառով Սամասթին դատելուց աւելի կարեւոր է պետութեան մտածելակերպը դատել եւ պատժել մեղաւորներին»-ընդգծել է Ալփեր Թաշը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Friday, October 29, 2010

Կիրօ Մանոյեան

Կիրօ Մանոյեան-


Մեդվեդևին յաջողւեց հանդարտեցնել


շիկացող մթնոլորտը



13:48 • 29.10.10
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հիմնական նպատակը մթնոլորտը մի քիչ հանդարտեցնելն էր, որն սկսել էր շիկանալ», - այսօր մամուլի ասուլիսում յայտարարեց Հ.Յ.Դ. քաղաքական հարցերի և ՀԱՅ Դատի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը՝ պարզաբանելով, որ մթնոլորտը որոշակիօրէն շիկացել էր Ալիևի յայտարարութիւնների, դրանց Սերժ Սարգսեանի որոշ պատասխանների, ինչպէս նաև հրադադարի ռեժիմի խախտման յաճախակիացած դէպքերի պատճառով:
«Մեդվեդևին դա յաջողւեց», - ասաց Կիրօ Մանոյեանը՝ աւելացնելով, որ աստրախանեան հանդիպումը այլ բան չտւեց, աւելին՝ դեկտեմբերեան ԵԱՀԿ գագաթնաժողովից ակնկալիքներ ունենալու հիմք չկայ: Ըստ Մանոյեանի, լաւագոյն դէպքում տարէվերջին ԵԱՀԿ-ն կարող է ԼՂ խնդրի հետ կապւած որևէ մակարդակի յայտարարութեամբ հանդէս գալ՝ վերահաստատելով հակամարտութեան կարգաւորման սկզբունքները:
Կիրօ Մանոյեանը նշեց, որ Թուրքիան շարունակում է Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման նախապայման համարել ԼՂ խնդրի կարգաւորումը, ինչը հասկանում են բոլորը՝ այդ թւում ԱՄՆ-ը, ինչը ևս մէկ պատճառ է, որ Հայաստանը յետ վերցնի իր ստորագրութիւնը Հայ-թրքական արձանագրութիւններից:
Անդրադառնալով ռազմագերիների փոխանակման շուրջ ձեռք բերւած համաձայնութեան կատարմանը Ադրբեջանի կողմից՝ Կիրօ Մանոյեանը կարծիք յայտնեց, որ Ադրբեջանը թերևս կկատարի իր այդ խոստումը, թէկուզ հէնց նրա համար, որ ցոյց տայ, որ գործընթացում առաջընթաց կայ:
Մանոյեանի կարծիքով, համանախագահների հանդիպումների արդիւնքում ռազմական գործողութիւնների հաւանականութիւնը նւազում է:


Tert.am




Հայաստանի խորհրդարանում


արգելափակել են Youtube կայքը




Հոկտեմբեր 29, 2010 09:57
Հայաստանի խորհրդարանում տեւական ժամանակ է՝ արգելափակւած է Youtube կայքը: Այսպիսով թերեւս ԱԺ ղեկավարութիւնը փորձում է պատգամաւորներին եւ ԱԺ աշխատակիցներին զերծ պահել աւելորդ տեղեկատւութիւնից՝ Ջօ Բայդենեան բացայայտումներ, բանակում եւ դպրոցներում սադիզմի դրսեւորումներ եւ այլն:
Ի դէպ, «Ժառանգութիւնից» ասել են, որ իրենք փորձելու են պարզաբանումներ ստանալ, թէ ինչու է ԱԺ-ում արգելափակւած Youtube-ը: Իսկ ԱԺ նորացւած դահլիճում չնայած իւրաքանչիւր պատգամաւոր համակարգիչ ունի, սակայն այստեղ եւս ինտերնէտ չկայ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am


Ադրբեջանում կայ 11 Հայ
գերի եւ պատանդ,
իսկ Հայաստանում`
3 ադրբեջանցի
գերի ու պատանդ
Հոկտեմբեր 28, 2010 12:16
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսեանն ու Իլհամ Ալիեւը հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայացած եռակողմ հանդիպման արդիւնքներով պայմանաւորւել են ռազմագերիների եւ զոհւածների դիակների փոխանակում իրականացնել:
Ներկայումս Ադրբեջանում են գտնւում 6 Հայ ռազմագերի եւ մէկ ընտանիք՝ բաղկացած 5 անձից: Կարմիր խաչի միջազգային կոմիտէի (ԿԽՄԿ) հաղորդակցման ծրագրերի ղեկավար Աշոտ Աստաբացեանը NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում յայտնեց, որ Ադրբեջանի տարածքում են գտնւում Եղիշէ, Ռուզաննա, Ալֆրէդ, Գայեանէ եւ Պետրոս Գէորգեանները, որոնք անցել են ադրբեջանական սահմանը այս տարւայ Յունւարին:
Ադրբեջանական գերութեան մէջ են գտնւում նաեւ զինծառայողներ Հրանտ Մարկոսեանը, Ալիկ Թեւոսեանը, Արթուր Սարգսեանը, Օհան Յարութիւնեանը, Գէորգ Թովմասեանն ու Կարէն Յարութիւնեանը:
Աստաբացեանը նշեց նաեւ, որ Հայաստանում գտնւում են ադրբեջանցի 2 ռազմագերի եւ քաղաքացիական մէկ անձ: Կարմիր Խաչի ներկայացուցիչը, սակայն, չնշեց ադրբեջանցիների անունները՝ յայտնելով, որ դա կազմակերպութեան սկզբունքն է, եւ իրենք իրաւունք չունեն յայտնել այդ անձանց անունները:
Ադրբեջանական լրատւամիջոցների պնդմամբ, Հայաստանում են գտնւում զինծառայողներ Անար Հաջիէւն ու Ռոման Հոսէյնովը, նաեւ 47-ամեայ Էլդար Թագիէվը:
Նախագահները պայմանաւորւել են նաեւ զոհւածների դիակների փոխանակութիւն իրականացնել: Յիշեցնենք, որ ադրբեջանական գերութեան մէջ զոհւել էր Հայ հովիւ Մանւէլ Սարիբէկեանը: Վերջինս տարօրինակ հանգամանքներում մահացել էր Բաքւի բանտում: Մինչդեռ հայկական կողմում են ադրբեջանցի երկու դիվերսանտների՝ (գաղտագողի ներխուժող) Ֆարիդ Ահմեդովի եւ Ադրբեջանի «ազգային հերոս» հռչակւած Մուբարիզ Իբրահիմովի դիակները:
Նշենք, որ երէկ Աստրախանում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Հանդիպման արդիւնքներով ստորագրւած համատեղ յայտարարութեան մէջ ասւած է. «Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանաւորւեցին որպէս առաջին քայլ անյապաղ ռազմագերիների եւ զոհւածների դիակների փոխանակում կատարել` ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի աջակցութեամբ, ինչպէս նաեւ այդ մօտեցումներով ղեկավարվել նաեւ հետագայում` այդ հարցերում ելնելով բացառապէս հումանիտար բնոյթից»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am



Սկանդալ...
Որպէս բողոք Ադրբէջանցիների խափանարարական միջոցառումների՝

Հայաստանի տաղաւարը Իրանի մամուլի

ցուցահանդէսում՝ փակւել է ժամանակից շուտ


Խանգարել են Ադրբեջանի տաղաւարի պատասխանատուները

28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2010
Ըստ հայաստանեան «Հայոց աշխարհ» օրաթերթի հաղորդման՝ օրերս Թեհրանում Մամուլի եւ զանգւածային լրատւամիջոցների փառատօնի մեկնարկից յետոյ՝ հայերն ու ադրբեջանցիները ներքաշւել են սկանդալի մէջ:
«ԱՊԱ» լրատւական գործակալութեան հաղորդմամբ՝ հայերը դահլիճ են բերել Լեռնային Ղարաբաղի քարտէզը, յուշարձանների նկարները եւ ինչպէս գործակալութիւնն է չակերտներում գրում. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան դրօշը»: Ադրբեջանցիներն առարկել եւ հայ լրագրողներից պահանջել են անմիջապէս դուրս հանել դրանք:
Հայերը պահանջը մերժել են, ինչից յետոյ ադբեջանցիները բողոքով դիմել են միջոցառման կազմակերպիչ իրանցիներին: Հայ լրագրողներն ասել են, թէ Լեռնային Ղարաբաղի պատմութեանը վերաբերող նկարները եւ Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» յայտնի յուշարձանի պատկերը հէնց կազմակերպիչներն են փակցրել:
«Ուստի՝ մենք մտածեցինք, որ կարող ենք նաեւ Լեռնային Ղարաբաղի քարտէզն ու դրօշը տեղադրել»,- ասել են հայերը: Իրանցի կազմակերպիչները, իրենց հերթին, ասել են, թէ բոլոր նկարներն ու ցուցադրման համար նախատեսւած նիւթերը հայկական կողմն է տրամադրել: Ադրբեջանցիներին օգնութեան են եկել թուրք լրագրողները եւ սպառնացել իրենց ադրբեջանցի գործընկերների հետ լքել փառատօն-ցուցահանդէսը, եթէ հայերը չկատարեն կազմակերպիչների պահանջը:
- «Մենք մեր հերթին դիմեցինք ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանին, որը հաստատելով վերոգրեալ միջադէպը՝ աւելացրեց, որ կացութիւնը վերահսկւում է ցուցահանդէսի կազմակերպիչ միաւորների կողմից ու տեղում կանխւել են ադրբեջանցի եւ թուրք «բողոքարարներ»-ի հակահայ քայլերը»:
Աւելի ուշ, ինչպէս տեղեկացնում է ցուցահանդէսին մասնակցած «Ազգ» օրաթերթի լրագրող Յասմիկ Յարութիւնեանը, հայկական կողմը կազմակերպիչներին յայտարարեց, որ լուսանկարի տեղադրումն իրենց համար պատւի հարց է, եւ նրա հանումը վիրաւորական է Հայաստանի եւ հայ ժողովրդի համար: Եթէ մինչեւ առաւօտեան լուսանկարը տաղաւարի պատին չտեղադրւի, ապա հայկական կողմը, ի տարբերութիւն ադրբեջանականի, կը դիմի ամենաքաղաքակիրթ տարբերակին եւ կը հրաժարւի մասնակցել ցուցահանդէսին:
Այդ կապակցութեամբ հայկական կողմը ծաւալուն հարցազրոյց է ունեցել իրանական երիտասարդական ռադիոյի հետ:
«ԱԼԻՔ»

***

«Սկանդալ...» ից բացի միւս վերնագրերն ու ենթավերնագրերը՝ կայքի կողմից է։ Վ.

Ռուս եւ ադրբեջանցի լրտեսուհիները

ցնցել են Թուրքիան.



Յոյժ գաղտնի տեղեկութիւններ

են Թուրքիայից դուրս հանւել



Հոկտեմբեր 28, 2010 02:11
Թուրքական հեռուստաընկերութիւնների եթերից եւ թերթերի գլխաւոր նորութիւնների մէջ շարունակում է առաջնային մնալ հոկտեմբերի 25-ին Թուրքիայի զինւած ուժերի մի շարք ստորաբաժանումներում իրականացւած գործողութիւնների մանրամասնները։ Թուրքիայի զինւած ուժերում լրտեսութեամբ զբաղւող, մարմնավաճառութեան բանդայ կազմակերպած եւ բարձրաստիճան զինւորականնների եւ պաշտօնեաների նկատմամբ շանտաժ իրականացրած յանցախմբի գործունէութեան վերաբերեալ նոր տեղեկութիւններ են յայտնւել թրքական մամուլում։
Թրքական Star-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի գլխաւոր դատախազութեան հրահանգով Թուրքիայի 9 նահանգներում իրականացւած համաժամանակեայ գործողութիւնների արդիւնքում Թուրքիայի ծովային ուժերի, իրային համալրման եւ առափնեայ անվտանգութեան հրամանատարութիւններում ստեղծւած բանդան մարմնավաճառութեան միջոցով ձեռք է գցել պետական յոյժ գաղտնի փաստաթղթեր։ Բացի այդ, բանդան իր ուշադրութեան կենտրոնում է պահել բարձրաստիճան զինւորականների կանանց եւ երեխաներին, նրանց մշտապէս պահելով իր ուշադրութեան տակ եւ մանրամասն տեղեկութիւններ հաւաքել։
Զինւորականների բանդան հետեւել է նաեւ Թուրքիայի ծովային ուժերի. թէ նախկին, թէ ներկայ հրամանատարների էլեկտրոնային փոստերը։ Բանդան, Ծովային ուժերի ներկայիս հրամանատար Ֆիքրեթ Գիւնէշի էլ-փոստին հետեւելուց բացի ուշադրութիւն է դարձրել նրա ընտանիքի անդամների անձնական տւեալների հաւաքագրմանը։
Իսկ ահա, թուրքական Takvim-ը գրել է, թէ բանդան իր նպատակներին հասնելու համար օգտագործել է ռուս եւ մոլդովացի լրտես կանանց՝ նրանց որպէս մարմնավաճառներ ուղարկելով բարձագոյն հրամանատարների մօտ։
Թրքական Zaman-ը իր հրապարակման մէջ նշել է 3 լրտես կանանց՝ ռուս, ուկրաինացի եւ ադրբեջանցի, որոնք կարողացել են մարմնավաճառի քողի տակ ձեռք գցել յոյժ գաղտնի ռազմական փաստաթղթեր եւ Թուրքիայից դուրս ուղարկել։
Sabah օրաթերթը նոյնիսկ 3 լրտես կանանց անուններն է հրապարակել՝ Ինէսա, Լիա Ռահմատովա եւ Նոնա Բորդուլի։ Ստամբուլի դատախազութիւնը փորձում է պարզել, թէ լրտեսութիւնը որ երկրի օգտին է իրականացւել։
Նշենք, որ հոկտեմբերի 25-ին Թուրքիայի մի շարք զինւորական ստորաբաժանումներում իրականացւել են գործողութիւններ, որի ընթացքում ձերբակալւել են 3 տասնեակից աւել զինւորական։ Գործով անցնող յանցաւոր խմբի անդամները մեղադրւում են մարմնավաճառների ցանց ստեղծելու, զինւորականների, պետական պաշտօնեաների եւ մարմնավաճառների սեռական յարաբերութիւնները նկարահանելու եւ այնուհետ շանտաժ անելու եւ լրտեսութեամբ զբաղւելու մէջ։
Դատարանը բերման որոշում է կայացրել նաեւ ծովակալներ Շաֆաղ Եուրեքլիի եւ Ֆահրի Ջանի նկատմամբ։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Վահան Յովհաննիսեան.-
«Մեզ հետ համաձայնւելու խնդիր չկայ»
-Մեկնաբանելու բան չունեմ, չեմ ցանկանում պատասխանել հարցերին,- ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանի և խմբակցութիւնների ղեկավարների միջև ԼՂՀ ճանաչման մասին «Ժառանգութիւն» կուսակցութեան ներկայացրած օրինագծի վերաբերեալ խորհրդակցութիւնից յետոյ լրագրողներին ասել է ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանը:
«Ձեր կարծիքով, համաձայնութեան գալու եզրեր կա՞ն» հարցին ի պատասխան Վահան Յովհաննիսեանն ասել է.
-Դա ինձ չի վերաբերում, որովհետև մեզ հետ համաձայնւելու խնդիր չկայ:
Ինչ վերաբերում է հարցի վերաբերեալ ՀՅԴ տեսակէտին նա նշել , որ այն յայտնել է հանդիպման ժամանակ, հիմա չի յայտնի:

7or.am

Երեւանն ու Բաքուն կարող են համաձայնեցնել
Ղարաբաղեան կարգաւորման սկզբունքները
դեկտեմբերին
Մեդվեդեվ.–
«Այսօրւայ հանդիպումը գնահատում եմ շատ օգտակար»

«Այսօրւայ հանդիպումը գնահատում եմ շատ օգտակար: Բոլոր դէպքերում բանակցութիւններն աւելի լաւ են, քան թէժ պայքարը: Բայց սրանք ոչ միայն բանակցութիւններ են, այլեւ` առաջ ընթանալու հնարաւորութիւն»

Հոկտեմբեր 27, 2010 18:59
Հայաստանն ու Ադրբեջանը կարող են յանգել Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման սկզբունքների համաձայնեցւած լուծման մինչեւ դեկտեմբերի սկզբին կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովը: Այդ մասին յայտնել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ հոկտեմբերի 27-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսեանի եւ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից յետոյ կայացած ասուլիսում:
«Այսօրւայ հանդիպումը գնահատում եմ շատ օգտակար: Բոլոր դէպքերում բանակցութիւններն աւելի լաւ են, քան թէժ պայքարը: Բայց սրանք ոչ միայն բանակցութիւններ են, այլեւ` առաջ ընթանալու հնարաւորութիւն»,- ասել է Մեդվեդեւն ու յաւելել. «Այսօր մենք պայմանաւորւել ենք, որ այժմ մնացել են կարգաւորման սկզբունքները, որոնք հետագայում պէտք է դրւեն խաղաղ պայմանագրի հիմքում: Հարցեր դեռ շատ կան, բայց կողմերի մօտ կայ ցանկութիւն: Մենք որոշակի ուղի ենք անցել, որը յոյս է տալիս կարծելու, որ եթէ կողմերը լաւ աշխատեն, իսկ նման յանձնարարութիւն մենք մեր արտգործնախարարներին տւել ենք, հնարաւոր է դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ հասնել հիմնարար սկզբունքների համաձայնեցմանը: Բայց կրկնում եմ` հիմնական աշխատանքները դեռ առջեւում են»:
Աւելի վաղ NEWS.am-ը յայտնել է, որ Աստրախանում հոկտեմբերի 27-ին հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսեանը, Իլհամ Ալիեւը եւ Դմիտրի Մեդվեդեւը: Այս եռակողմ ձեւաչափով նրանք հանդիպում են արդէն 6-րդ անգամ, որից երեքն այս տարի:
Սերժ Սարգսեանի ու Իլհամ Ալիեւի առաջին հանդիպումը կայացել է 2008 թւականի յունիսի 6-ին Սանկտ-Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտօնական գագաթաժողովի ժամանակ: Նախագահները ծանօթացել էին «ծանօթացել էին կողմերի մօտեցումներին եւ յանձնարարել էին ԱԳ նախարարներին շարունակել համագործակցութիւնը Մինսկի խմբի հետ»:
2008-ի նոյեմբերի 2-ին մեձմոսկովեան Մայնդորֆեան պալատում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնութեամբ տեղի էր ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների երկրորդ հանդիպումը, որի արդիւնքում ստորագրւել էր Հռչակագիր, որտեղ սահմանւում էին ԼՂ խնդրի կարգաւորման սկբունքները: Սա վերջին 15 տարւայ ընթացքում առաջին փաստաթուղթն էր, որի տակ կողմերը ստորագրութիւն դրեցին:
Ալիեւի ու Սարգսեանի յաջորդ հանդիպումները կայացել են 2009-ի յունւարի 28-ին` Ցիւրիխում, մայիսի 7-ին` Պրագայում, յունիսի 4-ին` Սանկտ-Պետերբուրգում, յուլիսի 17-ին` Մոսկւայում: 2009-ի հոկտեմբերի 9-ին եռակողմ հանդիպում է կայացել Քիշնեւում, 2010-ի նոյեմբերի 22-ին`Կրասնայա Պոլեանայում: Վերջին հանդիպումը կայացել է 2010-ի յունիսի 18-ին` Սանկտ Պետերբուրգում, որի ժամանակ կողմերին առաջարկւել էր Մարիդեան սկզբունքների վերջին տարբերակը:
Հանդիպումից անմիջապես յետոյ, Հայաստանի նախագահը եռակողմ ձեւաչափով կհանդիպի նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Սեմինար` նւիրւած
հետաքննական լրագրութեանը
Հոկտեմբերի 28-ին Երևանում «Հետաքննական լրագրութեան դանիական ասոցիացիան» և «Միջազգային լրագրութեան աջակցութիւն» կազմակերպութիւնը համատեղ կազմակերպում է «Սկուպ-Կովկաս» ծրագրի սեմինար` նւիրւած հետաքննական լրագրութեանը. սեմինարի թեման է` «Հետաքննութեան հնարաւորութիւններ հայաստանեան լրագրողների համար»:
Ինչպէս Aysor-ին տեղեկացրեց «Սկուպ-Կովկաս» ծրագրի հայաստանեան համակարգող Արևհատ Գրիգորեանը, «Հետաքննական լրագրութեան դանիական ասոցիացիան» աջակցում է հետաքննական լրագրութեանը արևելեան Եւրոպայում և արդէն 2 տարի` նաև Հարաւային Կովկասում:
«Այս սեմինարին նաև լինելու են լրագրողներ մարզերից, ովքեր տեղեկութիւններ ստանալու և դրամաշնորհների դիմելու հնարաւորութիւն աւելի քիչ են ունենում. սեմինարը հնարաւորութիւն է տալիս նրանց ծանօթանալու «Սկուպ-Կովկաս» ծրագրին»,- ընդգծեց Արևհատ Գրիգորեանը:
Սեմիանրի ընթացքում քննարկւելու են ճանաչողական հարցեր, խօսելու են արդէն հետաքննութիւն անցկացրած լրագրողներ, ովքեր ներկայացնելու են իրենց փորձը:

ԱՅՍՕՐ, 17:17
Aysor.am

«Նախիջևանը Թուրքիայի աչքի լոյսն է,
այդ պատճառով մենք ոտքի
պէտք է հանենք նրան»
Թուրքիայի պետնախարար.-
Քանի դեռ Ղարաբաղեան հիմնախնդիրը չի կարգաւորւել, Հայ-թրքական
սահմանը չի բացւի

14:20 • 27.10.10
Քանի դեռ Ղարաբաղեան հիմնախնդիրը չի կարգաւորւել, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանները չեն բացւի, առևտրային յարաբերութիւնները չեն զարգանայ: Այս մասին, թրքական Anadolu գործակալութեան փոխանցմամբ, Նախիջևանի «ինքնավար հանրապետութիւն»ում յայտարարել է Թուրքիայի պետնախարար Զաֆեր Չաղլայանը:
«Նախիջևանը Թուրքիայի աչքի լոյսն է: Այդ պատճառով մենք ոտքի պէտք է հանենք նրան, պէտք է զարգացնենք առևտրային յարաբերութիւնները: Ադրբեջանի հետ ապրանաքաշրջանառութիւնը կազմում է 2 միլարդ դոլար: Սակայն մենք այդ թիւը պէտք է հասցնենք 5 միլիարդի»,- ասել է Չաղլայանը:
Անդրադառնալով Հայ-թրքական յարաբերութիւններին` թուրք պետնախարարը յայտարարել է.
«Քանի դեռ Ղարաբաղեան հիմնախնդիրը չի կարգաւորւել, խօսք չի կարող լինել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման մասին: Թուրքիայի վարչապետն ու նախագահը թեմայի առնչութեամբ յստակ մեսիջներ են տւել»:
Tert.am

Հայաստանն ու Ադրբեջանը
ռազմագերիների ու զոհւածների
դիակների փոխանակում կկատարեն

Հոկտեմբեր 27, 2010 18:44
Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները Աստրախանում եռակողմ հանդիպման արդիւնքում համատեղ յայտարարութիւն են ընդունել: Նրանք պայմանաւորւել են ռազմագերիների եւ զոհւածների դիակների փոխանակութիւն կատարել:
«Խօսքը գնում է յատուկ հռչակագրի մասին, որն ուղղւած է վստահութեան միջոցների ամրապնդմանը»,- հանդիպումից յետոյ լրագրողներին յայտնել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Նա յստակեցրել է, որ փաստաթուղթը ենթարդում է «ռազմագերիների եւ զոհւածների դիակների վերադարձ»:
Յիշեցնենք, որ այսօր` հոկտեմբերի 27-ին Աստրախանում տեղի ունենում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը` ԼՂ խնդրի կարգաւորման գործընթացի օրակարգով:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Նախագահները ռազմագերիների
փոխանակման շուրջ համաձայնութեան են եկել
Մեդվեդևի խօսքով՝ հանդիպումներն ուղեկցւում են կոշտ բանավէճերով։
Այնուամենայնիւ, այդ հանդիպումները, ըստ նրա, օգտակար են

«Դրանք ոչ միայն բանակցութիւններ են, այլև յստակ քայլ դէպի առաջ»
19:05 • 27.10.10
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնութեան են եկել ռազմագերիների փոխանակման շուրջ։ Այս մասին Աստրախանում կայացած եռակողմ հանդիպման աւարտից յետոյ լրագրողներին ասել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
«Հէնց նոր կողմերի միջև համաձայնութիւն ձեռք բերւեց համատեղ յայտարարութեան շուրջ, որը հումանիտար բնոյթ է կրում, բայց շատ կարևոր է՝ հաշւի առնելով ԼՂ հարցի շուրջ տարատեսակ բարդությիւնները, որոնք այսօր առկայ են Հայաստանի և Ադրբեջանի յարաբերութիւններում։ Խօսքը յատուկ դեկլարացիայի մասին է, որն ուղղւած է վստահութեան միջոցների ամրապնդմանը, որպէսզի անյապաղ իրականացւի ռազմագերիների փոխանակում և զոհւածների մարմինների վերադարձ»,– ասել է նա։
Մեդվեդևի խօսքով՝ հանդիպումներն ուղեկցւում են կոշտ բանավէճերով։ Այնուամենայնիւ, այդ հանդիպումները, ըստ նրա, օգտակար են։
«Դրանք ոչ միայն բանակցութիւններ են, այլև յստակ քայլ դէպի առաջ»,– ասել է ՌԴ նախագահը։
Հանդիպման միւս թեման, ըստ Մեդվեդևի, խաղաղ բանակցութիւններն էին, որոնք միշտ էլ քննարկւում են և քննարկւել են նաև Մայնդորֆում:
«Մնում է յոյս ունենալ, որ լաւ աշխատելու դէպքում մէկ ամսից ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ կարող ենք համաձայնեցւած տեքստ ունենալ։ Հաւատում ենք, որ արդիւնքի կարելի է հասնել: Հիմնական աշխատանքը դեռ առջևում է»,– ասել է նա։
Tert.am

Աստրախանում մեկնարկել է


Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի


նախագահների եռակողմ հանդիպումը



Հոկտեմբեր 27, 2010 16:08
Ռուսաստանի Աստրախան քաղաքում Երեւանի ժամանակով ժամը 16:00-ի սահմաններում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսեանի, Իլհամ Ալիեւի եւ Դմիտրի Մեդվեդեւի եռակողմ հանդիպումը: Նրանք կշարունակեն Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգաւորման բանակցութիւնները:
Նշենք, որ նմանատիպ նախորդ հանդիպումը կայացել է 2010 թւականի յունիսի 18-ին` Սանկտ-Պետերբուրգում, որի ժամանակ կողմերին առաջարկւել էր Մարիդեան սկզբունքների վերջին տարբերակը:
Հանդիպումից անմիջապէս յետոյ, Հայաստանի նախագահը եռակողմ ձեւաչափով կհանդիպի նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Թուրք ոստիկանները
ադրբեջանցի կնոջը տարել են
անտառ եւ շարունակաբար բռնաբարել
Հոկտեմբեր 27, 2010 11:39
Ստամբուլի ոստիկանութեան բարոյական նորմերի պահպանութեան բաժնի 4 աշխատակից 32-ամեայ ադրբեջանցի մի կնոջ տարել են անտառ եւ բռնաբարել։
Թուրքական Aksam-ի փոխանցմամբ՝ բարոյականութեան պահապան թուրք ոստիկանների արկածներն սկսւել են Ստամբուլի Ավջըլար թաղամասի Օջաքբաշը բարում, որտեղից ոստիկանները բերման են ենթարկել 11 հոգու, լցրել միկրոաւտուբուսը եւ շարժւել։
Բարի տիրոջից 1000 լիրա կաշառք վերցրած ոստիկանները ճանապարհին իջեցրել են բերման ենթարկւածներին՝ մեքենայում պահելով միայն Ադրբեջանի 32-ամեայ քաղաքացուհի Ա. Շ.-ին։ Ոստիկանները միկրոաւտոբուսով մեկնել են անտառ եւ հերթով բռնաբարել ադրբեջանցի կնոջը։ Բայց սրանով գործը չի վերջացել, քանի որ առաւօտեան ոստիկաններն ադրբեջանցի կնոջը տեղափոխել են մէկ այլ վայր եւ սեռական արկածները շարունակել։
Ոստիկանների ձեռքից մի կերպ փախած ադրբեջանցի կինը եւ միւս տուժածները, այդ թւում՝ բարի սեփականատէրը, դիմել են ոստիկանութիւն։
Դատախազութեան հրահանգով յիշեալ ոստիկանները ձերբակալւել են, ընթանում է հետաքնննութիւն։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Նախագահների եռակողմ հանդիպումը
կտևի մէկ ժամ
Այսօր Նախագահ Սերժ Սարգսեանը մեկնել է ՌԴ Աստրախանի մարզ' մասնակցելու Աստրախան քաղաքում ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնութեամբ ԼՂ հակամարտութեան խաղաղ կարգաւորման շրջանակներում տեղի ունենալիք եռակողմ հանդիպմանը' Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հանրապետութիւնների նախագահների միջև, որից յետոյ նախատեսւում է հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Նախագահների եռակողմ հանդիպումը նախատեսւած է ժամը 16:00-ին և կտևի մէկ ժամ։
Նախագահ Սարգսեանը Աստրախանի Սուրբ Հռիփսիմէ եկեղեցու հովւի, տեղի իշխանութիւնների և Հայ համայնքի ներկայացուցիչների հետ կայցելի նաև քաղաքի կենտրոնում գտնւող հայկական յուշարձան և ծաղկեզամբիւղ կդնի յուշարձան-խաչքարին: Յուշարձան-խաչքարը տեղադրւել է 1930-ական թւականներին աւերւած հայկական եկեղեցու տեղում' ի յիշատակ դեռևս 1706թ. այստեղ կառուցւած հայկական եկեղեցու և ի նշանաւորումն Աստրախանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմի հիմնադրման 290-ամեակի:

7օր

Տեղի է ունեցել է ՀՀ վարչապետի
և ԻԻՀ նախագահի հանդիպումը
«Մահմուդ Ահմադինեժադը բարձր է գնահատել Հայաստանի նախագահի այցը Իրանի
Իսլամական Հանրապետութիւն և ուզել` ՀՀ նախագահին ու Հայ ժողովրդին փոխանցել
իր ամենաջերմ բարեմաղթանքները»

«Հայաստանի կառավարութեան ղեկավարը շնորհակալութիւն է յայտնել Իրանի ղեկավարութեանը
Հայ համայնքի նկատմամբ բարեհաճ վերաբերմունքի համար»

Վարչապետը վերահաստատել է Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանի
հրաւէրը Իրանի ղեկավարին` Հայաստան այցելելու վերաբերեալ

Տիգրան Սարգսեանը երէկ թողեց Թեհրանը
Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահի նստավայրում երէկ կայացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանի և ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հանդիպումը։ ՀՀ կառավարութեան տեղեկատւութեան և հասարակայնության հետ կապերի վարչութեան տեղեկացմամբ` ՀՀ կառավարութեան ղեկավարը վստահութիւն է յայտնել, որ Իրան կատարած պաշտօնական այցը նոր լիցք կը հաղորդի Հայ-Իրանական տնտեսական կապերի աշխուժացմանը, որոնք դեռևս զիջում են բարձր մակարդակով քաղաքական յարաբերութիւններին։
Տիգրան Սարգսեանը Իրանի նախագահի հետ խօսել է երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող տնտեսական ծրագրերի մասին։ Մահմուդ Ահմադինեժադն իր հերթին նշել է, որ տնտեսական կապերի որակը քաղաքական յարաբերութիւններին հասցնելու համար որևէ սահմանափակում չկայ, և Իրանը պատրաստ է օժանդակել բոլոր նախաձեռնութիւններին։
ՀՀ վարչապետը վերահաստատել է Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանի հրաւէրը Իրանի ղեկավարին` Հայաստան այցելելու վերաբերեալ։ Այցի ժամկէտները կը յստակեցւեն դիւանագիտական խողովակներով։ Մահմուդ Ահմադինեժադը բարձր է գնահատել Հայաստանի նախագահի այցը Իրանի Իսլամական Հանրապետութիւն և խնդրել` ՀՀ նախագահին ու Հայ ժողովրդին փոխանցել իր ամենաջերմ բարեմաղթանքները։ Հայաստանի կառավարութեան ղեկավարը շնորհակալութիւն է յայտնել Իրանի ղեկավարութեանը Հայ համայնքի նկատմամբ բարեհաճ վերաբերմունքի համար։
Նշենք, որ զրուցակիցները կարևորել են համատեղ ձեռնարկութիւնների ստեղծումը, բանկային ոլորտում համագործակցութիւնն ու երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող այլ հարցեր։ Նշւել է, որ Հայաստանը կարող է կարևոր կամուրջ հանդիսանալ Իրանի և ԱՊՀ երկրների միջև կապերի ամրապնդման համար։
Տիգրան Սարգսեանը բարձր է գնահատել Իրանի փոխնախագահ Մոհամադռեզա Ռահիմիի հետ կայացած հանդիպումները` նշելով, որ համագործակցութեան բոլոր ոլորտներում կողմերը կարող են հասնել համաձայնութեան։ Իրանի նախագահը գոհունակութիւն է յայտնել երկու կառավարութիւնների պատասխանատուների անձնական կապերի ամրապնդման համար, որոնք կնպաստեն հայ-իրանական համագործակցութեան և բարեկամութեան զարգացմանը։

26.10.2010, 18:12
Aysor.am

Հ.Յ.Դ.-ն յոյս ունի
նախագահական ընտրութիւններից
ստանալ այն, ինչ չի յաջողւի
ստանալ խորհրդարանականից
«ՀՅԴ հիմնական նպատակը երկրում իշխանափոխութեան հասնելն է և
նոր որակով իշխանութիւններ ձևաւորելը»

15:37 • 26.10.10
«Մենք լաւ հասկանում ենք, որ լինելով ընդդիմութեան մէջ՝ այս արատաւոր ընտրական համակարգի պայմաններում ընտրութիւններին մասնակցելը չափազանց բարդ գործ է լինելու։ Բայց մենք նաև ամէն ինչ անում ենք, որպէսզի արատաւոր դրսևորումները հնարաւորինս պակասեն, որպէսզի ընտրական գործընթացները գոնէ ինչ-որ կերպ համարժէք լինեն ժողովրդի ցանկութիւններին ու պատկերացումներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հ.Յ.Դ. ԳՄ ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը։
Ըստ նրա՝ Դաշնակցութիւնը միամիտ չէ և գտնում է, որ խորհրդարանական ընտրութիւններում հնարաւոր չէ բացառել այն երևոյթները, որոնց իրենք ականատես են եղել նախորդ ընտրութիւնների ժամանակ։ «Միշտ էլ ընտրութիւններից առաջ, եթէ գումարում ես բոլորի ակնկալած ձայները, մօտ 1000 տոկոսի է մօտենում։ Ես լսել եմ նաև, որ կոալիցիան ասում է՝ մենք ունենք 80 տոկոս, մնացածը ընդդիմութիւնը թող իրար մէջ բաժանի։ Սա նախ արհամարհանք է ժողովրդի հանդէպ։
Դա նշանակում է, որ արդէն նախապէս որոշել են, թէ ով ինչքան ձայն է ստանալու և ժողովրդին, որպէս ընտրութիւներին մասնակցութիւն ունեցող գործօն, բացառում են»,- ասաց Արմէն Ռուստամեանը։
Բանախօսը նշեց, որ ՀՅԴ հիմնական նպատակը երկրում իշխանափոխութեան հասնելն է և նոր որակով իշխանութիւններ ձևաւորելը։ Սակայն, ըստ Ռուստամեանի, դա պէտք է կատարւի նորմալ, քաղաքակիրթ երկրներին վայել ընտրական գործընթացների միջոցով։ «Մեր յոյսն այն է, որ այն, ինչ չյաջողւի խորհրդարանական ընտրութիւններում, կյաջողւի ստանալ նախագահական ընտրութիւններում»,- նշեց նա։
Ռուստամեանի կարծիքով՝ Հայաստանում ընտրական գործընթացները այնքան արատաւորւած են, որ քւէատուփում առկայ քւէաթերթիկների քանակը բացարձակապէս կապ չունի տւեալ քաղաքական ուժի ունեցած իրական վարկանիշի հետ։

Սարգսեան–Ալիև–Մեդվեդև հանդիպումը՝
այսօր Աստրախանում
09:35 • 27.10.10
Այսօր Աստրախանում Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման գործընթացի շրջանակում կայանալու է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը:
Հանդիպումը կայանալու է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնութեամբ։
Յիշեցնենք, որ վերջին անգամ եռակողմ հանդիպում էր տեղի ունեցել Սանկտ Պետերբուրգում այս տարւայ յունիսի 18–ին։

Tert.am

Լոս-Անջելեսում 18-ամեայ
Հայ է գնդակահարւել
Հոկտեմբեր 26, 2010 19:25
Լոս-Անջելեսում հոկտեմբերի 17-ին սպանւել է 18-ամեայ Վարդան Աւատեանը:
Նա մի քանի ընկերների հետ կանգնած է եղել Հիւսիսային Հոլիվուդի աւտոկանգառներից մէկի մօտ, երբ նրան է մօտեցել իսպանական ծագմամբ տղամարդ եւ մի քանի անգամ կրակել Աւատեանի վրայ: Այդ մասին յայտնում է Լոս-Անջելեսի ոստիկանական վարչութեան մամուլի ծառայութիւնը:
Աւատեանին տեղափոխել են մերձակայ հիւանդանոց, սակայն նրա կեանքը փրկել չի յաջողւել:
Կասկածեալը թաքնւել է դէպքի վայրից կապոյտ մեքենայով:
Ոստիկանութիւնն առայժմ տեղեկութիւններ չունի յանցագործութեան դրդապատճառների մասին:

Լուրեր Հայաստանից - NEWS.am


Թուրքերը թալանել են Հրանտ Դինքի տունը



Թուրքե17:33 • 26.10.10
Թուրքերը գանձեր գտնելու նպատակով տակնուվրայ են արել և թալանել են «Ակօս» շաբաթաթերթի նահատակւած խմբագրապետ Հրանտ Դինքի տունը: Այս մասին, Haberturk-ի փոխանցմամբ, Հրանտ Դինքի՝ Գերմանիայից ժամանած հօրեղբօր աղջիկը՝ Էլիզա Քոդաք Դինքը, տեղեկացրել է ոստիկանութեանը:
Էլիզայի խօսքով` անյայտ անձինք գանձեր գտնելու նպատակով տան մէջ փոսեր են փորել՝ լրջօրէն վնասելով Մալաթիայի Սալքիւփրիւ թաղամասում գտնւող տունը, որտեղ ծնւել է խմբագրապետը: Ներկայում այդ տանը ոչ ոք չի ապրում:
Դէպքի առնչութեամաբ սկսւել է հետաքննութիւն:


Tert.am

Մարտակերտի դիրքերում

ադրբեջանցիները 20-ամեայ

Հայ զինւոր են նահատակել



«ՀՀ Պաշտպանութեան Նախարարութիւնը խորապէս
ցաւակցում է Յարութ Գրիգորեանի հարազատներին և
յայտարարում, որ Ադրբեջանի ներխուժման ուժերի նման
սադրանքների հետևանքների ողջ
պատասխանատւութիւնը ընկնում է ադրբեջանական
կողմի վրայ»



Հոկտեմբեր 26, 2010 21:34
Հերթական անգամ Ադրբեջանը Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից առաջ սրում է իրավիճակը:
Վաղը` հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայանալիք երեք նախագահների հանդիպման նախօրէին, ադրբեջանցիները կրկին Հայ զինւոր են նահատակել:
Արցախի Պաշտպանութեան բանակի մամուլի ծառայութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ այսօր` հոկտեմբերի 26-ին, ժամը 16.45-ի սահմանում Ղարաբաղա-ադրբեջանական զօրքերի շփման գծի հիւսիսարեւելեան (Մարտակերտի) ուղղութգամբ տեղակայւած դիրքերի վրայ հակառակորդի կողմից ձեռնարկւած հերթական հրաձգութեան արդիւնքում զոհւել է Ստեփանակերտ քաղաքից զորակոչւած Պաշտպանութեան Բանակի շարքային զինծառայող, 20-ամեայ Յարութ Աշոտի Գրիգորեանը:
Դէպքի հետ կապւած մանրամասները ճշտւում են:
Դէպքի կապակցութեամբ յայտարարութիւն է տարածել նաեւ Հայաստանի պաշտպանութեան նախարարութիւնը, որում ասւում է. «ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը խստօրէն դատապարտում է շփման գծում ԵԱՀԿ առաքելութեան մոնիտորինգի անցկացումից ժամեր անց և ՌԴ նախագահի միջնորդութեամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրէին իրադրութեան ապակայունացման ադրբեջանական հերթական քայլը:
ՀՀ Պաշտպանութեան Նախարարութիւնը խորապէս ցաւակցում է Յարութ Գրիգորեանի հարազատներին և յայտարարում, որ Ադրբեջանի ներխուժման ուժերի նման սադրանքների հետևանքների ողջ պատասխանատւութիւնը ընկնում է ադրբեջանական կողմի վրայ»:
Յատկանշական է, որ սա արդէն առաջին դէպքը չէ, երբ երեք երկրների` Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրէին կամ դրանից անմիջապէս յետոյ Ադրբեջանը դիմում է սադրանքների Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում:
Յիշեցնենք, որ յունիսի 18-ին, երեք երկրների նախագահների Սանկտ-Պետրեբուրգում հանդիպման յաջորդ օրը ժամը 23:30-ի սահմաններում Ադրբեջանի ներխուժման ուժերի յատուկ նշանակութեան ջոկատը, հատելով Ղարաբաղա-ադրբեջանական զօրքերի շփման գօտու հիւսիսարեւելեան հատւածը, գրոհել է Չայլու գիւղի մերձակայ ուղղութեամբ տեղակայւած ՊԲ դիրքերից մէկը, ինչի արդիւնքում հայկական կողմից զոհւել է չորս զինւոր, վիրաւորւել՝ եւս չորսը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am