Գերմանական հեռուստաալիքը
Հայոց Ցեղասպանութեան մասին
Օգոստոս 31, 2010թ. 16:12
Նախկինում Հայոց Ցեղասպանութեան մասին փաստագրական ֆիլմով հանդէս եկած Գերմանական Առաջին հեռուստաընկերութեանը (ARD) կից EinseExtra հեռուստաալիքը թողարկել է ևս մի փաստագրական ֆիլմ` այս անգամ Հրանտ Դինքի մասին:
Այս մասին գրում է «Էրմենիհաբեր» լրատւական կայքը:
53 րոպէ տևողութեամբ հաղորդման ընթացքում նախ նշւել է, որ հայերի արմատները ձգւում են մինչև անտիկ աշխարհ, և նրանք աշխարհի հնագոյն քաղաքակրթութիւններից են, ապա` ասւել, որ վերջիններս 20-րդ դարի սկզբին Թուրքիայում Ցեղասպանութեան են ենթարկւել: Այս ենթատեքստում հաղորդումը անդրադառնում է Հրանտ Դինքին և, մասնաւորապէս, նշում . «2007 թւականի յունւարի 19-ին Թուրքիայում զինւած յարձակման զոհ դարձած «Ագօս» թերթի գլխաւոր խմբագիր Հրանտ Դինքը թուրքերի և հայերի միջև փոխզիջման խիզախ կողմնակիցն է եղել»:
Հրանտ Դինքի նկարներով ուղեկցւող փաստագրական ֆիլմում շեշտւում է , որ Դինքի սպանութեան հետ կապւած մի շարք հարցեր շարունակում են անպատասխան մնալ:
ArmAr.am

Սերժ Սարգսեան.–
Իրան-Հայաստան երկաթուղին անպայման իրականացնելու ենք

Օգոստոս 31, 2010 22:02
Հայաստանը ցանկանում է երկաթուղային հաղորդակցութիւն ունենալ Իրանի հետ, այստեղ բաւականին աշխատանք կատարւած է, եւ մեր երկրի համար այս չափազանց կարեւոր ծրագիրն իրականացնելու ենք: Այսօր՝ օգոստոսի 31-ին միջազգային օլիմպիադաների մրցանակակիրների ու մեդալակիրների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը:
Տրանսպորտային հեռահաղորդակցութեան ոլորտում նոր ծրագրերով հետաքրքրւող ուսանողի հարցին ի պատասխան Սերժ Սարգսեանն ասել է. «Տրանսպորտային համակարգը երկրի զարկերակն է, արիւնատար երակները, առանց որոնց հնարաւոր չէ ժամանակակից աշխարհում ապրել. աշխարհը փոքրանում է նաեւ շնորհիւ զարգացած տրանսպորտային համակարգի: Եթէ կոնկրէտ ծրագրերի մասին է խօսքը, ապա, այո, Հայաստանի տրանսպորտային համակարգը զարգացնելու որոշակի ծրագիր ունենք:
Վստահ եմ` մինչեւ մասնագիտութիւն ձեռք բերես, մենք արդէն ունենալու ենք նաեւ հաղորդակցման լուրջ ուղիներ մեր հարեւանների հետ: Հիմա ցանկանում ենք, որպէսզի հիւսիս-հարաւ ճանապարհ կառուցւի: Ինչ վերաբերում է տրանսպորտը ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելուն` այդ ծրագիրն արդէն սկսել ենք իրականացնել եւ, ամենայն հաւանականութեամբ, գարնանն արդէն կսկսւեն աշխատանքները: Միջոցները կան, նախագծերն արւում են: Եթէ չեմ սխալւում, նոյնիսկ արդէն մրցոյթ է յայտարարւել, կամ մօտ ժամանակներս կը յայտարարւի»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Սերժ Թանկեանը Թուրքիա չի գնայ, քանզի ուզում է
երգելուց բացի նաև ճշմարտութիւնն ասել
18:44 • 31.08.10
Ամերիկահայ յայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկեանը համերգ տալու հրաւէր է ստացել Թուրքիայից։ Այս մասին երաժիշտն ասել է Աթէնքի «Ազատ օր» թերթին տւած հարցազրոյցում։ Նա պատմել է, որ 1998թ. նոյնպէս հրաւիրւել էր Թուրքիա՝ Slayer նւագախմբի հետ համերգային շրջագայութեան, բայց չի գնացել։
Երգչի խօսքով՝ իր համար դժւար է գնալ մի երկիր, որտեղ որպէս արւեստագէտ չես կարող ազատօրէն իրականութիւնն ասել։ «Դա ինձ համար արւեստ չի։ Ինձ համար բաւարար չէ միայն երգելը։ Կերգէի Թուրքիայում, եթէ կարողանայի երաժշտութեանս հետ զուգահեռ անկաշկանդ արտայայտել նաև գաղափարներս»,- ասել է նա։
Ներկայացնելով իր տպաւորութիւնները օգոստոսի 12-ին Երևանում ունեցած համերգի մասին՝ երաժիշտն ասել է, որ համերգը շատ ոգևորիչ ու հետաքրքիր էր։ «Չնայած սկզբում փոքր-ինչ տեխնիկական բարդութիւններ եղան, վերջը շատ լաւ էր։ Ինձ համար մանաւանդ շատ հարուստ զգացում էր, քանի որ առաջին անգամ էի ելոյթ ունենում հայրենիքում։ Ցեղասպանութեանը նւիրւած հայերէն մի երգ ունեմ իմ նոր ալբոմում։ Այդ երգի մեկնաբանումն ու արձագանքը հայրենիքում իւրայատուկ էր. չեմ կարծում, որ այլ վայրում կկարողանամ երգել աւելի լաւ և ունենալ այդպիսի բարձր ապրումներ, ինչպիսիք ունեցայ հայրենի հողի վրայ»։
Սերժ Թանգեանն այժմ զբաղւում է իր բանաստեղծութիւնների գրքի հրատարակութեամբ և միւզիքլի ստեղծմամբ։ Միւզիքլը կոչւում է «Շղթայւած Պրոմէթևս»։ Առաջին ցուցադրութիւնը նախատեսւում է 2011թ. մարտին Քեմբրիջի «Հարվարդ» համալսարանի յայտնի հանդիսասրահում։ Այս գործի ժամանակակից ներկայացումը պատկանում է յայտնի թատերագիր Սթիվըն Սեյթըրին։ Թանգեանն ասել է, որ ունի նաև այլ ծրագրեր, որոնց մասին յետոյ կխօսի։
Այն հարցին, թէ ի՞նչ է Ցեղասպանութիւնը իր համար, երաժիշտն ասել է. «Ջնջում։ Իրականութեան ջնջում։ Անարդարութեան մեծագոյն եղելութիւնն է։ Պատճառը, որ պէտք է յաճախ խօսենք նրա մասին, այն է, որ կայ միջազգային անտարբերութիւն դրա ճանաչման ու հատուցման առնչութեամբ, ՄԱԿ-ի կամ միջազգային այլ կառոյցների կողմից»:
Tert.am

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան.–
Հայ-թրքական արձանագրութիւնները
դեռ սեղանին են
Օգոստոս 31, 2010 15:31
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը հանդէս է եկել մամուլի ասուլիսով եւ անդրադարձել վերջին շրջանի Թուրքիա-ԱՄՆ յարաբերութիւններին։
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ դեսպան Թանը նշել է, թէ Նիւ Եորքում անցկացւելիք ՄԱԿ-ի համաժովին մասնակցելու են նաեւ Թուրքիայի նախագահը եւ արտգործնախարարը։ Նամըք Թանն անդրադարձել է վերջին շրջանում ԱՄՆ Կոնգրէսում առկայ հակաթուրքական մթնոլորտին եւ պնդել, որ իրենք ամէն ինչ անում են այն փոխելու համար, որի ապացոյցներից էր վերջերս Թուրքիայի ԱԳՆ գլխաւոր խորհրդականի գլխաւորած պատւիրակութեան այցն ԱՄՆ։
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը յիշեցրել է, որ Հայաստանի հետ ստորագրւած արձանագրութիւնները դեռեւս սեղանին են եւ յաւելել, որ Թուրքիան քայլեր է ձեռնարկում, որպէսզի Հայաստանի ղեկավարութեան մօտ բարձրացնի իր վստահութիւնը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Գիւլ-Բաքու
Մեդւեդեւ-Երեւան
(ԱԼԻՔ)
Ռուսաստանի նախագահին այցելութիւնը Հայաստան հասկնալիօրէն պիտի խլէր լրատւական լուսարձակներ եւ շարժառիթ հանդիսանար, որ մեկնարկէին մեկնաբանական յօդւածներ։
Այցելութիւնը, սակայն, առաջին հանգրւանէն փոխանցեց յստակ պատգամներ։Այսպէս՝ պետական այցելութենէ մը ակնկալւած բարձրագոյն մակարդակի ընդունելութիւնները ներառած ժամանակացոյցը անպայման տեղ վերապահած պիտի ըլլար Ծիծեռնակաբերդ այցելութեան։ Սակայն, երբ Հայաստան ժամանող նախագահը օդանաւակայանէն ուղղակի կը մեկնի Ծիծեռնակաբերդ՝ ծաղկեպսակ տեղադրելու համար Հայոց Ցեղասպանութեան զոհերուն յիշատակին, այս արդէն վեր է ամէն տեսակի մեկնաբանութենէ եւ կը լուսաւորէ կատարւածին փոխանցած պատգամներուն ենթահողն ու ուղին։
Գիւմրիի մէջ վերականգնւած «Պատւոյ բլուր»-ը եւս այդ ընդհանուր պատգամներուն կը ներառւի. ի վերջոյ, կառոյցը նւիրւած է ռուս-թուրքական պատերազմի ընթացքին նահատակւած ռուս զինւորներու յիշատակին։ Սակայն, առաջին ակտը ուղղակի քաղաքական թիրախին հարւածելու ուժգնութիւն ունի։ Այնուհետեւ ռազմակայանի օգտագործումը 49 տարով երկարաձգելու համաձայնութիւնը, ռազմակայանը միասնաբար օգտագործելու նոր համաձայնագիրը եւ ռուս թիւ մէկ ղեկավարին կատարած յայտարարութիւնները՝ Հայաստանի պաշտպանւածութիւնը հաւաքական յանձնառութեամբ վերցնելու տեսակէտէն, կը թւին միակողմանիօրէն հայանպաստ տեսք եւ էութիւն հաղորդել՝ պետական այցելութեամբ մարմնաւորւած հայ-ռուս յարաբերութիւններու նոր հարթութեան եւ տարողութեան։Տեսքով՝ այո։
Խորքին մէջ, սակայն, ռուսական քաղաքականութիւնը հասկնալիօրէն միակողմանի բնոյթ չի կրնար կրել։ Պարզ է, որ այս բոլորին նախորդած էր Ռուսաստանի կողմէ համաձայնութիւնը՝ Ադրբեջանին վաճառելի-տրամադրելի C-300 հակաօդային համակարգին։ Տրամաբանութիւնը այս բոլորին այն է, որ պատերազմի վերսկսման պարագային՝ ռուս զինուժը կօգտագործւի միասնաբար հայկական ուժերուն հետ, մինչ Ադրբեջան կը դիմէ Ռուսաստանին տրամադրած հակաօդային իր զինանոցին։
Շրջանային առումով ուժերու միջեւ հաւասարակշռութեան խաղ ղեկավարելու եւ կախեալութեան երեւոյթն ընդգծելու ցուցանիշերը ցոյց կը տրւին այս ձեւով։ Պարզ է, սակայն, որ ռազմակայանի ժամկէտի երկարաձգումն ու զինուժի միացեալ օգտագործումը անհանգստացուցած են հակաօդային համակարգով օժտւելու երեւոյթը շահարկող Ադրբեջանը։ Անհանգստութիւն մը, որ եթէ պետական-պաշտօնական առումով Բաքւի կողմէ պաշտօնապէս չի բարձրաձայնւիր, այնուամենայնիւ, Բաքւի թելադրանքով շրջանառութեան մէջ կը մտնէ քաղաքական տարբեր գործիչներու կամ զանգւածային լրատւամիջոցներու կողմէ։
Հայաստանեան կողմն աշխարհի տրամագծօրէն հակոտնեայ գնահատականներ կը տրւին այս ուղղութեամբ։ Իշխանամէտ դաշտը քաղաքական յաջողութիւն կը նկատէ Երեւանի մէջ կատարւածը, մինչ ընդդիմադիր դաշտը ծայրայեղացւած շեշտադրումներով ձախողութեան եւ կախեալութեան նոր աստիճանաչափեր կուզէ տեսնել այցելութեան եւ այցելութեան ընթացքին կնքւած համաձայնութիւններուն մէջ։Նման գործընթացներու ծայրայեղ քաղաքականացումները, այն ալ իշխանութիւն-ընդդիմութիւն պարանաձգութեան ծառայող եւ զուտ ա՛յս հայեցակէտերէն դիտելով խնդիրները օգտակար չեն երբեք։ Բարդ իրավիճակ է՝ անշուշտ, եւ Հայաստանի Հանրապետութեան անվտանգութեան հետ սերտօրէն առնչւած են իրադարձութիւնները։
Ռուսաստանի նախագահին այցելութիւնը, կատարած յայտարարութիւններն ու կնքած համաձայնագիրները միանգամայն պէտք է ընկալել շրջանին մէջ ռուսական գործօնի ինքնապարտադրման պարունակին մէջ։ Երեւոյթը պէտք է ըմբռնել հայ-թուրք յարաբերութիւններու նոր սկիզբի (առանց ընդունած ըլլալու անոնց սառեցւած ըլլալը) հաւանականութեան բարձրացման եւ, անշուշտ, Թուրքիոյ նախագահին Բաքու կատարած այցելութեան շրջագիծին մէջ։

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ԱԶԴԱԿ» ՕՐԱԹԵՐԹԻ
(ԲԷՅՐՈՒԹ)

Ադրբեջանը դիվերսիոն յարձակման
հերթական փորձն է արել.
Հայկական կողմում կայ մէկ վիրաւոր
18:00 • 31.08.10
Այսօր լուսաբացին՝ մօտաւորապէս ժամը 6:30-ի սահմաններում, Ղարաբաղա-ադրբեջանական զօրքերի շփման գօտու հիւսիս-արևելեան ուղղութեամբ (Վերին Չայլու գիւղի շրջանում) տեղակայւած հայկական դիրքերից մէկի վրայ հակառակորդի կողմից ձեռնարկւել է դիվերսիոն գործողութեան փորձ:
Հայ դիրքապահները, ժամանակին հաւաստանշելով թշնամու յատուկ նշանակութեան ջոկատայինների առաջխաղացումը, առանց վարանելու դիմել են համապատասխան քայլերի և հակառակորդին պատճառելով կորուստներ՝ հետ շպրտել իր ելման դիրքերը։ Ծաւալւած մերձամարտի ընթացքում հրազէնային վնասւածք է ստացել նաև Պաշտպանութեան Բանակի շարքային զինծառայող, 1991թ. ծնւած Ռուդիկ Թովմասի Մանասերեանը:
Միջադէպի վերաբերեալ տարւում է հետաքննութիւն: Մանրամասները ճշտւում են: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ Պաշտպանութեան բանակի լրատւութեան և քարոզչութեան բաժինը։

Tert.am

Ադրբեջանցի քարոզիչները ճգնում են
փրկել սեփական բանակի պատիւը
«Ինքնակամ կերպով Ղարաբաղեան բանակին յանձնւած ադրբեջանցի ցանկացած զինւոր, իրեն աւելի պաշտպանւած կզգայ, քան այն զօրամասում, որտեղ նա ծառայում էր»

Օգոստոս 31, 2010թ. 11:45
ԼՂՀ Պաշտպանութեան Բանակի լրատւութեան և քարոզչութեան բաժինը հաղորդագրութիւն է տարածել, որում մասնաւորապէս նշւում է.
Ս. թ. օգոստոսի 27-ին Ղարաբաղա-ադրբեջանական զօրքերի շփման գօտու հիւսիսային ուղղութեամբ տեղակայւած հայկական դիրքապահներին ադրբեջանական բանակի 191-րդ լեռնահրաձգային բրիգադի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռոման Նովրուզ օղլի Հուսեյնովի կամաւոր յանձնւելու փաստին, Բաքւի զանգւածային լրատւամիջոցներն արձագանքեցին մի շարք իրարամերժ մեկնաբանութիւններով: Իսկ որոշ այսպէս կոչւած, «ռազմական փորձագէտներ», կատարւածը շտապեցին ներկայացնել ոչ թէ այնպէս, ինչպէս իրականում եղել է, այլև հէնց այսպէս. -»…Մեզ միանշանակ յայտնի է, որ Հուսեյնովը չի անցել հակառակորդի կողմը, այլ նրան գերի են վերցրել», – գրում է ադրբեջանցի «ռազմական փորձագէտ» Ուզեիր Ջաֆարովը: Դեռ աւելին, վերջինս, ամենայն հաւանականութեամբ, հիմք ընդունելով սեփական երկրում գերիների ու պատանդների հանդեպ դրսևորւող աւանդական «գործելաոճը», չի բացառում, նաև, որ «հայերը բռնութիւն գործադրելու միջոցով կստիպեն նրան (Հյուսեյնովին-խմբ.) հանդէս գալ հայկական հեռուստատեսութեամբ և խոստովանել, թէ իբր ինքը կամաւոր է յանձնւել հայկական ուժերին, ինչպէս նաև կպատմի ադրբեջանական բանակում տիրող «բարձիթողի վիճակի» մասին…»
Թէ այս ամենով հանդերձ ինչ նպատակ են հետապնդում տւեալ փորձագէտն ու նրա համախոհները, երևի թէ` ակնյայտ է` փրկել սեփական զինուժի հեղինակութիւնը… Սակայն մի պահ, եթէ անգամ տեսականօրէն ընդունենք, որ կատարւածը ոչ թէ կամաւոր անցում էր, այլ` գերավարում, ապա հարց է ծագում` դրանից որքանո՞վ է անխոցելի դառնում ադրբեջանական բանակի, առանց այդ էլ, բաւականին խոցելի հեղինակութիւնը: Շրջանառութեան մէջ դնելով գերավարման վարկածը, փաստօրէն Բաքւի քարոզչամեքենան հիմք է ստեղծում ոչ միայն կասկածի տակ առնելու սեփական բանակի մարտունակութեան մասին պարբերաբար հիւսւող դիֆերամբների իրողութիւնը, այլև ենթադրելու, որ ադրբեջանական բանակի առաջնագիծն անպաշտպան է: Հակառակ դէպքում ինչպէս էր հնարաւոր յաղթահարել, իրենց իսկ բնորոշմամբ` ադրբեջանական հզօր բանակի պաշտպանութիւնը և առանց որևէ կրակոցի ու կորստի գերավարել դիրքապահ ջոկի հրամանատար Ռոման Հյուսեյնովին…
Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թէ հայկական կողմը կրտսեր սերժանտ Հուսեյնովին կստիպի հեռուստատեսութեամբ վարկաբեկել սեփական բանակը, ապա, թերևս, ադրբեջանական քարոզիչներին հարկ է յիշեցնել, որ այդ մեթոդը բացառապէս եղել և մնում է Բաքւի մենաշնորհը:
Ինքնակամ կերպով Ղարաբաղեան բանակին յանձնւած ադրբեջանցի ցանկացած զինւոր, այդ թւում նաև` Ռոման Հյուսեյնովը, համոզւած եղէք, իրեն աւելի պաշտպանւած կզգայ, քան այն զօրամասում, որտեղ նա ծառայում էր, և կօգտւի բոլոր այն իրաւունքներից, որոնք ամրագրւած են միջազգային օրէնքներով, այդ թւում, ինչու չէ, նաև ազատ և հրապարակային արտայայտւելու հնարաւորութիւնից…
Վերջում մի յաւելում ևս:2010թ. Յունւարի 28-ին Ադրբեջանի ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի 191-րդ լեռնահրաձգային բրիգադի հրէտանային դիվիզիոնում տեղի ունեցած արիւնալի միջադէպի արդիւնքում` աւտոմատային կրակահերթից սպանւել է 6, վիրաւորւել` 2 զինծառայող: Կրակահերթն իրականացրել են շարքայիններ Էլխան Ազիզովը և Սադիգ Մամեդովը… Սա այն նոյն զօրամասն է, որտեղ ծառայում էր պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռոման Նովրուզ օղլի Հյուսեյնովը… Նա, ով նախընտրել է թողնել իրեն վստահւած դիրքը և ինքնակամ յանձնւել Պաշտպանութեան բանակին:
ArmAr.am

Ցուցահանդէս`
նւիրւած Երիտասարդրութեան օրւան
Այսօր ՄԱԿ-ի գրասենեակում բացւեց խաղաղութիւն, երկխօսութիւն և ընկերութիւն խթանող նկարների ցուցահանդէս, որը նւիրւած է Երիտասարդութեան միջազգային տարւան: Այս մասին հաղորդում են ՄԱԿ-ի հայաստանեան գրասենեակից:
Երկու հայ նկարիչներ` Արմէն Պրոյեանն ու Վահագն Աւետիսեանը, հանրութեանը ներկայացրեցին աւելի քան 30 աշխատանքներ ՄԱԿ-ի Հանրային տեղեկատւութեան վարչութեան հայաստանեան գրասենեակի կողմից կազմակերպւած «Երկխօսութիւն և փոխըմբռնում» խորագիրը կրող ցուցահանդէսի ժամանակ:
ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղար Բան Կի – Մուն, - «Երիտասարդների էներգիան մեծ արժէք ունի: Ինձ անդադար ոգեշնչում են երիտասարդների բարի կամքը, տաղանդն ու իդէալիզմը: Նրանք մեր աշխատանքին կարևոր ներդրում են ունենում»:
Մարիա Դոցենկոն, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատւութեան վարչութեան ներկայացուցիչը ասաց,- «Արւեստը կարևոր գործիք է, որը մօտեցնում է մարդկանց և օգնում աւելի լաւ հասկանալ միմեանց: Այս պայծառ աշխատանքներն առանց բառերի խօսում են խաղաղութեան, սիրոյ, երկխօսութեան և երջանկութեան մասին: ՄԱԿ-ի գրասենեակի համար արդէն աւանդոյթ է դարձել բացել դռները արւեստի ցուցադրութեան համար: Այս հնարաւորութիւնը ոչ միայն խրախուսում, այլ հզօրացնում է նկարիչներին: Այս կերպ նաև հայ հասարակութիւնն աւելի շատ կիմանայ ՄԱԿ-ի արժէքների մասին»:
Ցուցահանդէսը հանրութեան համար բաց կլինի երկու շաբաթ, մինչև 2010թ. Սեպտեմբերի 10:
ԱՅՍՕՐ, 16:27
Aysor.am

ՀՅԴ.–
Հայաստանն ու Արցախը պէտք է ռազմաքաղաքական
դաշինք կնքեն
«Արցախի ճանաչման հարցում առաջամարտիկը պէտք է լինի Հայաստանի
խորհրդարանը»

14:49 • 31.08.10
Ի պատասխան օրէցօր սերտացող թուրք-ադրբեջանական տանդեմին` Հայաստանն ու Արցախը պէտք է ստեղծեն Ղարաբաղա–Հայկական տանդեմ, ինչը պէտք է դրսևորւի ռազմաքաղաքական դաշինքի կնքմամբ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի առաջարկ արեց ՀՅԴ Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ, պատգամաւոր Արմէն Ռուստամեանը` խօսելով ՄԱԿ-ում սեպտեմբերի 9-ին քննարկւելիք Լեռնային Ղարաբաղի հետ կապւած՝ Ադրբեջանի ներկայացրած հերթական բանաձևի մասին։
Դաշնակցական պատգամաւորը տեղեկացրեց, որ իրենք իրենց Հայ Դատի բոլոր գրասենեակներին տեղեկացրել են, որ լոբբիստական աշխատանքներ իրականացնեն` ՄԱԿ-ի անդամ երկրների ներկայացուցիչներին ներկայացնելու ԼՂ խնդրի հետ կապւած իրականութիւնն ու յօրդորեն կողմ չքւէարկել ադրբեջանական բանաձևին։ Միաժամանակ, Արմէն Ռուստամեանը նշեց, որ ինքը կողմ է, որ ԼՂ խնդրի կարգաւորմանն ուղղւած բանակցային գործընթացին զուգահեռ լինի նաև երկրորդ գործընթաց. Հայաստանը պէտք է սկսի Արցախի միջազգային ճանաչման գործընթաց։ Ռուստամեանը համոզւած է, որ Արցախի միջազգային ճանաչման գործընթացը ոչնչով չի խանգարում կամ հակասում Մինսկեան գործընթացին։ Աւելին, պատգամաւորը վստահ է, որ Արցախի ճանաչման հարցում առաջամարտիկը պէտք է լինի Հայաստանի խորհրդարանը։
Թուրք-ադրբեջանական տանդեմին ի պատասխան Հայաստանի և Արցախի միջև կնքւելիք ռազմաքաղաքական դաշինքը, Արմէն Ռուստամեանի խօսքով, շատ կարևոր քայլ է։ «Պէտք է կնքել ռազմաքաղաքական դաշինք, որում պէտք է պարզ ասւի, որ Հայաստանը Արցախի անվտանգութեան և անկախութեան երաշխաւորն է«,- մասնաւորապէս, պարզաբանեց ՀՅԴ-ական գործիչը։
Հարցին, թե «ՀՅԴ-ն այս ուղղութեամբ Հայաստանի իշխանութիւնների կողմից քայլեր նկատո՞ւմ է», Ռուստամեանը պատասխանեց. «Մի քիչ ինչ-որ վախւորած քայլեր եմ տեսնում»։ Պատգամաւորի տպաւորութեամբ՝ Արցախի անկախութեան ճանաչման մասին ՀՀ իշխանութիւնների կողմից հնչող վախւորած յայտարարութիւնները ներքին սպառման համար են, մինչդեռ «մեզ քայլեր են հարկաւոր դրսի համար»։
Tert.am

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանութեան Նախարարութիւն.–
Ադրբեջանցի զինւորն աւելի պաշտպանւած է
Ղարաբաղում, քան Ադրբեջանում

Օգոստոս 31, 2010 12:44
Լեռնային Ղարաբաղի պաշտպանութեան նախարարութիւնն անդրադարձել է ադրբեջանցի զինւորի ինքնակամ յանձնւելու փաստին ադրբեջանական լրատւամիջոցների եւ փորձագէտների արձագանքին եւ նշել. «Օգոստոսի 27-ին Ղարաբաղա-ադրբեջանական զօրքերի շփման գօտու հիւսիսային ուղղութեամբ տեղակայւած հայկական դիրքապահներին, ադրբեջանական բանակի 191-րդ լեռնահրաձգային բրիգադի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռոման Նովրուզ օղլի Հուսեյնովի կամաւոր յանձնւելու փաստին, Բաքւի լրատւամիջոցներն արձագանքեցին մի շարք իրարամերժ մեկնաբանութիւններով»:
«Իսկ որոշ այսպէս կոչւած, «ռազմական փորձագէտներ», կատարւածը շտապեցին ներկայացնել ոչ այնպէս, ինչպէս իրականում եղել է:
«Մեզ միանշանակ յայտնի է, որ Հուսեյնովը չի անցել հակառակորդի կողմը, այլ նրան գերի են վերցրել», - գրել է ադրբեջանցի «ռազմական փորձագէտ» Ուզեիր Ջաֆարովը: Դեռ աւելին, վերջինս, ամենայն հաւանականութեամբ, հիմք ընդունելով սեփական երկրում գերիների ու պատանդների հանդէպ դրսեւորւող աւանդական «գործելաոճը», չի բացառում, նաեւ, որ «հայերը բռնութիւն գործադրելու միջոցով կստիպեն նրան հանդէս գալ հայկական հեռուստատեսութեամբ եւ խոստովանել, թէ իբր, ինքը կամաւոր է յանձնւել հայկական ուժերին, ինչպէս նաեւ կպատմի ադրբեջանական բանակում տիրող «բարձիթողի վիճակի» մասին...»,- նշում է ԼՂՀ ՊՆ-ն:
Ըստ ԼՂՀ պաշտպանական գերատեսչութեան՝ «շրջանառութեան մէջ դնելով գերեվարման վարկածը, փաստօրէն Բաքւի քարոզչամեքենան հիմք է ստեղծում ոչ միայն կասկածի տակ առնելու սեփական բանակի մարտունակութեան մասին պարբերաբար հիւսւող դիֆերամբների իրողութիւնը, այլեւ ենթադրելու, որ ադրբեջանական բանակի առաջնագիծն անպաշտպան է: Հակառակ դէպքում, ինչպէ՞ս էր հնարաւոր յաղթահարել, իրենց իսկ բնորոշմամբ` ադրբեջանական հզօր բանակի պաշտպանութիւնը եւ առանց որեւէ կրակոցի ու կորստի գերեվարել դիրքապահ ջոկի հրամանատար Ռոման Հյուսեյնովին...
Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թէ հայկական կողմը կրտսեր սերժանտ Հուսեյնովին կստիպի հեռուստատեսութեամբ վարկաբեկել սեփական բանակը, ապա, թերեւս, ադրբեջանական քարոզիչներին հարկ է յիշեցնել, որ այդ մեթոդը բացառապէս եղել եւ մնում է Բաքւի մենաշնորհը:
Ինքնակամ կերպով Ղարաբաղեան բանակին յանձնւած ադրբեջանցի ցանկացած զինւոր, այդ թւում նաեւ` Ռոման Հյուսեյնովը, համոզւած եղեք, իրեն աւելի պաշտպանւած կզգայ, քան այն զօրամասում, որտեղ նա ծառայում էր, եւ կօգտւի բոլոր այն իրաւունքներից, որոնք ամրագրւած են միջազգային օրէնքներով, այդ թւում, ինչու չէ, նաեւ ազատ եւ հրապարակային արտայայտւելու հնարաւորութիւնից...»:
ԼՂՀ ՊՆ տարածած հաղորդագրութեան մէջ նշւած է նաեւ, որ 2010 թ. Յունւարի 28-ին Ադրբեջանի պատերազմական ուժերը 3-րդ բանակային կորպուսի 191-րդ լեռնահրաձգային բրիգադի հրէտանային դիվիզիոնում տեղի ունեցած արիւնալի միջադէպի արդիւնքում` աւտոմատային կրակահերթից սպանւել է 6, վիրաւորւել` 2 զինծառայող: Կրակահերթն իրականացրել են շարքայիններ Էլխան Ազիզովը եւ Սադիգ Մամեդովը: «Սա այն նոյն զօրամասն է, որտեղ ծառայում էր պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռոման Նովրուզ օղլի Հյուսեյնովը, նա, ով նախընտրել է թողնել իրեն վստահւած դիրքը եւ ինքնակամ յանձնւել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանութեան բանակին»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Թուրքերն Աւստրալիայում պղծել են ասորիների
ցեղասպանութեան յուշարձանը
13:22 • 31.08.10
Սիդնէյ քաղաքում առայժմ անյայտ անձի կամ անձանց կողմից յարձակում է իրականացւել վերջերս տեղադրւած ասորիների ցեղասպանութեան զոհերի յիշատակը յաւերժացնող յուշարձանի դէմ: Սակայն դատելով յուշարձանի վրայի գրութիւնից և պատկերից՝ դժւար չէ եզրակացնել, որ դա թուրքերի ձեռագիրն է:
Թուրքական Radikal օրաթերթի փոխանցմամբ` յուշակոթողի վրայ նկարել են Թուրքիայի դրօշը և թողել «ասորի շներ» գրութիւնը: Յիշեցնենք, որ ասորիների ցեղասպանութեան զոհերի յիշատակը յաւերժացնող յուշարձանը Սիդնէյի Bonnyrigg Park-ում տեղադրւել էր ընթացիկ տարւայ օգոստոսի 7-ին: Բացման արարողութեանը մասնակցել էր մօտ 2000 մարդ, այդ թւում՝ աւստրալացի բարձրաստիճան դիւանագէտներ:
2009թ. Սիդնէյի Ֆայրֆիլդի համայնքային խորհուրդը ճանաչեց Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանեան կայսրութիւնում ասորի ժողովրդի դէմ իրականացւած ցեղասպանութիւնը և որոշում կայացրեց քաղաքում տեղադրել ասորիների ցեղասպանութեան զոհերի յիշատակը յաւերժացնող յուշակոթող:
Այդ որոշումից յետոյ ինչպէս պաշտօնական Անկարան, այնպէս էլ աւստրալաբնակ թուրքերը ջանքեր էին գործադրում յուշարձանի տեղադրումը ձախողելու համար:
Tert.am

ՄԻ ԴԱՒԱՃԱՆԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Լեւոն Փանոս Դաբաղեանի ծառայութիւններից հաճոյքով օգտւում էին ոչ
միայն թրքական կուսակցական, այլ նաեւ պետական մարմինները


Սոյն թւականի հունիսի 22-ին հայաստանեան «Շանթ» հեռուստաընկերութեան` «Հորիզոն» ծրագրի գլխաւոր թողարկման կողմից ներկայացւել է տեսանիւթ Թուրքիայի քաղաքացի, հայկական արմատներ ունեցող, պատմաբան-լրագրող Լեւոն Փանոս Դաբաղեանի մասին, որի վերաբերեալ լրագրող վերլուծաբան Արտեոմ Երկեյնանի կողմից նաեւ յօդւած է հրապարակւել հայաստանյան «Նովոյէ վրեմիայ» ռուսալեզու թերթի ս.թ. հունիսի 29-ի համարում` «Մի դաւաճանի պատմութիւն» խարագրով: Կից ներկայացւում է վերը նշւած յօդւածի հայերէն թարգմանութիւնը։
Հռոմի պապից աւելի կաթոլիկ, Էրդողանից աւելի Թուրք՝ Ստամբուլի բնակիչ Լեւոն Փանոս Դաբաղեանը պատրաստւում է առաջադրել իր թեկնածութիւնը Թուրքիայում նախատեսւած առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններում: Վերջերս Հայոց Ցեղասպանութեան ճանաչման միջազգային արշաւին հակազդելուն նւիրւած խորհրդաժողովում նա յայտարարել է, որ ջանքերը կը լինեն արդիւնաւէտ, եթէ միայն թուրքական քարոզչութիւնը ազգութեամբ հայերին ներգրաւի համագործակցութեան: Առաջարկելով իր ծառայութիւնները` նա հասկացնել է տւել, որ իրեն արժանի է համարում պատգամաւորական մանդատին:
Լեւոն Փանոս Դաբաղեանն արդէն մի քանի տարի է, որ աշխատում է թուրքական քարոզչութեան համար` ձգտելով ապացուցել, որ Ցեղասպանութիւն չի եղել: Մասնագիտութեամբ նա պատմաբան է, մասնագիտանում է օսմանեան պետականութեան զարգացման գործում հայերի դերի ուսումնասիրութեան մէջ:
2003 թւականին հրատարակել է «Թուրքիայի հայերի պատմութիւնը» խորագրով գիրքը: Ինչպէս այս, այնպէս էլ միւս բոլոր իր գիտական աշխատութիւններում նա հաստատում է, որ եթէ 1915 թւականին իսկապէս կոտորած լինէր, ապա դա կլինէր թուրքերի կոտորած` իրականացւած հայերի կողմից: Թուրքերը հայերի առաջ ոչ մի խնդրում մեղաւոր չեն: «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիան, ռազմական ժամանակաշրջանի պայմաններից ելնելով, ստիպւած էր տեղահանել իր տարածքում բնակւող հայերի մի մասին: Սակայն վերջինս երբեք չի իրականացրել հայերի նկատմամբ ցեղասպանութեան քաղաքականութիւն»,- գրում է Դաբաղեանը:
Նա հաստատում է, որ տեղի ունեցածի համար մեղաւոր են հենց իրենք հայերը, քանի որ թոյլ տւեցին ներքաշել իրենց ռուսների կողմից կազմակերպւած սադրանքի մէջ` հանդէս գալով նրանց դիրքերից: «Ռուսաստանը եւ Արեւմտեան աշխարհը որոշեցին օգտագործել հայերին եւ կոտրել Թուրքիայի հզօրութիւնը: Ռազմական բախումների մեծամասնութիւնը հրահրւել է հենց հայերի կողմից, որոնք Թուրքիա են տեղափոխւել Ռուսաստանից»,-հաստատում է հայկական ազգանունով թուրքական քարոզիչը: Պետական քարոզչական մեքենան յաջողութեամբ օգտագործում է կեղծ գիտնականի ակտիւութիւնը` ենթադրելով, որ հայի շուրթերով ամբողջ այս անհեթեթութիւնն աւելի համոզիչ կերեւայ:
Լեւոն Փանոս Դաբաղեանին ընդհանրապէս գործի են գցում հերթական արեւմտեան երկրի խորհրդարանում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցի քննարկման նախօրեակին: Ամէնից շատ նա աշխատեց Ֆրանսիայի սենատի կողմից Ցեղասպանութեան մասին օրէնքի ընդունումից յետոյ. Դաբաղեանը բոլոր հնարաւոր ամբիոններից աղաղակում էր, որ հայերը չեն ների Ֆրանսիային այն բանի համար, որ վերջինս յանձն է առել կռւեցնել նրանց թուրքերի հետ: Այնուհետեւ հենց այս բանի մէջ մեղադրում էր կանադացիներին, բելգիացիներին, յոյներին, հոլանդացիներին, սլովակներին, շվեյցարացիներին, լեհերին, լիտւացիներին, արգենտինացիներին, աւստրալիացիներին, շւէդներին, ամերիկացիներին ... Վերջին շրջանում նա նորից ակտիւացել է:
Վերջերս թուրքական Եալովա քաղաքում Դաբաղեանը ելոյթ ունեցաւ «Հայկական հարց-պատմական իրողութիւններ» խորագրով խորհրդաժողովի: Քանի որ շուրջ բոլորը իւրայիններ էին, այսինքն` թուրքեր, նա առաւելագոյն անկեղծ էր` ենթադրելով, որ բանավէճի մասին տեղեկատւութիւնը դուրս չի գայ խորհրդաժողովի դահլիճից: Սակայն այնտեղ ներկայ գտնւող «Հիւրիէթ» թերթի լրագրողը, թոյլ է տւել իր յօդւածում մէջբերել մի հատւած «եան»-ով վերջացող ազգանունով կեղծ գիտնականի ելոյթից:
Դաբաղեանի խօսքերը միանգամայն ակնյայտ բնութագրում են այս մարդ‎ու բարոյական կերպարը: «Եթէ նոյնիսկ հայերի հաստատումները Ցեղասպանութեան մասին ճշմարիտ են, այս հարցը ոչ մէկին չպէտք է անհանգստացնի: Ես չեմ հասկանում, թէ ինչ կապ ունի այստեղ Հայաստանը: Ես 77 տարեկան եմ: 50 տարի ծառայել եմ Թուրքիային: Մեզ դիտաւորեալ ուզում են բաժանել: Թուրքերը եւ հայերը մշտապէս ապրել են բարեկամութեամբ»,- յայտարարել է նա: Ուշադրութիւն դարձրէք` համախոհների շրջանակում Դաբաղեանը իրեն թոյլ է տալիս ընդունել, որ Ցեղասպանութիւնն իրականում եղել է: Սակայն իր առաջադրանքը դրանից նա չի փոխում. իր առաքելութիւնն է` ապացուցել աշխարհին, որ հայերը լպիրշօրէն խաբում են: Իր ոչ գիտական մտքերը հաստատելու համար Լեւոն Փանոս Դաբաղեանը յօրինել է հետաքրքրաշարժ մի առասպել:
Նա որոշել է բաժանել մեր ժողովրդին երկու մասի` բուն հայերի եւ «հերետիկոս հայերի» /վերջիններիս նա կրօնական վարւելաձեւերում անւանում է ռա‎ֆիզիտներ/: Երկրորդ խմբին Դաբաղեանը անւանում է «ոչ մաքրարիւն» հայեր, որոնք ունեն հրէական ծագում, ինչպէս նաեւ կաթոլիկ հաւատքի հետեւորդներ:
Դրանց շարքում որպէս օրինակ նա բերում է Բագրատունիներին, որոնք Մովսէս Խորենացու առաջ քաշած տեսութեամբ, սերում են Յուդայական թագաւոր Դաւիդից եւ նրա որդի Սողոմոնից: Իր «Չարի խարդաւանքներ Օսմանեան կայսրութիւնում» խորագրով գրքում Դաբաղեանը հաստատում է, որ Զէյթունի 1862թ. հայկական առաջին ապստամբութիւնը կազմակերպւել է ոչ թէ «մաքուր» հայերի կողմից, այլ Բագրատունիների հետնորդների կողմից, որոնց հրահրում էին ապստամբութեան ֆրանսիացիների կողմից ուղարկւած Հայ կաթոլիկները:
Իսկ ապստամբութեան պարտութիւնը նա բացատրում է այն հանգամանքով, որ «մաքրարիւն» Հայ Գրիգորյանականները «չէին աջակցում ապստամբներին` պահպանելով հաւատարմութիւնը Օսմանեան կայսրութեան նկատմամբ»: Այսինքն` համաձայն հեղինակի` կան երկու տեսակի հայեր` «ոչ ճշմարիտներ», որոնց շարքին հաւանաբար պէտք է դասել Անդրանիկին, Գէորգ Չաուշին, Աղբիւր Սերոբին եւ «ճշմարիտներ», որոնց շարքին, պէտք է գիտակցել, որ դասւում է Լեւոն Փանոս Դաբաղեանը: Դէ ինչ, ես անձամբ կարծում եմ, թէ կարող եմ հպարտանալ, որ Դաբաղեանն ինձ դասում է «ոչ ճշմարիտ» հայերի շարքին, քանի որ լինել նրա հետ մի խմբում ինձ համար կլինէր ուղղակի նւաստացուցիչ:
Իսկ ո՞րն է իրականում հայկական ազգանունով եւ թուրքական հոգով այս տարօրինակ մարդու շարժիչ ուժը: Նրա գործողութիւնների շարժառիթներն այնքան էլ դժւար չէ հասկանալ, եթէ ծանօթանանք վերջինիս կենսագրութեանը: Ինձ յաջողւել է պարզել, որ դեռեւս 1960-ական թթ. կէսերին Լեւոն Փանոս Դաբաղեանը մտել է ազգայնական շարժման արմատական կուսակցութեան շարքերը: Աւելին, նա գտնւում էր դրա ռազմականացւած թեւում` «Գորշ գայլեր» խմբաւորման մէջ, որը հռչակ է ձեռք բերել բազմաթիւ արիւնօտ ահաբեկչական գործողութիւններով` զրկելով Թուրքիայում, եւրոպայում եւ Ամերիկայում հազարաւոր մարդկանց կեանքը: «Գորշ գայլերի» գործողությունների թւում է նաեւ Հռոմի Պապ Յովհաննէս Պօղոս երկրորդի դէմ մահափորձը: Լեւոն Փանոսը ծանօթ է եղել Մեհմետ Ալի Աղջայի հետ, որը ազատազրկւած է եղել 19 տարի` Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի դէմ մահափորձի համար: Լինելով «Գորշ գայլեր»-ի ակտիւիստ, Դաբաղեանը սկսել է տպագրել ազգայնական մամուլում իր կեղտոտ հակահայկական ակնարկները, որոնցում հերքւում էր Հայոց Ցեղասպանութեան փաստը: Նրա նախաձեռնողականութիւնը բարձր է գնահատել հէնց խմբաւորման ղեկավար Ալփասլան Թուրքեշը:
Լեւոն Փանոս Դաբաղեանի ծառայութիւններից հաճոյքով օգտւում էին ոչ միայն կուսակցական, այլ նաեւ պետական մարմինները: Երկու տարի առաջ Թուրքիայի կրթութեան նախարարութեան մի շարք շրջանային կառոյցներ, մասնաւորապէս` Ադանայի շրջանի լուսաւորութեան վարչութիւնը, յանձնարարեցին հանրակրթական դպրոցների աշակերտներին արտադասարանային ընթերցման համար Դաբաղեանի կեղծ գիտական աշխատութիւնները` Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի քայքայիչ գործունեութեան մասին: Յայտնի է, որ այսպէս կոչւած «պատմաբանի» գրած շատ գրքեր հրատարակւել են պետական միջոցներով: Որպէս օրինակ` «Աբդուլ Համիդի կառավարման օսմանեան շրջանը» գրքի հրատարակումը կատարւել է պատմաբանների պետական ընկերակցութեան միջոցներով, որը համարւում է Հայերի Ցեղասպանութեան մերժման թուրքական քաղաքականութեան գլխաւոր գաղափարական կենտրոնը:
Նոյն այդ կառոյցից Դաբաղեանը, հաւանաբար, ստացել է հոնորարն իր աշխատութեան համար, գումար, որը տեղին է համեմատել Աստւածաշնչեան երեսուն արծաթների հետ: Այդ ամենով հանդերձ, Դաբաղեանը հիմք ունի կարծելու, որ թուրքական հայրենիքում նրան գնահատում են առաւել պակաս, քան նա դրան արժանի է: Նոյնիսկ անձնազոհ գործունէութեան համար պատգամաւորի մանդատ չեն նւիրել:
Մէկ անգամ նա արդէն փորձել է իր թեկնածութիւնը դնել մեջլիսի համար ազգայնական շարժում կուսակցութիւնից, սակայն քւէարկողները նրան քւէ չտւեցին: Հաւանաբար, սա հէնց այն դէպքն է, երբ դաւաճաններից խորշում են նոյնիսկ նրանք, ում համար վերջիններս աշխատում են: Բայց Լեւոն Փանոս Դաբաղեանն իր 77 տարեկան հասակում չի կորցնում յոյսն առ այն, որ մի գեղեցիկ օր կը յայտնւի խորհրդարանում:
Իսկ մինչ այդ մնում է վաճառել իրեն հնարաւորինս թանկ: Մայիս ամսւայ վերջին քեմալականների միութեան եւ «Ազգայնական օջախ» կազմակերպութեան կողմից կազմակերպած խորհրդաժողովին Դաբաղեանը հանդէս եկաւ հետաքրքիր նախաձեռնութեամբ. նա կոչ արեց թուրք ղեկավարներին իշխանութեան մէջ ընդգրկել թուրքական հայրենիքին նւիրեալ հայերին, որպէսզի նրանք կարողանան բարձր ամբիոններից խօսել Ցեղասպանութեան ընդունման անթոյլատրելիութեան մասին: Նա ակնարկեց նաեւ, որ այդ դերում շատ լաւ պատկերացնում է հէնց իրեն:
Ինչեւէ, գուցէ իրօք հեռու չէ այն օրը, երբ Եւրախորհրդի Խորհրդարանական ասամբլեայի ամբիոնից թուրքական պատւիրակութեան անունից ելոյթ կունենայ հայ, որը կպատմի աշխարհին այն մասին, որ տարածաշրջանի բոլոր դժբախտութիւնների մեղաւորն իր հայրենակից հայերն են: Փորձեք գուշակել, թէ ինչ է այդ մարդու ազգանունը...
Արտեոմ Երկանեան

Ամերիկեան աստղը երազում է
նորմալ Հայ տղայի մասին
Օգոստոս 30, 2010 18:37
Ամերիկեան հայազգի աստղ Քիմ Քարդաշեանը խոստովանել է, որ ցանկանում է հանդիպել նորմալ Հայ տղայի հետ:
Ամերիկեան Emmy հեռուստատեսային մրցանակի յանձնման կարմիր ուղեգորգի վրայ հեռուստաաստղը խոստովանել է, որ ժամադրութիւնների գնում է, գրում է People կայքը:
«Ես չեմ սիրում կուրօրէն ժամադրութեան գնալ: Մայրս փորձում է ինձ կապել Հոլիվուդի յայտնի դէմքերից մէկի հետ, բայց ես ասում եմ, հանգիստ թողէք ինձ, ես նորմալ Հայ տղայ եմ ցանկանում: Նրանք ինձ շատ են դուր գալիս»,- ասել է նա:
Նշենք, որ շատ պարբերականներին տւած հարցազրոյցներում Քիմ Քարդաշեանը նշել է, որ իր հայկական ծագումը ուժեղ ազդել է իր դաստիարակութեան վրայ: Ես միշտ լսել եմ Հայաստանի մասին, կերել հայկական ուտեստներ եւ նշել հայկական տօները»,- ասել էր նա ShowbizSpy-ին տւած հարցազրոյցում:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Որպէսզի տերևը չքաղեն ու ցեխի հետ տանեն լցնեն
վերամշակող կազմակերպութիւնների մօտ.
նախարարի խորհուրդը խաղողագործներին
18:00 • 30.08.10
Այս տարի հանրապետութիւնում մօտ 215 հազար տոննայ խաղողի բերք կը հավաքւի՝ նախորդ տարւայ 185 հազարի փոխարէն։ Ինչպէս այսօրւայ ասուլիսին տեղեկացրեց ՀՀ գիւղատնտեսութեան նախարար Գերասիմ Ալավերդեանը, այս տարւայ մթերումների գործընթացը պատշաճ կազմակերպելու նպատակով գիւղնախարարութեան ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել խաղող մթերող բոլոր կազմակերպութիւնների հետ։
«Բոլորի հետ նախնական պայմանաւորւածություն կայ մթերման մինիմալ գինը 120 դրամ սահմանելու մասին։ Երևանի կոնեակի գործարանի մթերման գինը կլինի 130 դրամ։ Հաւատացնում եմ, որ խաղողի մթերման հետ կապւած խնդիրներ չեն լինելու»,- նշեց նախարարը։
Նա գիւղացիներին խորհուրդ տւեց բարեխիղճ լինել՝ մթերման նախորդ օրերին չջրել այգիները, թողնել, որպէսզի խաղողի շաքարայնութիւնը հասնի 18 և աւելի բարձր տոկոսի։ «Ուզում եմ տեղեկացնել, որ մթերման ժամանակ տերևը չքաղեն ու ցեխի հետ տանեն լցնեն վերամշակող կազմակերպութիւնների մօտ»,- յօրդորեց նախարարը։
Ալավերդեանը նաև հաւաստեց, որ գիւղացիներին նախորդ տարիներից պարտք մնացած ձեռնարկութիւնները աստիճանաբար մարել են պարտքերը. «Նրանք էդ մարդկանց հետ ունէին պայմանաւորւածութիւն, որ խաղողի մթերման դիմաց վճարումը կկատարեն յաջորդ տարւայ օգոստոսին»։

Tert.am

Թուրքիան խոստովանել է Ղարաբաղեան պատերազմին
իր զինւորականների մասնակցութեան փաստը
Օգոստոս 30, 2010 13:42
Թուրքիայի զինւած ուժերի ներկայացուցիչները եւ մի խումբ ձեռնարկատէրեր օգոստոսի 30-ին նշւող Թուրքիայի յաղթանակի օրւայ կապակցութեամբ այցելել են Բաքւում թուրք զինւորներին նւիրւած յուշահամալիր։
Ինչպէս յայտնում է ադրբեջանական АPА գործակալութիւնը, գեներալ-մայոր Օզհան Այաչը պսակ է դրել «Ադրբեջանի անկախութեան համար կեանքը զոհած» թուրք զինւորների յուշարձանին։
«Ադրբեջանի ազատութեան համար պայքարած շատ թուրք զինւորներ ադրբեջանցի հերոսների հետ միասին հանգչում են «Շահիդների ծառուղում»,- յայտարարել է թուրք գեներալը։
Յիշեցնենք, որ Բաքւի այսպէս կոչւած «Շահիդների ծառուղում» թաղւած են Ադրբեջանի մայրաքաղաքում 1990 թւականին խաղաղ Հայ բնակչութեան ջարդերի կազմակերպիչները եւ մասնակիցները, ինչպէս նաեւ Ղարաբաղի ժողովրդի դէմ պատժիչ գործողութիւնների մասնակից զինւորականներ։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Սերժ Սարգսեան.-
Մենք պէտք է օգտւենք Ադրբեջանի
թոյլ տւած կոպիտ սխալից

11:50 • 30.08.10
Սերժ Սարգսեանը, ով այս օրերին Արցախում է, այցելել է Ստեփանակերտի թիւ 11 դպրոց։ Դպրոցի ուսուցիչներից մէկի հարցին թէ «Այսօր Արցախի Հանրապետութիւնը զարգանում և բարգաւաճում է, մենք մեր ձեռքերով կառուցում ենք մեր Հանրապետութիւնը: Բայց Ադրբեջանն այսօր ՄԱԿ-ում և միջազգային այլ կազմակերպութիւններում, առիթը բաց չթողնելով, փորձում է նորանոր բանաձևեր առաջ քաշել` դրանով իսկ փակելով միջազգային հանրութեան աչքերը: Մինչև ե՞րբ է Ադրբեջանը շարունակելու քաղաքական տւեալ կուրսը և չեն հասկանո՞ւմ, վերջապէս, որ սա այլ Հանրապետութիւն է, և նրանց հետ ոչ մի կապ չունի», Սերժ Սարգսեանը պատասխանել է.
«Լաւ կլինի, որ այս հարցը Ալիևին տաք, որովհետև ես չեմ կարող Ադրբեջանի քաղաքականութեան համար պատասխանատու լինել: Ես առաւելագոյնը կարող եմ պատասխանատու լինել Հայաստանի և, ինչ-որ չափով, մեր ժողովրդի տարբեր հատւածների կողմից իրականացւող քաղաքականութեան համար: Միւս կողմից, ես զարմանում եմ, որ Դուք զարմանում էք Ադրբեջանի գործողութիւնների, քայլերի առիթով և մի քիչ էլ զարմանում եմ, որ անհանգստանում էք: Միգուցէ, պէտք է անհանգստանալ, բայց այդ անհանգստութիւնը որևէ ազդեցութիւն չպէտք է ունենայ ձեր գործունէութեան վրայ: Ձեր խնդիրը երեխայ կրթելը, դաստիարակելն է, նրանց մէջ հայրենասիրական որակների ամրապնդումը, բարձր գիտելիքների նկատմամբ մեծ ցանկութիւն դաստիարակելն է և ոչ միայն դպրոցում, այլ որպէսզի նրանք, ընդհանրապէս, կեանքում միշտ ձգտեն իրենց գիտելիքն աւելացնել: Պատասխանատուները, ովքեր զբաղւում են այդ խնդրով` զբաղւում են քաղաքականութեամբ, կարծում եմ, լուծումներ կգտնեն:
Իսկ հիմա աւելի կոնկրետ`այո, հաւաստի տեղեկութիւններ կան, որ ադրբեջանցիները ՄԱԿ-ի գլխաւոր նստաշրջանի քննարկմանն են ներկայացնելու մի բանաձև (ամենայն հաւանականութեամբ, սեպտեմբերի 9-ին), որի ընդունւելը կամ չընդունւելը չի կարող էական ազդեցութիւն ունենալ Արցախի և Հայաստանի ո′չ քաղաքական, ո′չ տնտեսական կեանքում, ո′չ էլ անվտանգութեան բնագաւառում: Այդ բանաձևին, հաւանաբար, կողմ կը քւէարկեն մի քանի տասնեակ երկրներ: Թերևս այն երկրները, որոնք մշտապէս համերաշխութիւն են ցուցաբերում Ադրբեջանի հետ. առաջին հերթին դրանք Իսլամական կոնֆերանսի կազմակերպութեան երկրներն են: Բայց վստահ եմ, որ բոլոր այն երկրները, որոնք ցանկանում են, որպէսզի այդ հարցը լուծւի խաղաղ ճանապարհով և բանակցութիւնների միջոցով, դէմ են քւէարկելու այս բանաձևին: Առնւազն, գոնէ ձեռնպահ են մնալու, որովհետև նրանք շատ լաւ գիտակցում են, որ այդպիսի բանաձևերի ընդունումը չի կարող որևէ դրական ազդեցութիւն ունենալ բանակցային գործընթացի վրայ:
Սա` մի հանգամանք, և երկրորդ հանգամանքը, կարծում եմ, որ շատ շատերի համար պարզ է, որ Ադրբեջանը հերթական անգամ կոպիտ սխալ է թոյլ տալիս, և այդ կոպիտ սխալը մենք պէտք է օգտագործեք մեր նպատակներին հասնելու համար: Ակնյայտ է, որ մեր կողմից ևս քայլեր կլինեն, և այդ քայլերը մեզ կմօտեցնեն մեր նպատակին:
Բայց, նորից եմ խնդրում, որ ինձ հարցնէք մեր գործունէութեան մասին, իսկ մեր գործունէութիւնը մշտապէս պէտք է ուղղւած լինի նրան, որ ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև մնացած երկրները համոզւած լինեն, որ հետդարձի ճանապարհ չկայ, որ որևէ կերպ բացառւում է Ղարաբաղի վերադարձն Ադրբեջանի կազմ, որ Արցախն արդէն իսկ կայացած պետութիւն է, միգուցէ` փոքր, միգուցէ`դեռևս պրոբլեմներով լի, բայց պետութիւն է, և այս պետութիւնն ամրապնդւելու, զարգանալու է:
Գիտէք, դուք երեխաներին բացատրում էք, որ տարին ունի չորս եղանակ, և որևէ մէկը չի կարող փոփոխել դա: Ուզես, թէ չուզես, գարնանը յաջորդում է ամառը, ամռանը` աշունը, աշնանը` ձմեռը: Եւ այդպէս էլ անփոփոխելի է մեր ընթացքը: Այս ընթացքը շարունակւելու է: Նորից վերադառնամ խնդրին, դուք ձեր ճակատում պէտք է շարունակէք պայքարը, մենք` մեր ճակատում, սպաները, զինւորները` իրենց ճակատում: Եւ եթէ մենք կարողանանք մեր բնագաւառներում յաջողութեան հասնել, այն ժամանակ կարող ենք ասել, որ մեր պրոբլեմները քչանում են»։
Tert.am

Սեպտեմբերի 9-ին կը մեկնարկի «Ռեանիմանիա»
անիմացիոն ֆիլմերի 2-րդ փառատօնը
Օգոստոս 30, 2010 15:03
Սեպտեմբերի 9-13-ը կը մեկնարկի «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի միջազգային երկրորդ փառատօնը։ Այս տարի փառատօնին կցուցադրւեն 263-ից աւելի մրցութային ֆիլմեր՝ 35-ից աւելի երկրներից, այդ թւում Ճապոնիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Խորվաթիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից: Կլինեն չորս մրցութային ծրագրեր՝ լիամետրաժ, կարժամետրաժ, հեռուստատեսային եւ աւարտական անիմացիոն ֆիլմերի համար։ Փառատօնին յայտնի ֆրանսահայ դերասան Սերժ Աւետիքեանը կներկայցնի իր «Հաչող կղզին» անիմացիոն ֆիլմը, որն այս տարի Կաննի փառատօնում արժանացել է «Ոսկէ արմաւէնի» մրցանակին։
Ինչպէս լրագրողներին յայտնեց փառատօնի նախագահ Վրէժ Քասունին, լինելու են նաեւ յատուկ մրցանակներ՝ «անմիացիոն ֆիլմի համար գրւած լաւագոյն երաժշտութիւն» եւ «Լաւ քաղաքացի» անւանակարգերում։
Այս տարի աւելացել է «Հայկական ներկապնակ» ծրագիրը, որի շրջանակներում էլ կցուցադրւեն Հայ հեղինակների անիմացիոն ֆիլմերը։
«Ռեանիմանիայի» շրջանակում Երեւան կժամանի 23 հիւր։
«Թէեւ միջազգային փառատօնի համար սա փոքր թիւ է, սակայն այնպիսի հիւրեր են, որոնք իրենց գործունէութեամբ դրոշմւել են անիմացիայի պատմութեան մէջ»,-ասաց Վրէժ Քասունին՝ յաւելելով, որ հիւրընկալւելու է Մաքս Հաուարդը, ով «Վալթ Դիսնէյի» լիամետրաժ բաժնի պետն է եղել։ Ի դէպ նա արդէն երկրորդ անգամ է Հայաստանում։
Փառատօնի շրջանակում երեկոյեան 21։30-ից մինչեւ 23։30 Կասկադում կլինեն նաեւ բացօթեայ ցուցադրութիւններ։
Յայտնի «Արթման» ստուդիոն էլ կանցկացնի վարպետութեան դասընթացներ Հայ անիմատորների համար։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Բաքւում մեկնարկել է «Ադրբեջան-Եւրոպա»
հեծանւավազքը
Օգոստոս 30, 2010 14:45
Բաքւում մեկնարկել է «Ադրբեջան-Եւրոպա» հեծանւավազքը: Ինչպէս հաղորդում է Ադրբեջանի Հանրային հեռուստաընկերութիւնը, դրան մասնակցում են բնապահպաններ, դիւանագէտներ: Նրանց է միացել նաեւ փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:
Միջոցառումը կազմակերպւել է ՆԱՏՕ-ի գրասենեակի եւ մի շարք այլ արեւմտեան կառոյցների կողմից: Հեծանւավազքի մասնակիցները լինելու են հանրապետութեան մի շարք քաղաքներում:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Հ. Յ. Դաշնակցութեան
պատւիրակութիւնը հանդիպել է Արգենտինայի ԱԳ
նախարարի հետ եւ փոխանցել իրենց մտահոգութիւնները
Օգոստոս 30, 2010 13:35
ՀՅԴ Հարաւային Ամերիկայի յանձնախմբի պատւիրակութիւնը, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մարիօ Նալբանդեանի գլխաւորութեամբ, հանդիպել է Արգենտինայի ԱԳ նախարար Հեկտոր Թիմերմանի հետ: Հանդիպմանը ներկայ է եղել նաեւ Արգենտինայի Արդարադատութեան նախկին նախարար Լէոն Կարլոս Արսլանեանը:
ՀՅԴ մամլոյ դիւանից NEWS.am-ին յայտնում են, որ պատւիրակութիւնը գնահատել է Հայաստանում Արգենտինայի դեսպանատան բացումը, ինչպէս նաեւ գոհունակութիւն է յայտնել Հայաստանին եւ հայութեանը ցուցաբերած աջակցութեան համար:
Հանդիպման ընթացքում կողմերը խօսել են Արգենտինա-Հայաստան դիւնագիտական յարաբերութիւնների զարգացման մասին: Հայկական կողմը փոխանցել է իր մտահոգութիւնը` Կովկասում չլուծւած խնդիրների վերաբերեալ:
Նախարար Թիմերմանը կարեւորել է Արգենտինայի տնտեսական, գիտական եւ հասարակական կեանքի մէջ Հայ համայնքի կարեւոր ներդրումը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Հայկական հիւրախաղերը ռուսական քաղաքում
աւարտւել են ոստիկանութիւնում
Օգոստոս 30, 2010 09:28
Գիւմրիի շարժական գազանանոցի հիւրախաղերը Ռուսաստանի Կեմերովոյի մարզում անյաջող աւարտ են ունեցել: Բանն այն է, որ այստեղ գազաններին հետեւելու էին եկել նաեւ միգրացիոն ծառայութեան աշխատակիցները: Ստուգումների արդիւնքում պարզւել է, որ գազանանոցի 9 աշխատակիցները (բոլորը ՀՀ քաղաքացիներ են) անօրինական են աշխատում:
«Բացի այն, որ նրանք անօրինական են գտնւել Ռուսաստանի տարածքում, նրանք նաեւ աշխատանքային գործունէութիւն են ծաւալել, առանց դրա թոյլտւութիւնն ունենալու»,- յայտնել են տեղի ոստիկանութիւնում:
Գիւմրիի գազանանոցի աշխատակիցների նկատմամբ 16 ադմինիստրատիւ արձանագրութիւն է կազմւել, իսկ գործատուի նկատմամբ` 18: Փաստօրէն հայերի հիւրախաղերն աւարտւել են ոստիկանութեան բաժանմունքում:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Պայթիւն Անթալիայում.
Տուժածներից մէկը Հայ է

09:36 • 30.08.10
Անթալիայի Ալանիա շրջանում տեղի ունեցած պայթիւնի հետևանքով վիրաւորւել է երկու մարդ:
Թուրքական Anadolu գործակալութեան փոխանցմամբ` պայթիւնը տեղի է ունեցել Ալանիայի Շեքերհանէ թաղամասի ոսկերչական արհեստանոցներից մէկում:
Պայթիւնի պատճառ է դարձել արհեստանոցի հաստոցներից մէկում առաջ եկած անսարքութիւնը:
Պայթիւնի հետևանքով վիրաւորված 18-ամեայ Եունուս Քուրթը և ազգութեամբ հայ 47-ամեայ Անդրանիկ Աշընմազը տեղափոխւել են հիւանդանոց: Բժիշկները վստահեցնում են, որ տուժածների կեանքին վտանգ չի սպառնում:

Tert.am

Դաւութօղլու. -
Ադրբեջանի պաշտպանութիւնը
մեր պաշտպանութիւնն է
Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական համագործակցութեան մասին վերջերս կնքւած համաձայնագիրը տարածաշրջանի որեւէ այլ երկրի գործողութիւնների պատասխանը չէ։ Այս մասին ադրբեջանական ANS TV-ին տւած հարցազրոյցում յայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դաւութօղլուն։
Խօսելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական գործընկերութեան եւ դրա թուրք-ադրբեջանական գործընկերութեան վրայ հնարաւոր հետեւանքների մասին՝ Դաւութօղլուն նշել է, որ թուրք-ադրբեջանական համագործակցութեան շրջանակներն աւելի լայն են, յայտնում է Today’s Zaman-ը։
«Մենք կհամագործակցենք ռազմական ոլորտում։ Բայց թոյլ տւէք ասել, որ համաձայնագիրը երեւէ երկրի դէմ չէ։ Ամբողջ աշխարհը գիտի, որ Ադրբեջանի պաշտպանութիւնը Թուրքիան համարում է իր պաշտպանութիւնը»,- յայտարարել է Դաւութօղլուն։
Թուրքիայի ԱԳ նախարարը նաեւ նշել է, որ Ռուսաստանը եւ Թուրքիան ոչ վաղ անցյալում բաց կերպով քննարկել են Կովկասում՝ մասնաւորապէս «Ադրբեջանի բռնազաւթւած տարածքներում» առկայ իրավիճակը։
«Ադրբեջանական տարածքներից հայկական զինուժի դուրսբերումը Կովկասում կարգ ու կանոնի հաստատման կարեւոր բաղադրիչներից է»,- կարծում է Դաւութօղլուն։
Մեկնաբանելով ՆԱՏՕ-ի զօրավարժութիւնների նպատակով Հայ-թրքական սդահմանի ժամանակաւոր բացման հնարաւորութիւնը՝ Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ ադրբեջանական կողմը անհանգստանալու կարիք չունի։ Նրա խօսքով, սահմանի բացման հարցն օրակարգում չէ եւ չի քննարկւում։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Լավրովը հանգստացրել է Բաքւին.
Գիւմրիի ռազմաբազայում ժամկէտից բացի
որևէ բան չի փոխւել
15:27 • 28.08.10
Գիւմրիում ռուսական ռազմաբազայի վերաբերեալ Ռուսաստանի և Հայաստանի միջև վերջերս ստորագրւած արձանագրութիւնը պարզապէս երկարաձգում է ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկէտը։ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի Ադրբեջան կատարելիք այցին ընդառաջ ադրբեջանական լրատւամիջոցներին տւած հարցազրոյցում այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լավրովը՝ լրագրողի խնդրանքվ մեկնաբանելով Երևանում ստորագրւած փաստաթուղթը։
«Ձեր նշած արձանագրութիւնը 49 տարով երկարաձգում է Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկէտը։ Եւ ոչ աւելին։ Այն չի փոխում ոչ ռազմաբազայի գործառոյթները, որ Ռուսաստանն ունի Հայաստանում, ոչ զինծառայողների թւաքանակը, ոչ էլ այդ բազայում գտնւող սպառազինութիւնների քանակը։ Այդ պատճառով էլ անիմաստ է խօսել այն մասին, թէ այդ արձանագրութիւնը կարող է տարածաշրջանում ուժերի հաւասարակշռութեան մէջ որևէ փոփոխութեան մտցնել այնպէս, ինչպէս որ անիմաստ է խօսել այն մասին, թե 49 տարով ռուսական ռազմաբազայի ներկայ գործառոյթների ու չափորոշիչների երկարաձգումը խախտում է ինչ–որ պայմանաւորւածութիւններ»,– ասել է նա։
ՌԴ արտգործնախարարը նաև նշել է, որ Հայատանում տեղակայւած ռուսական ռազմաբազայի գլխաւոր նպատակն է ապահովել Ռուսաստանի Դաշնութեան շահերը։
«Այդ շահերը, անկասկած, ներառում են Հարաւային Կովկասում, Կասպից աւազանում կայունութեան ապահովումը։ Ռուսական ռազմաբազայի առջև այս առաջնային նպատակը դրւել է այն ժամանակ, երբ ստորագրւել է համապատասխան համաձայնագիրը։ Հերթական՝ 49 տարով համաձայնագիրը երկարացնելով այդ նպատակը որևէ կերպ չի փոխւել»,– ասել է Սերգէյ Լավրովը։

Tert.am

Թուրքերը քարկոծել են իրանական տուրիստական
աւտոբուսը
Օգոստոս 29, 2010 16:23
Թուրք-իրանական հակասութիւնները նոր թափ են ստանում: Վանում իրանցի տուրիստների աւտոբուսը քարկոծելու փաստի կապակցութեան Իրանի ԱԳՆ-ը հանդէս է եկել յայտարարութեամբ:
Մասնաւորապէս, ասւում է, որ չնայած տեղի ունեցած միջադէպերի հետեւանքով ոչ ոք չի տուժել, սակայն դրանք զգալի վնաս են հասցնում երկու երկրների յարաբերութիւններին: Իրանական կողմը նշում է, որ այդպիսի միջադէպերի պատճառով կդադարի կրօնական տուրիզմը Թուրքիա:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

ՀԱՒԱՔԱԿԱՆ ԿԱՄՔՈՎ
ՉԵԶՈՔԱՑՆԵՆՔ
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՆԳ
ԴԱՒԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ
Այսօր Սա Հրամայական Պարտականութիւն է!!!
Սոյն նամակը ստացանք այսօր և բոլորին կոչ ենք անում
միանալ այս նախաձեռնութեանը


Թոյլ մի՛ տւէք CNN-ը լծւի հակահայկական
քարոզչութեան գործին
Ամերիկայի հայկական համագումարն էլեկտրոնային արշաւ է նախաձեռնել CNN հեռուստաընկերութեան դէմ՝ կոչ անելով կասեցնել հակահայկական բովանդակութեամբ սիւժէի հեռարձակումը։
Այսօրւանից սկսած 4 օրւայ ընթացքում CNN-ի «Աշխարհայեացք» ծրագիրը ցուցադրելու է ադրբեջանցի լրագրող Չենգիզ Մուսթաֆաևի հաղորդումը 1992 թւականին տեղի ունեցած Խոջալուի ողբերգութեան մասին: Հաղորդման մէջ փորձ է արւելու հերթական անգամ Ադրբեջանի ղեկավարութեան կեղծ վարկածը ներկայացնել իբրև եղելութիւն, իսկ հայերին իբրև չարագործներ:
Այսպիսով, Ադրբեջանի կառավարութիւնը փորձում է օգտագործել նաև CNN-ը միջազգային ասպարեզում իր հակահայկական քարոզչութեան համար:
Ամերիկայի հայկական համագումարը բոլորին կոչ է անում աջակցել՝ կասեցնելու այս հերթական հակահայկական նախաձեռնութիւնը: Ձեր ձայնը CNN–ին լսելի դարձնելու համար հարկաւոր է այցելել այստեղ`

և կայքում տեղակայւած նամակն ուղարկել CNN-ի ղեկավարութեանը:

Ստորև ներկայացնում ենք նամակի հայերէն թարգմանութիւնը։
«Յարգելի պարոն Դէյվիս և CNN International–ի «Աշխարհայեացք» հաղորդման ղեկավարներ. Սոյնով տեղեկացնում եմ, որ լրջօրէն մտահոգւած եմ Ադրբեջանում պատրաստւած մի հաղորդման առնչութեամբ, որը պէտք է հեռարձակւի CNN International-ի «Աշխարհայեացք» ծրագրում։ Ադրբեջանցի լրագրող Չենգիզ Մուստաֆաևի հաղորդումը հայերին վարկաբեկելու ակնյայտ փորձ է, որը 1991-1994թթ. Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ տեղի ունեցած Խոջալուի դէպքերը ներկայացնում է Ադրբեջանի իշխանական վարկածով։ Խոջալուի իրադարձութիւնների վերաբերեալ Ադրբեջանի կառավարութեան տարբերակը սխալ է և չի համապատասխանում իրականութեանը։
«Չափազանց մտահոգւած եմ, որ CNN–ն իր կամքից անկախ որպէս հարթակ է օգտագործւելու Ադրբեջանի հակահայկական քարոզչութեան և ապատեղեկատւութեան հետագայ տարածման համար։ Այդ պատճառով յօրդորում եմ Ձեզ չեղեալ համարել այդ հաղորդման հեռարձակումը»։

Անկարան Հայոց Ցեղասպանութեան հարցով Կոնգրէսի
հետ երկխօսութեան մէջ կը մտնի
Օգոստոս 28, 2010 18:09
Վերջին ժամանակներս տեղի ունեցան ԱՄՆ-ի եւ Թուրքիայի յարաբերութիւնների վրայ ստւեր գցող մի շարք իրադարձութիւններ, յայտնում է թուրքական ТРТ-ն՝ վկայակոչելով ամերիկեան կառավարութեան իր աղբիւրները։
Այդ իրադարձութիւնների շարքում աղբիւրը նշում է Իրանի տեսակէտների նկատմամբ Թուրքիայի աջակցութիւնը՝ Թեհրանի դէմ ՄԱԿ-ի պատժամիջոցների ընդունման հարցով։
«Թուրք-ամերիկեան հյարբերութիւններում անհարթութիւնները շտկւեցին թուրքական պատւիրակութեան՝ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ։ Ամերիկեան ղեկավարութիւնը հասկացնել տւեց, որ ռազմական ոլորտին վերաբերող շատ հարցեր Թուրքիան պէտք է քննարկի ԱՄՆ Կոնգրէսի ներկայացուցիչների հետ։ Այժմ Անկարան Կոնգրէսի հետ երկխօսութեան մէջ կմտնի ոչ միայն Հայոց Ցեղասպանութեան հարցով»,- կարծում է TRT-ն։
TRT-ի դիւանագիտական աղբիւրները նաեւ նշել են, որ ընթացիկ տարւայ նոյեմբերին ԱՄՆ Սենատի կազմի 1/3-ը կփոխւի եւ Վաշինգտոնը զբաղւած կլինի 2011 թւականի ընտրութիւններով, հետեւաբար Ցեղասպանութեան մասին բանաձեւը Կոնգրէսի կողմից չի քննարկւի։ Նոյն աղբիւրները ուշադրութիւն են դարձնում այն բանին, որ հայկական ու յունական լոբբիին կարող է միանալ նաեւ հրէականը։
Թուրքիայի ԱԳ նախարարի օգնական Ֆերիդուն Սինիրլիօղլուի գլխաւորած պատւիրակութեան կողմից վարած բանակցութիւնների ժամանակ մանրամասնօրէն քննարկւել էին նաեւ Իրանին, Իրաքին, Իսրայէլին, Աֆղանստանին, ահաբեկչութեան դէմ պայքարին, Բալկանեան թերակղզուն, Կիպրոսին, ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին, թուրք-հայկական փոխյարաբերութիւններին առնչւող հարցեր։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Սկանդալ Իսրայելում.
Հայ ապօրինի ներգաղթեալը Բենիամին Նեթանյահուի
թիկնապահն է եղել
11:43 • 29.08.10
Իսրայէլում մեծ սկանդալ է առաջացրել տեղեկութիւնը, ըստ որի, 12 տարի երկրում բնակւող՝ Հայաստանի քաղաքացին, որն ունեցել է կեղծ փաստաթղթեր և զէնք կրելու իրաւունք, աշխատել է Բենիամին Նեթանյահուի անձնական անվտանգութեան համակարգում այն ժամանակ, երբ Նեթանյահուն դեռ ընդդիմութեան առաջնորդն էր:
IzRus պորտալը հաղորդում է, որ նրան ձերբակալել են օգոստոսի 8 –ին Բաթ-Եամում:
Խարչիա Գրիգորեանը, որը ինչպէս աւելի ուշ պարզւել է, ոչ թէ 28, այլ 34 տարեկան է, 16 տարեկանում Իսրայէլ է մեկնել վանական դառնալու նպատակով: Մի քանի տարի անց տուն վերադառնալով՝ նա ընտանիքին գտել է ֆինանսական ծանր վիճակում և որոշել է վերադառնալ, որպէսզի աշխատի և պահի ընտանիքին:
12 տարի առաջ նա կրկին մեկնում է Իսրայէլ իբրև թէ հոգևոր ուսումը շարունակելու համար, սակայն հաստատւում է Բաթ Եամում և սկսում աշխատել:
Կարճ ժամանակ անց նա կեղծ փաստաթղթեր է գնում և դրանց հիման վրայ նոյնիսկ զէնք կրելու իրաւունք ստանում: Քանի որ կարատէի սև գօտի ունէր, սկսում է անվտանգութեան աշխատակցի կարիէրան, նախ՝ գիշերային ակումբներում, ապա որպէս VIP անձանց անձնական թիկնապահ: Զգուշութեան նկատառումներով նա զէնք չէր կրում, թէև ունէր դրա իրաւունքը:
Շուտով նրան աշխատանքի են վերցնում Նեթանյահուի անձնական անվտանգութեան պահպանման համակարգում: Այն ժամանակ Նեթանյահուն դեռ ընդդիմութեան առաջնորդն էր: Գրիգորեանի խօսքով՝ վերջին խորհրդարանական ընտրութիւններից առաջ մեծ միջոցառումներին ինքը «տարածքն էր մաքրում» ապագայ վարչապետի համար: Պահպանւել են բազմաթիւ լուսանկարներ, որոնցում նա երևում է Իսրայէլի ապագայ վարչապետի հենց կողքին:
Գրիգորեանը նաև պատմել է, որ ինքը բազմիցս ապահովել է նաև Թել Աւիվի քաղաքապետի և նոյնիսկ ԱՄՆ նախագահի թեկնածու Էլ Գորի անվտանգութիւնը, երբ վերջինն այցելել էր Իսրայէլ:
Այն, որ Գրիգորեանն ապօրինի է բնակւում Իսրայէլում, յայտնի է դարձել միայն այն ժամանակ, երբ մի կին դիմել է ոստիկանութիւն՝ բողոքելով, որ Գրիգորեանն իր դէմ բռնութիւն է գործադրել: Բռնութեան մեղադրանքը չի ապացուցւել, փոխարէնը բացայայտւել է, որ Գրիգորեանն Իսրայէլում բնակւում է կեղծ փաստաթղթերով:
Tert.am

Հարաւային Կորէայում կայանալիք
«Միսիս աշխարհ-2010»
մրցոյթում Հայաստանը եւս կը ներկայացւի
Օգոստոս 28, 2010 19:01
Հոկտեմբերին Հարաւային Կորէայում կայանալիք «Միսիս աշխարհ-2010» գեղեցկութեան մրցոյթում Հայաստանը կներկայացնի Ալլա Գրիգորեանը։
Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց «Գեղեցկութեան եւ նորաձեւութեան համաշխարհային լիգայի նախագահ Աշոտ Խաչատրեանը՝ նշելով, որ Ալլան յաջողութեան է հասել օգոստոսի 12-22 Լիտվայում անցկացւած «Միսիս տիեզերք-2010» մրցոյթում։ Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին մրցանակակիր է դարձել, եւ զբաղեցրել է 5-րդ տեղը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Թուրքիան ձևացնում է՝ համակարծիք են Հայ
թուրքագէտները
15:50 • 28.08.10
«Դա Թուրքիայի հերթական դեմագոգիկ յայտարարութիւնն է, որը կապ չունի իրականութեան հետ և տրամաբանութիւնից դուրս քայլ է»,- Tert.am-ի հետ զրոյցում ասաց թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը՝ անդրադառնալով թուրքական կողմի՝ ԱՄՆ աջակցութեամբ Հայ-թրքական յարաբերութիւնները վերակենդանացնելու փորձերին։
Յիշեցնենք, որ Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի գլխաւորութեամբ Թուրքիան այս շաբաթ պատւիրակութիւն է ուղարկել Վաշինգտոն, որտեղ մի շարք հարցերի թւում ԱՄՆ վարչակազմի հետ քննարկւել են նաև Հայ-թրքական յարաբերութիւնները։ Մասնաւորապէս, թուրքական պատւիրակութիւնն ԱՄՆ վարչակազմին խնդրել է միջամտել և վերակենդանացնել Հայ-թրքական հաշտեցման գործընթացը։
Ըստ Մելքոնեանի, Հայ-թրքական գործընթացը հասել էր լուրջ մակարդակի. արձանագրութիւններ էին ստորագրւել։ «Թուրքական կողմին մնում էր միայն քաղաքական կամք դրսևորել և վաւերացնել արձանագրութիւնները, այլ ոչ թէ զբաղւել տարատեսակ շահարկումներով»,- ընդգծեց Մելքոնեանը։
Թուրքագէտ Արտակ Շաքարեանը նոյնպէս կարծում է, որ Անկարան անկեղծօրէն չի ցանկանում կարգաւորել Հայ-թրքական յարաբերութիւնները, պարզապէս ձևացնում է։ «Այս, ինչպէս նաև Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագի մատուցման քայլերով թուրքերը պատրաստւում են հոկտեմբերին՝ Հայ-թրքական արձանագրութիւնների ստորագրման 1-ամաակին, քանի որ այդ ժամանակ բոլորը խօսելու են, որ Թուրքիան է ձախողել գործընթացը»,- նշեց թուրքագէտը։ Շաքարեանի խօսքով՝ Թուրքիան այս քայլով նախապատրաստւում է նաև հոկտեմբերին հրապարակւելիք Եւրամիութեան առաջընթացի մասին զեկոյցին, որում այդ երկրի մասին վատ կարծիք է հնչելու։
ՀՀ ԳԱԱ արևելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռուբէն Սաֆրաստեանը նոյնպէս լուրջ չի ընդունում թուրքական կողմի այդ քայլը։ «Վերջերս Դաւութօղլուն յայտարարեց, որ անգամ ՆԱՏՕ-ի վարժանքների համար Հայ-թրքական սահմանը ժամանակաւորապէս չի բացւի։ Թուրքական կողմը պէտք է քայլեր անի, բայց հակառակը՝ ոչ մի քայլ չի անում»,- ընդգծեց Սաֆրաստեանը։
Նրա խօսքով՝ սա թուրքական կողմի հերթական փորձն է՝ խաղի մէջ մտնել ամերիկեան կողմի հետ և առաւելութիւններ ստանալ։

Tert.am

Դաշնամուր նւագող կռնատ տղան ստիպել է
հանդիսատեսին արտասւել
17:31 • 28.08.10
Չինացին, որի երկու ձեռքերը դեռ մանուկ ժամանակ անդամահատել են, դարձել է ճանաչւած դաշնակահար։
Լիւ Վեյը, որը դաշնամուր նւագելու համար հանում է գուլպաներն ու ոտքերի մատներով նւագում, ճանաչում է ձեռք բերել «Չինաստանը տաղանդներ է փնտրում» ծրագրում։ Այս մասին հաղորդում է Associated Press–ը։
«Այն, ինչ մարդիկ անում են ձեռքերով, ես անում են ոտքերով»,– հանգիստ ասում է 23–ամեայ Լիւն։
Պահմտոցի խաղալիս էլեկտրահարւելու հետևանքով 10 տարեկան հասակում Լիւն զրկւել է ձեռքերից՝ այդ ժամանակից ի վեր ոտքերը օգտագործելով ցանկացած խնդիր լուծելու համար, այդ թւում՝ ուտելու, հագնելու և անգամ ատամները մաքրելու։
Նա խոստովանում է, որ շատ կցանկանար աւտոմեքենայ վարել։
«Ինչ վերաբերում է երաժշտութեանը, ապա այն ինձ համար նոյնքան սովորական է դարձել, որքան շնչելը»,– ասում է երիտասարդը։
Նշենք, որ հեռուստատեսութեամբ իր առաջին ելոյթի ժամանակ Լիւն արժանացել է հիացական ծափողջոյնների, իսկ հանդիսատեսի մի մասը յուզւել է, երբ նա կատարել է Կլայդերմանի Marriage d`Amour–ը։

Tert.am

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՒՈՐ Է ՅԱՆՁՆՒԵԼ
Օգոստոսի 27-ի ժամը 21.00-ի սահմանում Ղարաբաղա-ադրբեջանական զօրքերի շփման գօտու հիւսիսային հատւածը պաշտպանող հայ դիրքապահներին է յանձնւել Ադրբեջանի ԶՈՒ կրտսեր սերժանտ Ռոման Նովրուզ օղլի Հուսէյնովը: Համաձայն ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայութեան տրամադրութեան տակ եղած տեղեկութիւնների, 1985թ. ծնւած Ռոման Հուսէյնովը ադրբեջանական բանակի 191-րդ լեռնահրաձգային բրիգադի 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ վաշտի 1-ին հրաձգային դասակի 1-ին ջոկի հրամանատարն է: Ըստ նախաքննութեան տւեալների, պայմանագրային զինծառայող Ռոման Նովրուզ օղլի Հուսէյնովը հայկական ուժերին է յանձնւել զօրամասի հրամանատարութեան կողմից իր հանդէպ պարբերաբար իրականացւած նւաստացուցիչ գործողութիւնների պատճառով: Մանրամասները ճշտւում են: Պաշտպանութեան Բանակի Լրատւութեան և քարոզչութեան բաժին

«Ա+1»

Գիւլն անձամբ կփորձի ԱՄՆ-ի հրէաներին յետ պահել
Հայոց Ցեղասպանութեան բանաձեւը սատարելուց
Օգոստոս 28, 2010 11:28
Թուրքիան հասկացել է, որ Իսրայէլի եւ ԱՄՆ հրէական կազմակերպութիւնների հետ ունեցած լարւածութիւնը թանկ է նստում Թուրքիայի վրայ։ Այդ համատեսքտում ԱՄՆ մեկնած Թուրքիայի ԱԳՆ յատուկ պատւիրակութեան գործը սեպտեմբերին կշարունակի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլը։
Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ գլխաւոր խորհրդական, բանագնաց Ֆերիդուն Սինիրլիօղլուի գլխաւորած պատւիրակութեան հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ հրէական կազմակերպութիւնները յայտնել են իրենց անհանգստութիւնը Թուրքիայի վերջին շրջանի գործողութիւններից, այդ թւում՝ Իսրայէլի հետ լարւածութիւնը, Իրանի հարցում ՄԱԿ-ում Թուրքիայի «ոչ»-ը եւ Էրդողանի ամերիկեան վերջին այցերի ընթացքում հրէական լոբբիի հետ չհանդիպելը։
ԱՄՆ-ի հետ կրկին յարաբերութիւնները վերականգնելու համար ԱՄՆ մեկնած թուրքական պատւիրակութիւնը վաշինգտոնեան իր հանդիպումներում քննարկել է նաեւ Թուրքիա-Հայաստան յարաբերութիւններում առկայ խոչընդոտները։
ԱՄՆ-ում Հայոց Ցեղասպանութեան բանաձեւի անցկացումը կանխելու եւ ԱՄՆ-ում հակաթուրքական տրամադրութիւնները վերացնելու համար սեպտեմբերի 19-ին ԱՄՆ մեկնող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլը կհանդիպի ԱՄՆ-ի հրէական յայտնի կազմակերպութիւնների հետ եւ կփորձի վերականգնել հին յարաբերութիւնները։
Թուրքական կողմը սպասում է նաեւ, որ Գիւլի ԱՄՆ այցելութեան ընթացքում ԱՄՆ ղեկավարութիւնը կլուծի Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուի՝ Ռիկարդիոնէի նշանակման հարցը, ում թեկնածութեանը դէմ է հանդէս գալիս Կանզասցի սենատորը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Թուրքիայի Զինեալ Ուժերի գլխաւոր շտաբի նոր
ղեկավարը յիշել է Հայաստանի մասին
Օգոստոս 28, 2010 09:32
Հայ-թրքական յարաբերութիւնների նորմալացմանն ուղղւած քայլերը դեռ ոչ մի արդիւնք չեն տւել, բայց գործընթացը շարունակւում է, ասել է Թուրքիայի զինւած ուժերի գլխաւոր շտաբի նորանշանակ ղեկավար, բանակի գեներալ Ըշըք Քոշաները` իր պարտականութիւնների անցմանը նւիրւած պաշտօնական արարողութեան ժամանակ: Գրում է թուրքկան Huriyet -ը:
Նրա խօսքով, «այդ հարցի լուծումը պէտք է գտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան շրջանակներում, որը թոյլ կտայ տարածաշրջանում խաղաղութիւն եւ կայունութիւն հաստատել»:
Ըշըք Քոշաները այդ պաշտօնում փոխարինել է Իլքեր Բաշբուգին: Վերջինս օգոստոսի 23-ին իր հրաժեշտի այցելութիւնն է կատարել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Նրանց հանդիպումը տեւել է 1 ժամ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Ռուս սահմանապահների նենգ քաղաքականութեան
արդիւնքում են վրացիները հայերին պատժում
16:29 • 28.08.10
Իւրաքանչիւր պետութիւն քրէական պատասխանատւութեան կենթարկի իր երկիր անօրինական և առանց կնիքի մուտք գործած քաղաքացուն, Վրաստանի իշխանութիւնները ոչ մի հակաօրինական քայլ չեն կատարում։ Վրաստանն անում է այն, ինչ միւս պետութիւններն էլ են անում։ Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց Վրաստանի նախագահի ազգային փոքրամասնութիւնների հարցերով խորհրդական Վան Բայբուրդը՝ անդրադառնալով Աբխազիայի և Հարաւային Օսիայի սահմանը սխալ տեղից հատածներին քրէական պատասխանատւութեան ենթարկելու խնդրին։
Վան Բայբուրդի խօսքով՝ բոլոր երկրների արտգործնախարարութիւններն արդէն հինգ տարի է՝ վրացական իշխանութիւնների կողմից պաշտօնապէս տեղեկացւած են և պարտաւոր են իրենց քաղաքացիներին իրազեկել, որ Աբխազիայի և Հարաւային Օսիայի տարածքով, Վրաստանի օրէնսդրութեան համաձայն, չի թոյլատրւում անցնել Վրաստանի տարածք։
«Ցխինվալի և Աբխազիայի սահմանում վրացական կողմը ոչ մաքսակէտ, ոչ օրինական կնիք, ոչ էլ սահմանապահ չունի, հետևաբար այդ հատւածով մարդիկ անօրինական են մուտք գործում Վրաստանի տարածք։ Դա միայն հայերին և այլազգիներին չի վերաբերում, պատժւում են նաև սահմանը այդ կերպ հատած վրացիները»,- մանրամասնեց Բայբուրդը։
Ըստ Վրաստանի նախագահի խորհրդականի՝ Աբխազիայի և Հարաւային Օսիայի տարածքով հայերը Վրաստանի տարածք են մուտք գործում ռուս սահմանապահների նենգ գործողութիւնների արդիւնքում։ «Ռուս սահմանապահները յատուկ իրենց աչքերը փակում են, ասում են՝ գնացէք, Վրաստանում ոչ մի խնդիր չէք ունենայ, վրացիները ձեզ կթողնեն։ Գալիս ու Վրաստանի օրէնքներով պատժւում են»,- նշեց բանախօսը։
Բայբուրդը համոզւած է՝ ռուս սահմանապահների այս քաղաքականութեան նպատակը հայերի շրջանում հակավրացական տրամադրութիւններ ստեղծելն է. «Յետոյ հայերը դժգոհում են, ցոյցեր են անում ու ասում, որ վրացիներն իրենց բռնում են։ Բայց Հայաստանն էլ այդպէս կվարւէր իր երկիր անօրինական մուտք գործողների նկատմամբ»։ Նրա խօսքով՝ «ռուսներն իրենց մուրազին չեն հասնի», քանի որ հայ և վրացի ժողովուրդների 99 տոկոսը միմեանց հանդէպ յարգանք ու սէր են տածում։
Վան Բայբուրդը նաև նշեց, որ Վրաստանում Հայաստանի դեսպանատունը շատ հայերի է օգնել այս հարցում, վրացական իշխանութիւններն էլ միշտ ընդառաջել են, քանի որ այդ սահմանը հատողները հիմնականում չքաւոր մարդիկ են։
Ինչ վերաբերում է ՀՀ արտգործնախարարութեան դերին, ապա, ըստ Բայբուրդի, արտգործնախարարութիւնն իր գործը լաւ է կատարում, քանի որ շատ քիչ թւով հայեր են այսօր այդ խախտումը թոյլ տալիս։ Սահմանը վերոնշեալ վայրերից հատող հայերն էլ Վրաստանում հիմնականում տուգանւում են։

Tert.am