Սերժ Սարգսեան.-

Հայաստանի եւ Ղարաբաղի բնակչութիւնը

չի ցանկանում Ադրբեջանին թէկուզ

մէկ սանտիմետր հող վերադարձնել


«Հակամարտութեան կարգաւորման միակ տարբերակը, դա խաղաղ կարգաւորումն է , եւ միակ ուղին՝ Լեռնային Ղարաբաղում հանրաքւէի անցկացումը»



Յունւար 26, 2011 23:33
Հարաւային Կովկասում ամենախոշոր եւ ամենահեղինակաւոր խաղացողը Ռուսաստանն է: Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տւած հարցազրոյցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը: Նրա խօսքով, Ռուսաստանը կարող է այնպէս անել, որպէսզի տարածաշրջանում խաղաղութիւն եւ բարեկեցութիւն լինի:
«Ես պէտք է իմ շնորհակալութիւնը յայտնեմ Ռուսաստանի նախագահին, որ նա զբաղւած է խաղաղ կարգաւորման ակտիւ որոնումներով: Ռուսաստանը լիովին ունակ է զսպել ե՜ւ սպառազինութիւնների մրցավազքը մեր տարածաշրջանում, ե՜ւ ռազմական գործողութիւնների վերսկսումը: Պատահական չէ, որ հէնց սկզբից Ռուսաստանը ներգրաււեց բանակցային գործընթացում: Երբ ռազմական գործողութիւնները դադարեցնելու վերաբերեալ առաջին համաձայնագիրը ստորագրւել է հէնց Ռուսաստանի միջնորդութեամբ: Իսկ դրանից եւս երկու տարի անց, նոյնպէս Ռուսաստանի ակտիւ մասնակցութեամբ ստորագրւեց համաձայնագիր վստահութեան միջոցների ամրապնդման մասին: Հաշւի առնելով, որ Ռուսաստանը նման կշիռ ու նման հնարաւորութիւններ ունի մեր տարածաշրջանում, մենք շատ բան ենք սպասում նրանից»,- ասել է Սերժ Սարգսեանը:
ԼՂ խնդրի կարգաւորման հարցում Հայաստանի դիրքորոշման մասին հարցին ի պատասխան, ՀՀ նախագահը նշել է, որ այդ առումով շատ կարեւոր է կողմերի պարտաւորութիւնը ռազմական գործողութիւնները չվերսկսելու մասին: «Վերջին 1,5-2 տարում պատերազմի եւ ռազմական գործողութիւնները վերսկսելու մասին խօսակցութիւնները սովորական են դարձել: Դա շատ վատ է, որովհետեւ երբ ղեկավարը, կամ սովորական մարդը խօսում է ինչ-որ խնդրից շատ երկան եւ վստահ, ինչ-որ պահի նա սկսում է հաւատալ իր խօսքերի ճշմարտացիութեանը: Եւ եթէ կայ հնարաւորութիւն, մեծ գայթակղութիւն է առաջանում: Բայց ես վստահ եմ, որ հնարաւոր է խուսափել պատերազմից:
Հակամարտութեան կարգաւորման միակ տարբերակը, դա խաղաղ կարգաւորումն է , եւ միակ ուղին՝ Լեռնային Ղարաբաղում հանրաքւէի անցկացումը, կամ 1991 թւականի հանրաքւէի արդիւնքների ճանաչումը, որն անցկացւել է ԽՍՀՄ օրէնքների եւ միջազգային իրաւունքի համապատասխան։ Հարցը կարող է լուծւել միայն փոխզիջումային տարբերակով։ Ես ոչ մի նոր բան չեմ ասում»,- ընդգծել է նախագահ Սարգսեանը՝ յիշեցնելով, որ 2007 թ.-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մի փաստաթուղթ են առաջարկել, որը հետագայում ստացել է Մադրիդեան սկզբունքներ անունը, որոնք հակամարտութեան լուծումը ենթադրում են հէնց փոխզիջումային տարբերակով։
«Այնտեղ երեք սկզբունք կայ։ Առաջինը, դա տարածքային ամբողջականութեան սկզբունքն է, երկրորդը՝ ազգերի ինքնորոշման, երրորդը՝ ուժի կամ սպառնալիքների չկիրառման։ Հասկանալի է, թէ ինչ է նշանակում տարածքային ամբողջականութիւնը, ինչ է նշանակում ինքնորոշումը. երրորդ սկզբունքն էլ լաւ հասկանալի է։ 2007թ.-ին ե՜ւ մենք ե՜ւ Ադրբեջանը, երկար մտորումներից յետոյ համաձայնեցինք լուծել հակամարտութիւնը հէնց այս սկզբունքների հիման վրայ։ Բայց ինչքան ժամանակ անցաւ, այնքան Ադրբեջանն աւելի շատ սկսեց սեփական մեկնաբանութիւնները տալ այդ սկզբունքների վերաբերեալ։ Եւ երբ խօսքը գնում է ազգերի ինքնորոշման իրաւունքի սկզբունքի մասին, նրանք ասում են՝ այո, բայց Ադրբեջանի կազմում։ Հասկանալի է, որ նման ինքնորոշումը կարելի է անւանել միայն «ոչ լիարժէք ինքնորոշում», եթէ ընդհանրապէս այն կարելի է այդպէս անւանել։ Եւ երկրորդ, իբր, ուժի չկիրառման սկզբունքը այն դէպքին է վերաբերում, եթէ պետութիւնը չունի օկուպացւած տարածքներ։
Ամէն անգամ ցանկութիւն է առաջանում յիշեցնելու, որ, նախեւառաջ. 1994 թ.-ին մենք հրադադարի պայմանագիր ենք ստորագրել, որի նպատակն էր հարցի կարգաւորումն ու խաղաղութեան հաստատումը։ Դեռ ոչ-ոք այդ պայմանագիրը չեղեալ չի համարել, եւ ոչ ոք չեղեալ չի համարել երկրորդ պայմանագիրը։ Ցանկանում եմ յաւելել, որ այն տարածքները, որոնք այժմ գտնւում են Լեռնային Ղարաբաղի զինւած ուժերի վերահսկողութեան տակ, դրանք պարզապէս ռազմական գործողութիւնների արդիւնք են, եւ այդ գործողութիւնները Ղարաբաղցիները չեն սկսել»,- նշել է Հայաստանի նախագահը։
Խօսելով հայկական կողմի հնարաւոր փոխզիջումների մասին Սերժ Սարգսեանը նշել է, որ եթէ Հայաստանի ժողովրդի եւ Ղարաբաղցիների կարծիքը հարցնեն, ապա, բնականաբար ոչ-ոք նոյնիսկ մէկ սանտիմետր չի ցանկանայ վերադարձնել։ «Բայց, միւս կողմից, մենք իսկապէս պէտք է հասկանանք, որ ցանկացած որոշում պէտք է երկարատեւ խաղաղութիւն բերի։ Եւ այդ պատճառով փոխզիջումներն անհրաժեշտ են, բայց, իհարկէ, երաշխիքներ են անհրաժեշտ, որ իրականում նման երկարատեւ խաղաղութիւն իսկապէս կհաստատւի, այլ ոչ թէ ադրբեջանցիների պատկերացրածի պէս, որ ասում են՝ թող Ղարաբաղը վերադարձնի ամէնն ինչպէս կար, եւ դրանից յետոյ կխօսենք Ղարաբաղի ճակատագրի մասին։ Այդպէս չի լինում»,- ընդգծել է Հայաստանի նախագահը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Մեզ յաջողւեց Ցեղասպանութեան խնդրի

շուրջ բանավէճը տեղափոխել Թուրքիա


«Թուրքիայի նախագահի շեշտադրումը ևս մէկ անգամ վկայեց, որ Թուրքիան Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման համար նախապայմաններ է առաջ քաշում»


14:43 • 27.01.11
ՀՀԿ–ական պատգամաւոր Գագիկ Մինասեանը երէկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Հայ–թուրքական յարաբերութիւններին, կարծիք յայտնեց, որ գործընթացը գտնւում է պասիւ փուլում, սակայն այն դեռ ամբողջութեամբ իրեն չի սպառել։ Պատգամաւորի խօսքով՝ Հայ–թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը թէև պասիւ փուլում է, սակայն արդէն այսօր այդ գործընթացին կարելի է երկու գնահատական տալ։
«Նախ մեզ յաջողւեց այս գործընթացի արդիւնքում ցեղասպանութեան խնդրի վերաբերեալ բանավէճը տեղափոխել Թուրքիա։ Հարց, որը տասնամեակներ մեզ չէր յաջողւում իրականացնել»,– ասաց Գագիկ Մինասեանը՝ աւելացնելով, որ այսօր արդէն թրքական իշխանութեան ամէնաբարձր օղակներում, մշակութային, կրթական համակարգերում բանավէճ է ծաւալւում ոչ միայն ցեղասպանութեան փաստի, այլև դրա դատապարտման վերաբերեալ։
Պատգամաւորը համոզւած է, որ այդ յաղթարշաւը հնարաւոր չի լինելու կասեցնել։ «Դա մակընթացութիւններով կամ տեղատւութիւններով, արագ կամ դանդաղ տարածւելու է թրքական ողջ հասարակութեան մէջ։ Դա ցեղասպանութեան փաստի բանավէճի տեղափոխումն է թրքական հասարակութեան մէջ»,– ասաց նա։
Հայ–թրքական չարաբերութիւնների կարգաւորման գործընթացի մասին պատգամաւորի երկրորդ գնահատականն այն է, որ նշւած գործընթացի արդիւնքում Հայաստանը կարողացաւ միջազգային հանրութեանը պատշաճօրէն ներկայացնել, որ ինքը բաց է քննարկումների համար, ունի ընկալելի մօտեցումներ և պատրաստ է առանց նախապայմանների յարաբերութիւններ ստեղծել Թուրքիայի հետ: Միաժամանակ, ըստ ՀՀԿ–ական պատգամաւորի, ժամանակը ցույց տւեց, որ Հայաստանի այս մօտեցումը, որն ընկալելի է բոլոր քաղաքակիրթ երկրների, այդ թւում՝ ԱՄՆ–ի և Եւրամիութեան համար, ընկալելի չէ Թուրքիայի համար, ինչը Թուրքիային դնում է մի իրավիճակում, որում ոչ մի երկիր երբէք չի յաղթել։
«Եթէ որևէ երկիր գնում է միջազգային զարգացումների ընդահանուր տրամաբանութեանը հակառակ, ապա վաղ թէ ուշ այդ երկրում առաջանում են ուժեր, որոնք փորձում են երկրին բերել միջազգային զարգացումների ընդհանուր տրամաբանութեան հունի մէջ։ Շատ երկրներ այս պարագայում ուղղակի տրոհւում են։ Ես չեմ ցանկանում ասել, որ այդ ամէնը սպառնում է նաև Թուրքիային սակայն ընդհանուր տրամաբանութիւնը հէնց դրա մասին է խօսում»,– յայտարարեց Մինասեանը։
Անդրադառնալով ԵԽԽՎ–ում Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գիւլի ելոյթին՝ Գագիկ Մինասեանը նշեց, որ «ադրբեջանական տարածքներն» ազատելու մասին Թուրքիայի նախագահի շեշտադրումը ևս մէկ անգամ վկայեց, որ Թուրքիան Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման համար նախապայմաններ է առաջ քաշում։



Tert.am

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանութեան Նախարարութիւն.-

Ադրբեջանը շարունակում է

ապատեղեկատւութիւն

տարածել


«Երէկ եւ անցած գիշեր ադրբեջանական զինւած ստորաբաժանումները 14 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը»



Յունւար 26, 2011 13:02
Լեռնային Ղարաբաղի պաշտպանութեան նախարարութիւնը հերքել է ադրբեջանական լրատւամիջոցների տարածած տեղեկութիւնը, թէ հրադադարի խախտման արդիւնքում ադրբեջանցի սպայ է զոհւել:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պաշտպանութեան բանակի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են յարգել հրադադարի ռեժիմը: Դա ադրբեջանական քարոզչութեան հերթական ապատեղեկատւութիւնն է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում նշել է ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթեանը: Աւելին, ըստ Հասրաթեանի՝ ադրբեջանական կողմն է պարբերաբար խախտում հրադադարի ռեժիմը. «Օրինակ երէկ եւ անցած գիշեր ադրբեջանական զինւած ստորաբաժանումները 14 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը»:
Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայութիւնը տեղեկութիւն էր տարածել, որ 26-ամեայ սպայ Զամին Մամեդովը նախօրէին զոհւել է հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդիւնքում: Միջադէպն, իբր, տեղի է ունեցել Աղդամի շրջանի Ջաւահիրլի գիւղի մերձակայքում:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

ايران‌چك‌هاي 100 هزار توماني

از چرخه مبادلات حذف نمي‌شوند


خبرگزاري فارس: درحالي كه رئيس كل بانك مركزي چندي پيش از آغاز فرآيند جمع آوري ايران چك‌هاي 100 هزار توماني از 5 بهمن ماه خبر داده بود امروز روابط عمومي اين بانك با صدور اطلاعيه‌اي اعلام كرد كه هدف از ابلاغ بخشنامه ياد شده حذف ايران چك يك ميليون ريالي از چرخه مبادلات كشور نبوده است.

Դիտել Պարսկերէն Բաժնում.–

http://vartandav.blogspot.com/2011/01/100_26.html

Կարմիր Խաչը հանդիպել է Ադրբեջանում

պահվւող Հայ ռազմագերիներին


Յունւար 26, 2011 11:31
Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի ներկայացուցիչները յունւարի 25-ին հանդիպել են Ադրբեջանում պահւող Հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց հետ: Այդ մասին NEWS.am-ին յայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտէի (ԿԽՄԿ) հաղորդակցման ծրագրերի ղեկավար Աշօտ Աստաբացեանը:
Նա նշել է, թէ ըստ աշխատանքային գաղտնապահութեան սկզբունքների, չի կարող որեւէ տեղեկութիւն յայտնել Ադրբեջանում գտնւող հայերի առողջական վիճակի վերաբերեալ: Կարմիր Խաչի ներկայացուցիչը նշել է, որ կազմակերպութիւնը պատրաստ է կրկին իր միջնորդական առաքելութիւնն առաջարկել Հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց հայրենադարձման գործում:
Նշենք, որ ըստ ադրբեջանական լրատւամիջոցների՝ Կարմիր Խաչի ներկայացուցիչները այդ անձանց առողջութեան մոնիտորինգ են անցկացրել, իսկ նրանցից մէկին նամակ են յանձնել՝ իր ընտանիքից:
Ներկայումս Ադրբեջանում են գտնւում 7 Հայ ռազմագերիներ եւ մէկ ընտանիք՝ բաղկացած 5 անձից: Ադրբեջանի տարածքում են գտնւում Եղիշէ, Ռուզաննա, Ալֆրէդ, Գայեանէ եւ Պետրոս Գէորգեանները, որոնք ադրբեջանական սահմանն անցել են անցած տարւայ յունւարին:
Ադրբեջանական գերութեան մէջ են գտնւում նաեւ զինծառայողներ Հրանտ Մարկոսեանը, Ալիկ Թեւոսեանը, Արթուր Սարգսեանը, Օհան Յարութիւնեանը, Գէորգ Թովմասեանն ու Կարէն Յարութիւնեանը:
Ադրբեջանական լրատւամիջոցների պնդմամբ, Հայաստանում են գտնւում զինծառայողներ Անար Հաջիեւն ու Ռոման Հոսէյնովը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Երգիչները մշակոյթի նախարարութեան

որոշումը «անվայել» են որակում



17:08 • 25.01.11
Երևանի էստրադային և ջազային արւեստի պետական քոլեջը, համաձայն կառավարութեան համապատասխան որոշման, որոշւել է կցել Երևանի մշակոյթի պետական քոլեջին, որն այսուհետ դառնալու է ջազային քոլեջի իրաւայաջորդը:
Որոշմանը դէմ է քոլեջի ամբողջ կոլեկտիւը, որը շուրջ մէկ շաբաթ առաջ հրաւիրւած ասուլիսում դժգոհել էր մշակոյթի նախարարութեան որոշման դէմ:
Այսօր Երևանի էստրադային և ջազային արւեստի պետական քոլեջին իրենց աջակցութիւնն էին եկել յայտնելու քոլեջի նախկին սաներն ու դասախօսական անձնակազմի անդամները` Արմէն Սարգսեան, Անչոկ, Նաիրա, Արմանուշ Յակոբեան, Գայեանէ Յովհաննիսեան: Նրանց խօսքով` իրենց կոլեգաներից շատերը ևս ցանկութիւն ունէին իրենց միանալ, սակայն հիւանդութեան ու քաղաքից բացակայելու պատճառով չկարողացան գալ: Երաժիշտներն իրենց վրդովմունքը յայտնեցին մշակոյթի նախարարուեան որոշման կապակցութեամբ` այն անւանելով «անվայել»:
Երգչուհի Նառան, ներկայացնելով 30-ամեայ քոլեջի տնօրէն Ակսել Բակունցի աւանդը ջազային քոլէջի կայացման գործում, ասաց, որ իր խնդրանքն այն է, որ «վերանայւի այս հարցը»: «Եթէ նորը կայ, պէտք չէ ոտնակոխ անել հինը»,- վրդոււած ասաց երգչուհին:
Ջազային քոլեջի երկարամեայ դասախօս Արմանուշ Յակոբեանը ևս ցաւով նշեց, որ պէտք չէ անտեսել Ակսել Բակունցին` մարդու, որը «շատ մեծ աւանդ ունի այս ստուդիայի կազմաւորման ու ընդհանրապէս նրա աճի գործում»: Երգիչները խօսեցին նաև մշակութային այս երկու կազմակերպութիւնների տարբերութիւնների մասին` շեշտելով դրանց անհամատեղելիութիւնը: «Չարժէ, որ խառնւի, այդ ամէնը միացւի»,- պնդեց վերջինս` ասելով, թէ իրենք դէմ են այդ «անվայել» որոշմանը:


Tert.am

Եւրախորհրդարանը դատապարտել է

Քրիստոնեաների հալածանքները



Յունւար 25, 2011թ. 09:55
Ստրասբուրգում` Եւրոխորհրդարանի նստաշրջանում, ընդունւել է քրիստոնեաների հալածանքները դատապարտող բանաձեւ: «Եւրոմիութիւնն այլեւս աչք չի փակի ողջ աշխարհում քրիստոնեաների հալածանքների վրայ», իր ելոյթում յայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգութեան քաղաքականութեան գծով գերագոյն ներկայացուցիչ Քաթրին Էշթոնը:
Փաստաթուղթը Եգիպտոսում, Նիգերիայում, Պակիստանում, Ֆիլիպիններում, Կիպրոսում, եւ Իրաքում քրիստոնեաների հանդէպ վերջերս ձեռնարկւած բռնարարքների արձագանքն է: Բանաձեւում ընդգծւում է, որ Եւրոպայում առկայ են կրօնական ազատութեան խախտման եւ խտրականութեան օրինակներ: Այդ մասին հաղորդում է Ինտերֆաքսը, վկայակոչելով Մոսկւայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի կայքը:
Գրում է «Ազգ» օրաթերթը:


ArmAr.am

«Դոմոդեդովոյի» ահաբեկութիւնից

վիրաւորւած երկու հայերի

վիճակը ծանր է



17:28 • 25.01.11
«Ռուսաստանի «Դոմոդեդովո» օդանաւակայանում երէկ տեղի ունեցած ահաբեկութեան ժամանակ վիրաւորւած 4 հայերից երկուսի վիճակը ծանր է։ Այս մասին Tert.am–ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալաեանը՝ նշելով, որ ծանր վիճակում գտնւող հայերից մէկը 65 տարեկան Գուրգէն Վարդանի Խաչատուրովն է, միւսը` 59տ. Անատոլի Աշոտի Պօղոսբեկովը։
ՀՀ ԱԳՆ–ն փորձում է ճշտել, թէ ահաբեկութիւնից վիրաւորւած հայերը որ երկրի քաղաքացիներ են։ Ամենայն հաւանականութեամբ, չորսն էլ Ռուսաստանի Դաշնութեան քաղաքացիներ են։
Յիշեցնենք, որ «Դոմոդեդովօ» օդակայանում երէկ, Մոսկւայի ժամանակով ժամը 16.32–ին պայթիւն է տեղի ունեցել։ Նախնական տւեալներով՝ 5 կիլոգրամ տրոտիլային համարժէք հզօրութեամբ պայթուցիկ սարքը գործի է դրել դիմաւորողների բազմութեան մէջ գտնւող մահապարտ ահաբեկիչը։


Tert.am

Թուրքիայի արտգործնախարարը

խոստովանել է, որ Հայաստանի

հետ խօսել է նախապայմանների

լեզւով



Յունւար 25, 2011 01:02
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դաւութօղլուն բացայայտ հաստատել է, որ Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման ձախողումը պայմանաւորւած է Ղարաբաղեան հակամարտութեան չլուծւած լինելով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում ասել է ԱԺ Եւրաինտեգրացիայի հարցերի յանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատւիրակութեան անդամ, «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան պատգամաւոր Նաիրա Զոհրաբեանը:
«Ես նրան հետեւեալ հարցն ուղղեցի. «Պարոն նախարար, Ադրբեջանի ուղղակի եւ չքողարկւած ճնշման տակ ձեր երկիրը Հայ-թրքական յարաբերութիւնների նորմալացման գործընթացը մտցրեց փակուղի: Ինչ երաշխիքներ կարող էք տալ, որ Թուրքիան, գլխաւորելով Նախարարների կոմիտէն, չի առաջնորդւի եւրոպականներից տարբեր սկզբունքներով եւ չի անտեսի ժամանակակից արժէքները», ինչին նա ուղղակի չպատասխանեց եւ սկսեց «ջուր ծեծել», սակայն իր խօսքում միանշանակ հասկացրեց, որ Հայ-թրքական արձանագրութիւնները ստորագրելիս Թուրքիան հետապնդում էր երեք նպատակ` սահմանների բացում, երկու ժողովուրդների պատմական հաշտեցում եւ Ղարաբաղեան հակամարտութեան լուծում», - յայտնեց Զոհրաբեանը` աւելացնելով, որ Ահմեթ Դաւութօղլուն իր խօսքում ասել է նաեւ հետեւեալը. «Ի վերջոյ, Ադրբեջանի տարածքի 20 տոկոսն օկուպացւած է»: «Նա խոստուանեց, որ Թուրքիան յենւում էր նախապայմանների վրայ», - ամփոփեց Նաիրա Զոհրաբեանը:
Նշենք, որ 2010թ. նոյեմբերի Եւրոպայի խորհրդի Նախարարների կոմիտէի նախագահութիւնն անցել է Թուրքիային:
2009թ. աշնանը Հայաստանն ու Թուրքիան յարաբարերութիւնների կարգաւորման փորձ արեցին, սակայն այդ յարաբերութիւնները Ղարաբաղեան կարգաւորման հետ կապելու Թուրքիայի ձգտման պատճառով պաշտօնական Երեւանը ստիպւած եղաւ սառեցնել յարաբերութիւնների նորմալացման բոլոր ջանքերը:
Յարաբերութիւնների հաստատման Հայ-թրքական արձանագրութիւնները ստորագրւել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցիւրիխում:


Լուրեր Հայաստանից - NEWS.am


Ազնաւուրը պատրաստ է կեանքի

գնով դիմակայել Սարկոզիին



Յունւար 25, 2011 02:04
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյէ Շառլ Ազնաւուրը պատրաստ է վտանգել իր կեանքը եւ առճակատման մէջ մտնել Նիկոլա Սարկոզիի հետ, եթէ նախագահը չկատարի Ֆրանսիայի հայերին տւած նախընտրական խոստումները:
Le Dauphiné Libéré (ledauphine.com) պարբերականին տւած հարցազրոյցում Ազնաւուրը Ֆրանսիայում հայկական հարցի հետ կապւած լուրջ անհանգստութիւն է արտայայտել:
«Նախագահ Սարկոզին որոշակիօրէն ուրացել է ընտրութիւններին ժամանակ տւած խոստումներին: Նա ճիշտ չէ, քանի որ Ֆրանսիայի հայ համայնքը թուրքական համայնքի համեմատ ներկայացնում է մարդկանց զգալի քանակ: Հայ ժողովուրդը պատասխանատու է եւ համարձակ: Այն արիւնն է տւել իր երկրի համար: Առաջին անգամ եմ ես խօսում այս մասին, բայց եթէ նախագահը չփոխւի` ես կօգտւեմ նրա ձայներից, երբ գա ժամանակը», - յայտարարել է Ազնաւուրը:
Նա նշել է, որ Ֆրանսիայում առնւազն 400 000 - 500 000 Հայ կայ: «Հայկական ծագում ունեցող իւրաքանչիւր ֆրանսիացի կաջակցի ինձ: Եթէ այսպէս շարունակւի, ես ամբողջովին կնւիրւեմ այս գործին: Ես քաղաքականութեամբ չեմ զբաղւում, բայց ես ունեմ զգալի քաղաքական ուժ: Ես գիտեմ, որ վտանգում եմ իմ կեանքը` ասելով սա: Բայց իմ տարիքում, վերջիվերջոյ, ինչ է նշանակում կեանքը ռիսկի տակ դնել», - ամփոփել է 86-ամեայ Ազնաւուրը, որը Շւէյցարիայում Հայաստանի դեսպանն է:
Ազնաւուրն այս կերպ պատախանել է WikiLeaks հերթական բացայայտմանը, որի շնորհիւ հասարակութեանը յայտնի դարձաւ, որ Նիկոլա Սարկոզին Թուրքիային խոստացել է Օսմանեան կայսրութիւնում 1915-1917թթ. հայերի ցեղասպանութեան հերքման համար քրէական պատասխանատւութիւն սահմանող ֆրանսիական օրինագիծը «թաղել Սենատում»: Նախընտրական փուլում Սարկոզին ֆրանսահայերին խոստացել էր աջակցել օրինագծի ընդունման հարցում: Ֆրանսիայի հերթական նախագահական ընտրութիւնները 2012-ին են, եւ հնարաւոր է Սարկոզիի մասնակցութիւնը:
Նշենք, որ Ազնաւուրը վերջին շրջանում քաղաքական առաջնորդներին բազմաթիւ կոչեր է անում: Նախօրէին նա Իսրայէլին կոչ էր արել պաշտօնապէս ճանաչել 1915թ. Հայոց Ցեղասպանութիւնն Օսմանեան Թուրքիայում:
Յունւարի 23-ին Փարիզում Երուսաղեմի համալսարանի միջազգային մրցանակը ստանալիս Ազնաւուրը յայտարարել էր, որ միայն վերջին տարիներին է բացայայտւել Թուրքիայի «քարանձաւային հակասեմականութիւնը»: Ազնաւուրը յիշեցրել է, որ Թուրքիան մերձաւոր արեւելեան բոլոր հիմնախնդիրների վերաբերեալ որդեգրել է հակաիսրայէլական դիրքորոշում:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

ԹԱՒՐԻԶ -

ՀՕՄ-ի «Ծերունի Գասպարեան»

մանկապարտէզ-նախակրթարանի

ամանորեայ հանդէսը



Հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Եղիշէ ծ. վրդ. Մանճիկեանի, նախագահութեամբ թեմի Թեմական խորհրդի եւ նախաձեռնութեամբ ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի, թւականիս յունւարի 13-ին, երեկոյեան ժամը 8-ին, Թաւրիզի «Հ. Ոսկանեան» ազգ. սրահում, ներկայութեամբ Տ. Եղիշէ ծ. վրդ. Մանճիկեանի, Պատգ. ժողովի եւ Թեմական խորհրդի անդամների, Թաւրիզի ծխատէր Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի, ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչների եւ մանկական հանդէսներին սիրով մասնակցող հանդիսատեսների, տեղի ունեցաւ ՀՕՄ-ի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի ամանորեայ հանդէսը, որն սկսւեց Իրանի Իսլամական Հանրապետութեան հիմներգով:
Օրւայ հանդիսութեան սկզբում, յանուն ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութեան, բացման խօսքով արտայայտւեց նոյն վարչութեան նախագահուհի Անահիտ Մարգարեանը: Նա իր խօսքում շնորհաւորեց Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօները՝ բոլորին մաղթելով յաջողութիւններ: Տկն. Մարգարեանը իր խօսքում անդրադառնալով տօնական օրերին՝ մատնանշեց, որ այս օրերը երեւի լաւագոյն ժամանակներն են յետադարձ հայեացք ձգելու մեր անցնող տարւայ գործունէութեանը, թէ ինչ ձեռքբերումներ ու բացթողումներ ենք ունեցել եւ այս տարի առաւել եռանդով փորձենք հասնելու նոր յաջողութիւնների եւ շտկելու անցեալի թերութիւնները:
Նա իր խօսքն աւարտեց՝ շնորհակալութիւն յայտնելով բոլոր նրանց, ովքեր որեւէ կերպ օժանդակել էին օրւայ հանդիսութեան աշխատանքներին կամ էլ տարբեր առիթներով նեցուկ էին հանդիսացել ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութեանը:Բացման խօսքից յետոյ, երբ բացւեց բեմի վարագոյրը, ամանորեայ զարդարուն բեմում «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի փոքրիկ սաները Նարինէ Սայեադեանի «Եղեւնուն» երգով սկսեցին պարել եւ ուրախ-խանդավառ մթնոլորտ ստեղծել սրահում, իսկ հանդիսականները բուռն ծափերով ողջունեցին փոքրիկ աշակերտներին:
Այնուհետեւ ծրագրի հաղորդավար Նարինէ Սայեադեանը ողջունելով հանդիսատեսին՝ շնորհաւորեց 2011 թւականի սկսման կապակցութեամբ, ապա ներկայացրեց մանկապարտէզ-նախակրթարանի երգի ուսուցիչ Կարէն Սարգսեանին, որի նւագակցութեամբ էլ փոքրիկ աշակերտները հանդիսատեսին ներկայացան Նոր տարուն, Կաղանդ պապին եւ տօնածառին նւիրւած խմբերգերով ու մեներգութեամբ: Երգերին մէջընդմէջ փոքրիկները բեմ ելան նաեւ արտասանութիւններով:
Նրանք երբ երգեցին «Կաղանդ պապան ուշ է, ուշ է մնացել...», արտայայտեցին, թէ ի՜նչ անհամբերութեամբ են սպասում իրենց սիրելի Ձմեռ պապիկին, իսկ երբ այդքան սպասւած պապիկը, պարկը շալակին, սրահ մտաւ եւ բեմ բարձրացաւ, ծափերը արատայայտեցին մանուկների ուրախութիւնը, որը անմիջապէս տարածւեց նաեւ սրահում: Փոքրիկ աշակերտները պարեցին Ձմեռ պապիկի հետ, իսկ նոյն ժամանակ Նարինէ Սայեադեանը իր հիանալի մեներգութեամբ պահերը դարձրեց առաւել տօնական...
Մանկական հանդէսներին իրենց մասնակցութեամբ ու դերակատարութեամբ շունչ ու ոգի պարգեւող Նարինէ Սայեադեանը թէ՛ որպէս երգչուհի, եւ թէ՛ որպէս հաղորդավար եւ Առլէն Բադալեանը, որպէս Կաղանդ պապա, բուռն ծափերով գնահատւեցին հանդիսատեսի կողմից, իսկ ծրագրի վերջում բեմ հրաւիրւեց Տ. Եղիշէ ծ. վրդ. Մանճիկեանը: Հայր Սուրբը բարձր գնահատեց մանկական ամանորեայ այդ հանդէսը՝ շեշտելով, որ կարճ, սակայն բովանդակալից էր կազմակերպւած միջոցառումը, ուր երեւան եկան փոքրիկ աշակերտները՝ իրենց ամբողջ քաղցրութեամբ ու կարողութեամբ:
Հայր Սուրբը յատուկ շեշտադրում կատարեց հայ նոր սերունդներին լաւագոյնս կրթելու եւ դաստիարակելու կարեւորութեան վրայ՝ մատնանշելով, որ թէեւ քիչ են մեր փոքրիկները, սակայն քանակը չէ էականը: Մենք պէտք է մեր բոլոր ճիգերը լարենք այս սերունդի դաստիարակութեան ի խնդիր, քանի որ վաղը մեր ժողովրդին ղեկավարելու եւ պատասխանատւութիւններ ստանձնողները լինելու են հէնց այսօրւայ նոր սերունդը: Չպէտք է մոռանալ, որ մէկ հոգին էլ մեծ եւ ճակատագրական դերակատարութիւն է ունենում որեւէ ազգի կեանքում:
Տ. Եղիշէ ծ. վրդ. Մանճիկեանի խօսքից յետոյ՝ հանդիսութեան Ձմեռ պապիկը մնաս բարով ասելով թէ՛ փոքրիկներին, եւ թէ՛ աւագներին ու երէցներին թողեց սրահը, իսկ մանկապարտէզ-նախակրթարանի փոքրիկ աշակերտները ստացան ոմն բարերարի կողմից Նոր տարւայ առիթով իրենց համար գնւած նւէրները եւ ուրախ ու զւարթ հեռացան սրահից:
Այսպիսով՝ աւարտւեց ՀՕՄ-ի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի ամանորեայ հանդէսը:

ԹՂԹԱԿԻՑ
(ԹԱՒՐԻԶ)

«ԱԼԻՔ»

Պայթիւն Մոսկւայի «Դոմոդեդովոյ»
օդակայարանում

Կան զոհեր ու վիրաւորներ

(թարմացւում է, տեսանիւթեր)


18:26 • 24.01.11
Մոսկւայի «Դոմոդեդովո» օդանաւակայանում պայթիւն է տեղի ունեցել։ Ինչպէս յայտնում է РБК-ն՝ վկայակոչելով ՌԴ առողջապահութեան նախարարութեանը, այս պահին պաշտօնապէս զոհերի թիւը 31 է, վիրաւորներինը՝ 130։ 51 վիրաւոր հիւանդանոց են փոխադրւել, որից 35-ի վիճակը ծայրայեղ ծանր է։ 10 վիրաւորների վիճակը գնահատւում է միջին ծանրութեան։
Բլոգներում ինֆորմացիա է տարածւել, որ զոհերի թիւը մօտ 70 է։Իրաւապահ մարմինների աղբիւրը «Ինտերֆաքսին» յայտնել է, որ պայթիւնը տեղի է ունեցել միջազգային թռիչքների սրահում, որտեղ ազատ մուտք ու ելք են անում ոչ միայն ուղևորները։ Նախնական տւեալներով՝ տեղի ժամանակով ժամը 16։40-ին ռումբը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը։
Փաստի առթիւ յարուցւել է քրէական գործ ՌԴ ՔՕ 205 յօդւածի յատկանիշներով՝ ահաբեկութիւն։ Իրաւապահ մարմինների աղբիւրն «Ինտերֆաքսին» յայտնել է, որ ահաբեկութեանը մասնակցութեան կասկածանքով հետախուզում է յայտարարւել 3 անձանց նկատմամբ։ Կասկածեալները որոշ ժամանակ ապրել են Մոսկւայի շրջանում։
Իրաւապահ մարմինները երթադրում են, որ ահաբեկութիւնն իրականացրել են Հիւսիսայի Կովկասի տարածքում գործող զինեալները։ Ուժայինները նման եզրայանգման են եկել այն բանի հիման վրայ, որ ահաբեկութիւն իրականացրած մահապարտը նման է եղել հիւսիսկովկասցու։
Մոսկւայի ոստիկանութիւնն այս պահին ստուգումներ է իրականացնում մետրոյի կայարաններում և մարդաշատ վայրերում՝ հնարաւոր նոր պայթիւնները կանխելու նպատակով։
«Դոմոդեդովոյի» փոխարէն չւերթները կընդունի «Շերեմետևօ» օդակայանը։ Այժմ այնտեղ ուժեղացւել են անվտանգութեան միջոցառումները։ «Դոմոդեդովոն» շարունակում է չւերթներ ուղարկել։
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը պայթիւնի առնչութեամբ գլխաւոր դատախազութեան, տրանսպորտի նախարարութեան և Քննչական կոմիտէի մասնակցութեամբ արտակարգ խորհրդակցութիւն է հրաւիրել։
Tert.am

Տեսանիւթերը դիտէք.–

Իսրայէլցի զինւորականները թալանել

եւ սեռական ոտնձգութեան են

ենթարկել թուրքերին



Յունւար 24, 2011 17:18
Իսրայէլ զինւորականների կողմից նախորդ տարի թուրքական «Մաւի Մարմարա» նաւի դէմ իրականացւած գործողութիւնը հետաքննելու համար ՄԱԿ-ի պահանջով ստեղծւած հետաքննական յանձնաժողովի միջանկեալ զեկոյցում իսրայէլցի զինւորականների նկատմամբ ծանր մեղադրանքներ են տեղ գտել։
Թրքական «Անադոլու» գործակալութեան փոխանցմամբ՝ զեկոյցում նշւել է, որ Գազայի հատւած օգնութիւն տանող նաւերը ճանապարհ են ընկել՝ համապատասխան անվտանգութեան միջոցառումներից եւ անձնագրային ստուգումներից յետոյ։
Զեկոյցում ասւել է, որ օգնութիւն տանող նաւերի մօտ 600 ուղեւորները իսրայէլցի զինւորականների կողմից ենթարկւել են դաժան վերաբերմունքի, զրկւել ջրից, սննդից, զուգարան գնալու հնարաւորութիւնից։
«Նաւերի ուղեւորների տառապանքները շարունակւել է նաեւ Աշդոդի նաւահանգստում, որտեղ ուղեւորներին թողել են ձեռնաշղթաներով, խուզարկել եւ թալանել են։ Կին ուղեւորները իսրայէլցի տղամարդ զինւորականների կողմից ենթարկւել են ստորացուցիչ սեռական ոտնձգութեան։ Կին լրագրողներից մէկին այնպիսի խուզարկութեան են ենթարկել, որը հակասում է թէ՜ իրաւական, թէ՜ բարոյական սկզբունքներին»,-նշւել է զեկոյցում։ Նշենք, որ Իսրայէլը նախորդ օրը եւս հրապարակել էր ուսումնասիրութիւնը, որտեղ իրաւաչափ է համարւել իսրայէլցի զինւորականների գործողութիւնները։
Յիշեցնենք, որ 2010-ի մայիսի 31-ին Իսրայէլի զինւած ուժերը գործողութիւն են իրականացրել Գազայի հատւած օգնութիւն տանող նաւատորմի նկատմամբ, որի ընթացքում թուրքական «Մաւի Մարմարա» նաւի վրայ սպանւել է 9 թուրք։
Թուրքիան Իսրայէլից պահանջում է ներողութիւն խնդրել թուրք ժողովրդից եւ փոխհատուցել զոհւածների եւ վիրաւորների ընտանիքներին, ինչին իսրայէլական կողմը դէմ է արտայայտւում։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Շառլ Ազնաւուր.-


Թուրքիան վարակւած է «քարանձաւային

հակասեմիտիզմով»



Յունւար 24, 2011 10:43

Հռչակաւոր ֆրանսիացի շանսոնյէ Շառլ Ազնաւուրը Իսրայէլին կոչ է արել պաշտօնապէս ընդունել Հայոց Ցեղասպանութիւնը, հաղորդում է «Կոլ Իսրայէլ» ռադիոկայանը:
Ելոյթ ունենալով Երուսաղեմի համալսարանի միջազգային մրցանակի յանձնման արարողութեանը, որը կայացել է յունւարի 23-ին Փարիզում, Ազնաւուրը յայտարարել է, թէ միայն վերջին տարիներին է ի յայտ եկել Թուրքիայի «քարանձաւային հակասեմիտիզմը», եւ այդ երկիրը ակնյայտ հակամարդկային դիրք է զբաղեցրել բոլոր մերձաւորարեւելեան խնդիրներում, հաղորդում է Nashe.orbita.co.il-ը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Էրդողանի կուսակցութիւնն առաջիկայ

ընտրութիւններում Հայ թեկնածուներ է

առաջադրելու



Յունւար 24, 2011 00:02
Թուրքիայում 2011-ի յունիսի խորհրդարանական ընտրութիւններում 50 տարի անց կրկին պայքարի մէջ կմտնեն պատգամաւորի Հայ թեկնածուներ: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում յայտնեց Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի գլխաւոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը:
«Ակօս»-ի գլխաւոր խմբագիրն անդրադառնալով Թուրքիայում առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններին, նշեց, թէ խօսակցութիւններ կան, թէ այդ ընտրութիւններում Հայ թեկնածուներ են առաջադրւելու: «Ստամբուլի երեք ընտրատարածքներից մէկում, որտեղ ապրող հայերը մեծ թիւ են կազմում, հնարաւոր է մեծամասնական կարգով անկախ պատգամաւորի Հայ թեկնածու առաջադրւի: Անունները դեռ յստակ չեն, եւ ամէն ինչ յստակ դառնալու դէպքում այդ մասին կյայտարարւի»,-նշեց Ռոբեր Քոփթաշը:
Ըստ «Ակօս»-ի գլխաւոր խմբագրի՝ Էրդողանը պատրաստւում է իր կուսակցութեան կողմից եւս պատգամաւորի Հայ թեկնածուներ առաջադրել՝ փորձելով ցոյց տալ իր ուշադրութիւնը ազգային փոքրամասնութիւնների նկատմամբ եւ աւել քւէներ ստանալ:
Անդրադառնալով Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման ձախողւած փորձին, Ռոբեր Քոփթաշը յոյս յայտնեց, որ այն 2011-ի յունիսի խորհրդարանական ընտրութիւններից յետոյ կվերսկսւի: «Թուրքական իշխանութիւնները չէին սպասում, որ Հայ-թրքական արձանագրութիւնների ստորագրումը նման բուռն հակազդեցութիւն առաջ կբերի Ադրբեջանի եւ թուրք ազգայնականների մօտ: Սա տեսնելով, Էրդողանն ընթացք չտւեց Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին, քանի որ նրա համար շատ կարեւոր է ներքին քաղաքական իրավիճակը եւ իր կուսակցութեան վարկանիշը»,-շեշտեց «Ակօս»-ի խմբագիրը:
Ռոբեր Քոփթաշն անտեղի համարեց միտքը, թէ Էրդողանը Թուրքիան տանում է իսլամացման ճանապարհով: «Ոչ, նման բան հնարաւոր չէ: Ալկոհոլի օգտագործման սահմանափակման մասին նրա վերջին յայտարարութիւնների պէս յայտարարութիւններ ամբողջ աշխարհում էլ հնչում են: Դուք Ստամբուլի փողոցներում շրջել եւ տեսել էք, թէ ինչպէս են հագնւում եւ ապրում այսօրւայ թուրքերը, այնպէս որ վերադարձը իսլամին՝ հաւանական չէ: Էրդողանը քաջ գիտակցում է դա եւ չի դիմի նման քայլի»,-ընգծեց Ռոբեր Քոփթաշը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

خروج ايران‌چك‌هاي 100 هزار توماني از پنجم بهمن



Դիտել Պարսկերէն Բաժնում.–

Wikileaks:

Ադրբեջանը հերօինի տարանցման երկիր է


Յունւար 23, 2011 02:03
Ադրբեջանն Իրանից Եւրոպա հերօինի առաքման տարանցիկ երկիր է: Թմրանիւթերի տարանցումն ապշեցնող աճ է ունեցել, գրում է իրանալեզու Parsdailynews կայքը` յղում անելով Wikileaks-ի հրապարակումներին:
2009թ. յունիսի 12-ին այդ տեղեկութիւնները ՄԱԿ-ի Թմրանիւթերի դէմ պայքարի բաժին է փոխանցել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը, գրում է Analitika.at.ua-ն:
Դեսպատան հաղորդագրութեան մէջ ասւել է.
«Ադրբեջանի մաքսային ծառայութիւնը թմրանիւթերի ապօրինի շրջանառութեան դէմ պայքարի համար չի ձեռնարկում բաւարար քայլեր: Ադրբեջանցի մաքսայինները կամ ի վիճակի չեն դա անել, կամ չեն ցանկանում ստուգել երկիր մտնող աւտո–տրանսպորտը: 2006-ին Ադրբեջանի մաքսայիններն առգրաւել են ընդամէնը 20 կիլոգրամ հերօին: Նախկինում Եւրոպա առաքւող թմրանիւթի տարանցման երկիրը Թուրքիան էր, սակայն քուրդ ապստամբների եւ թուրքական բանակի բախումների պատճառով մաքսանենգները տարանցման երկիր են դարձրել Ադրբեջանը»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Գիւլը ԵԽԽՎ-ի ամբիոնից կխօսի

Հայ-թրքական գործընթացի մասին



13:19 • 23.01.11
Յունւարի 24-26-ը տեղի է ունենալու Եւրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) այս տարւայ առաջին լիագումար նիստը, որին հրաւիրւած է նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլը:
Թուրքական Sabah օրաթերթի փոխանցմամբ` ԵԽԽՎ լիագումար նիստի շրջանակում Աբդուլլահ Գիւլը հանդէս է գալու ելոյթով, որից յետոյ պատասխանելու է եւրախորհրդարանականների` Հայկական և քրդական հարցերին, կիպրական հիմնախնդրին, թուրքական արտաքին քաղաքականութեանն ու Թուրքիային առնչւող մի շարք խնդիրների վերաբերեալ հարցերին:
Բացի այդ, զեկոյցով հանդէս կգայ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դաւութօղլուն, ով կներկայացնի Թուրքիայի կողմից Եւրոպայի խորհրդի Նախարարների կոմիտէի նախագահութիւնը ստանձնելուց ի վեր իրականացւած միջոցառումները:
ԵԽԽՎ նստաշրջանին յատուկ հրաւիրեալի կարգավիճակով ներկայ են գտնւելու նաև Ռումինիայի ու Սերբիայի նախագահները և Ալբանիայի վարչապետը:
Յիշեցնենք, որ 2007թ. Աբդուլլահ Գիւլը ելոյթով հանդէս էր եկել ԵԽԽՎ լիագումար նիստում, որի ընթացքում խօսել էր քրդական հարցի, Թուրքիայում կանանց իրաւունքների և «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանութեան մասին:


Tert.am

Ուրմիայի հայոց ազգ. «Նայիրի»

մանկապարտէզի ամանորեայ հանդէսը

ՀՕՄ-ի հովանաւորութեան տակ գտնւող Ուրմիայի հայոց ազգ. «Նայիրի» մանկապարտէզի սաները, 2010 թ. չորեքշաբթի, դեկտ. 29-ի երեկոյեան ժամը 4։30-ին, Ուրմիայի հայոց ազգ. «Արամ Մանուկեան» սրահում, շրջանում ուրախ մթնոլորտի բացումը կատարեցին ամանորեայ հանդէսով եւ Ձմեռ պապիկի դիմաւորման ծրագրով՝ նախագահութեամբ Ուրմիայի հոգեւոր հովիւ Տ. Ստեփանոս վրդ. Փաշայեանի, ներկայութեամբ Ուրմիայի Պատգամաւորական կազմի, Գործակալական խորհրդի, ինչպէս նաեւ Հայ օգնութեան միութեան վարչութեան անդամ-անդամուհիների, ծնողների, սաների եւ հոծ բազմութեան։
Ելոյթը, որ պատրաստւել էր մանկապարտէզի ուսուցչուհի Օֆելիա Սայեադեանի ջանքերով, պաշտօնապէս սկսւեց բացման խօսքի փոխանցմամբ՝ յիշեալի միջոցով։ Ծրագրի անդրանիկ բաժնում նորածաղիկների միջոցով տեղի ունեցաւ աղօթք։ Ծրագիրը բաղկացած էր արջի ու եղեւնիների մասին բեմադրութիւնից, մեներգից, խմբերգերից ու պարերից։
Ծրագրի շարունակութեամբ հանդէսին ներկայ գտնւելով՝ Ձմեռ պապիկը առաւել ճոխացրեց ու զարդարեց բեմը։ Ծրագրի աւարտին բեմ հրաւիրւեց ՀՕՄ-ի նախագահուհի Սեդա Մեջլումեանը, որը ներկաներին ուղղեց օրւայ խօսքը եւ ջերմ շնորհաւորանքները, ապա իր հերթին բեմ հրաւիրւեց Ուրմիայի հոգեւոր հովիւ Տ. Ստեփանոս վրդ. Փաշայեանը։
Հայր Սուրբը շնորհաւորելով ու բարձր գնահատելով սաների կատարած իւրաքանչիւր արարքը՝ բոլորին նախապէս շնորհաւորեց եւ մաղթեց, որ առաջիկայ տարին լինի առաւել բարգաւաճ տարի, յատկապէս՝ շրջանում, եւ իր հետ աշխարհին բերի խաղաղութիւն, արեւշատ ու բախտաւոր օրեր եւ բոլորին իղձերի իրականացում պարգեւի։ Հայր Սուրբը ծնողներին յիշեցրեց, որ առաջիկայ տարին իւրաքանչիւր ծնող պարտականութիւն ու պարտաւորութիւն ունի իր զաւակին առաւել եւս ուշադրութիւն դարձնել՝ հայկական օջախներում դաստիարակելով, մանաւանդ երբ յիշեցրեց Կիլիկիոյ Ս. Աթոռի գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի հայրապետական պատգամը՝ 2011 տարին հռչակելով որպէս ՀԱՅ ՄԱՆՈՒԿԻ ՏԱՐԻ։
Աւարտին «Պահպանիչ»-ով փակւեց միջոցառումը։Վերջում երեխաները Ձմեռ պապիկից ստացան իրենց նւէրները եւ բոլոր հիւրերը շատ ուրախ ու բարձր տրամադրութեամբ թողեցին սրահը։
«ԱԼԻՔ»

Սփիւռքահայերին կոչ կարւի`

«Ներդրումներ չկատարել Հայաստանում

օտարալեզու դպրոցների բացման գործում»



12:04 • 21.01.11
«Մենք դէմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնութիւնը պատրաստւում է շարունակել իր գործունէութիւնը երեք ուղղութիւններով այն բանից յետոյ, երբ Սերժ Սարգսեանը ստորագրեց Ազգային ժողովի ընդունած «Լեզւի մասին» ՀՀ օրէնքում լրացում կատարելու մասին և «Հանրակրթութեան մասին» օրէնքները, որոնք նախատեսում են Հայաստանում օտարալեզու դպրոցների բացում։
Ինչպէս Tert.am–ի հետ զրոյցում ասաց նախաձեռնութեան անդամ Արամ Ապատեանը, նախաձեռնութեան պայքարի առաջին ուղղութիւնն այն է, որ իրենք պատրաստւում են բողոքարկել յիշեալ օրէնքների օրինականութեան ու համապատասխանութեան հարցը թէ՛ Հայաստանի, թէ՛ միջազգային օրէնքներին։ Արամ Ապատյանի խօսքով՝ յիշեալ օրէնքները չեն համապատասխանում Հայաստանի Անկախութեան հռչակագրին, որտեղ շեշտւում է կրթութիւնը հայերէնով կազմակերպելու սահմանումը։ Նրա խօսքով՝ տւեալ օրէնքները հակասում են նաև ՄԱԿ–ի կոնվենցիային։
«Երկրորդ ուղղութիւնը, որի հետ կապւած մենք կշարունակենք մեր աշխատանքները կապւած են այլ պետութիւնների հետ։ Մենք նախատեսում ենք դիմել այլ պետութիւնների կառավարութիւններին՝ կոչ անելով օտարալեզու դպրոցների բացման փոխարէն քայլեր ձեռնարկել մեր երկրում իրենց լեզուների դասաւանդման մակարդակն ու որակը բարձրացնելու ուղղութեամբ»,– նշեց Արամ Ապատեանը։
Երրորդ տարբերակը, ինչի մասին մտածում է «Մենք դէմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնութիւնը, կապւած է Սփիւռքի հետ։ Նրանք պատրաստւում են դիմել սփիւռքահայերին՝ կոչ անելով ներդրումներ չկատարել մեր երկրում մասնաւոր օտարալեզու դպրոցների բացման գործում։
Ինչ վերաբերում է հրապարակային ակցիաներին և գործողութիւններին, նախաձեռնութիւնը մօտ ժամանակներս նման բան չի նախատեսում, բայցև չի բացառում։ «Հրապարակային միջոցառումներ մենք անում ենք ըստ անհրաժեշտութեան և եթէ հարկ լինի, նաև նման միջոցառումներ կկազմակերպենք»,– ասաց նա։

Tert.am

Սաակաշվիլին հայերին խորհուրդ է

տալիս խօսել անգլերէն !!!



16:48 • 22.01.11
Այսօր «Սինոփսիս Արմենիա» ընկերութիւնում հայ-վրացական առաջին աշակերտական առարկայական օլիմպիադայի յաղթողներին պարգևատրելուց յետոյ աշխատանքային այցով Երևանում գտնւող Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սկսեց խօսել վրացերէն։
Նա շտապեց տեղեկացնել՝ Վրաստանում առաջին օտար լեզուն արդէն անգլերէնն է։ «Նման պոտենցիալ կա նաև Հայաստանում։ Ես համոզւած եմ, որ անպայման պէտք է խօսենք մեր մայրենի լեզւով, բայց պէտք է սովորենք նաև օտար լեզու»,- նշեց նա։
Սաակաշվիլին խորհուրդ տւեց կարևորել անգլերէնը՝ նշելով, որ տեղեկատւական տեխնոլոգիաների լեզուն հէնց անգլերէնն է։
Սաակաշվիլիի ելոյթը յաջորդել էր ՀՀ կրթութեան և գիտութեան նախարար Արմէն Աշօտեանի ելոյթին, ով խօսել էր ռուսերէն։ Սաակաշվիլիի ելոյթից յետոյ Սերժ Սարգսեանը խօսեց հայերէն։

Tert.am

نظرات فقهي درباره حجاب، كروات و رنگ لباس بانوان



وظيفه حکومت إسلامي دربارة حجاب غير مسلمانان

(ذمّي و غيرذمّي و مهمان به کشور) چيست؟

Դիտել Պարսկերէն Բաժնում.–

«Անի» միութեան 30-ամեակի

տօնակատարութիւն

Հինգշաբթի, յունւա րի 13-ի երեկոյեան, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում, նշւեց «Հայ կին» միութեան կից Թեհրանի Սարդարապատ (Հեշմաթիէ) քաղաքամասում գործող «Անի» միութեան հիմնադրութեան եւ գործունէութեան 30-ամեայ յոբելեանը:
Յոբելեանական միջոցառմանը ներկայ էին՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանը, դեսպանութեան խորհրդական Սուրէն Գասպարեանը, Իրանի Հայ Կաթողիկէ Եկեղեցու առաջնորդ Տ. Նշան արք. Գարաքեհէեանը, Իրանի Հայ Աւետարանական Եկեղեցու հոգեւոր հովիւ Վեր. Սերգէյ Շահվերդեանը, Սարդարապատ քաղաքամասի ծխատէր Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ու Թեմական խորհրդի եւ միութիւնների ներկայացուցիչներ, վերջերս կայացած հոգեւոր եւ կոմիտասեան երգերի համերգի կատարողներ՝ Գէորգ աւ. սրկ. Հաճեանն ու Տաթեւիկ Արթինեանը եւ այլ հրաւիրեալներ:
Ծրագրի սկզբում ցուցադրւեց «Անի» միութեան 30-ամեայ գործունէութիւնը ներկայացնող տեսաժապաւէն, որից յետոյ միութեան նախագահուհի Նազիկ Մանասեանը հակիրճ կերպով ներկայացրեց միութեան նպատակներն ու 30-ամեայ անցած ուղին: Ձեռնարկի գեղարւեստական բաժնում նախ «Էլեգիա», «Ալագեազ», «Ախ Նարօ» եւ «Արցախ» պարերով ելոյթ ունեցան Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան յարկի տակ գործող «Ակունք» պարախմբի սաները՝ Կարինէ Մանուչերեանի գեղարւեստական ղեկավարութեամբ, այնուհետեւ Հ. Մ. «Սիփան» միութեան «Նոր դար» ասմունքի խումբը, Անժէլ Մինասեանի ղեկավարութեամբ, երաժշտութեան համադրութեամբ, հանդէս եկաւ հայոց լեզւին վերաբերող ասմունքների շարանով, «Կռունկ, բարով դառնաս», «Արցախեան ղօղանջներ», «Հայաստան» ու «Հայուհի» խմբերգերով ելոյթ ունեցաւ «Հայ կին» միութեան կից «Անահիտ» միութեան «Զւարթնոց» երգչախումբը՝ Էդիկ Թամրազեանի ղեկավարութեամբ. վերջին երգը՝ ղեկավարի մեներգութեամբ:
«Իմ Անի» երգը կատարեցին երգչախմբի մեներգիչներ՝ Էմինէ Մելքոմը, Էլենա Շահնազարեանը, Անիտա Մանուկեանը եւ Անի Նարթինեանը:Գեղարւեստական բաժինը եզրափակւեց Անիա Շիրւանեանի դաշնամուրային կատարումով, որը նւագեց Շոպէնի համար երկու վալսը եւ Մոցարտի ռէ մինոր ֆանտազիան: Գեղարւեստական կատարումներին մէջընդմէջ իրանահայ բանաստեղծներ՝ Ալմինի եւ Էլսօ Գարեանի «Անի» միութեան 30-ամեայ յոբելեանին ձօնած բանաստեղծութիւններն ասմունքեցին հերթաբար՝ Մինէ Նազարեանը եւ Աննա Զարգարեանը:
Միջոցառման ընթացքում հաղորդավարներ՝ Արգին Արիստակէսեանի եւ Աննա Զարգարեանի միջոցով ընթերցւեցին օրւայ թեմային համապատասխան գեղարւեստական տեքստեր, որոնք պատկանում էին բանաստեղծ Ալմինի գրչին: Ընթերցւեցին նաեւ միութեան 30-ամեայ յոբելեանի առթիւ յղւած ուղերձներին մի քանիսը:
Միջոցառման վերջում իր օրհնութեան ու շնորհաւորական խօսքն ասաց Սրբազան Հայրը՝ բարձր գնահատելով «Անի» միութեան 30 տարիների օրհնաբեր գործունէութիւնը՝ իրանահայ համայնքում, ի մասնաւորի՝ Սարդարապատ քաղաքամասում:Ծրագրի աւարտին տեղի ունեցաւ ընդունելութիւն, որի ընթացքում հատւեց միութեան 30-ամեակի տորթը:

ԹՂԹԱԿԻՑ՝ Ա. Դ.
«ԱԼԻՔ»

Ամենայն Հայոց Կաթողիկոսը

վիրահատւել է.

Հեռացւել է նրա լեղապարկը



Յունւար 22, 2011 11:20
Օրերս ԱՄՆ Նիւ Եորք քաղաքում վիրահատութեան է ենթարկւել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդը։ Լապարոսկոպիկ մեթոդով հեռացւել է նրա լեղապարկը։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատական համակարգի ղեկավար Տէր Վահրամ քահանայ Մելիքեանը։
Նա նաեւ յայտնեց, որ վիրահատութիւնից մի քանի ժամ անց Վեհափառը եղել է աշխատունակ վիճակում։ Երէկ Գարեգին Բ-ն նախագահել է Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արեւելեան թեմի թեմական խորհրդի նիստը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

طرح جديد زوج و فرد خودروها در

هفته جاري اجرايي مي‌شود

Դիտել՝ Պարսկերէն Բաժնում.–

http://vartandav.blogspot.com/2011/01/blog-post_5975.html

Հայաստանում հաւերն աւելի շատակեր են,

քան արտասահմանում



Յունւար 22, 2011 00:28
2010 թ. 9 ամսում Հայաստան է ներկրւել 26 հազար տոննայ թռչնի միս։ Նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածի համեմատ թռչնի մսի ներկրումն աւելացել է մօտ 24 տոկոսով։
Սակայն այստեղ կարեւոր է ուրիշ հանգամանք։ Թէեւ Հայաստանում խոշոր թռչնաբուծական տնտեսութիւններ կան, սակայն թռչնի մսի պահանջարկի երկու երրորդը բաւարարւում է ներմուծման հաշւին։ Նշենք, որ ըստ Ազգային վիճակագրութեան կազմած պարէնային հաշւեկշռի՝ տարեկան մեր երկրում սպառւում է մօտ 40 հազար տոննայ թռչնի միս։
Սա հէնց այն բնագաւառներից մէկն է, որտեղ տեղական արտադրութեան հաշւին կարելի է փոխարինել ներմուծումը։ Ի՞նչն է ուրեմն խանգարում մեր արտադրողներին՝ բաւարարել թռչնի մսի նկատմամբ տեղական պահանջարկը։
Հիմնական խոչընդոտներից մէկը ներմուծւող թռչնամսի ցածր ինքնարժէքն է։ Ըստ հայրենական արտադրողների միութեան նախագահ Վազգէն Սաֆարեանի ներկայացրած տւեալների՝ ներմուծւող հաւի մսի ինքնարժէքը 400 դրամ է՝ 1 կիլոգրամի համար, այնինչ տեղական արտադրութեան հաւի մսի ինքնարժէքը 1000 դրամից աւելի է։
Սաֆարեանն իր այդ տեղեկութիւնները ստացել է անմիջապէս արտադրողներից։ Թէ որքանո՞վ դրանք օբյէկտիւ են՝ դժւար է ասել։ Թռչնաբուծական տնտեսութիւնները մսի ինքնարժէքի թանկութիւնը բացատրում են կերի թանկացմամբ, որը նոյնպէս ներմուծւում է։ Բայց դա այնքան էլ համոզիչ բացատրութիւն չէ, քանի որ բրազիլիական թռչնաֆաբրիկաներում հաւերին հաստատ սոված չեն թողնում, իսկ բրազիլական հաւի միսը 2 անգամ էժան է հայկականի համեմատ։
Հնարաւոր է՝ հայկական թռչնաֆաբրիկաները տուժում են այն պատճառով, որ կերային յաւելումներ չեն օգտագործում։ Սա կարեւոր հանգամանք է, քանի որ Հայաստանն այն փոքրաթիւ երկրներից է, որտեղ դեռ կարելի է հանդիպել «բնական» կէրով սնւած հաւերի։ Սա ինչ որ չափով արդարացնում է այն գնային տարբերութիւնը, որն առկայ է ներմուծւած եւ տեղական թռչնամսի միջեւ։
Հնարաւոր է՝ հայկական արտադրութեան թռչնամիսն աւելի էժանանայ, եթէ թռչնակերի արտադրութիւնը կազմակերպւի անմիջապէս Հայաստանում։ Դա միանգամայն հնարաւոր է, պարզապէս գիւղացիները շահագրգռւած չեն կերաբոյսերի մշակմամբ՝ ցածր արժէքի պատճառով։ Թէեւ նշենք, որ թռչնակերը հանդիսանում է մի շարք կերային բաղադրիչների խառնուրդ։
Աշխարհում թռչնակերի արտադրութեան բիզնեսը շատ զարգացած է։ Միայն զարմանալ կարելի է, որ Հայաստանում, որտեղ 5 խոշոր թռչնաֆաբրիկաներ կան, թռչնակերի արտադրութեան ոչ մի գործարան գոյութիւն չունի։ Դրա առկայութիւնը մեզ նաեւ կապահովագրի անորակ ու գենետիկօրէն մոդիֆիկացւած թռչնակերի օգտագործումից։

Սամւէլ Աւագեան
Լուրեր Հայաստանից - NEWS.am

Չեղեալ է համարւել Երեւան-Ստամբուլ

աւտոբուսային ուղերթների մեծ մասը



Յունւար 22, 2011 00:04
Աւտոբուսների մեծ մասը, որոնք շաբաթական մէկ անգամ (ամէն շաբաթ օր) ուղեւորներ ու բեռներ են տեղափոխում Հայաստանից Թուրքիա եւ Թուրքիայից Հայաստան, այս շաբաթ դուրս չեն գայ Երեւանից: Երեւան-Ստամբուլ ուղերթների չեղեալ համարումը կապւած է Թուրքիայից Հայաստան բեռնափոխադրումների մաքսային ծախսերի բարձրացմամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին յայտնել են բեռնափոխադրում իրականացնող ընկերութիւններում:
Ընկերութիւններից մէկում մեզ նոյնիսկ խորհուրդ տւեցին հետաձգել Ստամբուլ մեկնելը մէկ շաբաթով, որի ընթացքում պարզ կդառնայ, թէ որքան կկազմեն Թուրքիայից ներկրւող հագուստի մաքսային ծախսերը:
Բեռնափոխադրումներ իրականացնող մէկ այլ ընկերութիւնում մեզ ասացին, որ յունւարի 22-ին Թուրքիա աւտոբուս չի մեկնի, քանի որ ընդամէնը մի քանի առեւտրական են ցանկութիւն յայտնել մեկնել Ստամբուլ, սակայն եթէ անհրաժեշտ լինի, իրենք կարող են կազմակերպել մեր մեկնումը մեկ այլ ընկերութեան աւտոբուսով:
«Առեւտրականներն ուղղակի սպասում են մաքսային ծառայութիւնների վերջնական որոշմանը, սակայն եթէ դուք անպայման ցանկանում էք Թուրքիա հասնել, մենք կարող ենք դա կազմակերպել, թէեւ խորհուրդ չենք տալիս դա, եթէ, իհարկէ, մեկնում էք առեւտրի նպատակով»,- ասացին ընկերութիւնում:
Աւելի վաղ NEWS.am-ը յայտնել է, որ յունւարի 16-ից կրկնակի թանկացել են Թուրքիայից Հայաստան բեռնափոխադրումների ծախսերը: Դա պայմանաւորւած է բացառապէս Հայաստանի մաքսային ծառայութիւնների կողմից առաջ քաշւած պահանջներով:
Նշենք, որ առանց մաքսազերծման բեռները Ստամբուլից Հայաստան են գալիս 0,2 դոլարով մէկ կիլուգրամի-ի համար: Այսինքն բեռնափոխադրողները, ովքեր մաքսազերծում չեն անում, 17-18 տոննայ տեղափոխող մէկ բեռնատարի համար պահանջում են ընդամէնը 3500-4500 դոլար:
Այսպիսով, ստացւում է, որ Ստամբուլից Երեւան տեղափոխւող բեռի ծախսերի մէջ 97 տոկոսը կազմում են մաքսային ծախսերը: Բացի այդ, «Արարատեան» մաքսակէտում ներկայումս պարտադրում են բեռնատարներին ամբողջութեան թափել բեռը եւ առանձին առանձին մաքսազերծում իրականացել:
Յիշեցնենք, որ Հայ առեւտրականները յունւարի 17-ին բողոքի ակցիայ են անցկացրել Ստամբուլում, իսկ յունյարի 19-ին՝ արդէն Երեւանում:

Լուրեր Հայաստանից - NEWS.am


Չախալեանի պաշտպանութեան յանձնախումբը

կոչ է անում նախագահներին լուծել

ջաւախքահայ գործչի խնդիրը


«Վահագն Չախալեանը այն ջաւախքահայ գործիչներից է, որը հետևողականօրէն հանդէս է գալիս վրաց իշխանութիւնների կողմից ջաւախքահայութեան նկատմամբ իրականացւող խտրական քաղաքականութեան դէմ»




18:00 • 21.01.11
Վահագն Չախալեանի պաշտպանութեան յանձնախումբը յայտարարութիւն է տարածել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ Հայաստան կատարելիք այցի կապակցութեամբ:
«2008թ. յուլիսի 21-ին վրացական իշխանութիւնների կողմից Ախալքալաքում ձերբակալւել է ջաւախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալեանը: 2009թ. ապրիլի 7-ին Վրաստանի առաջին ատեանի դատարանը ակնյայտ օրինախախտումներով ուղեկցւող դատավարութեան արդիւնքում դատապարտել է նրան 10 տարւայ ազատազրկման մի շարք շինծու մեղադրանքներով, որոնք ուղղակիօրէն առնչւում են Ջաւախքի Հայ բնակչութեան իրաւունքների պաշտպանութեանն ուղղւած նրա քաղաքական և հասարակական գործունէութեանը: Վրաստանի Վերաքննիչ և Գերագոյն դատարանները թողել են վճիռն անփոփոխ:
Վահագն Չախալեանը այն ջաւախքահայ գործիչներից է, որը հետևողականօրէն հանդէս է գալիս վրաց իշխանութիւնների կողմից ջաւախքահայութեան նկատմամբ իրականացւող խտրական քաղաքականութեան դէմ: Թէև նրա հանրային գործունէութիւնն ընթանում էր բացառապէս օրինականութեան սահմաններում, սակայն ժողովրդի մէջ նրա հեղինակութիւնը և անկախ ու անկաշառ գործչի նրա համբաւը ստիպեցին վրաց իշխանութիւններին կազմակերպել նրա չեզոքացման գործողութիւնը, որի արդիւնքում նա այսօր բանտում է:
Սոյն թւականի յունւարի 22-ին պաշտօնական այցով Հայաստան է ժամանում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Վահագն Չախալեանի պաշտպանութեան մտաւորականների յանձնախումբը կոչ է անում Հայաստանի և Վրաստանի նախագահներին քննարկել և արդարացի լուծում տալ Վահագն Չախալեանի խնդրին` անյապաղ նրան ազատ արձակելով»,- ասւում է յայտարարութիւնում:
Յայտարարութիւնը ստորագրել են Վահագն Չախալեանի պաշտպանութեան մտաւորականների յանձնախմբի անդամներ Ալէք Ենիգոմշեանը, Երւանդ Մանարգանը, Լևոն Խեչոեանը, Կարինէ Խոդիկեանը, Աշօտ Ադամեանը, Տիգրան Խզմալեանը։



Tert.am

Ադրբեջանը կրկին կրակում է Ղարաբաղի վրայ

Կան զոհեր

«Ադրբեջանական կողմի կորուստներն

աւելի մեծ են»



Յունւար 21, 2011 11:23
Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինւած ուժերի շփման գծում՝ սահմանի հարաւային ուղղութեամբ յունւարի 20-ին հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրւել ադրբեջանական կողմից:
Տեղական ժամանակով ժամը 10-ին Հորադիզի շրջանում ադրբեջանական կողմը սկսել է կրակել հայկական դիրքերի վրայ, արդիւնքում զոհւել է ԼՂՀ Պաշտպանութեան Բանակի զինծառայող Յովիկ Մկրտիչի Սուքիասեանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրուցում յայտնել է ԼՂՀ պաշտպանութեան բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթեանը:
ԼՂՀ Պաշտպատութեան Բանակի համարժէք պատասխանից յետոյ ադրբեջանական կողմը դադարեցրել է գնդակոծութիւնը: Նախնական տեղեկութիւններով, ադրբեջանական կողմի կորուստներն աւելի մեծ են: Միջադէպի հանգամանքները պարզւում են:

Լուրեր Հայաստանից - NEWS.am


RSF.–

Օրհան Փամուքի Սրի Լանկա կատարելիք

այցը մտահոգիչ է


09:39 • 21.01.11
«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպութիւնը յայտարարութիւն է տարածել՝ քննադատելով բոլոր այն գրողներին, ովքեր պատրաստւում են մասնակցել Սրի Լանկայում կայանալիք գրականութեան փառատօնին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Zaman օրաթերթը։
«Սրի Լանկայում մեծ թւով գրողներ, լրագրողներ և ընդդիմադիրներ ենթարկւում են բռնութիւնների։ Այն դէպքում, երբ այդ երկրում օրէցօր մեծանում են խօսքի ազատութեան դէմ ուղղւած ճնշումները, ուղղակի մտահոգիչ է Փամուքի և միւս օտարերկրեայ գրողների՝ այդ փառատօնին մասնակցելու որոշումը»,– նշւում է յայտարարութիւնում։
Նշենք, որ Յունւարի 26–ին Սրի Լանկայում տեղի է ունենալու գրականութեան փառատօն, որին մասնակցելու են 10 օտարերկրեայ գրողներ, այդ թւում՝ Նոբելեան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուքը։

Tert.am