Monday, August 31, 2009

Քննադատում են ամերիկեան դատարանի վճիռը


Երեւան (Երկիր) - ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի ատենապետ Քէն Խաչիկեանը օգոստոսի 25-ին նամակ է յղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` կոչ անելով, որ նախագահը դատապարտի 9-րդ շրջանի դաշնային վերաքննիչ դատարանի` օգոստոսի 20-ի այն վճիռը, որը բեկանում է Հայոց ցեղասպանութեան զոհերի ժառանգների կողմից իրենց անտեսւած իրաւունքներին վերատիրանալու համար օտար ընկերութիւնների դէմ դատական գործեր յարուցելու` Կալիֆոռնիայի նահանգային օրէնքը:

Այդ վճիռը կայացնելով` դատարանը պնդել է, որ Կալիֆոռնիայի նահանգային դատարանները չեն կարող դատական նման գործերով զբաղւել, որովհետեւ Միացեալ Նահանգների կառավարութիւնը պաշտօնապէս որպէս ցեղասպանութիւն չի ճանաչել 1915 թ. հայկական ջարդերը Օսմանեան կայսրութիւնում, տեղեկացնում է ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտեի հանրային կապի գրասենեակը:
Յիշեցնենք, որ Կալիֆոռնիայի նահանգային դատարանը 2000 թւականին Հայոց ցեղասպանութեան զոհերի ժառանգներին իրաւունք էր տւել, որ դատական գործ յարուցեն գերմանական 3 ապահովագրական ընկերութիւնների դէմ:
ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի ատենապետ Վիգէն Սոնենց-Փափազեանը դատարանի որոշումը բնութագրել է որպէս ամերիկահայութեանն ուղղւած անարգանք եւ յայտարարել, որ եթէ վճիռն անփոփոխ մնայ, ապա դա կը համարւի աջակցութիւն Հայոց ցեղասպանութիւնը ուրանալու` Թուրքիայի կառավարութեան ջանքերին:


ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղարը գովեստներ է շռայլում Թուրքիայի եւ նրա հօր հասցէին՝ մօռանալով նրա ով լինելը


21:10 / 28.08.2009

Թուրքիայում երկօրեայ այցով գտնւող ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսէնը այցելել է Աթաթուրքի դամբարան։ Այս մասին յայտնում է թուրքական CNNturk-ը։
Ռասմուսէնը Աթաթուրքի դամբարանին ծաղկեպսակ դնելով յարգանքի րոպեից յետոյ, դամբարանի յատուկ յուշատետրում հետեւեալ գրառումն է թողել. «Այստեղ, որպէս ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար, Աթաթուրքի հանդէպ յարգանքս ուղղելով հպարտութիւն եմ զգում։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան Աթաթուրքի „աշխարհում խաղաղութիւն“ սկզբունքի վրայ առանց հոգնելու աշխատելով՝ ծառայութիւն է իրականացնում»,- յուշամատեանում գրել է ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Ռասմուսենը։
Ռասմուսենը այնուհետ հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ, որից յետոյ մեկնել Անկարայից։
NEWS.am-ը յիշեցնում է, որ ընդամենը վերջերս, ՆԱՏՕ-ի նոր գլխաւոր քարտուղարի ընտրութիւնների ժամանակ, ընդհուպ մինչեւ վերջնական քւէարկութիւնը, Թուրքիան բացայայտ դէմ էր Ֆոգ Ռասմուսենի թեկնածութեանը՝ համարելով նրան իսլամի հակառակորդ։

ԹԵՀՐԱՆՈՒՄ ՀՐԱՏԱՐԱԿՒԱԾ ԱՅՍՕՐՒԱՅ՝ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ՕԳՈՍՏՈՍ 31 Ի ՕՐԱԹԵՐԹԵՐԸ
(Դիտել Պարսկերէն բաժնում)

ՎԵՐՋԻՆ ԽԱՐՈՅԿԱՀԱՆԴԷՍՈՎ ԿԱՒԱՐՏՒԵՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԲԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ


Վաղը ՀՅԴ Երիտասարդական Միութեան կենտրոնական վարչութեան կազմակերպած ամենամեայ բանակումների վերջին օրն է: Իսկ այսօր Դիլիջանում անցկացւող բանակումների վերջին` 8-րդ խմբի անդամներն անցկացնում էին բանակումներում իրենց նախավերջին օրը:
Բանակումների 8-րդ խումբը բաժանւած է 12 խմբերի և այդ խմբերի երիտասարդները բացի հայրենասիրական, գաղափարական, դաստիարակչական, կարգապահական ծրագրերից բանակումների ընթացքում նաև խիստ հետևում են կարգ ու կանոնին. այսպէս` ճամբար, որտեղ անցկացւում են բանակումները, հնարաւոր է մուտք գործել միայն անցնելով պահակակէտը, որտեղ հերթապահում են բանակումներին մասնակցող երկուական երիտասարդներ:
Ամառային բանակումների վերջին խմբի մասնակից երիտասարդները Դիլիջանում են գտնւում օգոստոսի 26-ից: Բանակումների 5 օրերին էլ երիտասարդների համար տարբեր ծրագրեր են կազմակերպւում:
Ինչպէս Դիլիջանում Panorama.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց բանակումների պատասխանատուներից, ՀՅԴ ԵՄ անդամ Սասուն Սարգսեանը, երիտասարդների համար կազմակերպւում են արշաւներ, յայտնի քաղաքական կամ հասարակական գործիչները դասախօսութիւններ են կարդում տարբեր թեմաներով, պատասխանում երիտասարդների հարցերին:

Բացի այդ, նրա խօսքերով, կազմակերպւում են տարբեր խաղեր` սպորտային ու ինտելէկտուալ բնոյթի, խմբերին տրւում են տարբեր յանձնարարականներ և այլն: Այսօր երիտասարդները հիւրընկալել էին ՀՅԴ Հայ Դատի երևանեան գրասենեակի ղեկավար Կիրո Մանոյեանին, ով դասախօսութիւնից յետոյ պատասխանեց երիտասարդներին հետաքրքրող հարցերին, որոնց շրջանակները բաւականին ընդգրկուն էին` սկսած երիտասարդական հիմնահարցերից, մինչև Հայաստան-Թուրքիա փոխյարաբերութիւններ ու ֆուտբոլային դիւանագիտութիւն:
Խարոյկահանդէսի ժամանակ կրկին հնչում են ազգային ու հայրենասիրական բնոյթի երգեր ու կազմակերպւում են տարաբնոյթ խաղեր: Իսկ բանակումների հնգօրեայ միջոցառումներից ամենակարևորը` վերջին օրւայ խարոյկահանդէսն է, որով էլ բանակումը պաշտօնապէս փակւած է համարւում:
Նշենք, որ այս տարի ամառային բանակումներին մասնակցել է աւելի քան հազար երիտասարդ: Իսկ բանակումների ընթացքում մեծ միջոցառումների անցկացման, կամ հէնց բանակումների անցկացման համար գումարը ՀՅԴ ԵՄ անդամները ստանում են ՀՅԴ ԵՄ կենտրոնական վարչութեան անդամների ամսական վճարած անդամագումարներից:
Յիշեցնենք, որ ամենամեայ բանակումները կազմակերպւում են ՀՅԴ Երիտասարդական միութեան կազմաւորումից` 1993 թւականից սկսած: Բանակումներին մասնակցում են երիտասարդներ ինչպէս հանրապետութեան մարզերից, այնպէս էլ` Սփիւռքից:

ՏԵՂԵԿԱՏՒԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԵԱՆ ՑԱՆՑՈՒՄ

am դոմԷյնում գտնւող հայկական կայքերի նկատմամբ իրականացրած յարձակումներից յետոյ ոլորտի մասնագէտները միաբերան խօսեցին հայկական ինտերնէտի անվտանգութիւնը պետական մակարդակով հոգալու անհրաժեշտութեան մասին՝ միաժամանակ նշելով, որ կայքերի ստեղծման ու սպասարկման որակեալ, հետևողական ու օպերատիւ աշխատանքի դէպքում հնարաւոր է և բարեյաջող պաշտպանւել յարձակումներից կամ մի քանի րոպէում վերացնել այդ յարձակումների հետևանքները:
Այդ դէպքում անհասկանալի է, թէ ինչ կարիք կայ դիմել պետութեան աջակցութեանը:
Աւելին՝ պետական աջակցութիւնը Հայաստանի նման աւտորիտար երկրներում չի կարող չունենալ համապատասխան գին, ինչը ազատութեան սահմանափակումն է: Այդ մտավախութիւնը չի կարող չառաջանալ ոլորտում գործող՝ հիմնականում մասնաւոր խաղացողների մօտ:
Նախքան պետական աջակցութիւն հայցելն անհրաժեշտ է այդ միջամտութեան սահմանների ճշգրտում կատարել՝ տեխնիկական, ծրագրային անվտանգութեան ապահովման պատրւակով կայքերի բուն գործունեութեանը միջամտելուց խուսափելու համար կամ պարզապէս կացնային տարբերակով կայքերը ինտերնէտից չանհետանալու համար:
Հասկանալի է, որ տեղեկատւական հասարակութիւնում ինֆորմացիան արժէք է, ուժի և իշխանութեան աղբիւր է, իսկ ուժն ու իշխանութիւնը՝ ինֆորմացիայի տիրապետելու միջոց, ինֆորմացիոն տարածութեան ձևաւորման հնարաւորութիւն:

Օրինակ՝ ադրբեջանական az դոմէյնում ընդդիմադիր ինտերնէտային կայքէջ գտնել այսօր գրեթէ հնարաւոր չէ: Դրանք կա՛մ արգելափակւում են, կա՛մ ենթարկւում հաքերների՝ պետականօրէն ուղղորդւած յարձակման:
Ինտերնէտի վերահսկման օրինակ ունի նաև Հայաստանը մարտի 1-ին յայտարարւած արտակարգ դրութեան օրերին: Թեև այդ ընթացքում էլ բազմաթիւ արտասահմանեան պրոքսի սերւերների միջոցով հնարաւոր էր գտնել հայաստանեան իրադարձութիւնները պաշտօնականից տարբերւող տեսակէտից լուսաբանող ընդդիմադիր կայքերի այլ դոմէյնային տարբերակներ:
Պետական վերահսկողությունն ինտերնէտի նկատմամբ կը լինի ազատ խօսքի մահը Հայաստանում: Այսօր ինտերնէտը միակ տեղեկատւական միջոցն է, որն օգտագործողին տալիս է ինֆորմացիայի ընտրութեան առաւելագոյն ազատութիւն:
Աւելին՝ ինտերնէտը հնարաւորութիւն է տալիս պասիւ սպառողից վերածւել տեղեկատւական գործընթացի մասնակցի, որպէս չխմբագրած, չգրաքննած տեղեկութեան աղբիւրի, նաև զրպարտութեան, կողմնակալ, սեփական մեկնաբանութիւնը փաստի տեղ ներկայացնողի:
Ինտերնէտն անսահմանափակ ազատութեան տարածութիւն է, և դա է այդ երևոյթի գլխաւոր արժէքը: Բացի այդ՝ ինտերնէտը նաև դառնում է միւս ԶԼՄ-ների բովանդակային հէնքը: Հայաստանյան ԶԼՄ-ները միջազգային կեանքը ներկայացնում են հենց ինտերնէտային կոնտէնտի շնորհիւ:
Մեր աւանդական ԶԼՄ-ներն անգամ հայաստանեան իրադարձութիւնների մի մասը, որն ի վիճակի չեն լինում լուսաբանել սեփական ուժերով, ներկայացնում են՝ օգտւելով հենց կայքերից:
Վերջին շրջանում հեռուստատեսութեամբ և ռադիոյով յաճախակի կարելի է լսել յղումներ կայքէջերին, իսկ մեծ մասն էլ առանց յղումի ներկայացւում է իբրև սեփական ինֆորմացիա. դրա հաւաստիութեան ու սկզբնաղբիւրի ստուգումը գրեթէ հնարաւոր չէ:
Սակայն բոլոր թերութիւններով ու վտանգներով հանդէրձ՝ ինտերնէտը դատապարտւած է լինել ապագայի գերիշխող մեդիատարածութիւնը:
Այսօր Հայաստանում ինտերնէտից օգտւում են երիտասարդ, գործունեայ, կրթւած, կայուն ու զգալի եկամուտ ունեցող մարդիկ՝ քաղաքային ինտելէկտուալներ, տարբեր ոլորտների մասնագէտներ, դպրոցականներ, ուսանողներ, պետական մարմինների աշխատակիցներ, և դա, բնականաբար, բոլոր տեսակի սոցիալական անհաւասարութիւններին գումարում է նաև այսպէս կոչւած թւային անհաւասարութիւնը, սակայն կարելի է և դրական կանխատեսում անել:
Առաջիկայ տասը տարիներին ընդհանուր սերնդափոխութեան արդիւնքում Հայաստանի բնակչութեան շրջանում առանց ինտերնէտի կեանքը չպատկերացնող մարդկանց թիւը կը լինի գերակշռող, ինչը միջնակարգ և բարձրագոյն կրթութեան ոլորտ ինտերնէտի և տեղեկատւական տեխնոլոգիաների մուտքի արդիւնք է:
Բացի այդ՝ ինտերնէտն այն հատուկենտ ոլորտներից է, որը չունի մենաշնորհային բնոյթ, և առաջիկայ տարիներին ազատ մրցակցութեան արդիւնքում սպասւում է գների զգալի անկում, հետևաբար բնակչութեան աւելի մեծ հատւած հնարաւորութիւն կունենայ անգամ բջջային հեռախօսի միջոցով ցանկացած պահի լինել վիրտուալ (مجازی) ցանցում:
Վստահաբար կարելի է պնդել, որ ինտերնէտի տեղեկատւական աղբիւրի դերը զգալիօրէն կը գերազանցի հեռուստատեսութեանը, որն ազատ ժամանակի միջոց է, իսկ ինտերնէտը հիմնականում հէնց աշխատանքային, կրթական, միջանձնային հաղորդակցման և նոր միայն ազատ ժամանակի, ժամանցային զւարճանքի միջոց է:
Այս ամէնն իհարկէ կը դրդի իշխանութեանը վերահսկողութեան միջոցներ գտնել նաև ինտերնէտում: Բայց դա գործնականում գրեթէ անիրագործելի է՝ հաշւի առնելով հայկական սփիւռքի գործօնը և այլ երկրներում հայալեզու կայքեր գործարկելու հնարաւորութիւնը:
Իսկ ազատ տեղեկատւական հասարակութեան իդէալը մէկն է. իւրաքանչիւր ոք աշխարհի ցանկացած կէտից պէտք է հնարաւորութիւն և իրաւունք ունենայ ակնթարթօրէն ստանալ իրեն անհրաժեշտ համապատասխան ինֆորմացիան և կապ հաստատել իւրաքանչիւրի հետ:
Ինֆորմացիոն հասարակութիւնում այն իրադարձութիւնը, մարդը, երևոյթը, որը չի յայտնւում վիրտուալ (مجازی) մեդիատարածութիւնում, գոյութիւն չունի, և նոյն մեխանիզմով՝ իրականում գոյութիւն չունեցող իրադարձութիւնը, մարդն ու երևոյթը կեանք են ստանում՝ յայտնւելով վիրտուալ (مجازی) մեդիատարածութիւնում:
Հէնց այս իրողութիւնն ընդունելով՝ օրւայ իշխանութիւնը միշտ էլ փորձելու է վերահսկողութիւն սահմանել առաջին հերթին էլէկտրոնային լրատւամիջոցների նկատմամբ, ինչը յաջողութեամբ կարելի է իրականացնել յատկապէս հեռուստատեսութեան դէպքում, սակայն գործնականում սահմաններ չը ճանաչող ինտերնէտային տարածութեան համար այդ վերահսկողութեան իրականացումը զգալիօրէն բարդանում է:



«ԿԱՊԻՏԱԼ»

Թուրքիայի ընդիմադիրները հայ-թուրքական «ճանապարհային քարտեզ»-ի շուրջ շահարկումներ են նախաձեռնել


12:47 / 29.08.2009

Քրդական հարցի կարգաւորման նպատակով 2007 եւ 2009 թւակականներին գրւած զեկոյցների հիման վրայ կազմւած «Ճանապարհային քարտեզի» հեղինակը, ըստ Թուրքիայի ընդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան նախագահի տեղակալ Օնուր Օյմէնի, Atlantic Council-ի փորձագէտ Դեւիդ Ֆիլիպսն է։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet թերթը։
Ըստ Թուրքիայի ընդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան նախագահի տեղակալ Օնուր Օյմէնի, Atlantic Council-ի փորձագէտ Դեւիդ Ֆիլիպսը ամերիկեան կառավարութեան աջակցութեամբ եղել է հայ-թուրքական յարաբերութիւնների հաշտեցման յանձնաժողովի նախագահը։
Օյմէնը նշել է, որ ճիշտ են այն հետեւութիւնները, թէ քրդական հարցի, թէ Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման խնդրում Թուրքիան ենթարկւում է արտաքին ազդեցութիւններին եւ իշխանութիւնը՝ ի դէմս «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան, պարտւողական քաղաքականութիւն է վարում։
Օյմէնը յայտնել է, որ մինչ Թուրքիայի համար քրդական հարցի կարգաւորման նպատակով 2007 եւ 2009 թւականներին գրւած զեկոյցների հիման վրայ «Ճանապարհային քարտեզի» պատրաստմանը մասնակցելը եւ դրա համար Նորվեգիայի կառավարութիւնից աջակցութիւն ստանալը, American Atlantic Council-ի փորձագէտ Դեւիդ Ֆիլիպսը եղել է ամերիկեան աջակցութեամբ ու հայ եւ թուրք մասնագէտների մասնակցութեամբ կազմւած հայ-թուրքական հաշտեցման յանձնաժողովի նախագահը։
Հայ-թուրքական հաշտեցման յանձնաժողովի աշխատանքներից անհանգստացած՝այդ յանձնաժողովի երեք թուրք անդամները 2003 թւականին լքեցին յանձնաժողովը։ Մնացած անդամների մասնակցութեամբ կազմւեց «Ճանապարհային քարտեզ» եւ յանձնւեց հայկական եւ թուրքական իշխանութիւններին, որոնք դրա մանրամասները ժողովրդին չյայտնեցին։
Որոշ հայկական աղբիւրների համաձայն, կառավարութիւններին յղւած ճանապարհային քարտեզում խորհուրդ է տրւել բացել հայ-թուրքական սահմանը՝ առանց նախապայմանների։
Օյմէնը ասել է, որ ԱՄՆ նախագահ Օբամայի Թուրքիա այցելութեան ժամանակ «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան որոշ պատգամաւորներ եւ իշխանամետ լրատւամիջոցները կողմ են եղել հայ-թուրքական սահմանի առանց նախապայմանների բացմանը, սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կոշտ արձագանքի պատճառով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջան այցելեց եւ յայտարարեց, որ առանց ղարաբաղեան հարցը կարգաւորւելու հայ-թուրքական սահմանը չի բացւելու, եւ դրանից յետոյ կրկին որոշ արտաքին ուժեր ճնշում են գործադրում Թուրքիայի վրայ՝ բացելու հայ-թուրքական սահմանը։
NEWS.am-ը նշում է, որ Թուրքիայի ընդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան նախագահի տեղակալ Օնուր Օյմէնը փորձում է այս տարի ապրիլի 22-ին Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների յայտարարած ճանապարհային քարտեզը վերագրել դեռեւս 2001 թւականին ստեղծւած Հայ-թուրքական հաշտեցման յանձնաժողովին։
Այդ յանձնաժողովի կազմում հայկական կողմից եղել են Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանեանը, արտակարգ եւ լիազօր դեսպան Դաւիթ Յովհաննիսեանը, քաղաքագէտ Անդրանիկ Միհրանեանը եւ այլն։ Դեւիդ Ֆիլիպսը 2001-2004թթ. եղել է Հայ-թուրքական հաշտեցման յանձնաժողովի նախագահը։

ԹԵՀՐԱՆՈՒՄ ՀՐԱՏԱՐԱԿՒԱԾ ԱՅՍՕՐՒԱՅ՝ ԿԻՐԱԿԻ ՕԳՈՍՏՈՍ 30– Ի ՕՐԱԹԵՐԹԵՐԸ


(Դիտել Պարսկերէն բաժնում)

Saturday, August 29, 2009

ՊՈՒՏԻՆԻ ԻՆՔՆԱԹԻՌԸ ՎԱԼԵՆՍԻԻ ԱՆՒԱՆ ՕԴԱՆԱՒԱԿԱՅԱՆՈՒՄ ԲԱԽՒԵԼ Է ՍԵԱՆԸ



Գդանսկի Լեխա Վալենսի օդանաւակայանում միջադէպ է տեղի ունեցել` կապւած Ռուսաստանի վարչապես Վլադմիր Պուտինի ինքնաթիռի հետ:
Լեհական eFakt պարբերականի հաղորդմամբ, կառավարական Ил-76 ինքնաթիռը բախւել է սեանն ու վնասել է ձախ թևը:

Պարբերականը տեղեկացնում է, որ դեռևս յայտնի չէ արտակարգ դէպքը օդաչուի, թէ ինքնաթիռի ընթացքը կառավարող օդանաւակայանի ծառայութեան անուշադրութեան արդիւնքն է: Վարչապետ Պուտինը կառավարական ինքնաթիռում չի գտնւել:


NEWSru.com-ի հաղորդմամբ, սուորաբար վարչապետը օգտւում է Ил-96 ինքնաթիռի ծառայութիւնից: Իսկ այդ ինքնաթիռով ժամանել է ծառայողական խումբը, որը զբաղւած է Լեհաստան վարչապետի այցի պատրաստութեամբ:
Նշենք, որ վարչապետ Պուտինի` Երկրորդ համաշխարհային պատերազմի 70-ամեակի կապակցութեամբ այցը Լեհաստան նախատեսւում է սեպտեմբերի 1-ին:




«ՊԱՆՈՐԱՄԱ»

Հայաստանի դիւանագիտութիւնը Ցեղասպանութեան ճանաչման եւ հայ-թրքական յարաբերութիւնների ապագայի հարցում կաթւածահար է



14:28 / 28.08.2009

Մի քանի շաբաթ առաջ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կողմից հնչեց երկրի արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանի պաշտօնանկութեան պահանջը:

Նման մօտեցման սկզբունքային շարժառիթներից մէկը հայկական կողմի անկայունութիւնն է՝ որ արտայայտւում է Թուրքիայի հետ «Ճանապարհային քարտէզի» բանակցութիւններում, կարծում է Խորխէ Ռուբէն Ղազանջեանը՝ Արգենտինայի հայկական համայնքի «Diario Armenia» թերթի վերլուծաբանը:
Վերոնշեալ սխալը չգիտակցւեց, քանի որ չկար Հայաստանի կառավարութեան ձեռնարկած քայլերի յստակ բովանդակութեան գիտակցում: Բանակցութիւնների մանրամասների հրապարակման պահանջները յանգում էին հետեւեալին. չկայ որեւէ նախապայման եւ չի լինի որեւէ զիջում, որոնք որեւէ կերպ կը հակասեն մեր պահանջներին:
Այնուամենայնիւ, այդ վստահութիւնը արագօրէն ցնդեց, երբ յայտնի դարձաւ թրքական կառավարութեան դիրքորոշումը՝ հնչեցւած որոշ բարձրաստիճան պաշտօնեաների շուրթերից: Անկարան յստակ հասկացրեց, որ քանի ղարաբաղեան խնդրի՝ Բաքւի շահերից բխող որոշում չի կայացւել, Հայաստանի հետ սահմանը չի բացւի եւ դիւանագիտական ոչ մի յարաբերութիւն չի հաստատւի:
Նման իրողութիւնների լոյսի ներքոյ բնականաբար սպասւում էր ԱԳՆ ղեկավար Նալբանդեանի արձագանգը, սակայն դա տեղի չունեցաւ: Բացառութեամբ խղճուկ մեկնաբանութիւնների, որ հերքում էին թուքերի յայտարարութիւնները: Եւ ոչ աւելին:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչութեան նման կաթւածի պայմաններում թրքական ԱԳՆ-ն այնպիսին ակտիւ գործունէութիւն ծաւալեց, ինչպէս երբեւէ: Մասնաւորապէս այն երկրներում, որտեղ գործում է ցեղասպանութեան ճանաչման հասած հայկական սփիւռքը:
Հրեայ քաղաքական գործիչների օժանդակութեամբ՝ թրքական լոբբին առաջին լուրջ յաղթանակը տօնեց ԱՄՆ-ում, երբ ստիպեց ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբամային՝ հրաժարւել տւած խոստումներից եւ չճանաչել 1915 թ. դէպքերը որպէս ցեղասպանութիւն:Իսկ ինչ փաստարկ օգտագործւե՞ց: Չափազանց պարզունակ՝ Հայաստանն ու Թուրքիան յարաբերութիւնների կարգաւորման գործընթաց են սկսել, որ ներառում է իր մէջ շատ հարցեր:
Իհարկէ, Թուրքիայի քայլը՝ 1915 թ. դէպքերի հերթական տարեդարձից օրեր անց ղարաբաղեան խնդրի ներառումը «ճանապարհային քարտէզի» համատեքստում, բոլորովին էլ պատահական չէ: Թրքական արտաքին քաղաքական գերատեսչութիւնը գործի իմացութիւն եւ ճկունութիւն ցուցաբերեց ԱՄՆ-ում, Մերձաւոր Արեւելքում եւ Եւրոպայում միաժամանակ:
Օբամայի «ուրացմանը» հետեւեց թուրքերի օպերացիան Արգենտինայում, Ուրուգւայում, Չիլիում ու Բրազիլիայում: Բարձր մակարդակի վրայ էին նաեւ թրքական դեսպանները Եւրոպայում, իսկ Անկարայի ներկայացուցիչը Բաքւում յատուկ առաքելութիւն ունէր…
Այդ ուժեղ հանդիպակաց քամուն Հայաստանը երբեք եւ ոչնչով չէր կարող դիմագրաւել: Այն ժամանակ, երբ Անկարան շարունակում է բերքահաւաքը քաղաքական բոլոր սցենարներով, Հայաստանը ցոյց է տալիս իր թուլութիւնը: Թրքական դիւանագիտութեան գործողութիւնները նկատելի են նաեւ Արգենտինայում: Մէկը միւսի յետեւից տեղեկանում ենք, թե ինչպէս է զարգանում ցեղասպանութեան մերժման գաղափարը մեր երկրում (Արգենտինայում):
Հանդիպումները օրէնսդիրների, պաշտօնատարների հետ, լրագրողների եւ այլոց հրաւէրքները՝ այցելել Թուրքիա, մշտական երեւոյթ են դարձել:
Եւ այդ իրողութիւնների լոյսի ներքոյ՝ հայկական դիւանագիտութեան խեղճութիւնն ու անշարժութիւնը աչք է ծակում:
Այդ պատճառով էլ Էդւարդ Նալբանդեանի պաշտօնանկութիւնը կարելի է դիտել Հայաստանի եւ Սփիւռքի համար բացասական համատեքստում: Այդ հարցը պէտք է լրջօրէն քննարկել:


News.am

ԹԵՀՐԱՆՈՒՄ ՀՐԱՏԱՐԱԿՒԱԾ ԱՅՍՕՐՒԱՅ՝ ՇԱԲԱԹ ՕԳՈՍՏՈՍ 29 Ի
ՕՐԱԹԵՐԹԵՐԸ
(Դիտել Պարսկերէն բաժնում)

ՅԱՒԵՐԺՈՒԹԵԱՆ ԶՈՀԵՐԻ 40 ՕՐԵԱԿԻ ԱՌԹԻՒ
ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ ԹԵՀՐԱՆՈՒՄ
Այսօր՝ ուրբաթ օգոստոսի 28–ի առաւօտեան Թեհրանի կենտրոնական Ս. Սարգիս եկեղեցում տեղի ունեցաւ հանդիսաւոր ս. պատարագ ու հոգեհանգիստ՝ յուլիսի 15–ի Թեհրան–Երեւան տխուր չւերթի անմեղ զոհերի 40–օրեակի առթիւ։
Մատուցւող ս. պատարագն ու հոգեհանգիստը նախագահում էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։
Պատարագիչն էր Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Դպրեվանքի փոխտեսուչ հոգեշնորհ Տէր Մակար Վրդ. Սարգսեանը։Պատարագի ընթացքում, «Հայր Մեր»–ից առաջ քարոզեց թեմակալ առաջնորդը։
Նա իր խօսքի մէջ ի միջի այլոց փոխանցեց նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս՝ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի ցաւակցութիւնները Թեհրանի հայոց ազգային իշխանութեան, զոհերի ընտանիքներին ու համայնքի անդամներին։
Մատուցւող Ս. Պատարագին ու հոգեհանգստեան արարողութեանը, զոհւածների ընտանիքներից բացի ներկայ էին մեծ թւով թեհրանահայեր, Իսլամական Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր ճրտգ. Գէորգ Վարդանեանը, նոյն խորհրդարանի նախկին 4 նստաշրջանների պատգամաւոր՝ Ճրտգ. Վարդան Վարդանեանը, Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան անձնակազմը, յարանւանութիւնների առաջնորդները եւ տեղի գործարարներն ու արդիւնաբերութեան տնօրէնները եւ թեմի ազգային իշխանութեան ներկայացուցիչները։
Յաւարտ Սուրբ Պատարագի եւ հոգեհանգստեան արարողութեան՝ եկեղեցու բակում վշտահար ընտանիքներին ցաւակցութիւններ յայտնեցին հաւատացեալ հայութիւնը։Իսկ վերջում առաջնորդարանի դահլիճում ցաւակցականներ ընդունեց թեմակալ առաջնորդը։

(Լուսանկերները՝ սեփական DPTNEWS –ից)





















Գնայ՞ Սերժ Սարգսեանը Թուրքիա.

Հայացք Մոսկւայից


10:24 / 26.08.2009

NEWS.am-ը շարունակում է հրապարակել մեկնաբանութիւնների շարք՝ կապւած Սերժ Սարգսեանի՝ Թուրքիա մեկնելու նպատակայարմարութեան հետ: Այցը պէտք է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գիւլի այցի պատասխանը լինի:
Սակայն թուրքական կողմը Ադրբեջանի ճնշման տակ սկսեց նախապայմաններ առաջ քաշել՝ հայ-թուրքական մերձեցման հեռանկարները կապելով ղարաբաղեան հակամարտութեան հետ, ինչը հակասում է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչութիւնների կողմից համաձայնեցրած «ճանապարհային քարտէզին»:

Ահա այսպէս են գնահատում ստեղծւած իրավիճակը ռուսաստանեան փորձագէտները:
Հայ-թուրքական յարաբերոթիւնները, անխօս, կարիք ունեն բարելաւման, բայց այդ գործընթացը չպէտք է տեղի ունենայ հայկական կողմի միակողմանի զիջումների շնորհիւ, կարծում է Ռուսաստանի Ռազմավարական մշակոյթի հիմնադրամի փոխտնօրէն Անդրէյ Արեշեւը:
Հայաստանի նախագահի յայտարարութիւնը, թէ կայցելի միայն հայ-թուրքրական սահմանի բացման կամ սահմանների բացման նախաշեմին գտնւելու դէպքում, ռուսաստանցի փորձագէտը գնահատեց որպէս լիովին համարժէք մարտավարական քայլ, որը «հնարավորութիւն է տալիս թուրքական ղեկավարութեանը՝ ցոյց տալ Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման մտադրութիւնների անկեղծութիւնը»:
Արէշեւի խօսքերով՝ Հայաստանի նախագահը դեռ վերջնական որոշում չի ընդունել, «ամէն ինչ կախւած է նրանից, արդեօ՞ք թուրքական կողմը կառուցողական դիրքորոշում կը որդեգրի՞, թէ՞ ոչ»:
Վերջիվերջոյ, փորձագէտի կարծիքով, այցը կարող է կայանալ ֆուտբոլային դիւանագիտութեան շրջանակներում, իսկ որպէս լիարժէք պետական այց, խելամիտ կլիներ, «իրավիճակից բխող իրական քայլեր կատարել»:
Ինչպէս նշեց ռուսաստանցի փորձագէտը, թուրքական կողմի ծայրայեղ հակասական յայտարարութիւնները լուրջ մտօրելու տեղիք տւեցին՝ հայ-թուրքական սահմանի բացումն արդեօ՞ք այդ երկրում որպէս հիմնական հարց է դիտարկւում. «Տւեալ խնդիրը մեծամասամբ դիտարկւում է որպէս խաղ Միացեալ Նահանգների հետ, Եւրամիութեան հետ, իսկ գործնականում մենք տեսնում ենք վարչապետ Էրդողանի յայտարարութիւնը, որն ուղղակիօրէն ղարաբաղեան հարցի ադրբեջանամէտ լուծումը կապեց սահմանի բացման հետ»:
Տւեալ հարցում արմատապէս հակադիր կարծիք ունի Ռազմագիտութեան ակադեմիայի թղթակից-անդամ Ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը: NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում նա յայտարարեց, որ Հայաստանի նախագահն անպայման պէտք է լինի Թուրքիայում՝ անկախ նրանից՝ կան դիւանագիտական յարաբերութիւններ, թէ ոչ. «Հայաստանի նախագահը չպէտք է կորցնի Թուրքիայի նախագահի հետ ուղիղ խօսելու հնարաւորութիւնը»:
Մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի՝ աշնանը Թուրքիա մեկնելու հնարաւորութիւնը, Սանկտ-Պետերբուրգի «Ստրատէգիա» հումանիտար-քաղաքագիտական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Սունգուրովը կարծիք յայտնեց, որ հայկական պետութեան ղեկավարը պէտք է պարտադիր կատարի այդ այցը:
«Հարցի լուծմանն ուղղւած ցանկացած բանակցութիւն եւ քննարկում լաւ է: Միշտ պէտք է քննարկել, պայմանաւորւել, դա խնդրի լուծման միակ ուղին է»,- կարծում է փորձագէտը: Նրա կարծիքով, կատարելով այցը՝ Սարգսեանը կարող է կորցնել իր ազդեցութիւնը արմատական քայլեր սիրողների մէջ, «իսկ խելացի մարդկանց մէջ, իհարկէ, չի կորցնի»:

ԿԱՐՕՏԻ ՅԱՒԵՐԺԱԿԱՆ ԶՈՀԵՐԻՆ...


Երբեք ոչ տեսել էի եւ ոչ էլ կարող էի պատկերացնել մի այդպիսի ահռելի տեսարան։ Շշմած կանգնել էի դիմացը, բայց չէի կարող հաւատալ։
Շուրջ քառասուն փորւած փոսեր, որոնց իւրաքանչիւրի կողքի հողաթմբի վրայ դրւած էր մի դագաղ...Մթնոլորտը ծանր էր... ահաւոր ծանր ու ճնշիչ։
Կարծես իւրաքանչիւր դագաղ, իւրաքանչիւր փոս անպատասխան հարցումներ էին ուղղում, իւրաքանչիւր դիտողի։ Հարցումներ, որոնք երբեք էլ չստացան իրենց պատասխանները։–
Թէ՝ ինչո՞ւ և ինչպէ՞ս ... գտնւեցինք մենք այստեղ...Ահաւոր վայրը շրջապատած ժողովուրդը, լուռ էր... չգիտէր թէ ինչպէս պիտի լայ, արդեօք պիտի լա՞յ, թէ աւելի ուժգին հակազդեցութեամբ, պիտի պոռթկայ՝ թէ իրեն պատահած վշտի եւ միաժամանակ ցասումի նկատմամբ։Պահեր են լինում, երբ չգիտես ի՞նչ է անելիքդ, պիտի լացե՞ս, թէ պոռթկումով ցասումդ արտայատես։
Ամէն դէպքում, այդ օրը, այդ տեղ, Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատանը այդ յատուկ բաժնում անսովոր ու ահռելի բան էր կատարւում։
Սկզբում, բոլորը լուռ են, անյայտ կարգավիճակում, գալիս են ընտանիքներն ու անհաւատօրէն դիտում են փոսերին ու կողքի հողաթմբի վրայ դրւած դագաղներին, որոնց վրայ անուններ են գրւած։
Իւրաքանչիւրը որոնում է իր սիրեցեալին, որդուն, քրոջը, եղբօրը, ծնողներին... Ու քիչ դեռ չանցած պոռթկումի ճչեր ու աղաղակներ են բարձրանում։ Գրկում են, համբուրում են դագաղներին։
Ծաղիկներ են դնում դրանց վրայ ու չոքում հէնց դրանց առջեւ։
Թէեւ շատ ճոխ, բայց սկսում եւ աւարտւում է թաղման կրօնական կարգը։ Անասանելի դրութիւն է տիրում։ Դագաղները պիտի փոսերը դրւեն, բայց դժւար է հարազատներից բաժանել դագաղներից։Այդ պահին ցանկանում ես ամէն ինչ տեսաժապաւէնի նման շատ արագ անցնի, բայց պահը կարծես կանգնած է։...

Եւ կենտրոնում երեւում են միայն հողակոյտեր՝ որոնց իւրաքանչիւրի տակ, հողի սառը գրկում պահ են դրւած սիրեցեալների յիշատակները... Եւ դրանք էլ ծածկւում են բազմաթիւ ծաղկեպսակներով, ու կարօտի արցունքներով։Նոր Բուրաստան գերեզմանատան այդ յատուկ բաժնի երկինքը լեցւում է խնկի բուրմունքով ու կարօտած լացերի ու ճչերի աղաղակներով......
Վերջացա՞ւ արդեօք... նրանք, որոնք մինչեւ մէկ շաբաթ առաջ իւրաքանչիւրը մի տան ճրագ էին, ու մի վառ կրակ, մութ երկնքում փայլող աստղեր, մինուճարներ, ու հանճարներ, սիրահարւած սրտեր գերած հայուհիներ, Սասնայ Պարով գերող յոյզեր, դեռ մօր կանչով սփոփացող, դեռ հօր այտի համբոյրներից խենթացած սան, ծաղիկները ձեռքին, կարօտ կանչող մանչե՜ր, ջահելնե՜ր... միացան հազար տարւայ ննջեցեալներին... չի կարելի։
Սա արդարութիւն չէ։
Ո՛չ։ Բացարձակապէս Ո՛չ։


Նրանք դեռ կան, մինչեւ աշխարհը կայ..., նրանք դեռ կան, մինչեւ մոլորակներն են շրջում մեր երկնքում, նրանք դեռ կան, երբ դեռ կակաչներրը կան ու մինչեւ այն պահ՝ երբ դեռ սէրը կայ...
Ու նրանք կան, նոյնիսկ այն պահին, որ մենք էլ չկանք...քանզի նրանք հայրենիքի կարօտի յաւերժական զոհերն են...
Թող այս երկտողը, ընդունւի իբրեւ ծաղկեփունջ՝ նրանց հաւաքական շիրիմներին...




Ձերդ՝

ՎԱՐԴԱՆ















اعلام شكايت يكي از اولياي دم قربانيان سقوط هواپيماي توپولوف

(ԴԻՏԵԼ ՊԱՐՍԿԵՐԷՆ ԲԱԺՆՈՒՄ)


Հ. Յ. Դաշնակցութիւնը կոչ է ուղղել՝ կանխելու հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման վտանգաւոր ընթացքը

Օգոստոսի 25-ին ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը հրապարակեց մի հաղորդագրութիւն, որում հոկտեմբերի 14-ի ֆուտբոլային հանդիպումից առաջ վերահաստատեց նախապէս ներկայացրած իր պահանջները, մասնաւորաբար Հայաստանի դիւանագիտական ձախողութիւնների անմիջական պատասխանատու արտգործնախարարի հրաժարա կանի պահանջը։
Գերագոյն մարմինը նաեւ Հայաստանի ժողովրդին հրաւիրեց՝ մասնակցելու սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման օրւայ առիթով տեղի ունենալիք հանրահաւաքին։Ստորեւ հաղորդագրութիւնը՝ ամբողջութեամբ.

Մամլոյ հաղորդագրութիւն


Սիրելի՛ հայրենակիցներ,

Սեպտեմբերի 2-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման օրն է։
Ադրբեջանի կողմից պարտադրւած պատերազմում յաղթելով եւ արտայայտելով ողջ հայութեան հաւաքական կամքը՝ Արցախը հռչակեց եւ պաշտպանեց իր անկախութիւնը։
Այսօր բանակցութիւնների նորօրեայ աշխուժացման պայմաններում մենք պարտաւոր ենք.- Տէր կանգնել մեր ժողովրդի յաղթանակին եւ ստիպել՝ յարգելու Արցախի ինքնորոշման փաստը։-
Մերժել մեզ պարտադրւող որեւէ զիջում։-
Պահանջել բանակցային լիարժէք ձեւաչափի վերականգնում՝ Արցախի լիիրաւ մասնակցութեամբ։
Միաժամանակ, նկատի ունենալով, որ չեն վերացւում հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման ներկայ գործընթացի լրջագոյն վտանգները՝ սպասւող ֆուտբոլային խաղից առաջ մենք վերստին պահանջում ենք.
- Դադարեցնել թրքական շահերի սպասարկմանը ծառայող բանակցութիւնները։
- Թոյլ չտալ, որ Թուրքիան իր միջազգային պարտաւորութիւնները կատարի՝ միաժամանակ Հայաստանին զիջումներ պարտադրելով։
-Դիւանագիտական ձախողումների անմիջական պատասխանատու արտգործնախարարի հրաժարականը։
Հայրենակիցնե՛ր,
Դրսեւորենք մեր պատրաստակամութիւնն ու վճռականութիւնը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութեան եւ անվտանգութեան պաշտպանութեան հարցում, կանխենք հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման վտանգաւոր ընթացքը։
Հրաւիրում ենք հանրահաւաքի, որը տեղի կունենայ Շառլ Ազնաւուրի հրապարակում, «Մոսկւա» կինոթատրոնի դիմաց, սեպտեմբերի 2-ին, ժամը 18։30-ին։



ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ
25 օգոստոսի 2009

ՎԱԳՈՆՆ ԱՅՐՒԵԼ Է ԱՄԲՈՂՋՈՒԹԵԱՄԲ


Օգոստոսի 26-ին, ժամը 14.42-ին հրդեհ է բռնկւել Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գիւղում: Դէպքի վայր է մեկնել մէկ մարտական հաշւարկ:
Հրդեհը մեկուսացւել է ժամը 15.05-ին, մարւել` 15.35-ին: Ամբողջութեամբ այրւել է Օ. Բարսեղեանին պատկանող վագոն-տնակն իր գոյքով` 12 քմ մակերեսով:
Այրւել է խոտ նոյն օրը, ժամը 18.23-ին Երեւանի Անտառային փողոցի վերջնամասում խոտածածկ տարածք է այրւում: Դէպքի վայր է մեկնել մէկ մարտական հաշւարկ:
Հրդեհը մարւել է ժամը 19.23-ին: Այրւել է 3000 քմ մակերեսով խոտ: Այրւել է բեռնատար Նոյն օրը, ժամը 17.01-ին ահազանգ է ստացւել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի փողոցներից մէկում աւտոմեքենայ է այրւում: Դէպքի վայր է մեկնել մէկ մարտական հաշւարկ:

Հրդեհը մեկուսացւել է ժամը 17.09-ին, մարւել` 17.55-ին: Մասամբ այրւել է ՙԳԱԶ-66՚ մակնիշի 354 ՏԼ 42 պ/հ-ի բեռնատար աւտոմեքենան եւ թափքում գտնւող մանրահատակը` 1 խմ ծաւալով:

40 ՕՐ ԱՆՑ, ԾԱՂԿԱՔԱՂԻՑ...