Պոլսյ Պատրիարքը «սխալ քայլ» է
համարում Անիի Մայր տաճարում
աղօթք անելու համար
թուրքական իշխանութիւններին
դիմելը
«Ի վերջոյ, մենք այստեղ փոքրամասնութիւն ենք, իսկ իրենք մեծամասնութիւն»
Սեպտեմբեր 30, 2010 18:50
Պոլսոյ Հայոց պատրիարքարանը չի կարող արգելք հանդիսանալ, որպէսզի թրքական իշխանութիւնները թոյլ չտան նամազ անցկացնել Անիի մայր տաճարում, քանի որ եկեղեցին Թուրքիայի տիրապետութեան տակ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հեռախօսազրոյցում ասաց Պոլսոյ Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշեանը: Նա նշեց, որ թուրքական պետութիւնն էլ չի կարող արգելք հանդիսանալ, քանի որ «դա անհատական աղօթք է լինելու եւ ազգայնականներն ամէն տեղ կարող են աղօթել, բայց ոչ թէ աղօթքը այլ բանի վերածել»:
NEWS.am-ը յիշեցմանը, որ խօսքը զանգւածային նամազի մասին է, որին, ըստ թուրքական լրատւամիջոցների, պէտք է մասնակցի շուրջ 5 հազար մարդ, պատրիարքը արձագանքեց. «Հասկանալի է, բայց պատրիարքարանն ի՞նչ կարող է անել»: Նա նաեւ յաւելեց, որ թուրքական թերթերը նոյնպէս նշւած թոյլտւութեան մասին փորձել են ճշտել Պոլսոյ պատրիարքարանի դիրքորոշումն ու ստացել են նոյն պատասխանը. «Մենք ոչ մի մեկնաբանութիւն չենք կարող անել, հարցի պատասխանը կարող է տալ միայն Թուրքիոյ կառավարութիւնը»:
Հարցին, թէ Պոլսոյ Հայոց պատրիարքարանը երբեւէ դիմե՞լ է թուրքական իշխանութիւններին՝ Անիի Մայր տաճարում աղօթելու առաջարկով եւ ի՞նչ պատասխան է ստացել, Սրբազանն ասաց, որ չի դիմել, քանի որ դրա կարիքը չի ունեցել: «Մենք դրա պէտքութիւնը չենք զգացել՝ Անի գնալ եւ այնտեղ պատարագ անել կամ աղօթել: Ես 2200 հատ եկեղեցի ունեմ Թուրքիայում: Եւ եթէ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցուց բացի Անիում էլ պատարագ անցկացնելու համար դիմեմ, դա շատ սխալ քայլ կլինի»,-նկատեց Արամ Սրբազանը: Նա նաեւ յաւելեց. «Ի վերջոյ, մենք այստեղ փոքրամասնութիւն ենք, իսկ իրենք մեծամասնութիւն: Ես այստեղ պահպանելիք շատ իրաւունքներ ունեմ՝ հիւանդանոցներ ունեմ, դպրոցներ ունեմ, դեսպանատներ ունեմ...ունեմ, ունեմ, ունեմ եւ այդ հարցերում թուրքական իշխանութիւնների հետ պէտք է աշխատեմ»:
Նշենք, որ շատ մասնագէտների կողմից Կովկասի ճարտարապետութեան զարդը համարւող Անիի մայր տաճարի շինարարութիւնն սկսւել է Հայոց արքայ Սմբատ 2-րդի օրօք՝ 989 թւականին եւ աւարտւել Գագիկ 1-ինի օրօք՝ նրա կնոջ՝ Կատրամիդէ թագուհու օժանդակութեամբ 1001 թւականին։ Անիի մայր տաճարի ճարտարապետն էր Տրդատը, ով նաեւ վերակառուցել էր Կոստանդնուպոլսի Ս. Սոֆիա տաճարի գմբէթը:
Յիշեցնենք, որ Թուրքիայի մշակոյթի եւ տուրիզմի նախարարութիւնը որոշում է կայացրել թոյլ տալ «Ազգայնական շարժում» կուսակցութեան ղեկավար Դեւլեթ Բահչելիին եւ նրա կուսակցութեան 40 նահանգային կառոյցների ղեկավարներին վաղը՝ հոկտեմբերի 1-ին, Անիի մայր տաճարում ուրբաթօրեայ նամազ իրականացնել:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Համահայկական հիմնադրամի
հեռուստամարաթոնը`
նոյեմբերի 25-ին
Այս տարւայ դրամահաւաքը նւիրւած է լինելու Լեռնային Ղարաբաղի
ջրամատակարարման համակարգի խնդիրների լուծմանը, ինչպէս նաև
կշարունակւեն Հայաստանի գիւղերի զարգացման ծրագրերը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի աւանդական հեռուստամարաթոնն այս տարի կը կայանայ նոյեմբերի 25-ին: Այսօր ասուլիսում Հիմնադրամի գործադիր տնօրէն Արա Վարդանեանը տեղեկացրեց, որ վաղւանից սկսւում է դրամահաւաքի աւելի բուռն ժամանակաշրջանը, որը կտևի մինչև դեկտեմբերի վերջ: Կիրառւելու են նաև նւիրատւութեան այլ ձևեր` Հայփոստի և sms հաղորդագրութիւնների միջոցով: Այս տարի նորութիւնն այն է, որ sms նւիրատւութիւնն իրականացւելու է բոլոր օպերատորների միջոցով` 8000 կարճ համարին ուղղարկւելու է հաղորդագրութիւն և տւեալ հաշւից գանձւելու է 500 դրամ: Հեռուստամարաթոնը 12 ժամ առանց գովազդների հեռարձակւելու է հայկական 3 հեռուստաալիքներով` Հանրային, Արմէնիա և Շանթ: Ուղիղ միացումներ են լինելու Ֆրանսիայից և, հնարաւոր է, նաև Ռուսաստանից: Հեռուստամարաթոնին նախորդելու է Մոսկւայում բարեգործական ճաշկերոյթ` ՀՀ և ԼՂՀ նախագահների մասնակցութեամբ:
«Խոշոր բարերարների հետ աշխատանքն իրականացւում է հէնց նախագահների կողմից: Իրենց գործուն աջակցութեան շնորհիւ է, որ իւրաքանչիւր տարի ունենում ենք մեծ նւիրատւութիւններ»,- շեշտեց Ա. Վարդանեանը:
Բարեգործական ճաշկերոյթ է լինելու նաև Արգենտինայում, իսկ նոյեմբերի 17-19-ին կը կայանայ համաեւրոպական ֆոնետոնը, որի ժամանակ շուրջ 600 բարերարներ զանգում են մեր հայրենակիցներին եւրոպական երկրներում և խնդրում նւիրատւութիւններ կատարել:
Ա. Վարդանեանը նշեց, որ 3 տարի շարունակ հիմնադրամի հեռուսատամարաթոնի գլխաւոր հովանաւորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որն այս ընթացքում 2 միլիոն 300 հազար դոլար գումար է յատկացրել: Այս տարի ընկերութիւնը յատկացնում է 163 միլիոն դրամ:
«Սա մի շատ կարևոր առաքելութիւն է, որ ՎիվաՍելն իրականացնում է և, համոզւած եմ, որ մեր համագործակցութիւնը լինելու է յարատև»,- ասաց Ա. Վարդանեանը:
Այս տարւայ դրամահաւաքը նւիրւած է լինելու Լեռնային Ղարաբաղի ջրամատակարարման համակարգի խնդիրների լուծմանը, ինչպէս նաև կշարունակւեն Հայաստանի գիւղերի զարգացման ծրագրերը:
«Ցանկացած լումայ, որ նւիրատրւում է, նւիրատրւում է ոչ թէ Համահայկական հիմնադրամին, այլ Հայաստանին և Ղարաբաղին: Մենք ուղղակի միջնորդ ենք»,- նշեց Ա. Վարդանեանը` հաւաստելով հիմնադրամի գործունէութեան թափանցիկութիւնը:
«Թափանցիկ որ չլինէիք, մենք ձեր կողքին չէինք կանգնի»,- նրան արձագանքեց ՎիվաՍել-ՄՏՍ ընկերութեան գլխաւոր տնօրէն Ռալֆ Յիրիկեանը, յաւելելով, որ ընկերութիւնը 2005-ից միշտ մասնակցել է դրամահաւաքին և ամէն տարի ականատես է եղել, թէ ինչ ծրագրեր են իրականացւում Հայոց աշխարհում` Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում:
Հեռուստամարաթոնի հովանաւորներն են Ամերիաբանկը, Արդշինինւեստբանկը, Ակբաբանկը, Արցախբանկը և Հայփոստը:

ԱՅՍՕՐ, 12:29
Aysor.am


Թուրքիայի իշխանութիւնները


թոյլ են տւել թուրք


ազգայնականներին նամազ


անել Անիի մայր տաճարում



Սեպտեմբեր 30, 2010 14:23
Թուրքիայի մշակոյթի եւ տուրիզմի նախարարութիւնը որոշում է կայացրել թոյլ տալ «Ազգայնական շարժում» կուսակցութեան ղեկավար Դեւլեթ Բահչելիին եւ նրա կուսակցութեան 40 նահանգային կառոյցների ղեկավարներին հոկտեմբերի 1-ին Անիի մայր տաճարում ուրբաթօրեայ նամազ իրականացնել:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ «Ազգայնական շարժում» կուսակցութեան Կարսի նահանգային կառոյցի ղեկավար Օքթայ Աքթաշը յայտնել է, թէ Անիում իրականացւելիք ուրբաթօրեայ նամազի նախապատրաստութիւնը կավարտւի այսօր՝ սեպտեմբերի 30-ի երեկոյեան։
«Նահանգապետարանից ստացել եմ մշակոյթի եւ տուրիզմի նախարարութեան թոյլտւութիւնը՝ ուրբաթօրեայ նամազն իրականացնել Անիի Ֆեթհիյէ մզկիթում (Անիի մայր տաճար)։ 1064-ի օգոստոսի 16-ին Ալփարսլանը գրաւեց Անին, որից 4 օր յետոյ տաճարի խաչը իջեցրեց եւ ուրբաթօրեայ նամազ արեց։ Մենք էլ 946 տարի յետոյ Անիում ուրբաթօրեայ նամազ կանենք։ Նամազի համար անհրաժեշտ բոլոր պարագաները պատրաստ են»,-նշել է թուրք ազգայնականը։
Նշենք, որ «Ազգայնական շարժում» կուսակցութեան ղեկավար Դեւլեթ Բահչելին օրեր առաջ յայտարարարել էր, թէ ի հակադրութիւն Աղթամարի ՚Ս. Խաչում իրականացւած պատարագի, ինքն Անիի, իր խօսքով ասած, Ֆեթհիյէ մզկիթում պատրաստւում է նամազ անել։
Յիշեցնենք, որ շատ մասնագէտների կողմից Կովկասի ճարտարապետութեան զարդը համարւող Անիի մայր տաճարի շինարարութիւնն սկսւել է Հայոց արքայ Սմբատ 2-ի օրօք՝ 989 թւականին եւ աւարտւել Գագիկ 1-ինի օրօք՝ նրա կնոջ՝ Կատրամիդէ թագուհու օժանդակութեամբ 1001 թւականին։ Անիի մայր տաճարի ճարտարապետն էր Տրդատը, ով նաեւ վերակառուցել էր Կոստանդնոպոլսի Ս. Սոֆիա տաճարի գմբէթը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am


Գլխաւոր խնդիրը՝ նոր իշխանութիւնների ձեւաւորում


ՀՅԴ հանրահաւաք՝ Աշտարակում




ՀՅԴ ՄԱՄԼՈՅ ԴԻՒԱՆ - Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը սեպտեմբերի 29-ին Արագածոտնի մարզի կենտրոն Աշտարակ քաղաքում իրականացրեց մի հանրահաւաք, որը ուղղւած էր յատկապէս հասարակական անարդարութիւնների եւ քաղաքացու շահերի անտեսման դէմ:

Հանրաւաքին մասնակցում էին այպիսի անձինք, որոնք դուրս էին դրւել իրենց աշխատանքից՝ կուսակցական պատկանելութեան պատճառով:Հանրահաւաքի ընթացքում ՀՅԴ-ն ազդարարեց, որ կուսակցութիւնը գլխաւոր քաղաքական խնդիր է հռչակել նոր իշխանութիւնների ձեւաւորումը:

«Իշխանափոխութեան հասունացման գործընթացը պէտք է սկսւի մարզերից, որ ամէն հայ քաղաքացի հասկանայ Դաշնակցութեան ծրագրի էութիւնը, խորութիւնը եւ աջակցի նրան, որպէսզի կարողանանք ձեւաւորել իրական ազգային իշխանութիւն»,- ելոյթ ունենալով հանրահաւաքում՝ ասաց ՀՅԴ Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը՝ հաւաստիացնելով, որ Աշտարակում կայացած հանրահաւաքից յետոյ՝ նոյնատիպ հաւաքներ կը կազմակերպւեն նաեւ մարզ առ մարզ:

Անդրադառնալով արտագաղթի խնդրին՝ Ա. Ռուստամեանը կոչ արեց չնայած դժւարութիւններին՝ չլքել Հայրենիքը, այլ համախմբւելով՝ մեր խնդիրները լուծել մեր երկրում:Ա. Ռուստամեանը յիշեցրեց նաեւ, որ այս բոլոր սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների մասին Դաշնակցութիւնը խօսել է միշտ՝ նաեւ կոալիցիայի մաս կազմելու տարիներում:

Հանրահաւաքում ելոյթ ունեցաւ ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանը, որը յիշեցրեց մարզին վերաբերւող բոլոր առաջարկները, որոնք անցեալ տարի ներկայացրել է Դաշնակցութիւնը: Անցեալ տարի հանրապետութեան բիւջէն հաստատելու ընթացքում Դաշնակցութեան ֆրակցիան չորս կարեւոր առաջարկ է արել Արագածոտնի մարզի վերաբերեալ, եւ որոնք մերժւել են զուտ քաղաքական դրդապատճառներով:

Դրանք են՝ Արագածոտնի մարզ Արտաշաւան համայնքի մսուր-մանկապարտէզի հիմնանորոգումը, որը, ըստ նրա՝ կարժենար ընդամէնը 42 մլն. դրամ: Արագածոտնի մարզում կարեւոր նշանակութիւն ունեցող Թալին-Կարմրաշէն-Ոսկեթաս-Զօրաւասար-Գառնահովիտ ճանապարհի հիմնանորոգումը, Արագածոտնի մարզի Աշնակ գիւղի ներհամայնքային ճանապարհի եւ նոյն համայնքի Գէորգ Չաւուշի անւան դպրոցի վերանորոգումը:

«Այս մարզում արել էինք այս չորս առաջարկը: Չորսն էլ մերժեցին: Չորսն էլ կառավարութիւնը չընդունեց: Ինչո՞ւ, որովհետեւ մենք այլեւս ընդդիմութիւն էինք: Եւ ուրեմն՝ այդ բոլոր մարդիկ, որ պէտք է օգտւէին այս ջրատարներից, ճանապարհներից, դպրոցից ու մսուրից, դրանից զրկւեցին միայն ու միայն քաղաքական դրդապատճառներով»:

Ըստ Վ. Յովհաննիսեանի՝ սա է ոչ միայն Արագածոտնի մարզում, այլեւ մեր հանրապետութիւնում վարւող քաղաքականութիւնը: Հանրահաւաքում ելոյթ ունեցած ՀՅԴ մարզային կառոյցի ներկայացուցիչները խօսեցին Արագածոտնի մարզպետի կողմից կատարւող անօրինականութիւնների մասին, որը մարզպետի պաշտօնը ստանձնելուց յետոյ՝ քաղաքական հայեացքների անհամապատասխանութեան դէպքում՝ մարդկանց ազատում է աշխատանքից:

Հանրահաւաքի ժամանակ ընդհարում տեղի ունեցաւ, ինչը հարթւեց հանրահաւաքի մասնակիցների եւ ոստիկանութեան աշխատակիցների կողմից:Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի մասին իր խօսքում նշեց նաեւ ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Արծւիկ Մինասեանը: «Ժամանակն է համախմբւել եւ մեր երկրում հաստատել արդարութիւն, որը հնարաւոր է՝ օրէնքի իշխանութեան դէպքում:

Չպէտք է թոյլ տանք քաղաքացու հետ վարւել ինչպէս ցանկանան: Պէտք է երկրում հաստատենք ժողովրդի իշխանութիւն, հայ մարդու իշխանութիւն»:

Հանրահաւաքը լուսաբանում էին մի շարք լրատւամիջոցների ներկայացուցիչներ, նաեւ… ոստիկանութեան աշխատակիցները եւ քաղաքացիական հագուստով այլ ծառայողներ: Սակայն, ի տարբերութիւն լրագրողների, նրանք նկարում էին հանրահաւաքի մասնակիցներին:


«ԱԼԻՔ»

Զրոյց-դասախօսութիւն`
Հայ ազգագրական երգերի շուրջ
Երէկ՝ չորեքշաբթի Նարեկացի արւեստի միութիւնում տեղի կունեցաւ զրոյց-դասախօսութիւն Հայ ազգագրական երգերի ծագումնաբանութեան, կատարման և մեկնաբանութիւնների շուրջ` «Սասուն» ազգագրական համոյթի գեղարւեստական ղեկավար Անդրանիկ Մանուկեանի մասնակցութեամբ:
Ինչպէս յայտնում են միջոցառման կազմակերպիչները, զրոյց-դասախօսութիւնը տեղի ունեցաւ ժամը 19.00-ին` Նարեկացի Արւեստի միութիւնում:
Նարեկացի արւեստի միութիւնը Երևանի մշակութային կեանքի յայտնի ու ակտիւ կենտրոններից մէկն է: Այն բարեգործական կառոյց է, որը ստեղծւել է 2004 թ.-ին: ՆԱՄ-ի գլխաւոր նպատակն է հասարակութեան լայն զանգւածներին հասանելի դարձնել մեր հարուստ մշակութային ժառանգութեանն ու մեր պատմութեանը: ՆԱՄ-ը կազմակերպում և իրականացնում է մշակութային տարբեր նախագծեր և միջոցառումներ` ներառեալ բազմաթիւ ցուցահանդէսներ, երաժշտական միջոցառումներ, թատերական ներկայացումներ, ֆիլմերի ցուցադրում, գրքերի շնորհանդէսներ և մասնագիտական դասընթացներ: Բոլոր ծառայութիւնները արւեստագէտներին տրամադրւում են անվճար, և միջոցառումների մուտքն ազատ է լայն հասարակութեան համար:
Իր գործունէութեան ընթացքում ՆԱՄ-ը նաև հրատարակել է մի շարք գրքեր, ալբոմներ, ձայնային և պատկերային խտասալիկներ (CD և DVD), ստեղծել յատուկ կայքէջեր արւեստի տարբեր բնագաւառների գործիչնեի մասին: Այն Երևանում գործող եզակի մշակութային կառոյցներից է, որտեղ հաշմանդամների ազատ տեղաշարժման համար ստեղծւած են բոլոր անհրաժեշտ պայմանները` հնարաւորութիւն ընձեռելով նրանց մասնակից դառնալու ՆԱՄ-ում ծրագրւող և իրականացւող բոլոր ձեռնարկներին:

ԱՅՍՕՐ, 09:11
Aysor.am

Իրանն առաջարկել է Ադրբեջանին
փոխադարձ առեւտրային
գործարքներում օգտագործել
միայն ազգային արժոյթները
Սեպտեմբեր 29, 2010 23:32
Իրանն առաջարկել է Ադրբեջանին համատեղ բանկ ստեղծել: Այդ առաջարկը հնչեցրել է Իրանի նախագահի աշխատակազմի տնտեսական հարցերի վերահսկողութեան բաժնի ղեկավար, փոխնախագահի տեղակալ Ալի Աղա Մոհամմադին` Ադրբեջանի Կենտրոնական բանկի վարչութեան նախագահ Էլման Ռուստամովի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպէս հաղորդում է Trend-ը, վկայակոչելով Ադրբեջանում Իրանի դեսպանատան մամուլի ծառայութեան ղեկավար Աբբաս էսկանդարիին, այսօրւայ դրութեամբ, Ադրբեջանում իրանական կապիտալով մէկ բանկ է գործում, melli Iran Bank-ի մասնաճիւղը:
Ալի Աղա Մոհամմադին առաջարկել է նաեւ համատեղ ֆինանսական ներդրումներ կատարել, արտօնութիւններ տրամադրել երկու երկրների գործարարներին վարկային հաշիւներ բացելիս: «Ձեռնարկատիրութեան զարգացման համար նպատակայարմար է փոխադարձ առեւտրային գործարքներում օգտագործել միայն ազգային արժոյթները՝ ադրբեջանական մանաթն ու իրանական ռիալը»,- ասել է նա:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Տիգրան Մարտիրոսեան.
«Լոնդոնում նպատակս
Օլիմպիական ոսկին է»
Այսօր «Ուրբաթ» ակումբում զանգւածային լրատւամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ աշխարհի ծանրամարտի նորընծայ չեմպիոն Տիգրան Գէորգի Մարտիրոսեանն ընդգծեց, որ իր երազանքներից մէկն արդէն կատարւել է, իսկ միւսն օլիմպիական չեմպիոնի կոչումն է:
«Ես բառերով չեմ կարող նկարագրել այն զգացումները, որոնք ապրեցի` հռչակւելով աշխարհի չեմպիոն: Ինքդ պէտք է ապրես, որպէզի լիարժէք հասկանաս դրանք: Անսահման բերկրանք, երջանկութիւն…
Սա իմ կեանքի ամենամեծ երազանքներից մէկն էր: Միւս երազանքս Օլիմպիական չեմպիոնի կոչումն է: Քանի որ առաջին տեղ եմ գրաւել աշխարհի առաջնութիւնում, բնականաբար, պէտք է ձգտեմ յաղթել նաև Օլիմպիադայում: 2008 թ. արժանացել եմ Օլիմպիական բրոնզի, իսկ Լոնդոնում նպատակս ոսկին է:
Իւրաքանչիւր չնչին սխալ կարող է ճակատագրական լինել: Ես կարող եմ ասել միայն, որ ինձնից կախւած հնարաւոր ամէն ինչ կանեմ` Օլիմպիադային լաւ մարզավիճակով ներկայանալու և յաղթելու համար»,- ասաց նա:
Տիգրանն աւելացրեց նաև, որ իր ելոյթից յետոյ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտէի նախագահ Գագիկ Ծառուկեանը զանգահարել է իրեն և շնորհաւորել նւաճման առթիւ:
Իսկ այն հարցին, թէ ինչպիսի պարգևավճարներ են սահմանւել աշխարհի չեմպիոնի կոչման համար, հայ դիւցազունն այսպէս պատասխանեց. «Պրն Ծառուկեանը հեռախօսազրոյցի ընթացքում ասաց, որ այնպիսի պարգև է տալու, որպիսին մինչև հիմա դեռ ոչ մէկի չի տւել…»:

ԱՅՍՕՐ, 20:37
Aysor.am

Շախմատի օլիմպիադա.
Հայ շախմատիստուհիները
յաղթեցին իսրայէլցիներին
20:54 • 29.09.10
Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 8-րդ տուրում կանանց Հայաստանի հաւաքականը հանդիպեց Իսրայէլի ընտրանու հետ։ Մեր շախմատիստուհիները 2,5:1,5 հաշւով առաւելութեան հասան իսրայէլցիների նկատմամբ: Յաղթանակ տարան.– Էլինա Դանիէլեանն ու Լիլիթ Գալոյեանը յաղթանակ տարան, Լիլիթ Մկրտչեանը խաղաղութեամբ աւարտեց պարտիան, իսկ Նելլի Աղինեանը պարտւեց:

Tert.am

Թուրքիան շարունակում է ստի ու կեղծիքի
քաղաքականութիւնը

«Դաւութօղլուն.– որևէ մէկը չի կարող ապացուցել, որ 1915 թւականին
Ցեղասպանութիւն է եղել»

«Դեռևս 1919 թւականին Օսմանեան կայսրութեան բարձր դատարանը
մահապատժի էր ենթարկել հայերի զանգւածային կոտորածի
կազմակերպիչներին՝ Թալէաթին, Ջեմալին, Էնվէրին և մի շարք այլ
յանցագործների»

«Թուրքիան և նրա արտգործնախարարը շարունակում են ստի և կեղծիքի վրայ հիմնւած Գոբելզեան քաղաքականութիւնը ու զարմանալի է, որ տարածքային ամբողջականութեան սկզբունքի նկատմամբ յարգանքից խօսում է մի երկրի ԱԳ նախարար, որն օրը ցերեկով ոտնձգութիւն է կատարել հարևան Կիպրոսի տարածքային ամբողջականութեան նկատմամբ»,- անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դաւութօղլուի՝ Հարվարդի համալսարանում հնչեցրած յայտարարութեանը՝ Aysor.am-ի հետ զրոյցում նշեց ԱԺ պատգամաւոր, ՀՀԿ խմբակցութեան քարտուղար Էդւարդ Շարմազանովը:
Նշենք, որ Թուրքիայի ԱԳ նախարարը մասնաւորապէս նշել է, թէ Հայաստանը պէտք է յարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը, իսկ Հայ-թրքական յարաբերութիւնները կարող են կարգաւորւել միայն այն ժամանակ, երբ Հայ-ադրբեջանական յարաբերութիւնները կկարգաւորւեն: Դաւութօղլուն նաև նշել է, թէ որևէ մէկը չի կարող ապացուցել, որ 1915 թւականին Ցեղասպանութիւն է եղել:
«Աւելի արդարացի և ճիշտ կլինի, որ Թուրքիան նախ վերջ դնի Կիպրոսի բռնագրաւմանը ու զբաղւի իր ներքին խնդիրներով: Ինչպէս Թուրքիան է բռնազաւթել է Կիպրոսի տարածքը, այնպէս էլ նրա եղբայրակից Ադրբեջանն է բռնագրաւել ԼՂՀ-ի 15%-ը, և, վաղ թէ ուշ, նրանք երկուսն էլ պէտք է դուրս գան այդ տարածքներից»,- ասաց ԱԺ պատգամաւորը:
ՀՀԿ մամլոյ խօսնակի համոզմամբ՝ եթէ Թուրքիայի ԱԳ նախարարը խօսում է Ցեղասպանութեան փաստերի բացակայութիւնից, աւելի լաւ կլինէր, որ նա մանրամասն ուսումնասիրէր իր երկրի պատմութիւնը և իր իսկ երկրի դատական վճիռները:
«Դեռևս 1919 թւականին Օսմանեան կայսրութեան բարձր դատարանը մահապատժի էր ենթարկել հայերի զանգւածային կոտորածի կազմակերպիչներին՝ Թալէաթին, Ջեմալին, Էնվէրին և մի շարք այլ յանցագործների: Դա ոչ թէ միջազգային, այլ հէնց թրքական դատարանի վճիռն էր: Աւելի լաւ կլիներ աննպատակ խօսելու փոխարէն, իմանալ այդ դատական վճռի մասին»,- Է. Շարմազանովը:

ԱՅՍՕՐ, 13:50
Aysor.am

«Էրդողանը ցանկանում
է 2012 թ.-ին լինել
առաջին ընտրւած նախագահը»
Այսօր հրաւիրւած մամուլի ասուլիսում, թուրքագէտ Արտակ Շաքարեանն անդրադարձել է Թուրքիայում կայացած սահմանադրական բարեփոխումներին։ Ըստ բանախօսի՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է 2012 թ.-ին լինել առաջին ընտրւած նախագահը։
«Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումներն ուղղւած էին ոչ միայն Թուրքիային մօտեցնելու Եւրամիութեանը, այլև նախապատրաստւելու 2012 թ. նախագահական ընտրութիւններին։
Էրդողանը ցանկանում է ունենալ աւելի լայն լիազօրութիւններ, քանի որ այժմ Թուրքիայում նախագահը ժողովրդի կողմից չի ընտրւում՝ նրան ընտրում է խորհրդարանը»,-ասել է թուրքագէտը:

Հայաստանը չի կարող զարգանալ
միայն շէնքեր կառուցելով
18:04 • 29.09.10
Հայաստանի կառավարութիւնը պէտք է իրականացնի միջոցառումներ, որոնք նպաստելու և խրախուսելու են արտահանումը, այլ ոչ թէ վնասեն այն։ Այսօր Երևանում կայացած ասուլիսում այս մասին յայտարարեց Հայաստանում Արժոյթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Գիերմօ Տոլոսան։ Ըստ նրա, Հայաստանում կառավարութեան պարտքը տնտեսվարողներին ԱԱՀ-ի գերավճարների մասով զաւեշտալիօրէն բարձր է. «Մենք դրա մասին բարձրաձայնում ենք կառավարութեան հետ հանդիպումներին և փորձում ենք հասկանալ, թէ ինչու է այդպէս ստացւում»։
Ըստ նրա, ստեղծւել է աշխատանքային խումբը, որը պէտք է ուսումնասիրի գերավճարների կուտակման հարցը։ Տոլոսան նշեց, որ կառավարութիւնը պարտաւորութիւններ է ստանձնել՝ քայլեր կատարել գերավճարների վերադարձի ուղղութեամբ։ «Անհրաժեշտ են քայլեր, որոնք կխրախուսեն, այլ ոչ թէ կվնասեն արտահանումը»,-նշեց նա։
Ըստ Գիերմօ Տոլոսայի՝ Հայաստանի նման փոքր երկիրը զարգանալու համար պէտք է կենտրոնանայ արտաքին շուկաներ ապրանքներ և ծառայութիւններ արտահանելու վրայ։ «Հայաստանը չի կարող աճել միայն ներքին շուկայում ապրանքներ վաճառելով և շէնքեր կառուցելով»,-ասաց ԱՍՀ պաշտօնեան։
Նշենք, որ Հայաստանում գործող օրէնսդրութեան համաձայն, արտահանւող ապրանքներն ազատւած են ԱԱՀ-ից։ Տնտեսվարողներն սկզբից են վճարում 20% ԱԱՀ, և այն ենթակայ է վերադարձման, եթէ արտադրանքը արտահանւում է։ Կառավարութեան կողմից ԱԱՀ-ի վերադարձի ձգձգումից հիմնականում դժգոհում են հանքաարդիւնաբերութեան ոլորտի ընկերութիւնները։

Tert.am

Չնայած դատարանի
որոշմանը՝ ՀՅԴ-ն
չի յետաձգել
հանրահաւաքը

«ԱԼԻՔ»– ՀՀ վարչական դատարանը մերժել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի հայցը: ՀՅԴ Արագածոտնի մարզային կառոյցը Աշտարակի քաղաքապետարանին իրազեկել էր քաղաքում հանրահաւաք կազմակերպելու մասին եւ մերժում ստացել: Հիմք ընդունելով ժողովներ, հանրահաւաքներ, երթեր եւ ցոյցեր կազմակերպելու մասին օրէնքը՝ ՀՅԴ Գերագոյն մարմինը Վարչական դատարանում բողոքարկել էր Աշտարակի քաղաքապետի սեպտեմբերի 24-ի որոշումը՝ այն անվաւեր ճանաչելու պահանջով:

Պատասխանող կողմը՝ Աշտարակի փոխքաղաքապետ Հրաչիկ Խաչատրեանը, դատական նիստին իր «հիմնաւորումներով» փաստել է իրազեկման մերժման անհիմնութիւնը: Աւելի ուշ, երբ յայտնի է դարձել, որ ՀՅԴ Գերագոյն մարմինը հայցադիմում է ներկայացրել դատարան, քաղաքապետը դիմել է մարզի ոստիկանութեան օգնութեանը՝ մերժումը հիմնաւորելու համար:

Դատաւորի այն հարցին, թէ ինչու էք առաջարկել հանդիպում, այլ ոչ թէ՝ հանրահաւաք, քաղաքապետի ներկայացուցիչը զաւեշտ պատասխան է տւել՝ ասելով. «Բառախաղութեան յետեւից չենք ընկել»:ՀՀ վարչական դատարանը, դատաւոր Լարիսա Սօսեանի նախագահութեամբ, կայացրած վճռով մերժել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի հայցը:

ՀՅԴ Գերագոյն մարմինը տեղեկացնում է, որ չնայած դատարանի որոշմանը՝ նախապէս յայտարարւած միջոցառումը չի յետաձգւելու եւ կը կայանայ սեպտեմբերի 29-ին, ժամը 17:00-ին, Աշտարակի Մշակոյթի տանը յարող հրապարակում:


Հ.Յ.Դ.

ՄԱՄԼՈՅ ԴԻՒԱՆ


Հայ-թուրքական
պատերազմին
դաժան դասերը
«ԱԼԻՔ»
Ն.
Սեպտեմբերի այս օրը կը լրանայ 90-ամեակը հայ-թուրքական պատերազմին, որ հանդիսացաւ հայ ժողովուրդի նորագոյն պատմութեան ամենէն սեւ թւականներէն մէկը եւ, իր ծանրագոյն հետեւանքներով ու դաժան դասերով, անջնջելի եւ առանձնայատուկ տեղ գրաւեց հայոց ազգային յիշողութեան մէջ:
1920 թւականի սեպտեմբեր 24-ին, Մուստաֆա Քեմալի հրահանգով եւ առանց պատերազմի պաշտօնական յայտարարութեան, թուրքական բանակը ներխուժեց Հայաստան: Բռնկեցաւ հայկական եւ թուրքական պետութեանց միջեւ պատմութեան ծանօթ միակ պատերազմը, որ երկու ամիս ետք աւարտեցաւ ոչ միայն Հայաստանի անկախութեան կորուստով եւ Հայաստանի Հանրապետութեան խորհրդայնացումով ու գերեվարումով, այլեւ՝ հայկական հողերու ծանրագոյն կորուստով:
Աշխարհաքաղաքական հակասութիւններով լեցուն եւ միջազգային թէ տարածաշրջանային բախտորոշ վերիվայրումներով յատկանշւող պատմական պահ էր 1920-ի աշնանամուտը։ Առաջին աշխարհամարտի յաղթական Դաշնակիցները, անգլիացիներու եւ ֆրանսիացիներու գլխաւորութեամբ, անձնատուր եղած էին պատերազմը կորսնցուցած Կայսերական Գերմանիոյ եւ Օսմանեան կայսրութեան գաղթատիրական աւարը իրենց միջեւ բաժնելու խօլ մրցապայքարին:
Հայաստան աշխարհը պարփակող տարածաշրջանին մէջ, հիւսիսի մեծապետական ախոյեանը՝ Ցարական կայսրութիւնը փուլ եկած էր, տեղի ունեցած էին 1917-ի Փետրւարեան եւ Հոկտեմբերեան յեղափոխութիւններն ու յեղաշրջումները, Լենինի բոլշեւիկները ռազմաճակատներէն «դէպի տուն» կանչած էին ռուսական զօրքերը, որոնք Կարմիր բանակի համազգեստ հագած՝ նետւած էին կռւի նոր դաշտ, մէկ կողմէ ռուս հակաբոլշեւիկեան սպիտակ բանակայինները ոչնչացնելու, իսկ միւս կողմէ նոր կայսրութիւն մը՝ Խորհրդային Միութիւնը կեանքի կոչելու համար...
Օսմանեան կայսրութիւնը տակաւին կը շարունակէր քաշքշել իր գոյութիւնը, աւելի ճիշտ՝ յաղթական Դաշնակիցները իբրեւ իրենց հլու-հնազանդ խամաճիկը՝ կը պահպանէին զայն, բայց քեմալական ազգայնականութիւնը արդէն պարզած էր թուրքական պետութիւնը իր անցեալի «փառք»-ով վերականգնելու սրբազան պատերազմի դրօշը:
Իթթիհադականներու երէկի գործակիցն ու բանակային հրամանատարը՝ Մուստաֆա Քեմալ իր շուրջ համախմբած էր պարտեալ թուրքական բանակի մնացորդը եւ տենդագին փնտրտուքի մէջ էր՝ գտնելու իր հետեւորդները սպառազինող եւ սնունդով ապահովող ռազմական դաշնակիցի:
Լենին փութաց գրաւելու... քեմալական ազգայնականութեան «կնքահայր»-ի թափուր աթոռը: Ի՞նչ պատկեր կը պարզէր Հայաստանը՝ պատմական այդ բախտորոշ պահուն։ Հայաստանի անկախութիւնը միջազգային ճանաչումի արժանացած էր, Հայաստանի Հանրապետութիւնը հաստատաքայլ կառաջանար հայոց ազգային պետականութեան կռւաններն ամրապնդելու ճակատներուն վրայ, սովի ու գաղթականութեան «անձեւ քաոս»-ը աստիճանաբար անցեալի տխուր յուշ կը դառնար, Հայկական բանակը արագօրէն կուժեղանար, յաղթահարած էր մայիս 1920-ի բոլշեւիկեան խռովութեանց բացած ներքին վէրքը եւ կտրած էր Միացեալ, Ազատ ու Անկախ Հայաստանի ուղղութեամբ յառաջանալու ռուբիկոնը՝ հազիւ շաբաթներ առաջ ստորագրելով, Օսմանեան կայսրութեան պաշտօնական իշխանութեանց կողքին, 10 օգոստոսի 1920-ի Սեւրի դաշնագիրը, հայ ժողովուրդի անժամանցելի իրաւունքներն ու Հայաստանի Հանրապետութեան ընդլայնւած սահմանները իրաւականօրէն հաստատագրող միջազգային Պարտամուրհակը։ Յատկապէս, այս վերջինի՝ Սեւրի դաշնագրին ստորագրումը եղաւ այն արագացուցիչը, որ Լենինի եւ Քեմալի միջեւ ամիսներ առաջ սկսած գործակցութեան եւ զինակցութեան ուխտ կնքելու գաղտնի բանակցութիւնները հասցուց իրենց սադայէլական պսակումին։
Ռուսական ոսկիներով եւ զէնքերով ուժեղացած թուրքական զօրքերը այլեւս պատճառ չունէին ձգձգելու Հայաստանի վրայ իրենց յարձակումը։ Եւ 14 սեպտեմբերին, միջազգային պետական իրաւակարգը արհամարհելով, առանց պատերազմի պաշտօնական հռչակման, քեմալական բանակը սկսաւ իր արշաւանքը՝ Հայաստանի Հանրապետութեան դէմ։ Անակնկալի եկած Հայկական բանակը, սկզբնական ընկրկումներէ ետք, ամբողջական թափով նետւեցաւ կռւի դաշտ եւ, որոշակի նահանջներով հանդերձ, յաջողեցաւ կասեցնել քեմալական յառաջխաղացքը:
Բայց, ոչ միայն թուրքական զօրքը անհամեմատօրէն ուժեղ էր, այլեւ քեմալական արշաւանքին անմիջապէս հետեւեցաւ հիւսիսէն եւ արեւելքէն Կարմիր բանակի ընդհանուր գրոհը՝ Հայաստանը թիկունքէն հարւածելու եւ Հայկական բանակը երկու մեծապետական ուժերու աքցանին մէջ առնելու ռազմավարութեամբ: Այդպէ՛ս էր, որ իբրեւ հայ-թուրքական պատերազմ սկսաւ, բայց անմիջապէս «Հայաստանը թուրքական սալին եւ ռուսական մուրճին միջեւ» կործանելու ահաւոր դաւադրութեան իր դաժանագոյն էութիւնը մերկացուց 1920-ի աշնան արձանագրւած ողբերգութիւնը։
Շարունակութիւնը պարզապէս 24 սեպտեմբերի ներխուժման սեւ էջին ողբերգական գոյները խտացնող պարտութիւններու եւ ընկրկումներու շարան մըն է, որ յանգեցաւ 1920-ի դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետութեան կողմէ իշխանութիւնը խորհրդայիններուն զիջելուն եւ դեկտեմբերի 3-ին Ալեքսանդրապոլի անձնատւական դաշնագրի ստորագրութեան։
Հայոց նորագոյն պատմութեան այդ սեւ թւականներուն եւ անոնց առընչւող դասերուն անպայման կարժէ առանձնաբար անդրադառնալ: Հո՛ս ուղղակի տե՛ղն է անդրադառնալու թուրքական քաղաքականութեան բնորոշ այն հիմնական՝ վարքագծային առանձնայատկութիւններուն, որոնք պատմութեան դաժան դասերուն մաս կը կազմեն արդէն, բայց որոնք դեռ չեն իւրացւած անհրաժեշտ խորութեամբ՝ հայ քաղաքական մտքի անխտիր բոլոր հոսանքներուն կողմէ։ Թուրքական պետութեան համար, օսմանեան ըլլայ անիկա թէ հանրապետական, հիմնական եւ ռազմավարական կարեւորութիւն կը ներկայացնէ Հայկական Հարցէն ձերբազատումը, ի հարկին Ցեղասպանութեամբ հայ ժողովուրդը ֆիզիկապէս կործանելու ճամբով։
Սուլթան Համիդ կոչւին թէ Թալէաթ փաշա, Քեմալ Աթաթուրք անւանւին թէ արեւմտականացած մահմեդականի պատմուճան հագած Էրդողան ըլլայ իրենց անունը՝ թուրքական պետութեան վարիչները միեւնոյն քաղաքականութեան կը ծառայեն եւ տարբեր վարքագիծ չեն կրնար ունենալ:
Պարզապէս, կը շարժին ու կը գործեն պահու միջազգային պայմաններուն համապատասխան պատշաճեցումներով: Հետեւաբար՝ ո՛չ 1915-ով սկսաւ, ո՛չ ալ իթթիհադականներու անփառունակ պարտութեամբ վերջ գտաւ Հայկական Հարցը ի հարկին հայութեան բնաջնջումով օրակարգէ դուրս մղելու թուրքական քաղաքականութիւնը, ինչպէս որ 1920-ականներուն Քեմալ նոյնքան յանցագործ շարունակողը եղաւ թուրքական այդ պետական քաղաքականութեան, այնպէս ալ Էրդողան կամ վաղւան որեւէ թուրք ղեկավար պարզապէս պահու միջազգային պայմաններուն համապատասխանող քայլեր պիտի առնէ, բայց խորքով նոյն քաղաքականութեան շարունակողը պիտի մնայ։
Հայաստանը շրջափակելու եւ, ապա, շրջափակման վերջ տալու համար Հայաստանին հիմնական զիջումներ պարտադրելու Անկարայի այսօրւան քաղաքականութիւնը տարբեր ներշնչման աղբիւր չունի, տարբեր նպատակի չի ծառայեր։ Եւ ինչպէս որ 90 տարի առաջ, 24 սեպտեմբերի 1920-ին, առանց պատերազմ իսկ յայտարարելու, Թուրքիա «յարմար» պահուն ներխուժեց Հայաստան, պարզապէս Խորհրդային Ռուսաստանի հետ որոշակի կամուրջ մը «անցնելու» համար, նոյնպէս եւ այսօր Թուրքիա կրնայ միջազգային բոլոր պայմանաւորւածութիւնները ոտնակոխող քայլի դիմել Հայաստանի դէմ, եթէ «յարմար պահ»-ը ներկայանայ։
Թուրքական այդօրինակ հաւանական հարւածի պատրաստ գտնւելու իմաստութիւնը կը սորվեցնէ մեզի 24 սեպտեմբերի 1920-ի տարելիցը:

Թուրքիայի
ամենահայատեաց
գործիչը
«հայ» է
Սեպտեմբեր 29, 2010 14:14
Թուրքական մամուլում լայն տարածում է գտել տեղեկատւութիւնն այն մասին, որ «Ազգայնական շարժում» կուսակցութեան ղեկավար Դեվլեթ Բահչելին հայկական ծագում ունի եւ նրա նախնիները եղել են կրօնափոխ եղած հայեր։ Սեպտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց թուրքագէտ ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբէն Մելքոնեանը: Յիշեցնենք, որ օրերս Բահչելին յայտարարել էր, որ պատրաստւում է իր կուսակիցների հետ Անիի մայր տաճարում զանգւածային նամազ կազմակերպել` ի պատասխան Աղթամարի Սուրբ Խաչում տեղի ունեցած պատարագի:
«Թուրքական հասարակութիւնում տիրող հակահայկական, հակաքրիստոնէական տրամադրութիւններն իրենց արտացոլանքն են գտնում նաեւ ներքաղաքական օրակարգում եւ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցւած պատարագն (շօուն) ընդդիմութիւնը փորձում է օգտագործել իշխող կուսակցութեան դէմ»,- նշեց Ռուբէն Մելքոնեանը:
«Այն հանգամանքը, որ ընդդիմադիր «Ազգայնական շարժումը» փորձում է շահարկել այս հարցը, ցոյց է տալիս, որ թուրքական հասարակութեան մէջ մեծ մասը ոչ հանդուրժողական տրամադրութիւն ունի քրիստոնեաների եւ հայերի նկատմամբ։ Անիի Մայր տաճարում նամազ անցկացնելու նրա պատասխան քայլը մեծ խանդավառութիւն է առաջացրել հասարակութեան մօտ եւ դրանով Բահչելին փորձում է աւելացնել իր կուսակցութեան վարկանիշը»,-ասաց Ռուբէն Մելքոնեանն ու յաւելել. «Միգուցէ նրա մօտ ցանկութիւն է առաջացել նախնիների տաճարում աղօթելու։ Եւ նրան պէտք է հարցնել, թէ իր աղօթքում ի վերջոյ ո՞ւմ է դիմելու։ Կարող ենք մաղթել, որ աղօթքով յստակեցնի իր ինքնութիւնը եւ իր համար պարզի, թէ ո՞վ է նա իրականում»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Արմէն Աշոտեանը սեփական փորձի
վերարտադրման և ֆետիշացման խնդիր է լուծում
«Մենք դէմ ենք
օտարալեզու
դպրոցների
վերաբացմանը»
16:00 • 28.09.10
Հայաստանի երկրորդ լեզւի կամ օտարալեզու կրթութեան մասին խօսակցութիւնները պարբերաբար բարձրացւում են Հայաստանում, ինչի պատճառը թուլութիւնն է, սեփական հանրակրթութեան որակի անմխիթար վիճակը։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Մենք դէմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնութեան անդամ Արմէն Յովհաննիսեանը։ Ըստ նրա, մինչև կրթութեան որակը չբարելաււի, «մեզ շարունակելու են երջանկացնել» կրթութեան ոլորտն արդիականացնելու մասին խօսակցութիւններով։
Արմէն Յովհաննիսեանն ընդգծեց, որ ինքը համաձայն է կրթութեան ոլորտը ժամանակակից, արդիական դարձնելու բոլոր առաջարկներին, բայց առաջարկում է բոլոր նորամուծութիւններն անել հայերէն։ Օտարալեզու դպրոցների բացման մասին օրինագծում ներառւած միջազգային բակալավրիատի խնդրին Յովհաննիսեանը դէմ չէ, «բայց մենք դէմ ենք, որ այդ համակարգը փոխարինի մեր կրթութեան համակարգին»։
Կրթութեան և գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը Հայաստանի ԿԳ նախարարներից առաջինն է, ով հանդէս է եկել օտարալեզու դպրոցներ բացելու օրէնսդրական նախաձեռնութեամբ։ Այս մասին յայտարարեց ասուլիսին մասնակից՝ նախաձեռնութեան անդամ Նւարդ Մանասեանը. «Մինչ օրս որևէ նախարար նման նախաձեռնութեամբ հանդէս չի եկել»։
Tert.am–ի հարցին, թէ ո՞րն է պատճառը, որ Արմէն Աշոտեանը հանդէս եկաւ օրէնսդրական այս նախաձեռնութեամբ, Նւարդ Մանասեանը պատասխանեց, որ հարկաւոր է պատկերացում ունենալ մշակութային, համահասարակական կարևութիւն ունեցող խնդիրների մասին, ինչպէս նաև հեռուն նայելու ունակութիւն, թէ նման նախագծերն ինչ արդիւնքի կբերեն մեզ, օրինակ, 100 տարի յետոյ։ «Նախորդ նախարարները հաւանաբար ունեցել են այդ ընկալումը»,– յայտարարեց նախաձեռնութեան անդամը՝ յաւելելով, որ ներկայում օտարալեզու դպրոցների մասին խօսողները 4–5 տարւայ պատմական փուլում են գործում։
«Ես կասէի՝ այդտեղ սեփական փորձի վերարտադրման և ֆետիշացման խնդիր կայ»,– շարունակեց նախաձեռնութեան անդամ Արմէն Յովհաննիսեանը՝ յիշեցնելով, որ մինչև 8–րդ դասարան ԿԳ նախարար Արմէն Աշոտեանը ևս ռուսական կրթութիւն է ստացել։ Յովհաննիսեանն այն կարծիքին է, որ սեփական փորձը նախարարը դրական է համարում և ցանկանում է վերարտադրել այն։

Tert.am

Հրադադարի ռեժիմը կրկին խախտել է Ադրբեջանը
Սեպտեմբերի 27-ի լոյս 28-ի գիշերը և օրւայ ընթացքում Ղարաբաղա-ադրբեջանական զօրքերի շփման գօտու մի շարք հատւածներում արձանագրւել են հրադադարի ռեժիմի խախտման մի շարք դէպքեր, որոնց ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զէնքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծւել են Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների ուղղութիւններում տեղակայւած Ղարաբաղեան դիրքապահների յենակետերը:
Համաձայն ԼՂՀ պաշտպանութեան նախարարութեան մամուլի ծառայութեան տարածած հաղորդագրութեան` Պաշտպանութեան բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողութիւններից յետոյ հակառակորդը լռել է:

ԱՅՍՕՐ, 10:11
Aysor.am

Վ. Յովհաննիսեան.-
«Թէ Աղդամն ո՞ւմ հայրենիքն է, ո՞ւմը չէ՝
մեր իշխանութիւնները չպէտք է
փաստահաւաք խմբի առջև ջերմ ժպիտով
իրենց տեսակէտը բացայայտեն»
ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանն անթոյլատրելի է համարում, որ վերջերս ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ԼՂՀ մուտք գործեցին Ադրբեջանի՛ կողմից։
-Ինչո՞ւ, այս ի՞նչ նոր աւանդոյթ է ձևաւորւում։ Հասկանալի չէ՞, որ սրանից յետոյ Ադրբեջանն անընդհատ պահանջելու է, որ այդ ճանապարհով մտնեն։ Այսինքն, փոքր-փոքր զիջումները վերջում բաւականին ծանր հետևանքների կարող են բերել, և ես գտնում եմ, որ դա քաղաքական լուրջ սխալ էր,-ՄԱԱ-ում լրագրողներին ասել է Վ. Յովհաննիսեանը։
ԵԱՀԿ ՄԽ փաստահաւաք խմբի այցելութեան մէջ էլ նա վտանգներ է տեսնում։
-Վտանգը նրա մէջ է, որ մեր իշխանութիւնները նման փաստահաւաք խմբերի գալուց առաջ յայտարարում են, թէ մենք լաւն ենք, մենք այդ տարածքները չենք վերաբնակեցրել։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ չէք վերաբնակեցրել։ Բա Բաքւի փախստականները որտե՞ղ ապրեն, բա էն մարդիկ, որոնց Ղարաբաղից քաշեցին-տարան Ադրբեջանի շինարարութիւնները՝ Սումգայիթ, Բաքու կամ ուրիշ քաղաքներ, և որոնց վռնդեցին այնտեղից՝ սպանելով ու ջարդելով, խլելով ամբողջ գոյքը, ո՞ւր վերադառնան։ Ո՞րն է նրանց հայրենիքը։ Հէնց ա՛յդ տարածքները։ Ուրեմն մենք պէտք է բաց ասենք փաստահաւաք խմբին՝ այո՛, այստեղ ապրում են այն Հայ մարդիկ, որոնց Ադրբեջանն արտաքսել է, դուրս է արել։ Նրանք փրկելով իրենց կեանքը՝ վերադարձել են իրենց պատմական հայրենիք՝ Քարվաճառ, Բերձոր և մնացած տարածքները։ Իսկ թէ Աղդամն ո՞ւմ հայրենիքն է, ո՞ւմը չէ՝ մեր իշխանութիւնները չպէտք է փաստահաւաք խմբի առջև ջերմ ժպիտով իրենց տեսակէտը բացայայտեն։ Կարծում եմ, որ այն, ինչ մենք հիմա պէտք է անենք՝ բոլորս գնանք այնտեղ և ասենք՝ մենք այստե՛ղ ենք ապրում, մենք այստեղի՛ բնակիչ ենք, դէ գնացէք գանգատւէք ՄԱԿ,-յայտարարել է ՀՅԴ խմբակցութեան ղեկավարը։
Նա նաև յիշեցրել է, որ երբ փաստահաւաք խմբից պահանջում էինք Ջուղա գնալ և տեսնել այնտեղից վերացած յուշարձանների վիճակը, «այն ժամանակ նազ ու տուզ արեցին, և վերջում ինչ-որ մի փոքր տող յայտանւեց փաստաթղթերից մէկում»։
-Մե՛ր պարագայում, չգիտես ինչու, մերոնք սրտաբաց ընդունում են բոլոր նման փաստահաւաք խմբերը։ Ես կարծում եմ, որ, օրինակ, կարելի էր ասել՝ մենք հարցում կանցկացնենք այդ տարածքների բնակիչներից՝ իրենք ուզո՞ւմ են ձեզ տեսնել, թէ՞ ոչ։ Եւ փաստահաւաք խմբի առջև պէտք է դրւէր ուրիշ խնդիր էլ. եկէք տեսէք՝ մենք ո՞նց ենք ապրում։ Ոչ թէ՝ ապրո՞ւմ ենք մենք այստեղ, թէ՞ ոչ, այլ՝ մենք ապրում ենք և իրաւո՛ւնք ունենք, դուք եկէք տեսէք՝ մենք ի՞նչ ձևով ենք ապրում, մենք ի՞նչ պայմաններում ենք ապրում այստեղ, և ինչո՞ւ դուք չէք ճանաչում մեր ընտրութիւնները. մենք փորձում ենք ժողովրդավար պետութիւն դառնալ, իսկ դուք չէք ճանաչում մեր ընտրութիւնները։ Ա՛յս ձևով է պէտք նրանց հետ խօսել,-նշել է Վահան Յովհաննիսեանը։

Արեգնազ Մանուկեան
7օր

«Իրատես de facto».
«Հաստավզերը» զանգել են
Ծառուկեանին ու
քննարկել Դալլաքեանի
յայտարարութիւնը
Սեպտեմբեր 28, 2010 10:43
ԱԺ անկախ պատգամաւոր Վիկտոր Դալլաքեանի յայտնի յայտարարութիւնից յետոյ, Հայ օլիգարխներից մի քանիսը զանգահարել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկեանին ու ասել, թէ ինչո՞ւ են ԲՀԿ-ում Վիկտորի յայտարարութիւնը վերցրել իրենց վրայ, երբ որեւէ անուն չի հնչել՝ գրում է «Իրատես de facto»-ն: Ըստ թերթի՝ զանգող օլիգարխներից մէկն էլ աւելի հեռուն է գնացել ու ասել .«Այ, Գագօ, ես էլ եմ հաստավիզ, հիմա ի՞նչ, յայտարարութիւնը վերցնեմ իմ վրայ՞»:
Ի դէպ, թերթի տեղեկութիւններով՝ ԱԺ փոխխօսնակի իր թեկնածուին ԲՀԿ-ն նախապէս պէտք է ներկայացնի (ներկայացրել է) նախագահական: Սերժ Սարգսեանն ասել է՝ պէտք է տեսնեմ ցուցակը, միասին որոշենք՝ ով է նշանակւելու, հէնց էնպէս չպէտք է թողնել այս հարցը:
Մեր կողմից յաւելենք, որ քանի որ այդ թեկնածուն Սամւէլ Բալասանեանն է, նշանակում է, որ հէնց նա է հաւանութեան արժանացել նախագահականի կողմից:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Անդրադարձ Թեհրանում կայացած
«Ադրբեջանի Հանրապետութիւն, անցեալի
փորձառութիւններ, ապագայի հեռանկարներ»
համագումարին
«ԱԼԻՔ» – Թւականիս սեպտ. 19-ին Թեհրանի Պետական համալսարանի «Ֆերդոսի» դահլիճում նախաձեռնութեամբ Կովկասի հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի կայացաւ «Ադրբեջանի Հանրապետութիւն, անցեալի փորձառութիւններ, ապագայ հեռանկարներ» խորագրով համագումար, որին ներ կայ էին իրանցի ու ադրբեջանցի փորձագէտներ, որոնք հանդէս եկան տարբեր զեկոյցներով:
Համագումարը հիմնականում բաղկացած էր երկու նիստերից՝ հետեւեալ խորագրերով՝ Իրան-Ադրբեջան երկկողմանի յարաբերութիւններ եւ Ադրբեջանի արտաքին քաղաքականութիւնը:Համագումարին, ուր ելոյթներով հանդէս են եկել իրանցի ու ադրբեջանցի փորձագէտներ եւ երկու երկրներում դեսպանները, հնչել են բազմաթիւ տեսակէտներ՝ երկու երկրների յարաբերութիւնների, նաեւ՝ Ղարաբաղի հիմնահարցի մասին:
Արծարծւած թեմաներին անդրադարձել են Իրանի, ինչու չէ նաեւ Հայաստանի լրատւամիջոցները,ինչպէս՝ ԻՍՆԱ-ն եւ «News.am»-ը*):Համագումարի բացման բաժնում ելոյթ է ունեցել Իրանի հանր. նախագահութեան խորհրդարանական հարցերով տեղակալ հոջ. Միրթաջէդդինը, որը խօսել է Ղարաբաղի հիմնահարցի վերաբերեալ՝ ադրբեջանամէտ եղանակով:ԻՍՆԱ-ն անդրադարձել է նրա ելոյթների որոշ բաժիններին, որը ներկայացնում ենք թարգմանաբար: Նա ասել է. «Ղարաբաղը իրականում Ադրբեջանին պատկանող տարածք է, որի բռնագրաւումը եւ մասնատումը չեմ ընդունում:
Իրանը իր ցանկութիւնն է յայտնել Ղարաբաղի հարցի կարգաւորման համար, որին Ադրբեջանն ընդառաջել է, սակայն Հայաստանը չի ընդառաջել»:Նա իր ելոյթի մի այլ բաժնում աւելացրել է. «Իրականում, Իրանի հիմնական խօսքը հետեւեալն է, որ հարեւան երկրները կարող են կարգաւորել այդ հարցը, եւ Իրանը, Թուրքիան ու Ռուսաստանը կարող են օժանդակել հակամարտութեան կարգաւորմանը: Իրականութեան մէջ, այդ երկրները կարող են միմեանց հետ համախմբւելով՝ կարգաւորել այդ հակամարտութիւնը»:
«NEWS.am»-ը իր հաղորդած լուրի մի բաժնում այսպէս է գրել. «Անդրադառնալով իրանա-ադրբեջանական յարաբերութիւններին՝ Սէյէդ Մոհամմադռեզա Միրթաջջէդինը նշել է, որ Իրանը կրօնական առումով ոչ մի նմանութիւն չունի իսլամական որեւէ այլ երկրի հետ: Ադրբեջանի բնակչութեան 95 տոկոսը շիա մահմեդականներ են: Փոխնախագահի ասութեամբ՝ Իրանում լաւ գիտեն, թէ Ադրբեջանում ինչ նշանակութիւն է տրւում կրօնին»:
Նա Ադրբեջանի ղեկավարութեանը կոչ արեց աւելի մեծ ուշադրութիւն ցուցաբերել այդ ոլորտին:Մէկօրեայ համագումարում ելոյթ ունեցողներից էր Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհամմադ Բաղեր Բահրամին: ԻՍՆԱ-ի համաձայն՝ Բահրամին իր ելոյթի մի բաժնում խօսելով ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման մասին՝ ասել է, որ Ղարաբաղի հակամարտութիւնը մի վէրք է տարածաշրջանում եւ աւելացրել. «Տարածաշրջանի թշնամիների ծրագրերում չի մշակւել այդ հակամարտութեան կարգաւորումը, այլ նրանք ցանկանում են դրա յարատեւումը եւ վէրքի է՛լ աւելի խորացումը, որի բացայայտ օրինակը Մինսկի խմբի դաւադիր քայլերն են, որոնք ոչ միայն չեն կարգաւորել Ղարաբաղի դժւարութիւնը, այլեւ աւելի խորացրել վէրքը»:
Դեսպան Բահրամին աւելացրել է. «Յուսամ, որ պրն. Մոթթաքիի առաջարկը՝ Թեհրանում մի եռակողմ նիստ գումարելու առթիւ, կարողանայ սկիզբ հանդիսանալ Իրանի դերակատարութեան համար՝ Ղարաբաղի դժւարութեան կարգաւորման հարցով եւ ականատեսը լինենք հարցի կարգաւորման. շնորհակալ ենք պրն. Ալիեւին՝ առաջարկն ընդունելու համար»:
Զեկուցաբերի ելոյթի մասին մէջբերում կատարելով՝ «NEWS.am»-ը հաղորդել է.«Ղարաբաղեան հակամարտութիւնն ուղիղ առումով ազդում է Իրանի ազգային քաղաքականութեան եւ շահերի վրայ՝ վնաս պատճառելով դրանց: Իրանա-ադրբեջանական 618- կիլոմետրանոց սահմանի 120 կիլոմետրը գտնւում է անջատողականների բռնազաւթման ներքոյ: Այս փաստը բացասաբար է ազդում Իրանի եւ տարածաշրջանի երկրների յարաբերութիւնների վրայ»,- իրանցի դիւանագէտի խօսքերն է մէջբերել ադրբեջանական «Trend» գործակալութիւնը:
ԻՍՆԱ-ի համաձայն՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպանը իր ելոյթի ընթացքում բարձր գնահատելով Իրան-Ադրբեջան յարաբերութիւնները՝ ասաց. «Իրանի ու Ադրբեջանի յարաբերութիւնները շատ լաւ մակարդակում են եւ երկու երկրների միջեւ բարեկամական յարաբերութիւններ են տիրում եւ նման յարաբերութիւն կարելի է տեսնել Իրան-Թուրքիա, Թուրքիա-Ադրբեջան, Իրան-Վրաստան եւ Վրաստան-Իրան յարաբերութիւններում»:
Խօսելով Ղարաբաղեան հիմնահարցի մասին՝ նա նշել է. «Մի առ ժամանակ է, ինչ Ղարաբաղում Ադրբեջանի հողերը բռնագրաււած են: Այս ժամանակաշրջանում Իրանը միշտ շեշտել է Ադրբեջանի հողային ամբողջականութիւնը եւ այդ խնդրին են անդրադարձել նաեւ Իրանի նախագահը եւ արտգործնախարարը»:Համագումարում ելոյթով հանդէս է եկել նաեւ Ադրբեջանի «Արան» գիտա-հետազօտական պարբերաթերթի գլխաւոր տնօրէն Հասան Գոլին, որը Ադրբեջան-Իրան յարաբերութիւնների ընդլայնման հարցով առգոյ արգելքներից մէկը համարեց պատմութեան նկատմամբ երկու երկրների տեսակէտների միջեւ տարբերութիւնը՝ նշելով, որ դա պէտք է վերանայ:
Ադրբեջանի հետազօտողներից Քամալ Ռուինթան Ֆարոխղիզին խօսելով ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցով Իրանի ջանքերի մասին՝ ասել է. «Անցեալում որոշ պատճառներով Ադրբեջանը մօտենալով Արեւմուտքին՝ հեռացաւ Իրանից, իսկ այսօր լաւ մակարդակում են երկու երկրների յարաբերութիւնները»:
Նա իր զեկոյցի մի այլ բաժնում այսպէս ասաց. «Մամուլում արեւմտեան երկրների կողմից փորձ է արւում Ղարաբաղը ռազմավարական առումով կարեւոր չդրսեւորել, սակայն պարզ է, որ Ղարաբաղը ռազմավարական առումով կարեւոր է, եւ այդ հարցը միւս կողմից կարեւոր է նաեւ Իրանի համար, քանզի Իրանը մտահոգ է այդ տարածաշրջանում բախման կապակցութեամբ եւ որեւէ հակամարտութեան դէպքում՝ դա կարող է ազդել Իրանի վրայ»:
Համագումարում Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատ կուսակցութեան գլխաւոր քարտուղար Արազ Ալիզադէն այսպէս արտայայտւեց. «Չի կարելի տարանջատել ադրբեջանցիներին եւ ազերիներին, քանզի անցեալում նրանք իրար կողքի էին, ուստի՝ չպէտք է ուշադրութեան արժանացնել որոշ թերթերի լուրերը, քանի որ յիշեալ ազգերին չի կարելի տարանջատել միմեանցից»:Ահաւասիկ, այսպիսի արտայայտութիւններ են հնչեցւել «Ադրբեջանի Հանրապետութիւն. անցեալի փորձառութիւններ, ապագայ հեռանկարներ» մէկօրեայ համագումարում:
Յիշեցնենք, որ թւականիս օգոստոսի 4-ին նոյն վայրում ու նոյն ինստիտուտի (արտգործնախարարութեան Կովկասի հարցերի ուսումնասիրութեան կենտրոն) նախաձեռնութեամբ կայացել է «Հայաստանի Հանրապետութիւն 2010. անցեալի փորձառութիւններ, ապագայի հեռանկար» համագումարը:Նախատեսւում է՝ նոյնօրինակ համագումար կայացւի մօտ ապագայում՝ այս անգամ Անդրկովկասի երրորդ Հանրապետութեան՝ Վրաստանի վերաբերեալ:
*) Այս նիւթին կից ներկայացնում ենք հայաստանեան չորս քաղաքական կուսակցութիւնների ներկայացուցիչների մեկնաբանութիւնները՝ մասնաւորապէս սոյն համագումարում հնչած նախագահի խորհրդարանական հարցերով օգնական Միրթաջէդդինի խօսքերի առնչութեամբ:

Հ.Յ.Դ.
Ադրբեջանը ծուղակի մէջ է
եւ կփորձի թէժացնել իրավիճակը
Սեպտեմբեր 28, 2010 12:01
Ադրբեջանը ձեւական ժողովրդավարութեան զոհ է: Այս մասին այսօր` սեպտեմբերի 28-ին մամուլի ասուլիսում յայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար, Բիւրոյի անդամ Վահան Յովհաննիսեանը, յաւելելով, որ արդէն տարիներ շարունակ այդ երկրի իշխանութիւնը եւ ընդդիմութիւնը մրցում են ժողովրդի առջեւ իրենց աւելի ագրեսիւ եւ Ղարաբաղի հարցում անզիջում երեւալու համար:
Իսկ դա, ըստ նրա, յանգեցրել է նրան, որ Ադրբեջանը, փաստօրէն, լարել է մի ծուղակ, որում յայտնւել է ոչ միայն ինքը, այլեւ ողջ տարածաշրջանը:
«Եթէ այսօրւայ Ադրբեջանն, իսկապէս, խոհեմ լինի, եւ ասի, լուծենք հակամարտութիւնը փոխզիջումներով, Ադրբեջանի հասարակութիւնը կարող է սրբել այդ իշխանութեանը: Ուստի ընտրութիւններից առաջ Ադրբեջանի ագրեսիւութիւնը շփման գծում, հռետորաբանութեան մէջ եւ այլուր կարող է թէժանալ»,- կարծիք յայտնեց Վահան Յովհաննիսեանը:
Ինչ վերաբերում է ՀՀ Ազգային ժողովում ԼՂՀ անկախութիւնը ճանաչելուն, որի նախաձեռնութեամբ հանդէս է եկել «Ժառանգութիւնը» ՀՅԴ խմբակցութեան պատգամաւորն ասաց. «Դա այն հարցն է, որ պէտք է ոչ մի վէճ չլինի, անցնի 131 ձայներով, ու ոչ մի պատգամաւոր բացակայ չլինի: Եթէ կան տարաձայնութիւններ դրա վերաբերեալ, այն պէտք է հետաձգւի»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Վահան Յովհաննիսեանը
չի հաւատում
Սերժ Սարգսեան–Գագիկ Ծառուկեան
հակասութեանը
12:41 • 28.09.10
«ՀՅԴ» խորհրդարանական խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանն այսօր մամուլի ասուլիսին յայտարարեց, որ ինքը չի հաւատում Գագիկ Ծառուկեան–Սերժ Սարգսեան հակասութիւններին՝ պատասխանելով հարցին, թէ արդեօ՞ք ՀՅԴ–ն համարում է, որ ԱԺ ԲՀԿ–ական փոխնախագահի փոփոխութիւնը վկայում է Սերժ Սարգսեանի և Գագիկ Ծառուկեանի միջև եղած հակասութիւնների մասին։
«Վերջին հակասութիւնն ինձ համար ընդհանրապէս անյայտ բան է։ Ընդհանրապէս, այդքան խօսւում է այդ մասին, ես նման հակասութիւնների չեմ հաւատում, չեմ հաւատում ուղղակի»,– յայտարարեց Վահան Յովհաննիսեանը։ Հարցին, թէ ո՞րն է պատճառը, որ ՀՅԴ–ական գործիչը չի հաւատում այդ խօսկացութիւններին, Վահան Յովհաննիսեանը պատասխանեց. «Դէ, թերահաւատ մարդ եմ»։
Անդրադառնալով ԱԺ ԲՀԿ–ական փոխնախագահ Արևիկ Պետրոսեանի հրաժարականին՝ Յովհաննիսեանը նշեց. «Ես կարծում եմ, որ ԱԺ փոխնախագահ տիկին Պետրոսեանի հրաժարականը լաւ երևոյթ չէր, ես կարծում եմ, որ տիկին Պետրոսեանը վատ փոխնախագահ չէր, և ճիշտ կլինէր, որ մնար իր տեղում, բայց դա վերջապէս իր որոշումն է, կամ իր կուսակցութեան որոշումն է, ես դրան միջամտելու որևէ իրաւունք կամ ցանկութիւն չունեմ»։
Ինչ վերաբերում է ԲՀԿ կողմից ԱԺ փոխնախագահի թեկնածու առաջադրւած Սամւէլ Բալասանեանին, Վահան Յովհաննիսեանն ասաց, որ իրենք դեռ պէտք է նիստ հրաւիրեն, քննարկեն և նոր միայն յայտնեն իրենց տեսակէտը՝ կողմ քւէարկել այդ թեկնածութեանը, թէ ոչ։ «Սա քաղաքական որոշում է, քաղաքական քննարկում է պահանջում»։
«Ցաւալի է շատ, որ կոալիցիոն պայմանագրի 22 կէտերից, յիշում էք չէ՝ 22 կէտանոց պայմանագիր կար, որի վրայ մենք շատ ենք աշխատել, այդ 22 կէտերից այսօր գործող միակ կէտը մնացել է միայն այն, որ իւրաքանչիւր կուսակցութիւն իր ցանկութեամբ կարող է լրացնել իր քվոտաները կառավարութեան մէջ, մարզպետների մէջ և այլն»,– հարցը փակեց Վահան Յովհաննիսեանը։

Tert.am

ՄԻ
ԳԱՒԱԹ
ԿԱՐՕՏ...
(Առաջին կում)

Նոյնպէս՝ որ կարօտը կարող է ունենալ բազմապիսի երանգներ, այնպէս էլ՝ կարելի է գաւաթով խմել ամէն ին՛չ նոյնիսկ՝ մի կում կարօ՜տ... Ժամանակներն անցնում են, ու այդ անցումային պրոցէսից մնում է միայն մի գաւաթ կարօտ՝ իր բոլոր գոյներով ու երանգներով։ Այլ խօսքով, ընդհանրապէս կարօտն ու յուշը այն բացառիկ «ունեցւածք»ներն են, որոնց կարող են ժառանգել նոյնիսկ ամենաընչազուրկ մարդիկ՝ աղքատ անցեալից։
Դրանք՝ քաղցր լինեն կամ՝ դառը, դարձեալ միակ ունեցւածքներն են, որոնք խցկւելով մարդու յուշերի շտեմարանում, զերծ են մնում գողացւելուց ու այդ բոլորը մերթ ընդ մերթ ծորում են կարօտի գաւաթից, եւ մերթ խանդավառում ու մերթ էլ թախիծով է պատում մարդուն։

+++
1964 թւականի աշնանը, երբ իր մէջ այնքան յուշեր փայփայած՝ Նոբահարի հինաւուրց ու նորութիւն բուրող կենտրոնատեղիի փոքրիկ բակում առաջին անգամ տեղի էր ունենում Համահայկական մարզական խաղերը, գուցէ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ դրանք դեռ շարունակւելու են՝ իրենց շառաւիղներով, աւելի քան՝ մօտ կէս դար...եւ դեռ շարունակում ենք։
Նոբահարի այդ (համեմատաբար) խղճուկ շէնքի փայտեայ յատակ ունեցող սենեակներում այնպիսի ճակատագրական որոշում առնւեց, որի արգասիքն այսօր ակնյայտ է: Բայց մենք դեռ երէկւայ փողոցներում ենք, այն փոքրիկ բակի պատերի մէջ, որտեղ խանդավառ երիտասարդներն ու մարզիկները, քայլերգի նւագակցութեամբ, տողանցում էին առաջին Համահայկական խաղերի բացումը կատարելու համար։
Պատկերացնում եմ երիտասարդ ու առոյգ քայլւացքով տողանցում են՝ Յուսիկ Ղուկասեանը, Ալէք Տէր–Պօղոսեանը, Կոլիա Ջաղարբեգեանը, Արա Ծատրեանը, Քուրքչեան եղբայրները՝ արդէն ախոյեան եւ... Անպայման այդ ժխորի անկիւններոմ ոտքի էին կանգնած՝ Հրայր Մարուխեանը, Վաչիկ Ղարաբէգեանը, Էմիլ Մարգարեանը, Սեւակ Սագինեանը, Անուշ Ղարաբէգեանը, Խաչիկ Շատիկեանը, Սիսակ Առաքելեանը եւ շատ ուրիշ հսկաներ։
«Դաշտ» կոչւող բակի մի անկիւնում Ղոլամը նստարաններ է տեղափոխում, Ներսէս (Աբդալեան)ը, որի «պարտականութիւն»ների մէջ էր պահակից մինչեւ Կենտրոնական վարչութեան հանգամանքները՝ հրահանգներ էր արձակում ու որոշումներ փոխանցում, մինչ իր իսկական պաշտօնը՝ կենտրոնատեղիի պահակութիւնն էր միայն։
Նրան յիշելը՝ այսօր էլ հաւատարմութեան յուշեր է փոխանցում։ Առաջին Համահայկականին, մասնակցել էին ընդամէնը՝ 210 մարզիկներ ինը միութիւններից, որոնցից մնացել է միայն մեր պանծալի՝ Հ.Մ.Ա.Կ.–ը։ Բացականերին յիշելը, անպայման անհրաժեշտ է, քանզի նրանք էլ իրենց մասնակցութեամբ ինչ որ կերպ նպաստել են այս տարեկան հոյակապ փառատօնի կայացման ու յարատեւմանը.– Հ. Մ. «Շահազիզ», Հ. Մ. «Սիս», Հ. Դ. Ընթացաւարտների եւ «Հախնազարեան» դպրոցին կից միւթիւնները։
Երբ խօսում ենք «Մի գաւաթ կարօտ»–ից, հնարաւոր չի մոռանալ այնպիսի պահեր ու ապրումներ, որոնք կարօտի իսկական դրսեւորումներն են։ Եւ որոնց արդիւնաւորմամբ կազմւեցին ընտանիքներ ու կերտւեցին սերունդներ... Այն օրերին էլ, միութենական պարտաւորութիւնների կողքին, երիտասարդութեան մօտ ամէն դէպքում առաջին խօսքը՝ ՍԷՐ–ն էր ասում։ Այս երեք տառերից բաղկացած հրաշք համադրութիւնը՝ ինչքա՜ն արցունքներ ու ինչքա՜ն ժպիտներ է պատճառել շատերին։
Անկեղծ ապրումներ, ու մաքուր սէր ու սիրահարութիւն, որոնց զգացական կողմը չի փոխւում նոյնիսկ դարերի ընթացքում։ Այն օրերին, Համահայկական խաղերը հանդիսացաւ առաջին բացառիկ առիթը, որտեղ մայրաքաղաքի տարբեր շրջաններից ու միւս քաղաքներից «ՆՈԲԱՀԱՐ» ժամանած երիտասարդ–ուհիները ընկերական շփումներ էին հաստատում ու սրտեր էին կապւում իրար... եւ դա թէեւ խաղերի ծրագրաւորման մէջ նախատեսւած չէր, սակայն տարիների ընթացքում, եւ մինչեւ այսօր... մնաց չնախատեսւած լուսանցքների կենտրոնում։

+++

Այսօր 46 տարիներ են անցնում այդ յանդուգն մեկնակէտից, եւ այդ սրբազան ու շքեղ երթն այսօր հասնելով իր պատկառելի տարիքին, իր անցեալն յիշելով՝ անկեղծութիւն, արդարութիւն, ըկերասիրութիւն, մտերմութիւն, միութիւն, հաւաքական կամքի իրագործման հաւատք, եւ ինչու չէ՝ անարատ մթնոլորտում հայ մարզիկին վայել մրցախաղերի անցկացում է յուշում։
Եւ անպայման յիշենք՝ թէ այս կէս դարեայ ժամանակամիջոցին, եւ այս տքնաջան երթի ընթացքում, ի՜նչ մարդիկ են եղել, ի՜նչ զոհողութիւններ են իրականացւել, ու ի՜նչ անուններ են մոռացւել... Եթէ յիշեցիք, մեզ էլ յուշէք։

+++

Եւ դեռ մնում են՝ չնախատեսւած լուսանցքային օրակարգները, այսօր՝ մարզաւանի Սասունցի Դաւթի նկարի տակ... Թող անոյշ լինի այս մի կում կարօտը՝ կարօտի գաւաթից։ Ամէն դէպքում, ինչ էլ որ ծորայ կարօտի գաւաթից, քաղցր է ու շարունակական երանիների ակնաղբիւր..


(Երկրորդ Կում)

Ընդհանրապէս առաջին կումը դժւար է կուլ գնում, նոյնիսկ՝ եթէ դա լինի մի կաթիլ յուշ՝ Կարօտի Գաւաթից։
Եթէ դա անցաւ դիւրին, ապա կարելի է ըմպել՝դարձեալ ու դարձեալ եւ ամէն կումից ստանալ կատարեալ հաճոյք, եւ այնպիսի հաճոյք, որը կարելի է ստանալ միայն Սասունցի Դաւթի պատկերի դիմաց կամ տակը կանգնելիս՝ իւրաքանչիւր սեպտեմբերին... նոյնպէս, ինչպէս տեսանք խաղերի բացման օրը։ Կատարւեց 42–րդ խաղերի բացման արարողութիւնը։
Հ.Մ.Ա.Կ.–ի կազմակերպած Համահայկական տարեկան մարզական խաղերը, Կարօտի Գաւաթի մէջ եւս, եղաւ մեր համայնքի կարեւոր իրադարձութիւնը՝ հասարակայնութեան եւ ազգային կեանքում։ Դա հասարակագիտութեան տեսակէտից էլ, լինելով միակ բացառիկ եւ ընծայւած առիթներից մէկը՝ փոխկապակցութեան պայմաններ ստեղծեց ոչ միայն ազգային քաղաքակրթութեան գործօններն ու նախադրեալները համայնքում համատարած դարձնելու համար, այլեւ մեծապէս նպաստեց համայնքի ազգային միասնականութիւնը եւ ազգային ու համայնական մէկ գաղափարի շուրջ միաւորւելու համար։
Նշւած գաղափարը, ոչ թէ քաղաքական իմաստով, այլ հասարակայնութեան տեսակէտից նշանակում է մէկ խօսքով՝ լինել ազգային արժէքների ու սրբութիւնների ջատագովը, եւ ամէն գնով պաշտպանել այդ՝ այլասերումից ու մշակութային ու մտային հաւանական ներխուժումներից։ Երբ նկատի ունենանք համայնքի ներկայ պայմաններն ու համայնքի միասնութիւնը խափանելու փորձ անող մարտահրաւէրները, ապա յստակօրէն կարող ենք ասել, որ նոյնիսկ մարզաւանի տարբեր ու «թոյլատրելի» անկիւններում ժպիտ արձակելն ու Սասունցի Դաւթի նկարի տակ կամ դիմաց շուրթերից ինչ որ ցանկալի խօսքեր շշնջալն էլ նպաստում են վերում նշւած նպատակներին։
Համահայկական մարզական խաղերը լինելով նաեւ բացառիկ առիթ, գաղութի միութիւների մարզական կարողականութիւներն ի յայտ բերելու համար, միաժամանակ չի էլ յաւակնում, որ մարզական դաշտերում երեւան են գալու համայնքի մարզական ամբողջ կարողութիւնները։ Այստեղ իրականութեան մէջ մարզանքի կողքին մենք առաւելաբար երեւան ենք հանում համայնքի այնպիսի կարողութիւններն ու հնարաւորութիւնները, որոնցով ամէն անգամից աւելի բարձր եւ պարզ ենք տեսնում մեր ճակատները, եւ դա մեր միասնականութեան հզօրութիւն է, որ յիշեցնում է այս յայտնի առակը՝ «Եթէ գեղը կանգնի, գերան կը կոտրի»։
Ու Համահայկական մարզական խաղերը յաւակնում է, որ եկել է գերան կոտրելու։ Գերանները միայն ֆիզիկապէս կաղնի ծառերի կտորներ չեն, այլ հակառակը՝ նրանք գերան լինելով հանդերձ շատ յաճախ աննշան ու փոքր են, բայց դրանց ծնկի բերելը երբեմն շատ աւելի դժւար է իսկական գերան կոտրելուց։ Համահայկական մարզական խաղերը համայնքում ստեղծում է գերաններ կոտրելու նպաստաւոր պայմաններ։
Այսօր մեր համայնքում՝ եսասիրութիւնը, ինքնահաւանութիւնը, թշնամութիւնը, քէնախնդրութիւնը, եսակենտրոն մտածելակերպը, ուրիշին թերագնահատելն ու իրեն գերագնահատելը, կեղծաւորութիւնը, չար նախանձը, բամբասանքը, եւ ամենից կարեւորը՝ աչքի մէջի գերանը չտեսնելը՝ ամենամեծ ու վտանգաւոր գերաններն են, որոնց կոտրելու համար նպաստաւոր պայմաններ են ստեղծում Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութիւնը եւ նրանից ծնունդ առած՝ Համահայկական մարզական խաղերը, առողջ ու աշխատունակ համայնք ունենալու համար։ Իսկ այս բոլորը համատարած դարձնելու համար էր, որ Հ.Մ.Ա.Կ.–ը դեռ շատ վաղուց, երբ դեռ չկային Համահայկական մարզական խաղերը, նպատակադրեց իր ծառայութեան սահմանները ընդարձակել ամբողջ երկրի տարածքում։
Վերելքն «Արարատ» կազմակերպութեան համար չի սահմանափակւում մի – միայն մարզական, մշակութային եւ այլազան բնագաւառներում նւաճումներ արձանագրելով, այլեւ՝ իր յաջողութիւնների ու նւաճումների բարեյաջող փորձառութիւնները նաեւ գաղութիս միւս համայնքներին փոխանցելու մէջ։ Իսկ առաւելաբար նախնական շրջանում որդեգրած քաղաքականութեան հիմունքով, որի ակնաղբիւրն էր հէնց կազմակերպութեան ճշտած նպատակը՝ համազգային ու ընկերական, մարզական ու միութենական շրջանակերի օղակը ընդարձակելու նպատակով էր, որ Կազմակերպութիւնը որոշեց մասնաճիւղեր ունենալ նաեւ Իրանահայ գաղութի միւս հահահոծ համայնքներում։
Եւ այսպիսով, կազմակերպութեան ցանցն ու ծառայութիւնները ընդարձակելու նպատակով, առաջին անգամ, 1949 թւականի յունիսի 8–ին, կազմակերպութիւնն իր առաջին մասնաճիւղն է ունենում Մասջէդ Սոլէյմանում։ 1949 թւականի օգոստոսի 28–ին հիմնադրւում է Հ.Մ.Ա.Կ.–ի մասնաճիւղը՝ Քերմանշահում եւ նոյն թւականի դեկտեմբերի 28–ին ծնունդ է առնում «Արարատ»–ի Ղազւինի մասնաճիւղը։
Հետզհետէ դրանց են միանում նաեւ Մաշհադի եւ Շիրազի մասնաճիւղերը։ Իսկ նկատի ունենալով համաշխարհային Բ պատերազմի թողած անցանկալի հետեւանքները, դրանցից ոմանք դադարում են աշխատելուց։ Այդ բոլորով հանդերձ «Արարատ» կազմակերպութիւնը չի ընկճւում, եւ անձնատուր չի լինում պայմանների թելադրանքներին ու վերջապէս երկրորդ անգամը լինելով մասնաճիւղերի յարաբերական կապերը սերտացնելու եւ հաւաքականութեան ուժի հզօրութիւնը շեշտաւորելու համար, 1954 թւականի ամռանը հիմնադրւում է Ուրմիոյ, Թաւրիզի ու Գեարդաբադի մասնաճիւղերը, եւ հէնց նոյն թւականի ամռանը՝ Ուրմիայում տեղի են ունենում միջ–մասնաճիւղային առաջին մրցութիւնները՝ Թեհրանի եւ երեք մասնաճիւղերի միջեւ։

+++

Անկասկած՝ միջմասնաճիւղային խաղերը եւս այն մտայղացման շարունակութիւնն էին, որով 1964 թւականից կազակերպեց Իրանահայութեան Համահայկական Մարզական խաղերը։
Այնուհետեւ Համահայկականն ու Միջմասնաճիւղային խաղերը դարձան մէկ գաղափարի ազդեցիկ ու ներգործօն շինարար ձեռքերը, որոնք յաջողութեամբ փորձեցին տեղայնական նեղ ու յետադիմական մտածելակերպերը յետ մղեն ու տիրական ու համատարած դարձնեն միասնութեան համընդհանուր գաղափարի շուրջ իրագործւող միասնականութեան գերագոյն նպատակը։
Այս ամէնից յետոյ Սասունցի Դաւիթն այստեղ ու արագիլն այնտեղ՝ դեռ այցելուներ է փնտրում...
Շատ խորանալով այս հարցում, չմոռանանք, որ Սասունցի Դաւիթը, միայն պատին դաճւած նկար չի, այլ նրա թիկունքի մասում նոյնանուն մարզական սրահն է, որտեղ ամէն օր մրցութիւններ են կազմակերպւում եւ մարզիկներն այնտեղ մեզ սպասում են իրենց քաջալերելու համար...

(Կում Երրորդ)
Համահայկական մրցութիւնների մէջ, իւրաքանչիւր մարզաձեւ իրենց ըստ էութեան բացատրութեան կողքին, ունենում են նաեւ իրենց իմաստը որ խորհուրդ ու պատգամ է փոխանցում։
Այդպիսի փոխանցումները կարող են լինել պատգամ՝ ինքը մարզիկին, մրցակցին եւ կամ ընդհանրապէս մարզասէր դիտողներին ու կամ ցանկացած հետաքրքրւողին։ Թերեւս դիպւածով, համահայկական խաղերի իւրաքանչիւր մարզաձեւը ամբողջ աշխարհի նման, կատարելագործւում է այն ժամանակ երբ դէպի յառաջ ձգտող՝ կամք է դրսեւորւում։
Թէեւ պայման չի այն, որ իւրաքանչիւր ձգտում պիտի յաջողութեամբ պսակւի, սակայն հենց նոյն ձգտումը իրականութեան մէջ խորհուրդ է պատգամում, եւ դա՝ մարզաձեւի ըստ էութեան իմաստի կողքին արտացոլւող մեկնաբանութիւնն է։ Կա՛մք, փո՛րձ, ձգտո՛ւմ եւ ե՛րթ։ Ու հէնց այդ երթից յաջողութեամբ անցնելով է, որ կերտւում է մարզիկը, ախոյեանը եւ անցնում է յաւերժութեան մէջ, որպէս անմոռանալի դէմք կամ տիպար։
Բայց իմաստի երթը այստեղ չի աւարտւում, այլ ընդհակառակը, նոր սկսւում է պատգամի շողարձակումները...

+++

42–րդ Համահայկական Խաղերի չգիտեմ քանիերորդ օրն է, եւ այս մտորումներով տարւած՝ քայլում եմ մարզաւանի դաշտի շրջափակի լայն անցքից։ Այտնեղից՝ ուր տասնեակ երիտասարդ աղջիկներ ու տղաներ աչքներն յառած արդէն սիրային արկածների խորհրդանիշ ու ժամադրավայր դարձած՝ աւանդական էպոս՝ «Սասունցի Դաւթի» պատկերին, եւ ինչ որ բանի են սպասում։
Դեռ չեմ ուզում յիշել այդ պատմական պատկերին կապւող կարօտով լի յուշերն ընդգրկող Կարօտի Գաւաթին, որոնցից իւրաքանչիւրրը կարող են Կարօտի մի քանի Գաւաթներից ծորող կում գնացող հալալ քաղցր հիւթեր լինեն։
... Ճիշտ հէնց այդ պահերին, միջավայրին շատ տարօրինակ կրակոցի ձայն է լսւում։ Տարւած պայմանների ազդեցութիւնից, նայում ենք մարզաւանի պատերին... ի՜նչ միամիտ եւ միաժամանակ յիմար ռէակցիա...
Այնքան ենք տարւել առօրեայ մանր ու հասարակ ու չնչին հարցերով, որ չենք էլ նկատում, որ մարգագետնի դաշտի շուրջ, վազքի մրցութիւններ են անցկացւում, եւ այդ կրակոցը ոչ թէ՝ մտահոգութեան առարկայ, այլ խանդավառութեան առիթ պիտի դառնար։ Միթէ՞ չէ որ այն ծացում, վազքի մրցութիւններ էին ու այդ կրակոցը երթի, թռիչքի, ցատկումի ու վերելքի ազդանշանն էր։
Երթ ու թռիչք ու վազք, որոնք այս մարզաձեւի միայն մէկ կողմը լինելով, շարժում, յառաջխաղացք, վերելք ու նւաճումներ են խորհրդանշում։

+++

Տեսնում եմ ժամանակի երկրի մակարդակի թեթեւ ատլետի ախոյեան, Իրանի հաւաքականի ժամանակի անդամ, եւ... Էդւարդ Սալմասիին, որի վազքը՝ 1970– ական թւականներին, ոչ միայն Համահայկական խաղերին, այլ նաեւ Իրանի եւ Ասիայի մակարդակի մրցոյթներում պակաս նման չէր սրնթաց Յովւազին, որն իր արագութեամբ օդը ճեղքելու հետ միասին, պատռում էր նաեւ բոլոր այն շղարշները, որոնք պիտի խոչընդոտէին իր երթը դէպի մարդկային բարձունքները։
Եւ նրա կողքին, սկսնակ թեթեւ ատլետիստների կողքին էին նաեւ ուրիշ վաստակաւոր եւ ռեկորդներ ջախջախող մարզիկ–մարզկուհիներ, որոնք ժամանակին չգնահատւելով հանդերձ, այսօր նոր սերնդին ոչ միայն թեթեւ ատլետի, այլ նաեւ «Իրական վազելու» եւ մարդկային արժէքների գագաթները նւաճելու օրէնքներն էին սերտել տալիս։ Միեւնոյն ժամանակ, որ յիշում ենք այս մարզաճիւղի վաստակաւորներին՝ Հերոս Քաջբերունի (Դանէշվար), Էդիկ Սալմասի, Վարուժ Արմէնեան, Սուրէն Ղազարեան, Վիկտոր Ղարիբեան, Յասմիկ Մանուկեան, Ռիմա Աշէղ, Ժանետ եւ Ժենիա Սուքիասեաններ, Քարմէն Ալլահվերդեան, Հելէն Հաթամեան, Ժուլիէտ Գէորգեան, Ժուլիէտ Ջուակիմ, եւ... շատ շատերին, որոնց մասին պիտի խօսենք առանձին, մտածում եմ, այն մասին, թէ՝ իսկապէս, կեանքի վազքում, երբ նպատակը պարզ է ու ճամբան յստակ, ո՞վ է դառնում իսկական ախոյեանը։ Երբ խօսում ենք այն մասին, որ իւրաքանչիւր մարզաձեւ, իր ըստ էութեան բացատրութիւնից բացի, ունի նաեւ փոխաբերական իմաստ ու պատգամ, ինչպէս նաեւ խորհուրդ, աւելի է շեշտաւորւում այն մոռացւած իրողութիւնը, որ մենք իւրաքանչիւրս, թէեւ ֆիզիկապէս չենք վազում մարզաւանի մարգագետնի շրջակայ եզերքներից, մանաւանդ հասարակական կամ մարդկային ոլորտներում, քանի՞ մետր–ժամ ենք վազում, եւ այդ վազքի արդիւնքում, մարդկային չափանիշներով քանի՞, եւ ինչ արժողութեա՞մբ մեդալիոններ ենք շահում...
+++
Ահա այստեղ է, որ գերազանց է գնահատւում Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան նախաձեռնած Համահայկական Խաղերի դերակատարութիւնը։ Նախ սերունդներին ուղղութիւն տալով թէ՝ ո՞րն է իրենց վազքի ուղին, ո՞րն է «սթարթ»ի եւ վերջապէս՝ «ֆինիշ» ի կէտերը։
Ո՞րն է վազքի սկիզբը, ո՞րն է վերջը, եւ թէ՝ ինչ ուղիո՞վ պիտի ընթանալ իդիալական նպատակակէտին հասնելու համար։ Եւ այս է եղել ու կը մնայ Հ.Մ.Ա.Կ.–ի Համահայկական Խաղերի իմաստը, խորհուրդը եւ պատգամը։ Եւ միաժամանակ, Մի Գաւաթ Կարօտ, որ Համահայկականի իւրաքանչիւր շրջան հրամցնում է իրենով հետաքրքրւողներին։
Այսօր մի կում էլ ըմպեցինք այդ կարօտի գաւաթից՝ յիշելով՝ Հերոս Քաջբերունուն, Էդիկ Սալմասիին, Վարուժ Արմէնեանին, Սուրէն Ղազարեանին, Վիկտոր Ղարիբեանին, Յասմիկ Մանուկեանին եւ շատերին, որոնք եթէ Մարզաւաի Սասունցի Դաւիթը չեն տեսել, գէթ ժամադրւել են Նոբահարի կենտրոնատեղիում՝ բասկետբոլի զամբիւղի տակ, կամ Խորէնի բուֆէում, գուցէ եւ թատրոնի փորձի պահին՝ արդէն հնամաշ քուլիսների առջեւ... Թող անուշ լինի այս կումն էլ...
Հ.Մ.«Արարատտ» Կազմակերպութեան կայքէջից՝

Սեւրի պայմանագրի
շուրջ-պարզաբանման
անհրաժեշտութիւն
ԱՐԱ ՊԱՊԵԱՆ

Սեւրի պայմանագրի ստորագրման 90-ամեակը կարեւոր իրադարձութիւն է Հայաստանի Հանրապետութեան, ինչպէս նաեւ՝ ողջ հայութեան կեանքում: Սակայն, կայ մի տարածւած մոլորութիւն, որը պարզաբանման կարիք ունի. հայկական հողային իրաւունքները խարսխւած չեն Սեւրի պայմանագրի վրայ: Սեւրի պայմանագիրը չի որոշել Հայաստան-Թուրքիա սահմանը. Սեւրի պայմանագրի 89-րդ յօդւածով պայմանագրի կողմերը դիմել են ԱՄՆ-ի նախագահին, որպէսզի վերջինս իր Իրաւարար վճռով (arbitration) որոշի նշեալ սահմանը: Եթէ մինչեւ իսկ չլինէր Սեւրի պայմանագիրը, միեւնոյնն է, Հայաստանն այսօր կունենար անսակարկ հողային իրաւունքներ, քանի որ դեռեւս Սան Ռեմոյի համագումարը 1920 թւականի ապրիլի 26-ին Դաշնակից ուժերի (Բրիտանական կայսրութիւն, Ֆրանսիա եւ Իտալիա) անունից դիմել էր Վիլսոնին՝ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանազատման (delimitation) խնդրանքով եւ ԱՄՆ-ի նախագահն իր համաձայնութիւնը տւել է 1920 թ. մայիսի 17-ին, այսինքն՝ Սեւրի պայմանագրի ստորագրումից գրեթէ երեք ամիս առաջ (Սեւրի պայմանագիրը ստորագրւած է 1920 թւականի օգոստոսի 10-ին): Սեւրի պայմանագրի ստորագրման կարեւորութիւնը՝ հողային իրաւունքների տեսանկիւնից, այն է, որ ստորագրելով պայմանագիրը՝ Թուրքիան եւս մաս կազմեց իրաւարարութեան հայցի (arbitration compromis), եւ դրանով իսկ վերահաստատեց պարտաւորութիւնը՝ կատարման համար պարտադիր համարել ԱՄՆ-ի նախագահի որեւէ Իրաւարար վճիռը: Շեշտում եմ վերահաստատեց, քանի որ ստորագրելով Մուտրոսի զինադադարը (30 հոկտեմբերի 1918 թ.), որն իր իրաւական բնոյթով անվերապահ կապիտուլացիա էր, Թուրքիան իր ինքնիշխանութիւնը յանձնել էր յաղթող կողմին եւ վերջիններիս էր վերապահւած իրաւունքը որոշելու, թէ Օսմանեան կայսրութեան ո՛ր հատւածի վրայ կը վերականգնւի Թուրքիայի պետութիւնը: Հետեւաբար՝ իրաւական դաշտում մեր պայքարը պէտք է խարսխւած լինի երկու փաստաթղթի՝ Սեւրի պայմանագրի (10 օգոստոսի 1920 թ.) եւ առաւելապէս այդ պայմանագրից ածանցւող ԱՄՆ-ի նախագահ Վուդրօ Վիլսոնի Իրաւարար վճռի (22 նոյեմբերի 1920 թ.) վրայ: Առաջնի վերաբերեալ պէտք է ասել, որ չնայած այն վաւերացւած չէ, այդուհանդերձ՝ այն կատարման համար պարտադիր փաստաթուղթ է (binding document), քանի որ ստորագրւել է «բարձր պայմանաւորւող կողմերի միջեւ» (Տե՛ս.՝ Vienna Convention on law of treaties, Article 2 (f)): Երկրորդի վերաբերեալ անհրաժեշտ է շեշտել հետեւեալը.ա - Իրաւարար վճիռը անբեկանելի է, անժամանցելի եւ կատարման համար պարտադիր որոշում է:բ - Իրաւարար վճիռը թէեւ կատարւել է ԱՄՆ-ի նախագահի կողմից, այսուհանդերձ՝ պարտադիր փաստաթուղթ է ՄԱԿ-ի անդամ ներկայ 192 երկրներից 142-ի համար (Տեղի սակաւութեան պատճառով՝ հարցը չեմ մանրամասնում, սակայն հարցը հանգամանալից քննութեան է առնւած իմ «Հայկական Հարցի լուծման հայեցակարգ»-ի մէջ): Ամփոփելով՝ կարելի է անել հետեւեալ եզրակացութիւնը. Սեւրի պայմանագրի դրոյթները՝ Հայաստանի Հանրապետութեան հողային իրաւունքների մասով, շնորհիւ վերը քննւած փաստաթղթերի, միանգամայն արդիական են եւ, համապատասխան աշխատանքի ու քաղաքական իրավիճակի դէպքում, հնարաւոր է կեանքի կոչել:
ԵՐԵՒԱՆ,
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ
ՌԱՄԿԱՎԱՐ ՄԱՄՈՒԼ
«ԱԼԻՔ»