Sunday, February 28, 2010

Սումգայիթ. 22 տարի անց

Սումգայիթ. 22 տարի անց

1988թ. փետրւարի 27-29-ը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի դաժան սպանդ տեղի ունեցաւ։
22 տարի անց Սումգայիթի զոհերի խաչքարի մօտ յարգանքի տուրք են մատուցել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, ինչպէս նաև «Ժառանգութիւն» կուսակցութեան ներկայացուցիչնեը։ Փետրւարի 27-ին յարգանքի տուրք են մատուցել մի շարք պաշտօնեաներ և ԲՈՒՀ-երի ուսանողներ։
-Սումգայիթը սթափեցնող ազդեցութիւն ունեցաւ բոլորիս վրայ։ Մենք պարզ հասկացանք, թէ ում հետ գործ ունենք։ Մեզ թւում էր, թէ 1915թ. ցեղասպանութիւնը մնացել է անցեալում, բայց այդպէս չէ, իրենք, ընդհակառակը, մնացել են նոյն ձեռագրի տէր ու նոյնն են կատարում արդէն 20-րդ դարի վերջում։ Սա մեզ ցոյց տւեց նաև, թէ ինչպէս պէտք է շարունակենք մեր պայքարը և, որ առանց մեր համախմբւելու մենք դատապարտւած ենք հերթական կոտորածների զոհը դառնալու։ Սա խթան հանդիսացաւ, որ մենք յաղթենք այս ազատամարտում,- փետրւարի 28-ին Սումգայիթի զոհերի խաչքարի մօտ յարգանքի տուրք մատուցելս ասել է ՀՅԴ Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը։
Նա նշել է, որ դէպքերից յետոյ պատմական ու հակամարտութեան իրական փաստերը վերականգնելու լուրջ խնդիր էր առաջացել. «Այսօր ադրբեջանցիներն ամէն ինչ անում են որ իրենց ներկայացնեն որպէս զոհ և սումգայիթեան ոճրագործութիւնները ոսկորի նման մխրճւած են իրենց կոկորդում։ Իրենք շատ լաւ գիտեն դա և ամէն ինչ անում են, որ դա մոռացւի։ Այդ պատճառով յօրինել են Խոջալուի ցեղասպանութեան միֆը և նոյն օրն են յիշում, փորձեր են անում իրենց որպէս զոհ ներկայացնել և ամենակարևորը՝ արդարացնել նոր ագրէսիան, նոր պատերազմը»,- ընդգծել է Արմէն Ռուստամեանը։
Նրա կարծիքով, մենք լիարժէք չենք օգտագործում մեր ունեցած փաստերը պատկերն ամբողջացնելու առումով և հէնց այդ նպատակով է, որ Ադրբեջանի պատասխանատւութեան մասին օրինագիծը, որի հեղինակը ինքը՝ Ա.Ռուստամեանն է, այժմ Ազգային Ժողովի օրակարգում է։ Նրա խօսքերով, օրինագիծն ունի նաև Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորումը ճիշտ ուղղորդելու նպատակ։
-Պէտք է հասկացւի, որ խաղաղ կարգաւորման առումով միակ լուծումը՝ ինքնորոշման իրաւունքի ճանաչումն է և այս խնդրի հետ է, որ առնչւում է Սումգայիթը։ Պէտք է պարզ դառնայ, որ եթէ նոյն տրամաբանութիւնը շարունակւեց՝ պատերազմն անխուսափելի է։ Սումգայիթեան իրադարձութիւնները միայն այսօրւայ կամ երէկւայ հարց չեն, դա մեր ապագայի հարցն է և դրա ճիշտ գնահատումը, այս ամէնը ճիշտ ներկայացնելը և մեր քարոզչութեան մէջ օգտագործելը չափազանց կարևոր գործ է, որ մենք մինչև հիմա չենք արել,- ասել է նա։
Նրա կարծիքով, այս ամէնին պակասում է հայեցակարգւած մօտեցումը և մի տեսակ երկչոտ ենք վերաբերւում այս խնդիրներին. «Միշտ խօսում ենք նախայարձակ քաղաքականութեան մասին, բայց որտեղ հարկաւոր է մեր յարձակման գիծը պահենք՝ նահանջում ենք։ Նախայարձակ լինելն այսօր վերածւել է նախապէս զիջելու տրամադրութիւնների։ Մենք այսօր պէտք է օգտագործենք մեր զէնքը»։


7or.am

Թուրքիայում արշաւ է սկսւել Ստամբուլի փողոցներից մէկը Հրանտ Դինքի անւամբ կոչելու համար


25.02.2010
Հրաչ Մելքումեան

Թուրքիայում արշաւ է սկսւել Ստամբուլի փողոցներից մէկը Հրանտ Դինքի անւամբ կոչելու համար: Այս նախաձեռնութեանը իրենց ստորագրութիւններով միացել Է գրեթէ 2 հազար մարդ, այդ թւում նաեւ Թուրքիայում յայտնի մտաւորականներ, սակայն քաղաքապետարանը արդէն երկու անգամ մերժել է նրանց խնդրանքը:
Արշաւի կազմակերպիչները ասում են, որ իրենց համար աւելի կ
արեւոր է քաղաքացիների աջակցութիւնը, քան քաղաքապետարանի առարկութիւնը, եւ ձգտում են իրենց նախաձեռնութիւնը պաշտպանելու համար աւելի շատ ստորագրութիւններ հաւաքել: Այդ նպատակով նրանք ինտերնետային կայք են բացել, որին հինգշաբթի օրւայ դրութեամբ արդէն միացել է 1800 մարդ:
«Խաղաղութեան մշակոյթ» կոչւող այս արշաւին միացողները պահանջում են Շիշլիի շրջանում գտնւող Էրգենեկոն փողոցը վերանւանել Հրանտ Դինքի փողոց:
2007 թւականի Յունւարի 19-ին «Ակօս»-ի խմբագրապետի սպանութիւնից յետոյ այս փողոցի ցուցանակները փոփոխւել էին` Էրգենեկոնի փոխարէն մարդիկ փակցրել էին Հրանտ Դինքի անւամբ ցուցանակներ:
«Էրգենեկոն փողոցի անւան փոփոխութիւնը մեզ համար սիմվոլիկ նշանակութիւն ունի», - «Հուրիէթ»-ին ասել է «Խաղաղութեան մշակոյթ» նախաձեռնութեան խօսնակ Ռագըփ Ինջեսաղին:
Էրգենեկոնը Կենտրոնական Ասիայում գտնւող լեռնաշղթայ է, որտեղից, լեգենդի համաձայն, թուրքերը շարժւել են դէպի Անատոլիա: Դա նաեւ վերջերս բացայայտւած գործի անւանումն է, որի մասնակիցները կասկածւում են Թուրքիայում յեղաշրջում ծրագրելու համար: Յարուցւած քրէական գործով ձերբակալւել են տասնեակ կասկածեալներ, այդ թւում` բարձրաստիճան զինւորականներ:
«Էրգենեկոնը միշտ եղել է խորհրդանշական անւանում, որն ասում է` իւրաքանչիւրն այստեղ թուրք է, եւ միւսները կարող են ապրել միայն թուրքերի անւամբ կոչւող փողոցներում», - ասել է Ինջեսաղին` աւելացնելով, որ այդ քաղաքականութիւնը միայն հայերի դէմ չէ ուղղւած, այլ նաեւ մահմեդականութեան ճիւղերից մէկի` Ալեւիների (علویان) դէմ, նաեւ քրդերի դէմ:
Արշաւի կազմակերպիչները նաեւ կապ են տեսնում «Էրգենեկոն»-ի գործի ու Դինքի սպանութեան միջեւ:
Նախաձեռնութեան անդամներից` «Քարդեշ Թուրքուլեր» երաժշտական խմբի մենակատար Ֆերեալ Օնյէը թերթին ասել է, թէ ինչպէս շատերը` ինքը նոյնպէս կարծում է, որ Հրանտ Դինքի սպանութիւնը կատարւել է «Էրգենեկոն»-ի յանցագործների կողմից:
«Ճիշտ կը լինի, որ փողոցի անւանումը փոխւի պաշտօնական մարմինների կողմից, բայց եթէ չկարողանանք դրան հասնել, ապա կը շարունակենք մեր արշաւը հասարակութեան ընկալումը բարձրացնելու ուղղութեամբ», - ասել է նախաձեռնութեան խօսնակը` աւելացնելով, թէ հաւատում են, որ հանրութիւնը ձեռնամուխ կը լինի այդ գործին:
Շիշլիի թաղապետարանը Ստամբուլի քաղաքային իշխանութիւններին առաջին անգամ դիմել էր Շաֆաք(ղ) փողոցը Հրանտ Դինքի անւամբ վերանւանելու խնդրանքով. Շաֆաք փողոցը խորհրդանշական է, որովհետեւ այստեղ է գտնւում «Ակօս»-ի խմբագրապետի տունը, այս փողոցի վրայ է սպանւել Հրանտ Դինքը:
Ստամբուլի քաղաքային իշխանութիւնները մերժել են այս դիմումը` առանց քննարկելու քաղաքային խորհրդում: Քաղաքապետարանը պատճառաբանել է, թէ փողոցի անւան փոփոխութիւնը խառնաշփոթ կը ստեղծի այդտեղ գտնւող գրասենեակների, ընկերութիւնների համար:
Ստամբուլի քաղաքապետարանի քարտէզագրման բաժնի ղեկավար Թայիբ Ուլգենը թերթին ասել է, թէ վարչապետի հրահանգի համաձայն` նոր անուններով են կոչում այն փողոցները, որոնք անւանում չունեն, կամ էլ երբ փողոցը բաժանւում է երկու մասի: «Ըստ կանոնակարգի, մենք վերանւանելու իրաւունք չունենք», - ասել է նա:
Բայց «Ակօս»-ի խմբագիր Արիս Նալջին «Հուրիէթ»-ին ասել է, որ տեղական ինքնակառավարման մասին օրէնսդրութիւնում 2007 թւականին կատարւած փոփոխութիւնը հնարաւորութիւն է տալիս Շիշլիի շրջանի տեղական իշխանութիւններին փողոցի անւան փոփոխութիւն կատարել` առանց դիմելու Ստամբուլի քաղաքային իշխանութիւններին: Նա մի օրինակ է բերել, որ օրէնսդրական փոփոխութեան շնորհիւ մէկ ուրիշ շրջանում տեղական իշխանութիւնը փողոցի անւան փոփոխութիւն է կատարել այն բանից յետոյ, երբ Ստամբուլի քաղաքային իշխանութիւնները երեք անգամ մերժել են խնդրանքը:
Շիշլիի թաղապետարանի մամուլի հարցերով պատասխանատու Ազիզ Օզհանը, այդուհանդերձ, յայտնել է, թէ Շիշլիի շրջանի օրակարգում փողոցի անւանում փոփոխելու հարց չկայ:
Ստամբուլում Հրանտ Դինքի անւամբ փողոց անւանակոչելու երկրորդ միջնորդութիւնը ներկայացրել էր քաղաքային խորհրդի անդամ Օզգեն Նաման: Նա Հանրապետական-ժողովրդական կուսակցութիւնից է, հարցը մտցրել է խորհրդի օրակարգ, բայց փետրւարի 9-ին այն մերժւել է:


«Ազատութիւն»

Լուսանկարը՝ Ստամբուլի փողոցները Հրանտ Դինքի յուղարկաւորութեան ժամանակ, 23-ը փետրւարի, 2007թ.

Վիոլէտ Գրիգորեանը մասնակցել է «Միջազգային գրական ծրագրին»


Գրող Վիոլէտ Գրիգորեանն, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարևորեց միջազգային գրական շփումները և ասաց, որ դրանք շատ մեծ դեր ունեն մեր երկրի համար:

Նա յայտնեց, որ այս տարւայ սեպտեմբերի 10-ից նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատւածում մասնակցել է Այովայի համալսարանում կազմակերպւած «Միջազգային գրական ծրագրին»: Ըստ նրա, 40 տարւայ պատմութիւն ունեցող այս ծրագրին առաջին անգամ է, որ Հայ գրող է մասնակցել: Այս ծրագրում մասնակցելու համար Վիոլէտ Գրիգորեանին ընտրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:
Նրա խօսքերով, սոյն ծրագրին այս տարի մասնակցել է 36 գրող` շուրջ 30 երկրից: Վիոլէտ Գրիգորեանը պատմեց, որ երկու ամսւայ ընթացքում աշխարհի տարբեր երկրներից եկած 36 գրող ներկայացրել է իր գրական ստեղծագործութիւնները, ինչպէս նաև եղել է ստեղծագործական փորձի փոխանակում, մասնակցութիւն` տարաբնոյթ քննարկումների:
Նա յայտնեց, որ ծրագրում ընդգրկւած է եղել նաև ճամփորդութիւն դէպի Սան Ֆրանցիսկօ և Չիկագօ: Ըստ Վ. Գրիգորեանի, այս ծրագիրը գրողների համար իսկապէս դրախտ էր, քանի որ ոչ մի գրող միւսի լեզուն չեր հասնակում և իրար նախանձելու առիթ էլ չկար:
Նրա խօսքով, այս ծարգրի կազմակերպիչներն ամէն ինչ արել էին, որ մանսակիցները տեսնեն ամերիկեան կեանքի բոլոր շերտերը` քաղաքական, մշակութային, գրական և այլն: Գրողը նշեց, որ այս ծրագրի շնորհիւ այժմ նա ունի գրական մեծ կապեր, ինչպէս նաև դրա շնորհիւ ծանօթացել է այլ երկրների ժամանակակից գրական կեանքին:
Հայասատնում ԱՄՆ դեսպանատան տեղեկատւական ռեսուրսների կենտրոնի տնօրէն Ներսէս Հայրապետեանը նշեց, որ այս տարի սոյն ծրագրի համար նոյնպէս նախատեսւում է Հայաստանից ուղարկել Հայ գրող: Նա նշեց, որ այս ծարգիրը նպաստում է, որ տարբեր երկրների գրողները տեղեկանան տարբեր երկրների գրական կեանքին:

Աղբիւր` Panorama.am

ԱՄՆ-Ի ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԲՈՂՈՔԻ ՑՈՅՑ ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ՍՈՒՄԳԱՅԻԹԵԱՆ ՋԱՐԴԵՐԻ ԴԷՄ
«Մենք դատապարտում ենք հայերի ջարդերը Ադրբեջանում»:
Փետրւարի 26-ին Վաշինգտոնի տարածաշրջանի Հայ երիտասարդութիւնը ոտքի էր ելել իր ընդվզումը յայտնելու 22 տարի առաջ Սումգայիթում տեղի ունեցած ոճրագործութեան դէմ:
Հայ երիտասարդների դաշնութիւնը, Ամերիկայի Հայ եկեղեցու երիտասարդական կազմակերպութիւնը եւ բազմաթիւ Հայ երիտասարդներ, որոնք ներկայացնում էին համայնքի բոլոր թեւերը, մի քանի տասնեակ մարդ, հաւաքւել էին Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանութեան առջեւ եւ պահանջում էին դատապարտել Սումգայիթի ոճիրը: Նրանց կարգախօսները կոչ էին անում «Սումգայիթի ցեղասպանութիւնը ոճիր է մարդկութեան հանդէպ», «Ազատութիւն Լեռնային Ղարաբաղին», «Ճշմարտութիւն Սումգայիթի ոճրագործութեան մասին», «Սումայիթի յանցագործները ցայսօր անպատիժ են» եւ այլն: Ցոյցի մասնակիցները, որոնցից շատերը Սումգայիթեան ողբերգութեան պահին նոյնիսկ չէին ծնւել, բացականչում էին «Մենք դատապարտում ենք հայերի ջարդերը Ադրբեջանում»: Նրանք հաւատում են, որ Սումգայիթը սկիզբ դրեց Արցախեան ազատագրական պայքարի հետագայ արիւնալի իրադարձութիւններին: Ցուցարարները պահանջում էին պատժել Սումգայիթի եւ դրան յաջորդած Բաքւի, Կիրովաբադի, Շահումեանի, Մարաղայի եւ այլ հայաբնակ վայրերում ցեղասպանութիւն կազմակերպած եւ իրագործած անձանց, դադարեցնել հակահայ հիստէրիան Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:

«Պանարմէնիան»

Արամ Խաչատրեանի տուն-թանգարանում տեղի կունենան յոբելեանական միջոցառումներՆւիրւած հայ երգահաններին


Պատրաստեց Կարմէն Ղուկասեանը Արամ Խաչատրեանի թանգարանում այս տարի կը կազմակերպւեն յոբելեանական երեկոներ՝ նւիրւած Հայ երգահաններ Ալ. Յարութիւնեանի 90, Գ. Հովունցի 80, Կ. Խաչատրեանի 80-ամեակներին:
Նախատեսւում են նաև յոբելեանական միջոցառումներ Ռ. Շումանի 200-ամեակի կապակցութեամբ:
Յոբելեանական միջոցառումները շարունակւելու են մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրեանի «Կոնցերտ ջութակի և նւագախմբի համար» ստեղծագործութեան 70-ամեակին նւիրւած նախաձեռնութեամբ. կը լինեն համերգային մաս և այդ կոնցերտի կատարումներով տեսաշարի ցուցադրութիւն: Թանգարանը կիրականացնի նաև աւանդական դարձած նախագծերը, որոնք հիմնականում կրթական բնոյթի են:
Թանգարանի յաջորդ նախաձեռնութիւնը «Համաշխարհային դասական գոհարներ Արամ Խաչատրեանի տանը» խորագրով DVD ցուցադրումներն են: Ծրագրում ներկայացւում են տաղանդաւոր կատարողների, դասական համերգների մասին պատմող ֆիլմեր: «Երաժշտական անակնկալ» ծրագրում հանդէս է գալիս Ա. Խաչատրեանի անւան տրիօն, որը թանգարանում ելոյթ է ունենում տարբեր կամերային նւագախմբերի հետ:
Անցած տարի թողարկւել է Ա.Խաչատրեանի անւան տրիօի ձայնասկավառակը, որը ձայնագրւել է թանգարանում՝ ներառելով Առնօ Բաբաջանեանի ու Շոստակովիչի տրիօները: Թողարկւել է նաև «Արամ Խաչատրեան. անյայտ էջեր» ձայնասկավառակը, որում տեղ են գտել կոմպոզիտորի ոչ այնքան յայտնի կամ անյայտ դաշնամուրային ստեղծագործութիւններ:


«Կապիտալ»

Պահպանւել է թուրքական գերեզմանոցը

Աշոցքի տարածաշրջանի Աղվորիկ գիւղում պահպանւել են նախկին բնակիչների՝ թուրքերի գերեզմանները: Ու թէեւ սահմանից այն կողմ ոչնչացւում են հայկական կոթողներն ու պղծւում գերեզմաններ, աղվորիկցիները սրբապղծութեանն ու բարբարոսութեանը կտրուկ դէմ են:
Ցանկանում են նաեւ իրենց պահւածքով օրինակ ծառայել հարեւան երկրի բնակիչներին:Աղվորիկ գիւղը, որի հին անունը Ենի Եոլի է, ժամանակին բնակեցւած է եղել թուրքերով: Գիւղի ստեղծման եւ պատմութեան մասին այսօրւայ բնակիչները քիչ տեղեկութիւններ ունեն, քանզի նրանք այստեղ հաստատւել են բաւականին ուշ: Գիտեն միայն, որ 350-ից աւել տնտեսութիւն է եղել եւ հիմնականում այստեղ զբաղւել են անասնապահութեամբ: Այստեղ պահպանւել է թուրքական գերեզմանոց, որից՝ գիւղացիների հաւաստմամբ ՙՄի քար անգամ չի պակասել՚:
Աղվորիկցի Ռոբերտ Սարուխանեանն այս գիւղ է եկել խորհրդային տարիներին ու մինչեւ օրս բնակւում է այս գիւղում:
Խորհրդային տարիներին գիւղն ունեցել է 18000 գլուխ ոչխար, 1500 գլուխ կով, սակայն հին կարգերի փլուզումից եւ սեփականաշնորհումից յետոյ ամէն ինչ վերացել է:
Խնդիրները հիմնականում նոյնն են, ինչ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի բոլոր գիւղերը: Այժմ Աղվորիկում 22 տնտեսութիւն կայ, տարբեր գիւղերից եկած մարդիկ են եւ հիմնականում զբաղւում են անասանապահութեամբ: Հողը բերքատու չէ, այստեղ նոյնիսկ ոռոգման ջուր չի հասնում: Ձմեռն էլ մշտապէս խիստ է, քաղաքի եւ հարեւան գիւղերի հետ կապող ճանապարհները յաճախ են փակւում: Նոյնիսկ այս տարւայ բաւականին տաք ձմեռը աղվորիկցիները չեն զգացել:

Գիւմրիի «Ցայգ»
Հ. Ը.
«Ա+1»

Թուրք գեներալը սպառնո՞ւմ է

14:12 • 27.02.10
Թուրքական դատարանը «Բալեոզ» («Մեծ մուրճ») յեղաշրջման ծրագրի առնչութեամբ ձերբակալւած պաշտօնաթող գեներալներ Չեթին Դողանի և Էնգին Ալանի նկատմամբ որպէս խափանման միջոց է սահմանել կալանքը: Թուրք պաշտօնաթող գեներալները մեղադրւում են «Թուրքիայի Հանրապետութեան իշխանութիւնը ուժով տապալելու փորձի» մէջ:
Firat գործակալութեան փոխանցմամբ` «Բալեոզ»-ի գործով գլխաւոր մեղադրեալ համարւող պաշտօնաթող գեներալ Չեթին Դողանը կալանաւորւելուց յետոյ բանտախուց տեղափոխւելու ճանապարհին յայտարարել է. «Պայքարը նոր է սկսւում»:
Յիշեցնենք, որ երէկ Թուրքիայի 13 քաղաքներում «Բալեոզ» յեղաշրջման ծրագրի առնչութեամբ իրականացւած գործողութեան արդիւնքում ձերբակալւել էր ևս 18 զինւորական` մէկ պաշտօնաթող սպա, չորս գործող սպա, 13 ենթասպայ:«Բալեոզի» շրջանակում ձերբակալութիւնների առաջին ալիքը տեղի էր ունեցել փետրւարի 22–ին, որի ընթացքում ձերբակալւել էին 49 բարձրաստիճան զինւորականներ, այդ թւում՝ պաշտօնաթող գեներալներ և ծովակալներ:


Tert.am

Milliyet. Ալիեւի եւ Աբիեւի ռազմատենչ յայտարարութիւնները դատարկ խօսքեր են

15:34 / 27.02.2010
Թուրքական Milliyet-ի սիւնակագիր Սեմիհ Իդիզը անդրադարձել է Ադրբեջանի նախագահի եւ պաշտպանութեան նախարարի ռազմատենչ յայտարութիւններին եւ անւանել դրանք պարզապէս դատարկ խօսքեր։ Հրապարակման մէջ նշւում է, որ միայն ադրբեջանական կողմի միլիարդների հասնող ռազմական ծախսերը չեն կարող երաշխաւորել պատերազմի դէպքում Ադրբեջանի յաղթանակը, քանի որ դրա օրինակը աշխարհում շատ կայ, այսինքն, յաղթանակը կապւած է մարդկային գործօնի հետ։
«Իսկ ադրբեջանական բանակի մասին միջազգային զեկոյցները ստիպում են մեզ, որ լուրջ կասկածներ ունենանք, թէ Ադրբեջանը մենակ կարող է յաղթել պատերազմում։ Բացի այդ, յայտնի չէ, թէ Ադրբեջանը պատերազմ սկսելու պարագայում՝ որ երկրից է ռազմական կամ դիւանագիտական աջակցութիւն ստանալու։ Մի՞թէ Ադրբեջանին օգնութեան կը գայ թուրք-հայկական սահմանը պահող Ռուսաստանը։ Բաքուն տեսնում է, որ Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման դանդաղեցման համար ԱՄՆ-ը բարկացած է Թուրքիայի վրայ եւ իր հայեացքը կը տանի դէպի Մոսկւա։ Բայց տրամաբանութեանը հակառակ է, որ Բաքւի ռազմական գործողութիւններին Մոսկւան կաջակցի։ Յայտնի է, որ Բաքւին չի աջակցի Մինսկի խմբի անդամաներից որեւէ երկիր։ Ադբեջանին կրօնակից Իրանից աջակցութիւնը սպասելը նոյնպէս անհաւանական է։ Ադրբեջանական փոքրամասնութեան ազգայնականների հետ խնդիրներ ունեցող Իրանը նաեւ մօտ յարաբերութիւններ ունի Երեւանի հետ։ Մնում է Թուրքիան։ Նման պատերազմի դէպքում Ադրբեջանը թուրք ազգայնական հատւածից հնարաւոր է օգնութիւն ստանայ։ Հնարաւոր է նաեւ՝ դիւանագիտական աջակցութիւն, սակայն Բաքուն ենթադրում է, որ Անկարան բացայայտ ռազմական աջակցութիւն ցոյց չի տայ։
Այլ կերպ ասած՝ ուզած-չուզած Ղարաբաղի հարցը լուծւելու է դիւանագիտական ճանապարհով, իսկ Ալիեւի եւ Աբիեւի ռազմատենչ յայտարարութիւնները դատարկ խօսքեր են։
Միեւնոյնն է մեր ադրբեջանցի եղբայրները բարկանան էլ՝ պէտք է նշենք, որ նրանց ղեկավարների խօսքերը բոլորովին իրատեսական չեն»,-աւարտում է իր հրապարակումը Սամիհ Իդիզը։


Լուրեր Հայաստանից

Ձերբակալւած թուրք յայտնի փօփ երգչին տեղափոխել են հիւանդանոց
19:19 / 27.02.2010
Փետրւարի 26-ի առաւօտեան Ստամբուլի ոստիկանութեան կողմից թմրամիջոցների դէմ պայքարի շրջանակներում իրականացւած գործողութեան արդիւնքում ձերբակալւած թուրք յայտնի փօփ երգիչ Տարկանը տեղափոխւել է հիւանդանոց:

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ` յայտնի երգիչը բուժզննում է անցնելու հիւանդանոցում:
Նշենք, որ Տարկանը առաջին օրը ոստիկանութիւնում անցկացնելու ընթացքում զրուցել է ոստիկանների հետ եւ անկեղծացել, որ ինքը իրօք թմրանիւթ է օգտագործում։ Թուրք հանրայայտ երգիչը ափսոսանք է յայտնել իր երկրպագուներին տխրեցնելու համար եւ խորհուրդ տւել, որ իրենից օրինակ չվերցնեն։
Ի դէպ, Ստամբուլի ոստիկանութիւնը մօտ 6 ամիս հետեւել է Տարկանին եւ նրա հետ միասին ձերբակալւած 10 հոգուն: Տարկանի եւ միւսների հաշւով դատարանը մեղադրանք կառաջադրի մարտի 1-ին:

Լուրեր Հայաստանից

Գիտնականները սովորել են հասկանալ՝ ինչո՞ւ են լալիս նորածինները


14:42 • 27.02.10
Ճապոնացի գիտնականները մշակել են թարգմանչական ծրագիր, որը վերծանում է այն տեղեկութիւնները, որոնք պարունակում է մանկական լացը։
Գիտնականները խոստանում են, որ շուտով այդ նորարարութիւնը կարող է հասանելի լինել փոքրիկ սարքաւորման տեսքով։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը։
Ճապոնիայի Մուրորանի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները՝ պրոֆեսոր Թոմոմաս Նագասիմայի գլխաւորութեամբ, մշակել են մաթեմատիկական ալգորիթմ, որը կարող է վերծանել մանկական լացի տարբեր հնչերանգները, որոնք պարունակում են զանազան տեղեկութիւններ երեխայի սոված լինելու, ցաւի կամ նոյնիսկ վատ տրամադրութեան մասին։
Ուսումնասիրութեան ղեկավար Նագասիման նշել է, որ «մօտ ապագայում նման սարքաւորումների միջոցով ծնողները մշտապէս կարող են տեղեակ լինել, թէ ինչ է ցանկանում իրենց երեխան»։

Tert.am

ԱՄՆ-ում քննարկւել է Թուրքիայում տիրող իրավիճակը

16:02 / 27.02.2010
Օրերս ԱՄՆ-ում քննարկումներ են տեղի ունեցել «Ներքաղաքական ու արտաքին քաղաքական իրավիճակը Թուրքիայում» թեմայով, որի ընթացքում շոշափւել են նաեւ Հայ-թրքական եւ ԼՂ խնդիրները: Այս մասին հաղորդում է թուրքական Today’s Zaman-ը:
Թերթը մասնաւորապէս, ուշադրութիւն է դարձնում Թուրքիա-ԵՄ յանձնաժողովի համանախագահ Եուստ Լագենդաեկի խօսքերի վրայ, որտեղ ասւում է. «Հայ-թրքական յարաբերութիւնների բարելաւումը ԵՄ-ին հնարաւորութիւն կը տայ աւելի մեծ ճնշում գործադրել Հայաստանի վրայ` ԼՂ խնդրի հետ կապւած»: Քննարկմանը մասնակցող ադրբեջանցի դիւանագէտն իր հերթին նշել է, որ Հայաստանը «օկուպացրել է» իրենց հողերը, ինչին սակայն Լագենդաեկը պատասխանել է, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականութիւնը վերջին 15 տարում օգուտներ չի բերել: Բացի այդ, Լագենդաեկը քննադատել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով փորձում է միմեանց կապել Հայ-թրքական ու ԼՂ խնդիրները:
Քննարկմանը հանդէս է եկել նաեւ Մարշալի հիմնադրամի փորձագէտ Եան Լեսերը, որ մասնաւորապէս յայտարարել է, թէ Վաշինգթոնի ու Անկարայի միջեւ խնդիրները բացատրւում են Հայաստանի ու Իրանի հանդէպ Թուրքիայի դիրքորոշումներով: «ԱՄՆ-ում Թուրքիային խնդրել են Իրանի հանդէպ կոշտ դիրքորոշում որդեգրել, սակայն կասկածներ կան, որ նա այդպէս չի վարւել»,- ասել է նա:
Բրուքինսի ինստիտուտի անդամ, Ազգային ռազմական քոլէջի պրոֆեսոր Օմեր Թաշփինարն իր հերթին նշել է. «Թուրքիայում անցել են ռազմական յեղաշրջումների ժամանակները եւ կայ նոր ընտրախաւ, որը ցանկանում քայլել ժամանակին համընթաց: Կայ պայքար իշխանութեան համար, բայց դա պայքար չէ իսլամի եւ հակակղերականների միջեւ: Դա պայքար է ստատուս-քվոն պահպանելու կողմնակից քեմալիստների եւ նրանց միջեւ, ովքեր չեն պաշտպանում այդ տեսակէտը»:
Եուստ Լագենդաեկը յայտարարել է, որ Թուրքիայի ԵՄ անդամութեան բանակցութիւնների արդիւնքները կախւած են Կիպրոսի խնդրի վերաբերեալ Թուրքիայի որոշումից: Նա կարծիք է յայտնել, որ այդ խնդրի լուծման հաւանականութիւնը 50 տոկոս է՝ յաւելելով, որ 2010-ը Թուրքիայի համար պէտք է դառնայ ԵՄ անդամութեան հասնելու համար բարեփոխումների իրականացման տարի:

Լուրեր Հայաստանից

Ադրբեջանական վայրագութիւնների մասին վկայութիւնները ինտերնետում

09:28 • 27.02.10
Աւարտւել է 1980-ականների վերջերին Խորհրդային Ադրբեջանի տարածքում հայերի նկատմամբ իրականացւած ջարդերի կապակցութեամբ յարուցւած քրէական գործերի նիւթերի հիման վրայ էլեկտրոնային արխիւի ստեղծման աշխատանքները:
Արխիւացւել են տասնեակ հազարաւոր նիւթեր՝ ականատեսների, տուժածների, նրանց հարազատների և իրաւայաջորդների վկայութիւնները, իրեղէն ապացոյց ճանաչւած լուսանկարներ և այլ փաստաթղթեր: Վկայութիւնները վերաբերում են մասնաւորապէս Սումգայիթում, Գետաշէնում, Շահումեանում, Լեռնային Ղարաբաղի մի շարք տարածքներում այդ թւում Ադրբեջանի յատուկ ծառայութիւնների մասնակցութեամբ իրականացւած վայրագութիւններին, որոնք դրսևորւել են սպանութիւնների, բռնաբարութիւնների, բռնութիւնների, հրկիզումների, ալան-թալանի տեսքով:
Ներկայումս ընթացքի մէջ է արխիւացւած նիւթերը ՀՀ դատախազութեան ինտերնետային էջում տեղադրելու գործընթացը: Նախատեսւում է, որ այդ աշխատանքները կաւարտւեն 2-3 ամսւայ ընթացքում, սակայն էջը հասարակութեան առաւել լայն շրջանակների համար բաց է երէկւանից, և շահագրգիռ բոլոր կողմերը, քաղաքացիները կարող են ծանօթանալ քրէական գործերի նիւթերին:
Ինչպէս յայտնում են ՀՀ գլխաւոր դատախազութիւնից, վկայութիւններն ու ցուցմունքները տեղադրւում են մասնակի կրճատումներով: Մասնաւորապէս՝ քրէական գործերի նիւթերի համաձայն՝ հայերի նկատմամբ իրականացւած ջարդերը եղել են կազմակերպւած Խորհրդային Ադրբեջանի քաղաքական իշխանութիւնների կողմից, իսկ որոշ տարածքներում դրանք իրականացւել են հէնց իրաւապահ մարմինների աշխատակիցների կողմից՝ նախազգուշացնելով ազգաբնակչութեանը չպատսպարել և չթաքցնել ազգութեամբ Հայ հարևաններին՝ սպառնալով հակառակ պարագայում վրէժխնդիր լինել: Նկատի ունենալով, որ ըստ վկայութիւնների, առանձին դէպքերում հայերին յաջողւել է փրկւել ադրբեջանցի կամ ռուս հարևանների շնորհիւ և օգնութեամբ, չեն հրապարակւում ականատեսների, մասնաւորապէս Սումգայիթի նախկին հայ բնակիչների հասցէները և նրանց օգնութեան ձեռք մեկնած ադրբեջանցիների անունները՝ վերջիններիս անվտանգութիւնից ելնելով:
Քրէական գործի նիւթերին կարելի է ծանօթանալ` այցելելով
http://www.genproc.am/main/ru/199/ կայքէջը:

Tert.am

Բաքուն անցեալից դասեր չի քաղել. ԼՂՀ



18:19 • 27.02.10
Սումգայիթի ջարդերի 22–րդ տարելիցի առնչութեամբ ԼՂՀ արտգործնախարարութիւնը տարածել է հաղորդագրութիւն, որում, մասնաւորապէս, ասւում է. «1988թ. փետրւարի վերջին Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած իրադարձութիւնները իրենց վայրագութեամբ և դաժանութեամբ ցնցեցին համաշխարհային հասարակայնութեանը: Դրանք դարձան ողջ խորհրդային ժամանակաշրջանում ադրբեջանական իշխանութիւնների վարած հակահայկական քաղաքականութեան մարմնացումը:
Ցաւօք, փետրւարի 27-ից 29-ը պետական ամէնաբարձր մակարդակով Սումգայիթում կազմակերպւած և իրականացւած ջարդերը համարժէք քաղաքական և իրաւաբանական գնահատական չստացան, իսկ կազմակերպիչներն ու գլխաւոր իրագործողները ոչ միայն պատժից խուսափեցին, այլև առայսօր բարձր դիրքեր են գրաւում Ադրբեջանում: ԽՍՀՄ պաշտօնական մարմինները շտապեցին տաբու դնել «Սումգայիթ» թեմայի վրայ` արհեստականօրէն մասնատելով հայերի կոտորածը առանձին յանցագործութիւնների: Այլ կերպ ասած, իրականացւած ցեղասպանութիւնը քողարկւեց, իսկ կազմակերպիչներն ու կատարողները պաշտօնական մակարդակով պաշտպանւեցին:
Սումգայիթի ցեղասպանութիւնը լռութեան մատնելու քաղաքականութիւնը հնարաւոր դարձրեց Ադրբեջանի ԽՍՀ իշխանութիւնների կողմից հանրապետութեան ամբողջ տարածքում էթնիկ զտումների իրականացումը, իսկ հետագայում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ժողովրդի դէմ լայնամասշտաբ ռազմական ագրէսիայի ծաւալումը: Ջախջախիչ պարտութիւն կրելով իր սանձազերծած պատերազմում` պաշտօնական Բաքուն, այնուամենայնիւ, չի պատրաստւում դասեր քաղել ոչ հեռու անցեալից և այսօր էլ շարունակում է ուժեղացնել ռազմատենչ հռետորութիւնը:
Պաշտօնական Բաքւի` ճշմարտութեան աչքերին նայել չկամենալը միայն հեռացնում է Արցախի և Ադրբեջանի միջև վստահութիւն հաստատելու հեռանկարը, առանց ինչի անհնար է հասնել Ղարաբաղեան խնդրի կարգաւորմանն ու տարածաշրջանային այլ խնդիրների լուծման»։


Tert.am

Սումգայիթեան ջարդերին է անդրադարձել Շւէյցարիա-Հայաստան ընկերակցութիւնը


17:48 / 27.02.2010
22 տարի առաջ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայերի ջարդերի տարելիցի կապակցութեամբ հաղորդագրութիւն է տարածել Շւէյցարիա-Հայաստան ընկերակցութիւնը, որում յիշատակւում են 22 տարի առաջ Ադրբեջանի իշխանութիւնների կողմից Սումգայիթում, ինչպէս նաև հետագայ տարիներին Ադրբեջանի բազմաթիւ բնակավայրերում կազմակերպւած ջարդերը, որոնց հետևանքով սպանւել, խոշտանգւել և զանգւածային բռնագաղթի է ենթարկւել Ադրբեջանի հայ բնակչութիւնը:
Հաղորդագրութիւնում անդրադարձ է կատարւում նաև Ադրբեջանի կողմից ԼՂՀ դէմ ուղղւած ագրէսիային և Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացմանը, որպէս Հայաստանի և հայ ժողովրդի դէմ շարունակւող ագրէսիայի և ատելութեան մթնոլորտի քարոզման արտայայտութիւն:
Հաղորդագրութեանը կցւած են փաստաթղթեր և տեսանիւթեր:


Լուրեր Հայաստանից

Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ հաղորդում ամերիկեան CBS հեռուստաալիքով
13:35 • 27.02.10
Ամերիկեան յայտնի CBS հեռուստաալիքը փետրւարի 28-ին կը հեռարձակի Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող հեռուստահաղորդում:

CBS հեռուստաալիքի 60 Minutes հաղորդաշարի «Ճակատամարտ պատմութեան շուրջ» (Battle over History) խորագրով հաղորդման ընթացքում հնչում են հետևեալ նախադասութիւնները. «Հայ ժողովուրդը թուրքերի կողմից 1 միլիոն հայերի բռագաղթն ու սպանդը որակում է որպէս իր ազգի Հոլոքոստ: Սակայն թուրքերը և մեր իշխանութիւնները մերժում են այդ իրադարձութիւններն անւանել Ցեղասպանութիւն»:


Tert.am

ԼՂՀ-ն չի սպասում ադրբեջանցի պատգամաւորների


13:17 • 27.02.10
«Մեզ հետ նման բան ոչ ոք չի քննարկել»,- մեկնաբանելով ադրբեջանցի պատգամաւորների` Լեռնային Ղարաբաղ սպասւող այցելութեան մասին լուրերը` Tert.am-ին ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խօսնակ Դաւիթ Բաբայեանը: ԼՂՀ ԱԳՆ Տեղեկատւութեան վարչութեան պետ Մարսել Պետրոսեանն էլ, իր հերթին., ասաց, որ իրենք նման այցելութեան մասին տեղեակ չեն, և հնարաւոր է` դա ընդամէնը ադրբեջանական ապատեղեկատւութիւն է:
Նշենք, որ ադրբեջանցի պատգամաւորների այցի մասին տեղեկատւութիւն է տարածել ադրբեջանական Trend News գործակալութիւնը` վկայակոչելով ադրբեջանցի պատգամաւոր Ռովշան Ռզաևի խօսքերը: Նա յայտարարել է, թէ այժմ քննարկւում է պատւիրակութեան կազմի ընդլայնման հարցը և դեռևս համաձայնեցւած չեն այցի ժամկէտները:


Tert.am

Թուրքիան անհանգստացած է Ցեղասպանութեան օրինագծի կապակցութեամբ Օբամայի լռութիւնից


17:44 / 27.02.2010
Ամերիկեան վարչակարգի եւ, մասնաւորապէս՝ նախագահ Բարաք Օբամայի լռութիւնը մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի օրակարգ մտնող Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւի կապակցութեամբ թուրք հասարակութեանը անհանգստանալու առիթ է տւել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ մինչ այժմ Օբամայի վարչակարգից այդ օրինագծի կապակցութեամբ որեւէ յայտարարութիւն չի եղել։ Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի անդամները եւս փաստում են, որ Սպիտակ տնից հայկական բանաձեւը չընդունելու ուղղութեամբ ոչ մի ճնշում չկայ։
ԱՄՆ-ում Թուրքիայի նորանշանակ դեսպան Նամըք Թանը, ով օրեր առաջ յանձնեց հաւատարմագրերը ԱՄՆ նախագահ Օբամային, եւս կը լծւի յիշեալ բանաձեւը օրակարգ մտցնելու դէմ իրականացւող աշխատանքներին: Թուրքական Zaman-ը գտնում է, որ այս բանաձեւի դէմ տարւող աշխատանքը Նամըք Թանի համար կը լինի քննութեան պէս մի բան:
Իր հերթին Նամըք Թանը Սպիտակ տան լռութիւնը կապել է հայ-թրքական արձանագրութիւնների վաւերացման գործընթացում Թուրքիայի վրայ ճնշում գործադրելու հետ։

Լուրեր Հայաստանից

Աշխարհում յիշում են Ադրբեջանում հայկական ջարդերի զոհերին





«Ադրբեջանն առիթի դէպքում կրկին ջարդեր կը կազմակերպի».
Բակուր Կարապետեան

15:06 • 27.02.10
Խորհրդային տարիներին սումգայիթեան ջարդերն իրականացրած Ադրբեջանն այսօր էլ չի փոխւել և առիթի դէպքում դարձեալ ջարդեր կը կազմակերպի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Շուշի» հիմնադրամի ղեկավար Բակուր Կարապետեանը:

«Եթէ առիթ լինի, նորից կանեն, ոչ մի փոփոխութիւն չկայ: Խոջալուն նրանք արեցին, որպէսզի նաև խլացնեն Սումգայիթի դէպքերը: Եւ ինչ-որ տեղ դա նրանց յաջողւում է, հաւանաբար, մեր պասիւութեան պատճառով»,- ասաց բանախօսը:
Ըստ նրա` տեղեկատւական պատերազմում մեր գործողութիւնները դեռ կանոնակարգւած չեն, այնինչ ադրբեջանական քարոզչութիւնում սուտը շատ է: Կարապետեանի խօսքով, Հայաստանն էլ պէտք է իրենը ներկայացնելու հնարաւորութիւն ունենայ, «որպէսզի աշխարհն իմանայ, չեզոքացւի այն, ինչ նրանք անում են մեր ժողովրդի հանդէպ»:
Ըստ բանախօսի` Սումգայիթը շատ բան է ասում, փաստում է, որ ժողովուրդը պատրաստ էր պայքարել յանուն հայրենիքի: «1988թ. ԼՂ ինքնավար մարզի բնակչութիւնը պատրաստ էր փլուզւող երկրի փլատակների տակ չմնալ և իրօք չմնաց, կանգնեց, պաշտպանեց հայրենիքը: Դա պէտք է օրինակ հանդիսանայ մեր ժողովրդի միւս հատւածների համար»,- նշեց նա:
Կարապետեանը նշում է, որ 1915թ. դասը սերտելով է 1988թ. մարտին գնացել Սումգայիթ և որպէս լրագրող ներկայացրել փաստերը: «1915թ. ոչ մի հայ ժուռնալիստ չի լուսաբանել դէպքերը: Մենք այդքան լուսանկարիչներ ունէինք, բայց նրանցից ոչ ոք չի լուսանկարել այդ դէպքերը, գերմանացիներն են լուսանկարել, օտարներն էին գրում, բայց հայ մտաւորականները ոչինչ չեն թողել մեզ: Այդ սխալն ինձ համար դաս էր»,- նշեց նա:
Հայերի փետրւարեան ջարդերից յետոյ` 1988թ. մարտի վերջին, Կարապետեանը մեկնել է Սումգայիթ: Նա հադիպել է ջարդերի ականատեսներին, հարցազրոյցներ վերցրել և նկարահանել «Սումգայիթեան ալիքներ» ֆիլմը: Նա նշում է, այդ ֆիլմը տարածելուց յետոյ ջարդերը ժխտող Ադրբեջանն արդէն սկսում էր խոստովանել, որ նման իրադարձութիւններ եղել են:

Tert.am

Լեհահայերը բողոքի ցոյց են անցկացրել Ադրբեջանի դեսպանատան դիմաց

15:24 • 27.02.10
Փետրւարի 26-ին Լեհաստանի Հայ համայնքի ներկայացուցիչները Սումգայիթեան ողբերգութեան 22-րդ տարելիցի կապակցութեամբ բողոքի ակցիայ են անցկացրել Վարշաւայում Ադրբեջանի դեսպանատան առջև:
Հայ ցուցարարները պարզել են Սումգայիթեան ոճրագործութիւնը դատապարտող պաստառներ և ՀՀ պետական դրօշը: Բողոքի նամակն ընթերցել է Վարշաւայի Հայ համայնքի հնաբնակ անդամներից Ռաֆայէլ Ամիրեանը: Նամակում համառոտ անդրադարձ է կատարւում Սումգայիթում տեղի ունեցած ողբերգութեանը, մէջբերւում են ժամանակակիցների դատապարտող գնահատականները, ներկայացւում են հայկական ջարդերի իրական կազմակերպիչների նպատակները, ադրբեջանական իշխանութիւններից պահանջւում է պատասխանատւութիւն ստանձնել կատարածի համար, իսկ միջազգային հանրութեանը` դատապարտել այն` գնահատելով որպէս 1915թ. Հայոց Մեծ Եղեռնի շարունակութիւն:
Բողոքի նամակի ընթերցումն աւարտելուց յետոյ Ամիրեանը «Մուսա-Լեռ» ազգագրական համոյթի ղեկավար Յակոբ Բաղդասարեանի ուղեկցութեամբ ոստիկանութեան սպայի ներկայութեամբ փորձել է այն յանձնել Ադրբեջանի դեսպանութեան ներկայացուցչին, որը պատճառաբանելով, թէ լեհերէն չգիտի, չի ընդունել նամակը: Նամակն, այնուամենայնիւ, գցել են դեսպանատան փոստարկղը:
Վերջին տարիներին ձևաւորւած աւանդոյթի համաձայն` նոյն օրը Հայ համայնքի ներկայացուցիչները հաւաքւել են ՀՀ դեսպանութեան բակում, որտեղ տեղադրւած խաչքարի մօտ տեղի է ունեցել մոմավառութեան արարողութիւն: Հայ կաթողիկ եկեղեցու հոգևոր հովիւ` կսեոնդզ Արթուր Ավդալեանը ի յիշատակ Սումգայիթի անմեղ զոհերի կատարել է ոգեկոչման պաշտօն:
Այնուհետև ներկաներին է դիմել Լեհաստանում ՀՀ դեսպան Ա.Գալոյեանը, որը համառոտ խօսել է Սումգայիթեան ողբերգութեան, Ղարաբաղեան շարժման պատմութեան ադրբեջանական նենգափոխումների մասին:
Նա նշել է, որ Ադրբեջանի դեսպանատան մօտ տեղի ունեցած բողոքի ցոյցը վառ վկայութիւնն է այն բանի, որ աշխարհասփիւռ հայութիւնը ոչինչ չի մոռացել և պատրաստ է արժանի հակահարւած տալ Ադրբեջանի ստահոդ քարոզչութեանը և հակահայկական բոլոր սադրանքներին:


Tert.am

Աթէնքում հայերը ցոյցի են դուրս եկել` ընդդէմ Սումգայիթեան ոճրագործութեան հեղինակ Ադրբեջանի


15:50 / 27.02.2010
Այսօր` փետրւարի 27-ին Յունաստանի մայրաքաղաք Աթէնքի Վասիլի Սոֆիաս պողոտայի սկզբնամասում, ուր տեղակայւած է Ադրբեջանի դիւանագիտական ներկայացուցչութիւնը, առաւօտեան ժամը 11-ի մատոյցներում սկսւել է խրոխտ կոչերով ու վանկարկումներով ուղեկցւող ցոյց:
Յունահայ համայնքի երիտասարդների բազմութիւնը երթով առաջանալով դէպի Ադրբեջանի դեսպանատուն` նրա առջև պարզել է Հայաստանի ու Արցախի դրօշները, 22 տարի առաջ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայ ժողովրդի դէմ գործւած ցեղասպանական ոճրագործութիւնը դատապարտող, արդարութիւն ու հատուցում պահանջող պաստառները:
Յունաստանի հայկական երիտասարդական կազմակերպութիւնների նախաձեռնած ցոյցի ու պիկէտի նպատակն էր միանալ աշխարհի բոլոր երկրների հայութեանը, որն այս օրերին բողոքի իր ձայնն է բարձրացրել ընդդէմ անմարդկային ու հրէշաւոր, սակայն 22 տարի շարունակ միջազգային հանրութեան կողմից այդպէս էլ չդատապարտւած ու չպատժւած սումգայիթեան ոճրի:
Հէնց այդ անպատժէլիութիւնն էր, ըստ բողոքի ակցիայի մասնակիցների, որ մարդկային բազմաթիւ անմեղ կեանքեր խլած սպանդի կազմակերպպիչներին ու իրականացնողներին յանդգնութիւն տւեց այդ ոճրագործութիւնը հետագայում կրկնել Կիրովաբադում ու Բաքւում, Ղազախում ու Խանլարում, Դաշքեսանում ու Մինգեչաուրում, Ադրբեջանի բոլոր այն վայրերում, ուր գէթ մէկ Հայ էր ապրում: Ուստի ցոյցի նախաձեռնողները ևս մէկ անգամ իրենց համերաշխութիւնն յայտնեցին բոլոր նրանց, ովքեր այսօր յիշում ու յիշեցնում են սումգայիթեան ողբերգութեան մասին:

Լուրեր Հայաստանից

ՄՈՍԿՒԱՅՈՒՄ ՍՏԵՂԾՒԵԼ Է ՆՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ


Մոսկւայի Հայ համայնքն այսօր որակական վերափոխման է ենթարկւում, որը աւելի ազդեցիկ է դարձնում նրա դերը ողջ հայ համայնքի համակարգում: Սակայն լիարժէք մեխանիզմ դառնալու համար, գործող կազմակերպութիւններին յաճախ շատ բան չի հերիքում:
Առաջին հերթին խօսքն անբաւարար համախմբման, նրանց գործունէութեան փորձագիտական ապահովման բացակայութեան մասին է: Որոշ դէպքերում կազմակերպութիւնների միջեւ նկատւում է առճակատում: Յատուկ ուշադրութիւն են պահանջում տեղեկատւական ապահովման հարցերը: Այդ մասին ասւում է նոր` Մոսկւայի հայկական կազմակերպութիւնների համաժողով կազմակերպութեան հաղորդագրութեան մէջ: Նախաձեռնող խումբը կարծում է, որ հասունացել է համախմբող հարթակ ստեղծելու անհրաժեշտութիւնը, որը կը ներկայացնէր բոլոր կազմակերպութիւնների շահերը եւ կը համաձայնեցնէր գործունէութիւնը ծրագրերի եւ նախագծերի իրականացման ժամանակ կրկնողութիւնը բացառելու համար: «Մոսկւայում հայ համայնքի միաւորումների եւ կազմակերպութիւնների միջեւ կայուն փոխյարաբերութիւններ ստեղծելու եւ ամրապնդելու համար մենք նախաձեռնել ենք ստեղծել Մոսկւայի հայկական կազմակերպութիւնների համաժողով: Համաժողովի նպատակն է ստեղծել հայկական համայնքի համար մէկ հարթակ, որը ընդ որում ոչ մի դէպքում չպիտի ոտնահարի առանձին կազմակերպութիւնների իրաւունքները: Մեր կարծիքով լիարժէք համայնքի ձեւաւորման բանալին` համախմբումն է եւ բազմազանութեան պահպանումն է: Առաջին հերթին Համաժողովը իրենից կը ներկայացնի տեղեկատւական դաշտ հայ համայնքի համար: Վստահ ենք, որ այդպիսի համագործակցութիւնը կաջակցի հայ համայնքի համախմբմանը եւ փոխադարձ աջակցութեան ամրապնդմանը: Համաժողովը կուժեղացնի հայկական կազմակերպութիւնների ազդեցութիւնը ռուսական հասարակութեան վրայ, կամրապնդի Հայաստանի, Արցախի եւ այլ երկրների հայ համայնքների փոխյարաբերութիւնները», - ասւում է հաղորդագրութեան մէջ: Համաժողովի առաջին նիստը տեղի կունենայ փետրւարի 27-ին: Համաժողովի օրակարգում` կազմակերպութիւնների գործունէութեան հետ ծանօթութիւնն է փորձի փոխանակման համար, համագործակցութեան տարբեր ոլորտներում գործողութիւնների համաձայնեցումը, Համաժողովի հիմնադրման Դիմումի ընդունումը եւ Համաժողովի համակարգող մարմնի ձեւաւորումը: Համաժողովի կազմկոմիտէում ընդգրկւած են «Ռուս-Հայկական համագործակցութիւն» կազմակերպութեան նախագահ Եուրի Նաւոյեանը, «Նոյեան Տապան» թերթի գլխաւոր խմբագիր Գիրգորի Անիսոնեանը, «Արցախի բարեկամներ ակումբի» նախագահ Էդւարդ Ղուլեանը, Միջազգային յարաբերութիւնների Մոսկւայի պետական ինստիտուտի հայկական համագործակցութեան նախագահ Հենրի Սարադեանը եւ «Արեւմուտքի հայերի հայրենակցական միութիւն» կազմակերպութեան ներկայացուցիչ Իգոր Զարգարեանը:

«Պանարմէնիան»

Այսօր Սերժ Սարգսեանը երկօրեայ այցով մեկնում է Վրաստան


10:57 / 27.02.2010
Այսօր` փետրւարի 27-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը Վրաստանի Նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հրաւէրով երկօրեայ մասնաւոր այցով կը մեկնի Վրաստանի Հանրապետութիւն:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի ծառայութիւնից: Այցի վերաբերեալ այլ մանրամասներ չեն հաղորդւում:

Լուրեր Հայաստանից

ԹՈՒՐՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԲԱԺԱՆՒԵԼ Է ԵՐԿՈՒ ՄԱՍԻ

Ինչպէս յայտնի է, Պոլսոյ Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆեանի առողջութեան անշրջելի վատթարացման պատճառով թուրքահայ համայնքը նոր գահակալ ընտրելու խնդրի առջեւ է կանգնել:
Պատրիարքարանի կրօնական ժողովը, որը համայնքի կողմից ընտրւած օրինական մարմին է ու պատրիարքի հիւանդութիւնից յետոյ տնօրինում է գործերը, ցանկանում է, որ համայնքը աթոռակից պատրիարք ընտրի եւ ընտրութիւն անցկացնելու թոյլտւութիւն ստանալու համար դիմել է Թուրքիայի իշխանութիւններին:
Պատրիարքարանի կրօնական ժողովի ատենապետ եւ աթոռի լուսարարապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշեանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջեանը եւ Գերմանիայի հայերի հոգեւոր թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչեանն այն երեք թեկնածուներն են, որոնք մասնակցելու են աթոռակից պատրիարքի ընտրութիւններին:
Սակայն աթոռակից պատրիարք ընտրելուն կողմնակից չէ Հայ համայնքային մարմինների ղեկավարների աջակցութեամբ ստեղծւած Նախաձեռնող խորհուրդը: Այդ մարմինը ընտրութիւն անցկացնելու թոյլտւութիւն ստանալու համար առանձին դիմում է յղել Թուրքիայի իշխանութիւններին, առաջարկելով ոչ թէ աթոռակից, այլ նոր պատրիարք ընտրել: Նախաձեռնող խորհուրդը պատճառաբանում է, թէ պատրիարքութեան ողջ պատմութեան ընթացքում` 1461 թւականից ի վեր, աթոռակից պատրիարքներ չեն եղել:
«Հայելի» ակումբում Սահակ եպիսկոպոս Մաշալեանը երէկ ներկայացնելով խնդիրը, նշեց, որ ընտրութեան հարցում Կրօնական ժողովի եւ Նախաձեռնող խորհրդի դիրքորոշումների տարբերութիւնը պոլսահայ համայնքում լուրջ քննարկումների պատճառ է դարձել. «Աթոռակից պատրիարք ընտրելու կողմնակիցները նշում են, որ Մեսրոպ պատրիարքը ցմահ պաշտօնավարելու համար է ընտրւած եւ այժմ չի կարող հրաժարւել պատրիարքական աթոռից, քանի որ յիշողութեան կորուստ ունի: Ուստի պէտք է որպէս պատրիարք մնայ, իսկ նոր ընտրւած ղեկավարը կարող է նրան միայն աթոռակից լինել:
Համայնքի միւս հատւածն էլ ասում է, թէ պատրիարքը միայն պաշտօն է, ի ծնէ տրւած իշխանութիւն չէ, հետեւաբար կարելի է հիւանդ պատրիարքի փոխարէն նոր պատրիարք ընտրել»:
Ամէն դէպքում պատրիարքարանի նոր ղեկավարն ընտրութիւններից յետոյ կուտակւած խնդիրները լուծելու համար շատ անելիքներ ունի. «Կարեւոր է իրաւական կարգավիճակ ձեռք բերելը, համայնքի գործունէութիւնը այսօրւայ պահանջներին համապատասխան կազմակերպելը: Այդ ամէնը կարեւոր է նախեւառաջ համայնքի ներքին խաղաղութեան համար»:
Իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը որեւէ կերպ չի միջամտում պոլսահայ համայնքի որոշումներին. «Մայր Աթոռն ունի կրօնական, բարոյական իշխանութիւն, եւ այդ վիճակը նրան չի արտօնում ընտրութիւններին միջամտել կամ թեկնածուներից որեւէ մէկի մասին կարծիք յայտնելով, նախապատւութիւն տալ: Կարեւորը ժողովրդի կամքն է եւ այդ կամքը Մայր Աթոռի համար ընդունելի է»:
Սահակ եպիսկոպոս Մաշալեանը կարծում է, որ թուրքական իշխանութիւններն ընտրութիւնների հետ կապւած տարբեր առաջարկներ կարող են անել, եւ համայնքը պետք է պատրաստ լինի ու լուծումներ մշակի բոլոր հնարաւոր դէպքերի համար. «Կարող են ասել, թե նոր պատրիարք ընտրէք: Կարող են ասել նաեւ, թէ աթոռակից պատրիարք ընտրէք: Չի բացառւում, որ համայնքին ընդհանուր համաձայնութեան գալու իշխանութիւններին մէկ դիմում ուղղելու առաջարկ լինի: Չի բացառւում նաեւ, որ ասեն, թէ պատրիարքը կենդանի է ու նոր ընտրութիւնների կարիք չկայ»:

ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐԵԱՆ
«Հայոց Աշխարհ»

«Ճշմարտութի՛ւն Սումգայիթի ոճրագործութեան մասին»
Սումգայիթեան ջարդերի օրւայ կապակցութեամբ ցոյց է տեղի ունեցել Վաշինգթոնում

11:09 / 27.02.2010
Փետրւարի 26-ին Վաշինգտոնի տարածաշրջանի Հայ երիտասարդութիւնը ոտքի էր ելել իր ընդվզումը յայտնելու 22 տարի առաջ Սումգայիթում տեղի ունեցած ոճրագործութեան դէմ:
Հայ երիտասարդների դաշնութիւնը, Ամերիկայի Հայ եկեղեցու երիտասարդական կազմակերպութիւնը և բազմաթիւ Հայ երիտասարդներ, որոնք ներկայացնում էին համայնքի բոլոր թևերը, մի քանի տասնեակ մարդ, հաւաքւել էին Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանութեան առջև և պահանջում էին դատապարտել Սումգայիթի ոճիրը: Նրանց ձեռքին եղել են պաստառներ հետեւեալ բովանդակութեամբ. «Սումգայիթի ցեղասպանութիւնը ոճիր է մարդկութեան հանդէպ», «Ազատութիւն Լեռնային Ղարաբաղին», «Ճշմարտութիւն Սումգայիթի ոճրագործութեան մասին», «Սումգայիթի յանցագործները ցայսօր անպատիժ են», «Մենք դատապարտում ենք հայերի ջարդերը Ադրբեջանում» եւ այլն:
Ցուցարարները պահանջել են պատժել Սումգայիթի և դրան յաջորդած Բաքւի, Կիրովաբադի, Շահումեանի, Մարաղայի և այլ հայաբնակ վայրերում ցեղասպանութիւն կազմակերպած և իրագործած անձանց, դադարեցնել հակահայ հիստէրիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:

Լուրեր Հայաստանից

ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ «ՍԵՂՄՈՒՄ Է»

Բաքւում, խօսելով Ղարաբաղեան հակամարտութեան մասին, հէնց այսպէս է արտայայտւել Եւրոմիութեան յատուկ ներկայացուցիչը Հարաւային Կովկասում` Պիտեր Սեմնեբին:
Ինչպէս նախորդ համարում տեղեկացրել էր «Ազգը» , Սեմնեբին փետրւարի 23-ից եռօրեայ այցով Ադրբեջանում է: «Իմ այցելութեան նպատակներից է նախապատրաստել Եւրոմիութեան որոշ նոր ղեկավարների այցերը տարածաշրջան», նշել է Սեմնեբինՙ «Թրենդի» տեղեկացմամբ: Ղարաբաղի հարցի վերաբերեալ ԵՄ-ի ներկայացուցիչը նկատել է, որ «տարածաշրջանում իրավիճակը փոփոխւում է», եւ ստատուս քվոն չի կարող անվերջ շարունակւել. «Ես յոյս ունեմ, որ այն ազդակները բանակցային փուլում, որոնք արձանագրւեցին նախորդ տարի, կը պահպանւեն եւ կը բերեն զգալի արդիւնքների: Համենայն դէպս, մենք ամէն ինչ կանենք դրա համար, մանաւանդ որ ժամանակն էլ սեղմում է», յայտարարել է Սեմնեբին: Հետաքրքրական է, որ «ժամանակի մասին» ԵՄ-ի նման կառոյցի ներկայացուցիչը առաջին անգամ խօսում է Բաքւում. միգուցէ Բաքուն առաւե՞լ կարիք ունի «յիշելու ժամանակի մասին»:
Իր այցի շրջանակներում ԵՄ-ի պաշտօնեան հանդիպումներ կունենայ ինչպէս Ադրբեջանի ղեկավար շրջանակների, այնպէս էլ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:
Հ. Ա.
«Ազգ»

«ԵՎՐՈՆԻՒԶ»-ԻՆ ԲՈՂՈՔՆԵՐԸ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ

Հ.Ա.
Բելգիայի հայերի համագումարը պաշտօնական նամակ է ուղարկել միջազգային «Եւրոնիւզ» հեռուստաընկերութեանը, որով իր բողոքն ու տարակուսանքն է յայտնել վերջին ժամանակներում այդ ալիքի ադրբեջանամէտ քարոզչութիւնից: Նամակում բելգիահայերը մասնաւորապէս անդրադարձել են «Եւրոնիւզ»-ի պատրաստած ռեպորտաժին` ադրբեջանցի փախստականների մասին: «Ազգ» -ը գրել էր, որ վերոյիշեալ ալիքը, պատրաստելով ռեպորտաժ հայկական Ղարաբաղի մասին, ամենայն հաւանականութեամբ Ադրբեջանի կողմից ենթարկւել է ճնշումների եւ նոր ռեպորտաժ է պատրաստել արդէն Ղարաբաղից գաղթած ադրբեջանցի փախստականների մասին: Բելգիահայերի կարծիքովՙ հեռուստաալիքն այս վերջին նիւթով արտայայտում է միայն ադրբեջանական կողմի տեսակէտը. «Դուք արտայայտել էք միայն Ադրբեջանի դիրքորոշումը, սակայն այս հին եւ դժւարին հակամարտութիւնն աւելին է, քան երկկողմանի լինելը: Իհարկէ, մենք գիտակցում ենք, որ ադրբեջանական կողմի տեսակէտները նոյնպես պէտք է արտայայտւեն, սակայն մեզ տարակուսանք է պատճառում, որ դուք այդքան յոժարակամ էք ընդունում Բաքւի ցանկութիւնները: Մենք նաեւ զարմացած ենք այն փաստից, որ դուք, հրապարակելով այդ ռեպորտաժը, միւս` հայկական կողմին էլ հնարաւորութիւն չտւեցիք կարծիք յայտնելու: Այնինչ առանց այդ երկկողմանի կարծիքների եւրոպացի հեռուստադիտողի համար անհնար է յստակ պատկերացնել հակամարտութեան ողջ էութիւնը», ասւած է նամակում:
Բելգիահայերը, կոնկրէտ անդրադառնալով «Եւրոնիւզ»-ի «ադրբեջանական» ռեպորտաժին, նամակում գրել են, որ ադրբեջանցի փախստականների կեանքի նկարագրումն ու ցուցադրումը կարող են վրէժի ցանկութիւն առաջացնել լսարանում: «Ձեր ռեպորտաժով, փաստօրէն, տարածւում է հակահայկական ռասիզմը, որն արդէն իսկ կայ. ոչ միայն Ադրբեջանում, այլեւ Թուրքիայում, ինչպէս նաեւ Եւրոպայի թուրքական համայնքներում «թշնամի հայի» պրոպագանդան բերել է բռնութեան դէպքերի»: Բելգիահայերի տարակուսանքն աւելի է սրւել, երբ «Եւրոնիւզը» հրապարակեց Ադրբեջանի նախագահի հետ «մեծ ու բովանդակ» հարցազրոյցը ( «Ազգ» -ը գրել էր Ալիեւի այդ հարցազրոյցի մասին): Նամակում նշւած է, որ Ալիեւի հարցազրոյցից յետոյ էլ «չերեւաց» հայերի տեսակէտը: «Այնինչ Ղարաբաղի հակամարտութիւնը լիարժէք հասկանալու համար պէտք է յիշել 1915-ի ցեղասպանութիւնը եւ այն, որ Թուրքիան ու Ադրբեջանը միշտ ցանկացել են միաւորել իրենց տարածքները: Սրա պատճառով է, որ ԽՍՀՄ փլուզումից յետոյ Ադրբեջանը թուրքերի օժանդակութեամբ յարձակւեց Բաքւում եւ Սումգայիթում ապրող հայերի վրայ եւ կազմակերպեց նրանց ջարդը: Չնայած այս ամէնին, Ղարաբաղի հայերը դիմացան: Այժմ հարց է առաջանում. սխա՞լ են արել արդեօք նրանք», հարցնում են բելգիահայերը «Եւրոնիւզ»-ին եւ կոչ են անում «աւելորդ կրակ չբացել թուրք-ադրբեջանական «ակտիւ գազի» նմանւող ազգային ծայրայեղութեան ֆոնին: Բելգիահայերը յորդորում են նաեւ. «Միակողմանի վերաբերմունք չգործածել այս հարցում, քանի որ միայն այդ պարագայում կը ցրւի այն վախի մթնոլորտը, որը կայ ինչպէս Հայաստանում եւ Ղարաբաղում, այնպէս էլ աշխարհասփիւռ հայութեան կեանքում»:
Նամակը ստորագրել է Բելգիայի հայերի համագումարի ղեկավար Միշել Մահմուրեանը:

Լոնդոնի Tate Modern ժամանակակից արւեստի թանգարանը ներկայացնում է Արշիլ Գորկու ցուցահանդէսը
24.02.2010 Լուսինէ Գրիգորեան, Լոնդոն
Մինչեւ մայիսի 3-ը Լոնդոնի Tate Modern ժամանակակից արւեստի թանգարանը ներկայացնում է Արշիլ Գորկու ցուցահանդէսը` վերջին 20 տարիների առաջին խոշոր ցուցադրութիւնը Եւրոպայում: 12 սենեակներում ներկայացւած 120 կտաւները պատմում են ազգութեամբ Հայ ամերիկացի նկարչի ազգային ու անձնական ողբերգութեան ու յուշերի մասին:
«1920-40-ական թւականներին ստեղծւած այս նկարները բերւել են տարբեր աշխարհահռչակ թանգարաններից ու անձնական հաւաքածուներից, դրանք արտացոլում են տարբեր ոճեր, որոնցով տարւել է Գորկին` ռէալիզմ, սիւռէալիզմ, աբստրակցիոնիզմ։ Նրա ոճը, գոյները, ձեռագիրը խիստ կապւած են կեանքի ու ապրումների հետ եւ փոփոխւել են տարիների ընթացքում», - ասում է ցուցահանդէսի համակարգող Մաթիւ Գէյլը:
Նկարների ընտրութիւնը կատարւել է ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում։ Գէյլի փոխանցմամբ, ցուցահանդէսի տրամաբանութիւնը թոյլ են տալիս աւելի մանրամասնօրէն ծանօթանալ Գորկու ուշ շրջանի ստեղծագործութիւններին: Եւ դա նպատակային է, քանի որ Գորկին շարունակաբար վերամշակել է իր իսկ աշխատանքները:
Այստեղ են նաեւ հանրայայտ «Նկարիչը եւ նրա մայրը» կտաւի երկու տարբերակները, որ յատկապէս յայտնի են Ատոմ Էգոյեանի «Արարատ» ֆիլմից:
Ցուցահանդէսի համակարգողը շեշտում է, որ այս կարգի ցուցահանդէս կազմակերպելը դժւար է ու ծախսատար: Այն երեք կառոյցների` Ֆիլադելֆիայի արւեստի, Լոս Անջէլեսի ժամանակակից արւեստի թանգարանների ու Tate Modern-ի համագործակցութեան արդիւնքն է: Հիմնական հովանաւորը Terra ամերիկեան արւեստի հիմնադրամն է, սակայն աջակցել են նաեւ Հայ բարերարներ ու հիմնադրամներ` Վաչէ եւ Թամար Մանուկեանները, Գալուստ Գիւլբենկեան, Բենլեան ու Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամները, Լարի Գագոսեանը, Արմէն եւ Նունէ Սարգսեանները:
«Ես եւ իմ երկու բարեկամները` Լարի Գագոսեանն ու Վաչէ Մանուկեանը ներդրում ունենք այս ցուցահանդէսի մէջ թէ՛ ֆինանսական, թէ՛ նաեւ գաղափարական: Սա պատմական ցուցահանդէս է, քանի որ ծագումով Հայ որեւէ նկարիչ այս մասշտաբի ցուցահանդէս չի ունեցել եւրոպական մայրաքաղաքներում», - ասում է Արմէն Սարգսեանը:
Արշիլ Գորկին տեսել է Հայոց Ցեղասպանութիւնը, մօր սովամահ լինելը, կարողացել է գտնել հօրն ու հաստատւել Միացեալ Նահանգներում եւ հասել որոշակի յաջողութիւնների կեանքի վերջին տարիների ընթացքում, բայց այդպէս էլ չի հաշտւել Արեւմուտքի բարքերի հետ։ Ընտանեկան դժւարութիւնները, քաղցկեղը, նրան նկարելու կարողութիւնից զրկած աւտովթարը, հօր մահը Գորկուն հասցրել են ինքնասպանութեան 1948-ին: Ցեղասպանութեան յիշողութիւնը շարունակաբար շեշտւում է ցուցահանդէսի ընթացքում: Այս մասին բաւական մանրամասնօրէն խօսւել է նաեւ մամուլում: Ցուցահանդէսին անդրադարձել են բոլոր խոշոր բրիտանական պարբերականները:
Արշիլ Գորկու լոնդոնեան ցուցահանդէսի համակարգող Մաթիւ Գէյլի համար սակայն, ամենակարեւորը մասնագէտների կարծիքն է. - «Ես յատկապէս ոգեւորւած եմ նկարիչների արձագանքով, որ Գորկիի արւեստը այսօր էլ նրանց համար կարեւոր է եւ ազդեցութիւն ունի նրանց ստեղծագործութիւնների վրայ: Ինձ համար սա ամենակարեւորն է»։
Մաիւ Գէյլը հաւաստիացնում է, որ թուրքական կողմից որեւէ բողոք կամ դժգոհութիւն չի եղել, սակայն չի բացառում, որ նման մասշտաբի իրադարձութիւնը կարող է քաղաքական հետեւանքներ ունենայ։
120 նկարները անցած հոկտեմբերից Յունւարի 10-ը ցուցադրւել են Ֆիլադելֆիայի Արւեստի թանգարանում, Լոնդոնից դրանք կը տեղափոխւեն Լոս Անջէլեսի Ժամանակակից արւեստի թանգարան, որտեղ կը ցուցադրւեն յունիսի 6-ից սեպտեմբերի 20-ը: Իսկ մինչ այդ՝ Tate-ում կլին
են նաեւ Գորկուն նւիրւած հանդիպումներ, այդ թւում` Ատոմ Էգոյեանի հետ հանդիպում ապրիլի 21-ին:

«Ազատութիւն»

Քլինթոնին յիշեցրել են Ցեղասպանութեան վերաբերեալ իր նախկին դիրքորոշման մասին

13:47 • 26.02.10
ԱՄՆ Կոնգրէսի հայկական խմբի համանախագահ Մարկ Քիրքը, ելոյթ ունենալով Կոնգրէսի Արտաքին յատկացումների ենթայանձնաժողովում, յիշեցրել է Հիլարի Քլինթոնին, որ նախկինում նա աջակցել է Կոնգրէսում Հայոց Ցեղասպանութեան բանաձևի ընդունմանը։ Այդ մասին հաղորդագրութիւն է տարածել Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը։
Մասնաւորապէս, անդրադառնալով մարտի 4-ին Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում Հայոց Ցեղասպանութեան բանաձևի քւէարկութեանը, Քիրքը նշել է, որ «յոյս ունեմ, որ մենք դա կանենք, յոյս ունեմ, որ Ներկայացուցչական պալատը դա կանի, և յոյս ունեմ, որ Դուք դա թոյլ կը տաք»։
Իր հերթին Հայոց Ցեղասպանութեան բանաձևի ճանաչման ջատագով Ադամ Շիֆն ասել է, որ չի կարծում, թէ Հայաստանի և Թուրքիայի հաշտութեան հեռանկարը կարող է պատրւակ դառնալ «Հայոց Ցեղասպանութեան անժխտելի փաստը չճանաչելու համար»։ Ադամ Շիֆը Բարաք Օբամայի վարչակազմին յորդորել է աջակցութիւն ցուցաբերել բանաձևին և «առնւազն չընդդիմանալ դրա շուրջ քւէարկութեանը»։
Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը, նկատել է, որ վերջին մի քանի շաբաթւայ ընթացքում արւած յայտարարութիւնները ցոյց են տալիս, որ Օբամայի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները որոշել են հրապարակաւ չընդդիմանալ Ցեղասպանութեան բանաձևի ընդունմանը։
Անդրադառնալով Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին յատկացւած 2011թ. ֆինանսական օգնութեանը՝ Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը ողջունել է Օբամայի վարչակազմի այդ քայլը` նշելով, սակայն, որ «Կոնգրէսը պէտք է մեծացնի ֆինանսական օգնութիւնը»։ Նա նաև ընդգծել է, որ մինչ Օբամայի վարչակազմը պահպանել է Հայաստանին և Ադրբեջանին յատկացւող ռազմական ֆինանսական օգնութեան հաւասարակշռութիւնը, ռազմական ուսուցմանն ուղղւած օգնութեան չափաբաժինը հաւասար չէ։ Բրեդ Շերմանը նաև կոչ է արել «յատուկ օգնութիւն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին»։ Ակնկալւում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի գրաւոր պատասխանը։


«Թերթ»

Աթէնքում Ադրբեջանի դեսպանատան դիմաց ՀՅԴ երիտասարդները բողոքի ցոյց են կազմակերպելու


19:45 / 26.02.2010
Վաղը` փետրւարի 27-ին, Աթէնքում Ադրբեջանի դիւանագիտական ներկայացուցչութեան շէնքի առջեւ ՀՅԴ Յունաստանի Երիտասարդական կազմակերպութեան նախաձեռնութեամբ բողոքի ցոյց է տեղի ունենալու:
ՀՅԴ Յունաստանի Երիտասարդական թեւի տարածած յայտարարութեան մէջ, մասնաւորապէս նշւում է. «1988 թւականից ի վեր՝ իւրքանչիւր տարւայ փետրւարի 28-ին, ամբողջ հայութիւնը յիշում է ադրբեջանական Սումգայիթ քաղաքի Հայ խաղաղ բնակչութեան դէմ Ադրբեջանի իշխանութիւնների կազմակերպած արիւնալի ոճիրը, որին զոհ գնացին նաեւ Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշքեսանի, Բաքւի եւ այլ բնակավայրերի հայեր»:

Լուրեր Հայաստանից

Լրացաւ Անդրանիկ Օզանեանի ծննդեան 145-ամեակը


26.02.2010 15:48 GMT+04:00 /PanARMENIAN.Net/ «Ես չհասցրի գործս աւարտել», - գրել է զօրավար Անդրանիկը: Հայ ժողովրդի ամենապատւելի զոօրավարի յիշատակը ժողովուրդը 145 տարի անց եւս փառաբանում է` յիշելով 19-20-րդ դդ. ազգային-ազատագրական պայքարում նրա կատարած քաջագործութիւնները:
Անդրանիկ Օզանեանը ծնւել է 1865 թ. փետրւարի 25-ին, Արեւմտեան Հայաստանի Շապին Գարահիսար բնակավայրում (Օսմանեան կայսրութեան Տրապիզոնի վիլայեթում, այսօր` Թուրքիայի Գիրեսուն գաւառ): 20-րդ դարի սկզբին նրա անունը թնդում էր ողջ երկրում եւ ահուսարսափ էր տարածում հայերի թշնամիների մօտ: Զորավար Անդրանիկը Հայ ժողովրդի թշնամիների դէմ պայքարում էր ոչ միայն Արեւմտեան Հայաստանում, այլեւ Արեւելեան Հայաստանում, Իրանում, Բալկաններում:
Անդրանիկ զօրավարի կամաւորական բանակը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թուրքական եաթաղանից փրկել է հազարաւոր հայերի:
1919 թ. Անդրանիկ Օզանեանը լուծարում է կամաւորականների իր գունդը, զէնքը յանձնում է Ամենայն հայոց կաթողիկոսին եւ հեռանում է Եւրոպա, որպէսզի նոր ուժեր հաւաքագրի` Կիլիկիայի հայկական պետականութիւնը վերականգնելու համար:
Զօրավարն իր կեանքի վերջին տարիները անց է կացնում ԱՄՆ-ում: Նա մահացել է 1927 թ. օգոստոսի 31-ին, Ֆրէզնոյում: 1928 թ. Յունւարին նրա զինակիցները սիրելի զօրավարի դին տեղափոխել են Փարիզ եւ թաղել «Պեր-Լաշեզ» գերեզմանոցում: 2000 թ. Զօրավար Անդրանիկի դին երկրորդ անգամ է տեղափոխվում, այս անգամ բերւելով Հայաստան: Այն իր վերջին հանգրւանն է գտնում «Եռաբլուր» գերեզմանոցում:

Մոսկւա-Երեւան չւերթի օդանաւում ծեծկռտուք է եղել.
կայ վիրաւոր


15:40 / 26.02.2010
Փետրւարի 23-ին, ժամը 3.50-ի սահմաններում, ոստիկանութեան «Զվարթնօց» օդանաւակայանի գծային բաժնում ահազանգ է ստացւել, որ Մոսկւա-Երևան չւերթի օդանաւի սրահում վիճաբանութիւն է տեղի ունեցել:
Ինչպէս NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանութեան մամուլի ծառայութիւնից, նոյն օրը, ժամը 4.30-ին, ուղեկցորդուհի Նատալեա Շ.-ն յայտնել է, որ ուղևոր, 1979 թ. ծնւած Սերգէյ Վարդանեանը օդանաւում տեղի ունեցած վիճաբանութեան ժամանակ շշով հարւածել է 1979 թ. ծնւած Կարէն Գրիգորեանի գլխին և պատճառել վնասւածք: Կ. Գրիգորեանին տրւել է դատաբժշկի ուղեգիր: Կատարւում է հետաքննութիւն:

Լուրեր Հայաստանից

Խոջալու. ո՞րն է իրականութիւնը

Փետրւար 26, 2010 17:5
Այս տարի լրանում է Խոջալուի դէպքերի 18-րդ տարելիցը (1992թ. փետրւարի 26-28)։ Ադրբեջանական կայքերը և հեռուստատեսութիւնը հեղեղւած են Խոջալուի դէպքերի մասին պատմող պատմութիւններով և ֆոտոռեպորտաժներով։ Ադրբեջանն ամբողջ ուժգնութեամբ գործի է դրել քարոզչամեքենան։
Հակաքարոզչական անդրադարձ, այսինքն՝ դէպքերի իրական պատկերը ներկայացնելուն ուղղւած քայլեր հայկական կողմից իրականացւում են անձնական, սակայն ոչ պետական մակարդակով։ Օրերս Երևանում «Այլատեացութեան կանխարգելման նախաձեռնութիւն» հասարակական կազմակերպութիւնը ներկայացրեց նոր կայք, որը բացայայտում է 1991-1994 թթ. Ղարաբաղեան պատերազմի ժամանակ Խոջալու գիւղում տեղի ունեցած իրադարձութիւններին վերաբերող մօտ 20 լուսանկարների կեղծ լինելը: «Xocali.net» կայքի հեղինակները պնդում են, որ ադրբեջանական քարոզչութիւնն ակտիւօրէն օգտագործում է կեղծ նիւթեր, որոնք ոչ մի կապ չունեն Աղդամի ռազմական գործողութիւնների հետ։
1992-ին ԼՂՀ պաշտպանութեան բանակն իր վերահսկողութեան տակ վերցրեց Ստեփանակերտից 10 կմ արևմուտք տեղակայւած Խոջալու ադրբեջանական ռազմական պլացդարմը, որտեղ գտնւում էր նաև օդակայանը։ Ադրբեջանական զօրքերն ամէն կերպ փորձում են ռազմական այդ գործողութիւնները ներկայացնել որպէս բնակչութեան էթնիկ զտում։ Այժմ Ադրբեջանի իշխանութիւնները փորձում են տեղի ունեցածը հայերի կողմից իրականացւած ցեղասպանութիւն ճանաչել՝ դրա համար գործի դնելով քարոզչական հնարաւոր և անհնարին բոլոր միջոցները։
Ինչպէս «7օր»-ի հետ զրոյցում նշել է քաղաքագէտ Լևոն Մելիք-Շահնազարեանը, ռազմական գործողութիւնների ժամանակ հիմնականում տեղի է ունեցել Խոջալուում գտնւող ահաբեկչական ապօրինի ջոկատների ոչնչացում, որոնք ռմբակոծում էին Խոջալուի շուրջ գտնւող ԼՂՀ բնակավայրերը, փակել էին հիմնական ճանապարհը և թոյլ չէին տալիս, որ Ստեփանակերտը սնունդ և դեղորայք ստանար։
Նա ընդգծել է, որ պէտք է նաև հաշւի առնել, որ այդ խմբաւորումները ոչնչացնելուց յետոյ քաղաքում գտնւում էին 2 «Գրադ» կայանի հրթիռային համակարգ, 2 զրահամեքենայ, 4 «Ալազան» տիպի թնդանօթ և մէկ 100 մմ տրամաչափի թնդանօթ. «Եթէ հաշւի առնենք նաև, որ այդ պահին Աղդամում կուտակւած է եղել 34 հազարանոց բանակ, ապա համոզւում ենք, որ դրանով կանխւել է նաև յարձակումը Ստեփանակերտի վրայ»։ Աղդամ քաղաքի շրջակայքում իսկապէս սպանւել է որոշակի թւով խաղաղ բնակչութիւն, այն, ինչն այսօր իր քարոզչութեան մէջ շահարկում է Ադրբեջանը, սակայն, Լևոն Մելիք-Շահնազարեանի խօսքերով, ադրբեջանական քարոզչութիւնը լռում է և երբեք չի նշում, որ այդ բնակչութիւնն սպանւած է եղել այն տարածքում, որը մինչև 1993-ի ամառը գտնւում էր Ադրբեջանի զինւած ուժերի հսկողութեան տակ։ Հետևաբար, քաղաքագէտը համոզւած է, որ այդ բնակչութեանը հայերն սպանել չէին կարող, քանի որ այդ քաղաքում այդ ժամանակ 34 հազարանոց բանակ կար և մեծ քանակով զրահամեքենաներ. «Ես համոզւած եմ նաև փաստերով, որ այդ բնակչութեանը սպանել է ադրբեջանական բանակը, ըստ երևոյթին, պատահական, իսկ դիակներից այլանդակւած են ընդամէնը 7-8-ը։ Դիակներն այլանդակել են արդէն մտածւած»։
Ինչ վերաբերում է հայկական կողմի քարոզչական աշխատանքներին, նա նշել է, որ դրանք իրեն չեն բաւարարում և ոչ միայն Խոջալուի հարցով. «Ես հասկանում եմ նաև, որ ճիշտը քարոզելն աւելի դժւար է, քան սուտը, բայց, այնուամենայնիւ, համարում եմ, որ մենք այս հարցերում շատ աւելի պասիւ ենք, քան Ադրբեջանը։ Բաւական է միայն ասել, որ հարիւր երկրից աւելի դեսպանատներում Ադրբեջանն այս տարի Խոջալուին վերաբերող ինչ-որ միջոցառումներ է իրականացնում, որտեղ իր սուտն է առաջ տանում։ Նոյնիսկ այն նկարներն է ցուցադրում, որոնք արդէն ապացուցւած է, որ կեղծւած են»։
Նրա կարծիքով կամաւորական հիմունքներով հնարաւոր ամէն ինչ արւում է, և ժամանակն է պետական մակարդակով քարոզչութեամբ զբաղւելը։ Այդ հարցով արդէն պէտք է զբաղւի պետութիւնը, քանի որ ամէն օր ոչ միայն պարտւում ենք, այլև յետ ընկնում ու կորցնում մեր դիրքերը։ Նա նշել է, որ պետութեան և բնակչութեան համար կարևոր են ինչպէս պատերազմը, այնպէս էլ քարոզչական պատերազմը. «Եթէ մենք այսօր դրանով չզբաղւենք և չօգտագործենք նաև մեր սփիւռքահայութեան հնարաւորութիւնները, մենք կարող ենք վաղը շատ ծանր կացութեան առջև կանգնել, եթէ արդէն չենք կանգնել։ Դա պէտք է կարգաւորւի։ Մենք այսօր քարոզում ենք, կոպիտ ասած, ամէն մէկս մեր խելքի փչածը. իրականում մենք պէտք է խփենք միևնոյն մեխին և միևնոյն ուղղութեամբ»։
Ե՞րբ, ի վերջոյ, Հայաստանի Հանրապետութիւնը կըմբռնի քարոզչութեան և քարոզչական պատերազմի ողջ ուժն ու ազդեցութիւնը։

Արփի Բեգլարեան
7օր