Ապրիլի 6-7-ը Հայաստան է գնալու Եւրամիութեան ընդլայնման հարցերով յանձնակատարը


19:28 / 31.03.2010
Ապրիլի 6-7-ը Հայաստան է գնալու Եւրամիութեան ընդլայնման հարցերով յանձնակատար Ստեֆան Ֆյուլեն:
Այդ մասին NEWS.am-ին յայտնի է դարձել դիւանագիտական աղբիւրներից:
Այցի ընթացքում նախատեսւում են յանձնակատարի հանդիպումները Հայաստանի իշխանական կառոյցների ներկայացուցիչների հետ: Քննարկւելու են Հայաստանի մասնակցութիւնը ԵՄ «Արեւելեան գործընկերութիւն» ծրագրին, նաեւ ԵՄ-ին հանրապետութեան ասոցիացւած անդամութեան հեռանկարները: Այցի շրջանակներում քննարկւելու են նաեւ տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական հարցեր:
Լուրեր Հայաստանից

Լորդերի պալատում Հայոց Ցեղասպանութեան հարցը վերջնականապէս փակւած չէ

15:53 • 31.03.10
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատը մերժել է ընդունել Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու և ապրիլի 24-ը երկրում որպէս Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակի օր հռչակելու վերաբերեալ Անգլիայի Հայ համայնքի ներկայացրած առաջարկը:
Այս մասին թրքական Cihan գործակալութեան հետ հարցազրոյցում յայտարարել է լորդ Քիլքլունին: Թրքական լրատւամիջոցի փոխանցմամբ` Լորդերի պալատում մարտի 29-ին կայացած Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցի դռնփակ քննարկումների ժամանակ հնչել են տարբեր կարծիքներ: Սակայն այդ հարցին վերջակէտ է «դրել» Մեծ Բրիտանիայի պետնախարար՝ բարոնուհի Քիննոքը:
Յայտարարելով, որ 1915թ. իրադարձութիւնները մարդկային ողբերգութիւն են և իրենք վշտակցում են այդ տարիներին զրկանքներ կրած հայերին` պետնախարարը, միևնոյն ժամանակ, յիշեցրել է Հայոց Ցեղասպանութեան հարցում բրիտանական իշխանութիւնների պաշտօնական դիրքորոշման մասին:«Բրիտանական կառավարութիւնը հանդէս չի գայ այնպիսի յայտարարութեամբ, որը կարգելակի Հայաստանի և Թուրքիայի միջև մեկնարկած յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը: Կառավարութիւնն աջակցում է նաև Հայաստանի և Թուրքիայի նախագահների` այդ իրադարձութիւններն (Հայոց Ցեղասպանութիւնը) ուսումնասիրելու առնչութեամբ պատմական յանձնաժողով ստեղծելու ծրագրերին՞՞՞»,- յայտարարել է բարոնուհի Քիննոքը` աւելացնելով, որ «1915թ. իրադարձութիւնները (Հայոց Ցեղասպանութիւնը) որպէս Ցեղասպանութիւն որակելու համար որևէ իրաւական հիմք չկա՞՞՞յ...»: «Այդ պատճառով Մեծ Բրիտանիայի կառավարութեան կողմից այդ իրադարձութիւնները (Հայոց Ցեղասպանութիւնը) որպէս Ցեղասպանութիւն ճանաչելը ճիշտ չի լինի»,- ասել է նա:
Յիշեցնենք, որ մարտի 29-ին ուշ երեկոյեան Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատում բարոնուհի Քերոլայն Քոկսի նախաձեռնութեամբ կայացել են Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ քննարկումներ: Մօտ մէկ ժամ տևած քննարկման սկզբին բարոնուհին ներկայացրել էր Հայոց Ցեղասպանութեան հիմնական փաստերը, ժամանակի միջազգային գործիչների արձագանքը դէպքերին, և հէնց Մեծ Բրիտանիայի ունեցած փաստաթղթերը դարասկզբի հայկական ջարդերի մասին: Նա կառավարութեանը կոչ էր արել միանալ քաղաքակիրթ ազգերին, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանութիւնը: Սատարող ելոյթներ էին ունեցել Լորդերի պալատի ևս մի քանի անդամներ:
«Բրիտանական կառավարութիւնը յիշում է դարասկզբի ցաւալի դէպքերը, սակայն չի կարող կատարել որևէ քայլ, որը կը խոչընդոտեր Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորումը», - ի պատասխան բարոնուհի Քերոլայն Քոկսի հարցադրմանը` յայտարարել էր բարոնուհի Գլենիս Քիննոքը, որը ներկայացնում է Արտաքին գործերի նախարարութիւնը Լորդերի պալատում: Բարոնուհի Քոկսը, որը Լորդերի պալատի Հայկական խորհրդարանական խմբի նախագահն է, խոստանում է, որ շարունակելու է առաջիկայում հայկական հարցը բարձրացնել ու աշխուժացնել քննարկումները խնդրի շուրջ:

Tert.am

*** Այդ բոլորով հանդէրձ, նկատի ունենալով Հայ ժողովրդի եւ իր Դատի բարեկամների հետեւողականութիւնը, Հայոց Ցեղասպանութեան հարցը դեռ վերջնականապէս փակւած չէ։

Թուրք փաստաբանը Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու պահանջով դիմել է թուրքական դատարան

17:33 / 31.03.2010
Թուրքիայում Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ քննարկումները հետաքրքիր որակներ են ստանում:
Այս անգամ էլ Անկարայի փաստաբանների պալատի անդամ Բենդալ Ջելիլ Էզմանը դիմել է Անկարայի դատարաններից մէկը` պահանջելով ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը, դատապարտել Թալէաթ փաշային եւ նրա անուններով փողոցները անւանափոխել:
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ` փաստաբան Էզմանը նաեւ մասնակցել է «Ներէցէք մեզ, հայեր» ստորագրահաւաքին: Նա պնդել է, որ 1915-ին հայերը թուրքերի կողմից ենթարկւել են պլանաւորւած կոտորածի:
Փաստաբանը նշել է, որ իրեն մերժել են ներկայացնել 1918 եւ 1922 թւականների (Հայոց Ցեղասպանութեան) դատական գործերի փաստաթղթերը, որոնք վերաբերւում են 1915-ի ապրիլ եւ մայիս ամիսների ընթացքում իրականացրած տեղահանութեան մեղաւորների դատապարտմանը: Թուրք փաստաբանը հայցադիմումում ներկայացնում է մեղադրանք Թալէաթ փաշայի կոմիտէի անդամների դէմ` ժամանակակից Թուրքիայի քրէական օրէնսգրքի 220 եւ 3713 յօդւածներով, 76, 77, 78 յօդւածների յատկանիշներով, որոնց ճանաչման դէպքում 1915-ին հայերի դէմ համակարգւած կերպով իրականացւած յանցանքները (Հայոց Ցեղասպանութեան) տեղաւորւում են ցեղասպանութիւն յանցանքի մէջ:
«Թուրքիան պէտք է առերեսւի իր պատմութեան հետ: Թուրքիայում առաջին անգամ նման դատական գործ է բացւում»,-նշել է փաստաբանը:

Լուրեր Հայաստանից

Հրանտ Դինքի ընտանիքը միացել է Շիրինօղլուի դէմ պոլսահայերի պայքարին

«Մենք այս երկրում պատանդ չենք, և որպէս քաղաքացու հաւասար իրաւունքներով ապրել ցանկացող հայեր` քննադատում ենք վարչապետին իր այս խօսքերի համար և չենք միանում Պետրոս Շիրինօղլուի յայտարարութիւններին»





17:30 • 31.03.10
Ի հակազդեցութիւն Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիւանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի վերջին յայտարարութիւնների և ի աջակցութիւն Թուրքիայում բնակւող Հայ ներգաղթեալների` պոլսահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ ստորագրահաւաք են սկսել և «Մենք ապրում ենք բոլորովին այլ Թուրքիայում» վերտառութեամբ յայտարարութիւն տարածել:
«Սուրբ Փրկիչ հիւանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից յետոյ արած յայտարարութիւնները մեծ զարմանք առաջացրին: Հանրութեանն ապատեղեկացնող այս յայտարարութիւնները պարզաբանումների կարիք է զգում:
Նախ, Պետրոս Շիրինօղլուն Հայ համայնքի առաջնորդը չէ, ինչպէս նրան ներկայացրել էր կառավարութեան մամուլի ծառայութիւնը: Նա Սուրբ Փրկիչ հիւանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Նրա լիազօրութիւնների մէջ չի մտնում ներկայացնել հանրութեանը և քաղաքական թեմաներով մեր անունից յայտարարութիւններ անել: Այդ պատճառով Շիրինօղլուի յայտարարությիւնները ոչ թէ Հայ հանրութեան, այլ նրա սեփական տեսակէտներն են: Մենք ակնկալում ենք, որ այս սխալը կուղղւի:
Իրականութեանը չի համապատասխանում նաև Շիրինօղլուի այն յայտարարութիւնը, թէ Թուրքիայում հայերը ոչ մի բողոք չունեն: Սակայն մենք կարծում ենք, որ ապրում ենք բոլորովին այլ Թուրքիայում: Հնարաւոր է` նա իրեն անվտանգ է զգում, սակայն ասել, թէ Թուրքիայում հայերն իրենց անվտանգ են զգում, սուտ է:
Հայերն այս երկրում ենթարկւում են ցեղապաշտական յարձակումների և ազգային խտրականութեան, որպէս լծակ են օգտագործւում միջազգային յարաբերութիւններում, և թուրք հանրութեան գերակշռող հատւածում առայժմ առկայ են հակահայկական տրամադրութիւններ: Մենք սպասում էինք, որ Շիրինօղլուն վարչապետին կը յիշեցնի 3 տարի առաջ տեղի ունեցած Հրանտ Դինքի սպանութեան և այն մասին, որ այդ զազրելի յանցագործութեան հետևում կանգած ուժերին բացայայտելու համար իրական քայլեր չեն իրականացւել։
Մենք դատապարտում ենք Շիրինօղլուի` 1915թ. իրադարձութիւնները որպէս «երկու ընկերոջ միջև վէճ» ներկայացնելու և մարդկութեան դէմ իրականացւած այդ ահաւոր յանցագործութիւնը կոծկելու փորձերը:
Վարչապետի հետ Շիրինօղլուի հանդիպումը, որը տեղի ունեցաւ անմիջապէս Թայիփ Էրդողանի` 100 հազար հայերին երկրից արտաքսելու մասին յայտարարութիւնից յետոյ, և հանդիպման ժամանակ Շիրինօղլուի` «վարչապետին ապատեղեկացնելու համար ներողութիւն ենք խնդրում» խօսքերը պէտք է դիտարկել որպէս միջազգային հանրութեան վրայ ազդելու փորձեր: Անկախ ազգութիւնից՝ այս երկրում գոյապայքար մղող ներգաղթեալներին երկրից վտարելու սպառնալիքները բարոյականութեան շրջանակում չեն տեղաւորւում… Մենք այս երկրում պատանդ չենք, և որպէս քաղաքացու հաւասար իրաւունքներով ապրել ցանկացող հայեր` քննադատում ենք վարչապետին իր այս խօսքերի համար և չենք միանում Պետրոս Շիրինօղլուի յայտարարութիւններին»,- նշւում է յայտարարութեան մէջ:
Նշենք, որ ստորագրահաւաքը կազմակերպւել է www. bizbaskabirturkiyedeyasiyoruz.blogspot.com կայքէջում: Վերջին տւեալների համաձայն` ստորագրահաւաքին իրենց զորակցութիւնն են յայտնել պոլսահայ համայնքի 286 ներկայացուցիչներ, այդ թւում` «Ակօս» շաբաթաթերթի սպանւած խմբագրապետ Հրանտ Դինքի ընտանիքի բոլոր անդամները:
Յիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդունել էր պոլսահայ «համայնքի ազդեցիկ» ներկայացուցիչ՝ մեծահարուստ Պետրոս Շիրինօղլուին: Հանդիպումից յետոյ վերջինը յայտարարել էր, թէ Օսմանեան Թուրքիայում 1915թ. տեղի ունեցած հայկական կոտորածները պէտք է որակել ոչ թէ որպէս Ցեղասպանութիւն, այլ` «վէճ երկու անկեղծ ընկերների միջև»:Շիրինօղլուն, նախքան Թուրքիայի վարչապետի հետ հանդիպելը թուրքական լրատւամիջոցներին տւած հարցազրոյցում անդրադառնալով Թայիփ Էրդողանի` ապօրինի բնակւող հայերին արտաքսելու սպառնալիքներին, ընդգծել էր, որ այդ առնչութեամբ մտահոգւելու կարիք չկայ:
«Չեմ հաւատում, որ այդ խօսքերը մեր վարչապետի սրտի խօսքերն են: Ես` որպէս Թուրքիայի Հանրապետութեան քաղաքացի, մտահոգւած չեմ, որովհետև վստահում եմ մեր վարչապետին, վստահում եմ նրա սրտին»,- ասել էր պոլսահայ «համայնքի ազդեցիկ ներկայացուցիչ»ը:Իսկ արդէն հանդիպման ժամանակ Շիրինօղլուն ներողութիւն էր խնդրել Էրդողանից` նրան ապատեղեկութիւն տրամադրելու համար: Շիրինօղլուի խօսքով` Թուրքիայում ապրում են ոչ թէ 100, այլ մօտ 30 հազար ապօրինի հայ ներգաղթեալներ: Իսկ 100 հազար թիւն Էրդողանին սխալմամբ իրենք են ներկայացրել:

Tert.am

Մարաղայի զոհերի յիշատակի օրերին
կը կայանայ «Սովորական ցեղասպանութիւն» շարքի երկրորդ ֆիլմի պրեմիերան


Սումգայիթում հայերի ցեղասպանութիւնը ամենայն մանրամասնութեամբ նախապատրաստւել, կազմակերպւել եւ ուղղորդւել է Ադրբեջանի պետ–անվտանգութեան կոմիտէի կողմից` Հէյդար Ալիեւի գլխաւորութեամբ»:


16:08 / 31.03.2010
Աւարտին են մօտենում «Սովորական ցեղասպանութիւն» շարքի երկրորդ` «Սումգայիթ, փետրւար, 1988» փաստագրական ֆիլմի նկարահանման աշխատանքները: Նախագծի ղեկավար Մարինա Գրիգորեանի խօսքով, նկարահանող խմբին յաջողւել է ի յայտ բերել բաւական լուսանկարչական նիւթեր եւ տեսագրութիւններ, որոնք լոյս են սփռում Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած սարսափելի իրադարձութիւնների` նախկինում անյայտ մնացած մանրամասների վրայ: «Մեր տրամադրութեան տակ կային ԽՍՀՄ Գլխաւոր դատախազութեան օպերատիւ նկարահանումները, նախաքննութեան եւ դատաքննութեան նիւթեր, լուսանկարներ, որոնք կատարւել էին Ադրբեջանի դիահերձարաններում, ուր տեղափոխւել էին տանջամահ արւած հայերի դիակները»,-նշել է Մ. Գրիգորեանն ու յաւելել. «Այդ կադրերն ապացուցում են, որ „սումգայիթի“ զոհերի թիւը շատ աւելի մեծ է պաշտօնական տւեալներից: Եւ ամենագլխաւորը` մենք գտանք անհերքելի ապացոյցներ այն մասին, որ Սումգայիթում հայերի ցեղասպանութիւնը ամենայն մանրամասնութեամբ նախապատրաստւել, կազմակերպւել եւ ուղղորդւել է Ադրբեջանի պետանվտանգութեան կոմիտէի կողմից` Հէյդար Ալիեւի գլխաւորութեամբ»:
Նախագծի ղեկավարը յաւելել է, որ ֆիլմում ներկայացւած են նաեւ փաստեր, որոնք այս տարիների ընթացքում բծախնդրութեամբ թաքցւել են, քանի որ ականատեսները ստորագրել էին գաղտնիքի չհրապարակման մասին փաստաթուղթ:
«Սումգայիթ, փետրւար, 1988» փաստագրական ֆիլմի պրեմիէրան տեղի կունենայ Հանրային հեռուստատեսութեան եթերում ապրիլի առաջին կէսերին, երբ յիշատակւելու է Ղարաբաղի Մարաղա գիւղում տեղի ունեցած ողբերգութեան 18-րդ տարելիցը, ողբերգութիւն, որը Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում հայերի հանդէպ իրականացւած ցեղային զտումների եւ ցեղասպան գործողութիւնների հերթական օղակներից մէկն էր:


Լուրեր Հայաստանից

Հայաստանի նախագահը կ մեկնի Վաշինգտոն՝ Միջուկային անվտանգութեան գագաթնաժողովին

13:19 / 31.03.2010
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը ապրիլի 12-ին կը մեկնի Միացեալ Նահանգներ:
Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում նշեց նախագահի մամուլի քարտուղար Արմէն Արզումանեանը՝ յաւելելով, որ Սերժ Սարգսեանը ԱՄՆ է մեկնում նախագահ Բարաք Օբամայի հրւէրով՝ մասնակցելու Վաշինգտոնում ապրիլի 12-13-ը կայանալիք Միջուկային անվտանգութեան գագաթնաժողովին:
Բարաք Օբամայի՝ Սերժ Սարգսեանին յղած հրաւէրում մասնաւորապէս ասւած է. «Հաշւի առնելով Հայաստանի Հանրապետութեան ցուցաբերած նւիրւածութիւնը միջուկային անվտանգութեան եւ միջուկային ահաբեկչութեան դէմ պայքարի նպատակներին` ես ցանկանում եմ հրաւիրել Ձեզ` մասնակցելու Միջուկային անվտանգութեան գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու 2010թ. ապրիլի 12-13-ը Վաշինգտոնի Համագումարների կենտրոնում: Գագաթնաժողովի նպատակն է խորացնել մեր ընդհանուր ըմբռնումը միջուկային ահաբեկչութեան սպառնալիքի եւ քաղաքացիական ու ռազմական նպատակով օգտագործման համար միջուկային նիւթի տարածման վտանգի վերաբերեալ»:
Որպէս միջուկային նիւթի համար պատասխանատւութիւն կրող անձինք` մենք պէտք է պարտաւորւենք նւազեցնել դրա հասանելիութիւնը որտեղ հնարաւոր է, եւ այդ նիւթի մնացորդները ապահով պահպանելու նպատակով կիրառել բարձրագոյն չափանիշներ",- Սերժ Սարգսեանին գրել է Օբաման:

Լուրեր Հայաստանից

Թրքագէտ.–
Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը մեռելածին է


14:20 / 31.03.2010
Յստակ երեւում է, որ Թուրքիան անկեղծօրէն չի ուզում մասնակցի Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին, ու եթէ մասնակցում էլ է, ապա միայն ճնշումների պատճառով։
Մարտի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը յայտարարեց թրքագէտ Արտակ Շաքարեանը։ Նրա կարծիքով Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը փակուղի է մտել։
«Քանի դեռ Հայ հասարակութիւնը թուրք հասարակութեանն այնքան չի ձեւափոխել, որ թուրք հասարակութիւնը իրապէս ցանկանայ յարաբերութիւններ ունենալ Հայաստանի հետ, գործընթացը մեռելածին է»,-ասաց նա։Վերջինիս կարծիքով, եթէ մինչեւ ապրիլի 24-ը Թուրքիան որեւէ քայլ չձեռնարկի Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում, ապա արձանագրութիւններով պսակւած այս գործընթացը եւս 5-6 տարով կը հետաձգւի։
Սակայն Արտակ Շաքարեանի համոզմամբ, Թուրքիան այնուամենայնիւ որեւէ քայլ կանի գործընթացը պահպանելու համար, քանի որ դա Թուրքիայի համար շատ կարեւոր է, թէկուզ եւ ոչ դրական արդիւնքով։
Իսկ քայլերը, ըստ Արտակ Շաքարեանի, կլինեն այն, որ Թուրքիայի նախագահը պաշտօնապէս կը խնդրի Երեւանից 5-6 ամսով հետաձգել Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը։
Միւս հնարաւոր սցենարը, ըստ թրքագէտի, այն է, որ Թուրքիայի խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը թոյլ կը տայ արձանագրութիւնները մտնեն խորհրդարան՝ քննարկման, կամ էլ ստորագրւած երկու արձանագրութիւններից մէկը՝ սահմանի բացման վերաբերեալը, նախապէս կը վաւերացւի։
Լուրեր Հայաստանից

Թուրք փաստաբանը դատարանից պահանջում է ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը

«Թուրքիան պէտք է հաշւի նստի իր պատմութեան և անցեալի հետ»



12:13 • 31.03.10
Անկարայի փաստաբանների գրասենեակի անդամ Բենդել Ջելիլ Էզմանը Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու պահանջով դիմել է Անկարայի դատարան:
Milliyet-ի փոխանցմամբ` փաստաբան Բենդել Ջելիլ Էզմանն իր հայցադիմումով պահանջում է «ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը, դատապարտել Թալէաթ փաշային և անւանափոխել նրա պատւին անւանակոչւած բոլոր փողոցները»:
«Նման դատավարութիւն առաջին անգամ է սկսւում: Թուրքիան պէտք է հաշւի նստի իր պատմութեան և անցեալի հետ»,- յայտարարել է փաստաբան Էզմանը, որը ժամանակին մասնակցել է նաև Թուրքիայում մեկնարկած «Հայերից ներողութիւն եմ խնդրում» ստորագրահաւաքի արշաւին:
Ի պատասխան լրագրողների այն հարցին, թէ «չէ՞ք վախենում ձեր քայլի առնչութեամբ հնարաւոր հակազդեցութիւններից»` թուրք փաստաբանը յայտարարել է. «Եթէ ինձ հետ մի բան պատահի, դա կլինի Աստծոյ կամոք»:


Tert.am

Թուրք պատմաբան.–
1915-ին երիտթուրքերը ջանացել են վերացնել ամբողջ Հայ բնակչութեանը

(Ա Մաս)

11:36 / 31.03.2010

Թուրքական յայտնի Taraf թերթի թղթակից Նէշէ Դիւզելինը Թուրքիայի մութ էջերի վերաբերեալ հարցազրոյց է վերցրել թուրք յայտնի պատմաբան Սելիմ Դերինգիլից, ում պատասխանները աչքի են ընկել բաւականին համարձակութեամբ:
** Անատոլիայում երիտթուրքերից առաջ հայերի կոտորածներ եղե՞լ են:
***Այո, տեղի են ունեցել, սակայն սուլթան Աբդուլ Համիդի եւ երիտթուրքերի միջեւ տարբերութիւնը այն էր, որ երիտթուրքերը նպատակ ունէին ամբողջութեամբ վերացնել Հայ բնակչութեանը, իսկ Աբդուլ Համիդը նման նպատակ չունէր, նա ցանկանում էր ազատւել որոշակի քանակութեամբ հայերից, պակասեցնել նրանց դերը տնտեսութեան մէջ եւ հայերի փոխարէն ստեղծել կրօնական բուրժուազիայ:
** Աբդուլ Համիդի ժամանակաշրջանում ո՞ր վայրերում են իրականացւել հայերի կոտորածներ:
*** Անատոլիայի ցանկացած քաղաքում հայեր կային, Օրդու, Թոքաթ, Տրապիզոն, Ամասիա, Ուրֆա, Սիվաս, մի խօսքով ամէն տեղ հայեր կային: Հայերի կոտորածները տեղի են ունեցել տարբեր քաղաքներում: Ներկայումս պաշտօնական պատմագրութիւնը նշում է, որ այդ վայրերում տեղի են ունեցել հայերի ապստամբութիւններ, սակայն դժւար է ասել, որ բոլոր վայրերում ապստամբութիւն է տեղի ունեցել:
** Դրանք ապստամբութիւն չէի՞ն:
*** Ոչ, ապստամբութիւններ չէին: Պաշտօնական պատմագրութեան ասած ապստամբութիւնների մեծ մասի դէպքում ապստամբութիւն, որպէս այդպիսին, չի եղել: Պետութեան զինւած ուժերին բաւականին կազմակերպւած եւ յաջող դիմադրութիւն է ցոյց տւել Զէյթունը: Հայերի ապստամբութիւններ տեղի են ունեցել նաեւ Վանում, Սիվասի շրջակայ վայրերում, սակայն կոտորածները տեղի են ունեցել սրանցից բացի մի շարք այլ վայրերում: Ուրֆայում (Եդեսիա) շատ լուրջ հայկական կոտորածներ են տեղի ունեցել: Առաջին ամէնա–ընդգրկուն կոտորածներից մէկը տեղի է ունեցել Դիարբեքիրում` 1895 թւականին:
** Դիարբեքիրում հայկական կոտորա՞ծ է եղել:
*** Այո, ահաւոր սպանդ է տեղի ունեցել: Այդ ամէնը արել են համիդիէ ջոկատները եւ բնակչութիւնը: Սպանդի ընթացքում տեղի են ունեցել թալան եւ բռնաբարութիւններ:
** Որքա՞ն Հայ է կոտորւել Աբդուլ Համիդի ժամանակաշրջանում:
*** Հայոց պատրիարքարանի տւեալների համաձայն, 1894-1897 թւականներին կոտորւել է 300 հազար Հայ: Հնարաւոր է, որ այս թիւը ուռճացւած է: Սակայն, իրականութիւն է, որ Աբդուլ Համիդի ժամանակաշրջանում զգալի քանակութեամբ Հայ է կոտորւել: Այս կոտորածներից յետոյ հնչակեանները չդիմացան եւ հեռացան Ռուսաստան: Հնչակները նպատակ ունէին ստեղծել սոցիալիստական անկախ Հայաստան: Իսկ դաշնակցութիւնը մինչեւ վերջին պահը համագործակցել է երիտթուրքերի հետ: Նրանք աբդուլհամիդեան ժամանակաշջանում իրար սնել եւ պահպանել են: Դրա համար էլ հնչակները մեղադրում էին դաշնակներին` ասելով. «Դուք թուրքերի հետ համագործակցեցիք, դրա համար էլ մեզ կոտորեցին»: Սակայն ես չեմ կարծում, որ 1895-ի կոտորածը 1915-ի իրադարձութիւնների փորձարկումն էր:
** Մի՞թէ երկուսում էլ կոտորած չի եղել:
*** Աբդուլ Համիդի օրօք կոտորած է եղել: Սակայն այն երիտթուրքերի պէս, նախօրօք պլանաւորած ծրագիր չի եղել: Երիտթուրքերը ջանքեր են գործադրել 1915-ին հայերին ամբողջութեամբ վերացնել: Աբդուլ Համիդի օրօք տարբեր շրջաններ էին ուղարկւում սադրիչներ` հոգեւորականի հագուստներով, ովքեր աղօթքի ընթացքում սադրանքներ էին կազմակերպում եւ յայտարարում, որ հայերը յարձակւել են մահմեդականների վրայ: Շատ վայրերում հայերը փոքրամասնութիւն էին կազմում եւ ինչպէ՞ս կարող էին ուրբաթօրեայ աղօթքի ընթացքում յարձակւել մահմեդականների վրայ:
** Կոտորածներից փրկւելու համար կայի՞ն արդեօք իսլամ ընդունել ցանկացող հայեր:
*** Իհարկէ: Օրինակ, Ուրֆայում կոտորածների ընթացքում որոշ տների կտուրների վրայ սպիտակ դրօշ էին կախում եւ բղաւում էին, որ ցանկանում են դառնալ մահմեդական: Նրանց չէին սպանում, սակայն իհարկէ կային դէպքեր, երբ նրանց եւս սպանում էին:
Շարունակելի…

Լուրեր Հայաստանից
Շարունակութիւնը տեսնել՝

Էրդողանը Մերկելի հետ քննարկել է Ցեղասպանութեան բանաձևի հարցը
Մարտ 30, 2010թ. 10:58
Երկօրեայ պաշտօնական այցով Անկարա ժամանած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպել է Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպումից յետոյ Մերկելն ու Էրդողանը կառավարութեան շէնքում հրաւիրել են մամուլի ասուլիս:
Ինչպէս յայտնում է թրքական CNNTurk-ը, գերմանացի լրագրողի հարցին, թէ արդեօ՞ք, հանդիպմանը քննարկւել է Հայոց Ցեղասպանութեան բանաձևի հարցը, Էրդողանը հաստատող պատասխան է տւել: Մերկելի հետ քննարկել են ԱՄՆ-ում և Շւէդիայում իրականացւած քւէարկութիւնները և եզրայանգել, որ այդ բանաձևերի ընդունումը վնասում է Հայ-թրքական կարգաւորման գործընթացը:
«Թողնենք պատմաբաններին, թող պատմաբանները դա լուծեն, խորհրդարաններն այդ հարցի լուծման վայր չեն»,- ասել է Էրդողանը` յիշեցնելով, որ Դաւութօղլուն զանգահարել է պետքարտուղար Քլինթոնին և յայտնել Անկարայի մտահոգութիւնը խնդրոյ առարկայի վերաբերեալ:
Մերկելն էլ իր հերթին նկատել է. «Անհրաժեշտ է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև յարաբերութիւնները լաւ կերպով զարգանան: Այդ իմաստով յուսադրող քայլեր կատարւում են»:
Տեղեկացւում է նաև, որ Գերմանիայում թրքական դպրոցներ բացելու Էրդողանի առաջարկն այս անգամ այլ արձագանք է ստացել Մերկելի կողմից:
Ասենք, որ նախատեսւած է նաև Գերմանիայի կանցլերի հանդիպումը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլի հետ:

ArmAr.am


iPhone 3G S-ը հասաւ Հայաստան


18:03 • 30.03.10
Հայաստանի երրորդ բջջային օպերատոր «Օրանժ Արմէնիա» ընկերութիւնը վաղը կը ներկայացնի iPhone 3G S բջջային հեռախօսը։ Ինչպէս տեղեկացրեցին ընկերութիւնից՝ iPhone 3G S-ի շնորհանդէսին նաև կը հրապարակւեն հեռախօսի ձեռքբերման պայմանները։
Նշենք, որ Հայաստանում iPhone–ը պաշտօնապէս ներկայացնելու մասին «Օրանժ Արմէնիան» յայտարարել էր դեռ անցած տարւայ նոյեմբերի 5-ին՝ շուկայ մուտք գործելու օրը։

Tert.am

Fiat-ը մտադիր է մեծացնել մասնաբաժինը Chrysler-ում


09:47 • 31.03.10
Իտալական աւտոարդիւնաբերական Fiat SpA-ն մտադիր է առաջիկայ երկու տարիներին ամերիկեան Chrysler Group LLC-ում սեփական մասնաբաժինը ներկայիս 20%-ից հասցնել մինչև 35%։ Այս մասին բաժնէտէրերի տարեկան ժողովում յայտարարել է իտալական ընկերութեան գործադիր տնօրէն Սերժիօ Մարքիոնէն։
Յիշեցնենք, որ Chrysler-ի սնանկացման գործընթացի ժամանակ Fiat-ին բաժին ընկաւ ամերիկեան ընկերութեան բաժնէտոմսերի 20%-ը, ինչի դիմաց իտալացիները համաձայնեցին Chrysler-ին փոխանցել փոքր դասի մեքենաների և շարժիչների արտադրութեան որոշ տեխնոլոգիաներ։ Այս կերպ Fiat-ը խոյս տւեց ուղղակի ներդրումների անհրաժեշտութիւնից։
Fiat-ի և Chrysler-ի առաջին համատեղ մոդելը իտալական շուկայում յայտնւելու է 2010թ.։ Բացի այդ՝ ԱՄՆ-ում ընդլայնւելու են Fiat-ի փոքր դասի մեքենաների թողարկման ծաւալները։ Chrysler-ն այժմ ակտիւօրէն վերականգնում է դիլերային իր ցանցը ԱՄՆ-ում։
Համաշխարհային աւտոինդուստրիայի կոնսոլիդացման գոծընթացն այսքանով չի սահմանափակւում։ Համագործակցութեան ու բաժնէտոմսերի մասնակի փոխանակման շուրջ բանակցութիւններ են անցեալ դեկտեմբերից վարում Nissan, Renault և Daimler ընկերութիւնները։
Գործարքի մասին կարող է յայտարարւել ապրիլի սկզբին։ Ընկերութիւնները յոյս ունեն, որ համագործակցութիւնը թոյլ կը տայ աւտոմասերի փոխանակման հաշւին կրճատել արտադրական ծախսերը, ինչպէս նաև արագացնել այլընտրանքային վառելիքով աշխատող մեքենաների արտադրութեան տեմպերը։
Նշենք, որ այսօր Daimler-ը նւազագոյն արտանետումներով դիզելային շարժիչների արտադրութեան համաշխարհային առաջատարն է, այն դէպքում, երբ Nissan-ը մասնագիտանում է էլեկտրոնային մարտկոցներով աշխատող շարժիչների ու մարտկոցների արտադրութեան մէջ։
Նման միաձուլումն առաջինը չէ ընթացիկ տարում։ Այսպէս` Յունւարին համագործակցութեան մասին համաձայնագիր ստորագրեցին Volkswagen-ն ու Suzuki-ն։ Գերմանական աւտոկոնցեռնը ստացաւ Suzuki-ի բաժնէտոմսերի 20%-ը։ Վերջերս Toyota-ն համաձայնեց աւտոմասեր մատակարարել հիբրիդային Mazda-ների համար։ Այս մասին գրում է «Կապիտալ» օրաթերթը:


Tert.am

38-ամեայ կինը նետւել էր «Կիեւեան» կամրջից


18:30 / 30.03.2010
Նախօրէին՝ մարտի 29-ին մի կին ինքնասպանութիւն է գործել՝ ցած նետւելով «Կիեւեան» կամրջից:
Հայաստանի ոստիկանութեան մամուլի ծառայութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ ինքնասպանութեան մասին ահազանգը ստացւել է ոստիկանութեան Արաբկիրի բաժնում:
Պարզւել է, որ ինքնասպանութիւն գործողը 1972 թ. ծնւած Կարինէ Գ.-ն էր:
Նշանակւել է դատաբժշկական փորձաքննութիւն: Կատարւում է նախաքննութիւն:


Լուրեր Հայաստանից

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹԻՒՆ

«Հայոց Աշխարհ».
Բաքուն ինքն իրեն փակուղի է առաջնորդում

Մարտի 28-ին Ստեփանակերտում տեղի ունեցած բանակցութիւններից յետոյ ռուսաստանցի համանախագահ Եու. Մերզլեակովն արդէն յայտարարել է, որ հայկական կողմը համաձայն չէ Մադրիդեան նորացւած սկզբունքների որոշ կէտերի հետ:
Մնում է, որ Երեւանից Բաքու մեկնող համանախագահները այդ մասին պաշտօնապէս յայտնեն նաեւ Ադրբեջանի ղեկավարութեանը:
Եւ ի՞նչ. դրանից յետոյ Բաքուն դո՞ւրս է գալու բանակցային գործընթացից, սկսելու է պատրաստւել պատերազմի՞: Անտարակոյս՝ ոչ, առաւել եւս այն պատճառով, որ համանախագահների ներկայ այցը բանակցային գործընթացի հերթական շրջափուլի «վերջին ակորդը» չէ: Նրանք առաջիկայում ծրագրում են կազմակերպել նաեւ երկու երկրների նախագահների հանդիպում, որի ժամկէտներն ու վայրը դեռ յստակեցման փուլում են: Քանի որ ԼՂՀ կարգավիճակի եւ մի շարք այլ հարցերում կողմերի դիրքորոշումները տրամագծօրէն հակադիր բեւեռներում են, ապա հայ-ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումից նոյնպէս դժւար է լուրջ առաջընթաց սպասել:
ԵԱՀԿ Մինսկի համանախագահների տարածաշրջանային այցը ստեղծել է մի այնպիսի նոր իրավիճակ, երբ արդէն իսկ ձեւակերպւած սկզբունքների կողքին զգացւում է նոր գաղափարների ու առաջարկների կարիք՝ բանակցային գործընթացի շարունակականութիւնն ապահովելու եւ նրա մասնակիցներից մէկին, տւեալ պարագայում՝ Ադրբեջանին, իր իսկ ստեղծած ծուղակից դուրս բերելու համար:
Այնպիսի լուրջ ասպարէզում, ինչպիսին Ղարաբաղեան բանակցային գործընթացն է, չի կարելի թոյլ տալ, որ կողմերից մէկը՝ տւեալ պարագայում՝ Ադրբեջանը, յայտնւի այնպիսի վիճակում, որ անվերջ սպառնալիքներից յետոյ ծիծաղելի չերեւալու համար ստիպւած լինի յիմարութիւն անել:

MONT Armenia-ն առաջարկելու է լիցենզաւորւած ծրագրային ապահովում


16:04 • 30.03.10
Հայաստանում ներկայացուցչութիւն է բացել ռուսական MONT ընկերութիւնը, որն ԱՊՀ տարածքում ծրագրային ապահովման խոշորագոյն դիստրիբեուտորն է։
MONT-ի դիստրիբեուտորական ցանցը ներառում է մօտ 4000 գործընկերներ Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ պետութիւններում։
Հայաստանում ընկերութիւնն սկսել է գործել 2010թ. Յունւարից և արդէն աւելի քան 25 գործընկեր ունի։ Մինչ այդ ընկերութիւնը հայաստանեան շուկայում ներկայացւած էր Mast ընկերութեան հետ համատեղ` առաջարկելով միայն Microsoft-ի ծրագրային փաթեթները։ Այժմ MONT-ը շուկային առաջարկում է ծրագրային ապահովման համալիր փաթեթ, որը նորութիւն է հայկական շուկայում և սպառողին հնարաւորութիւն է տալիս լայն ընտրութիւն կատարել։ MONT Armenia-ի գլխաւոր տնօրէն Ռուբէն Եսայեանի խօսքով` առաջարկները ներառում են այնպիսի աշխարհահռչակ ընկերութիւնների ծրագրեր, ինչպիսիք են Microsoft-ը, Adobe-ը, Corel-ը, Կասպերսկի հակավիրուսային ծրագիրը, Symantec-ը և այլն։ MONT Armenia-ն մանրածախ վաճառքով չի զբաղւում, ծրագրերի վաճառքն իրականացւում է համակարգչային խանութների միջոցով։
Այսօր կայացած շնորհանդէսում ընկերութեան մասնաճիւղերի գծով տնօրէն Ալեքսանդր Գուշչինը Tert.am-ին տեղեկացրեց, որ Հայաստանում ընկերութեան գործունէութեան առաջին 3 ամիսների ցուցանիշները բաւական յուսադրող են։ «Շուկան մեզ, մեր աշխատանքի կանոնները և մեթոդները բաւական լաւ ընդունեց։ Մեր ծաւալները ամսէամիս աճում են»,- ասաց Գուշչինը։
Ինչ վերաբերում է պիրատային ծրագրերի դէմ պայքարին, ապա, ըստ Գուշչինի, ուժային մեթոդները գուցէ աւելի հաճելի են, սակայն իրենք նախընտրում են բացատրական աշխատանքները։
«Օրինական ծրագրերի կիրառումը շատ աւելի դրական կողմեր ունի, քան պիրատային տարբերակը։ Դա պարբերական թարմացումն է, ամէն տեսակի աջակցութեան ստացումը»,- ասաց Գուշչինը։



Tert.am

ԱՄՆ պետդեպարտամենտ.–
Հայաստանը եւ Թուրքիան պէտք է առաջ շարժւեն արձանագրութիւնների վաւերացման ուղղութեամբ
12:51 / 30.03.2010
ԱՄՆ-ը շարունակում է պնդել, որ Հայաստանը եւ Թուրքիան պէտք է առաջ շարժւեն եւ վաւերացնեն յարաբերութիւնների կարգաւորման արձանագրութիւնները:
Այդ մասին մարտի 29-ին կայացած ճեպազրոյցում յայտարարել է ԱՄՆ պետքարտուղարութեան պաշտօնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին: Պատասխանելով Հայոց Ցեղասպանութեան բանաձեւի ընդունումից յետոյ ստեղծւած իրավիճակի մասին հարցին՝ Քրոուլին նկատել է, որ Անկարան ինքը պէտք է որոշի դեսպանին Վաշինգտոն վերադարձնելու հարցը:
«ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու Թուրքիայի արտգործնախարար Դաւութօղլուն պարբերաբար զրուցում են: Եթէ դուք նայէք այն հարցերին, որոնցում ներգրաււած է Թուրքիան, կը տեսնէք, որ նրանք սեփական երկխօսութիւնն են վարում Իրանի հետ, Սիրիայի հետ: Ոչ վաղ անցեալում նրանք կառուցողական յարաբերութիւն ունէին նաեւ Իսրայէլի հետ: Նրանք նաեւ կապւած են այն գործընթացի հետ, որին մենք այդքան ջանք ու եռանդ ենք տրամադրել: Ձեզանից շատերը պետքարտուղարի հետ էին, երբ ստորագրւում էին արձանագրութիւնները: Մենք շարունակում ենք պնդել, որ Հայաստանը եւ Թուրքիան պէտք է առաջ շարժւեն եւ վաւերացնեն յարաբերութիւնների կարգաւորման արձանագրութիւնները»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Նրա խօսքով, նոյն կերպ ԱՄՆ-ը մասնակցում է «Լեռնային Ղարաբաղի բարդ հարցի լուծմանը»: «Այնպէս որ, դա մեր յարաբերութիւնների ռազմավարական բաղադրիչի միայն մի մասն է»,- յաւելել է Քրոուլին:


Լուրեր Հայաստանից

Հայաստանի քաղաքացին Ռուսաստանում կեղծ օղի էր վաճառում


19:00 / 30.03.2010
Ռուսաստանյան իրավապահները նախօրեին ձերբակալել են Հայաստանի մի քաղաքացու:
Ռուսաստանի Սարատովի մարզի Էնգելս քաղաքի իրավապահները Հայաստանի քաղաքացուն, որի անունը չի հաղորդվում նախաքննության շահերից ելնելով, ձերբակալել են կեղծ օղու վաճառքի կասկածանքով:
Ձերբակալվածը օղին վաճառում էր կես լիտրը 35 ռուբլի գնով: Հայաստանցին իր բիզնեսը ծավալել էր Կերամիչեսկի բնակավայրի սեփական տներից մեկում:

Լուրեր Հայաստանից


Իտալիայի կառավարութիւնը ցանկանում է ընդլայնել համագործակցութիւնը Հայաստանի հետ

18:50 / 30.03.2010
Այսօր՝ մարտի 30-ին Հայաստանի կառավարութիւնում տեղի է ունեցել Եւրոպական Միութեան հետ Հայաստանի Հանրապետութեան համագործակցութիւնը համակարգող յանձնաժողովի հերթական նիստ, որը վարել է վարչապետ, յանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսեանը:
Հայաստանի կառավարութեան տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ յանձնաժողովն ի գիտութիւն է ընդունել էկոնոմիկայի նախարարի զեկոյցը Եւրոպական հարեւանութեան քաղաքականութեան շրջանակներում Հայաստան-Եւրամիութիւն գործողութիւնների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011 թթ. միջոցառումների ծրագրի իրականացման մասին, արտաքին գործերի նախարարի տեղակալի զեկոյցը ԵՄ հետ Ասոցիացման համաձայնագրի բանակցային գործընթացի նախապատրաստման ընթացքի եւ արդարադատութեան նախարարի զեկոյցը «Աջակցութիւն Հայաստանում արդարադատութեան ոլորտի բարեփոխումներին» ծրագրի իրականացման ընթացքի վերաբերեալ:
Հաստատւել են պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի առաջնահերթութիւնները (CIB) եւ ԵՄ-ի հետ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի (DCFTA) բանակցային գործընթացի նախապատրաստման ուղղութեամբ ձեռնարկւելիք միջոցառումների ծրագրի իրականացման ժամանակացոյցը:
Անդրադառնալով Արեւելեան գործընկերութեան ծրագրի շրջանակներում համագործակցութեանը` կառավարուեան անդամները Տիգրան Սարգսեանին են ներկայացրել իրենց գերատեսչութիւնների կողմից իրականացւած աշխատանքները: Դրանք վերաբերում են ժողովրդավարութեան, արդիւնաւէտ կառավարման ու կայունութեան, տնտեսական ինտեգրման եւ ԵՄ քաղաքականութեան համապատասխանեցման, էներգետիկ անվտանգութեան եւ մշակութային ոլորտներում համագործակցութեան ակտիւացմանը:
ՀՀ արտգործնախարարի տեղակալ Կարինէ Ղազինեանը տեղեկացրել է, որ Իտալիայի կառավարութիւնը առաջարկութիւն է ներկայացրել Արեւելեան գործընկերութեան ծրագրի շրջանակներում Հայաստանի հետ երկկողմ համագործակցութիւնը ընդլայնելու վերաբերեալ:


Լուրեր Հայաստանից

Հայերի դերը արաբական աշխարհի տնտեսութիւնում. համաժողով Կահիրէում


18:34 • 30.03.10
Մարտի 29-30-ը Կահիրէի համալսարանի Հայագիտական ուսումնասիրութիւնների կենտրոնում տեղի է ունեցել երրորդ միջազգային համաժողովը՝ «Հայերի դերը արաբական աշխարհի տնտեսութեան մէջ» թեմայով, որը հովանաւորում էր Կահիրէի համալսարանի ռեկտոր Հուսամ Քամելը։
Համաժողովի մասնակիցներին ողջունել են Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմէն Մելքոնեանը, բանասիրութեան ֆակուլտետի դեկան Զէյն ալ-Աբիդին Աբու Խադրան և կենտրոնի տնօրէն Զէյնաբ Աբու Սիննան, որոնք բարձր են գնահատել կենտրոնի ծաւալած աշխատանքը Հայ-Արաբական գիտակրթական և մշակութային համագործակցութեան զարգացման գործում։
Համաժողովին մասնակցել են եգիպտացի, ինչպէս նաև Հայաստանից, Սիրիայից, Լիբանանից և ԱՄՆ-ից ժամանած մօտ երկու տասնեակ գիտնականներ, որոնց զեկուցումները նւիրւած էին պատմութեան տարբեր ժամանակահատւածներում Հայ-Արաբական տնտեսական առնչութիւններին և յարաբերութիւններին։ Բանախօսները բարձր են գնահատել դարերի ընթացքում հայերի ունեցած բացառիկ դերը՝ Մերձաւոր Արևելքում առևտրի և տնտեսութեան տարբեր ճիւղերի զարգացման գործում։ Կենտրոնի կողմից որոշում է կայացւել համաժողովի նիւթերը տպագրել առանձին պրակով։


Tert.am

ԱՄՀ-ն Հայաստանին է տրամադրել հերթական 73 միլիոն դոլարի վարկը

Մարտ 30, 2010թ. 10:47
Արժոյթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) կենտրոնական գրասենեակը որոշել է եւս 73 միլիոն դոլարի վարկ տրամադրել Հայաստանին: Ինչպէս «Իտառ Տասս»-ին յայտնել են ԱՄՀ գրասենեակից, սա իրականացւում է նախկինում կնքւած համաձայնագրի համաձոյն, ըստ որի արդէն Հայաստանն ԱՄՀ-ից ստացել է մօտ 530 միլիոն դոլարի վարկ: Ընդհանուր առմամբ, այդ վարկի գումարը կազմելու է 830 միլիոն դոլար:
ԱՄՀ ներկայացուցիչ Մարիօ Պորտուգալն ընդգծել է, որ Հայաստանը մեծ աշխատանք է կատարում ճգնաժամը յաղթահարելու համար ու դրա շնորհիւ «տնտեսութիւնը կարծես թէ մտել է հետճգնաժամային զարգացման փուլ»:

ArmAr.am

ԱՄՆ-ում Հայերն ու Յոյները Բողոքի Գործողութիւն են Անցկացրել Կաշառւած Թրքամէտ Կոնգրէսմենի Գործողութիւնների Դէմ


15:14 / 30.03.2010
Միացեալ Նահանգների Կոնգրէսի անդամ Մայքլ Մակմահոնի բարեգործական ակցիան ուղեկցւել է հայկական, կիպրական եւ յունական համայնքների բողոքի գործողութիւններով, հաղորդում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտէն (ANCA):
Աղբիւրի փոխանցմամբ, նման արձագանքի պատճառը եղել է Մակմահոնի կողմից այնպիսի կազմակերպութիւններից գումար ստանալը, որոնք շահագրգռւած են եղել, որ նա դէմ քւէարկի ԱՄՆ Կոնգրէսի ներկայացուցիչների պալատում Հայոց Ցեղասպանութեան բանաձեւին։
«Հաշւի առնելով հայկական, յունական եւ կիպրական համայնքների արձագանքը, կարելի է համապատասխան եզրակացութիւններ անել կոնգրէսմենի գործունէութեան վերաբերեալ: Կոնգրէսմենները չպէտք է պարգեւատրւեն Հայոց Ցեղասպանութեան փաստի ժխտման յանցաւոր գործունէութեան համար»,- յայտարարել է ANCA-ի ներկայացուցիչ Փոլ Սարեանը:
Բողոքի գործողութեան ականատեսն են դարձել թուրք դիւանագէտները, որոնք մասնակցել են այդ միջոցառմանը:

Լուրեր Հայաստանից

Մեհմեդ Ալի Բիրանդ.–
Եթէ Անկարան հանդէս չգայ յայտարարութեամբ, Երևանը չեղեալ է յայտարարելու արձանագրութիւնները


11:10 • 30.03.10
Օրեր առաջ Երևան էին այցելել մի շարք թուրք լրագրողներ, մտաւորականներ, նախկին դեսպաններ, որոնց թւում էր նաև թուրք յայտնի լրագրող և վերլուծաբան, CNNTurk-ի գլխաւոր խմբագիր Մեհմեդ Ալի Բիրանդը:
Մեհմեդ Ալի Բիրանդը, ի մի բերելով երևանեան տարբեր հանդիպումներից ստացած տպաւորութիւնները, գրում է, որ եթէ առաջիկայում Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրւած արձանագրութիւնների առնչութեամբ Անկարան հանդէս չգայ յայտարարութեամբ, Երևանը չեղեալ է յայտարարելու այդ փաստաթղթերը:
Թուրք վերլուծաբանը, իր յօդւածն սկսելով Հայաստանի և Թուրքիայի միջև մեկնարկած յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի և դրա արդիւնքում ստորագրւած արձանագրութիւնների նախապատմութիւնից, փորձում է գտնել մեղաւոր կողմին, որի պատճառով գործընթացը խցանւել է:
«Թուրքիան Արձանագրութիւնների վաւերացումը կապեց Հայ-ադրբեջանական յարաբերութիւններում առաջընթացի հետ` դրանով իսկ Ադրբեջանին տալով Հայ-թրքական յարաբերութիւնների վրայ վետօ դնելու իրաւուք: Նման զարգացումը վրդովեցրեց Հայաստանին: Հայկական կողմը յայտարարում է, որ Ղարաբաղը նախապայման չի կարող լինել, Թուրքիան էլ խաղը սկսւելուց յետոյ փոխել է խաղի կանոնները և անցնել Ադրբեջանի կողմը` անտեսելով արձանագրութիւնների տակ դրած իր ստորագրութիւնը»,- գրում է Բիրանդը` աւելացնելով, որ մինչև Երևան ժամանելը նա հարցի առնչութեամբ հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարութեան ներակայացուցիչների, իսկ աւելի ուշ հանդիպելու է ադրբեջանական կողմի հետ` պարզելու համար, թէ կողմերից որ մէկն է փորձում տապալել արձանագրային գործընթացը:
«Երևանում մեզ հիմնականում հետևեալ հարցերն էին տալիս. «Ե՞րբ էք պատրաստւում վաւերացնել արձանագրութիւնները: Ինչո՞ւ ձեր խոստումը չկատարեցիք և մեզ խաբեցիք»: Երբ ստեղծւած իրավիճակին նայում ենք Թուրքիայի սահմաններից դուրս, իրականում այնպիսի պատկեր է ստեղծւում, որ հէնց Անկարան է յետքայլ արել և արձանագրութիւնների ստորագրումից յետոյ փորձում է խաղ խաղալ: Հայկական կողմն էլ յայտարարում է, որ չի կարող երկար սպասել, մինչև թրքական կողմից կը վաւերացնի արձանագրութիւնները»,- գրում է թուրք վերլուծաբանը` փորձելով որոշ կանխատեսումներ անել արձանագրային գործընթացի հետագայ ճակատագրի առնչութեամբ:
«Լաւ, իսկ ի՞նչ է լինելու յետոյ: Երևանն Անկարայից գրաւոր յայտարարութեան է սպասում: Թուրքիան արձանագրութիւններն առանց նախապայմանի վաւերացնելո՞ւ է, թէ՞ շարունակելու է յամառել Ղարաբաղեան հիմնախնդիրը Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին շաղկապելու հարցում: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանն ապրիլի կէսերին Վաշինգտոն կատարելիք այցի շրջանակում հանդիպելու է Միացեալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ և մասնակցելու է Միջուկային անվտանգութեան հարցերին նւիրւած միջազգային գագաթաժողովին, որին, ի նշան բողոքի, հրաժարւել է մասնակցել վարչապետ Էրդողանը: Այդ հանդիպումը կարևոր նշանակութիւն է ունենալու ինչպէս արձանագրութիւնների ապագայի, այնպէս էլ Օբամայի` ապրիլ–քսանչորսեան ուղերձի տեսանկիւնից:
Մեզ հետ հանդիպման ընթացքում Հայաստանի Ազգային ժողովի ներկայացուցիչներից մէկը յայտարարեց. «Այդ հանդիպումից յետոյ մենք որոշում կը կայացնենք մեր հետագայ անելիքների առնչութեամբ: Կամ Թուրքիան նոր քայլ կանի (վաւերացում կամ յայտարարութիւն), կամ մենք արձանագրութիւնները չեղեալ կը յայտարարենք»:
Շատ հետաքրքիր մի յայտարարութիւն էլ արեց նախագահականի բարձրաստիճան ներկայացուցիչներից մէկը. «Եթէ Թուրքիան յղում կատարելով ներքին խնդիրների վրայ` յայտարարի, որ որոշ ժամանակով հետաձգում է արձանագրութիւնները, մենք կը յարմարւենք դրան: Արձանագրութիւնները չեղեալ յայտարարելը կամ պահարանում դնելը մեզ չի բաւարարում: Եւ երբ Թուրքիան պատրաստ լինի, նորից կարելի է վերսկսել գործընթացը»:Իրավիճակը բաւական ճգնաժամային է»:


Tert.am


«Ժառանգութիւնը» իշխանութեանն ու ընդդիմութեանն առաջարկում է միաւորւել


17:42 • 30.03.10
«Ժառանգութիւն» կուսակցութիւնը կոչ է անում Հայաստանի հանրապետական, «Բարգաւաճ Հայաստան», «Օրինաց երկիր», Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութիւններին և Հայ ազգային կոնգրէսին` ձևաւորել նոր, քաղաքական ոչ-ֆորմալ կենտրոն Կլոր սեղանի ձևաչափով` Արցախի և Հայ-թրքական խնդիրներում ահագնացող արտաքին ճնշումներին, այդ թւում` Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սանձազերծմանն ի պատասխան։
Այսօր տարածած յայտարարութիւնում «Ժառանգութիւնը» նշում է, որ բովանդակ հայ ժողովրդի հետ մէկտեղ խիստ անհանգստացած լինելով Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման և Արցախեան խնդիրների շուրջ տեղի ունեցող վտանգաւոր զարգացումների և առկայ սպառնալիքների առնչութեամբ, կուսակցութիւնը ստեղծւած իրավիճակը գնահատում է որպէս Հայաստանի և Արցախի Հանրապետութիւններին ուղղւած ամենավտանգաւոր մարտահրաւէրը, որը երբևէ եղել է 1993-ից ի վեր։
«Այս պայմաններում Արցախի և Հայ-թրքական խնդիրներում ահագնացող արտաքին ճնշումներին, այդ թւում` Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սանձազերծմանն ի պատասխան` «Ժառանգութիւնը» կոչ է անում ընդդիմադիր ՀԱԿ-ին ու ՀՅԴ-ին և կոալիցիոն կուսակցութիւններին` ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին և ՕԵԿ-ին, մինչև ԱԺ արտահերթ կամ հերթական ընտրութիւնները, գործող խորհրդարանի քաղաքական ցածր արդիւնաւէտութեան պայմաններում ձևաւորել նոր, քաղաքական ոչ-ֆորմալ կենտրոն` Կլոր սեղանի ձևաչափով, որում կընդգրկւեն նշեալ 3 ընդդիմադիր և 3 կոալիցիոն ուժերը, ինչի շնորհիւ համամասնօրէն ներկայացւած կը լինեն ընդդիմութիւնն ու իշխանութիւնը։ Կլոր սեղանը առաջարկում ենք ձևաւորել առանց նախնական օրակարգի, ապա սեղանին դնել ընդդիմադիր ու իշխանական ուժերին յուզող բոլոր հիմնական խնդիրները և առանց նախապայմանների գալ ընդհանուր յայտարարի մի շարք հարցերում։ Սա կարող է անհրաժեշտ նախադրեալներ ստեղծել պատերազմական գործողութիւնների վերսկսման դէպքում ներհասարակական-ներքաղաքական միասնութեան ապահովման և համախմբւած ուժերով հակառակորդին դիմակայելու համար, ինչպէսև` խթանել ժողովրդավարական բարեփոխումները»,- ասւում է կուսակցութեան յայտարարութիւնում։
«Ժառանգութիւնը» նշում է, որ Կլոր սեղանը պէտք է լինի առաջին քայլը` ազգային միասնութեան առաւել լայն քաղաքական, քաղաքացիական և հոգևոր ձևաչափի կայացման ուղղութեամբ, որն ի վերջոյ կընդգրկի Հայաստանի և Արցախի Հանրապետութիւնների, ինչպէսև Սփիւռքի քաղաքական ուժերին ու քաղաքացիական առանցքային դերակատարներին, Մայր եկեղեցու և միւս հիմնական յարանւանումների ներկայացուցիչներին։ Նմանատիպ առաջարկով «Ժառանգութիւնը» պատրաստւում է պաշտօնապէս դիմել նաև վերը նշւած ազգային միաւորներին։
Առաջիկայում «Ժառանգութիւն» կուսակցութիւնը պաշտօնապէս կը դիմի ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի առաջնորդներին` քննարկելու այս առաջարկը և վերոնշեալ շրջանակներին ներգրաւելու հարցը։


Tert.am

Ադրբեջանն ընկաւ ծուղակի մէջ...


17:52 / 30.03.2010
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահները Ստեփանակերտում եւ Երեւանում բանակցութիւններ վարեցին, եւ պարզ դարձաւ, որ գոյութիւն չունեն «Մադրիդեան նորացւած սկզբունքներ»:
Եղել են եւ կան կարգաւորման սկզբունքներ եւ դրանց շուրջ աշխատանքային առաջարկութիւններ: Այդ մասին աւելի վաղ յստակ էր արտայայտւել նաեւ ՀՀ արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը:
Որոշակի բացայայտումներ, ըստ երեւոյթին, չէին արւի, եթէ Ադրբեջանը յայտարարած չլինէր, որ «փոքրիկ բացառութեամբ» ընդունում է «նորացւած Մադրիդեան սկզբունքները»:
Բանակցութիւններին հետեւող ամէն մի անկողմնակալ վերլուծաբանի համար Ադրբեջանի «կառուցողականութիւնը» հասկանալի էր ի սկզբանէ: Դա ոչ այլ ինչ էր, քան հայկական կողմի ձեռքով «Մադրիդեան սկզբունքները թաղելու» հնարք, որը, սակայն, չաշխատեց: Աւելի ճիշտ` աշխատեց ի վնաս Ադրբեջանի:
Հայկական կողմը հաւատարիմ մնաց իր սկզբունքային դիրքորոշմանը, որը տւեալ պահի կտրւածքում նաեւ առարկայօրէն ազդեց միջնորդների վրայ: Նրանք վերջին տարիների համար թերեւս ամենալուրջ քննարկումն անցկացրին Ստեփանակերտում, ինչը նշանակում է, որ ՄԽ համանախագահութիւնը չի պատկերացնում վերջնական հանգուցալուծում` առանց ԼՂՀ ներգրաււածութեան: Իսկ երեւանեան բանակցութիւններին հետեւած այն ընդհանրացումը, ըստ որի՝ «կողմերը հաւատարիմ են խնդրի խաղաղ կարգաւորմանը», հասցէագրւած էր Ադրբեջանին, որովհետեւ ո՛չ Հայաստանը, ո՛չ ԼՂՀ-ն երբեւէ ուժի կիրառման սպառնալիք չեն հնչեցրել:
Պաշտօնական Բաքւի միջնորդաւորւած արձագանքը չուշացավ: Խորհրդարանում «անկախ պատգամաւորի» համբաւ ունեցող Սաբիր Ռուստամխանլին շտապեց յայտարարել, որ «Ադրբեջանը չպէտք է գնայ իր տարածքում Բաքւի իրաւունքները սահմանափակող որեւէ համաձայնութեան»:
Վերջակէտը դրւած է. խնդրի կարգաւորում ասելով Բաքուն հասկանում է մի բան` «վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը»: Մադրիդեան փաստաթղթի հիմքում դրւած միւս երկու` ուժի չկիրառման եւ ինքնորոշման սկզբունքները նրան չեն հետաքրքրում, իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը մերժում է կարգաւորման հայեցակարգը:
Ինչպէ՞ս է Բաքուն յաղթահարելու այս, մեղմ ասած, դիւանագիտական անհարթութիւնը` իր խնդիրն է: Հետաքրքիրն այն է, թէ միջնորդները դարձեալ կը փորձե՞ն «խմբագրել» արդէն շուրջ երեք տարի շրջանառւող փաստաթուղթը, թէ՞ յաւելեալ ջանքեր կը գործադրեն, որպէսզի Ադրբեջանը հաշտւի իրողութիւնների հետ:


Վահրամ Աթանէսեան
Լուրեր Հայաստանից

«Ոչ մի ներողութիւն այդ ողբերգութիւնը չի թեթևացնի»
Մարտ 29, 2010թ. 10:37
Թուրքիայի Դիարբեքիրի մշակույթային հիմնադրամներից մէկի նախաձեռնութեամբ կազմակերպւած երեկոյին համերգով է հանդէս եկել դիարբեքիրցի յայտնի երաժիշտ Ջոշքուն Սաբահը, ում ողջունել է հանդէս է եկել յայտարարութեամբ Դիարբեքիրի քուրդ քաղաքապետ Օսման Բայդեմիրը:
«Այս ժողովուրդը աւելի շատ տառապելու իրաւունք չունի: Մի ժամանակ այս քաղաքում էին մեր հարստութիւնը, գեղեցկութիւնը հանդիսացող հայերը եւ սիրիացիները: Նրանց կորցնելու պատճառով է, որ այսօր մենք աղքատ ենք: Մենք կորցրեցինք: Այս սերունդը արդէն դա զգում է»- նշել է հիմնականում քրդաբնակ Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը:
Յիշեցնենք, Օսման Բայդեմիը հանդէս էր եկել այսպիսի ելոյթով. «Մի ժամանակ Միջագէտքում ապրում էին ասորիներ, հայեր, քրդեր, որոնք իրենց կրօնական ինքնութեամբ յաջողութեան, համբերատարութեան, խաղաղութեան եւ զարգացման խորհրդանիշ էին: Սակայն որոշները եկան, մեզ երկար տարիներ ղեկավարեցին եւ այդ ընթացքում այստեղից մարդիկ ստիպւած հեռացան: Սա ասում եմ մեծ ցաւով: Դիարբեքիրում մնացել է ընդամէնը մի քանի Հայ ընտանիք, իսկ 120 տարի առաջ նրանք բնակչութեան 40 տոկոսն էին կազմում: Ոչ մի ներողութիւն այդ ողբերգութիւնը չի թեթեւացնի: Այո, մեծ ցաւ էք ապրել: Դուք ստիպւած գնացիք, բայց համոզւած եղէք, որ դուք չէք կորցրել, մենք` այստեղ մնացողներս ենք կորցրել: Յաջողութիւնը եւ խաղաղութիւնը ձեզ հետ տարաք»- նշել էր Դիարբեքիրի քուրդ քաղաքապետը:

ArmAr.am

Գերմանիան պնդում է.–
Թուրքիայի լիարժէք անդամակցութիւնը Եւրամիութեանը նպատակայարմար չէ

15:50 / 30.03.2010
Թուրքիայի լիարժէք անդամակցութիւնը Եւրամիութեանը նպատակայարմար չէ, սակայն անդամակցութեան բանակցութիւնները շարունակւում են։
Այս մասին մարտի 29-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ յայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգէլա Մերկելը, գրում է թուրքական Today’s Zaman-ը։
ԵՄ մուտք գործելու գործընթացը արագացնելու համար, նրա խօսքով, Անկարան Կիպրոսի յունական հատւածի համար պէտք է բացի իր նաւահանգիստները եւ օդանաւակայանները։
Նա նշել է, որ Թուրքիան չպէտք է բացասաբար ընկալի ԵՄ լիարժէք անդամակցութեան փոխարէն «արտօնեալ անդամակցութեան» առաջարկը։
«Մենք շարունակում ենք բանակցութիւները։ Սակայն անհրաժեշտ է, որ Թուրքիան վաւերացնի եւ իրագործի Անկարայի արձանագրութեան կէտերը, որով էլ պէտք է լուծի Կիպրոսի հարցը»,-ընդգծել է Մերկելը։
Լուրեր Հայաստանից

«Եթէ Շիրինօղլուն նշում է, որ հայերը Թուրքիայում ապահովութեան մէջ են ապրում, ուրեմն, մենք այլ Թուրքիայում ենք ապրում»


Ստամբուլահայերը վրդովւած են Էրդողանի հետ հանդիպմանը Պետրոս Շիրինօղլուի պահւածքից


16:57 / 30.03.2010
Մարտի 26-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիւանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հանդիպումը բողոքի ալիք է բարձրացրել ստամբուլահայերի շրջանում:
Թրքական Taraf-ի փոխանցմամբ` մի խումբ ստամբուլահայեր յայտարարութիւն են տարածել ընդդէմ Շիրինօղլուի յայտարարութեան, թէ իբր հայերը Թուրքիայում ապահովութեան մէջ են իրենց զգում: Ստամբուլահայերի խումբը, ընդդէմ Շիրինօղլուի յայտարարութեան, էլեկտրոնային ստորագրահաւաք է սկսել, որի մէջ ասւում է.
«Եթէ Շիրինօղլուն նշում է, որ հայերը Թուրքիայում ապահովութեան մէջ են ապրում, ուրեմն, մենք այլ Թուրքիայում ենք ապրում: Հայերը այս երկրում ենթարկւում են ազգայնական յարձակումների եւ ազգային խտրականութեան: Հայերը Թուրքիայի համար միջազգային յարաբերութիւններում ծառայում են, որպէս առեւտրի առարկայ: Մենք սպասում էինք, թէ Շիրինօղլուն Էրդողանին կը յիշեցնէր, որ 3 տարի առաջ սպանւած Հրանտ Դինքի սպանութեան բացայայտման գործում իրական քայլեր չեն ձեռնարկւում: Շիրինօղլուն 1915-ը որակել է որպէս երկու ընկերոջ միջեւ վէճ: Մենք դատապարտում ենք Շիրինօղլուի այս յայտարարութիւնը, որում փորձել է ծածկել եւ թեթեւացնել մարդկութեան դէմ իրականացւած ծանր յանցանքը»-նշւում է ստամբուլահայերի յայտարարութեան մէջ:

Լուրեր Հայաստանից

Մոսկւայի մետրոյի պայթիւնների զոհերի թւում
17-ամեայ մի հայուհի է


12:31 / 30.03.2010
Մարտի 29-ին մոսկովեան մետրոյում տեղի ունեցած պայթիւնների զոհերից մէկը Հայ է:
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարութեան հրապարակած զոհերի ցանկում նշւած է Վալենտինա Յովհաննէսի Եղիազարեանի անունը: ԱԻՆ տւեալներով, 17-ամեայ աղջնակը մահացել է Պիրոգովի անւան 1-ին քաղաքային հիւանդանոցում:
Յիշեցնենք, որ երկու պայթիւն է որոտացել Սոկոլնիչեսկի գծի «Լեուբեանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում: Զոհերի թիւը կազմում է 38 մարդ, եւս 72 հոգի տարբեր աստիճանի վնասւածքներ են ստացել եւ գտնւում են Մոսկւայի հիւանդանոցներում:

Լուրեր Հայաստանից

Լոնդոնում քննարկւել է Ցեղասպանութեան հարցը.– Ժխտման քաղաքականութիւնը սպառնալիքի տակ է դնում ողջ աշխարհը

«Հայ բնակչութիւնը ոչնչացւել է ամէնադաժան եւ բարբարոսական միջոցով, որ դա եղել է մարդկութեան եւ հայութեան դէմ գործած յանցագործութիւն»


00:21 / 30.03.2010
Արդէն վաղուց եկել է Հայոց Ցեղասպանութիւնն ընդունելու ժամանակը՝ յատկապէս հաշւի առնելով, որ այս տարի լրանում է 1915 թւականին տեղի ունեցած Հայոց Ցեղասպանութեան 95-րդ տարելիցը: Այս մասին յայտարարել է բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ հանդէս գալով Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լոդերի պալատում քննարկումների ժամանակ:
Նրա խօսքով, ներկայումս թրքական իշխանութիւնները ժխտում են, որ Օսմանեան կայսրութիւնում հայերի զանգւածային կոտորածներ են տեղի ունեցել եւ դէմ են Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանը:
«Թուրքիայի իշխանութիւնները պէտք է դադարեն խեղաթիւրել պատմութիւնը: Հայոց Ցեղասպանութեան ժխտումը պատմական ճշմարտութիւնից հրաժարւել է նշանակում: Իրական փաստերից հրաժարումը վկայում է այն մասին, որ Ցեղասպանութիւն, իսկապէս, եղել է: Այդ իրադարձութիւնները չեն մոռացւի մարդկութեան կողմից, քանի որ սպանւել է մի ամբողջ ժողովուրդ, այդ թւում՝ կանայք ու երեխաներ: 1915-ի գարնանը հայերը տեղահանւել են, իսկ տղամարդկանց առանձնացրել ու սպանել են: Ցեղասպանութեան ժխտումը բերում է անպատժելիութեան: Ժխտման քաղաքականութիւնը յանգեցրել է մշակոյթի ոլորտում հայկական քաղաքակրթութեան ոչնչացման, այդ թւում՝ նաեւ ԼՂՀ-ում: Ակնյայտ է, որ իրականացւել են ազգային–ցեղային զտումներ: Ամէն տարի հայերը իրենց յարգանքի տուրքն են մատուցում Ցեղասպանութեան զոհերի յիշատակին: Ժխտման քաղաքականութիւնը սպառնալիքի տակ է դնում ողջ աշխարհը»,- ընդգծել է բարոնուհի Քոքսը:
Քննարկումների ժամանակ ելոյթ ունեցողներից մէկը յիշեցրել է, որ Հայոց Ցեղասպանութեան հարցը շոշափւել է անգամ թուրք գրողների ստեղծագործութիւններում: Նրա խօսքով, Հրանտ Դինքի սպանութիւնն ապացուցում է, որ հայերը հետապնդւում են անգամ ժամանակակից Թուրքիայում: Թուրքիան քաղաքական ճնշում է գործադրում մամուլի վրայ, ԱՄՆ Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ բանաձեւի ընդունումից յետոյ: Թուրքիայի վարչապետ Էրդողանը, այս ամիս պաշտօնական այց կատարելով Մեծ Բրիտանիա, դէմ է արտայայտւել այդ բանաձեւին՝ սպառնալով իր երկրից վտարել 100 հազար հայերին: Ես նրան 1915 թւականի դէպքերի առնչութեամբ բաց երկխօսութեան կոչ եմ անում, առաջարկելով սկսել «Կապոյտ գրքից» եւ փորձել յաղթահարել 100-ամեայ թշնամութիւնը:
Բացի այդ, ելոյթ ունեցողները նշել են, որ 1915-ին թուրքական կառավարութիւնը ծրագրել է հայերի զանգւածային սպանութիւններ եւ դա Հայ-թրքական յարաբերութիւնների աւարտն է եղել: «Թուրքիան կարող էր ներողութիւն խնդրել Հայաստանի կառավարութիւնից՝ այն գրողներին հետապնդելու եւ աքսորելու համար, որոնք գրել են ճշմարտութիւնը Թուրքիայում տեղի ունեցած այդ սարսափելի դէպքերի մասին»,- յայտարարել են նրանք:
Միաժամանակ, հնչել են նաեւ Ցեղասպանութեան ճանաչման դէմ կարծիքներ: Մասնաւորապէս՝ ելոյթ ունեցողներից մէկը յայտարարել է, որ «նպատակայարմար չէ մանրամասն կանգ առնել 100-ամեայ վաղեմութեան իրադարձութիւնների վրայ: Շատ աւելի լաւ կը լիներ լուծել ԼՂ խնդիրը, ոչ թէ քննարկել, թէ ինչ է եղել 100 տարի առաջ, Օսմանեան կայսրութիւնում: Ոչ մի արդարացում գոյութիւն չունի երկու կողմերի համար էլ, բայց իմ կարծիքով, հայերի եւ ռուսների քայլերն են հրահրել հակամարտութիւն, որը փաստացի յանգեցրել է բազմաթիւ մարդկանց մահւան: Մեծ Բրիտանիան պէտք է յիշի, որ Քեմալ Աթաթուրքը իր դաշնակիցն է եղել եւ մենք շնորհակալ ենք նրան, որ Թուրքիան մասնակցել է Եւրոպայի ազատագրմանը: Այդ պատճառով, ես կարծում եմ, որ մենք պէտք է շատ զգոյշ լինենք, որպէսզի չվանենք մեր թուրք դաշնակիցներին, հաշւի առնելով այն փաստը, որ ԱՄՆ Կոնգրէսի համապատասխան յանձնաժողովը կողմ է քւէարկել այդ բանաձեւին»:
Իր հերթին բարոնուհի Գլենիս Քինոկը նշել է, որ Հայ բնակչութիւնը ոչնչացւել է ամէնադաժան եւ բարբարոսական միջոցով, որ դա եղել է մարդկութեան եւ հայութեան դէմ գործած յանցագործութիւն: «Այդ իրադարձութիւնները (Հայոց Ցեղասպանութիւնը) չեն կարող մոռացւել, բայց հայերը պէտք է առաջ ընթանան: Հայերն ու թուրքերը պէտք է ապրեն յանուն ապագայի: Նրանք հաշտութեան վերաբերեալ դիւանագիտական արձանագրութիւններ են ստորագրել, բայց այդ գործընթացը փակուղի է մտել՝ չնայած ԱՄՆ կողմից ճնշումներին: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանն ասել է, որ ՀՀ խորհրդարանը կը վաւերացնի արձանագրութիւնները, հէնց որ դրանք վաւերացւեն Թուրքիայում: Եթէ Թուրքիան չանի դա ողջամիտ ժամկէտներում, Հայաստանը հետ կը կանչի իր ստորագրութիւնը: Իշխանութիւնները պէտք է միասին աշխատեն եւ վաւերացնեն արձանագրութիւնները որքան հնարաւոր է շուտ: Երկու ժողովուրդների միջեւ յարաբերութիւններ հաստատելու հարցում յաջողութեան հասնելուց յետոյ, Էրդողանը սպառնում է վտարել 100 հազար հայերին, որոնք անօրինականօրէն ապրում են Թուրքիայում: Թուրքիայի ԵՄ անդամութեան հեռանկարը կստիպի Թուրքիային փոխել իր դիրքորոշումը կառուցողական իմաստով եւ ուսումնասիրել իր անցեալը»,- ընդգծել է նա եւ կոչ արել ազատ պատմական քննարկում ծաւալել:
Նշենք, որ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում «Իրադարձութիւնները Հայաստանում 1915-17 թւականներին» թեմայով քննարկումների նախաձեռնողը եղել է բարոնուհի Քերոլայն Քոքսը:

Լուրեր Հայաստանից

Վրաստանի իշխանութիւններին կոչ ենք անում երկխօսութեան և հանդուրժողականութեան»

Մարտ 29, 2010թ. 15:18
Ախալքալաքում կայացել է «Ջաւախք» ժողովրդական շարժման համաժողովը։
2010թ. մարտի 27-ին Ախալքալաքում կայացաւ «Ջաւախք» ժողովրդական շարժման համաժողովը, որին մասնակցեցին կառոյցի 200-ից աւել նախկին և ներկայ անդամներ, Ջաւախքում գործող այլ հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, ջավախքահայ հասարակական գործիչներ:

Հաշւետու զեկոյցով հանդէս եկաւ «Ջաւախք» ժողովրդական շարժման նախագահ Նորիկ Կարապետեանը: Ելոյթ ունեցան նաև կառոյցի անդամներ Ստեփան Յակոբեանը, Վահագն Յակոբեանը, «Ջաւախքի մտաւորականների միութեան» նախագահ Ազատ Շիպակցեանը և այլոք:
Ելոյթ ունեցողները խօսեցին ջաւախքահայութեան առջև ներկայումս ծառացած հիմնախնդիրների, հայ բնակչութեան նկատմամբ վրացական կենտրոնական իշխանութիւնների խտրական քաղաքականութեան առանձին դրևսևորումների և այլ հարցերի մասին: Յատուկ անդրադարձ կատարւեց Վրաստանում ս.թ. մայիսի 30-ին նախատեսւած ՏԻՄ ընտրութիւններին և դրանց ջաւախքահայութեան շահերը ներկայացնող հասարակական-քաղաքական ուժերի մասնակցութեանը:
Համաժողովի աւարտին մասնակիցներն ընդունեցին յայտարարութիւն, որի ամբողջական տեքստը ներկայացնում ենք ստորև:


«ՋԱՒԱԽՔ» ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ

Սամցխէ-Ջաւախք-Ծալկա տարածաշրջանում համախումբ բնակւող հայութեան առջև այսօր ծառացած են մի շարք քաղաքական, լեզւական, կրթայ-մշակութային, կրօնական և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ, որոնց գերակշիռ մասը կենտրոնական իշխանութիւնների խտրական քաղաքականութեան արդիւնք են:
Խնդիրներից առաւել կարևոր ենք համարում հետևեալները.
1.– Հայերի համախումբ բնակութեան տարածաշրջանների տեղական ինքնակառավարման մարմինները փաստացի զրկւած են օրէնքով իրենց վերապահւած լիազօրութիւնների իրականացումից. նրանց գործունէութիւնը, ինչպէս նաև հայութեան հանրային-քաղաքական կեանքն ընդհանրապէս, կառավարւում և ուղղորդւում է ուժային կառոյցների կողմից:
2.– Վրաստանի իշխանութիւնները օրէնսդրական և այլ միջոցներով պարտադրում են տարածաշրջանի հայութեանը հանրային գործունէութեան բոլոր ոլորտներում (ինքնակառավարման մարմիններ, գործավարութիւն, վարչարարութիւն, կրթական համակարգ և այլն) օգտագործել բացառապէս վրացերէնը։
3– .Վարչական և այլ մարմիններում, կրթայ-մշակութային հաստատութիւններում աշխատանքի ընդունւելը փոխկապակցւած է վրացերէնի իմացութեանը, որին ջաւախքահայութեան մեծամասնութիւնը օբյէկտիւ պատճառներով լաւ չի տիրապետում: Այդ չիմացութիւնը և դրանից բխող աշխատանքից հեռացնելու սպառնալիքը իշխանութիւնների կողմից օգտագործւում է որպէս ջաւախքահայութեան ճնշման լրացուցիչ լծակ:
4.– Հայ Առաքելական Եկեղեցին Վրաստանում չունի իրաւական կարգավիճակ, իշխանութիւնները չեն վերադարձնում խորհրդային իշխանութեան տարիներին բռնագրաււած հայկական տաճարները:
5.– Երկրի օրէնսդրութեամբ արգելւում է ստեղծել տարածաշրջանային հիմքի վրայ քաղաքական կազմակերպութիւններ, ինչի պատճառով Ախալքալաքում գործող «Վիրք» կուսակցութիւնը չի գրանցւում, ինչը զրկում է հայ բնակչութեան շահերը ներկայացնող այդ ուժին երկրի հասարակական-քաղաքական կեանքին մասնակցելու իրաւունքից:
6.– Ջաւախքահայութեան նկատմամբ կենտրոնական իշխանութիւնների քաղաքականութիւնը վերջին ժամանակներին ընդունել է հայաբնակ շրջաններում հասարակական-քաղաքական ակտիւութեան դրսևորումները արմատախիլ անելու ուղղւածութիւն:
2007 թւականից առ այսօր ուժային կառոյցների ուղղակի և անուղղակի ճնշումների, սպառնալիքների, շինծու քրէական գործեր յարուցելու և հեռակայ դատավարութիւններ անցկացնելու հետևանքով իրենց հայրենիքն են լքել և/կամ քաղաքական գործունէութիւնն են դադարեցրել տասնեակ ջաւախքահայ ակտիւիստներ: Ջաւախքահայութեան խնդիրներին լուծում տալը ուղղակիօրէն բխում է Վրաստանի կողմից մարդու և ազգային փոքրամասնութիւնների պաշտպանութեան ոլորտում ստանձնած միջազգային պարտաւորութիւններից:
Դրանից ելնելով՝ Վրաստանին դաշնակից և գործընկեր պետութիւնները, բազմաթիւ հեղինակաւոր միջազգային կազմակերպութիւններ յորդորում են իշխանութիւններին դադարեցնել հալածանքները, վերադարձնել հայկական տաճարները և գրանցել Հայ Առաքելական Եկեղեցին, վերացնել լեզւի հիմքի վրայ խտրականութիւնը և թոյլ տալ հայերի համախումբ բնակութեան շրջանների կառավարման մարմիններում հայերէնի օգտագործումը, վերացնել ազգային փոքրամասնութիւնների համարժէք քաղաքական ներկայացւածութիւնը խոչընդոտող օրէնսադրական և գործնական արգելքները:
Մենք՝ «Ջաւախք» ժողովրդական շարժման համաժողովի մասնակիցներս, կոչ ենք անում Վրաստանի իշխանութիւններին երկխօսութեան և հանդուրժողականութեան մթնոլորտում ժողովրդավարական սկզբունքների, մարդու և ազգային փոքրամասնութիւնների իրաւունքների պաշտպանութեան նորմերի տառից և ոգուց բխող լուծումներ տալ ջաւախքահայութեանը յուզող խնդիրներին, և մասնաւորապէս`
1.– Դադարեցնել ջաւախքահայ գործիչների նկատմամբ ծայր առած դատական հալածանքները և քաղաքական հետապնդումները, վերականգնել արդարութիւնը՝վերանայելով նրանց նկատմամբ ընդունւած բոլոր ապօրինի դատական վճիռները, ազատ արձակել ջաւախքահայ քաղբանտարկեալ Վահագն Չախալեանին։
2.– Չխոչընդոտել տարածաշրջանի տեղական ինքնակառավարման մարմիններին օրէնքով իրենց վերապահւած լիազօրութիւնների իրականացմանը։
3.– Վերացնել հանրային կեանքի բոլոր ոլորտներում հայերեն լեզւի օգտագործման նկատմամբ դրւած արգելքը: Հայերէնին տալ տարածաշրջանային լեզւի կարգավիճակ։
4.– Արտօնել Ախալքալաքում հայերէն լեզվով ուսուցման հիմքի վրայ հայ-վրացական պետական ԲՈՒՀ-ի հիմնադրումը։
5.– Վրաստանում համապատասխան իրաւական կարգավիճակ տալ Հայ Առաքելական Եկեղեցուն և վերադարձնել խորհրդային տարիներին բռնագրաււած բոլոր հայկական տաճարները:
2010թ. մայիսի 30-ին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւնները: «Ջաւախք» ժողովրդական շարժումը, գիտակցելով, որ ինքնակառավարման մարմինները այն հիմնական ներկայացուցչական հարթակն է, որտեղ և որի միջոցով հայ բնակչութիւնը հնարաւորություն ունի հետապնդել իր քաղաքական, լեզւական, կրթայ-մշակութային ու սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը, կոչ է անում ջաւախքահայութեանն իր քւէն տալ այն ուժերին ու անհատներին, որոնք իրենց ծրագրերում կը զետեղէն և գործնականում կը հետապնդեն հայ բնակչութեան առջև ծառացած վերոնշեալ իրաւունքների իրացման խնդիրը:
«Ջաւախք» ժողովրդական շարժումը կոչ է անում Վրաստանի իշխանութիւններին չխոչընդոտել հայ բնակչութեան շահերը հետապնդող ուժերի ընտրութիւններին մասնակցութեանը, ինչպէս նաև երաշխաւորել ազատ և արդար ընտրութիւնների անցկացումը:

ArmAr.am

Մոսկւայի մետրոյում ահաբեկչութիւնից տուժած հայերի վիճակը բաւարար է

00:05 / 30.03.2010
Մարտի 29-ին Մոսկւայի մետրուոմ տեղի ունեցեծ երկու ահաբեկչական գործողութիւնների արդիւնքում տուժած հայերի վիճակը բաւարար է եւ նրանց կեանքին վտանգ չի սպառնում:
Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրոյցում նշել է Ռուսսաստանում ՀՀ դեսպանատան մամուլի քարտուղար Գէորգ Մինասեանը: Նրա խօսքով, պայթիւններից վիրաւորւած երկու հայ կանայք ստացել են բեկորային վնասւածքներ: «Յասմիկ Ժորայի Մարտիրոսեանը (ծնւած 1992 թւականին), ով բեկորային վնասւածքներ է ստացել կրծքավանդակի շրջանում, այժմ գտնւում է քաղաքային թիւ 36 հիւանդանոցում: Երկորդ կինը` Աննա Յովհաննէսի Փորքաշեանը (1955թ) գտնւում է թիւ 64 քաղաքային հիւանդանոցում` ոտքի շրջանում ստացած վնասւածքներով»,- ասել է նա:
Դեսպանատան տւեալներով, տուժածները Հայաստանի քաղաքացիներ չեն. «Նրանք Ռուսաստանի քաղաքացիներ են, սակայն ՀՀ դեսպանատան համար դա ոչ մի նշանակութիւն չունի: Մենք ամէն տեսակի օժանդակութիւն կը տրամադրենք մեր հայրենակիցներին»:
Ինչ վերաբերում է զոհերին, ապա Մինասեանի խօսքով, դեռ կոնկրէտ տւեալներ չկան, քանի որ շատ զոհերի մարմիններ դեռ ճանաչւած չեն: Ներկայ պահին յաջողւել է ճանաչել 22 զոհերի մարմինները եւ նրանց շարքում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան:
Յիշեցնենք, որ մարտի 29-ի առաւօտեան Մոսկւայի մետրոյի «Լեուբլեանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում պայթիւններ են որոտացել, որի արդիւնքում մահացել է 38 մարդ: Ահաբեկչութիւնն իրականացրել են մահապարտ կին ահաբեկիչները:

Լուրեր Հայաստանից