«Ռուսաստանի հայերի միութիւն».–
Մանկական ճամբարում տեղի ունեցած կռիւը
հրահրել են չեչենները
Չեչենը՝ չեչեն է, Լինի «չափահաս» կամ անչափահաս...
Յուլիս 30, 2010 16:15
Մանկական «Դոն» կոչւող ճամբարում, որտեղ զանգւածային բախում է տեղի է ունեցել, հանգստանում էին Չեչնիայից եկած 17-20 տարեկան աւելի քան 400 անչափահասներ եւ մօտ 100 փոքր տարիքի երեխաներ ՝Ռուսաստանի այլ տարածաշրջաններից: Բախումը սկսել են չեչենները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում ասել է Ռուսաստանի հայերի միութեան Կրասնոդարի բաժնի ղեկավար Գուրգէն Իվանեանը: Նա նշել է, որ շրջանում, ուր գտնւում է ճամբարը, մեծ թւով հայեր են բնակւում, որոնց մի մասն աշխատում է իրենց հետ: Չեչենները սկսել են ծաղրել աղջիկներին, իսկ հայերը որոշել են պաշտպանել նրանց: «Չեչենները ոչ միայն աւերել են ճամբարը, այլ նաեւ ծեծել են ճամբարի տնօրէնին ու փոխտնօրէնին՝ կոտրելով վերջինիս ոտքը»,-նշել է նա:
Իվանեանը հերքել է ռուսական լրատւամիջոցների այն տեղեկութիւնը, թէ հայերը իբր ճամբարում ամէն ինչ ջարդուփշուր են արել: Նա նշել է, որ Անվտանգութեան դաշնային ծառայութիւնը, որը քննութիւն է իրականացնում, հայերին ոչ մի մեղադրանք չի առաջադրել:
Ինչպէս աւելի վաղ յայտնել էր NEWS.am-ը, Կուբանում գտնւող առողջարանային «Դոն» համալիրում տեղի էր ունեցել կոնֆլիկտ՝ ճամբարի տնօրէնի տեղակալի եւ Չեչնիայի հանրապետութեան երեք անչափահաս քաղաքացիների միջեւ: Ըստ Կրասնոդարի երկրամասի ՆԳ գլխաւոր վարչութեան՝ տեղի է ունեցել բախում՝ կենցաղային հողի վրայ։ Ճամբարի տնօրէնի տեղակալին դուր չի եկել այն, թէ ինչպէս են անչափահասները փորձում ծանօթանալ աղջկայ հետ: Նա խնդրել է նրանց հեռանալ ճամբարի ննջարանային մասնաշէնքից, դիտողութիւն արել, ինչից յետոյ էլ չեչեն անչափահասները ծեծել են տնօրէնի տեղակալին:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Արշիլ Գորկի.
Այսօր և վաղը...
Այսօր և վաղը ժամը 17-ին «Գաֆեսճեան» արւեստի կենտրոնի «Արծիւ» սրահում օրեր շարունակ անվճար ներկայացւող ամերիկահայ գեղանկարիչ, աբստրակտ- էքսպրեսիոնիզմի հիմնադիր Արշիլ Գորկու ցուցահանդէսը հնարաւոր է դիտել էքսկուրսավարի ուղեկցութեամբ:
Ինչպէս Aysor-ի հետ զրոյցում ասաց «Գաֆեսճեան» արւեստի կենտրոնի այցելուների բաժնի աշխատակից Սուսաննա Սարկիսեանը, իւրաքանչիւր ցանկացող նախօրոք գրանցւելու դէպքում կարող է անվճար տեսնել Արշիլ Գորկու կտաւները և լսել դասախօսութիւն` նւիւած նրա կեանքին և ստեղծագործունէութեանը:
Տեղեկութիւն
Արշիլ Գորկին (Ոստանիկ Սեդրակի Ադոյեան) ծնւել է 1904-ին, Արևմտեան Հայաստանի՝ Խորգոմ գիւղում։ Նախնական կրթութիւն ստացել է Խորգոմի և Վանի հայկական դպրոցներում։ 1914-ին մօր՝ Շուշանիկ Տէր-Մարտիրոսեանի և երեք քոյրերի հետ գաղթում են Էջմիածին, ապա` տեղափոխւում Երևան։ Ոստանիկը սովորում է Երևանի թեմական դպրոցում, որտեղ ուսանում է նկարչութիւն և փայտի փորագրութիւն։ Ոստանիկը և քոյրը տեղափոխւում են Թիֆլիս յետոյ Բաթում, իսկ 1920-ին` մեկնում ԱՄՆ։ 1948-ին աւտովթարից վնասւում է ողնաշարը, որի պատճառով աջ ձեռքը դառնում է անաշխատունակ։ Չդիմանալով վերջին տարիների դժւարութիւններին` 1948 թւականին Գորկին ինքնասպան է լինում։
Նշենք, որ Արշիլ Գորկին իր նկարներից շուրջ 30-ը ժառանգել է քրոջը` Վարդուշին, ով էլ իր հերթին` Հայ Առաքելական եկեղեցուն: Այժմ Էջմիածնում գտնւող նկարչի թանգարանում իրականացւում են նախապատրաստական աշխատանքներ` նկարչի ժառանգութիւնը հայ արւեստասէրներին ներկայացնելու համար:

ԱՅՍՕՐ, 13:25
Aysor.am

Կիրօ Մանոյեան
Թուրքական խաղեր

Յուլիս 31, 2010թ. 14:26
ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի տնօրէն Կիրօ Մանոյեանը խօսելով Հայ-թրքական սահմանի բացման մասին ասել է, թէ լուրերն այն մասին, թէ թրքական իշխանութիւնները պատրաստւում են ՆԱՏՕ-ի՝ Հայաստանում անցկացւելիք զօրավարժութիւններից առաջ բացել Հայ-թրքական սահմանը, նպատակ ունեն շփոթութիւն առաջացնել ինչպէս Հայ, այնպէս էլ միջազգային հանրութեան շրջանում։
«Սա փորձ է՝ տպաւորութիւն ստեղծել, որ թրքական կողմը Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման ուղղութեամբ դրական քայլեր է ձեռնարկում։ Թէպետ անկարելի չեմ համարում, որ նման բան իրօք լինի,սակայն հաշւի առնելով Թուրքիայի ԱԳ նախարարի պաշտօնական յայտարարութիւնը, սահմանի բացման հաւանականութիւնը փոքր է։ Մնացածներն անանուն տեղեկութիւններ են»,- տեսակէտ յայտնեց Կիրօ Մանոյեանը։
Յիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարարը մի քանի շաբաթ առաջ յայտարարել էր, որ Հայ-թրքական սահմանը` թէկուզ ժամանակաւոր, չի բացւելու:
ArmAr

Մշակութային ժառանգութիւն. տատերի՞ց,
թէ՞... պեղումներից
Հայաստանում ազատ ու բացայայտ կերպով վաճառւում են պատմամշակութային արժէք ու նշանակութիւն ունեցող իրեր, այդ թւում` կաւէ կարասներ, սափորներ ու ափսեներ, որոնք ձեռք բերելն ամենևին էլ դժւարութիւն չի ներկայացնում իրենից` և հասանելի են, և` մատչելի։

Սա գովազդ չէ։ Հակառակը` մտահոգութիւն։
Այսպէս, վերջերս Aysor-ն ահազանգ ստացաւ, որ Ստեփանաւանի մօտակայքում վաճառում են կաւէ առարկաներ, որոնք մասնագէտները թւագրում են Ք.Ծ.Ա. 1000-700 թթ-ներ: Այս մասին, սակայն, ՀՀ մշակոյթի նախարարութիւնը ամենևին էլ տեղեակ չէ: Աւելին` նախարարութեան մամուլի վարչութեան պետ Գայեանէ Դուրգարեանը նոյնիսկ վրդոււեց, որ իրենց ոչ հաւաստի տեղեկատւութիւն ենք ներկայացնում, քանի որ «այս պահին Ստեփանաւանում պեղումներ չեն իրականացւում»:
«Ստեփանաւանի մօտակայքում պեղումներ այս պահին իրականացւում են միայն Թեղուտի շրջանում: Սակայն պեղումներ իրականացնող ընկերութիւնն է պատասխանատու պեղումների արդիւնքում գտնւած իրերի անվտանգութեան համար և հէնց այդ ընկերութիւնն էլ ապահովում է, որպէսզի պեղումների վայրից ոչինչ չկորչի, չանհետանայ»,- բացատրեց Գ. Դուրգարեանը, ում համար անհասկանալի էր, թէ ինչպէ՞ս հնարաւոր է պեղումներ իրականացւող վայրից պատմամշակութային արժէք ներկայացնող առարկաները յայտնւեն սովորական քաղաքացիների մօտ, անկախ նրանից, թէ որտեղ են պեղումներն իրականացւում:
Պեղումների ժամանակ գտնւած իրերի ազատ վաճառքի փաստի առթիւ, մեր անհանգստութեանն ի պատասխան, մշակոյթի նախարարութեան մամուլի վարչութեան պետը հակադարձեց. «Իսկ միգուցէ նա այդպիսի առարկայ իր տա՞նն ունէր, ես ի՞նչ իմանամ, թէ որտեղի՞ց է, որ վաճառում է. հօ՞ մենք այդպիսի վերահսկողութիւն չենք իրականացնում»:
Թէ Հայաստանում ո՞ր ընկերութիւններն ու կազմակերպութիւններն են պեղումներ իրականացնում և Հայաստանի ո՞ր շրջաններում ու վայրերում են այս պահին տեղի ընթանում պեղումներ, ՀՀ մշակոյթի նախարարութիւնից խոստացան առաջիկայում պատասխանել, քանի որ համապատասխան ոլորտին նւիրւած հաշւետւութիւնը ոչ միայն անյայտացել էր նախարարութեան պաշտօնական կայքից, այլև` այն պատրաստողների մօտից: Գտնելուն պէս խոստացան յայտնել։
Մէկ շաբաթ է անցել։
Այս առիթով Aysor-ը զրուցեց նաև Հայաստանի պատմութեան թանգարանի տնօրէն Անելկա Գրիգորեանի հետ, ով նշեց, որ նմանօրինակ դէպքերի ականատես իրենք էլ են դառնում, սակայն որևէ իրաւասություն չունեն պատմական ու մշակութային արժէք ներկայացնող իրը վաճառողից բռնագանձել կամ ասել` ինչու՞ ես վաճառում, որտեղի՞ց ես ձեռք բերել և այլն:
«Ըստ իս` թէկուզ բարոյական առումով, այդ մարդն իրաւունք չունի վաճառելու, և իմ անձնական իմացութեան համաձայն` ամէն մի մարզում կան տեղական յուշարձանների պահպանութեան վերահսկողութեան բաժիններ և, ըստ էութեան, իրենք պէտք է հետևեն և թոյլ չտան նման դրսևորումներ»,- նշեց Ա. Գրիգորեանն ու յաւելեց, որ միւս կողմից անհնար է վերահսկում իրականացնելը, որովհետև շատերը յարմար առիթ են գտնում իրենց ձեռք բերածը իւրացնելու համար:
Թանգարանի տնօրէնը, կիսելով մեր մտահոգութիւնը, յայտնեց, որ թանգարանի աշխատակիցները յաճախ լինում են «Վերնիսաժում» և, արժէքաւոր իրեր տեսնելիս` գնում են դրանք թանգարանի համար:
«Շատ յաճախ հնագոյն առարկաներ տիրապետողներն ասում են, որ տւեալ առարկան իրենց է պատկանում, որ այն ժառանգութիւն է տատիկի կողմից, սակայն… յայտնի է, թէ ինչպէս է այն ձեռք բերւել»,- նկատեց Ա. Գրիգորեանն ու յաւելեց, որ ոչ մէկին մեղադրել չի լինի, քանի որ «այսօրւայ պայմաններից ելնելով` մարդիկ իրենց ունեցածն են վաճառում, էլ ուր մնաց` ձեռքն ընկածը չվաճառեն»:
Թանգարանի տնօրէնի կարծիքով` չպէտք է վախեցնել այդ մարդկանց, որովհետև ինքն ուրիշ եղանակ կգտնի դրանք իրացնելու` այնպէս, որ ոչ ոք էլ չի տեսնի: Նա ներկայացրեց թանգարանի օրինակը` «մենք գերադասում ենք յօրդորել, որպէսզի գտնողը բերի` գնենք, որովհետև կան իրեր, որոնք անհրաժեշտ է ունենալ»:
Տեղեկութնւն. «Պատմութեան և մշակոյթի անշարժ յուշարձանների ու պատմական միջավայրի պահպանութեան և օգտագործման մասին» ՀՀ օրէնքի «Հնագիտական պեղումներ ձեռնարկողը» խորագրով 27-րդ յօդւածն ասում է. «Հետախուզում և հնագիտական պեղումներ ձեռնարկողն աշխատանքների համալիր ծրագրի ամբողջական իրագործման ֆինանսաւորողը և կազմակերպողն է:
Նա սահմանւած կարգով պատասխանատու է աշխատանքների ընթացքում յուշարձանների անվթարութեան ապահովման և պեղումներով յայտնաբերւած յուշարձանների ամրակայման, գիտական վաւերագրման և նիւթերի ու արդիւնքների հրապարակման համար: Հետախուզում և հնագիտական պեղումներ ձեռնարկող կարող են լինել Հայաստանի Հանրապետութեան և այլ պետութիւնների իրաւաբանական ու ֆիզիկական անձինք …»:
«Հետախուզման և հնագիտական պեղումների ղեկավարը» խորագիրը կրող 28-րդ յօդւածն էլ ասում է. «Հետախուզման և հնագիտական պեղումների ղեկավարը տւեալ յուշարձանը պեղելու համար թոյլտւութիւն (բաց թերթիկ) ունեցող մասնագէտն է:
Հետախուզման և հնագիտական պեղումների ղեկավարը պատասխանատու է ինչպէս աշխատանքների արդիւնաւէտութեան, այնպէս էլ ամբողջ գործաշրջանի ընթացքում յուշարձանի պահպանութիւնը և անվթարութիւնն ապահովելու համար»:
Նշենք նաև, որ ՀՀ Պատմութեան թանգարանի տնօրէնը շեշտեց` նոյն օրէնքի համաձայն` պեղումների արդիւնքում յայտնաբերւած իրերը պեղումների իրականացնողները, համապատասխան ուսումնասիրութիւն, տպագրում կատարելուց յետոյ, 2 տարւայ ընթացքում պարտաւոր են յանձնել թանգարանին:
ԱՅՍՕՐ, 13:08
Aysor.am

Թրքական կողմը հետազոտում է
Հայ-թրքական սահմանը
Յուլիս 31, 2010թ. 11:00
Ինչպէս տեղեկացնում է CNN Turk-ը, Իգդիրի նահանգապետարանի հրահանգով նահանգ է ժամանել Էրզրումի շրջանային ճանապարհային վարչութեան պատւիրակութիւնը, որը հետազոտական աշխատանքներ է իրականացնում Հայաստանի և Թուրքիայի միջև գտնւող «Ալիջան» անցակէտի 6 կմ-անոց հատւածում, ինչպէս նաև` սահմանին գտնւող կամրջի տարածքում:
Նախատեսւում է, որ պատւիրակութիւնը իրականացւող աշխատանքներից յետոյ Իգդիրի նահանգապետարան կներկայացնի համապատասխան զեկոյց:
ArmAr

Վրաստանում բաց են թողել Հայաստանի համար նախատեսւած ցորէնով բեռնւած նաւը

Յուլիս 30, 2010 22:06
Ուկրաինական «Ակորդ» նաւը` Հայաստանի համար նախատեսւած ցորէնով, ազատ է արձակւել եւ հայկական բեռը շարունակում է իր ճանապարհը դէպի Հայաստան: Այս մասին NEWS.am-ին յայտեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալաեանը:
Բաթումիում հայկական հիւպատոսութեան տեղեկատւութեան համաձայն, ցորէնն արդէն բեռնաթափւել է վագոնների մէջ եւ ուղեւորւել դէպի Հայաստան:
Յիշեցնենք, որ Վրաստանի ծովափնեայ սահմանապափ ծառայութիւնը յուլիսի 29-ին ձերբակալել է ուկրաինական «Ակորդ» նաւը, որի վրայ եղել է Հայաստանի համար նախատեսւած ցորէն: Ըստ Վրաստանի սահմանապահ ոստիկանութեան, հայկական բեռով նաւը ձերբակալելու պատճառն այն է, որ նա անօրինական կերպով մտել է Աբխազիայի ջրային տարածք: Նաւը Սուխումիում է եղել յունիսի 20-ին:
Ուկրաինական նաւը գալիս է եղել Դոնի Ռոստովի նաւահանգստից: Ձերբակալւած նաւը տարել են Փոթիի տուգանային մաս:
«Ակորդի» անձնակազմին` 11 ուկրաինացի եւ մէկ ռուս, վրացական ջրային տարածքներում նաւագնացութեան կանոնները խախտելու մեղադրանք է առաջադրւել: Այս գործը մօտ ժամանակներս կյանձնւի դատարան:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Ռուսաստանի ջաւախահայերը անիծում են վրաց
չինովնիկին ու համարում գործակալ
Յուլիս 30, 2010 21:10
Ռուսաստանի ջաւախահայութիւնը բողոքում է Վրաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Նալբանդովի յայտարարութիւնների հետ կապւած, ով նշել է, որ վիրահայոց կողմից «վիճելի» եկեղեցիները հայերին վերադարձնելու պահանջը համարել է հիմքից զուրկ, քանի որ «պատմաբանները պարզել են, որ դրանք վրացական են»:
«Ռուսաստանի ջաւախահայութիւնը կարծում է, որ Նալբանդովը յատուկ ծառայութիւնների գործակալ է եւ վրաց ժողովրդի վտանգաւոր թշնամի: Նա Ռուսաստանի հասցէին կեղտոտ արտայայտութիւններ անելու համար նշանակւած յատուկ դրածոյ է, ով լարում է ազգամիջյանի վճակը եւ հայերին Վրաստանից քշելու պատւէր է կատարում»,- ասւած է NEWS.am-ին ուղարկւած ջաւախահայերի յայտարարութեան մէջ:
«Մենք` Ռուսաստանի ջաւախահայերս, Ալեքսանդր Նալբանդովին յայտարարում ենք Հայ ազգի թշնամի եւ կոչ ենք անում աշխարհի հայերին տարածել այս տեղեկութիւնը, որպէսզի բոլորն իմանան մեր ազգի ծպտւած թշնամու մասին: Մենք կոչ ենք անում աշխարհի բոլոր հայերին, այսուհետ իրենց տուն չթողնել այդ քաղաքացուն եւ խուսափել նրա հետ որեւէ շփումից, իսկ Հայ պատմաբաններին խնդրում ենք նրա անունը մտցնել բոլոր պատմական աղբիւրների մէջ, որպէսզի մեր սերունդներն իմանան եւ անիծեն նրա տոհմը` որպէս թշնամու»,- ասւած է յայտարարութիւնում:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Բակօ Սահակեան.–
«Առանց բանակցութիւններին Արցախի մասնակցութեան՝
հակամարտութեան լուծումն անհնար է»
19:38 • 30.07.10
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտութեան վերջնական և համընդգրկուն կարգաւորման ուղղութեամբ էական առաջընթաց գրանցելու համար անհրաժեշտ է, առաջին հերթին, վերականգնել լիարժէք ձևաչափը՝ Արցախի Հանրապետութեան՝ որպէս բանակցութիւնների լիիրաւ կողմի մասնակցութեամբ։ Այս մասին ասել է Արցախի նախագահ Բակօ Սահակեանը Interfax գործակալութեանը տւած հարցազրոյցում։
Նա յաւելել է, որ դրա համար անհրաժեշտ է ընդամենը հետևել ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի 1994թ. որոշմանը։
«Առանց մեր՝ որպէս բանակցային գործընթացի լիիրաւ կողմի մասնակցութեան՝ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտութեան կարգաւորումը պարզապէս անիրական է։ Դա ընդունում են նաև միջազգային միջնորդները, օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Մենք մեր կողմից պատրաստ ենք Ադրբեջանի հետ ուղիղ բանակցութիւնների և ցանկացած հարցի քննարկման, ինչի մասին մշտապէս յայտարարում ենք»,- ասել է Արցախի նախագահը՝ յաւելելով, որ Ղարաբաղեան կողմի կարծիքն անտեսել պարզապէս անհնար է, չնայած նոյնիսկ այն բանին, որ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականութեան պատճառով տեղի ունեցաւ բանակցային գործընթացի ձևախեղում։ «Կարծում եմ՝ բանակցային գործընթացի լիարժէք ձևաչափի վերականգնումը ընդամենը ժամանակի հարց է»,- ասել է Բակօ Սահակեանը։
Նա նշել է, որ բանակցային գործընթացի ամենամեծ ձեռքբերումը խաղաղութեան պահպանումն է։
Բակօ Սահակեանը նաև ասել է, որ չնայած արցախցիները շնորհակալ են Հայաստանին բանակցային գործընթացում Արցախի շահերը պաշտպանելու համար, սակայն առանց ԼՂՀ անմիջական մասնակցութեան Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտութիւնը լուծելն անհնար է։
Tert.am

Ստրիպտիզ բարում լուսանկարւած վրաց նախարար
Վերա Կոբալիան մեղադրում է Ռուսաստանին
Յուլիս 30, 2010 11:19
Վրաստանի էկոնոմիկայի նախարար Վերոնիկա Կոբալիան հերքել է իր անցեալի մասին տեղեկութիւնները, ըստ որոնց՝ ինքը պարել է ստրիպտիզ բարում:
«Դա սովորական լուսանկար է ուսանողական երեկոյից, սակայն դա որոշել են օգտագործել իմ դէմ: Ինչ-որ մէկը փորձում է նման ապատեղեկատւութեամբ խանգարել իմ աշխատանքին, բայց իրենց մօտ ոչինչ չի ստացւի»,- յայտարարել է Կոբալիան:
Նա նաեւ ապատեղեկատւութիւն է համարել լրատւամիջոցների տեղեկութիւնները, թէ ինքն իբր չի աշխատել Կանադայի «Գլոբալ TV» հեռուստաընկերութիւնում եւ կեղծել է իր կենսագրութիւնը: «Այդ տեղեկութիւնը տարածւում է Ռուսաստանի պատւէրով: Ես շատ լաւ հասկանում եմ, որ այսօր Ռուսաստանը չի ցանկանում Վրաստանի դիրքերի ամրացում, եւ որպէսզի նա դառնայ ուժեղ երկիր, զարգանայ տնտեսութիւնը, դրա համար էլ նման կեղտոտ մեթոդների է դիմում»,- ասել է նախարարը:
Կոբալիան ընդգծել է, որ եթէ որեւէ մէկը կարծում է, թէ նման ապատեղեկատւութիւնը կխանգարի իրեն, ապա «չարաչար սխալւում է»:
Յիշեցնենք, որ մի քանի օր առաջ վրացական, ապա նաեւ համաշխարհային լրատւամիջոցները տարածել էին մի լուսանկար, որտեղ Վերոնիկա Կոբալիան եւ նրա քոյրը պարում են ստրիպտիզ բարում: Այդ լուսանկարը մեծ արձագանք է գտել հասարակութեան շրջանում:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Ռուս փորձագետ.

Հնարաւոր է Ադրբեջանը շուտով պատերազմ սկսի

Յուլիս 29, 2010 17:44
Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զէնքի մատակարարումը ուղղւած է բացառապէս Հայաստանի դէմ: NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց Քաղաքագիտական եւ ռազամավարական ինստիտուտի վերլուծական բաժնի ղեկավար Ալեքսանդր Խրամչինը:
«Չնայած որ հայկական աւիացիան չունի բարձր ռազմական պոնտենցիալ՝ Ադրբեջանի զինանոցի նմանատիպ համալրումը սահմանափակում է Հայաստանի բոլոր հնարաւորութիւնները: Այս քայլով Ադրբեջանն ամբողջութեամբ բացառում է հետագայում իր համար տհաճ ցանկացած անակնկալների ի յայտ գալը: Պահեստում ունենալով նման ռազմական տեխնիկայ, նա կարող է իրեն թոյլ տալ սկսել պատերազմը»,-ասաց քաղաքագէտը՝ յաւելելով, որ սա Ադրբեջանի « ռազմական ապահովութեան պաշարն է»:
Ինչ վերաբերւում է այն տեսակէտին, ըստ որի՝ Ադրբեջանը սա անում է իբրեւ թէ Իրանի կողմից հնարաւոր օդային յարձակումից պաշտպանւելու համար, փորձագէտն ասաց, որ Իրանի հետ պատերազմը անիրական է:Պատասխանելով այն հարցին, թէ որքանո՞վ է հնարաւոր ռազմական լայնածաւալ գործողութիւնների ծաւալումը Ադրբեջանի կողմից, Խրամչինն ասաց, որ դրա հաւանականութիւնը բաւականին մեծ է:
«Երկրի իշխանութիւններն անընդհատ յայտարարում են, որ շուտով կազատագրեն տարածքները, գնում են 300 միլիոն դոլար արժողութեամբ С300 համակարգեր եւ պարբերաբար լուրջ ներդրումներ են կատարում պետութեան ռազմական համակարգում։ Ամենայն հաւանականութեամբ կարելի է ասել, որ Ադրբեջանը պատերազմ կսկի»:
Փորձագէտը նաեւ ընդգծեց Ադրբեջանի մենթալիտետի եւ ռազմավարական յաւակնութիւնների հանգամանքը:
«Հայաստանին, որպէսզի ճեղքի պաշտպանութեան այդ համակարգը, անհրաժեշտ կլինեն աւելի շատ միջոցներ եւ ամբողջութեամբ այլ սպառազինութիւն»,-նշեց Խրամչինը:
Աւելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ռուսական «Վեդոմոստի» պարբերականը, վկայակոչելով ՌԴ ռազմարդիւնաբերական գերատեսչութեանը, տեղեկատւութիւն էր տարածել այն մասին, որ Ռուսաստանը պատրաստւում է երկու դիվիզիոն С-300 ПМУ-2 «Ֆավորիտ» զէնիթահրթիռային համալիրներ մատակարարել Ադրբեջանին:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Հայաստանի ՊՆ-ն հրապարակել է սպանւած 6 զինծառայողների անունները
Յուլիս 30, 2010 15:08
Զինւած ուժերի զօրամասերից մէկում յուլիսի 28-ին մարտական հերթապահութեան կանոնների կոպիտ խախտման հետեւանքով ծագած միջադէպի պատճառով զոհւել են աւագ լեյտենանտ Վարդգէս Արարատի Թադէոսեանը (Երեւան), ժամկէտային զինծառայողներ Գարեգին Սամւէլի Յովսէփեանը (Էջմիածին), Անդրանիկ Սարգսի Սարգսեանը (Երեւան), Ռոբերտ Միքայէլի Յովհաննիսեանը (Վանաձոր), Արտեոմ Սուրէնի Մանասեանը (Չարենցաւան), Կարօ Շուրիկի Այւազեանը (Երեւան): Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Պաշտպանութեան նախարարութեան մամլոյ ծառայութիւնից:
ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը խորապէս ցաւակցում է զոհւածների հարազատներին եւ մերձաւորներին եւ հաւաստիացնում, որ ձեռնարկւում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ միջադէպի պատճառները բացայայտելու եւ մեղաւորներին օրէնքով նախատեսւած կարգով պատասխանատւութեան ենթարկելու համար:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Ռուսական ռազմաբազան Հայաստանին
պաշտպանելու մանդատ է ստանում
Յուլիս 30, 2010 14:50
Ռուսաստանն ու Հայաստանը արձանագրութիւն կստորագրեն, որով փոփոխութիւններ կմտցնեն Հայաստանում ռուսական ռազմաբազաների վերաբերեալ պայմանագրում: Դրա վերաբերեալ ՌԴ կառավարութեան կողմից ՌԴ նախագահին ուղղւած առաջարկների մասին որոշումը տեղադրւած է կառավարութեան կայքում:
Այդ արձանագրութեան նախագծում մասնաւորապէս նշվում է. «Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազան, բացի Ռուսաստանի շահերը պաշտպանելու գործառոյթ իրականացնելուց, ՀՀ զինւած ուժերի հետ համատեղ ապահովում է այդ հանրապետութեան անվտանգութիւնը»: Այդ նպատակներին հասնելու համար Ռուսաստանը «աջակցում է Հայաստանը ժամանակակից եւ համատեղելի զինատեսակներով, ռազմական (յատուկ) տեխնիկայով ապահովելու գործում»,- ասւած է արձանագրութեան նախագծում: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Փաստաթղթի համաձայն, «ռուսական ռազմաբազայի զինւորական կազմաւորումների օգտագործումն իրականացւում է կողմերի փոխադարձ պայմանաւորւածութիւնների, 1992թ. մայիսի 15-ին կնքւած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի, Բարեկամութեան մասին պայմանագրի 1997 թւականին Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ կնքւած համագործակցութեան եւ փոխօգնութեան մասին պայմանագրի եւ կողմերի օրէնսդրութիւնների հիման վրայ»:
Բացի այդ, նախագծում առաջարկւում է պայմանագրի 26-րդ յօդւածը ձեւակերպել հետեւեալ կերպ. «Պայմանագիրը գործում է 49 տարի եւ աւտոմատ կերպով երկարաձգւում է յաջորդ հինգամեայ ժամանակաշրջանների համար, եթէ կողմերից ոչ մէկը հերթական ժամկէտը լրանալուց ոչ պակաս, քան 6 ամիս առաջ գրաւոր կերպով չի տեղեկացնում պայմանագիրը դադարեցնելու իր մտադրութեան մասին»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Հայերը հայց են ներկայացրել Թուրքիայի դէմ
Յուլիս 30, 2010 12:53
Ամերիկահայ համայնքի ներկայացուցիչները հայց են ներկայացրել Թուրքիայի կառավարութեան եւ երկու թրքական խոշորագոյն բանկերի (Կենտրոնական բանկ եւ Գիւղատնտեսական բանկ) դէմ՝ պահանջելով մի քանի միլիարդ դոլարի փոխհատուցում վճարել անշարժ գոյքի, ունեցւածքի, այդ թւում՝ թանկարժէք զարդերի դիմաց, որոնք ներկայումս գտնւում են Թուրքիայի թանգարաններում, հաղորդում է Associated Press-ը: Հայցի նախաձեռնողները Լոս Անջելեսի բնակիչ Կարպիս Դաւույեանն է եւ Նիւ Եորքի բնակիչ Հրայր Թուրաբեանը:
Իրաւաբանների խօսքով, սա առաջին դէպքն է, երբ դատական հայցը ներկայացւում է կոնկրէտ թրքական կառավարութեանը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Ատոմ Էգոյեանը մտադիր է ֆիլմ նկարահանել Փամուքի վէպի մոտիվներով

11:22 • 30.07.10
Կանադահայ յայտնի կինոռեժիսոր Ատոմ Էգոյեանը հնարաւոր է թուրք կինոռեժիսորների հետ համատեղ ֆիլմ նկարահանի Թուրքիայում։ Այս մասին Էգոյեանն ասել է թրքական Daily News & Economic Review թերթին։ «Դա երկխօսութեանն ուղղւած լաւ քայլ կլինի»,– ասել է նա՝ յաւելելով, որ իր համար մեծ հաճոյք կլինէր ֆիլմ նկարահանել Նոբելեան մրցանակակիր Օրհան Փամուքի «Ձիւն» վէպի մոտիվներով։
Անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեան թեմային՝ Էգոյեանն ասել է, որ հայ և թուրք հասարակութիւնները պէտք է այդ մասին խօսեն առանց միջնորդների։«Որպէս երկու հասարակութիւններ, մենք պէտք է այդ իրադարձութիւնների մասին խօսենք առանց միջնորդների։ Սակայն քանի որ մենք չենք խօսում, Արևմուտքը մեր վերքերը քաղաքական նպատակներով [շահարկելու] առիթը բաց չի թողել»,– նշել է նա։
Ռեժիսորն անդրադարձել է նաև Հայ–թրքական սահմանի բացմանը՝ նշելով, որ այն կնպաստի տարածաշրջանում խաղաղութեան և բարեկեցութեան ամրապնդմանը։!!! «Սահմանի բացումը կնպաստի տարածաշրջանում խաղաղութեանն ու բարեկեցութեան ամրապնդմանը!!!։ Այն երկխօսութեան մթնոլորտ կստեղծի»!!!,– ասել է Էգոյեանը։
Յիշեցնենք, որ Օրհան Փամուքի «Ձիւն» վէպը 2009թ. ռուսերէնից թարգմանւել է հայերէն: Վէպում ներկայացւում են ժամանակակից Թուրքիայի արևելեան շրջանները, այնտեղ առկայ խնդիրները, սովորական թուրք մարդու կեանքը: Գործողութիւնները տեղի են ունենում Կարսում: Վէպը լի է հայերի մասին յիշատակումներով, Կարսի հայկական շինութիւնների նկարագրութիւններով:
Tert.am

Ադրբեջանցի նախարարի կինը
սիրեկանի հետ փախել է
Յուլիս 29, 2010 17:32
Ադրբեջանցի նախարարներից մէկի կինը սիրեկանի հետ (ով նրա ֆիթնեսի մարզիչն է եղել) փախել է երկրից։ Այս մասին յայտնում է ադրբեջանական Turan գործակալությիւնը՝ վկայակոչելով «Ազադլիգ» եւ «Ենի Մուսավաթ» թերթերը։ Ըստ «Ազադլիգի» վարկածի՝ նախարարի կնոջն առեւանգել են։
Հրապարակումներում նախարարի անունը չի նշւում։ Թերթերից մէկը նոյնիսկ ենթադրութիւն է արել, որ նախարարի կնոջն առեւանգել են։ Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայութեան ներկայացուցիչ Էխսան Զախիդովը առեւանգման մասին լուրը չի հաստատել։ Սակայն Turan-ը հաստատում է, որ նախարարի անունն իրենց յայտնի է, բայց քանի որ նախարարութիւնն այդ լուրերը չի հաստատել, գերադասում են չհրապարակել իրենց ունեցած տեղեկատւութիւնը։
Նախարարութեան չինովնիկներից մէկը գործակալութեանն ասել է։ «Դա սուտ է եւ զրպարտութիւն, նման լուրեր տարածողներն Ադրբեջանի թշնամիներն են»։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Մոսկւան զինում է Բաքւին
Յուլիս 29, 2010 10:29
Ռուսաստանը երկու դիվիզիոն զէնիթահրթիռային (ЗРК) С-300 ՄՊՈՒ-2 «Ֆավորիտ» համալիր կմատակարարի Ադրբեջանին, գրում է «Վեդոմոստի»-ն: «Ռոսօբորոնէքսպորտի» ներկայացուցիչն այս կապակցութեամբ մեկնաբանութիւններից խուսափել է, իսկ Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղար Ասեր Քասիմովը տեղեկացրել է, որ նման տեղեկատւութիւն չունի:
Միաժամանակ, ինչպէս նշում է «Վեդոմոստին», պաշտպանական արդիւնաբերութեան ձեռնարկութիւններից մէկի գլխաւոր մենեջերը եւ պաշտպանութեան ոլորտի գործարաններից մէկի ղեկավարը, որտեղ արտադրւում են այդ համակարգի որոշ մասեր, նախորդ տարի Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան հետ պայմանագիր են ստորագրել «Ռոսօբորոնէքսպորտի» հետ` վերը նշւած երկու դիվիզիոն զէնիթահրթիռային համալիրները մատակարարելու մասին: Մենեջերի խօսքով, պայմանագիրն արդէն սկսել է գործել եւ կարող է իրականացւել առաջիկայ 2 տարում:
Նման զէնիթահրթիռային համալիրներ տրւել են Ալժիրին ու Չինաստանին, իսկ Իրանի հետ նման պայմանագիր ստորագրւել է, սակայն չի իրագործւել: 2009-ի ապրիլին Ռուսաստանը սառեցրել է մատակարարումը Իրան, իսկ 2010-ի յունիսին ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը պատժամիջոցներ է կիրառել Իրանի նկատմամբ, որոնք Ռուսաստանը համարել է որպէս արգելք` Իրանին С-300 մատակարարելու համար:
Խորհրդային շրջանում Բաքւի հակաօդային պաշտպանութեան համակարգը ամէնահզօրներից մէկն էր համարւում եւ զիջում էր միայն Մոսկւայի ու Լենինգրադի համակարգերին, նշում է ՌԴ ՊՆ սպաներից մէկը: 1990-ականներին այդ համակարգն անկում ապրեց եւ հասկանալի է Բաքւի ցանկութիւնը՝ համալրել իր հակաօդային պաշտպանութեան համակարգը: Ռուս սպայի խօսքով, զէնիթահրթիռային համալիրի մատակարարումը Ադրբեջանին դժւար թէ խախտի հաւասարակշռութիւնը Հայ-ադրբեջանական յարաբերութիւններում: Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը չունեն հարւածային ինքնաթիռներ, թեւաւոր եւ բալիստիկ հրթիռներ, որոնց դէմ նախատեսւած են այդ համալիրները: Աւելի շուտ, Բաքուն ցանկանում է իրեն ապահովել անսպասելի զարգացումներից, որոնք կարող են տեղի ունենալ Իրանի շուրջ իրավիճակի սրումից:
Moscow Defense Brief-ի խմբագիր Միխայիլ Բարաբանովի խօսքով, այդ համալիրների գնումը բաքւի կողմից, որի արժէքը 300 միլիոն դոլար է, ռազմական տեխնիկայի ամենամեծ գնումն է յետխորհրդային տարածքում (չհաշւած Ռուսաստանը): C-300-ի տարբեր մոդիֆիկացիաներ Ռուսաստանը մատակարարել է Բելառուսին ու Ղազախստանին, բայց դրանց արժէքը անհամեմատ փոքր է եղել: Ադրբեջանը նաւթադոլարներով մոդեռնացնում է իր բանակը եւ զէնք է գնում Ուկրաինայից, Բելառուսից, Իսրայէլից ու ՀԱՀ-ից, նշում է Ռազմավարութեան եւ տեխնոլոգիաների վերլուծութեան կենտրոնի ղեկավար Ռուսլան Պուխովը: Ուկրաինայից գնւել են ՄԻԳ-29 եւ զրահատեխնիկայ, Իսրաէլից` ժամանակակից հակատանկային Spike հրթիռներ, անօդաչու ինքնաթիռներ եւ այլ զինատեսակներ, իսկ ՀԱՀ-ից` հարւածային ՄԻԳ-24 ուղղաթիռներ:
Եթէ Մոսկւան Բաքւին չմատակարարէր հակաօդային պաշտպանութեան համակարգեր, դա կանէին ՀԱՀ-ն ու Իսրայէլը, եզրակացրել է Պուխովը՝ յաւելելով, որ այդ գործարքը շատ ճիշտ է նաեւ ՌԴ շահերից ելնելով:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Միջադէպ զօրամասում

կան զոհեր
(մանրամասներ)
17:54 • 29.07.10
Յուլիսի 28-ին N զօրամասում տեղի է ունեցել միջադէպ՝ հրազէնային զէնքի կիրառմամբ: Կան զոհեր: Փաստի առթիւ հարուցւած է քրէական գործ, կատարւում է նախաքննութիւն: Այս մասին յայտնում են ՀՀ պաշտպանութեան նախարարութեան տեղեկատւութեան և հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից։
Զինւած ուժերի ղեկավարութիւնը խորին ցաւակցութիւն է յայտնում զոհերի հարազատներին ու մերձաւորներին՝ նշելով, որ խստագոյնս ցուցումներ են տրւել համապատասխան ծառայութիւններին՝ դէպքի բոլոր մանրամասները պարզելու համար:
Յուլիսի 28-ին հայկական զինուժի զօրամասերից մէկում տեղի ունեցած միջադէպի մասին lragir.am-ին որոշ մանրամասներ է հաղորդել Հելսինկեան ասոցիացիայի Վանաձորի գրասենեակի ղեկավար, իրաւապաշտպան Արթուր Սաքունցը: Նա սակայն նշել է, որ իր յայտնած մանրամասները ճշտման կարիք ունեն:
Ըստ Արթուր Սաքունցի ունեցած ոչ պաշտօնական տեղեկութեան՝ դէպքի զոհ է դարձել 5 անձ` մէկ զինւոր և չորս սպայ: Զինւորը պահակէտում քնած է եղել և 4 սպաները գալով պոստ և նրան տեսնելով այդ վիճակում, արթնացրել են ու սկսել են նրան վիրաւորել, արժանապատւութիւնը ոտնահարող արարքներ թոյլ տալ, ինչի հետևանքով զինծառայողը վերցրել է զէնքը և գնդակահարելով չորս սպաներին՝ ինքնասպան է եղել:
Тert.am-ի ունեցած տեղեկութիւններով՝ զոհերի թիւը 6-ն է։ Դէպքը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանութեան բանակի Մարտունու շրջանի զօրամասերից մէկում։
Tert.am

«Հայոց աշխարհ». -
Սիրավէպ՝ Ադրբեջանցի նախարարի
դստեր եւ Հայ տղայի միջեւ

Յուլիս 29, 2010 11:56
«Յայտնի է դարձել, որ Ադրբեջանում նախարարութեան կարգավիճակ ունեցող մի կոմիտէի նախագահի Լոնդոնում սովորող դուստրը ազգութեամբ Հայ տղայի հետ սիրավէպ է սկսել: Այդ մասին «Ենի Մուսավաթին» տեղեկացրած աղբիւրը յայտնել է, որ իրադարձութիւնը շօկ է առաջացրել իշխանութեան նոյնիսկ ամենաբարձր վերնախաւում: Սիրավէպից տեղեակ Լոնդոնում սովորող ադրբեջանցիները Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովի որդու՝ Թալեհ Հեյդարովի գլխաւորութեամբ, որը նաև Եւրոպայի ադրբեջանական համայնքի նախագահն է, բողոքի ալիք են բարձրացրել Ադրբեջանում եւ իշխանութիւնից պահանջել, որ աղջկայ նախարար հայրը համապատասխան միջոցներ ձեռնարկի՝ այդ խայտառակութեանը վերջ դնելու համար: Թալեհ Հեյդարովի՝ անձամբ եւ՛ աղջկայ, եւ՛ տղայի նկատմամբ կիրառած ճնշումները օգուտ չեն տւել: Սիրահարները շարունակում են ապրել միասին»,-կարդում ենք թերթի այսօրւայ համարում:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

«Սահմանները չեն բացւի, քանի դեռ հայերը դուրս չեն
եկել օկուպացւած տարածքներից»
Յայտարարել է Կարսում Ադրբեջանի հիւպատոս Սուլէյմանովը
«Կարսում Ադրբեջանի հիւպատոս Սուլէյմանովը մասնակցե՞լ է Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքւի հայերի կոտորածներին, թէ՞ ոչ, չգիտենք: Բայց որ այս արարածը իբրեւ ադրբեջանցի չի կարող դուրս լինել սեփական ոհմակից, ակնյայտ է»

«Ո՛չ Թուրքիայի աջակցութիւնը, ո՛չ ադրբեջանական շարքերում յայտնւած աֆղան, չեչեն, ուկրաինացի վարձկանները ի զօրու չեղան փրկելու Ադրբեջանին խայտառակ պարտութիւնից»
ՅԱԿՈԲ ՉԱՔՐԵԱՆ
Յուլիս 29, 2010թ. 12:00
Այս յայտարարութիւնն արւել է երէկ Իգդիրում: «Հաբերթուրք» կայքէջի վկայութեամբ, Ադրբեջանի հիւպատոս Այհան Սուլէյմանովը Կարսից մեկնել է Իգդիր, որտեղ նրան դիմաւորել է Իգդիրի «Հայկական անհիմն պնդումների դէմ պայքարի» միութեան նախագահ Գիւքսել Գիւլբեյը: Նրանք միասին այցելել են «նահատակ թուրքերի» յուշարձանն ու թանգարանը, Սուլէյմանովը մեխակներ է դրել յուշարձանին, ապա լրագրողներին արել է յայտարարութիւններ:
Սուլէյմանովը, ըստ կայքէջի, ասել է, որ 1915-1918, ապա եւ 1992 թթ. հայերը յարձակւել են «թուրք ազգի» վրայ եւ կոտորած սարքել: Նրա կարծիքով, ժամանակն է, որ աշխարհը հայերին ճանաչի որպէս ագրէսոր եւ «կոտորած սարքող» ազգի, ինչի վկայութիւնը իբր Իգդիրի թանգարանում ցուցադրւող լուսանկարներն են: Հայերը, Սուլէյմանովի հաւաստմամբ, կոտորած են սարքել նաեւ Խոջալուում, սակայն ընդունելով անմեղի կերպարանք, կոտորածների մէջ թուրքերին են մեղադրում:
Կարսում Ադրբեջանի հիւպատոսն անդրադարձել է նաեւ Հայ-թրքական սահմանի բացման հարցին, նշելով. «Սահմանի առնչութեամբ թրքական կառավարութիւնը խօսք է տւել: Մենք հաւատում ենք, որ խոստումը կկատարւի: Քանի դեռ հայերը չեն ազատել օկուպացւած տարածքները, սահմանը չի բացւի: Այդ մասին անձամբ խոստացել է մեծարգոյ վարչապետ Էրդողանը: Մենք չենք հաւատում, որ սահմանները կբացւեն»:
Ի դէպ, մենք էլ չենք ուզում, որ բացւեն, քանի դեռ Թուրքիան չի հրաժարւել Հայաստանին նախապայմանների առաջադրումից: Ընդ որումՙ այս նախապայմաններից մէկը օկուպացւած «ադրբեջանական» տարածքների յանձնումն է: Թուրքիան, իհարկէ, «օկուպացւած» է համարում նաեւ Լեռնային Ղարաբաղը, որտեղ արցախահայութիւնը ազգային ազատագրական պատերազմ էր տւել եւ Հայաստանի օգնութեամբ խայտառակ պարտութեան մատնել այն Ադրբեջանին, որը նախքան պատերազմական գործողութիւններին անցնելը, Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքւում անասելի վայրենութեամբ Հայ լինելու համար կոտորում էր անզէն տղամարդկանց, անպաշտպան կանանց, երեխաներին: Իսկ «ադրբեջանական ժողովուրդ» կոչւած Կովկասի երբեմնի թաթարը հերոսացնում էր մարդասպանին: Այդ ընթացքում ադրբեջանական իշխանութիւններն ի լուր աշխարհի վայնասուն էին բարձրացնում. «Մենք եօթ միլիոն ենք, դեռ մեր թիկունքում էլ կանգնած է 70 միլիոնանոց Թուրքիան»:
Յիրաւի, 70 միլիոնանոց Թուրքիան զէնք-զինամթերք եւ աւելի քան 3 հազար կամաւորական տրամադրեց եղբայրական Ադրբեջանին: Սակայն ո՛չ Թուրքիայի աջակցութիւնը, ո՛չ ադրբեջանական շարքերում յայտնւած աֆղան, չեչեն, ուկրաինացի վարձկանները ի զօրու չեղան փրկելու Ադրբեջանին խայտառակ պարտութիւնից, քանի որ անպաշտպան կանանց, երեխաներին սպանելիս արիացող «սումգայիթեան հերոսները» ռազմի դաշտում հայ զինւորի առջեւ պոչատ բորենու կերպարանք էին ընդունել, որ առանց յետ նայելու ճողոպրեն ռազմի դաշտից, այդ թւումՙ Խոջալուից:
Ճողոպրելիս, այս մարդասպանները զէնքն էլ շպրտում էին, որ յանկարծ չխանգարի: Ակնյայտ է, որ իր իսկ սանձազերծած պատերազմում պոչատ բորենու կերպարանք ընդունած հերոսների վրայ յոյս դնելու դէպքում Ադրբեջանն այլ ընտրանք չէր ունենալու, քան զինադադար կնքելու թախանձագին խնդրանքով հայկական կողմին դիմելը: Արցախեան պատերազմի պարագայում, խնդիրը, սակայն, ադրբեջանցի հրոսակի թախանձագին խնդրանքը չէ միայն, այլ կատարեալ հիասթափութիւնը աւագ եղբայր Թուրքիայից, որն ընդամէնը կարողացաւ շրջափակման ենթարկել Հայաստանին, փոխանակՙ յարձակման ենթարկի:
Յամենայն դէպս, ժողովուրդը մարդկանց պատմականօրէն կազմավորւած սոցիալ-էթնիկ ընդհանրութիւնն է, այլ ոչ թէ ոչխարի հօտ: Հետեւաբար նրա արժէքը գլխաքանակով չի որոշւում: Նոյնը վերաբերում է նաեւ մեծ եղբայրներին: Քանի որ մինչեւ 20-րդ դարի 20-ական թթ. Կովկասի թաթարներ կոչւող ադրբեջանցի հրոսակը պատմութիւն չունի, իբրեւ ժողովուրդ ոչ թէ պատմականօրէն է կազմաւորւել, այլ «ադրբեջանական» է կոչւել Խորհրդային Միութեան հիմնադիրների քաղաքական հաշւարկներով, հետեւաբար նա գնահատում է գլխաքանակը, մէկ էլՙ մարդասպանին: Հայ սպանելու դէպքում նա փառաբանում է մարդասպան ստահակին, որպէսզի մոռանայ ժողովրդի իր կոչման մասին: Այլ կերպ, նա չի կարող նմանւել բորենիների ոհմակին: Ի դէպ, գլխաքանակով է գնահատւում նաեւ բորենիների ոհմակը:
Կարսում Ադրբեջանի հիւպատոս Սուլէյմանովը մասնակցե՞լ է Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքւի հայերի կոտորածներին, թէ՞ ոչ, չգիտենք: Բայց որ այս արարածը իբրեւ ադրբեջանցի չի կարող դուրս լինել սեփական ոհմակից, ակնյայտ է: Այլապէս, նա Խոջալուի մասին զազրակութիւններ դուրս տալուց առաջ կմտաբերեր Սումգայիթը, Կիրովաբադը, Բաքուն եւ կմտածէր, թէ ադրբեջանցի այսպէս կոչւած ժողովուրդը ո՞ր արժանիքի համար է փառաբանում «սումգայիթեան հերոսներին», Ղարաբաղեան պատերազմում ռազմի դաշտից ճողոպրած լինելո՞ւ, թէ՞ անզէն Հայ տղամարդկանց, անպաշտպան կանանց, երեխաներին սպանելիս գործադրած միջնադարեան դաժանութեան համար: Ըստ երեւոյթին, Սուլէյմանովին եւս չի յաջողւում թոթափել գլխաքանակի գործօնի ազդեցութիւնը:
ՅԱԿՈԲ ՉԱՔՐԵԱՆ, «Ազգ»
ArmAr.am

Համանախագահները բաւարար չեն համարել Հայաստանի ու Ադրբեջանի գործադրած ջանքերը

Յուլիս 29, 2010 10:48
Յուլիսի 28-ին Վիէնայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիէն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկէն (ԱՄՆ) հանդիպել են Մինսկի խմբի անդամների հետ: Ինչպէս NEWS.am-ը տեղեկանում է ԵԱՀԿ պաշտօնական կայքէջից, նրանք տեղեկացրել են ԼՂ խնդրի կարգաւորման բանակցային գործընթացի, յունիսի 17-ին Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ-ի նախագահների եռակողմ հանդիպման, ինչպէս նաեւ Ալմաթիում եւ Կուսկոկում համանախագահող երկրների կողմից տարածած յայտարարութիւնների մասին:
Համանախագահները նշել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի գործադրած ջանքերը բաւարար չեն եղել առկայ տարաձայնութիւնները յաղթահարելու համար, եւ անհրաժեշտ է ձեռնարկել յաւելեալ քայլեր` հրադադարի ռեժիմն ամրապնդելու եւ փոխզիջումների պատրաստակամութիւնը ի ցոյց դնելու համար:
Հաղորդագրութեան մէջ նշւում է նաեւ, որ համանախագահները մտադիր են սեպտեմբերի սկզբին այցելել տարածաշրջան` հակամարտութեան կողմերի ջանքերին աջակցելու նպատակով:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Առիթը չպէտք է ձեռքից բաց թողնել.
Կիրօ Մանոյեանը Հաագայի
դատարանի որոշման մասին
«Չափազանց կարևոր է, որ մենք այս առիթն օգտագործենք և բարձրաձայնենք, որ ԼՂՀ անկախութեան հռչակումը համապատասխանում է և ԽՍՀՄ, և միջազգային իրաւունքին»

13:59 • 28.07.10
Կոզովոյի անկախութեան հռչակման օրինականութեան վերաբերեալ Հաագայի միջազգային դատարանի որոշումը Հայաստանի համար յաւելեալ հնարաւորութիւն է՝ շեշտելու, որ ԼՂՀ անկախութեան ճանաչումը միջազգային իրաւունքին հակառակ չէ, ինչպէս նաև չի հակասում ԽՍՀՄ օրենքներին։ Այսօրւայ ասուլիսին նման դիտարկմամբ հանդէս եկաւ ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը։
Ըստ նրա՝ դատարանը չի հաստատում, որ միայն Կոզովոյի անկախութիւնն է ճանաչում։ «Սա ասում է, որ Կոզովոյի անկախութեան հաստատումը միջազգային իրաւունքին հակառակ չէ։ Դատարանն ընդամէնն արձանագրել է փաստը, որ միակողմանի են եղել անկախութեան յայտարարութիւնների մեծ մասը և միջազգային իրաւունքի մէջ անկախութեան միակողմանի յայտարարութիւն կատարելու ոչ մի արգելք չկայ»,- ընդգծեց նա։
Անդրադառնալով ԱՄՆ պետքարուղարի տեղակալի այն յայտարարութեանը, թէ այս որոշումը չի կարող նախադէպային լինել՝ Մանոյեանը նշեց. «Եթէ նա դա որպէս համալսարանի դասախօս ասէր, պէտք է իրեն աշխատանքից ազատէին, որովհետև ես համոզւած եմ՝ յաջորդ նման խնդրի դէպքում դատարանը յղում է անելու այս որոշմանը։ Ճիշտ չի ասել ԱՄՆ պետքարուղարի տեղակալը, թէ սա բացառապէս վերաբերւում է Կոզովոյին։
Որոշումը երկու յստակ բաժին ունի՝ մէկը սահմանում է, թէ միջազգային իրաւունքը ինչ է ասում, միւսը, թէ այդ միջազգային իրաւունքին արդեօ՞ք Կոզովոյի պարագան հակասում է»։
Ըստ Մանոյեանի՝ այս որոշումը ոչ մի երկրի համար պարտադիր չէ, սակայն օրէնքի վերջնական մեկնաբանութիւն է։
Բանախօսի կարծիքով՝ յստակ կարելի է ասել, որ որոշումը իրաւական է, սակայն դատաւորները քւէարկութիւն կատարելիս ինչ-որ քաղաքական ազդեցութիւնների կարող են ենթարկւած լինել։
Մանոյեանն ընդգծեց, որ այս առիթը չպէտք է ձեռքից բաց թողնել, պէտք է աւելի ակտիւացնել ԼՂՀ անկախութեան ճանաչման գործընթացը, համոզել ճանաչող երկրներին, որ դրանով իրենք միջազգային իրաւունքին դէմ չեն գնայ։ Իսկ Ադրբեջանը չի կարող իրաւական դաշտում խօսել, քանի որ, ըստ Մանոյեանի, տանուլ կտայ։
«Չափազանց կարևոր է, որ մենք այս առիթն օգտագործենք և բարձրաձայնենք, որ ԼՂՀ անկախութեան հռչակումը համապատասխանում է և ԽՍՀՄ, և միջազգային իրաւունքին։ Պէտք է անպայման անընդհատ միջազգային քաղաքական շրջանակներին յիշեցնել Արցախի խնդրի հոլովոյթները, և յիշեցնել այն, որ Արցախն իր անկախութիւնը հռչակեց, երբ արդէն նոյնիսկ Խորհրդային Ադրբեջանի կազմից դուրս էր բերւել։ Եւ այդ անջատումը կատարւեց, որովհետև տասնամեակներ շարունակ Խորհրդային Ադրբեջանը խտրական քաղաքականութիւն է վարել Ղարաբաղի նկատմամբ»,- նշեց բանախօսը։
Ըստ նրա՝ Ղարաբաղի մասին խօսելիս՝ աշխարհին պէտք է յիշեցնենք հիմքերը, «որովհետև մարդիկ արդէն սկսել են մոռանալ կամ նոր մարդիկ են այսօրւայ քաղաքական դերակատարները»։
Մանոյեանի համար անհասկանալի է, թէ ինչու Հաագայի դատարանի որոշումից յետոյ արցախցիները հանրահաւաք չանցկացրին. «Սա այն դէպքն է, երբ Արցախի ձայնը պէտք է անպայման հնարաւորինս բարձր լսւի և հասնի ոչ թէ մինչև Երևան, այլ Երևանից այն կողմ»։
Նա գտնում է, որ Հայաստանի կողմից ԼՂՀ անկախութեան ճանաչումը պէտք է լինի այն դէպքում, եթէ բանակցութիւնները մտնեն փակուղի։ «Այսօր ճանաչելը կարող է ինչ-որ ձևով դիտւել որպէս Հայաստանի կողմից խոչընդոտող քայլ, որն այս պահին այնքան էլ նպատակայարմար չէ։ Բայց դա չի նշանակում, որ Հայաստանը չպէտք է ակտիւ աշխատանք տանի, որ ԼՂՀ անկախութիւնը ճանաչւի այլոց կողմից»,- ընդգծեց Մանոյեանը։
Tert.am

29-ամեայ Հայուհին խորհրդաւոր
կերպով անհետացել է Թուրքիայում
Յուլիս 28, 2010 18:04
Թուրքիայում իր արձակուրդն անցկացնող 29-ամեայ Աննա Դաւթեանը խորհրդաւոր կերպով անհետացել է Անկարայում: Անցած տարի ամուսնանալուց յետոյ Դուբայում հաստատւած Աննա Դաւթեանը յուլիսի 15-ին իր ընկերոջ հետ գնացել է Անթալիա: Երկու օր իր արձակուրդը անցկացնելով Անթալիայում՝ Աննա Դաւթեանը ցանկացել է ընդմիջել արձակուրդը եւ վերադառնալ Դուբայ, սակայն յուլիսի 17-ին Անկարայի հիւրանոցներից մէկում, որտեղ եղել է ընկերոջ հետ, նա անհետացել է: Աղջկան փնտրելու համար Ստամբուլ գնացած մայրը` Կարինա Դաւթեանը, ասել է. «Աղջիկս 6 ամսւայ յղի է: Եթէ փորձանք պատահած չլինէր, ինձ անպայման կփնտրեր: Անհանգստանում եմ, որ կարող է նրան առեւանգած լինեն»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Մոսկւայում մահացել է Արաքս Դաւթեանը
19:50 • 28.07.10
Հայ երաժշտարւեստը ծանր կորուստ կրեց: Յուլիսի 28-ին Մոսկւայում վախճանւեց անւանի երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Արաքս Դաւթեանը:
Ա. Դաւթեանը ծնւել է 1949 թւականի ապրիլի 22-ին զինւորական օդաչուի ընտանիքում:
1975թ. աւարտել է Երևանի պետական կոնսերվատորիան: Որպէս մեներգչուհի 1975-86 թթ. աշխատել է կոնսերվատորիայի օպերային ստուդիայում, 1986-92-ին` ՀՀ հեռուստա–ռադիո–պետկոմի սիմֆոնիկ նւագախմբում:
Նա առաջին խորհրդային երգչուհին էր, ով յաղթանակ տարաւ երաժշտարւեստի այնպիսի հեղինակաւոր ստուգատեսում, ինչպիսին է Իտալիայի Վերչելլի քաղաքում անցկացւող «Վիոտիի անւան մրցոյթը» (1986թ.), որից անմիջապէս յետոյ «Տրավիատայում» Վիոելետայի դերերգով հանդէս գալու հրաւէր ստացաւ Մեծ թատրոնից: Արաքս Դաւթեանի լիրիկական սոպրանոն հնչել է աշխարհի հարիւր քսանից աւելի հեղինակաւոր համերգային դահլիճներում. «Կարնեգի Հոլլ» (Նիւ Եորք), «Գավո» (Փարիզ), «Գեբաու» (Ամստերդամ), «Սենթըր Հոլլ» (Տոկիօ) և այլն, համագործակցել է հանրայայտ արտիստներ Ռիկարդօ Շաիի, Գենադի Ռոժդեստվենսկու, Պիտեր Կլաուս Ֆլորի, Ելենա Օբրազցովայի, Թամարա Սինյավսկայայի և այլոց հետ: Յատկապէս յիշարժան է Ջուզեպպէ Վերդիի «Ռեքվիէմի» (դասական երկացանկում համարւում է տեխնիկապէս ամենաբարդ կատարելի ստեղծագործութիւններից մէկը) փայլուն կատարումը Ամստերդամի «Գեբաու» դահլիճում` 1988թ.:
Նշանաւոր երգչուհին նաև հիանալի մանկավարժ էր: Նա վոկալ է դասաւանդել Կոմիտասի անւան պետական կոնսերվատորիայում (1997-ից` կոնսերվատորիայի պրոֆէսոր), նաև Մոսկւայում, ուր աշխատեց մինչև կեանքի վերջը:
Արաքս Դաւթեանը զբաղւում էր ակտիւ համերգային գործունէութեամբ, ունէր լայն երկացանկ, որի մէջ մշտական տեղ ունէին հայ, ռուս և արևմտա–եւրոպական կոմպոզիտորների ընտիր ստեղծագործութիւնները: Վլադիմիր Սպիվակովի գնահատմամբ` Ա.Դաւթեանը Մոցարտի ստեղծագործութիւնների մեծագոյն մեկնաբանն էր:
Արաքս Դաւթեանը նաև բացառիկ արտիստիզմի տէր անձնաւորութիւն էր, ինչի վկայութիւնն է ճանաչւած ռեժիսոր Ռուստամ Խամդամովի «Վոկալ զուգահեռներ» խաղարկային ֆիլմում նրա մարմնաւորած փայլուն կերպարը:
Մեծատաղանդ երգչուհու և վաստակաշատ մանկավարժի յիշատակը միշտ վառ կմնայ նրա արւեստի բազմահազար երկրպագուների և սաների սրտերում:
Մշակոյթի նախարարութիւնից յայտնում են, որ Արաքս Դաւթեանի դին Հայաստան տեղափոխելու և յուղարկաւորելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծւել է պետական յանձնաժողով:

Tert.am

ՀՀ Պաշտպանութեան նախարարի
խրախուսական քայլը
Յուլիս 28, 2010թ. 16:37
ՀՀ զինւած ուժերի մարտական հերթապահութիւն իրականացնող զօրամասերի անձնակազմին խրախուսելու նպատակով ՀՀ պաշտպանութեան նախարարը հրաման է ստորագրել ՀՀ զինւած ուժերում «Մարտական հերթապահութեան համար» երկաստիճան մեդալ հիմնելու և դրա կանոնադրութիւնն ու նկարագրութիւնը գործողութեան դնելու մասին:
ՀՀ ԶՈւ «Մարտական հերթապահութեան համար» մեդալը շնորհւում է ՀՀ և ԼՂՀ տարածքային ամբողջականութեան ու պետական սահմանի (շփման գծի) անձեռնմխելիութեան ապահովման գործում անձնական վաստակ ունեցող պայմանագրային կազմի զինծառայողներին:

Խոշոր աւտովթար Երեւան-Ապարան ճանապարհին.
Կայ 12 վիրաւոր

Յուլիս 28, 2010 11:41
Յուլիսի 27-ի երեկոյեան ժամը 20-ի սահմաններում Երեւան-Ապարան աւտոմայրուղու 13-րդ կիլոմետրի հատւածում Արտաշավան գիւղի սկզբնամասում միմեանց են բախւել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 1092 Լ համարանիշի միկրոաւտոբուսը եւ «ՎԱԶ-21064» մակնիշի 03 UO 801 համարանիշի աւտոմեքենան։
Հարւածի արդիւնքում երկու մեքենաներն էլ դուրս են եկել ճանապարհի երթեւեկելի բանուկ մասից եւ բախւել ձորի քարերին: Վթարի արդիւնքում 12 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասւածքներով տեղափոխւել են տարբեր, մասնաւորապէս՝ Աշտարակի, Երեւանի, Թալինի հիւանդանոցներ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշեանը:
Դէպքի վայրում աշխատել են ճանապարհային ոստիկանութեան աշխատակիցներն ու Արագածոտնի մարզային վարչութեան քննչական բաժնի քննիչը:
Մեր տեղեկութիւններով, մարդատար միկրոաւտոբուսում եղել են Կոտայքի մարզի բնակիչներ` պարի խմբի անդամներ, որոնք վերադառնում էին Վանաձորից, որտեղ մասնակցել են միջոցառման:
«Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդն է Կոտայքի մարզի Ակունք գիւղի բնակիչ 48-ամեայ Մկրտիչ Ջոնիկի Կիրակոսեանը, իսկ «ՎԱԶ-21064»-ի վարորդն է Երեւանի Ֆուչիկի փողոցի բնակիչ Արամ Բաբկէնի Գաբրիէլեանը:
Փաստի առթիւ քննչական գլխաւոր վարչութեան Արագածոտնի քննչական բաժնում նիւթեր են նախապատրաստւում:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

Թուրքիա մեկնած Հայաստանցի զբօսաշրջիկներին ծեծել
են ու տարել ոստիկանութիւն

Յուլիս 27, 2010 12:08
Թուրքիա մեկնող Հայ զբօսաշրջիկին Հայաստանում առաջարկում են Միջերկրական ծովի լազուր, 5 աստղանի հիւրանոց, կատարեալ հանգիստ եւ անմոռանալի յուշեր։ Հաւատացէք, որ Թուրքիայից վերադառնալիս անջնջելի յուշերն ապահովւած են, իսկ ծովի կապոյտն ու 5 աստղանի հիւրանոցը ցանկալի, բայց ոչ իրական։ NEWS.am-ի թղթակցին հանդիպել եւ իրենց գլխի եկածը պատմել են վերջերս Թուրքիայից վերադարձած Սարաջեանները։ Ընտանիքի մայրը՝ Լիաննա Մամայեանը պատմեց հետեւեալը. «Փոքր որդուս առողջութեան բարելաւման համար բժիշկը ծով էր խորհուրդ տւել։ Որեշեցինք մեկնել Թուրքիա։ Դիմեցինք «Tez Tour» գործակալութիւն։ Եղած փաթեթներից ընտրեցինք Ալանիան, որտեղ պէտք է կանգ առնէինք «Aventura park» 5 աստղանի հիւրանոցում։ Ընտանիքի 4 անդամների համար վճարեցինք 4000 դոլար, եւ բնականաբար ապահովագրւեցինք։ Յուլիսի 6-ին մեկնեցինք Ալանիա, ճանապարհին խմբի անդամներից տեղեկացանք, որ միայն մենք ենք հանգստանալու «Aventura park»-ում, ճիշտն ասած՝ փոքր ինչ անհանգստացայ, դէ ամէն դէպքում Թուրքիայում էինք լինելու, եւ մտածում էի, որ լաւ կլինէր, որ հայաստանցիներով միասին լինէինք...
Ինչեւէ, ընտանիքով գնացինք «Aventura park» հիւրանոց։ Ասել էին, որ 5 աստղանի է, ինտերնէտում էլ այդպէս է նշւած, բայց երբ հասանք տեղ, հասկացանք, որ եթէ այն անկողմնակալ որակաւորում անցնէր 3 աստղի վարկանիշ էլ չէր ստանայ։ Հիւրանոցի ծովափը կեղտոտ էր, յետոյ իմացանք, որ կոյուղին անմիջապէս հանգստի համար նախատեսւած ջրերի մէջ էր թափւում։ Համարում, եթէ ցանկանում ես օդորակիչը միացնել, ապա պէտք է դէպոզիտ ունենաս, սպիտակեղէնը մաքուր չէր, մի խօսքով այդպէս էլ հանգստանում էինք, մինչեւ յուլիսի 16-ը, երբ տեղի ունեցաւ այն, ինչն աշխարհի քաղաքակիրթ որեւէ երկրում չէր կարող պատահել զբօսաշրջիկի հետ։
Նախ ասեմ, որ «Aventura park»-ի տղամարդ աշխատակիցները անտարբեր չէին անցնում հանգստացող կանանց կողքով, յատկապէս ռուս աղջիկների նկատմամբ շատ էին չափերն անցնում, ու նրանց չէր հետաքրքրում աղջիկն ընկերոջ հետ է, կամ թէ՝ ամուսնացած։ Նաեւ այնպիսի տպաւորութիւն էր ստեղծւում, որ պերսոնալը յատկապէս աշխատում էր հաճոյանալ հիւրանոցի տիրոջն ու որդուն, որովհետեւ, որ աղջկայ հետ, որ նրանք ծանօթութիւն էին հաստատում, նոյն աղջիկներին երեկոյեան տեսնում էինք հիւրանոցի տիրոջ կամ նրա տղայի հետ։ Մեզ հետ հանգստանում էին նաեւ երկու ռուսաստանցի աղջիկ, որոնցից մէկը հայուհի էր։ Հիւրանոցի աշխատակիցները, նրանց հետ էլ էին փորձել ծանօթանալ, բայց մերժւել էին։ Յուլիսի 16-ի երեկոյեան աղջիկները նստած էին ընդհանուր սրահում եւ իրենց նոթբուքով ինչ-որ գործ էին անում, երբ մատուցողները մօտեցան ու շատ կոպիտ ձեւով սեղանի վրայից քաշեցին սփռոցը, որ քիչ էր մնում համակարգիչը ընկնէր գետնին։ Աղջիկները բնականաբար նկատողութիւն արեցին, բայց մատուցողները սկսեցին վիճել, ու կոպիտ արտայայտութեամբ ասացին, որ բերանները փակեն։ Յաջորդ սեղանին նստած էին 20 տարեկանի մօտ 4 ռուսաստանցի տղաներ, որոնցից երկուսը հայ էին, ցանկացան պարզել, թէ ի՞նչ է պատահել։ Տղաների հարցին ի պատասխան, թուրքերը հայերին շատ լաւ ծանօթ բառով նրանց ուղարկեցին նստելու իրենց տեղում։ Յաջորդ վայրկեանին քաշքշուկ սկսւեց։ Հիւրանոցի անվտանգութեան աշխատակիցները ոչինչ չարեցին, որ բաժանեն ծեծկռտուքի մասնակիցներին։ 5 աստղանի «Aventura park»-ի պերսոնալում ինչքան տղամարդ աշխատակից կար, ծեծում էին 4 երիտասարդներին, ու այդ ամէնը բոլորի աչքի առաջ էր կատարւում։ Ի վերջոյ հանգստացողներից ոմանք կարողացան բաժանել նրանց, եւ երիտասարդներին տարան ընդհանուր օթեակի խանութներից մէկը։ Այդ ժամանակ ես ու ամուսինս վերադարձանք սենեակ, ու միաժամանակ փորձում էինք կապւել մեծ որդուս՝ 15-ամեայ Յովհաննէսի հետ։ Այդ նոյն պահին Յովհաննէսը, որ դուրս էր եկել հիւրանոցի տարածքից վերադառնում է ընդհանուր օթեակ։ Ծեծւած 4 երիտասարդները, որ մտերմացել էին նրա հետ հիւրանոցում, տեսնելով նրան, խնդրում են, որ ընդհանուր օթեակից բերի վայր ընկած բջջայիններն ու իրերը։ Յովիկը, բնական է, չի մերժում ընկերներին, գնում է, որ վերցնի բջջայինները։ Օթեակում կանգնած հիւրանոցի աշխատակիցներից մէկը կողքով անցնելիս ուսով հարւածում է Յովիկին, եւ ագրեսիւ տոնով աւելացնում, թէ չե՞ս կարող ուշադիր քայլել։ Յովհաննէսի պատասխանին, թէ ինքն ուշադիր էր, թուրքը սկսում է հրել նրան, ու նորից կռիւ է սկսւում։ 20 հոգով ծեծում են անչափահաս տղայիս։ Այդ պահին մեզ հետ հանգստացողներից մի ռուսաստանցի տղամարդ, ազգութեամբ թաթար, փորձում է Յովիկին բարձրացնել գետնից, բայց նրան էլ են ծեծում, ու կոտրում են կողոսկրերը։ Ծեծկռտուքից յետոյ, երբ տեսայ Յովհաննէսին, չճանաչեցի, որովհետեւ դէմքն ամբողջովին այտուցւած էր, ու աչքերը գրեթէ փակւել էին, չնայած մինչեւ նրան սենեակ բերելը, արդէն լւացել էին դէմքի արիւնը։ Դէպքից յետոյ ամուսինս՝ Արթուրը, փորձեց պարզել, թէ ինչ է պատահել։ Նրան եւ մեզ հետ հանգստացող Խաչիկին հիւրանոցի աշխատակիցները կրկին մօտ 20 հոգով կանչեցին հիւրանոցի տարածքից դուրս ու առանց որեւէ բան բացատրելու կռիւ սարքեցին։ Աշխատակիցներից մէկը դանակ էր հանել, իսկ միւսը արցունքաբեր գազ էր փչել Արթուրի աչքերին, ու կրկին նոյն ոհմակով սկսել էին ծեծել։
Կռիւների շարանից կազմւած այդ մղձաւանջը տեւեց մօտ 3 ժամ։ Ոչ մէկին չէի կարողանում դիմել ու բացատրութիւն ստանալ։ Մեզ հետ ամերիկահայ մի կին էր հանգստանում, որ թուրքերէն գիտէր, խնդրեցի, որ նա խօսի հիւրանոցի տիրոջ հետ, ասի որ իր հիւրանոցի աշխատակիցները անօրինականութիւն են անում, ասի, որ մենք կբողոքենք։ «Ո՞ւմ էք բողոքելու, Ալանիայի տարածքում ես պրոբլեմ չունեմ, ում ուզում էք բողոքեք»,- ասաց նա, իսկ երբ իմացաւ, որ Հայաստանից ենք, հայեացքը դարձաւ նողկանք արտայայտող ու ասաց՝ «Եալահ, եալահ»...
Այդ ընթացքում հիւրանոց էր եկել «Tez Tour»-ի աշխատակիցը, ով, ըստ էութեան, ոչինչ չկարողացաւ անել, որ հանգստացնի, կարծես աֆեկտի մէջ ընկած հիւրանոցի աշխատակիցներին։ Նրան ասում եմ, որ Յովհաննէսին բուժօգնութիւն է պէտք, գլխին հարւածներ են հասցրել, քթից արիւն է հոսում, իսկ նա, թէ «ես չեմ կարողանում Հայաստան կապւել, որ ճշտեմ, թէ արդեօք ապահովագրութիւնը ձեւակերպւա՞ծ է, ինքներդ փորձէք կապւել Հայաստան»։ Չօգնեց նաեւ այն, որ ես ցոյց տւեցի ապահովագրութեան մասին վկայող փաստաթղթերը։
Կէսգիշերին մօտ ժամանեցին թուրք ոստիկանները, ու կալանաւորեցին 4 ռուսաստանցի երիտասարդներին, ամուսնուս ու մեզ հետ նոյն հիւրանոցում հանգստացող Խաչիկին, եւ վերջապէս եկան համար, որ կալանաւորեն Յովհաննէսին։ Ինձ թւում էր այդ ամէնը սարսափելի երազ է...
Թուրք ոստիկանին ասում եմ, որ անչափահաս որդուս չի կարող ձերբակալել, որ իրաւունք չունի, իսկ նա, թուրքերէն չգիտեմ ինչ է ասում, ու առաջ է գալիս, որ ձեռնաշղթաներ անցկացնի Յովիկի ձեռքերին։ Նեարդերս տեղի տւեցին, սկսեցի գոռալ նրա վրայ, որ ես նրան ու ամբողջ իրենց ոստիկանութեանը դատի կտամ, որովհետեւ նրանք ապօրինի կերպով ձերբակալում են անմեղներին, որ մեղաւորները հէնց հիմա հիւրանոցի տարածքում իրենց համար ազատ ման են գալիս, որ անչափահասին ձերբակալելը յանցագործութիւն է...
Վերջում ասացի, որ Յովհաննէսի հետ ինձ ու 11-ամեայ որդուս էլ ձերբակալի, որովհետեւ ես իմ երեխաներին մենակ չեմ թողնի։ Ոստիկանը մի պահ նայեց ինձ, յետոյ յետ դարձաւ ու լքեց սենեակը։
Ոստիկանութիւնում ամուսնուս ու Խաչիկին երկար չպահեցին։ «Tez Tour»-ի աշխատակիցն էլ էր մեկնել ժանդարմերիա, ու բանակցել էր, որ Արթուրենց բաց թողնեն։ Արթուրենց բաց էին թողել, բայց փոխարէնը գործն ուզեցել էին բարդել 4 ռուսաստանցի տղաների վրայ, թէ իբր նրանք են կռիւ սարքել, որ հարբած խուլիգանութիւն են արել։ Արթուրենք չգիտեմ ինչ կերպ, բայց համոզել էին ոստիկաններին, որ տղաներին ազատ արձակեն... Համոզւել էին։
Ես ինձ երբէք, այդքան անպաշտպան, մենակ, վիրաւորւած ու անտեսւած չէի զգացել։ Գիշերը լուսացրինք բաց աչքերով, իսկ առաւօտեան, երբ արեւի ճառագայթները լուսաւորեցին ծովն ու ափը, այն ինձ համար էլ նախկին գեղեցկութիւնը չունէր, նոյնիսկ զզւելի էր, նման էր թուրքական լպրծուն քաղցրաւէնիքի, որ արհեստական լոյսերի տակ շատ լաւն ու համեղ է թւում, բայց համտեսելուց յետոյ հիասթափւում ես...
Վերադարձի ճանապարհին չկարողացայ զսպել արցունքներս։ Դէ, խմբի անդամները հետաքրքւեցին, թէ ի՞նչ է պատահել։ Պատմեցի։
Այդ պահին մի կին, որ ճանապարհին գրեթէ չէր շփւում ոչ ոքի հետ, ասաց. «Թող իրանց կարգին պահէին տենց չէր լինի, ես արդէն 5 տարի ա մենակ Թուրքիա եմ գալիս հանգստանալու, իմ հետ տենց բան խի՞ չի լինում։ Համել թող իրանց Հայաստանում նորմալ գներ դնեն, ես էլ իմ փողերը ընդեղ կծախսեմ»։
Ես ապշել էի, ու պատասխանելն անիմաստ էր... Բայց մենք մեր ընտանիքով մի բան որոշեցինք հաստատ։ Թուրքիա, էլ երբէք, որեւէ մէկս ոտք չի դնի»։
P.S. NEWS.am-ը յիշեցնում է, որ Հայաստանը եւ Թուրքիան չունեն դիւանագիտական յարաբերութիւն, եւ Հայաստանի քաղաքացիներն այդ երկրում իրաւական կամ այլ խնդիրների հանդիպելիս, բացարձակ անպաշտպան են։

Կոնստանտին Ամիրաքեան
Լուրեր Հայաստանից - NEWS.am

Ի՞նչ օկուպացիայի մասին է խօսքը...
ԱՐԱ ՊԱՊԵԱՆ
Բաքւի թաթարները եւ նրանց տէրերը` Ստամբուլի թուրքերը, պարբերաբար խօսում են Հայաստանի Հանրապետութեան կողմից Ադրբեջանի Հանրապետութեան տարածքի մի մասի, իբր, ռազմակալման (occupation) մասին: Միանգամայն հիմնազուրկ պնդում: Նման պնդման համար հիմքեր են պէտք: Հիմքերից մէկը խնդրոյ առարկայ տարածքի միջազգային իրաւունքով ամրագրւած տիտղոսի առկայութիւնն է: Այսինքն, որպէսզի Ադրբեջանի տարածքի որեւէ մաս համարւի որեւէ մէկի կողմից ռազմակալւած, անհրաժեշտ է, որ Ադրբեջանն ունենայ եւ վկայակոչի այն միջազգային փաստաթուղթը, որով, այսպէս կոչւած, ռազմակալւած տարածքի վրայ ճանաչւած է եղել Ադրբեջանի Հանրապետութեան տիտղոսը: Սա միջազգային իրաւունքի հիմնարար դրոյթ է, քանի որ միջազգային օրէնքը յստակ է` ցանկացած տարածքի պատկանելութիւնը որեւէ պետութեան պայմանաւորւած է միջազգային օրինական փաստաթղթով ամրագրւած տիտղոսով եւ տւեալ տարածքի վրայ հաստատւած գերիշխանութեամբ (sovereignty):
Համառոտակի անդրադառնանք վերջին մի քանի հարիւր տարւայ ընթացքում Լեռնային Ղարաբաղի տարածքի տիտղոսին: Ամասիայի թուրք-պարսկական պայմանագրով 1555թ.-ից Լեռնային Ղարաբաղի տարածքի վրայ միջազգայնօրէն ամրագրւած է եղել Պարսկաստանի տիտղոսը: 19-րդ դարի սկզբին Հարաւային Կովկասի արեւելեան հատւածն անցաւ Ռուսաստանի կայսրութեանը, ըստ այդմ, 1813թ.-ի Գիւլիստանի պայմանագրով Ռուսաստանի տիտղոսն ամրագրւեց Լեռնային Ղարաբաղի վրայ: Անվիճելի է, որ 1813-1918թթ. Ղարաբաղի վրայ (նկատի ունեմ եւԲ Լեռնային եւԲ Դաշտային Ղարաբաղը) անվերապահօրէն հաստատւած է եղել Ռուսաստանի կայսրութեան տիտղոսն ու գերիշխանութիւնը: Բոլշեւիկեան յեղաշրջման պատճառով (1917թ.) Ռուսաստանի կայսրութեան կործանման հետեւանքով Հարաւային Կովկասում թէեւ առաջացաւ քաղաքական անյստակ վիճակ, միջազգային իրաւունքի եւ տարածքի տիտղոսի տեսանկիւնից մինչեւ 1920թ. Յունւարը ամէն ինչ յստակ մնաց, քանի որ մինչեւ 1920թ. յունւարը միջազգային հանրութիւնը մերժել է ճանաչել հարաւային Կովկասի երեք նորաստեղծ պետութիւնները, հետեւաբար շարունակել ճանաչել Ռուսաստանի կայսրութեան տիտղոսը: Միայն 1920թ. հունւարից Փարիզի խաղաղութեան վեհաժողովը, յանձինս Գերագոյն խորհրդի (Supreme Council of the Paris Peace Conference) երկրներ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի, ճանաչեց Հարաւային Կովկասի երկրների անկախութիւնը: Ըստ էութեան մինչ այդ` 1918թ. մայիսից մինչեւ 1920թ. յունւարը, Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հանրապետութիւնները, ժամանակակից լեզւով ասած, միայն ինքնահռչակ հանրապետութիւններ էին: Կարեւոր է ընդգծել, որ Փարիզի վեհաժողովի ճանաչումը յստակ նախապայման ունէր` Հրաւային Կովկասի երկրների սահմանները հետագայում որոշւելու էին Փարիզի վեհաժողովի կողմից: Այստեղ անհրաժեշտ է շեշտել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հանրապետութիւնների հռչակումից (1918թ. մայիս) մինչեւ նրանց ճանաչման սկիզբը (1920թ. յունւար) ոչ միայն Ադրբեջանի Հանրապետութեան տիտղոսը ճանաչւած չի եղել Լեռնային Ղարաբաղի վրայ, այլեւ Ադրբեջանի Հանրապետութիւնը երբեւէ Լեռնային Ղարաբաղի վրայ չի իրականացրել լիակատար վերահսկում (effective control): Աւելին, Ղարաբաղը շատ աւելի արդիւնաւէտ վերահսկւում էր տեղում ձեւաւորւած հայկական իշխանութիւնների եւ ուժերի կողմից:
Փարիզի վեհաժողովի ճանաչումից արդէն մէկ ամիս յետոյ` 1920թ. փետրւարի 24-ին, նոյն վեհաժողովի Հայաստանի սահմանները որոշող յանձնաժողովը (Commission for the Delimitation of the Boundaries of Armenia) Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի ներկայացուցիչների մասնակցութեամբ, արդէն Ազգերի լիգայի խորհրդի անունից, համատեղ զեկոյցով յստակեցրեց Հարաւային Կովկասում սահմանազատման (delimitation) սկզբունքը: Այն է` Հայաստանի եւ Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները պիտի գծւէին ՙի նկատի ունենալով, որպէս սկզբունք, ազգագրական տւեալները՚ (taking into, in principle, of ethnographical data). Ի դէպ, Շուշիի 1920թ. մարտի ջարդերը մեծապէս պայմանաւորւած էին այս որոշումով` Կովկասի թաթարները փորձ արեցին թուրքավարի փոխել Լեռնային Ղարաբաղի ժողովրդագրական պատկերը: Սակայն այս որոշմանը վիճակւած չէր իրականութիւն դառնալ, քանի որ արդէն 1920թ. ապրիլից Ադրբեջանը, իսկ 1920թ. դեկտեմբերից Հայաստանն օկուպացւեց բոլշեւիկեան 11-րդ բանակի կողմից եւ նշեալ պետութիւնները դադարեցին գոյութիւն ունենալուց: Հետագան աւելի է յայտնի` նորահաստատ սովետական իշխանութիւնները կուսակցական որոշումով վարչական վերաբաշխումներ արեցին եւ հայաբնակ զգալի տարածքներ, որոնք Փարիզի վեհաժողովի սկզբունքի կիրառման դէպքում անվիճելիօրէն հայաստանեան պիտի լինէին, դրեցին Բաքւի վարչական ենթակայութեան ներքոյ: Բնական է, որ խօսք լինել չի կարող միջազգայնօրէն ամրագրւած տիտղոսի մասին: Որեւէ կուսակցական որոշում չի կարող իրաւական հետեւանք ստեղծել միջազգային իրաւունքի մէջ եւ ամրագրել որեւէ տարածքի վրայ որեւէ տիտղոս: Նախկին անկախ Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանն իրենք 1920/21թթ.-ից մինչեւ 1924թ. ունեին ռազմակալւած երկրների կարգավիճակ: Հետագայում, (1924թ. փետրւարից), Սովետական Միութեան ճանաչման հետեւանքով ճանաչւեց այդ երկրների բռնակցումը (annexation): Ըստ այդմ, 1924թ.ից ողջ Հարաւային Կովկասի վրայ, ներառեալ Լեռնային Ղարաբաղը, անվերապահօրէն ճանաչւեց Սովետական Միութեան տիտղոսն ու գերիշխանութիւնը:
1991թ.-ին, երբ Ադրբեջանն իրեն անկախ հռչակեց Սովետական Միութիւնից, Լեռնային Ղարաբաղն արդէն փաստացի անկախ էր: Այսինքն, իր վերանկախացումից ի վեր Ադրբեջանի Հանրապետութիւնը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան տարածքի վրայ մէկ օր իսկ չի իրականացրել լիակատար վերահսկում (effective control): Աւելին, 1991թ. հոկտեմբերի 18-ին Պետական անկախութեան վերականգնման սահմանադրական ակտով նորանկախ Ադրբեջանն իրեն յայտարարելով Ադրբեջանի առաջին հանրապետութեան (1918-1920թթ.) ուղղակի իրաւայաջորդը, ըստ էութեան, նաեւ փաստաթղթային ձեւակերպմամբ չեղեալ յայտարարեց մինչեւիսկ այն վարչական կապը, որը գոյութիւն էր ունեցել Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութեան եւ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի միջեւ:
Այսինքն, եթէ ՍՍՀՄ տրոհումից յետոյ նախկին սովետական սոցիալիստական հանրապետութիւնների մեծ մասի տարածքում առաջացան մէկական անկախ երկիր, ապա Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանարապետութիւն կոչւած ՍՍՀՄ-ի վարչական միաւորի տարածքում առաջացան երկու պետութիւն` Ադրբեջանի Հանրապետութիւնը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը: Ադրբեջանի Հանրապետութիւնը ոտնահարելով ՄԱԿ-ի կանոնադրութեամբ ստանձնած ինքնորոշման սկզբունքը յարգելու պարտաւորութիւնը, անողոք պատերազմ սանձազերծեց իր նորանկախ հարեւանի դէմ եւ խայտառակ պարտութիւն կրեց:
Ի դէպ, 1991թ.-ի դեկտեմբերի 16-ին Բրիւսելում Եւրոպական համայնքի ներկայումս՝ Եւրոպական Միութիւն երկրների արտաքին գործերի նախարարները Արեւելեան Եւրոպայում եւ Խորհրդային Միութեան [տարածքում] նոր պետութիւնների ճանաչման ուղենիշների՚ վերաբերեալ հռչակագրում ՙբոլոր սահմանների անձեռնմխելիութեան՚ նկատմամբ յարգանքը պայմանաւորեց ՙօրէնքի իշխանութեան, ժողովրդավարութեան եւ մարդկային իրաւունքների՚ յարգանքով, ինչպէս նաեւ ՙէթնիկ, ազգային խմբերի եւ փոքրամասնութիւնների իրաւունքների երաշխաւորմամբ՚: Մի բան, որոնցից եւ ոչ մէկը չի իրականացւել ադրբեջանական պետութեան կողմից:
Հետեւաբար, երբ մեր հարեւանները խօսում են ՙօկուպացիայի՚ մասին, թող բարի լինեն նշել` պատմութեան ո՞ր ժամանակահատւածում է Ադրբեջանի Հանրապետութիւնը Լեռնային Ղարաբաղի վրայ իրականացրել լիակատար վերահսկում (effective control) և ո՞ր միջազգային փաստաթղթով է Լեռնային Ղարաբաղի վրայ ճանաչւած եղել Ադրբեջանի Հանրապետութեան տիտղոսը: Եթէ չի եղել այդպիսի վիճակ եւ չկայ այդպիսի փաստաթուղթ, իսկ այդպիսիք ակնյայտօրէն չկան, ապա ի՞նչ ՙօկուպացիայի՚ մասին է խօսքը:

ԱՐԱ ՊԱՊԵԱՆ

Հայաստանի պաշտպանությեան նախարարն այցելել է Աֆղանստանում ծառայող հայկական զօրախմբին
15:36 • 27.07.10
2010թ. Յուլիսի 24-ից 26-ը աշխատանքային այցով Աֆղանստանում էր գտնւում ՀՀ պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանի գլխաւորած պատւիրակութիւնը:
Յուլիսի 24-ին ՀՀ պաշտպանութեան նախարարն այցելել է Կունդուզում տեղակայւած ՀՀ զօրախմբին, ծանօթացել է հայ խաղաղապահների ծառայութեան պայմաններին, եղել Կունդուզի օդանաւակայանի յենակէտերում: Օդանաւակայանի անվտանգութիւնն ապահովում է հայկական զօրախումբը: ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամեանը օրհնել է հայ խաղաղապահների կողմից կառուցւած Սուրբ Թադէոս Առաքեալ անւանակոչւած մատուռը:
Այցի շրջանակներում ՀՀ ԶՈՒ պատւիրակութիւնը հանդիպումներ է ունեցել Աֆղանստանի միջազգային անվտանգութեան աջակցման ուժերի (ԱՄԱԱՈՒ-ISAF) հրամանատար, գեներալ Դէյվիդ Հ. Պետրեուսի, ԱՄԱԱՈՒ-ի հիւսիսային տարածաշրջանային հրամանատարութեան հրամանատարի և Կունդուզ նահանգային վերականգնողական խմբի ղեկավարութեան հետ: Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են Աֆղանստանի և տարածաշրջանի անվտանգութեան միջավայրը, ԱՄԱԱՈՒ-ից աֆղանական զինւած ուժերին անվտանգութեան պատասխանատւութեան փոխանցման գործընթացի հետ կապւած մարտահրաւէրները, Քաբուլի վեհաժողովի արդիւնքները և հետագայ համագործակցութեան հեռանկարները: ԱՄԱԱՈՒ-ի հրամանատարութիւնը շնորհակալութիւն է յայտնել նախարար Սէյրան Օհանեանին հայկական զօրախմբի գերազանց և օրինակելի ծառայութեան և այն կարևոր ներդրումի համար, որ հայ խաղաղապահերն ունեն Աֆղանստանի հիւսիսի ռազմավարական նշանակութիւն ունեցող տեղանքների անվտանգութեան ապահովման գործում:
ԱՄԱԱՈՒ-ի հիւսիսային տարածաշրջանային հրամանատարութեան հրամանատար, գեներալ-մայոր Հանց Վերներ Ֆրիցը համառոտ ներկայացրել է նաև Աֆղանստանի հիւսիսային տարածաշրջանում անվտանգութեան միջավայրը, գործողութիւնների ռազմավարութիւնը, հրամանատարական կառուցւածքը, ձեռքբերումները և առաջիկայ մարտահրաւէրները:
Յուլիսի 25-ին ՀՀ ԶՈՒ պատւիրակութեանն ընդունել է Աֆղանստանի պաշտպանութեան նախարար Աբդուլ Ռահիմ Վարդակը և Աֆղանստանի ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Շեր Մուհամեդ Քարիմը: Հանդիպումների ժամանակ բարձր գնահատականի է արժանացել ՀՀ զօրախմբի ծառայութիւնը Կունդուզում:
Միաժամանակ, ՀՀ պաշտպանութեան նախարարի խնդրանքով ներկայացւել է Աֆղանստանում տիրող ընդհանուր իրավիճակը: Մասնաւորապէս՝ նախարար Վարդակը նշել է, որ վերջին տարւայ համեմատ դէպքերի և պատահարների աճը ունի նաև օբյէկտիւ պատճառներ, մասնաւորապէս՝ կտրուկ աճել է ԱՄԱԱՈՒ-ի և Աֆղանստանի անվտանգութեան ուժերի քանակը, որի շնորհիւ գործողութիւններ են իրականացւում այն վայրերում, որտեղ նախկինում դա հնարաւոր չէր: Նա աւելացրել է, որ չնայած առկայ բազում խնդիրներին, ըստ վիճագրական տւեալների, 2002թ. ի վեր Աֆղանստանում նաև միջազգային հանրութեան ջանքերով արձանագրւել է հասարակական-տնտեսական աճ:
Ինչպէս յայտնում են ՀՀ ՊՆ-ից, յուլիսի 26-ին, Աֆղանստանից հետդարձի ճանապարհին, Ուզբեկստանի Թերմեզի օդանաւակայանում ՀՀ պաշտպանութեան նախարարը հանդիպել է Ուզբեկստանի պաշտպանութեան փոխնախարար պարոն Ֆշավկաթ Տուրսուն Նորմատովի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ ռազմական համագործակցութեան ներկայ վիճակը և զարգացման հնարաւորութիւնները: Գերմանիայից դէպի Կունդուզ ՀՀ զօրախումբի տեղափոխման ճանապարհին Թերմեզի օդանաւակայանը ծառայում է որպէս միջանկեալ կայան, և հայ խաղաղապահների նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար Սէյրան Օհանեանը շնորհակալութիւն է յայտնել պարոն Նորմատովին:
Յուլիսի 26-ի երեկոյեան ՀՀ պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանի գլխաւորած պատւիրակութիւնը վերադարձել է Երևան:
Tert.am

Արցախի հիւսիսը ապահովում է երկրի
սահմանների անվտանգութիւնը
Յուլիս 26, 2010թ. 17:08
Յուլիսի 24-ից 25-ը Նախագահ Բակօ Սահակեանն աշխատանքային այցով գտնւում էր հանրապետութեան Մարտակերտի եւ Շահումեանի շրջաններում:
Մարտակերտի շրջանում Բակօ Սահակեանն այցելել է Մադաղիսի, Սարսանգի, Թրղէ-1 եւ կառուցւող Թրղէ-2 հիդրոէլեկտրակայաններ եւ տեղում ծանօթացել իրականացւող աշխատանքներին:
Հաթերք գիւղի մօտ տեղակայիած դաշտային շտաբ-ճամբարում երկրի ղեկավարը խորհրդակցութիւն է հրաւիրել հանրապետութեան էներգետիկայի բնագաւառի զարգացման հարցերի շուրջ: Զեկոյցներով հանդէս են եկել ԿԱ արտադրական ենթակառուցւածքների վարչութեան պետ Կառլէն Պետրոսեանը եւ «ԱրցախՀԷԿ» ընկերութեան գործադիր տնօրէն Վահրամ Բեգլարեանը:
Նախագահը կարեւորել է էներգետիկայի բնագաւառը` այն համարելով մեր երկրի զարգացման ռազմավարական ուղղութիւններից մէկը, եւ ընդգծել այդ ոլորտում կադրերի պատրաստման հիմնախնդրի նշանակութիւնը` որպէս դրա առաջընթացի ապահովման գրաւական:
Նոյն օրը Նախագահն այցելել է Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հիւսիսային հատւածը:
Արցախի Հանրապետութեան զինւած ուժերի գերագոյն գլխաւոր հրամանատարը կարեւորել է հիւսիսային հատւածի նշանակութիւնը երկրի սահմանների անվտանգութեան ապահովման գործում, եւ ընդգծել, որ իշխանութիւնները այսուհետ եւս ամէն ինչ կանեն պաշտպանութեան բանակի մարտունակութիւնը բարձր պահելու համար: Երկրի ղեկավարը արժէքաւոր նւէրներ է յանձնել մի շարք սպաների եւ զինւորների:
Յուլիսի 25-ին Նախագահ Սահակեանն այցելել է Շահումեանի շրջան եւ Քարվաճառ շրջկենտրոնում ծանօթացել իրականացւող շինարարական աշխատանքներին: Այնուհետեւ հրաւիրւել է աշխատանքային խորհրդակցութիւն:
Բակօ Սահակեանը նշել է, որ անհրաժեշտ է մշակել Քարվաճառ շրջկենտրոնում բնակարանաշինութեան նոր ծրագիր, որը դրական լիցք կհաղորդի քաղաքի զարգացմանը: Այդ համատեքստում Նախագահը յատուկ ընդգծել է իրականացւող աշխատանքների բարձր որակի ապահովման անհրաժեշտութիւնը՝ նշելով, որ դրանք կլինեն իր անմիջական վերահսկողութեան ներքոյ:
Նոյն օրը երկրի ղեկավարն այցելել է Մեծ եւ Փոքր Ալ լճերի աւազանը եւ ծանօթացել այնտեղ նախատեսւող մի շարք ծրագրերի նախագծերին:
Այնուհետեւ Ծար գիւղում Բակօ Սահակեանը հանդիպել է համայնքի ներկայացուցիչների հետ, որից յետոյ այցելել այնտեղ գտնւող հանրապետական տոհմային կայան: Նախագահը նշել է, որ Շահումեանի շրջանի զարգացումը հանրապետութեան համար ունի ռազմավարական կարեւորագոյն նշանակութիւն: Այս համատեքստում Բակօ Սահակեանը կարեւորել է գիւղատնտեսութեան, յատկապէս՝ անասնապահութեան զարգացումը, որի համար շրջանում առկայ է հսկայական ներուժ:
Այցելութիւնների ժամանակ Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Յարութիւնեանը, պաշտօնատար այլ անձինք:
ArmAr.am

Սթրիփթիզ ակումբում պարող վրացի նախարարի նկարը
Facebook-ում հիթ է դարձել
19:24 • 26.07.10
Facebook սոցիալական ցանցի հիթ է դարձել Վրաստանի տնտեսութեան և կայուն զարգացման 28–ամեայ նախարար Վերոնիկա Կոբալիայի լուսանկարը, որում նա իր քրոջ ու ևս 3 կանանց հետ պատկերւած է սթրիփթիզ ակումբի բեմի վրայ։ Այս մասին յայտնում է ВЗГЛЯД–ը՝ վկայակոչելով վրացական «Ասավալ–դասավալի» շաբաթաթերթը։
Ըստ պարբերականի՝ լուսանկարն արւել է նախարարի նախկին բնակավայրի՝ Կանադայի գիշերային ակումբներից մէկում։Լուսանկարը, ենթադրաբար, արւել է փետրւարին, երբ Օլիմպիական խաղերը դիտելու համար Կանադայում էր Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Նոյն նկարը «Չարլիի հրեշտակները» գրութեան ներքոյ տպագրել է նաև վրացական «Շաբաթւայ ներկապնակ» շաբաթական պարբերականը։
«Վերա Կոբալիան դուր է եկել Սաակաշվիլիին. 28–ամեա յաղջկան նախարար նշանակելու պատասխանատւութիւնը կրում է նախագահը»,– գրում է «Ասավալ–դասավալի»–ն։
Tert.am

Սեմնեբի.–
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով հանրաքւէի անցկացումը վաղաժամ է
20:24 • 26.07.10
Եւրամիութիւնը վաղաժամ է համարում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով հանրաքւէի անցկացումը։ Այս մասին Интерфакс-ին տւած հարցազրոյցում ասել է ԵՄ Հարաւային Կովկասի հարցերով յատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին։«Լեռնայի Ղարաբաղի կարգավիճակի հարցով որևէ քւէարկութիւն կարող է տեղի ունենալ միայն երկար գործընթացից յետոյ։ Այժմ անհրաժեշտ է պայմանաւորւել այն սկզբունքների մասին, թէ ինչպէս պէտք է զարգանայ այդ գործընթացը՝ բոլոր կողմերի համար երաշխիքներ ստեղծելու նպատակով»,- ասել է Սեմնեբին։
Նա յիշեցրել է, որ կարգաւորման սկզբունքները արդէն հնչեցւել են ամենաբարձր մակարդակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից։ «Ես կարծում եմ, որ սա հրաշալի հիմք է կարգաւորման համար, և Եւրամիութիւնը կոչ է անում երկու կողմերին յենւել դրա վրայ»,- ընդգծել է Սեմբնեբին։
Նա նշել է, որ արդէն կայ ինչ-որ ուրւագիծ, որը կարող է խնդրի կենսունակ լուծում լինել, և այժմ ընդամէնը պէտք է համոզել կողմերին ընդունել այդ սկզբունքները։
Նա նաև ընդունել է, որ Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման ընթացքի վրայ ազդում է Հայաստանի և Թուրքիայի միջև յարաբերութիւնների նորմալացման գործընթացը։
«Այս գործընթացների միջև ձևական կապ չկայ։ Միևնոյն ժամանակ չի կարելի ժխտել, որ ինչ էլ կատարւի այդ գործընթացներից մէկում, դա կազդի վստահութեան մթնոլորտի վրայ, և դրան պէտք է ուշադրութիւն դարձնել»,- ասել է Սեմնեբին։
Tert.am

Պէտք է Ալիևին հարց տալ՝
–Որտե՞ղ էիր դու պատերազմի ժամանակ
«ԼՂ ժողովուրդը կռւել է իր հողի, իր տան ու ընտանիքի համար, իսկ «եթէ ադրբեջանցին յանկարծ կռւի Ղարաբաղում, ապա նա կռւելու է իր պատմաբանների կողմից ստեղծւած միֆի կամ իր երկրի ղեկավարների կողմից ստեղծւած ինչ–որ քարոզչութեան ազդեցութեան տակ»։



18:15 • 26.07.10
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Սամւէլ Նիկոյեանն այսօրւայ ասուլիսի ժամանակ լրագրողների խնդրանքով անդրադարձաւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի այն յայտարարութեանը, որ եթէ Ադրբեջանը չպատասխանի սանկտպետերբուրգեան առաջարկներին, կփնտրւեն այլ ճանապարհներ։
Հարցին, թէ դուք գիտէ՞ք, թէ ինչ այլ ճանապարհների մասին էր խօսում ՀՀ նախագահը, Սամւէլ Նիկոյեանը կրկին ներկայացրեց իր անձնական կարծիքը. «Այլ ճանապարհները կարող են լինել բազմապիսի։ Օրինակ, իմ անձնական տեսակէտն եմ ասում, ՀՀ–ի կողմից ԼՂ անկախութեան ճանաչումը, կամ, օրինակ, համանախագահող երկրների կողմից... Օրինակներ եմ բերում և կարող են էլի այլ օրինակներ լինել»։ Նիկոյեանը նշեց նաև, որ ինքը տեղեակ չէ, թէ ՀՀ–ն ինչ ուրիշ մօտեցումներ ունի իր թղթապանակում։«Ընդհանուր առմամբ, ռազմական գործողութիւնները որևէ մէկը չպէտք է բացառի և որևէ մէկը չպէտք է պնդի»,– յայտարարեց Սամւէլ Նիկոյեանը՝ ի պատասխան հարցի, թէ արդեօ՞ք «այլ ճանապարհներ» ասւածի մէջ մտնում է ռազմական գործողութիւնների վերսկսումը։
«Պէտք է Ալիևին հարց տալ՝ որտե՞ղ էիր դու պատերազմի ժամանակ, դու ի՞նչ գիտես, թէ ինչպէս կարելի է յաղթել, դու գիտե՞ս պատերազմն ինչ է, թէ՞ չէ։ Այն ժամանակ հասուն տարիքի տղամարդ էիր և դու կարող էիր ցոյց տալ, որ պատերազմի դաշտում լիդեր ես, ղեկավար ես, կարո՞ղ ես հիմա նման յայտարարութիւն անել, դու դրա իրաւունքը վաստակե՞լ ես։ Չէ, դու փախել էիր, արտասահմանում էիր... Իսկ ՀՀ նախագահը զինւորից մինչև գերագոյն գլխաւոր հրամանատար ամբողջ ճանապարհով անցել է։ Մեր պաշտպանութեան նախարարը, ԼՂ պաշտպանութեան նախարարը և ամբողջ սպայական կազմը յաղթանակած բանակի ղեկավարներ են, որոնք գիտեն՝ ինչ է նշանակում յաղթանակը, գիտեն՝ ինչ է յաղթանակի գինը»,– յայտարարեց Սամւէլ Նիկոյեանը։
Նա նշեց, որ ԼՂ ժողովուրդը կռւել է իր հողի, իր տան ու ընտանիքի համար, իսկ «եթէ ադրբեջանցին յանկարծ կռւի Ղարաբաղում, ապա նա կռւելու է իր պատմաբանների կողմից ստեղծւած միֆի կամ իր երկրի ղեկավարների կողմից ստեղծւած ինչ–որ քարոզչութեան ազդեցութեան տակ»։
Tert.am

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՈՍԿէ ՁՈՒՆ
Մինչ Հայաստանի իշխանութիւնը երկու տարի շարունակ խօսում է մրցունակութեան, խոշոր բիզնէսը թիրախ դարձնելու, տնտեսական հաւասար հնարաւորութիւնների, մենաշնորհները վերացնելու եւ այլնի մասին, Հայաստանում մեծ հանդիսաւորութեամբ նշւեց հերթական մենաշնորհի ծնունդը:
Հայաստանի համեմատաբար ազատ ու մրցակցային` հաւի ու ձւի շուկայում խոշոր ձեռնարկութիւններից մէկը, դեմպինգ իրականացնելով, այսինքն գցելով ձւի գինը, կլանեց սնանկացման վտանգի տակ յայտնւած այլ նմանատիպ ձեռնարկութիւնների: Մնում է, որ այդ ձեռնարկութեան սեփականատէրն առաջիկայ ընտրութեանը դառնայ Ազգային ժողովի պատգամաւոր (աններելի է, որ նա ԱԺ-ում չլինի), եւ Հայաստանը հանդիսաւորութեամբ կնշի նոր օլիգարխի ծնունդը:
Իշխանութիւնն, իհարկէ, կասի, որ սա շուկայական երեւոյթ է, եւ ինքը չի միջամտում: Ձեռքի հետ էլ կմեղադրի հասարակութեանը` անհրաժեշտ գիտակցութեան բացակայութեան մէջ: Միջազգային ֆինանսական կազմակերպութիւններին էլ կշարունակի համոզել, որ պայքարում է մենաշնորհների դէմ, բայց մեծ է համակարգի դիմադրութիւնը, անհրաժեշտ մեխանիզմներ չկան եւ այլն:
Սակայն, սա ամենեւին էլ հաւի ու ձւի յաւերժական վէճը չէ: Խնդիրը բաւական պարզ է` այդ շուկայում, ըստ մասնագէտների, տարեկան մօտ 15 միլիոն դոլար հասոյթ կայ, եւ չարժէ, այն էլ ընտրութեան նախօրէին, "բաժան-բաժան" անել այդ գումարը: Իսկ այն շատ է պէտք գալու, այն ամէնի համար, ինչ կատարւում է ընտրութեան ժամանակաշրջանում` ստւերային "նալոգի", ընտրամեքենան անխափան աշխատեցնելու եւ այլնի ձեւով:
Ինչ վերաբերում է ձւի գնին, ապա այն արդէն կենթարկւի ոչ թէ շուկայական, այլ համակարգային տրամաբանութեանը, ինչպէս մնացեալ ամէն ինչը: Եւ չի բացառւում, որ հետագայում համաշխարհային թանգարանները կռիւ կտան Հայկական աշխարհի ձուն իրենց հաւաքածուներում ունենալու համար:
«Լրագիր»

Վրաստանում կատւից շուն է ծնւել
Վրացական լրատւամիջոցները գրում են, որ վրացական Ահմեդի մարզում կատուն լոյս աշխարհ է բերել շնիկի։
Կատւի տիրոջ խօսքերով՝ ծննդաբերութիւնը բաւական բարդ է անցել՝ ձագուկը լոյս աշխարհ է եկել մի քանի օրւայ ընթացքում, սակայն հիմա ամէն ինչ կարգին է՝ և՛ մայրը, և՛ ձագուկը, որը միայն ականջներով է յիշեցնում մօրը, շատ առողջ են և կաթ են խմում։
Կատւի ձագուկն ամբողջ մարմնով շուն է յիշեցնում, և դա շատ զարմացնող է։ Կատւի տէրերը դիմել են կենսաբաններին, բայց այս առեղծւածի պատասխանը նրանք էլ դեռ չեն գտել։
Յիշեցնենք, որ մի քանի տարի առաջ նման դէպք գրանցւել էր նաև Բրազիլիայում, երբ կատուն միանգամից երկու շուն ձագ էր լոյս աշխարհ բերել։
7օր

33 բռնաբարութիւն` 7 ամսում
13:01 - 26/7/10
Տարեսկզբից մինչ օրս Հայաստանում արձանագրւել է մահւան ելքով մարմնական վնասւածք հասցնելու 9 դէպք, բացայայտւել է 4-ը:
Նոյն ժամանակահատւածում արձանագրւել է մարմնական վնասւածք հասցնելու 1724 դէպք, բացայայտւել է 1591-ը:
Ըստ ոստիկանութեան մամլոյ հաղորդագրութեան` բացայայտւել է նաեւ նախկինում կատարւած նմանատիպ յանցագործութեան 20 դէպք: Արձանագրւել է բռնաբարութեան կամ բռնաբարութեան փորձի 33 դէպք, բացայայտւել է 31-ը:
2009 թ. նոյն ժամանակահատւածում արձանագրւել է մահւան ելքով մարմնական վնասւածք հասցնելու 10 դէպք, բացայայտւել է 8-ը, իսկ մարմնական վնասւածք հասցնելու 1708 դէպքից բացայայտւել է 1538-ը: Բացայայտւել է նաեւ նախկինում կատարւած նմանատիպ յանցագործութեան 22 դէպք:
Արձանագրւել է բռնաբարութեան կամ բռնաբարութեան փորձի 37 դէպք, բացայայտվել է 35-ը: Բացայայտւել է նաև նախկինում կատարւած նմանատիպ յանցագործութեան 4 դէպք:
«Ա+1»

Կրկին աւերել են Հայերի գերեզմանոցներ
Այս անգամ Կրասնոդարում
Կրասնոդար երկրամասի Նովոռոսիսկ քաղաքում աւերւել են գերեզմանոցներ, որոնցից շատերում թաղւած են եղել հայեր: Ընդհանուր առմամբ, աւերւել է 50 գերեզման: Այս մասին յայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը:
Ներկայ պահին քաղաքային վարչութիւնն ու իրաւապահ մարմինները հայկական համայնքին պատկանող «Լոյս» մշակութային միութեան ներկայացուցիչների հետ համատեղ ջանքեր են գործադրում վանդալներին յայտնաբերելու ու պատժելու ուղղութեամբ:
Աղբիւրը յիշեցնում է, որ սա առաջին դէպքը չէ, որ աւերում են հայերի գերեզմանոցներ: 2002 թ. ապրիլի 17-ից սկսած Կրասնոդար երկրամասի բազմաթիւ բնակավայրերում նմանատիպ դէպքեր են գրանցւել:
ԱՅՍՕՐ, 13:36
Aysor.am

Սբ. Մակաբայեցիների յիշատակութեան օրն է
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սբ. Մակաբայեցիների` Եղիազար քահանայի, Շամունայի և նրա եօթ որդիների յիշատակութեան օրը: Ինչպէս հաղորդում է Արարատեան հայրապետական թեմի մամուլի դիւանը, Հին կտակարանի այս սրբերի նահատակութեան մասին պատմւում է Մակաբայեցիների երկրորդ գրքի Զ և Է գլուխներում:
Ն. Ք. 2-րդ դարում Հրէաստանը գտնւում էր Սելևկեան իշխանապետութեան ներքոյ: Վիճակն աւելի է սրւում Անտիոքոս Եպիփանի թագաւորութեան օրօք: Նա հրահանգում է, որ իր իշխանութեան ներքոյ գտնւող բոլոր ազգերն ընդունեն յունական մշակոյթն ու պաշտեն յունական աստւածներին: Սակայն Մատաթիա անունով մի քահանայ իր որդիներով ու եղբայրներով ապստամբում է այս որոշման դէմ` հաւատարիմ մնալով Աստծոյ Օրէնքին և Ուխտին: Վերջինիս որդիներից էր Յուդան, որն իր քաջագործութիւնների շնորհիւ ստացաւ Մակաբեոս յունական անունը, որ նշանակում է մրճահար, հարւածահար: Հետագայում նրանց ընտանիքին անւանեցին Մակաբայեցիներ:
Եղիազար քահանան Մատաթիայի որդին էր` քաջ, աստւածավախ և իմաստութեամբ լի: Վերջինիս բերանին գելոց են դնում և ստիպում խոզի միս ուտել, որն արգելւած էր ըստ հրէական Օրէնքի: Քանի որ նա մանկուց դաստիարակւել էր աստւածային պատւիրաններով ու օրէնքներով, մերժում է այդ առաջարկը` գերադասելով արիաբար մեռնել և բարի անուն թողնել, քան պախարակւել իր ընկերներից ու հարազատներից: Երկար կտտանքներ կրելուց յետոյ սուրբն աւանդում է իր հոգին` հետագայ սերունդների համար դառնալով քաջութեան և ներշնչանքի աղբիւր:
Նոյն այս շրջանին է պատկանում մի քաջասիրտ մօր ու նրա եօթ զաւակների նահատակութիւնը: Նրանց էլ Եղիազար քահանայի նման պարտադրում են խոզի միս ուտել, սակայն Շամունան և իր եօթ որդիները հաւատարիմ են մնում իրենց հայրերի հաւատին` արժանանալով կենաց անթառամ պսակին:
ԱՅՍՕՐ, 13:05
Aysor.am

Փառատօնը Համախմբում է Հայութեանը
Յուլիս 26, 2010թ. 08:12
«Մէկ ազգ, մէկ մշակոյթ» համահայկական 4-րդ փառատօնի շրջանակներում յուլիսի 25-ին փառատօնի մասնակիցներն այցելեցին Հայաստանի պատմութեան թանգարան, Երեւանի Ազգային պատկերասրահ, Սերգէյ Փարաջանովի եւ Յովհաննէս Թումանեանի անւան թանգարաններ:
Այցելուների թւում էին Կրասնոդար (Ռուսաստանի Դաշնութիւն) քաղաքից ժամանած «Նարեկ» թատերախումբը, Շուշիի (Արցախ) «Մկրտիչ Խանդամիրեանի» անւան պետական թատրոնի դերասանները եւ Թբիլիսիից (Վրաստան) ժամանած «Ջէյրան» պարային համոյթը:Թբիլիսիի հայերի միութեան վարչութեան եւ Վրաստանի «Վերնատուն» գրական միութեան անդամ, Հայոց լեզւի ու գրականութեան ուսուցչուհի Ռոզա Զոհրաբեանը հարցազրոյցի ժամանակ նշեց, որ «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» փառատօնը հայերի համար ունի չափազանց կարեւոր նշանակութիւն, քանի որ այն նպաստաում է հայութեան համախմբմանը. «փառատօնն օգնում է պահպանել մեր ազգային լեզուն, ազգային մշակոյթն ու սովորոյթները…»:
Նա սրտանց շնորհակալութիւն յայտնեց Հայաստանի Հանրապետութեան կառավարութեանը, ՀՀ սփիւռքի նախարարութեանը եւ «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» հիմնադրամին այս փառատօնը կազմակերպելու համար:
Շուշիի «Մկրտիչ Խանդամիրեանի» անւան պետական թատրոնի դերասանուհի Անուշ Միրզոյեանը եւս հաւաստիացրեց, որ այս փառատօնը համախմբում է աշխարհի տարբեր ծայրերում գտնւող հայերին:
«Մենք կարողանում ենք շփւել մեր հայրենակիցների հետ, ծանօթանալ թատերախմբերի ու պարախմբեր հետ, ճանաչել իրար եւ կապեր հաստատել միմեանց հետ, որը կարծում եմ այս փառատօնի կարեւոր նպատակներից մէկն է»,- նշեց տկն. Միրզոյեանը: Նա նաեւ շատ կարեւորեց այցը Հայաստանի տարբեր մշակութային օջախներ, քանի որ փառատօնի մասնակիցներից շատերը առաջին անգամ են Հայաստանում, եւ դա նրանց հնարաւորութիւն է տալիս կարճ ժամանակահատւածում մօտիկից ծանօթանալ ազգային արժէքներին, մշակոյթին:
Այս մասին ArmAr.am-ին տեղեկացնում է «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» համահայկական 4-րդ փառատօնի «Կատարողական արւեստի օրեր» ծրագրի լրատւական կենտրոնը:
ArmAr.am