Միլիտարիստական Հոգեգարութիւն` Ադրբեջանավարի

Դատելով Բաքւի տեղեկատւութիւնից` Ադրբեջանի ղեկավարութիւնը միլիտարիստական հոգեգարութեամբ է տառապում: Վերջին օրերին ով չի ալարում` ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեանը ուժային լուծում (իբրեւ իրավիճակից դուրս գալու միակ ելք) տալու մասին յայտարարութիւններով է հանդէս գալիս: Մեզ համար կարծես քիչ էին Ալիեւն ու Սաֆարովը, նրանց ռազմաշունչ գոչիւններին միացել են Ուզեիր Ջաֆարովի տիպի վայ-փորձագէտները:
«Հայկական կողմը ո՛չ այնքան ուժ, ո՛չ էլ այնքան ոգի ունի հարւածելու Բաքու-Թբիլիսի-Ջէյհան նաւթամուղին,- 1news.az-ին յայտնել է նա:- Հայերը հասկանում են, որ եկել է իրենց խորամանկութիւնների եւ օկուպացման (բռնազաւթման)քաղաքականութեան վերջը, եւ որ մօտ ժամանակներս իրենք պարտաւոր են լինելու ազատել Ադրբեջանի օկուպացւած տարածքների մի մասը: Նրանք սկսել են հասկանալ, որ այդպէս երկար չի շարունակւի: Նրանք սկսում են շանտաժ անել, թէ կհարւածեն Բաքու-Թբիլիսի-Ջէյհան (ԲԹՋ) նաւթատարին եւ այլ օբյեկտների:
Ադրբեջանցի «փորձագէտի» յիշողութիւնը թարմացնելու համար յիշեցնենք, որ նման սպառնալիքներով ոչ թէ հայերն են հանդէս եկել, այլ ռուսական «Ռեգնում» գործակալութեան գլխաւոր խմբագիր Մոդեստ Կոլերովը` «Նոր պատերազմ Ղարաբաղում. ճարտասանութեան գինը, նպատակները եւ զոհերը» յօդւածում (21.11.09):
«...գխաւորն այն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտութիւնը, որում հիմնական մասնակիցներ կդառնան համազարկային կրակի սարքաւորումները, աւիացիան, ՀՕՊ-ը եւ դիվերսիոն խմբերը հակառակորդի թիկունքում, հակառակորդների նպատակակէտեր կդարձնի թիկունքային հաղորդակցութիւններն ու ռազմավարական գլխաւոր օբյէկտները: Միաժամանակ, Հայկական (Մեծամօրի) ԱԷԿ-ը (զուտ տեխնոլոգիական առումով) կը մնայ անխոցելի, իսկ Մինգեչաուրի ՀԷԿ-ն ու Բաքու-Թբիլիսի-Ջէյհան նաւթատարը Ադրբեջանի տարածքում աւելի շուտ կը ոչնչացւեն»:
Այս յօդւածը, ինչպէս նաեւ ուրիշ շատերը, գրւել է պաշտօնական Բաքւի ներկայացուցիչների միլիտարիստական յայտարարութիւնների հիման վրայ, որոնք երկար տարիներ մի կողմից տառապում են մեծամոլութեամբ, միւս կողմից` պարզունակ անզօրութեամբ, եթէ աւելի կոպիտ չասենք, ու շարունակ փորձում են սեփական հիւանդութիւնները ուրիշին վերագրել, այսինքն` ագրէսիւութեան մէջ մեղադրել Հայաստանին: Ինչպէս երեւում է, համարձակութիւնը չի հերիքում վայրահաչել Ռուսաստանի վրայ:
«Եթէ ՀԱՊԿ-ը կամ Հայաստանում գտնւող ռուսական ռազմաբազան չմիջամտեն այդ գործընթացներին, մենք հեշտութեամբ կազատագրենք մեր տարածքները»,- 1news.az-ին յայտարարել է ադրբեջանական քաղաքական մեկնաբան Գաբիլ Հուսեյնովը:- Բուն Հայաստանը ԲԹՋ-ին հարւածելու ուժ չունի, որովհետեւ ԲԹՋ-ն միջազգային նախագիծ է, որը պաշտպանում են ՆԱՏՕ-ն եւ Ադրբեջանի զինւած ուժերը:
Ադրբեջանը կարող է լայնամասշտաբ ռազմական գործողութիւններ անցկացնել Ղարաբաղում: Այդ ընթացքում օգտագործել ե՛ւ հրէտանի, ե՛ւ աւիացիա: Մենք կարող ենք կոտրել օկուպանտների պաշտպանութիւնը եւ դուրս գալ Հայաստանի հետ ադրբեջանական սահման: Դա դժւար չէ անել: Մեր մարտական աւիացիան կարող է հասնել Երեւան ու հարւած հասցնել: Մենք կարող ենք յարձակւել նաեւ Հայաստանին սահմանակից միւս տարածքներից»:
«Փորձագէտների» դեմագոգիկ այս վարժանքների խորապատկերին ադրբեջանցի պատգամաւորները բոլորովին ուրիշ երգեր երգեցին: «Ղարաբաղեան հակամարտութիւնը լուծելու համար Ադրբեջանը պէտք է կարգաւորի յարաբերութիւնները Ռուսաստանի հետ: Ամէն դէպքում Արեւմուտքն ու ՆԱՏՕ-ն այդ հարցում չեն աջակցում Ադրբեջանին, այլ հակառակը` ամէն ինչ անում են յարաբերութիւնները Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ խզելու համար:
Ադրբեջանը կարող է նոյնիսկ ՀԱՊԿ անդամ դառնալ, ռուսական բանակը Ադրբեջան հրաւիրել` ռազմաբազաներ ստեղծելու համար, բայց մի պայմանով. Ռուսաստանը պէտք է ճանաչի Ադրբեջանի իրաւական կարգավիճակը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ եւ ճնշում գործադրի Հայաստանի վրայ օկուպացած բոլոր տարածքները վերադարձնելու նպատակով»,- յայտարարեց խորհրդարանի պատգամաւոր Հուդրաթ Հասանգուլիեւը:
Թւում է, Ադրբեջանը, որն ի սկզբանէ իր քաղաքականութիւնը կառուցում էր համաշխարհային ուժերի շահերի հակադրութեան վրայ, վերջնականապէս մոլորւել է «բարեկամների» եւ «թշնամիների» հարցում: Մինչեւ վերջերս Բաքուն Ղարաբաղի ու Հայաստանի հետ խնդիրների լուծման (այդ թւում` ուժային) հարցում յոյսը դնում էր Անկարայի աջակցութեան վրայ: «Սակայն, նախ, վերջին շրջանում փոխյարաբերութիւնները երկու դաշնակիցների միջեւ, մեղմ ասած, ճաքեր են տւել: Երկրորդ` անհրաժեշտ է հաշւի առնել եւ այն, որ Թուրքիայի հնարաւորութիւններն այնքան մեծ չեն, որպէսզի նրան թոյլ տան հակադրւել ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Եւրամիութեան միաւորւած ջանքերին»,- գրում է «Զերկալոն»:
Այսօր Բաքւում, աչքի առաջ ունենալով Սերբիայի ու Վրաստանի օրինակները, հարց են տալիս. Ադրբեջանը ի զօրո՞ւ է, արդեօք, իր կողմից Հայաստանի ու Ղարաբաղի դէմ ռազմական նոր ագրէսիայի դէպքում չեզոքացնել միջազգային բնոյթի հնարաւոր սպառնալիքները: «Համարեա հարիւր տոկոս համոզւածութեամբ կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Եւրամիութիւնը, ընդ որում` տարբեր մոտիւներով, միանշանակ հանդէս են գալիս Ադրբեջանի կողմից իր տարածքային ամբողջականութիւնը վերականգնելու համար ձեռնարկած ուժային փորձի դէմ:
Անհրաժեշտ է հաշւի առնել, որ Արեւմուտքն ընդհանրապէս, ԱՄՆ-ը` մասնաւորապէս, ռազմական ներկայութիւն չունեն տարածաշրջանում, ինչը նշանակում է, որ գործընթացների վրայ ազդելու ուժային լծակներ չունեն: Այսինքն` Արեւմուտքում հիանալի հասկանում են, որ Հարաւային Կովկասում գոյութիւն ունեցող հակամարտութիւնների ուժային լուծման ցանկացած փորձ կը յանգեցնի տարածաշրջանում Ռուսաստանի ռազմաքաղաքական ազդեցութեան ուժեղացմանը:
Ոչ մի երաշխիք չկայ, որ Ռուսաստանը չեզոքութիւն կպահպանի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մարտական գործողութիւնների վերսկսման դէպքում: Չէ՞ որ նոյն այդ Ն. Բորդիւժան բազմիցս յայտարարել է, թէ պատերազմի սկսւելու պարագայում ՀԱՊԿ-ը (իմա` Ռուսաստանը.- Գ. Մ.) իր դաշնակցային պարտաւորութիւնները կը կատարի Հայաստանի առաջ»,- գրում է «Զերկալոն»: Իսկ առանց արտաքին հնարաւոր սպառնալիքները չեզոքացնելու` մի քանի օկուպացւած շրջանների ազատագրումն անգամ Ադրբեջանի համար կը վերածւի «պիւռոսեան յաղթանակի»,- եզրափակում է հեղինակը:
Այստեղից էլ` վայ-մարտիկների նեարդային վիճակը:


ԳԱՅԵԱՆԷ ՄՈՎՍԵՍԵԱՆ

ԱՄՆ պետքարտուղարութեան պաշտօնեան Երեւանում է

19:08 / 30.11.2009
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Սամուէլ Նիկոյեանը նոյեմբերի 30-ին ընդունել է ԱՄՆ-ի Պետդեպարտամէնտի Կովկասեան գործերի եւ տարածաշրջանային հակամարտութիւնների գրասենեակի տնօրէն Իթըն Գոլդրիչին եւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան քաղաքական-տնտեսական բաժնի առաջին քարտուղար Դանիէլ Հասթինգսին:
Հայաստանի ԱԺ մամուլի ծառայութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ հիւրերի խնդրանքով ԱԺ փոխնախագահ Սամուէլ Նիկոյեանը ներկայացրել է ԱԺ կառուցւածքը, ծանօթացրել օրէնսդրական ու վերահսկողական գործառոյթներին, խորհրդարանի ձեւաւորման կարգին, ԱԺ-ում քաղաքական ուժերի ներգրաււածութեանը:
Հանդիպման ժամանակ քննարկւել են նաեւ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորմանը, առանց նախապայմանների արձանագրութիւնների վաւերացման գործընթացին, ինչպէս նաեւ ՀԿ-ներին վերաբերող օրէնսդրութեանն առնչւող հարցեր:

Լուրեր Հայաստանից

Լեռնային Ղարաբաղը Դիմել Է ԵԱՀԿ-ին


18:16 / 30.11.2009
Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարութիւնը ԵԱՀԿ քարտուղարութիւն է ուղարկել ԼՂՀ Ազգային ժողովի՝ նոյեմբերի 25-ին ընդունած յայտարարութեան տեքստը՝ ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների դեկտեմբերի 1-ից 2-ը Աթէնքում նախատեսւած նիստի մասնակիցների շրջանում տարածելու համար:
Համապատասխան նամակ է ուղարկւել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ Ջորջ Պապանդրէուին, իսկ պատճէնը՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջէյ Կասպրշիկին:
Յիշեցնենք, որ ԼՂՀ ԱԺ-ն նամակում նախազգուշացրել էր Ադրբեջանի ռազմատենչ յայտարարութիւնների վտանգաւորութեան մասին, եւ նշել, թէ «Ղարաբաղեան կարգաւորման գործընթացում նկատւող վերջին զարգացումները վկայում են Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման բացայայտ դրսեւորումների մասին: Քարոզչական տարբեր հնարքների կիրառմամբ Ադրբեջանի իշխանութիւնները պատրանք են ստեղծում միջազգային միջնորդութեամբ շարունակւող քննարկումներից իրենց դժգոհութեան մասին, այնինչ, իրական քաղաքականութեան մէջ այդ երկիրը անթաքոյց կերպով ժամանակ է ձգում` հետագայում Արցախի դէմ նոր պատերազմ սանձազերծելու միջոցով տարածաշրջանի ռազմաքաղաքական հաւասարակշռութիւնը յօգուտ իրեն փոխելու նպատակով»:

Լուրեր Հայաստանից -

ԱՄՆ ՊԵՏ–ԴԵՊԱՐՏԱՄԷՆՏԻ ՊԱՇՏՕՆԱՏԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀՅԴ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Նոյեմբերի 30-ին ՀՅԴ Բիւրոյի «Քրիստափոր Միքայէլեան» կենտրոն այցելեց ԱՄՆ պետ–դեպարտամէնտի կովկասեան հարցերի եւ տարածաշրջանային հակամարտութիւնների գրասենեակի տնօրէն Էթան Ա. Գոլդրիչը` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պաշտօնեաների ընկերակցութեամբ։
Է. Գոլդրիչին ընդունեցին ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը, ՀՅԴ Բիւրոյի անդամ Աղւան Վարդանեանը եւ ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատսխանատու Կիրօ Մանոյեանը։
Արմէն Ռուստամեանը եւ Աղւան Վարդանեանը ներկայացրին Դաշնակցութեան դիրքորոշումը երկրում տիրող ընկերային-տնտեսական խնդիրների, ժողովրդավարութեան ամրապնդման, ինչպէս նաեւ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների ու Արցախի հիմնահարցի խաղաղ կարգաւորման գործընթացի կապակցութեամբ։
ՀՅԴ ներկայացուցիչները շեշտեցին, որ տարածաշրջանում տեւական կայունութեան ձեռքբերման համար անհրաժեշտ է, որ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններն իսկապէս լինեն առանց Թուրքիայի կողմից առաջ քաշւող նախապայմանների, իսկ Ղարաբաղի հիմնահարցում միջազգային համայնքը չպէտք է անարձագանք թողնի Ադրբեջանի ռազմատենչ սպառնալիքները։

Today’s Zaman. Արձանագրութիւնները չի կարելի մեկնաբանել որպէս Հայերի՝ Ցեղասպանութեան ճանաչմանն ուղղւած ջանքերի աւարտ
12:18 / 30.11.2009
Հոկտեմբերի 10-ին Ցիւրիխում ստորագրւած հայ-թուրքական արձանագրութիւնները շարունակում են քննարկւել երկու երկրներում, իր էջերում գրում է թուրքական Today’s Zaman-ը։
Թերթը յիշեցնում է, որ «այդ նախաձեռնութիւնը սկզբնական շրջանում ողջունւեց խանդավառվածների եւ հաւանութեան չարժանցաւ քննադատների կողմից։ Եւ այս ամէնը՝ յոյսերով ու վախերով։ Սակայն այժմ քննարկումներն առաւել նրբերանգային բնոյթ են կրում։
Վերոնշեալ փաստաթղթերը կասկածներ են առաջացնում ինչպէս Հայաստանում, այնպէս էլ Թուրքիայում, այնպէս որ դեռ շատ վաղ է խօսել յաջողութեան մասին։ Կան բազմաթիւ բաց հարցեր, որոնցից մէկն էլ ղարաբաղեան հիմնախնդիրն է։ Ժամանակի հաշւարկը չի սկսւել արձանագրութիւնների ստորագրման պահից, այն կսկսւի, երբ դրանք կը վաւերացւեն երկու երկրների խորհրդարաններում։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Թուրքիան առաջընթացի յոյս ունի, եթէ Հայաստանը խորհրդարանական քւէարկութիւնից առաջ „գրաւեալ“ տարածքներից դուրս բերի իր զինւած ուժերը։ Եւ քանի որ այդ հարցը ներառւած չէ արձանագրութիւնների օրակարգում, Հայաստանը կարող է պնդել, որ ամէն ինչ ընթանում է առանց նախապայմանների, այն ժամանակ, երբ Թուրքիան կարող է հաւատացնել Ադրբեջանին, որ երկու գործընթացները փոխկապակցւած են։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի փոքր քայլին Թուրքիան կպատասխանի մեծով, ինչը ձեռնտու տարբերակ կդառնայ Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի համար, քանի որ տարածաշրջանը վերջապէս կայունութեան եւ բարգաւճման հեռանկարներ կունենայ»։
Յետոյ թերթը նշում է, որ «արձանագութիւններում առկայ ամենահակասական հարցը պատմական արխիւներն ու փաստերն ուսումնասիրող միջ–կառավարական յանձնաժողով ստեղծելու հարցն է։ Դա Թուրքիայի յաղթանակն է համարւում, քանի որ „ուսումնասիրութիւնների“ ընթացքում երրորդ երկրները զերծ կը մնան Օսմանեան կայսրութիւնում իրականացւած Հայոց Ցեղասպանութեան փաստով համապատասխան բանաձեւերից։ Հայաստանն անհանգստանում է նաեւ այն պատճառով, որ այդ յանձնաժողովի ուսումնասիրութիւններն անաչառ չեն լինի, քանի որ գիտնականներն ու պատմաբանները ելոյթ կունենան իրենց երկրների անունից։ Ոչ մի կասկած չկայ նրանում, որ այդ գործընթացի իւրաքանչիւր քայլ քննադատաբար կընդունւի ամբողջ աշխարհի հայերի եւ թուրքերի կողմից։
Պայքարը կնթանայ ակադեմիական, քաղաքական եւ իրաւական մակարդակներով։ Չմոռանանք նաեւ, որ մօտենում է 2015թ., իսկ դա նշանակում է, որ 1915թ. Օսմանեան Թուրքիայում տեղի ունեցած իրադարձութիւններին առաւել մեծ ուշադրութիւն է դարձւելու։
Շատ թուրքեր վստահ են, որ Հայաստանի կառավարութիւնն ընդունակ է վերահսկել հայկական Սփիւռքի՝ երրորդ երկրների խորհրդարաններում համապատասխան բանաձեւեր ներկայացնելու ջանքերը։ Սակայն այդ սպասումները անհիմն են եւ կարող են հետընթացի բերել։ Եւ շատ կարեւոր է, որ Թուրքիայում արձանագրութիւնների մի քանի կէտեր չմեկնաբանեն որպէս հայերի՝ Ցեղասպանութեան ճանաչմանն ուղղւած ջանքերի աւարտ»։

Լուրեր Հայաստանից

«Հայերի Թաքցրած Գանձերը» Թուրքերին Կարող Են Վերջնականապէս Սնանկացնել


17:22 / 30.11.2009
Թուրքիայի արեւելեան հատւածի՝ Սիիրտի (Արեւմտեան Հայաստան) շրջանի բնակիչը վարկով գումար է վերցրել, որ փորի, գտնի հայերի կողմից պահած 70 տոննա ոսկին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Sabah թերթը։
Թուրքիայի Սիիրտի նահանգի Մադեն գիւղում ապրող 43 ամեայ Բաբաքը սկսել է քանդել իր հողատարածքը։ Նախորդ տարի այդ գիւղ այցելած հայերի խումբը աւելի ոգեւորեց Բաբաքին։ Հայերի ձեռքին եղել է քարտէզ, որի համաձայն՝ նախկինում հայերի կողմից պահւած 70 տոննա ոսկին գտնւում է հէնց իր հողամասում։ Բաբաքը թոյլտւութիւն է ստացել փորել 100 քմ տարածք։ Բաբաքը շրջապատից չկարողանալով գումար հայթայթել՝ ստիպւած դիմել է բանկին։
Վերջինիս յաջողւել է բանկից ստանալ 20 հազար ԱՄՆ դոլար վարկ։ Այնույետ Բաբաքը վարձել է տրակտոր, հանքափոր, երկրաբան։ Նրա աշխատանքներին հետեւում են նաեւ տեղի ֆինանսական գծով պատասխանատուն եւ ոստիկանութեան աշխատակիցները։ Մի քանի անգամ սարքերը ոսկու ազդանշան են տւել, սակայն տասնեակ մետրեր փորելուց յետոյ՝ պարզւել է, որ ոչինչ չկայ։ Բաբաքի գումարները վերջացել են, սակայն ոսկին այդպէս էլ չի գտնւել։
Իսկ Բաբաքը ասում է, թէ ինքը քարտէզում տեսել է, որ ոսկին իր հողատարածքում է, իսկ դետեկտոր սարքերը ոսկու ազդանշանը տարբեր տեղերից են հաղորդում, որոնց համար կրկին փորելու թույլտւութիւն է անհրաժեշտ։ «Գումար որ գտնեմ, էլի կը փորեմ։ Իմ պապի պապը Հայ է եղել։ Ասում են, որ հայերը այստեղից հեռանալուց առաջ ոսկիները թաղել են, նոր գնացել»,-ասել է Բաբաքը։

Լուրեր Հայաստանից

Թուրքիային Եւրամիութիւնում Չեն Սպասում

12:31 / 30.11.2009
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի հետ քննարկել է Թուրքիայի ԵՄ անդամակցութեան շանսերը՝ յատկապէս ԵՄ նախագահի պաշտօնում նոր նախագահի ընտրութիւնից յետոյ, ով կտրականապէս դէմ է այդ անդամակցութեանը:
Ամէն ինչից երեւում է, որ Եւրամիութիւնը մտադիր չէ մօտակայ տարիներին իր կազմ ընդունել Թուրքիային: Բրիւսելը դժգոհ է Թուրքիայում մարդու իրաւունքների ոլորտում տիրող վիճակից ու ժողովրդավարութեան մակարդակից: Սա պայմանաւորւած է նաեւ նրանով, որ ԵՄ առաջին նախագահ է ընտրւել Թուրքիայի ԵՄ անդամակցութեանը դէմ հանդէս եկող Բելգիայի վարչապետ Հերման Վան Ռոմպէյը:
Յիշեցնենք, որ նախքան իր ընտրւելը, Ռոմպէյն իր ելոյթներից մէկում ասել է. «Թուրքիան Եւրոպայի մաս չէ եւ ԵՄ ընդլայնումը չի կարող տեղի ունենալ Թուրքիայի անդամակցութեան ճանապարհով»:
Նրա խօսքով, Եւրոպայի համաշխարհային արժէքները, որոնք հիմնւած են քրիստոնէական գաղափարների վրայ, կը վերանան, եթէ ԵՄ անդամ դառնայ այնպիսի հսկայ մահմեդական երկիր, ինչպիսին Թուրքիան է: Նշենք, որ վերջերս ԵՄ-ն իր յայտարարութեամբ նշեց այն երկրները, որոնց ԵՄ անդամակցութիւնը Եւրամիութեան համար առաջնային է: Այդ երկրների ցանկում Թուրքիան չկար:
Պարզւում է Հայաստանի հետ մերձեցումն էլ չի օգնում Թուրքիային, թէեւ շատ հնարաւոր է, որ այս խստացումները նպատակ ունեն հասնել նրան, որ հայ-թուրքական արձանագրութիւնները վաւերացւի եւ սահմանը բացւի:


Լուրեր Հայաստանից

ԱՒՍՏՐԱԼԻԱ` ԱՅԴՔԱՆ ՀԵՌՈՒ ՈՒ ՄՕՏ


Եթէ յանցագործը չի պատժւում, ապա գոնէ յանցագործութիւնը պիտի դատապարտւի:


Երբ խօսում էի այս երիտասարդների հետ, յիշում էի հայաստանեան այն, այսպէս կոչւած քաղաքագէտներին, ովքեր տարիներ ապրելով Հայաստանում և իրենց հացը վաստակելով Հայաստանի մասին խօսելով, այդպէս էլ հայերէն չեն սովորում: Միգուցէ իրենց մայրենի լեզուն սովորելն իրենց պատւից ցածր են համարում:

Նրանք իւրաքանչիւր տարի նոյեմբեր ամսին կազմակերպում են Պահանջատիրութեան շաբաթ (Advocacy week). Ինձ համար մեծ պատիւ է, որ ես եղայ առաջին հայաստանցին` հրաւիրւած մասնակցելու Պահանջատիրութեան շաբաթի աշխատանքներին: Տեսնե՞ս մի օր Հայաստանում էլ Պահանջատիրութեան շաբաթ կունենանք

Տեսնես ո՞ր կամ ո՞ւմ նպատակներին յարմար չի: Պատկերացնում էք չէ՞, միլիցու օր ունենք, կագեբիստի օր ունենք, իսկ Հայրենատիրութեան օրը նպատակայարմար չի:

Արա Պապեան
Աւստրալիան առանձնայատուկ է ու բացառիկ: Այն առանձնայատուկ է իր աշխարհագրական դիրքով և բացառիկ իր պատմական անցեալով:
Աւստրալիան լինելով աշխարհի միակ աշխարհամաս-պետութիւնը ձևաւորել է իւրօրինակ ինքնութիւն, որը հանդարտութեան ու գործնականութեան համաձուլւածք է: Այդ երկրից կենցաղային հանդարտութիւն և տնտեսական գործնապաշտութիւն է ճառագում: Մի խօսքով` աշխարհից այդքան հեռու, սակայն աշխարհին այդքան մօտ:
Խիստ ուսանելի է Աւստրալիայի անցած ուղին: Աշխարհում բազմաթիւ երկրներ կան, որ նախկինում դրախտավայր են եղել, սակայն այսօր բանտ են դարձել բաց երկնքի տակ: Դարեր շարունակ լինելով Բրիտանական կայսրութեան բանտ-աքսորավայրը, ներկայիս Աւստրալիան աշխարհին ցոյց է տալիս, թէ ինչպէս օրինապաշտ հասարակութիւնը և ազատ տնտեսութիւնը բանտը կարող են դարձնել դրախտավայր: Աւստրալիայի անցած ուղին բռնութեան մերժում է, իսկ նրա ներկան բռնատիրութեան ու կապանքների նկատմամբ ազատութեան առաւելութեան ամենացայտուն օրինակ:
Աշխարհի վրայ Հայ համայնքների տեղաշարժով կարելի է ճշգրտօրէն հետևել համաշխարհային տնտեսութեան զարգացման պատմութեանը: Որպէս պետականազուրկ ազգի զաւակներ և հիմնականում զրկւած լինելով քաղաքական բարձունքների հասնելու հնարաւորութիւնից, հայերն առաւելապէս ինքնահաստատւել են գործարարութեան դաշտում: Բնականաբար, Աւստրալիայի քաղաքական բարութիւնն ու տնտեսական հնարաւորութիւնները գրաւիչ են եղել և են հայերի համար:
Ներկայում Աւստրալիայում ապրում է 40-50 հազար հայ: Ճշգրիտ թիւը որևէ մէկը չգիտի: Ըստ էութեան, չի էլ կարող իմանալ, քանի որ հիմնականում ներգաղթելով Միջին արևելքից, հայերը պետութեան կողմից հաշւառւում են ըստ ծագման երկրի: Հայերն հիմնականում աւանդական գաղթօջախներից են` Լիբանան, Սիրիա, Իրան, Եգիպտոս: Աւստրալիայում կեանքումս առաջին անգամ հանդիպեցի Լիբիայում` Մուըամար Քազաֆիի հայրենիքում, ծնւած հայի:
Հայաստանցիներ դեռ քիչ կան, սակայն, Հայաստանը դատարկւելուն զուգահեռ, շատանում են: Ինչպէս ամէնուր Աւստրալիայում էլ հայերն ունեն եկեղեցի, դպրոց, աւանդական կառոյցներ: Ինչպէս ամէնուր այստեղ էլ երիտասարդութիւնը հեռանում է եկեղեցուց, դպրոց պահելը տարեցտարի դառնում է աւելի դժւար, իսկ աւադական կառոյցները կարող են գործել, եթէ նրանց աշխատանքներին մասնակցում է նոր սերունդը:
Ահա այդ աւանդական կառոյցներից մէկի` Աւստրալիայի Հայ դատի (Armenian National Committee of Australia) յանձնաժողովի հրաւէրով էլ այս նոյեմբերին տասնօրեայ աշխատանքային այցով գտնւում էի Աւստրալիայում:
Ի դէպ, ինձ վրայ բացառիկ դրական տպաւորութիւն թողեց յիշեալ կազմակերպութիւնը: Ինչպէս նշել էի վերը, Աւստրալիան մի շարք առումներով բացառիկ է: Աւստրալահայութիւնն էլ բացառիկ է Հայ Դատի յանձնաժովովի հարցով: Նախ Հայ դատի յանձնաժողովի բոլոր անդամները երիտասարդ են, դեռ երեսուն էլ չկան: Բոլորը` Վարանդը, Հայկը, Սթիւը, Վաչէն, Ռայմոնդը և այլք, թէև ծնւել են Աւստրալիայում, սակայն միանգամայն հայախօս են և լաւատեղեակ են հայ ժողովրդի պատմութիւնից և Հայաստանի ներկայից: Հայ ժողովրդի պատմութեան և հայոց լեզւի իր գիտելիքներով յատկապէս աչքի էր ընկնում Հայ դատի յանձնաժողովի ատենապետը` Վարանդ Մկրտչեանը: Կրկնում եմ այս երիտասարդները բոլորն էլ ծնւել են հեռաւոր Աւստրալիայում: Երբ խօսում էի այս երիտասարդների հետ, յիշում էի հայաստանեան այն, այսպէս կոչւած քաղաքագէտներին, ովքեր տարիներ ապրելով Հայաստանում և իրենց հացը վաստակելով Հայաստանի մասին խօսելով, այդպէս էլ հայերէն չեն սովորում: Միգուցէ իրենց մայրենի լեզուն սովորելն իրենց պատւից ցածր են համարում:
Աւստրալահայերի ներկայ քաղաքական կեանքը` այսինքն Հայ դատի գործունէութիւնն, ունի մի առանձնայատկութիւն ևս: Նրանք իւրաքանչիւր տարի նոյեմբեր ամսին կազմակերպում են Պահանջատիրութեան շաբաթ (Advocacy week). Ինձ համար մեծ պատիւ է, որ ես եղայ առաջին հայաստանցին` հրաւիրւած մասնակցելու Պահանջատիրութեան շաբաթի աշխատանքներին:
Տեսնե՞ս մի օր Հայաստանում էլ Պահանջատիրութեան շաբաթ կունենանք: Գոնէ ներկայումս իբր Հայոց պետականութեան իբր կառավարութիւնը նպատակայարմար չի համարում տարեկան գոնէ մէկ օր Պահանջատիրութեան օր ունենալը: Տեսնես ո՞ր կամ ո՞ւմ նպատակներին յարմար չի: Պատկերացնում էք չէ՞, միլիցու օր ունենք, կագեբիստի օր ունենք, իսկ Հայրենատիրութեան օրը նպատակայարմար չի:
Վերադառնանք բուն այցիս: Մի քանի պարբերութիւն վերը այցս աշխատաքային անւանեցի, որովհետև հայ դատի գրասենեակի լաւ կազմակերպած աշխատակարգի շնորհիւ այն իսկապէս աշխատանքային էր, յուսամ նաև արդիւնաւէտ: Երկիր ժամանելու յաջորդ իսկ օրը` նոյեմբերի 16-ին, առաւօտեան ժամը 5-ին Սիդնէյից մենք ուղևորւեցինք մայրաքաղաք Քանբերրա և ժամը 9-ից արդէն հանդիպումների մէջ էինք խորհրդարանի պատգամաւորների հետ:
Հետաքրքիր զուգադիպութեամբ այդ օրը Աւստրալիայի խորհրդարանում Ազգային ներողութեան օր էր (National Apology Day), այսինքն Աւստրալիայի խորհրդարանը երկրի անունից ներողութիւն էր խնդրում իր այն զաւակներից, որոնց նկատմամբ տասնամեակներ առաջ անարդարութիւն էր գործադրել:
Քսաներորդ դարի ընթացքում գրեթէ կէսը միլիոն երեխայ բաժանւել էր հարազատ ընտանիքից և յանձնւել պետութեան խնամքին: Պէտք է ենթադրել, որ մտադրութիւնը բարի է եղել` երեխաներին բերել են հեռաւոր շրջաններից, հաւաքել են անառողջ և ծայրայեղ աղքատ ընտանիքներից, ուզել են կրթել և ապագայ տալ: Սակայն այսօր հասկանում են, որ, չնայած բարի մտադրութիւններին, այդ երեխաներին ու նրանց հարազատներին տառապանք են պատճառել ու անցեալի համար այսօր ներողութիւն են խնդրում:
Ես կանգնած էի Աւստրալիայի խորհրդարանում, լսում էի Աւստրալիայի վարչապետ Քևին Ռուդի (Kevin Rudd) և ընդդիմութեան առաջնորդ Մալքոլմ Թյորնբալի (Malcolm Turnbull) ցաւի ու ներողութեան խօսքերին և մտածում էի, որ Աւստրալիան դրանից դարձաւ աւելի վեհ, աւելի ուժեղ, իսկ տառապեալների հոգին խաղաղւեց: Միայն ուժեղները կարող են ներողութիւն հայցել: Ես մտածում էի, թէ արդեօ՞ք երբևէ մեր հոգիները խաղաղւելու են, թէ Թուրքիան, օգտւելով մեր պատեհապաշտ և եսակենտրոն իշխանութիւնների վարքից, Հայոց Ցեղասպանութիւնը ծամծմելու է բիւրոկրատական սեղանատամով և մեզ զրկելու է համազգային ապաքինման հնարաւորութիւնից:
Քանբերրայում երեք օրւայ ընթացքում` նոյեմբերի 16-18-ին, առանձին հանդիպումներ ունեցանք աւելի քան երեք տասնեակ պատգամաւորների հետ և հիմա կարող եմ որոշ եզրայանգումներ անել: Առայժմ քննարկումների մանրամասներն ու պայմանաւորւածութիւնները դուրս եմ թողնում, քանի որ դեռ դրանց բացայայտելու ժամանակը չէ:
Իրավիճակը ճիշտ հասկանալու համար նախ մի քանի հիմնական տեղեկութիւններ Աւստրալիայի խորհրդարանի մասին: Այն երկպալատ է` ունի Սենատ (76 անդամ, պաշտօնավարման առաւելագոյնը վեցը տարի) և Համայնքների պալատ (150 անդամ, պաշտօնավարման առաւելագոյնը երեք տարի):
Թէև աւստրալական քաղաքական դաշտում դերակատարութիւն ունեն 6-7 կուսակցութիւն, բայցևայնպէս բուն պայքարն արդէն տասնամաեակներ ի վեր ընթանում է Աշխատաւորական կուսակցութեան (Labor Party) և Ազատական կուսակցութեան (Liberal Party) միջև: Ներկայումս Աշխատաւորականներն են կառավարում: Ի դէպ աշխատաւորականներն իսկապէս աշխատաւորներին են ներկայացնում, իսկ ազատականներն ազատականներին: Թէ չէ մերոնց պէս` նժդեհականներն ուզում են ամրագրել Հայոց Ցեղասպանութեան հետևանքները:
Քանբերրայի եռօրեայ այցի ընթացքում մեզ յաջողւեց հանդիպումներ ունենալ գրեթէ բոլոր կուսակցութիւնների ներկայացուցիչների հետ: Բնականաբար, քննարկւող հիմնական հարցը Աւստրալիայի դաշնային խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչումն էր: Պատգամաւորների/սենատորների ճնշող մեծամասնութիւնը, բացառութեամբ երկու-երեքի, տեղեակ էին Հայոց Ցեղասպանութեան մասին և նրանց հիմնական մասը միանշանակ յայտարարեց - Կասկած չունի, որ հայերի հետ կատարւածը ցեղասպանութիւն է:
Սակայն ասյտեղ է սկսում վերաբերմունքի տարբերութիւնը: Նրանց մի մասն յայտարարեց, որ ՚քաղաքական զգայնութիւններիՙ (political sensitivities) պատճառով նպատակայարմար չէ (ծանօթ ձևակերպում է, չէ՞) այժմ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը: Սրանց վերաբերմունքը ցաւալի էր, անընդունելի, սակայն հասկանալի էր: Ամենացաւալին այն խմբի վերաբերմունքն էր, որ յայտարարեց, (դիւանագիտական լեզւից թարգմանած հայերէնի) թէ հայերն առաջնորդւելով իրենց շահով թուրքերի հետ իրենց հարցերը լուծել են: Հետևաբար, ինչո՞ւ պիտի իրենք հարւածի տակ դնեն իրենց շահերը և փչացնեն իրենց յարաբերութիւնները թուրքերի հետ: Զոյգ տխրահռչակ արձանագրութիւնների ստորագրումից յետոյ իշխանութեան և մերձ–իշխանական ներկայացուցիչները, որոնցից և ոչ մէկը մէկ օր իսկ չէր զբաղւել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործընթացով, շնչակտուր կրկնում էին, որ արձանագրութիւնները չեն վնասի, այլ կօգնեն Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանը: Աւստրալիայի խորհրդարանում գլխիկոր նստած շատ էի ուզում, որ այդ պահին նրանք կողքիս լինէին:
Աշխարհում դեռ կան մարդիկ, որոնց համար սկզբունքները վեր են ամէն ինչից: Մեր յոյսը նրանք են: Հետևաբար, չնայած Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման հարցում մեր խիստ վնասաբեր քաղաքականութեանը, այսուհանդերձ պայքարը պէտք է շարունակել: Եթէ արձանագրութիւնները վաւերացւեն, այդ պայքարը տասնապատիկ դժւար է լինելու, սակայն անյոյս չէ:
Դա ես զգացի Աւստրալիայի խորհրդարանում, որտեղ պատգամաւորների մի որոշակի խումբ յստակ արտայայտւեց` անկախ իրենց կառավարութեան դիրքից, անկախ իրենց կուսակցութեան դիրքորոշումից, իրենք հանդէս են գալու Հայոց Ցեղասպանութեան ճանաչման օգտին, որովհետև իրենց համար դա առաջին հերթին անարդարութեան մասնակի վերականգման և ճշմարտութեան յաղթանակի հարց է: Նրանցից մէկն ասաց. - Իմ ընտրատեղամասում 4500 թուրք ընտրող ունեմ և 100-ից պակաս հայ, սակայն ես ձեր կողքին կլինեմ:
Որպէս պատգամաւոր ես պարտաւոր եմ պաշտպանել արդարութիւնը: Ու երբ յաջորդ օրն ինքը զանգեց յստակ հարցերով, ես հասկացայ, որ մարդը պարապ խօսքեր չէր շռայլում: Տպաւորւել է նրա մի միտքը - Եթէ յանցագործը չի պատժւում, ապա գոնէ յանցագործութիւնը պիտի դատապարտւի: Այո, պատգամաւորները տարբեր են լինում: Ոմանք նաև սկզբունքներ ունեն:
Աւստրալիայում բնակւող սկզբունքային մարդկանցից պիտի յիշատակեմ Հարաւային Աւստրալիայի (South Australia) նահանգի գլխաւոր դատախազ Մայքլ Աթքինսոնին (Michael Atkinson), որի հետ միասին մենք պատւոյ հիւրեր ու հիմնական բանախօսներն էինք Պահանջատիրութեան շաբաթի ժամանակ: Հարաւային Աւստրալիան Աւստրալիայի վեցը նահանգներից մէկն է, ունի գերթէ մէկ միլիոն քառ. կմ տարածք և երկու միլիոնից պակաս բնակչութիւն:
Հայեր գրեթէ չկան, փոխարէնը կան բազմաթիւ թուրքեր: Ահա այս մարդու ջանքերի շնորհիւ ամիսներ առաջ յիշեալ նահանգի խորհրդարանը ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը: Տւեալ պարագայում ինձ համար ոչ միայն ինքնին ճանաչումն է կարևորը, այլ նման մարդկանց առկայութիւնը: Նման մարդիկ են, որ թոյլ չեն տալիս վերջնականապէս հիասթափւել մարդկութիւնից: Դեռ ամէն ոք չէ, որ շահով է առաջնորդւում, ամէն ինչ չէ, որ շահով է որոշւում:
Աւստրալիան Կանադայի եղբայր է: Նրանք նոյն հօրից են, սակայն տարբեր մօրից: Ըստ այդմ, իմ կանադական փորձն ինձ հնարաւորութիւն տւեց կարճ ժամանակահատւածում ընկալել այդ երկիրը: Ես վաղուց եմ նկատել ` երկրները մարդկանց նման են: Նրանցից ոմանք բնածին սրիկայ են, ոմանք արդարութեան հետամուտ մարտիկներ: Աւստրալիան երկրորդ խմբից է: Առաջիկայ տարիներին մենք ևս առիթ կունենանք դրանում համոզւելու: Այդպիսին է Աւստրալիան` այդքան հեռու ու այդքան մօտ:




Արա Պապեան
22-28 նոյեմբերի 2009
, Սիդնէյ- Օտտաւա

Թուրքիայի պետական արխիւները «մաքրազտւած»!!! սպասում են հայ-թուրքական յանձնաժողովին


13:04 / 30.11.2009
Թուրքիայի պետական արխիւների գլխաւոր տնօրէնը յայտնել է, որ իրենք աւարտել են նախապատրաստական աշխատանքները եւ կարող են ընդունել հայ-թուրքական արձանագրութիւնների շրջանակներում ստեղծւելիք պատմական յանձնաժողովին: Այս մասին տեղեկացնում է թուրքական մի կայքէջ:
Թուրքիայի պետական արխիւների գլխաւոր տնօրէն Եուսուֆ Սարընայը նշել է, որ Թուրքիայում է գտնւում Օսմանեան կայսրութեան 700-ամեայ պատմութիւնը, եւ այն կրում է նաեւ միջազգային նշանակութիւն: «Այսօր 30-ից աւել պետութեան պատմութիւնն ու մշակոյթը կայ մեր արխիւներում: Մենք արդէն վերջացրել ենք նախապատրաստական աշխատանքները՝ ընդունելու ստորագրւած հայ-թուրքական արձանագրութիւնների շրջանակներում ստեղծւելիք համատեղ պատմական յանձնաժողովին»,ասել է թուրքական պետական արխիւների գլխաւոր տնօրէնը: Վերջինս նշել է, որ իրենք հրատարակել են Օսմանեան կայսրութեան վերջին շրջանին վերաբերող փաստաթղթեր, որոնց մէջ է նաեւ 1876-1916 թւականների հայկական ապստամբութիւններին վերաբերող 258 փաստաթուղթ:
NEWS.am-ը յիշեցնում է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլը մի քանի անգամ, տարբեր արտասահմանեան լրատւամիջոցներին տւած հարցազրոյցներում նշել է, որ Թուրքիան բացել է իր ռազմական արխիւները եւ առաջարկել է ստեղծել պատմական յանձնաժողով: Գիւլը հաւատացրել է, որ Թուրքիան կընդունի մասնագէտների ընդունած ցանկացած որոշում:
Ի դէպ, Թուրքիայում տասնամեակներ տեւող ժամանակահատւածում մանրակրկիտ ստուգւել եւ «մաքրւել» են օսմանեան արխիւները, եւ շատ ցանկութեան դէպքում նոյնիսկ, դժւար է այնտեղ լուրջ փաստաթղթեր գտնել, որ կապացուցի Հայոց Ցեղասպանութիւնը:

Լուրեր Հայաստանից

Աթէնքում հնարաւոր է տեղի ունենայ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը


Աթէնքում կայանալիք Եւրոպայի անվտանգութեան և համագործակցութեան կազմակերպութեան նախարարների 17-րդ խորհրդի ժողովում Թուրքիան ներկայացնելու է արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուն։
ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչներից կազմւած ՄԽ ներկայացուցիչների խորհուրդը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցութեամբ նիստ կանցկացնի։
Սպասւում է, որ ԵԱՀԿ-ի շրջանակներում Ահմեդ Դաւութօղլուն երկկողմանի բանակցութիւններ կանցկացնի Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ։
Թուրքիան պնդում է, որ ղարաբաղեան հակամարտութիւնը լուծւի խաղաղ ճանապարհով՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան շրջանակներում։
Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի շրջանակներում Թուրքիան երաշխաւորել է Ադրբեջանին, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը չի բացւի, մինչև ղարաբաղեան հարցը վերջնական լուծում չստանայ, ինչին ի պատասխան Հայաստանը յայտարարել էր, որ կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը։
Ադրբեջանի հետ Թուրքիայի լարւած յարաբերութիւնները կարգաւորւել էին պաշտօնական Անկարայի կողմից վերոնշեալ երաշխիքները տալուց յետոյ։

Պայթիւն է որոտացել Տիւմէն-Բաքու գնացքի առջեւ

09:52 / 30.11.2009
Դաղստանում երկաթգիծ է պայթեցւել:
Պայթուցիկ սարքը գործի է դրւել նոյեմբերի 30-ին` ժամը 06:00-ի սահմաններում։ Այն պայթեցւել է Տիւմենից Բաքու մեկնող գնացքի առջեւ:
Նախնական տւեալներով, ինչպէս յայտնում է «Ինտերֆաքսը», զոհեր եւ տուժածներ չկան: Համաձայն Դաղստանի իրաւապահ մարմինների տւեալների, պայթիւնի արդիւնքում գնացքը դուրս չի եկել ուղուց եւ մօտ 150մ գնացել է արդէն իսկ վնասւած գծերով:
Աղբիւրների տւեալներով, ներկայումս դէպքի վայրում են գտնւում օպերատիւ-քննչական ծառայութիւնները, ճշտւում են պայթուցիկ սարքի տեսակն ու հզօրութիւնը:


Լուրեր Հայաստանից

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՅԻՇԵՑՐԵԼ Է ԱԼԻԷՒԻՆ ՀԱՊԿ-Ի ՄԱՍԻՆ

Դմիտրի Մեդվեդեւի վերջին յայտարարութիւնը ընդամէնը շարունակել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վարքագիծը, որը ուրւագծւել է Միւնխէնում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից յետոյ, որից առաջ Ադրբեջանի նախագահը յայտարարել էր, որ կարող է պատերազմ սկսել «Ղարաբաղի համար»:
Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է ռազմական փորձագէտ Ռուբէն Մեհրաբեանը: Նրա խօսքերով, Դմիտրի Մեդվեդեւը ընդամէնը շարունակել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վարքագիծը, որոնք խիստ նախազգուշացրել են Իլհամ Ալիէւին «ոչ ճիշտ պահւածքի մասին»:
«ՀԱՊԿ-ում իրօք կէտ կայ այն մասին, որ «երկրներից մէկի վրայ յարձակւումը, դիտւում է, որպէս յարձակում, որը ուղղւած է Պայմանագրի բոլոր երկրների դէմ», - ընդգծել է Մեհրաբեանը: Բելառուսական ԶԼՄ-ներին տւած հարցազրոյցում Ռուսաստանի նախագահը յայտարարել է. «Համաձայն Պայմանագրի մեզ մօտ գործում է նմանատիպ կանոն, ինչպէս որ եւ Հիւսիսատլանտեան դաշինքում, ըստ որի «երկրներից մէկի վրայ յարձակւումը, դիտւում է, որպէս յարձակում, որը ուղղւած է Պայմանագրի բոլոր երկրների դէմ»:

Աշխարհում կտրուկ աճել է «խոզի գրիպի» զոհերի թիւը


17:03 / 28.11.2009
Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան (ԱՀԿ) տւեալներով, անցած շաբաթ «խոզի գրիպի» պատճառով մահւան աւելի քան 1000 դէպք է գրանցւել:

Նշենք, որ ապրիլից մինչ այժմ արձանագրւել է H1N1 վիրուսից մահւան 7,800 դէպք, որոնց ճնշող մեծամասնութիւնը` 5,360 դէպք, Հարաւային եւ Հիւսիսային Ամերիկաներում է գրանցւել:
Այդուհանդերձ, ԱՀԿ-ի տւեալները վկայում են այն մասին, որ վերջին շրջանում աճել է զոհերի թիւը՝ յատկապէս Եւրոպայում, ուր անցած շաբաթւայ ընթացքում «խոզի գրիպին» զոհ է գնացել առնւազն 650 մարդ: H1N1 վիրուսի առաւել մեծ ակտիւութիւն է նկատւել Մոլդովայում: Համաճարակի ակտիւութիւնը պակասել է Բելառուսում, Սերբիայում եւ Ուկրաինայում:
Յիշեցնենք, որ անցած շաբաթ «խոզի գրիպի» մահւան կասկածանքով առաջին դէպքն է արձանագրւել նաեւ Հայաստանում: Նոյեմբերի 24-ի դրութեամբ Հայաստանում արձանագրւել է H1N1 գրիպով կասկածելի 25 հիւանդ:
Հիւանդներից 22-ը բուժում ստանալուց յետոյ առողջացել եւ հիւանդանոցից դուրս են գրւել, իսկ մնացածները շարունակում են ստանալ համապատասխան բուժում «Նորք» ինֆեկցիոն հիւանդանոցում:


Լուրեր Հայաստանից

Արմէն Այւազեան–. «Հայաստանի պետական համակարգը անկախութիւնից ի վեր գործում է կիսակաթւածահար վիճակում»
-Ամէն անգամ արձագանքել ու գնահատական տալ մի գործընթացի, որն ի սկզբանէ սխալ հիմքերի վրայ է դրւած և հայանպաստ լուծումների չի բերելու, այնքան էլ նպատակայարմար չէ։
Տարիներ շարունակ քննադատել եմ արցախեան հիմնախնդրի շուրջ տարւող բանակցութիւնների ամբողջ կառուցւածքը, ինչպէս նաև դրա հետ շաղկապւած հայ-թուրքական խորքային հակամարտութեան անտեսումը,-«7օր»-ի հետ զրոյցում գնահատական տալով Միւնխէնում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, ասել է «Արարատ» ռազմավարական կենտրոնի տնօրէն Արմէն Այւազեանը։
-Հետևաբար, միւնխենեան այս հանդիպումն էլ Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքական սխալ ուղու հերթական վտանգաւոր հանգրւանն է։
Ըստ Ա. Այւազեանի «դրական գնահատական տալն անհնար է այս և նմանատիպ հանդիպումներին, որովհետև ընդհանուր ուղղութիւնը կապիտուլեանտական է Հայկական հարցի նկատմամբ՝ ինչպէս թուրքական, այնպէս էլ ադրբեջանական ճակատում։ Առաւել ևս, երբ Ադրբեջանի դիրքորոշումն է՛լ աւելի է կարծրացել, նրանց առաջնորդն անում է այնպիսի յայտարարութիւններ, որոնցից յետոյ բանակցելն անգամ անիմաստ է»։
«7օր»-ի զրուցակիցն ասել է, թէ նման մթնոլորտում բանակցութիւնները կարող են արդիւնք տալ միայն Հայաստանի միակողմանի զիջումների պարագայում, մանաւանդ, որ տեսնում ենք, որ Հայաստանը չի էլ պատասխանում այդ յայտարարութիւններին։
-Հայաստանի ղեկավարութիւնը չի պատասխանում այնպէս, ինչպէս հարկն է, և լուրջ չի վերաբերւում այս յայտարարութիւններին։ Մինչդեռ Ալիևի յայտարարութիւնը համապատասխանում է Ադրբեջանի ամբողջ ներքին ու արտաքին քաղաքականութեանը, որը նախապատրաստում է նոր պատերազմ,-նշել է Արմէն Այւազեանն ու յաւելել,- Խրախճանքների ու վայելքների այն անզուսպ քարոզը, ինչպէս նաև տեղակատւական խուլ շրջափակումը, որն այսօր Հայաստանի հեռուստաեթերում ունենք, ցոյց է տալիս, որ ժողովրդին, յատկապէս երիտասարդութեանն ուզում են ամէն կերպ հեռու պահել քաղաքական հարցերից։
Մինչդեռ իրական, գոյութենական սպառնալիքներից ժողովրդի ու պետական համակարգի օտարացումը, որն առաջ է տանում ՀՀ այսօրւայ քաղաքական կուրսը, ծայրայեղ վտանգաւոր երևոյթ է, որն անակնկալի է բերելու մեր ժողովրդին այն պահին, երբ ազգային համախմբումը դառնալու է անհրաժեշտութիւն՝ օրւայ խնդիր։
«Արարատ» ռազմավարական կենտրոնի տնօրէնն ասել է, թէ Հայաստանի պետական համակարգը անկախութիւնից ի վեր գործում է կիսակաթւածահար վիճակում, յատկապէս այն հարցերում՝ որոնք վերաբերում են Հայաստանի ազգային անվտանգութեան վճռորոշ խնդիրներին։

Սիւզի Մելքոնեան

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԶԻՆՒՈՒՄ ԵՆ


Վերջին 7 տարւայ ընթացքում Թուրքիայի քաղաքացիները զէնք ձեռք բերելու համար ծախսել են 138 մլն դոլար: Ինչպէս հաղորդում է Anatolian News Agency-ն, ՄԿԵԿ թուրքական կորպորացիայի տւեալներով, տարւայ սկզբից վաճառվել է 10.302 ատրճանակ: Նրանցից 8.225 արտադրւած է Թուրքիայում, իսկ մնացած ներմուծւած է այլ երկրներից:
ՄԿԵԿ-ը վաճառում է ատրճանակների տարբեր ձեւեր 25 երկրներից, ներառեալ այնպիսի 15 ընկերութիւն, ինչպիսիք են Beretta, Bernardelli, Browning, Glock, CZ Strojirna, CZ Zbrojovka, Heckler&Koch, HS 2000, Jericho, Sig Sauer, Smith&Wesson, Steyr, Tanfoglio, Walther and ZVI-Kevin ընկերութիւնները:
Ատրճանակների գինը տատանւում է 450-ից մինչեւ 7 հազար դոլար:

Կը Մնա՞ն, Արդեօք, Արծւաբեր Վանքի Գոնէ Փլատակները

Եկեղեցա–ճարտարապետական գեղանի ու վերերկրային յօրինւածքները դարեր շարունակ զարդարել են պատմական Հայաստանը:
Բարձրադիր վայրերում կառուցւած համալիրները, հոգեւոր կենտրոններն ու սրբատեղիները յօրինւած են այնպիսի տաղանդով, որ կարծես փորւած են ժայռի մէջ, ձուլւած բնութեանն ու երկնքին, կամ էլ ասես երկնքից են իջեցւել ու դրւել ի վերուստ նախասահմանւած տեղում:
Մեր քարեղէն հրաշքներն, անգամ աւերւած ու կիսաքանդ, այսօր էլ իրենց վեհութեամբ ու առինքնող գեղեցկութեամբ հիացմունք ու խոնարհում են առաջացնում, թէկուզ հեռու մեզանից, ինչ-որ գծւած սահմաններից այն կողմ, բայց միշտ անթեղւած մեր ու մեր սերունդների հոգու` սահմաններ չճանաչող քարտէզներում:
1894-1896-ին եւ 1915-1923-ին թուրք բարբարոսները ոչ միայն ոչնչացրին մէկ ու կէս միլիոն խաղաղ հայ բնակչութեան, այլեւ իւրացրին նրանց հողն ու ողջ ունեցւածքը, երգն ու զրոյցը: Կորան բազմաթիւ ձեռագիր մատեաններ, ինչպէս նաեւ կործանւեցին անկրկնելի տաճարներ, կոթողներ, վանքեր ու սրբատեղիներ, ոչնչացրին այն ամէնը, ինչ վկայում էր հայ ժողովրդի գոյութեան մասին եւ իր վրայ կրում էր Մեսրոպեան տառերը:
Օսմանեան թուրքերը շատ լաւ էին հասկանում, որ պէտք է ոչնչացնել հայ ժողովրդի յուշարձանները` վանքերն ու եկեղեցիները` նրա ստեղծագործ տաղանդի ոգին: Հայկական վանքերի ու եկեղեցիների, պատմա–ճարտարապետական յուշարձանների աւերումը, հայկական մեծարժէք ձեռագրերի ոչնչացումը մեծ հարւած էր ոչ միայն հայ եկեղեցուն, հայ ժողովրդին, հայկական մշակոյթին, այլեւ համաշխարհային մշակոյթին ու գիտութեանը:
Այո, յատկապէս շատ են պատմական Հայաստանի արեւմտեան մասում մնացած կոթողները, որոնք այսօր մասամբ իւրացւել են նւաճողների կողմից: Քաղաքական, տուրիստական ու այլ նկատառումներից ելնելով` այսօր վերանորոգւում կամ պահպանւում են դրանց չնչին մասը միայն, իսկ մնացածը մատնւած է աւերումի, կործանման ու ոչնչացման:
Որոշ յուշարձանների մասին լռում են նաեւ հայկական աղբիւրները. դրանք կամ ուսումնասիրւած չեն, կամ դրանց մասին կցկտուր տեղեկութիւններ կան` հիմնւած աւանդոյթների կամ բանահիւսութեան վրայ: Իսկ որ ամենաամօթալի է` դեռեւս ամբողջութեամբ հաշւառւած ու ուսումնասիրւած չեն անգամ Արեւելեան Հայաստանի ճարտարապետական կոթողները, ուր մնաց թէ` Արեւմտեան Հայաստանինը: Արժանին պէտք է մատուցել բոլոր այն ուսումնասիրողներին, որոնց շնորհիւ մենք կարող ենք ասել, որ գոնէ հաշւառւել ու հնարաւորինս ուսումնասիրւել են մինչ օրս մնացած բազում կառոյցների բեկորները:
Չուսումնասիրւած ու մշակութային ժառանգութեան մէջ չներառւած այդ հարիւրաւոր կառոյցներից մէկն էլ Արծւաբեր վանքն է` անցեալի իր պատմութեամբ, աւանդոյթով, ճարտարապետութեամբ, խորհրդաւոր խցերով:
Արծւաբեր վանքը (Ալթըն Սաչ) գտնւում է Վանի Էրճիշ գաւառի Սալմանաղա գիւղում, ծովահայեաց բլրի վրայ: Այն 13-րդ դարի կառոյց է: Ըստ աւանդոյթի, այստեղ են պահւել Թովմաս առաքեալի մասունքները: 1671թ. կատարւած վերանորգման ընթացքում արեւմտեան հատւածում աւելացւել է ժամատունը: 18-րդ դարի վերջում վանքն աւերւել ու թալանւել է, սակայն կանգուն էր մինչեւ անցեալ դարասկիզբ: Իսկ ներկայումս մնացել են վանքի փլատակները միայն: Կան տեղեկութիւններ, որ սրբատեղին նախաքրիստոնէական շրջանում պատկանել է արեւորդիներին, ապա վերածւել հայկական եկեղեցու:
Ինչպէս տարածաշրջանի մի շարք եկեղեցիներ, այն եւս մշակությաին ժառանգութեան պահպանման ցուցակում գրանցւած չէ: «Ակոս» թերթին տւած հարցազրոյցում Վանի մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարար Զեքի Թաշթայջն ասում է, որ վանքը, չունենալով որեւէ գրանցում, մինչ օրս չի ենթակւել ուսումնասիրութեան:
Արծւաբեր վանքի մասին հայկական աղբիւրներում երկար պրպտումներիս արդիւնքում որեւէ ուսումնասիրութեան կամ գրառումի չհանդիպեցի, իսկ թուրքական աղբիւրները լեփ-լեցուն էին սխալ, թերի կամ թուրքայնացւած տեղեկութիւններով:
Այս ամէնի կողքին քիչ թէ շատ հաւաստի տեղեկութիւններ կարող են տալ թերեւս գիւղի բնակիչները, որոնց յիշողութեան մէջ դեռեւս թարմ են մնացել անցեալ դարասկզբի իրողութիւնները, որոնց արդիւնքում էլ վանքը վերածւեց իսկական աւերակի:
Գիւղացիները պատմում են, որ վանքը քանդւել է պաշտօնական հրամանով. Դելիչայի ոստիկանական զօրքերի պահակակէտի կառուցման նպատակով: Քանդելու գործընթացը յանձնարարւել է բնակիչներին, իսկ երբ որեւէ մէկը ըմբոստացել է` դաժանօրէն պատժի է ենթարկւել: Աւերակների մնացուկները քանդւել ու թալանւել են հետագայում տեղի հասարակ բնակիչների կողմից` առանց որեւէ պաշտօնական հրամանի, իսկ սրբատաշ քարերը գործածւել են գիւղացիների կողմից տարբեր նպատակների` անգամ կովերի առաջ լցնելու համար: Այս ամէնի մասին գիտի ամէն մի գիւղացի, իսկ վանքի իրական պատմութիւնն ու յուշարձանի պահպանումը թողնենք ճարտարագէտներին. գուցէ մի օր այն եւս կարժանանայ ուշադրութեան ու լրջօրէն կուսումնասիրւի:


ՎԵՐԱ ՍԱՀԱԿԵԱՆ

Օգտագործւած լուսանկարը չի պատկանում Արծւաբեր Վանքին–Վ.

EL MUNDO.– ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՊԱԳԱՆ ՄԵԾ ՆՇԱՆԱԿՈՒԹԻՒՆ ՈՒՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ


Լեռնային Ղարաբաղի ապագան մեծ նշանակութիւն ունի Թուրքիայի համար եւ ԵՄ համար: Այդ մասին գրում է իսպանական EL Mundo թերթը:
Թերթի թղթակցի կարծիքով, ԵՄ-ը մրցում է Ռուսաստանի հետ Կասպից ծովի նաւթի եւ գազի պաշարների համար, իսկ Ադրբեջանը փորձում է գտնել ղարաբաղեան հարցի լուծման ուղին: «Ադրբեջանի մերձեցումը Ռուսաստանի հետ բացատրւում է այն բանով, որ ոչ Թուրքիան, ոչ ԵՄ-ը ոչ էլ ԱՄՆ-ն բաւականաչափ բան չեն արել Ղարաբաղի համար», - մէջբերում է EL Mundo-ն թուրք փորձագէտ Գիւներ Օզկանի կարծիքը:
Յօդւածում բերւում են նաեւ Հայաստանի նախագահի մամլոյ քարտուղարի խօսքերը այն մասին, որ եթէ Ադրբեջանը սկսի ռազմական գործողութիւններ, ապա ոչինչ չի խանգարի Հայաստանին ճանաչել Ղարաբաղի անկախութիւնը:
«Յայտարարութիւնը հնչել էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից յետոյ, որից առաջ Իլհամ Ալիէւը յայտարարել էր, որ «եթէ բանակցութեան յոյսերը սպառւեն» Ադրբեջանը իրեն իրաւունք է վերագրում «ազատել երկիրը պատերազմի միջոցով»:
Երկու տարի առաջ ԵԱՀԿ-ն սահմանել է այսպէս կոչւած «մադրիդեան սկզբունքները», համաձայն որոնց Հայաստանին առաջարկւում է դուրս բերել զօրքերը Ղարաբաղի սահմանամերձ տարածքներից, փոխարէն անկլաւի անկախութեան ճանաչմանը: Սակայն ոչ Բաքուն, ոչ էլ Երեւանը չեն ճանաչում այդ փաստաթուղթը, ունենալով տարաձայնութիւններ կապւած փախստականների վերադառնալու եւ Լաչինի անկախութեան հարցերում:

Նազիկ Ավդալեանը՝ Աշխարհի Ախոյեան


Կօրէայի Գոյան քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնութիւնում Հայաստանի ներկայացուցիչ Նազիկ Ավդալեանը նւաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը: Վերջին անգամ օլիմպիական մարզաձեւերում աշխարհի չեմպիոն ունեցել էինք 7 տարի առաջ, իսկ ծանրամարտում՝ 18 տարի առաջ:
Պոկում վարժութիւնում Նազիկ Ավդալեանը բարձրացրեց 119 կգ ծանրաձողը։ Ավդալեանը 1 կգ -ով գերազանցում էր Ռուսաստանի ներկայացուցիչ Սլիվենկոյին: Հրում վարժութիւնում մեր մարզիկը ելոյթը սկսեց 141 կգ-ից և յաջողեց հէնց առաջին փորձից: Ավդալեանի հիմնական մրցակից Օկսանա Սլիվէնկոն ելոյթներն աւարտւեց 146 կգ-ով:
Ավդալեանը չեմպիոնի կոչման համար պէտք է բարձրացներ նոյնքան, սակայն պատւիրեց 147, որպէսզի հրում բարձութիւնում ևս փոքր ոսկի նւաճէր:
Նազիկը բարձրացրեց այդ քաշը և դարձաւ աշխարհի չեմպիոն: Երկամարտի 266 կգ արդիւնքում Ավդալեանը զբաղեցրեց 1-ին հորիզոնականը:

«ՆՈՐ ՕՍՄԱՆՆԵՐ»Ի ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

«Ցաւօք, միայն այդ թուրքի լակոտը չէ, որ նման տեսակէտ ունի: Օրերս թուրքական Taraf Daily թերթի սիւնակագիր Սեւան Նիշանեանը յայտարարեց, որ «Մենք կսպանենք քեզ, ինչպէս այդ շանը` Հրանտ Դինքին»...


Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուն օրերս «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան փակ նիստին յայտարարել էր, թէ ներկայիս Թուրքիան Օսմանեան կայսրութեան ժառանգորդն է:
«Մեզանում մնացել է օսմանների ժառանգութիւնը: Մեզ անւանում են նոր օսմաններ: Այո, մենք նոր օսմաններ ենք եւ պարտաւոր ենք ուշադրութիւն դարձնել տարածաշրջանի երկրներին»,- ասել էր նա: Եւ թէեւ յայտարարութիւնից երկու օր անց Դաւութօղլուն հերքեց, թէ Թուրքիայի կառավարութեան արտաքին քաղաքականութիւնը որակել է որպէս նէոօսմանիզմ, այնուհանդերձ այդ հերքումն ազդեցութիւն չունեցաւ, քանի որ նախկինում ասած միտքը հաստատում էր Թուրքիայի այսօրւայ վարած արտաքին քաղաքականութիւնը: Օսմանները ինչպէս են լուծում «տարածաշրջանային խնդիրները»` յայտնի է:
Պարզապէս, այժմ իրենց ծրագրերն իրականացնում են նոր չափանիշներով, ֆիզիկապէս կոտորելը զուգակցում են նաեւ ձուլելով ու ահի մթնոլորտում պահելով:
Նոյեմբերի սկզբին Թուրքիայի խորհրդարանում քրդական հարցին նւիրւած քննարկումների ընթացքում Ժողովրդահանրապետական կուսակցութեան փոխնախագահ, իր հակահայկական եւ հակաքրդական կեցւածքով յայտնի Օնուր Օյմէնի յայտարարութիւնը, թէ` «քրդական հարցի կարգաւորման ճանապարհին պէտք է օրինակ լինեն Դերսիմի 1937-1938 թւականի քրդական կոտորածները», խնդիրների կարգաւորման նէոօսմանական տարբերակի բացայայտումն էր:
Յիշենք, ինչպէս նախորդ շաբաթ Ֆրանսիայի Նանսի քաղաքի աւագ դպրոցի 13-ամեայ ուսանող Մուստաֆա Դողանը հեռացւեց քոլէջից` Հայոց Ցեղասպանութեան փաստը ժխտելու համար: Շարադրութիւն գրելիս նա յայտարարել էր, որ «եթէ հայերին ցեղասպանութեան են ենթարկել, ուրեմն հայերը դրան արժանի էին»: Սրանով թուրք երիտասարդը առաջին հերթին ընդունում է Ցեղասպանութիւնը, իսկ երկրորդ հերթին` հպարտանում Ցեղասպանութիւն իրականացնելու մտքով: Եւ թէե Մուստաֆա Դողանը գրաւոր ներողութիւն խնդրեց իր արտայայտած մտքերի համար, սակայն դա արեց ոչ թէ` որ այդպէս էր մտածում, այլ պատժից խուսափելու համար:
Ցաւօք, միայն այդ թուրքի լակոտը չէ, որ նման տեսակէտ ունի: Օրերս թուրքական Taraf Daily թերթի սիւնակագիր Սեւան Նիշանեանը յայտարարեց, որ «Մենք կսպանենք քեզ, ինչպէս այդ շանը` Հրանտ Դինքին», «Թուրք երիտասարդութիւն, քո առաջին գործն է երկրի երեսից ջնջել հայերին եւ քրդերին` յանուն թուրքերի եւ մարդկութեան», «Մահ հայերին» եւ այլ սպառնալիքներով մօտ 400 նամակ է ստացել թուրք ազգայնականներից, որոնց հետեւում կանգնած է թուրք զինւորականութիւնը:
Իսկ «Էրգենեկոնի» հետաքննութեան ժամանակ պարզւեց, որ Ֆաթիմա Չինգիզ անունով մի թրքուհի հաւաքագրւել էր թուրքական զինուժի կողմից եւ պարտաւորւել մանրամասն տեղեկութիւններ հաւաքել Թուրքիայի էթնիկ հայերի մասին: Ցանկում տեղ էին գտել «Ագոս» թերթի բաժանորդները, հայկական կազմակերպութիւնների եւ եկեղեցիների անդամներ, որոնք որակւել են «ակտիւ» կամ «ոչ ակտիւ»: Ըստ հրապարակւած նիւթերի` Ֆաթիման ծառայում է S-1 եւ S-2 գաղտնի խմբերին, որոնց նպատակն էր սպանել Թուրքիայի հայ համայնքի մտաւորական առաջնորդներին: Ցուցակում ներառւած են նաեւ թուրք գործիչներ, ովքեր հրապարակայնօրէն խօսել են Հայոց Ցեղասպանութեան մասին:
Պարզ է, որ արիւնարբու թուրքը եւրոպական չափանիշներին հասնել չի կարող, սակայն պարզ է նաեւ, որ ցեղասպան ազգին Եւրամիութիւն թողնելով եւ այդ ոճիրը ի վերջոյ չդատապարտելով` վաղ թէ ուշ ողջ Եւրոպան կարող է հասնել թուրքերի մակարդակին:
Դէպի եւրաինտեգրում ընթացող Թուրքիայում այսօր բազմաթիւ են հայերը, ովքեր տասնամեակներ ի վեր չեն համարձակւում խօսել իրենց արմատների մասին, ովքեր այսօր էլ բռնի կրօնափոխ են լինում: Դա հաստատում է Պոլսոյ Պատրիարքի տեղապահ Արամ Աթեշեանը` «Հիւրիէթ» թերթին օրերս տւած հարցազրոյցում:
Այս երեւոյթը, թուրք աշակերտի պահւածքը, «Էրգենեկոնի» հետաքննութիւնը, Հրանտ Դինքի սպանութիւնը եւ բազմաթիւ այլ փաստեր պատասխանն են այն մարդկանց, ովքեր- նոյնիսկ հայերիս մէջ կան- պնդում են, թէ այսօրւայ թուրքը օսմանեան թուրքը չէ:
Թուրքը չի փոխւում: Այսօր Թուրքիայի բարեպաշտ երեւալուն խանգարում են հայերն ու Ցեղասպանութիւնը, որը խարան է նրանց ճակատին: Դրանից կատաղած` այսօր Հայաստանը ոչնչացնելու նոր ծրագիր են մշակել:
Միայն թէ այս անգամ սիրաշահելով, մեր պետութիւնը «քնքշօրէն» գրաւելով, մասնաբաժին ունենալով մեր տնտեսական պոտենցիալից: Թուրքը չի փոխւել, փոխւել ենք մենք, որ թուրքի վայրագութիւններից դաս չքաղելով` առաւել միամիտ ենք դարձել, մոռանալով, որ քանի ոճրագործը չի ընդունել իր մեղքը, իր գործածը համարում է հերոսութիւն, նա պատրաստ է կրկնել ոճիրը:

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ

ԱՐԿԱԴԻ ՏԷՐ-ԹԱԴէՈՍԵԱՆ.–
«ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՅՍՕՐ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՎԵՐՍԿՍԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ»

Երեւան (Երկիր) - Ադրբեջանն այսօր պատրաստ չէ վերսկսել ռազմական գործողութիւնները, ըստ armtoday.info-ի` յայտարարել է Արցախեան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տէր-Թադէոսեանը:
Նրա կարծիքով` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիէւն իր յայտարարութիւններն անում է Թուրքիայի յանձնարարութեամբ, իսկ Թուրքիան խելացի ու խորամանկ արտաքին քաղաքականութիւն է վարում եւ Բաքւի շուրթերով միջազգային հանրութեանը նախապատրաստում է Հայաստանի դէմ պատերազմի:
Ա. Տէր-Թադէոսեանի խօսքերով` Ադրբեջանը մշտապէս գլուխ է գովում, թէ ժամանակակից զէնք ունի, սակայն «դրա կիրառման համար անհրաժեշտ է խելք եւ պատրաստւած մասնագէտների հսկայական բանակ»:
Գեներալի կարծիքով` ռազմական գործողութիւնների վերսկսման հաւանականութիւնը շատ փոքր է, սակայն, նրա կանխատեսումներով, պատերազմի վերսկսման դէպքում Ադրբեջանը նախնական շրջանում յաջողութիւն եւ առաւելութիւն կունենայ, սակայն յետոյ «շնչահեղչ կլինի»:
Դա յայտնի է նաեւ Լեռնային Ղարաբաղի զինւորական ղեկավարութեանը, որը պատրաստ է իրադարձութիւնների նման զարգացմանը:
Ըստ Ա. Տէր-Թադէոսեանի` Ադրբեջանին «գլխապտոյտ յաջողութիւնից յետոյ մեծ հիասթափութիւն է սպասելու», եւ նա կորցնելու է իր տարածքի մեծ մասը:

ԲՐՈՆԶԷ ՎԵՐՋԱԲԱՆ


Հարաւկօրէական Գոյան քաղաքում շարունակւող ծանրամարտի առաջնութիւնում մեր մարզիկները նւաճեցին հերթական մեդալները: Կանանց մինչեւ 75 կգ քաշայինների մրցաշարում Հռիփսիմէ Խուրշուդեանը ցոյց տալով 267 կգ (120+147) արդիւնք, բոլոր առումներով զբաղեցրեց 3-րդ տեղը եւ Հայաստանին պարգեւեց հերթական 3 բրոնզէ մեդալները:
Մրցաշարի յաղթող դարձաւ Ղազախստանի ներկայացուցիչ, անզուգական Սւետլանա Պոդոբեդովան, ով սահմանեց համաշխարհային նոր ռեկորդներ` 292 132+160, եւ վստահ նւաճեց չեմպիոնի կոչումը: Երկրորդ տեղը զբաղեցրեց չինուհի Լէյ Չաոն, ով ընդամէնը 2 կիլոգրամով առաջ անցաւ Հռիփսիմէ Խուրշուդեանից` 269 (120+149):
Այդպիսով, մեր ծանրորդները Հարաւային Կօրէայից Հայաստան են վերադառնում 12 մեդալներով (3 ոսկի, 4 արծաթ, 5 բրոնզ):
Ի դէպ, թիմային հաշւարկով մեր հաւաքականն առայժմ երրորդն է, Չինաստանից եւ Ղազախստանից յետոյ։

ՆՈՐ ՍՏԵՐ.–
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ` ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐՐԱՆ»...
Գերմանական տարբեր լրատու կայքէջեր իրազէկում են, թէ նոյեմբերի 26-ին Գերմանա–ադրբեջանական ֆորումը Բեռլինում գիտական սիմպոզիում է կազմակերպել, որ կրել է «Լեռնային Ղարաբաղ՝ Ադրբեջանի մշակութային օրրան» վերնագիրը:
Բանավէճի թեման եղել է ԼՂ հակամարտութիւնը: Սիմպոզիումն ընդգծել է Ադրբեջանի մշակութային եւ էնէրգա–տնտեսական նշանակութիւնը: Հայաստանի՝ «Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի բռնազաւթումը Լեռնային Ղարաբաղը դարձրել է անտեսւած ճգնաժամային մի գօտի, որ յաճախ բնորոշւում է «սառեցւած հակամարտութիւն» անւամբ:
Այս հակամարտութիւնը ոչ միայն փախստականների համար է կարեւ որ, այլեւ Եւրոպայի՝ նաւթ եւ գազ մատակարարելու առումով: Գերմանիայի համար Ադրբեջանը Կովկասում կարեւորագոյն տնտեսական գործընկեր է, 2008-ին Գերմանիան Ադրբեջանից մօտ 3,4 միլիոն տոննա նաւթ է ստացել:
Էնէրգետիկ մեծ ռազմավարութիւնը նկատի առնելով գերմանական քաղաքական հետաքրքրութիւնից է բխում ԼՂ հակամարտութեան արագ եւ խաղաղ լուծմանը սատարելը», սիմպոզիումում կարծիք է յայտնել կառավարութեան նախկին խօսնակ, նախկին պետնախարար, Գերմանա–ադրբեջանական ֆորումի նախագահ Օտտօ Հաուզերը:

ԱՆ. Հ.,
Գերմանիա

Կառավարութիւնն արձանագրութիւնները ներկայացնում է Սահմանադրական դատարան. իսկ յետո՞յ...

Յարութ Սասունեան
Նոյեմբերի 19-ին նախագահ Սերժ Սարգսեանը հայ-թրքական արձանագրութիւններն աննկատ, առանց հրապարակային յայտարարութեան ներկայացրեց Սահմանադրական դատարան:
Համաձայն Հայաստանի օրէնսդրութեան, բոլոր միջազգային պայմանագրերը պէտք է ներկայացւեն Սահմանադրական դատարան, մինչև Ազգային ժողովում վաւերացման համար դրանց քննարկումը:
Արձանագրութիւնները հոկտեմբերի 10-ին ստորագրւել էին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների կողմից, իսկ մինչ այդ, օգոստոսի 31-ին երկու կողմերը հրապարակաւ պարտաւորւել էին «իրենց բոլոր հնարաւոր ջանքերը գործադրել» արձանագրութիւնները «խելամիտ» ժամկէտում վաւերացնելու համար:
Հաշւի առնելով այն փաստը, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմէդ Դաւութօղլուն հոկտեմբերի 21-ին արձանագրութիւններն արդէն ներկայացրել էր Թուրքիայի խորհրդարան, նախագահ Սարգսեանը Սահմանադրական դատարան ներկայացնելու ժամանակի ընտրութեամբ, հաւանաբար նպատակադրւել էր խուսափել ձգձգման համար վարչապետ Էրդողանի մեղադրանքներից, նրա՝ դեկտեմբերի 6-ին Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում:
Իրօք, շաբաթւայ վերջին մի թուրք պաշտօնեայ մեղադրեց Հայաստանին արձանագրութիւնների վաւերացման ուղղութեամբ քայլեր չձեռնարկելու մէջ: «Հիւրրիէթ» թերթը մէջբերելով բարձրաստիճան մի թուրք դիւանագէտի խօսքերը, գրեց. «Չեմ կարծում, թէ որևէ մէկը ներկայ պահին կարող է ճնշում գործադրել Թուրքիայի վրայ, երբ Հայաստանը մինչ օրս դրանք չի ներկայացրել խորհրդարան»:
Արձանագրութիւնները Սահմանադրական դատարան ուղարկելն ամենևին էլ չի նշանակում, որ հայ պաշտօնեաները մտադիր են դրանք արագօրէն վաւերացնել, քանզի նրանք յայտարարել էին, որ կը սպասեն, որ նախ Թուրքիան դրանք վաւերացնի: Բացի այդ, թուրք ղեկավարներն արձանագրութիւնների վաւերացումը շարունակ կապում են Արցախի հակամարտութեան կարգաւորման հետ, և ընդհանրապէս դեռ հարցականի տակ է արձանագրութիւնների երբևիցէ վաւերացումը:
Հայաստանի Սահմանադրական դատարանի կայքում նշւած է, որ գործը դատարան ներկայացնելուց յետոյ առաջին քայլով դատարանի անդամներից մէկին յանձնարարւում է նախնական ուսումնասիրութիւն իրականացնել 15-օրեայ ժամկէտում, որը կարող է երկարաձգւել մինչև 10 օրով: Ներկայացման օրւանից սկսած ընդամէնը 90-օրեայ ժամկէտում դատարանը պէտք է յայտարարի իր կայացրած որոշման մասին: Սահմանադրական դատարանի լիազօրութեամբ սահմանւում է, որ դատարանի որոշումը պէտք է հիմք ընդունի ոչ թէ արձանագրութիւնների համապատասխանութիւնը Սահմանադրութեանը, այլև տւեալ միջազգային պայմանագրում ամրագրւած պարտաւորութիւնների համապատասխանութիւնը Սահմանադրութեանը:
Հաշւի առնելով Հայաստանի դատարանների նկատմամբ, ընդհանուր առմամբ հասարակութեան վստահութեան պակասը, հայերի մեծ մասը, յատկապէս նրանք, ովքեր դէմ են արձանագրութիւններին, խիստ կասկածում են, որ Սահմանադրական դատարանը դէմ կարտայայտւի արձանագրութիւնների վերաբերեալ կառավարութեան ունեցած դիրքորոշմանը:
Մամուլի մի շարք ներկայացուցիչներ կասկածի տակ առան Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Յարութիւնեանի ներկայութեան նպատակայարմարութիւնը, երբ նա ուղեկցում էր նախագահ Սարգսեանին, վերջերս կայացած արտերկրեայ «խորհրդատւական այցի» ժամանակ՝ փորձելով համոզել Սփիւռքի հայերին, որ արձանագրութիւնները արտայայտում են Հայաստանի շահերը:
Հաշւի առնելով ներկայացւած արձանագրութիւնների վճռորոշ բնոյթը և դրանց երկարաժամկէտ ազդեցութիւնը Հայաստանի ազգային շահերի վրայ, ակնկալւում է, որ Սահմանադրական դատարանը այս գործին հետամուտ կը լինի ամենայն լրջութեամբ և պատասխանատւութեամբ: Չնայած հայերի մեծամասնութիւնը գերադասում է, որ դատարանը չհաստատի արձանագրութիւնները, սակայն աւելի հաւանական է, որ այն կը հաստատի դրանք՝ մի քանի յստակեցումներ և մեկնաբանութիւններ յաւելելով, որոնք պայմանագրի անքակտելի մասը կը կազմեն մինչև խորհրդարան ներկայացնելը:
Յուսով ենք, որ այդպիսի յստակեցումները նւազագոյնի կը հասցնեն արձանագրութիւնների կործանարար հետևանքները և թոյլ չեն տայ Թուրքիային սխալ մեկնաբանել պայմանագիրը, յատկապէս միջազգային պայմանագրերին կատարւող յղումները, որոնք կարող են խոչընդոտել հետագայ հայկական պահանջներին, և պատմական ենթայանձնաժողովի ստեղծումը, որը կասկածի տակ կարող է դնել Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը:
Միւս կարևոր հարցը, որ Սահմանադրական դատարանը կարող է քննարկել, դա այնպիսի պայմանի յաւելումն է, որը Հայաստանի կառավարութեանն իրաւունք կը տայ միակողմանի չեղեալ յայտարարել այս պայմանագիրը, եթէ Թուրքիան վաւերացումից յետոյ կը խախտի պայմաններից որևէ մէկը:Հոկտեմբերի 4-ին, Լոս Անջելեսում նախագահ Սարգսեանի՝ հայկական համայնքի աւելի քան 60 առաջնորդների հետ հանդիպման ժամանակ ես Հայաստանի կառավարութեանն առաջարկեցի պաշտօնապէս վերապահում աւելացնել արձանագրութիւններում, որը նրանց իրաւունք կընձեռի պայմանագիրը չեղեալ յայտարարել, եթէ վաւերացումից յետոյ 60-օրեայ ժամկէտում Թուրքիան չբացի Հայաստանի հետ սահմանը կամ եթէ բացելուց յետոյ փակի այն:
Յատկանշական է, որ նախագահը հրապարակաւ համաձայնեց իմ առաջարկութեանը և այդպիսի վերապահում աւելացնելու պարտաւորութիւն վերցրեց իր վրայ: Արդէն պարզ է դառնում, որ չնայած բոլոր առարկութիւններին, Հայաստանի կառավարութիւնը մտադիր է մինչև վերջ գնալ արձանագրութիւնների հարցում, ուստի Սահմանադրական դատարանը և Հայաստանի Ազգային ժողովը պէտք է ձգտեն նւազագոյնի հասցնել մեր երկրի ազգային շահերին հասցւող անխուսափելի վնասը՝ աւելացնելով որոշակի վերապահումներ և յստակեցումներ մինչև դրանց վերջնական վաւերացումը:


Յարութ Սասունեան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
և խմբագիր
Թարգմ. Ռ.Աւագեան

ՀՅԴ-ն ողջունել է հայ-թուրքական յարաբերութիւնների վերաբերեալ Սերժ Սարգսեանի յայտարարութիւնը
16:44 / 28.11.2009
ՀՀԿ 12-րդ համագումարում Սերժ Սարգսեանի ելոյթը Թուրքիայի մասով կարելի է միայն ողջունել: Այս մասին համագումարից յետոյ լրագրողներին յայտնել է ՀՅԴ բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը: Նա ընդգծել է, որ նախագահի խօսքերը յոյս են ներշնչում, որ Հայաստանը հետագայում աւելի աչալուրջ կը լինի Թուրքիայի հետ յարաբերութիւններում:
Նշենք, որ համագումարում Սերժ Սարգսեանը մասնաւորապէս, նշել էր, որ Հայաստանը պէտք է հետեւողական լինի Թուրքիայի հետ յարաբերութիւններ հաստատելու իր դիրքորոշման հարցում, սակայն դա չի նշանակում, որ մօռացութեան է տրւում Ցեղասպանութեան հարցը: Նա նշել է նաեւ, որ հայ-թուրքական արձանագրութիւնները պէտք է վաւերացւեն խելամիտ ժամկէտներում եւ Թուրքիայի կողմից վաւերացումը ձգձգելը կը բերի նրան, որ Հայաստանը համապատասխան արձագանքի կարժանացնի դա՝ միջազգային նորմերի համաձայն:
Յատկանշանակ է, որ Սերժ Սարգսեանն իր այս ելոյթով շարունակում է հաւատարիմ մնալ հայ-թուրքական արձանագրութիւնները վաւերացնելու իր դիրքորոշմանը, սակայն այդ արձանագրութիւնների դէմ հանդէս եկող ՀՅԴ-ն ողջունում է Սերժ Սարգսեանի ելոյթը:
Լուրեր Հայաստանից

Ղրիմում հայկական վանքը փորձում են վերածել ազգագրական թանգարանի բաժանմունքի


17:09 / 28.11.2009
Դեկտեմբերի 1-ից Ղրիմի Հայկական Սուրբ Խաչ վանքը դառնալու է ազգագրութեան թանգարանի մի բաժանմունք: Այս մասին լրագրողներին յայտնել է Ղրիմի ինքնավար հանրապետութեան գերագոյն ռադայի նախագահ Անատոլի Գրիցենկոն: NEWS.am-ը մտադիր է սրա վերաբերեալ պաշտօնական մեկնաբանութիւն ստանալ Էջմիածնից:
Հայկական Սուրբ Խաչ վանքը պետական նշանակութեան յուշարձան է, որ մի քանի դարերի ընթացքում հայերի հոգեւոր կենտրոնն է եղել եւ ուխտագնացութեան վայր: Տարբեր ժամանակներում այստեղ ապրել ու աշխատել են հայ մշակոյթի բազմաթիւ գործիչներ:
2008-ին Սերժ Սարգսեանն աշխատանքային այցով եղել է Ուկրաինայում եւ մասնակցել Սուրբ Խաչի հիմնադրման 650 ամեակին նւիրւած տօնակատարութեանը: Այդ այցելութեան ժամանակ նրան ուղեկցել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Եուշչենկոն:

Լուրեր Հայաստանից

ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐԵԱՆ.–
«ՄԵՐ ՈՉ-Ը ԲԱՐՁՐԱՑՆԵՆՔ ՅԱՆՈՒՆ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ԵՒ ՊԵՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ»
Երեւան (Երկիր) - Նոյեմբեր 26-ին, Քովէյթի եւ Պարսից Ծոցի երկրների թեմի կաթողիկոսական փոխանորդ Կորիւն արքեպիսկոպոս Պապեանի հովանավորութեամբ, ՀՅԴ Քովէյթի Հայ Դատի յանձնախումբը Սրբոց Վարդանանց եկեղեցում կազմակերպել էր քննարկում հայ-թուրքական յարաբերութիւնների զարգացման թեմայով։ Օրւայ բանախօսն էր ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը:
Հաւաքին ներկայ են եղել Քովէյթի ազգային մարմինների, միութիւնների, յանձնախմբերի եւ քովէյթահայ համայնքի ներկայացուցիչներ։ Աւելի քան երկու ժամ տեւած քննարկման ընթացքում Հրանտ Մարգարեանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձութիւնները եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան գործունէութեան ուղենիշներն ու առաջիկայ ծրագրերը:
«Շարունակենք մեր պայքարը եւ մեր ՈՉ-ը բարձրացնենք յանուն մեր ազգային իրաւունքների եւ պետականութեան անվտանգութեան պահպանման»,- խօսքը եզրափակել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը։

Վթարի ենթարկւած «Նեվսկի էքսպրեսի» տուժողների մէջ Հայաստանի քաղաքացիներ չկան
Վթարի պատճառը ահաբեկչական
գործողութիւն է եղել
18:18 / 28.11.2009
«Նեվսկի էքսպրես» ուղեւորատար գնացքի վթարի զոհերի եւ վիրաւորների թւում, նախնական տւեալներով, Հայաստանի քաղաքացիներ չկան: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում նշեց Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Գէորգ Մինասեանը: Նրա խօսքով, ուղեւորների ցանկում կայ երեք հոգի՝ Դերձակեան, Բաբաեան եւ Միասնիկով ազգանունով: Այդ անձինք, ըստ նրա, թերեւս ազգութեամբ հայեր են, սակայն ռուսաստանեան անձնագրեր ունեն:
Մինասեանը նաեւ աւելացրեց, որ դեսպանատանը դեռ չի յաջողւել պարզել՝ տուժե՞լ են այդ մարդիկ երկաթուղային վթարի արդիւնքում, թէ՞ ոչ: Մինասեանի խօսքով, միայն երկուշաբթի աւելի յստակ տեղեկութիւններ կլինեն, քանի որ միջադէպի պատճառով ստեղծւած իրավիճակը դեռ չափազանց լարւած է:
Յիշեցնենք, որ նոյեմբերի 27-ի երեկոյեան գծերից դուրս էին եկել Մոսկւա-Սանտ Պետերբուրգ թիւ 166 ուղերթի ճեպընթացի 4 վագոններ: Դա տեղի էր ունցել «Ալեշինկա-Ուգլովկա» հատւածում: Վթարի հետեւանքով տասնեակ մարդիկ էին մահացել, հարիւրաւորները տարբեր աստիճանի ծանրութեան վանսւածքներ էին ստացել:Տեղական պատասխանատուները հաստատում են, որ վթարը տեղիէ ունեցել ահաբեկչական գործի հետեւանքով՝ ռումբի պայթիւնով։


Գագիկ Ծառուկեանը ներկայ չի եղել ՀՀԿ 12–րդ համագումարին

Սերժ Սարգսեանը նորից ընտրւում է որպէս
ՀՀկուսակցութեան նախագահ


Քանի ժամ առաջ Երևանի Կարէն Դեմիրճեանի անւան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Հայաստանի հանրապետական կուսակցութեան 12-րդ համագումարը։
Համագումարին ներկայ էին քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ, ԱԺ պատգամաւորներ, նախարարներ և այլք, մասնաւորապէս Գագիկ Բեգլարեանը, Դաւիթ Յարութիւնեանը, Ալբերտ Երիցեանը, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրեանը, ֆինանսների նախարար Տիգրան Դաւթեանը, կապի և տրանսպորտի նախկին նախարար Անդրանիկ Մանուկեանը, Ռուբէն Հայրապետեանը, Միքայէլ Վարդանեանը, ԲՀԿ խմբակցութեան քարտուղար Արամ Սաֆարեանը, ԲՀԿ խմբակցութեան անդամ Նաիրա Զոհրաբեանը և ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը, ով ժամանեց վերջինը։
Արտախորհրդարանական ուժերից ներկայ էին ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանեանը, «Համերաշխութիւն» կուսակցութեան նախագահ Սարգիս Աւետիսեանը, «Ազգային միաբանութիւն» կուսակցութեան նախագահ Արտաշէս Գեղամեանը, ինչպէս նաև Միացեալ աշխատանքային կուսակցութեան նախագահ Գուրգէն Արսէնեանը, ով ժամանել էր ՀՀԿ անդամ Յարութիւն Փամբուկեանի հետ։
ԲՀԿ խմբակցութեան քարտուղար Արամ Սաֆարեանը «7օր»-ին տեղեկացրել է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկեանը համագումարին ներկայ չի լինելու, քանի որ անձնական հրաւէրով գտնւում է արտերկրում։
«Ժառանգութիւն» կուսակցութիւնից ևս համագումարին ներկայ չէին։Համագումարի ընթացքում, Սերժ Սարգսեանը նորից ընտրւում է որպէս ՀՀ Կուսակցութեան նախագահ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն խոստանում է Ղարաբաղը դրախտ դարձնել, …եթէ վերադարձւի իրենց
17:31 / 28.11.2009
Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Շուշին վերականգնելու համար հայկական կողմի դրամահաւաքի փաստը: Մասնաւորապէս՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլհան Փոլուխովը նշել է. «Հայերը առաջին անգամ չէ, որ նման քայլեր են ձեռնարկում: Այդ քայլը եւս մէկ անգամ բացայայտում է հայկական կողմի օկուպացիոն (զաւթիչ) քաղաքականութիւնը»:
Այնուհետեւ Փոլուխովը գեղեցիկ խոստումներ է շռայլում Ղարաբաղին, թէ ինչ զարգացման կարող է հասնել ԼՂ-ն, եթէ այն վերադարձւի Ադրբեջանին: «Ադրբեջանական կառավարութիւնը կը վերականգնի տարածաշրջանի բոլոր ենթակառուցւածքները: Կենսամակարադակը Ղարաբաղում կը հասնի Ադրբեջանում առկայ մակարդակին: Իսկ եթէ Հայաստանը շարունակի ներկայ քաղաքականութիւնը, հայերը չեն կարող իրապէս բարելաւել Ղարաբաղում ապրող հայ բնակչութեան վիճակը»,- ասել է նա:
Յիշեցնենք, որ Լոս Անջէլեսում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած հեռուստամարաթօնի ընթացքում հաւաքւել է մօտ 16 միլիոն դոլարի չափ գումար եւ գումարի խոստում:

Լուրեր Հայաստանից

Ստեփանակերտում կայացել է Լեռնային Ղարաբաղի զոհւած զինւորների ազգականների միութեան համագումարը


19:05 / 27.11.2009
Լեռնային Ղարաբաղի զոհւած զինւորների ազգականների միութեան 8-րդ համագումարն է տեղի ունեցել երէկ՝ նոյեմբերի 27-ին, Ստեփանակերտում: Ինչպէս յայտնել է կազմակերպութեան ղեկավար Գալիա Առուստամեանը, ներկայացնելով նախորդ համագումարից յետոյ անցած ժամանակաշրջանում միութեան գործունէութիւնը, զոհւածների ընտանիքների անդամներին բարոյական եւ նիւթական աջակցութիւն է ցուցաբերւել, կազմակերպւել են մի շարք միջոցառումներ, ընլայնւել են կազմակերպութեան կապերը եւ այլն:
Նրա խօսքով, բարենորոգւել է զոհւած զինւորների թանգարանը, հաւաքւել են հարիւրաւոր ցուցանմուշներ: Թանգարանը, որ նաեւ մասնաճիւղ ունի ԼՂՀ Մարտակերտի շրջանում, ընթացիկ տարում այցելել են մօտ 14 հազար մարդ, այդ թւում՝ օտրարերկրացիներ:
Համագումարին մասնակցել են նաեւ Հայաստանի պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանեանն ու նրա ղարաբաղցի գործընկերը՝ Մովսէս Յակոբեանը: Յակոբեանն իր ելոյթում ընդգծել է, թէ ԼՂՀ պաշտպանական բանակի եւ միութեան համագործակցութիւնը չափազանց կարեւոր է՝ զինակոչիկների բարոյական ոգին պահպանելու իմաստով:

Լուրեր Հայաստանից

«Չափից դուրս անկեղծ ներկայացում» Վարդան Պետրոսեանի կողմից

25.11.2009
Սեդա ՊապոեանՊիոներական տարիներից մինչեւ 90-ականների Երեւան, յետոյ փախուստ դէպի Ֆրանսիա ու «անվերջ վերադարձ» դէպի սիրելի Երեւան:
Դերասան Վարդան Պետրոսեանը իր նոր ներկայացումը կոչել է «Խոստովանութիւն թատրոնում», որը «Մաքսլիբերթի»-ի հետ զրոյցում բնորոշեց որպէս «չափից դուրս անկեղծ ներկայացում»: Իր նախորդ բոլոր ներկայացումներից սա առանձնանում է խիստ անձնական լինելու փաստով, որի դէպքում հնարաւոր չի եղել խուսափել բացայայտ թափանցիկութիւնից:
Առաջին անգամ բեմից Վարդան Պետրոսեանը պատմում է միայն իր մասին, անցնում իր կեանքի բոլոր փուլերով ու հանդիսատեսին ստիպում վերապրել դրանք իր հետ միասին:
Իր մասին անկեղծ այս խոստովանութիւնը պատրաստելիս Վարդան Պետրոսեանը մի շատ կարեւոր մտավախութիւն է ունեցել` չանցնել անկեղծութեան սահմանն ու չանտեսել թատրոնի պարտադրած պայմանականութիւնները: Մտավախութիւնների շարքում պակաս կարեւոր չէր այն հանգամանքը, որ բեմից ինքնակենսագրութիւն ներկայացնելիս անհամեստ է խօսել նւաճումների մասին: Դերասանը հետաքրքիր լուծում է գտել` առաջարկելով «ծիծաղել իր նւաճումների ձախողումների վրայ»:
Դեռ այս տարւայ մարտից Վարդան Պետրոսեանը միաժամանակ 4 թատերական նախագծերի վրայ էր աշխատում` շեքսպիրեան Ռիչարդ 3-րդ, քաղաքական սատիրայով հերթական մենաներկայացում, բուլվարային կատակ-ներկայացում սեռերի փոխյարաբերութիւնների մասին, նաեւ երաժշտական մի ներկայացում: Բոլորը, սակայն, աւելի թոյլ են գտնւել, քան անկեղծ խոստովանութիւնը:
Ի դէպ, իր ինքնակեսգարութիւնը բեմադրելու պատասխանատւութիւնը Վարդան Պետրոսեանը դրել է իգական սեռի ուսերին` վստահելով այն Նարինէ Մալեանին:
Այս ներկայացման մէջ Վարդան Պետրոսեանը մենակ չէ բեմում, այլ 4 երաժիշտների հետ, ովքեր իրենց երաժշտութեամբ ու համր միջամտութիւններով լրացնում են մտերմիկ միջավայրն ու հանդիսատեսի հետ անմիջական շփման պայմաններ ստեղծում: Դերասանը մինչ այդ չի վախենում խոստովանել, որ Երեւանից հեռանալը «փախուստ էր ինքն իրենից»:
Վարդան Պետրոսեանը Երեւանից դուրս` գիւղում, փոքրիկ մի տնակ է կառուցել, որը գերզբաղւած առօրեայում դեռ չի հասցնում վայելել: Այդուհանդերձ, շարունակում է համատեղել փարիզեան ու երեւանեան կեանքը, հոկտեմբերին հասցրել է մի քանի ելոյթներ ունենալ Փարիզում, հիմա խաղում է «խոստովանութիւնն» ու չի շտապում այլ խոստումներ տալ:

Դաւութօղլուն Արձանագրութիւնների Վաւերացման Պատասխանատւութիւնը Ամբողջովին Խորհրդարանի Վրայ Գցելով՝
Ակնյայտ Ժամանակ Է Ձգում

15:41 / 28.11.2009
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուն յայտնել է, որ Nabucco-ի նախագծի եւ Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման մէջ որեւէ կապ չկայ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական gercekgun կայքէջը։
Թուրքական խորհրդարանի սկանդալային, ընդդիմադիր կին պատգամաւոր Ջանան Արըթմանը հարցրել է արտգործնախարար Դաւութօղլուին, թէ ինչ կապ կայ Nabucco-ի նախագծի եւ Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման նախաձեռնութեան միջեւ։ Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ Թուրքիան Հայաստանի հետ սկսել է յարաբերութիւններ զարգացնել, սակայն տարբեր պատճառներով այն կիսատ է մնացել։
«2008 թւականի օգոստոսին Հարաւային Կովկասում տեղի ունեցած իրադարձութիւնները եւս մէկ անգամ վկայեցին, որ տարածաշրջանում առկայ է անվտանգութիւնը, կայունութիւնը եւ համագործակցութիւնը վտանգող իրադրութիւն։
Այդ համատեքստում մենք օրակարգ բերեցինք Կովկասեան կայունութեան եւ համագործակցութեան պլատֆորմը եւ հրաւիրեցին դրան անդամակցել հակամարտութեան կողմեր հանդիսացող բոլոր երկրներին՝ այդ թւում Հայաստանին։ Հայաստանի հետ մեր խնդիրները վերացնելու համար երկխօսութիւն ենք սկսել, որը արագացել է։
Հոկտեմբերի 10-ին ստորագրւած հայ-թուրքական արձանագրութիւնները Ադրբեջանի շահերին չեն վնասում։ Մենք համապատասխան տեղեկութիւններ Ադրբեջանին տրամադրել ենք։ Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը մեր պետութեան հողերի ամբողջականութեան պէս սուրբ է։ Ստորագրւած արձանագրութիւնները կը նպաստեն Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների վերականգնմանը եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնով հանդէրձ՝ խաղաղութեան առաջը կբացեն։ Արձանագրութիւնները ներկայացւած են խորհրդարան, եւ երբ ու ինչպէս կը վաւերացւեն, դա խորհրդարանի գործառոյթն է»,-ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուն։
Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան կին պատգամաւոր Ջանան Արըթմանը հարցրել է, թէ արդեօ՞ք Հայաստանի հետ սահմանի բացումով չի կասեցւի Nabucco-ի նախագիծը։ Դաւութօղլուն նշել է, որ Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման նախաձեռնութեան եւ Nabucco-ի նախագծի միջեւ որեւէ կապ չկայ։


Լուրեր Հայաստանից

ՀՀ նախագահ.–
ԼՂ-ի նկատմամբ որևէ ոտնձգութիւն թոյլ չենք տայ




15:21 / 28.11.2009
Այսօր ՀՀԿ համագումարում երկրի նախագահ Սերժ Սարգսեանը, ով նաեւ ՀՀԿ-ի նախագահն է, իր ելոյթում անդրադարձ է կատարել ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործընթացին։ Նա մասնաւորապես նշել է. "Հայաստանը կողմնակից է ԼՂ հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը բանակցութիւնների միջոցով, սակայն ԼՂ-ի նկատմամբ որևէ ոտնձգութիւն մենք թոյլ չենք տայ և ցանկացած ոտնձգութեան պատրաստ ենք արձագանքել ամենակոշտ միջոցներով:
ԼՂ հակամարտութեան կարգաւորման հարցում Հայաստանի իշխանութիւնների կողմից հռչակւած սկբունքները նոյնն են և ամրագրւած են Հանրապետական կուսակցութեան ու ՀՀ նախագահի ծրագրերում: Այդ հիմնարար սկզբունքները եղել և մնում են մեր ուղենիշը: Այս սկզբունքներով է, որ մենք վարում ենք բանակցութիւնները:
Իւրաքանչիւր ողջամիտ մարդու համար պարզ է, որ հակամարտութեան կարգաւորումը չափազանց բարդ գործընթաց է, և դրա վերջնական կարգաւորման համար կարող են պահանջւել տարիներ: Սակայն հակամարտութեան կարգաւորման այսօրւայ հանգրւանը ինձ յոյս է ներշնչում, որ կարող ենք ողջամիտ ժամկէտներում այն իր տրամաբանական աւարտին հասցնել:
Ինչպէս Թուրքիայի, այնպէս էլ Ադրբեջանի հետ մեր յարաբերութիւններում մենք լինելու ենք մեր ազգային ու պետական շահերը ամէն ինչից բարձր դասող և վճռական` գործը մինչև վերջ հասցնելու հարցում:
Միանշանակ է, որ հակամարտութիւնները երկարաժամկէտ և կայուն լուծում են ստանում միայն այն դէպքերում, երբ հիմնւած են արդարութեան ու խելամիտ փոխզիջումների վրայ: Անցել են սեփական հողի վրայ ապրող ժողովրդի գաղութացման ժամանակները: Մենք ի լուր աշխարհի հաստատապէս յայտարարել ենք, որ Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորումը պէտք է խարսխւի մարդու և Ղարաբաղի ժողովրդի` որպէս հաւաքական ինքնութեան արտացոլողի կամքի վրայ: Միայն այդ դէպքում լուծումը կարող է լինել տևական, իրականանալի և խաղաղ:
Ղարաբաղեան հակամարտութեան բոլոր կողմերի միջև համաձայնութիւնը պէտք է մէկ փաթեթի մէջ ներառի բոլոր հարցերի լուծումներն ու միջազգայնօրէն ամրագրւած այն մեխանիզմները, որոնք կապահովեն այդ լուծումների իրականացումը:


Լուրեր Հայաստանից