Թուրքական իշխանութիւնները որոշել են Պոլսոյ փոխպատրիարքի ընտրութեան թոյլտւութիւն տալ


Յունիս 30, 2010 14:49
Պոլսոյ Հայոց Պատրիարք Մեսրոպ Մութաֆեանի առողջական խնդիրների պատճառով առաջացած ճգնաժամը կարծես լուծում է գտել։ Թրքական իշխանութիւնները որոշել են, որ աւելի յարմար է ընտրել փոխպատրիարք։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ 6 ամիս առաջ Ստամբուլի նահանգապետի միջոցով Թուրքիայի ներքին գործերի նախարարին ուղղւած Պոլսոյ պատրիարքարանի հոգեւոր խորհրդի եւ նախաձեռնող խորհրդի դիմումները քննարկւել են թուրքական կառավարութեան կողմից, եւ Հայոց պատրիարքարան է ուղարկւել համապատասխան գրութիւն։
Պոլսոյ հայոց պատրիարքարան ուղարկւած գրութեան մէջ նշւել է. «Անհրաժեշտ է, որ ներկայիս Մեսրոպ 2-րդ պատրիարքը ցմահ մնայ պատրիարքական աթոռին, քանի որ մէկ անձ կարող է կրել պատրիարքի տիտղոսը։ Նոր պատրիարք կամ համապատրիարք ընտրելու փոխարէն աւելի յարմար է ընտրել փոխպատրիարք»,-նշւել է գրութեան մէջ։
Նշենք, որ Պոլսոյ պատրիարք Մեսրոպ Մութաֆեանը առողջական խնդիրների պատճառով չի կարողանում իրականացնել իր պարտականութիւնները։ Սակայն, ըստ կանոնադրութեան, Պոլսոյ պատրիարքը ընտրւում է ցմահ։ Այս պայմաններում, Պոլսոյ Հայոց պատրիարքարանի Հոգեւոր խորհուրդը դիմել էր թուրքական իշխանութիւններին՝ համապատրիարք ընտրելու թոյլտւութեան խնդրանքով։ Իր հերթին պատրիարքարանի նախաձեռնող խումբը եւս դիմել էր, սակայն նոր պատրիարք ընտրելու խնդրանքով։ Այս ամէնը Ստամբուլի հայ համայնքում յանգեցրել էր լուրջ տարաձայնութիւնների։


Լուրեր Հայաստանից - NEWS.am


Twitter-ում ակցիայ՝ ընդդէմ Էրդողանի




Յունիս 30, 2010 17:17
Համաշխարհային Twitter միկրոբլոգում թուրք օգտւողները նոր բողոքի ակցիայ են ձեռնարկել ընդդէմ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Twitter-ի թուրք օգտւողները Trending: Worlwide էջում իրենց մինչեւ 140 նիշանոց մեկնաբանութեանը աւելացնում են no tayyip (ո՛չ Թայիփ Էրդողանին)։
Ահա Էրդողանի դէմ գրւած մի քանի Tweet-ներ. «Պարզ եւ խելամիտ մարդուն բնորոշ յատկանիշներ չտեսնելու պատճառով՝ no tayyip», «Ոչ թէ կռացած, այլ՝ Աթաթուրքի պէս ձիգ կանգնել կարողացող համարձակ մէկին եմ որպէս վարչապետ ուզում տեսնել՝ no tayyip»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Անկարան Ղարաբաղեան հիմնախնդիրը հռչակում է որպէս Թուրքիայի ազգային հա՞րց


11:20 • 30.06.10
Ինչպէս կիպրական հիմնախնդիրը, այնպէս էլ Ղարաբաղեան հակամարտութիւնը դասւում են Թուրքիայի ազգային հարցերի թւին: Այս մասին, Anadolu գործակալութեան փոխանցմամբ, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ամբիոնից յայտարարել է Թուրքիայի պետնախարար և փոխվարչապետ Ջեմիլ Չիչէքը։
Ընդգծելով, որ Թուրքիայի Հանրապետութիւնն արել և շարունակելու է անել հնարաւորը` թուրքական հանրապետութիւններին աջակցելու համար, Ջեմիլ Չիչէքը յայտարարել է, որ Անկարան միշտ օրակարգում է պահում Ղարաբաղեան հիմնախնդիրը և այսուհետև նոյնպէս շարունակելու է օժանդակել Բաքւին:


Tert.am

Վահան Յովհաննիսան.–
Անվտագութեան գօտին Լեռնային Ղարաբաղին անհրաժեշտ է

«Այս յայտարարութիւնների դինամիկան մեզ համար նպաստաւոր չէ»,

«Բոլոր թարգմանական հնարքները, որոնք արւել են, հաւանաբար` մեր հասարակութեանը հանգստացնելու համար, անընդունելի ժուլիկութիւն են»

Մինսկի խմբի համանախագահող երկրների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների համատեղ յայտարարութիւնը` Արցախի հիմնահարցի կարգաւորման վերաբերեալ, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը «առանձնապէս քննարկելու պատճառ չունի, քանի որ դրանցում շարադրւած են Մադրիդեան սկզբունքները»: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտնեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանը, ով ընդգծեց. «Մադրիդեան սկզբունքներին դէմ արտայայտւել ենք վաղուց և դրանք համարում ենք անընդունելի, իսկ այս փաստաթուղթը գալիս է հաստատելու մեր ամենալուրջ կասկածները»:
Անդրադառնալով յայտարարութեան անգլերէն բնօրինակի և ռուսերէն թարգմանութեան տարբերութիւններին, որի հիման վրայ է կատարւել հայկական թարգմանութիւնը` Վ. Յովհաննիսեանը նշեց, որ «բոլոր թարգմանական հնարքները, որոնք արւել են, հաւանաբար` մեր հասարակութեանը հանգստացնելու համար, անընդունելի ժուլիկութիւն են. ես չգիտեմ` ովքե՞ր են հեղինակներն այդ խաբէութեան, բայց որ խաբէութիւն է ` ակնյայտ է»: Իր ձեռքի տակ ունենալով յայտարարութեան անգլերէն բնօրինակի տեքստը` պատգամաւորը թւարկեց բոլոր այն անընդունելի դրոյթները, որոնք տեղ են գտել փաստաթղթում:
«Փաստօրէն, զիջումը, որն ընկալվում է հայկական կողմից, շոշափելի է, այն տարածք է, որն ի վերջոյ պատահական չի ազատագրւել»,- ընդգծեց Վ. Յովհաննիսեանն ու յաւելեց. «Ենթադրենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան (Արցախի) շուրջ գոյութիւն չունենային ազատագրւած տարածքները կամ անվտանգութեան գօտին, ուրեմն բոլոր յարձակումները, զինադադարի խախտումները կը կատարւէին ուղղակի հայկական գիւղերի վրայ և զոհերը կդառնային խաղաղ բնակիչները, ուրեմն` այդ անվտագութեան գօտին ուղղակի անհրաժեշտ է»:
Ըստ Վ. Յովհաննիսեանի` կարող է Հայաստանին առաջարկւել անվտանգութեան գօտին զիջել` Արցախ-Ադրբեջան պայմանագրի դիմաց, որի համաձայն` Ադրբեջանն այլևս յարձակումներ չի գործի Արցախի վրայ:
«Զինադադարի մասին պայմանագիր այսօր էլ կայ, որը հէնց այն փաստաթուղթն է, որը պէտք է հեռու պահի ադրբեջանական և հայկական կողմին կրակոցներից, ռազմական գործողութիւններից և որևէ տեսակի պրովոկացիաներից: Կայ այդ պայմանագիրը` այն պահու՞մ է հեռու Ադրբեջանին: Ո’չ: Ուրեմն թղթի վրայ գրւած պայմանագրերը չեն, որ ապահովելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անվտանգութիւնը, այլ միայն այդ անվտանգութեան գօտին, որը մեզանից պահանջում են անյապաղ յանձնել»,- մանրամասնեց Վ. Յովհաննիսեանը:
Փոխարէնը, պատգամաւորի խօսքով, առաջարկւում է Արցախի կարգավիճակի լուծում` «այն էլ մեզ խոստանում են միջանկեալ կարգավիճակ»: Այս առիթով Վ. Յովհաննիսեանը նշեց, որ Հայաստանի իշխանութիւնների կողմից նախկինում բացատրւում էր, թէ «այդ միջանկեալ կարգավիճակը անկախութիւնն է, սակայն յայտարարութիւնում ուրիշ բան է ասւում` միջանկեալ կարգվիճակը Արցախին տրամադրում է անվտանգութեան երաշխիքներ և ինքակառավարում»:
«Ի՞նչ բան է ինքնակառավարումը, սա ինքնորոշում չի, ինքնուրոյնութիւն չի»,- հարցադրեց Վ. Յովհաննիսեանն ու պատասխանեց. «Իւրաքանչիւր գիւղ ինքնակառավարւող է, և գիւղերը, որոնք ընտրում են իրենց սեփական գիւղապետերին ու աւագանուն, համարւում են ինքնակառավարւող: Եթէ այդ ինքնակառավարման մասին է գնում խօսքը` իհարկէ մեզ համար ընդունելի չէ»:
Վ. Յովհաննիսեանի դիտարկմամբ` փաստաթղթում չի նշւում նաև, թէ ու՞մ կամարտայայտութեան արդիւնքում է հաստատւելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան վերջնական կարգավիճակը, ինչը, ըստ նրա, Ադրբեջանին իր օգտին շահարկելու հնարաւորութիւն է տալիս»:
«Եւ վերջինը` Ակվիլայում իսկապէս ասւած էր, որ ի թիւս այլ խնդիրների, հիմնարար սկբունքները նախատեսում են ԼՂ շրջապատող տարածքաների վերադարձը Ադրբեջանի վերահսկողութեան տակ, որն արդէն ընդունելի չէ, ապա այս վերջին յայտարարութեան մէջ այդ տարածքներն անւանւում են ոչ թէ շրջապատող, այլ` «գրաւեալ, օկուպացւած» տարածքներ, ինչը նշանակում է, որ այս յայտարարութիւնների դինամիկան մեզ համար նպաստաւոր չէ»,- կարծում է Վ. Յովհաննիսեանը:
Պատգամաւորն, ամփոփելով իր խօսքը` նշեց, որ իր համար անհասկանալի է, թէ յայտարարութեան մէջ «մեր արտաքին գործերի նախարարութիւնը ո՞ր կէտն է ողջունելի համարում»: Ըստ Վ. Յովհաննսիեանի` «ժամանակն է արդէն, որ մեր հասարակութիւնը մտածի` ընդունելի՞ են արդեօք այս հիմնարար սկզբունքները և կարելի՞ է թոյլատրել, որ մեր իշխանութիւնները ստորագրեն այդ սկզբունքների տակ, թէ` ոչ»:



ԱՅՍՕՐ, 13:32
Aysor.am


ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Յուլիսի 4-5-ին այցելում է Հայաստան

Յունիս 30, 2010 11:02
Յուլիսի 4-5-ը Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Ինչպէս NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենեակից, այցելութեան ընթացքում նախատեսւած են ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի, ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանի հետ:
Երեւանում կայանալիք բանակցութիւնների օրակարգում են լինելու Հայ-ամերիկեան բարեկամական գործընկերութեան զարգացման ու խորացմանն առնչւող հարցերի լայն շրջանակ, քննարկւելու են երկկողմ հետաքրքրութիւն ներկայացող տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Միանմարում հազւագիւտ սպիտակ փիղ են բռնել

17:57 • 29.06.10
Միանմարի (Բիրմա) արևմտեան Մոնգդօ գաւառում հազւագիւտ կենդանի են բռնել՝ սպիտակ փիղ։
Ինչպէս յայտնում է BBC-ն, սպիտակ փղին, որը տեղացիների հաւատալիքների համաձայն, յաջողութիւն է բերում, պէտք է նւիրեն երկրի ղեկավար՝ գեներալ Տան Շվէին։
Սպիտակ փղերը միայն կոչւում են սպիտակ, իրականում նրանց կաշին հրակարմիր է, իսկ թաց ժամանակ՝ վարդագոյն։

Tert.am

Հայաստանի դրօշը՝ կրկին գլխիվայր.

Այս անգամ՝ Հայաստանում

09:48 • 30.06.10
Ջերմուկում ընթանում է ՖԻԴԵ-ի կանանց Գրան-պրի մրցաշարի փուլերից մէկը, որին մասնակցում են աշխարհի ուժեղագոյն շախմատիստուհիները: Հայ շախմատասերների համար սա իսկական տօն է, սակայն առողջարանային քաղաքում ընթացող այս մրցաշարում արդէն 6-րդ օրն է, ինչ հայ շախմատիստուհիները (Էլինա Դանիէլեանը և Լիլիթ Մկրտչեանը), հանդէս են գալիս Հայաստանի գլխիվայր դրւած եռագոյնով:
Դժւար է ասել, թէ որն է մեր եռագոյնի նկատմամբ նման արհամարական վերաբերմունքը, սակայն փաստ է, որ Հայաստանի դրօշն արդէն առաջին անգամ չէ յայտնւում նման վիճակում: Գարնանը Ռուսաստանում կայացած ՖԻԴԵ-ի տղամարդկանց Գրան-պրիում կայացաւ Վլադիմիր Յակոբեանը մի քանի տուր անցկացրեց «թարս» դրօշով, իսկ հիմա պատմութիւնը կրկնւում է Հայաստանում:


6-րդ տուրի արդիւնքները

Ձագնիձէ – Կոսինցևա Տ. 1-0
Մկրտչեան - Չիբուրդանիձէ 1-0
Հօու Եիֆան - Կրամլինգ 1-0
Շէն Եան - Ֆիէրօ 1-0
Ստեֆանովա - Դանիէլեան 1-0
Սյու Եուհուա - Կովանովա 1-0

Մասնակիցների դասաւորութիւնը

1. Ձագնիձէ 5.5
2. Մկրտչեան 4.5
3. Կոսինցեւա Տ. 4
4. Հօու Եիֆան 3.5
5. Շէն Եան 3.5
6. Ստեֆանովա 3
7. Դանիէլեան 3
8. Սիւ Եուհուա 3
9. Չիբուրդանիձէ 2
10. Կրամլինգ 2
11. Կովանովա 1.5
12. Ֆիէրօ 0


Tert.am

ՌԴ Պետդումայի պատգամաւոր.–

ԵԱՀԿ Մինսկի խումբը գիտակցում է, որ Լեռնային Ղարաբաղն ինքնորոշւած տարածք է


Յունիս 29, 2010 16:34
«Մեծ ութնեակի» (G-5) գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահների յայտարարութեան բուն փաստն ինքնին կարեւոր է այն համատեքստում, որ այդ երեք առաջատար երկրների ղեկավարները շեշտը չեն դրել ինչ-որ տարածքային խնդրի վրայ, NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում նման կարծիք է յայտնել Ռուսաստանի Պետդումայի պատգամաւոր Կոնստանտին Զատուլինը:
«Եւ քանի որ յայտարարութիւնը հնչել է Ադրբեջանի չդադարող ռազմատենչ հռետորաբանութեան, Ղարաբաղեան հակամարտութեան գօտում ստեղծւած ստատուս-քվոն խարխլելու եւ հրադադարի ռեժիմը խափանելու փորձերի պայմաններում, այդ յայտարարութիւնը կրկնակի կարեւոր է դառնում»,- նկատել է նա:
Ինչ վերաբերում է նախագահների յայտարարության մէջ առկայ առաջարկներին, դրանք, ըստ պատգամաւորի, աւելի մօտ են հայկական կողմին, քան ադրբեջանական: «Յայտնի է, որ Ադրբեջանը չի համաձայնւում Լեռնային Ղարաբաղում հանրաքւէի անցկացման գաղափարի հետ, լաւագոյն դէպքում խօսելով ողջ հանրապետութեան տարածքում հանրաքւէի մասին, իսկ նախագահների յայտարարութեան մէջ խօսւում է հէնց ԼՂՀ տարածքում հանրաքւէի մասին»,- յայտարարել է Կ. Զատուլինը: Նրա խօսքով, նախագահների յայտարարութեան մէջ կան դրոյթներ, որոնք կանհանգստացնեն Ադրբեջանին:
«Օրինակ, փաստաթղթում նշւած են Ղարաբաղի շրջակայ տարածքներ, այսինքն Լեռնային Ղարաբաղը տարանջատւում են դրանցից, ինչը Բաքուն չի անում պաշտօնական մակարդակով»,- նկատել է պատգամաւորը: Նաեւ, նշւած է ԼՂՀ եւ Հայաստանի միջեւ ցամաքային կապի պահպանման անհրաժեշտութեան մասին, ինչը վկայում է, թէ ԵԱՀԿ Մինսկի խումբը գիտակցում է, որ Լեռնային Ղարաբաղն ինքնորոշւած տարածք է: Զատուլինը նշել է, թէ միջազգային հանրութիւնը հակւած է ապագայում կարգավիճակի վերաբերեալ հանրաքւէի անցկացմանը: «Սակայն հայկական կողմը չի համաձայնւի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի յստակեցման հանրաքւէին, քանի չեն յստակեցւել դրա կոնկրէտ ժամկէտները»,- ասել է նա:
Մեկնաբանելով տարածւած շշուկները, թէ Ռուսաստանը մտադիր է առաջիկայում իր խաղաղարարներին տեղակայել Լեռնային Ղարաբաղի յարակից տարածքներում, Զատուլինը նշել է, թէ Ռուսաստանը նման վառ արտայայտւած ցանկութիւն չունի:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Freedom House.–
Հայաստանը՝ կիսաաւտորիտար պետութիւն

21:38 • 29.06.10

Freedom House միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւնն իր ամենամեայ Nations in Transit (Անցումային փուլում գտնւող երկրներ) զեկոյցն է հրապարակել, որն արձանագրում է Եւրասիայի 29 նախկին կոմունիստական երկրների առաջընթացը կամ յետընթացը 2009թ. ընթացքում։ Կազմակերպութիւնը նշում է, որ անցած տարի ուսումնասիրւող երկրների կէսից աւելին ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում յետընթաց են արձանագրել կամ շարունակել են վտանգաւոր յետագիծը դէպի աւտորիտար կառավարում։
Կազմակերպութիւնը յատուկ մտահոգութիւն է յայտնում ԵՄ հինգ նոր անդամ երկրներում մամուլի անկախութեան թուլացման առնչութեամբ։ Այդուհանդերձ, Freedom House–ն ընդգծում է, որ ամենալուրջ յետընթացը ուսումնասիրւող բոլոր երկրներից գրանցւել է Ռուսաստանում։
Հայաստանն այս տարի էլ անցած տարւայ նման դասւել է «կիսաաւտորիտար» երկրների շարքը՝ բոլոր կատեգորիաներում պահպանելով նախորդ տարւայ ցուցանիշները։
Վրաստանը դասակարգւել է որպես «անցումային–հիբրիդ» համակարգ։ Զեկոյցի հեղինակները փաստում են, որ նախկին ԽՍՀՄ երկրների բնակչութեան շուրջ 80 տոկոսը՝ 221մլն մարդ, մինչև հիմա զրկւած է իր քաղաքական իրաւունքներից։
Զեկոյցի հեղինակների կարծիքով՝ նախկին ԽՍՀՄ երկրներից ժողովրդավարութեան ամենամեծ անկումը Ռուսաստանից յետոյ արձանագրւել է Ղազախստանում և Ադրբեջանում։

Tert.am

«Սուլթան Ալիև-կրտսերը կեցւածք իրականացրեց և փախաւ Բաքու»


«Մեր կուսակցութեան դիրքորոշումը յստակ է և անփոփոխ. մենք գտնում ենք, որ խնդրի անկիւնաքարը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է, և խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է վերացնել ոչ թէ հետևանքները, այլ` պատճառները, որպէսզի տարածաշրջանում հաստատւի երկարատև կայունութիւն»,- յայտարարեց Հանրապետական խորհրդարանական խմբակցութեան քարտուղար Էդւարդ Շարամազանովը` անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների պետերբուրգեան հանդիպմանը հետևած զարգացումներին:
Մասնաւորապէս, խօսելով հանդպումից յետոյ համանախագահ երկրների նախագահներ Դմիտրի Մեդվեդևի, Բարաք Օբամայի և Նիկոլայ Սարկոզիի կողմից արւած յայտարարութեան մասին, Է. Շարմազանովն այն «տրամաբանական» անւանեց և դիտարկեց պետերբուրգեան առաջարկների կոնտեքստում, որովհետև «թէ’ ռուսական լրատւամիջոցները, թէ’ պաշտօնական Մոսկւան դրական գնահատեցին այդ հանդիպումը, մինչդեռ մենք տեսանք, որ Ադրբեջանի սուլթան Ալիև-կրտսերը դեմարշ իրականացրեց և փախաւ Բաքու»:
«Մենք բարձր ենք գնահատում նախագահների ջանքերը խնդրի խաղաղ կարգաւորման ուղղութեամբ և բարձր ենք գնահատում, որ նախագահներն իրենց մտաւոր կապիտալն են ներդնում խնդրի կարգաւորման համար, բայց այդ չի նշանակում, թէ իշխանութիւնները գրկաբաց ընդունեցին յայտարարութիւնը»,- մանրամասնեց Է. Շարմազանովն ու ընդգծեց. «Յայտարարութիւնը դրական էլեմենտներ պարունակող` կառուցողական յայտարարութիւն է»:
«Դրական էլեմենտներն», ըստ խմբակցութեան քարտուղարի` դրանցում հայկական կողմի 3 կարևոր առաջարկութիւնների ներառւած լինելն է:
«Առաջինը` ի հեճուկս ադրբեջանական կեղծ պրոպագանդայի` մենք տեսանք, որ այս յայտարարութեան մէջ յստակ ամրագրւած է ԼՂՀ-ին միջանկեալ կարգավիճակ շնորհելու մասին հարցը: Աւելին, ապագայում ԼՂՀ ժողովրդի պարտադիր կամարտայայտման միջոցով ԼՂՀ կարգավիճակի վերջնական որոշումը, որը ոչ այլ ինչ է, քան ԼՂՀ ինքնորոշման իրաւունքի իրացում»,- յայտարարեց Է. Շարմազանովն ու որպէս երկրորդ և երրորդ առաջարկ նշեց այն, որ Հայաստանը և Արցախը պէտք է ունենան ցամաքային սահման և ապահովւեն անվտանգութեան երաշխիքները:

ԱՅՍՕՐ, 13:53
Aysor.am

*** Դժբախտաբար պրն. Շարմազանովի ցանկութիւնները չեն համապատասխանում հէնց իր գնահատականին՝ կապւած տխրահռչակ յայտարարութեանը։

Siemens-ը պատրաստւում է բանկ հիմնել


«Siemens» գերմանական հսկայ ընկերութիւնը բանկ ստեղծելու արտօնութեան դիմում է ներկայացրել ֆինանսական ոլորտը վերահսկող Դաշնային գրասենեակ:
Այդպիսով ընկերութիւնն ակնկալում է առաւելագոյն վերահսկողութիւն սահմանել իր ֆինանսական միջոցների վրայ: Այս մասին հաղորդում է «Դոյչէ Վելլէ» պարբերականը:
«Սեփական բանկն ունենալու որոշմանը մի կողմից նպաստել է բանկային ոլորտում ֆինանսական ճգնաժամը, իսկ միւս կողմից` մեր խոշոր արդիւնաբերական յաճախորդների կարիքներին արձագանքելու և նրանց ֆինանսական ծառայութիւնների մատուցման անհրաժեշտութիւնից ելնելով»,- ասել է ընկերութեան ֆինանսական գծով տնօրէն Ջօ Կայզերը (Joe Kaeser):
Աղբիւրի փոխանցմամբ` Siemens-ը ցանկանում է անկախութիւն ունենալ ֆինանսա-վարկային ինստիտուտներից և այդպիսով կատարելագործել իր աշխատանքը:
Siemens-ը գերմանական առաջին ընկերութիւնը չի, որ ունի սեփական բանկը: Օրինակ` BMW, Daimler և Volkswagen մեքենաշինական ընկերութիւնները նոյնպէս ունեն իրենց բանկերը, որոնք յաճախորդներին առաջարկում են տարբեր ծառայութիւններ, այդ թւում` վարկեր և դեբիտորական քարտեր:


ԱՅՍՕՐ, 15:18
Aysor.am

ՀՅԴ-ն

Ադրբեջանի դիվերսիոն քաղաքականութեան եւ
համանախագահ երկրների յայտնի յայտարարութեան դէմ
բողոքի ակցիայ է անց կացնելու



Յունիս 29, 2010 18:32
Հ.Յ.Դաշնակցութեան երիտասարդական թեւը «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան հետ համատեղ յունիսի 30-ին ժամը 12։00-ին ԵԱՀԿ Երեւանեան գրասենեակի առջեւ բողոքի ակցիայ կանցկացնի։
Ինչպէս նշւում է կուսակցութեան յայտարարութեան մէջ, ակցիան ուղղւած է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ յայտարարութեան, ինչպէս նաեւ Ադրբեջանի դիվերսիոն քաղաքականութեան դէմ։ Ակցիան կսկսւի Հայրենական Մեծ պատերազմի վետերանների եւ արցախեան ազատագրական պայքարի հերոսների թանգարանի (Յաղթանակի զբոսայգի) մօտից մեկնարկող քայլերթով՝ ի յիշատակ ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով զոհւած 4 Հայ զինծառայողների։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Զարուհի Փոստանջեանը բացայայտել է՝ Չավուշօղլուն չարաշահել էր պաշտօնական դիրքը


17:52 • 29.06.10
ԵԽԽՎ-ում թուրք և ադրբեջանցի պատւիրակների ջանքերով շրջանառութեան մէջ դրւած ԼՂ հակամարտութեան հարցերով ժամանակաւոր յանձնաժողովի գործունէութիւնն ամրապնդելու մասին գրաւոր յայտարարութեանը, որի տակ ստորագրել էր 34 պատւիրակ, հայկական կողմը պատասխանել է համարժէք յայտարարութեամբ։
Ըսդ որում, հայկական կողմի յայտարարութեան տակ ստորագրել են 50-ից աւելի պատւիրակներ։ Ինչպէս այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ժառանգութիւն» խմբակցութեան անդամ Զարուհի Փոստանջեանը, իր ջանքերով հաւաքւած ստորագրութիւնների շնորհիւ ԵԽԽՎ ազգութեամբ թուրք նախագահ Մևլութ Չավուշօղլուին չի յաջողւել ԵԽԽՎ ամառային նստաշրջանում կեանքի կոչել ԼՂՀ հարցով ենթայանձնաժողովի վերստեղծումը։
«Դա օգնեց, որպէսզի բիւրոյում հարցը տեղափոխւի աշնանային նստաշրջան։ Աշնանային նստաշրջանի ժամանակ Արցախի հանրապետութեան հիմնախնդրի մասով Հայաստանին դժւար օրեր են սպասւում։ Յաջորդ նստաշրջանում թուրքական կողմն ունենալու է երկակի ազդեցութիւն, քանի որ նախարարների կոմիտէն գլխաւորելու է Թուրքիան»,- ասաց Փոստանջեանը՝ հայկական պատւիրակութեանը կոչ անելով յաջորդ նստաշրջանում համատեղել ջանքերն ու միասնական դիրքորոշում ցուցաբերել։
Փոստանջեանը զրուցել է թուրք-ադրբեջանական յայտարարութեան տակ ստորագրած պատւիրակների հետ և հետաքրքւել, թէ «ինչպէ՞ս է ծնւել այդ փաստաթուղթը և ինչպէ՞ս են մարդիկ, ովքեր նոյնիսկ չգիտէին, թէ որտեղ է գտնւում Հայաստանը, Ադրբեջանը կամ Արցախի հանրապետութիւնը, ստորագրել նման փաստաթղթի տակ»։
Նրանց պատասխաններից Փոստանջեանը եզրակացրել է՝ Չավուշօղլուն, չարաշահելով իր պաշտօնական դիրքը, սկզբում բիւրոյի անդամներին է ստիպել ստորագրել, միւսներն էլ, չխորանալով փաստաթղթի բովանդակութեան մէջ, միացել են։
Փոստանջեանը նաև պատմեց, որ բացի թուրք և ադրբեջանցի պատւիրակներից, բոլոր պատւիրակներին ԼՂՀ կայացման և շուրջ 20 տարւայ անցած ուղու վերաբերեալ տեղեկատւութիւն է տրամադրւել։
Պատգամաւորը նաև յիշեցրեց, որ այս տարւայ հոկտեմբերին Եւրոպայի խորհրդի կողմից Հայաստանում կանցկացւի ֆորում։ «Դա լաւ հնարաւորութիւն է։ Եթէ կարողանանք ֆորումի մասնակից պատւիրակներին տանել Արցախ, ադրբեջանական քարոզչութեանը համարժէք պատասխան կտրւի»,- ընդգծեց Փոստանջեանը։

Tert.am

Բարի գալուստ պատերազմ՝
Բաքուն ասաց Քլինթոնին

15:53 • 29.06.10
«Սովորաբար անգլերէն տարբերակն է պաշտօնական լինում»,– Tert.am–ին ասաց ՌԱՀՀԿ տնօրէն Ռիչարդ Կիրակոսեանը՝ պատասխանելով հարցին, թէ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների նախագահների՝ Կանադայում արած յայտարարութեան ո՞ր տարբերակը պէտք է ընդունել որպէս պաշտօնական։ Յիշեցնենք, որ յայտարարութեան տեքստի անգլերէն և ռուսերէն պաշտօնական տարբերակներում բովանդակային տարբերութիւններ կան։
Կիրակոսեանը նաև նշեց, որ Ադրբեջանն իր գործողութիւններով այսօր ցոյց չի տալիս, թէ ողջունում է Հիլարի Քլինթոնի այցը տարածաշրջան։ «Եւ սա աւելի կարևոր է, քան տարբերութիւնները տեքստում»,– ասաց փորձագէտը։
Հարցին, թէ ինչ ակնկալիքներ Հայաստանը պէտք է ունենայ Հիլարի Քլինթոնի այցից, Կիրակոսեանը պատասխանեց. «Ոչինչ։ Ադրբեջանն էր, որ Քլինթոնին և ամերիկացիներին ուղարկեց հետևեալ մեսիջը՝ «Բարի գալուստ պատերազմ»»։

Tert.am

Կառավարութիւնը չի ուզում կիսւել ՀՅԴ-ի հետ, ոչ էլ պայքարել մէնաշնորհների դէմ


Յունիս 29, 2010 13:10
Կառավարութիւնը բացասական եզրակացութիւն է տւել ԱԺ-ի ՀՅԴ խմբակցութեան հեղինակած «Հակամէնաշնորհային կարգաւորման մասին» օրէնքի նախագծին։ Այդ եզրակացութիւնը ներառւած է կառավարութեան Յուլիսի 1-ի նիստի օրակարգում, որից յետոյ պաշտօնապէս կուղարկւի խորհրդարան։
Դաշնակցութիւնն այդ օրէնքով առաջարկում է խստացնել հակամէնաշնորհային եւ մրցակցութեան պաշտպանութեան կարգաւորումը, միաւորել 2 յանձնաժողովները՝ տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան եւ հանրային ծառայութիւնները կարգաւորող, նորաստեղծ միասնական յանձնաժողովը հաշւետու դարձնել Ազգային ժողովի առջեւ, խստացնել պատժամիջոցները եւ այլն։
Օրէնքի նախագիծը հիմնաւորելու համար հեղինակները կառավարութեան ուշադրութիւնն են հրաւիրել այն հանգամանքի վրայ, որ՝ «քաղաքականութիւն որպէս այդպիսին չկայ» կամ՝ «հանրութեան առջեւ հաշւէտւութիւն չկայ»։
Կառավարութիւնը, բնականաբար, հերքել է այդ մեղադրանքները։ Աւելին՝ ԱԺ-ին հաշւէտւութիւնների ներկայացումը կառավարութիւնը բնորոշել է որպէս կառոյցը «քաղաքականացւած մարմնի» վերածում, այնինչ նախագծում ընդամենը խօսք է գնում տարեկան աշխատանքային ծրագիրը եւ գործունէութեան արդիւնքները խորհրդարանի կողմից հաստատելու մասին։ Կառավարութեանն աւելի շատ զայրացրել է այն հանգամանքը, որ հաշւետւութիւնը 2 անգամ անընդմեջ չհաստատելու դէպքում մարմնի ղեկավարը պէտք է հրաժարական տայ։ Գործող օրէնքներով ԱԺ-ն որեւէ առնչութիւն չունի յանձնաժողովների ղեկավարների նշանակման կամ ընտրութեան հարցերում, այն բացառապէս նախագահի իրաւասութիւնն է։
Չի կարելի միանշանակ պնդել, որ Դաշնակցութիւնը մինչեւ վերջ անկեղծ է մէնաշնորհների դէմ պայքարում։ Օրինակ՝ ներկայացւած օրէնքի նախագծում հակամէնաշնորհային խորհրդի նախագահի պաշտօնի թեկնածուն առաջնահերթ պէտք է առաջադրւի ընդդիմութեան կողմից։ Ստացւում է, որ իրենք իրենց համար օրէնքի նախագիծ են մշակել։ Սակայն հաշւի առնելով այն հանգամանքը, թէ մրցակցութեան պաշտպանութիւնը Հայաստանում ինչ թոյլ մակարդակի վրայ է, սպառողների համար մեծ հաշւով էական չէ, թէ ով է ղեկավարելու այդ յանձնաժողովը՝ հանրապետակա՞ն, դաշնակցակա՞ն, թէ՞ դեգրադացւած ինչ-որ չինովնիկ, որն իրավիճակից կախւած՝ կամ հանրապետական է, կամ դաշնակցական։ Թերեւս ամենայարմար թեկնածուն պատգամաւոր Սամւէլ Ալեքսանեանն է, որի ընկերութիւնների դէմ առաւել յաճախ են վարոյթներ բացում գերիշխող դիրքը չարաշահելու համար։ Նրա նշանակումով գոնէ մրցակցութեան պաշտպանութեան յանձնաժողովը վերջապէս կդադարի մուկն ու կատու խաղալ։
Նշենք, որ վարչապետ Տիգրան Սարգսեանը բազմիցս յայտարարել է օլիգոպոլիաների դէմ պայքարելու անհրաժեշտութեան մասին։ Հանրապետական Վարդան Այւազեանը օրերս յայտարարեց, որ այդ պայքարի արդիւնքները դեռ տեսանելի չեն։
Սամւէլ Աւագեան
Լուրեր Հայաստանից - NEWS.am

Ատոմ Էգոյեանն իր 50 ամեակը կը նշի Երևանում


17:33 • 29.06.10
«Ոսկէ ծիրան» երևանեան միջազգային կինոփառատօնի նախագահ, ռեժիսոր Ատոմ Էգոյեանն իր 50-ամեակը կընշի Երևանում։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց փառատօնի գլխաւոր տնօրէն, ռեժիսոր Յարութիւն Խաչատրեանը։
Ըստ Խաչատրեանի՝ այդ կապակցութեամբ փառատօնի շրջանակնում կը կազմակերպւի Էգոյեանի ֆիլմերի յետահայեաց ցուցադրութիւն։ Կանադահայ ռեժիսորի ստեղծագործութիւնների սիրահարները հնարաւորութիւն ունեն դիտելու «Հարազատներ», «Ընտանեկան դիտում», «Օրացոյց», «Էկզոտիկա», «Ֆելիսիայի ուղևորութիւնը», «Լուսաւոր գալիք» և «Ապահուագրական գործակալը» ֆիլմերը։
Բացի դրանից, կը կազմակերպւի յոբելեանական ընդունելութիւն։ Խաչատրեանը նաև տեղեկացրեց, որ փառատօնն Ատոմ Էգոյեանին ներկայացրել է կառավարական պարգևի, բացի դրանից, կհրատարակւի ռեժիսորի մասին պատմող գիրք։
Կահիրէում ծնւած և Վիկտորիայում (Արևմտեան Կանադա) հասակ առած Էգոյեանը 18 տարեկանում տեղափոխւել է Տորոնտօ և միջազգային յարաբերութիւններ ուսումնասիրել տեղի համալսարանում։ Ուսման տարիներին Հայաստանի պատմութեան և քաղաքականութեան իր իմացութիւնը խորացնելուն զուգընթաց` Էգոյեանը Hart House Film Board-ում նկարահանել է մի շարք կարճամետրաժ ֆիլմեր:
1990-ականների կէսին նրա ֆիլմերը ներկայացնում են ժամանակակից մտահոգութիւննների աւելի խոր հետազոտութիւն. «Օրացոյցը» (1993)` կոշտ ու միաժամանակ քնքուշ մի աշխատանք, պայքար է կանադացու և հայի ինքնութիւնների միջև: «Էկզոտիկա»-ով (1994), որը թերևս տեղին բնորոշում է Էգոյեանի ամբողջ գործունէութեան համար, նախնական ցաւը (Հայոց Ցեղասպանութիւնը) տեղափոխւում է տանջալից հոգևոր տիրոյթի աւելի ինտիմ տարածք: «Լուսաւոր գալիքը» (1997) և «Ֆելիսիայի ուղևորութիւնը» (1999), համապատասխանաբար` Ռասել Բարքսի և Ուիլեամ Թրևորի վէպերի էկրանաւորումները, հեշտութեամբ շաղկապւում են Էգոյեանի նախասիրութիւններին, քանի որ երկու պատմութիւնների ներփակ աշխարհներն էլ արծարծում են կորստի և բռնութեան թեմաները:
«Արարատ»-ը (2002) Էգոյեանը նկարահանել է որպէս 1915թ. Հայոց Ցեղասպանութեան իրողութեան և ժխտման դէմ պայքարող ֆիլմ:

Tert.am

Երեք նախագահների յայտարարութիւնը
«Ժառանգութեան» համար ընդունելի չէ

10:22 • 29.06.10
ԼՂ հիմնախնդրի լուծման այն տարբերակը, որն առաջարկում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները, հայկական կողմի համար ընդունելի չեն։ Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց «Ժառանգութիւն» կուսակցութեան վարչութեան նախագահ Արմէն Մարտիրոսեանը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների համատեղ յայտարարութիւնը «Ժառանգութեան» համար ընդունելի չէ։
Ըստ նրա, չստանալով ԼՂՀ անկախութեան երաշխիքները, հայկական կողմը կարող է կորցնել այն ձեռքբերումները, որոնք ռազմավարական նշանակութիւն ունեն։
«Այստեղ երկու հարցի շուրջ պէտք է լինի բանակցութիւնը՝ Ղարաբաղի անկախութեան ճանաչում, և պէտք է ապահովւի ԼՂՀ օրինական ընտրւած իշխանութեան վերադարձը բանակցային սեղանի շուրջ։ Ղարաբաղի իշխանութիւնը պէտք է որոշի սահմանազատման հարցը»,- ասաց Մարտիրոսեանը։
Նա Հայաստանի իշխանութիւններին խորհուրդ է տալիս ԼՂՀ անկախութեան ճանաչման ուղղութեամբ քայլեր ձեռնարկել։

Tert.am

Լիլիթը յաղթեց և դուրս եկաւ 3-րդ հորիզոնական



10:03 • 29.06.10
Ջերմուկում ընթացող կանանց Գրան-պրիի մրցաշարի 5-րդ տուրում յաղթանակ տօնեց Լիլիթ Մկրտչեանը, ով այս անգամ սևերով առաւելութեան հասաւ Բուլղարիայի ներկայացուցիչ Անտուանետա Ստեֆանովայի նկատմամբ։ Այս յաղթանակից յետոյ Լիլիթը 3.5 միաւորով եզրափակում է 3-րդ հորիզոնականը։ Էլինա Դանիէլեանը 3 միաւորով 4-րդն է։

5-րդ տուր

Կոսինցևա Տ. - Չիբուրդանիձէ 1-0Դանիէլեան - Հոու Եիֆան 0.5-0.5Կրամլինգ - Սիւ Եուհուա 0.5-0.5Ստեֆանովա - Մկրտչեան 0-1Կովանովա - Շէն Եան 0-1Ֆիէրօ - Ձագնիձէ 0-1
Մրցաշարային աղիւսակ

1. Ձագնիձէ 4.52. Կոսինցեւա Տ. 43. Մկրտչեան 3.54. Դանիէլեան 35. Հոու Եիֆան 2.56. Շէն Եան 2.57. Չիբուրդանիձէ 2.58. Կրամլինգ 29. Սիւ Եուհուա 210. Ստեֆանովա 211. Կովանովա 1.512. Ֆիէրօ 0

Tert.am

Ոչ տարիքն էր համապատասխանում,
ոչ բնակութեան վայրը.
Միսս Քոռնուոլլին թագազրկեցին


18:52 • 28.06.10
«Միսս Անգլիա» գեղեցկութեան մրցոյթի Քոռնուոլլ կոմսութեան մասնակիցը զրկւել է թագից ժիւրիին խաբելու համար։ Մրցոյթի կանոնների համաձայն՝ մասնակիցների տարիքը պէտք է լինի 17–24 տարեկան և նրանք պէտք է բնակւեն այն շրջանում, որը ներկայացնում են։
«Միսս Քոռնուոլլ – 2010» Լորա Աննեսն ասել էր, որ ինքը 22 տարեկան է, այնինչ պատահաբար պարզւել է, որ նա արդէն 27 տարեկան է և չի բնակւում Քոռնուոլլում, ինչի պատճառով նա զրկւել է իր տիտղոսից և այլևս չի կարող մասնակցել մրցոյթին։ Աղջիկն արդէն ներողութիւն է խնդրել։
Այս մասին յայտնում է «Газета.Ru»–ն։

Tert.am

Չինաստանի կոմունիստական կուսակցութիւնը
78 միլիոն անդամ ունի



16:05 • 28.06.10
Չինաստանի կոմունիստական կուսակցութեան շարքերը մէկ տարում կը համալրւել են 2 միլիոն մարդով։ Այսպիսով, կուսակցականների թիւը հասել է 78 մլն-ի։ Այս մասին յայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Այսպիսով, երկրի 1,3-միլիարդանոց բնակչութեան համարեա 6 տոկոսը աշխարհի ամենաբազմանդամ կուսակցութեան անդամ է։ Ընդ որում, անցեալ տարի կուսակցութեանն անդամագրւելու դիմում է ներկայացրել 20 միլիոն չինացի, սակայն նրանցից ընդամենը 2 մլն-ին է բախտ վիճակւել ընդունւել կուսակցութեան շարքերը։ Կոմկուսին անդամագրւելու համար հարկաւոր է ոչ միայն երաշխաւորագիր և անբիծ կենսագրութիւն, այլև բաւական մեծ համբերութիւն։
Ըստ կուսակցական վիճակագրութեան՝ Չինաստանում կուսակցական կոմունիստների գրեթէ մէկ քառորդը 35 տարեկանից փոքր է։



Tert.am

ՀՅԴ-ն չի կիսում Երեւանի ոգեւորութիւնը ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների յայտարարութեան կապակցութեամբ


«ՀՅԴ-ն չի ընդունում նաեւ Մադրիդեան սկզբունքները»


Յունիս 28, 2010 17:07
Հ. Յ. Դաշնակցութիւն կուսակցութիւնը չի կիսում պաշտօնական Երեւանի ոգեւորութիւնը Ղարաբաղեան հակամարտութեան վերաբերեալ ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահների յայտարարութեան կապակցութեամբ՝ ընդունւած «Մեծ ութնեակի» գագաթնաժողովի շրջանակներում, NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում յայտնել է ՀՅԴ Հայ Դատի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը:
«Մենք չենք ընդունում այդ յայտարարութիւնը մի քանի պատճառներով: Առաջին հերթին, նրանում ոչ մի բառով չի յիշւում ադրբեջանական դիվերսիայի մասին, որ տեղի էր ունեցել այդ յայտարարութիւնից ընդամենը մէկ շաբաթ առաջ: Նման լռութիւնը Ադրբեջանին խթանում է նոր դիվերսիաների եւ Բաքւի կողմից դիտարկւում է որպէս իր գործողութիւնների խրախուսում»,- նկատել է Մանոյեանը: Բացի այդ, նա նշել է, թէ փաստաթղթում օգտագործւում է «օկուպացւած տարածքներ» արտայայտութիւնը, որը չի օգտագործւել նախագահների նախորդ յայտարարութեան մէջ: «Դա կարելի է դիտարկել որպէս հայկական կողմի վրայ ճնշում»,- հաւաստիացրել է Մանոյեանը:
Յայտարարութիւնն ընդունելի չէ ՀՅԴ-ի համար նաեւ այն պատճառով, որ յղում է արւում Մադրիդեան սկզբունքներին: «ՀՅԴ-ն չի ընդունում Մադրիդեան սկզբունքները»,- ասել է Մանոյեանը՝ նշելով, որ այդ սկզբունքները նպատակ ունեն Ադրբեջանին վերադարձնել իր կորուստները՝ իր իսկ նախաձեռնած պատերազմում:
Նշենք, որ նախագահների համատեղ յայտարարութեան մէջ մասնաւորապէս ասւած է. «Մենք որպէս նշանակալի քայլ ենք դիտարկում եւ ողջունում ենք երկու կողմերից էլ այն փաստի ընդունումը, որ ամուր կարգաւորումը պէտք է հիմնւած լինի Հելսինկեան սկզբունքների եւ այն տարրերի վրայ, որոնք մենք առաջարկել էինք 2009թ. յուլիսի 10-ին Աքվիլայի գագաթնաժողովում արած մեր յայտարարութեան մէջ, որոնք վերաբերւել են Լեռնային Ղարաբաղին յարակից զբաղեցւած տարածքների վերադարձին, անվտանգութիւն եւ ինքնիշխանութիւն նախատեսող Լեռնային Ղարաբաղի միջանկեալ կարգավիճակին, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքին, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակին, որը յստակեցւելու է ապագայում իրաւական ուժ ունեցող կամարտայայտութեամբ, բոլոր տեղահանւածների եւ փախստականների վերադարձի իրաւունքին, ինչպէս նաեւ անվտանգութեան միջազգային երաշխիքներին, այդ թւում՝ խաղաղութեան պահպանման ուղղութեամբ»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Lost in Translation.–

Նախագահների յայտարարութեան ռուսերէն և անգլերէն տարբերակները նոյնը չեն


14:15 • 28.06.10
ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբամայի, Նիկոլա Սարկոզիի և Դմիտրի Մեդվեդևի՝ Կանադայում կայացած «Մեծ ութնեակի» գագաթնաժողովի շրջանակում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան վերաբերեալ տարածած համատեղ յայտարարութեան ՝ Սպիտակ տան պաշտօնական կայքում տեղադրւած անգլերէն և Կրեմլի կայքում տեղադրւած ռուսերէն տարբերակներում որոշ անհամապատասխանութիւններ կան։ Մասնաւորապէս, անգլերէն տեքստում ասւում է. «return of the occupied territories surrounding Nagorno-Karabakh», մինչդեռ ռուսերէն տարբերակում բացակայում է ոչ միայն «occupied»՝ «զբաղեցւած կամ գրաււած» բառը, այլև ընդհանրապէս որևէ բնորոշում չկայ՝ «возвращение территорий вокруг Нагорного Карабаха»։
Միւս անհամապատասխանութիւնն առկայ է հետևեալ հատւածում. «final status of Nagorno- Karabakh to be determined in the future by a legally-binding expression of will» և «определение будущего окончательного правового статуса Нагорного Карабаха путем имеющего обязательную юридическую силу волеизвъявления его населения»։
Անգլերէն տարբերակում բացակայում է «его населения»՝ «դրա բնակչութիւնը» արտայայտութիւնը, ինչից պարզ չէ, թէ որ բնակչութեան մասին է խօսքը։
Նոյն նախադասութեան մէջ անգլերէն տարբերակում «final status» արտայայտւթեան ռուսերէն համարժէքում կարգավիճակի համար աւելացւած է նաև «правовой» բառը։


Tert.am

Կողմ են հայկական երգերը թուրքերին վաճառելուն, եթէ խօսքը թափոնի մասին է


«Թուրքերը միշտ էլ գողացել են հայկական երգերը. «Իսկ հիմա ի՞նչ է պատահել, որ թոյլտւութիւն են հարցնում»։

17:25 • 28.06.10
Թուրքական «Իւնիվերսալը» դիմել է «Հայ հեղինակ» ՀԿ–ին՝ ցանկութիւն յայտնելով գնել հայկական էստրադայի յայտնի ներկայացուցիչների երգերը։ Նշենք, որ «Հայ հեղինակն» այս տեղեկութիւնն առայժմ չի մեկնաբանում։ Այսօր այս թեմայի շուրջ խօսեցին Ռուբէն Հախվերդեանը և «Շարական» անսամբլի գեղարւեստական ղեկավար և դիրիժոր Դանիէլ Երաժիշտը։

Հախվերդեանի խօսքով՝ դա մշակոյթի փոխներգործութիւն է, ինչը վատ չէ, իսկ Թուրքիայի մտադրութեան մէջ նա «ոչ մի կրիմինալ» չի տեսնում։
Հախվերդեանը նաև նկատեց, որ երգերը փոխառելիս՝ լեզւական կառուցւածքի խնդիրներ են առաջանում։ «Երբ մերոնք երգեր են գողանում, բառերը կաղում են, սխալ շեշտադրում են օգտագործում», – ասաց նա։
Իր հերթին, Դանիէլ Երաժիշտը նշեց, որ հարկաւոր է հասկանալ, թէ որն է այդ ամէնի նպատակը։ Երաժիշտը պատրաստ է կիսւել հարևանների հետ հայկական երգարւեստով, եթէ խօսքն էստրադայի մասին է։
«Տարէ՛ք, տարէ՛ք։ Թող տանեն թափոնները, լաւ ծառայութիւն կմատուցեն», – նշեց նա՝ պատասխանելով լրագրողի հարցին, թէ ինչպէս կը վերաբերւեն այդ նախաձեռնութեանը երաժիշտները, եթէ խօսքը Արամէի կամ, ասեն, Սիլւա Յակոբեանի երգերի մասին լինի։
Միաժամանակ, նա յաւելեց, որ թուրքերը միշտ էլ գողացել են հայկական երգերը. «Իսկ հիմա ի՞նչ է պատահել, որ թոյլտւութիւն են հարցնում»։

Tert.am

Կամուրջ` Վահան Տէրեանի, արդի Հայ և սփիւռքահայ գրողների միջև


Այսօր Ծաղկաձորում Գրողների համահայկական 5-րդ համաժողովի շրջանակներում կայանալու է «Մթնշաղի կամուրջներ» գրքի շնորհանդէսը, որը նւիրւած է Վահան Տէրեանի 125-ամեակին:
Ինչպէս Ծաղկաձորից Aysor-ի հետ զրոյցում նշեց ժողովածուն կազմող, բանաստեղծուհի Գոհար Գալստեանը, գիրքը համատեղ ժողովածու է, ընդգրկւած են Վահան Տէրեանի «Մթնաշաղի անուրջներ» շարքը և ժամանակակից հայ, նաև սփիւռքահայ բանաստեղծների գործեր` Տէրեանական տրամադրութեամբ:
«Գրքի աջ կողմի թերթիկը Վահան Տէրեանն է, իսկ ձախ էջին` ժամանակակից հեղինակները` յայտնի և անյայտ անուններ»,- շեշտեց Գոհար Գալստեանը և նշեց, որ ժողովածուն ընդգրկում է 30 հեղինակների գործեր:
Բանաստեղծուհին տեղեկացրեց, որ երեկոն սկսւելու է Վահան Տէրեանի գործերի արտասանութեամբ` ուղեկցւելու է երաժշտական կոմպոզիցիայով, ընթերցւելու է նաև տպագրւած հեղինակներից մէկական գործ:
«Գիրքը առաջին անգամ փոքր ծաւալով ներակայացւել է Գրականութեան և արւեստի թանգարանի Թանգարանային գիշեր ծրագրի շրջանակներում»,- շեշտեց Գ. Գալստեանը և փաստեց, որ «Մթնշաղի կամուրջներ» ժողովածուն կամրջում է անցեալի արժէքններն ու չափանիշները, դասականի կողքին հնչում է նաև այսօրւայ գրողը:
«Այս գիրքը նաև սփիւռքի հետ կամուրջ է»,- շեշտեց Գոհար Գալստեանը:
«Մթնշաղի կամուրջներ» ժողովածուի տպագրութիւնը հովանաւորել են Հայաստանի գրողների միութեան նախագահ Լևոն Անանեանը և բանաստեղծուհի Սոնա Վանը:

ԱՅՍՕՐ, 18:11
Aysor.am

Թուրքիայում փոխւել է «Ուժեղ բանակ, ուժեղ Թուրքիա» կարգախօսը



Յունիս 28, 2010 18:05
Թուրքիայի զինւած ուժերի գլխաւոր շտաբի կողմից նախորդ տարի հասարակութեանը ներկայացւած «Ուժեղ բանակ, ուժեղ Թուրքիա» կարգախօսը բազմաթիւ քննադատութիւնների պատճառով փոխւել է։

Յիշեալ կարգախօսը խիստ քննադատութեան էր ենթարկել Թուրքիայի մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարար Էրթուղրուլ Գիւնայը, ով նշել էր կարգախօսի հակառակ կողմից գրման անհրաժեշտութեան մասին։ «Ամբողջութեան անունն է Թուրքիա։ Եթէ Թուրքիան ուժեղ լինի, ուժեղ կլինի ազգը, պետութիւնը, խորհրդարանը, իշխանութիւնը։ Իսկ ուժեղ բանակները, ոչ ուժեղ ժողովրդին, ոչ կառավարիչներին չեն կարող պահպանել։ Սադամի բանակը ուժեղ էր, բայց Սադամին չկարողացաւ պահպանել։ Իրանի բանակն էլ չկարողացաւ Շահին պահպանել, որովհետեւ չկար ժողովրդավարութիւն, իսկ ժողովուրդը թոյլ էր»,-նշել է Էրթուղրուլ Գիւնայը։
Թուրքիայի զինւած ուժերի գլխաւոր շտաբի կայքէջում արդէն յայտնւել է վիճելի կարգախօսի նոր տարբերակը. «Ուժեղ Թուրքիա, ուժեղ բանակ»։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Ղարաբաղը դէ՞մ է
Մադրիդեան սկզբունքներին

14:44 • 28.06.10
Հայաստանի դեմոկրատական կուսակցութեան ղեկավար Արամ Սարգսեանի համար անհասկանալի է, թէ ինչ պատասխան է տալու ԼՂՀ ղեկավարութիւնը ԱՄՆ–ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների յայտարարութեանը։ «Նրանք, պնդելով, որ պէտք է մասնակից դառնան բանակցային գործընթացին, առ այսօր չեն ներկայացրել իրենց մօտեցումները Մադրիդեան սկզբունքների նկատմամբ», – այսօրւայ ասուլիսին ասաց նա։
Ըստ Սարգսեանի՝ դա նշանակում է, որ Ղարաբաղն այդքան էլ համաձայն չէ այդ սկզբունքների հետ։
Կուսակցութեան ղեկավարը կարծիք յայտնեց, որ Ադրբեջանն էլ չի ընդունի այդ սկզբունքները։
Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների յայտարարութեան մեջ արւած առաջարկները Սարգսեանը համարում է անընդունելի, դրանք, նրա համոզմամբ, դատապարտւած են ձախողման։

Tert.am

«Ոսկէ ծիրանը» հանդիսատեսին կը ներկայացնի Կաննի եւ Բեռլինի կինոփառատօնների դափնեկիր 9 ֆիլմեր

Յունիս 28, 2010 14:02
Յայտնի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն «Ոսկէ ծիրան» միջազգային 7–րդ կինոփառատօնի հիւրը կլինի։ Այս մասին յայտնեց փառատօնի ծրագրերի տնօրէն Միքայէլ Ստամբոլցեանը։
Նրա խօսքով, Երեւանում Կլաուդիա Կարդինալեն կներկայացնի Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմը, որում նա խաղացել է գլխաւոր դերերից մէկը։ Փառատօնի շրջանակներոմ նրան «Ոսկէ ծիրանի» յատուկ մրցանակ կը շնորհւի։ Բացի համաշխարհային ճանաչում ունեցող դերասանուհուց, Հայաստան կժամանի Անրի Վեռնոյի որդին՝ Պատրիկ Մալաքեանը։
Ստամբոլցեանը նաեւ ասաց, որ «Ոսկէ ծիրանի» շրջանակներում տեղի կունենան Անրի Վեռնոյի ֆիլմերի յետահայեաց ցուցադրութիւնը՝ նւիրւած վերջինիս ծննդեան 90-ամեակին։
Նա նաեւ յայտնել է, որ «Ոսկէ ծիրանը» հանդիսատեսին կներկայացնի Կաննի եւ Բեռլինի կինոփառատօնների 9 դափնեկիր ֆիլմեր։ Կցուցադրւեն կորէացի ռեժիսոր Լի Չան Դոնի «Պոեզիայ», Միխայէլ Խանեկէի «Սպիտակ ժապաւէն» եւ Սէմիհ Կապլանօղլուի «Մեղր» ֆիլմերը։
Հանդիսատեսը հնարաւորութիւն կունենայ դիտել նաեւ բազմաթիւ այլ ֆիլմեր։



Լուրեր Հայաստանից - NEWS.am

«Տեղեկատւական տեխնոլոգիաները կատարում են իսկական յեղափոխութիւն»

Տեղեկատւական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2009 թւականի մրցանակն այսօր յանձնւեց «Intel» կորպորացիայի նախկին գլխաւոր գործադիր տնօրէն, տնօրէնների խորհրդի նախագահ Քրեյգ Բարեթին: Մրցանակն անձամբ յանձնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը:
Շնորհաւորելով դոկտոր Բարեթին, երկրի ղեկավարն յայտնեց, որ ուրախ է Հայաստանում ողջունել տեղեկատւական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային մեծ ներդրում ունեցած գիտնականին և նրան շնորհել այդ մրցանակը: Նա նկատեց, որ Հայաստանում չկայ համակարգչից օգտւող որևէ մէկը, ում ծանօթ չլինի «Intel» կորպորացիան և անձամբ Քրեյգ Բարեթը:
«Այդ մրցանակը Հայաստանի Հանրապետութեան համեստ ներդրումն է համաշխարհային մակարդակով տեղեկատւական տեխնոլոգիաների զարգացման գործում: Սրանով մենք պատւում ենք դոկտոր Բարեթին, և գնահատում «Ինտել» կորպորացիայի ներդրումը բարձր տեխնոլոգիաներն ու գիտելիքն աշխարհի բոլոր կողմերը հասցնելու գործում»,-ասաց ՀՀ նախագահը, նկատելով, որ տեղեկատւական տեխնոլոգիաների տարածման կարևորութիւնն իսկապէս շատ մեծ է:

(Յապաւումներով)
ԱՅՍՕՐ, 14:31
Aysor.am

Էրդողանը խուսափել է կոնկրէտ պատասխանել Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման վերաբերեալ հարցին

Յունիս 28, 2010 13:36
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Կանադայի Տորոնտօ քաղաքում աւարտւած G-20 գագաթնաժողովի աւարտից յետոյ լրագրողների հարցերին պատասխանելիս խուսափել է ուղիղ պատասխանել Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաորման վերաբերեալ հարցին՝ կրկին ակնարկելով Ղարաբաղի խնդիրը։
Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ Էրդողանը, լրագրողների այն հարցին, թէ արդեօ՞ք Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում կայ յստակ քայլ, պատասխանել է, որ G-20-ի գագաթնաժողովի ընթացքում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւից տեղեկացել է Հայաստանի նախագահի հետ ունեցած հանդիպման մանրամասներին։
«Մեդվեդեւը նշել է, որ իրենց սպասումները մի քիչ աւելացել են։ Ցանկանում ենք, որ այդ յոյսերը մի րոպէ առաջ իրականան, եւ տարածաշրջանում հաստատւի խաղաղութիւն»,- պատասխանել է Էրդողանը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Անգլիայի դեսպան.–
«Ուժի կիրառումը և նման մջադէպերն անընդունելի են»

«Ցաւում ենք միջադէպի համար և գտնում ենք, որ ուժի կիրառումը և նման միջադէպերն անընդունելի են»,- ընդգծեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնդսեյլը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ադրադառնալով յունիսի 18-ին Արցախի Հանրապետութիւն ներխուժած ադրբեջանական դիվերսիոն խմբի սադրանքին:
Դեսպանի համոզմամբ` հակամարտութեան «երկու կողմերը պէտք է զերծ մնան ուժի կիրառման սպառնալաիքից»:
«Սա ևս մէկ անգամ շեշտում է բանակցութիւնների միջոցով լուծում գտնելու կարևորութիւնը, որպէսզի կանխւեն նման դէպքերը հետագայում»,- յայտնեց Չ. Լոնդսեյլը և յաւելեց. «Մեծ յոյսեր ունենք, որ նման միջադէպեր հետագայում չեն լինի, ու խրախուսում ենք երկու կողմերին` մեծացնել ջանքերը վերջնական լուծման հասնելու համար»:
Թէ ինչպիսի՞ն կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան վերջնական լուծումը, ըստ Չ. Լոնդսեյլի` «Մեծ Բրիտանիայի որոշելիք հարցը չէ»: Միևնոյն ժամանակ, նրա կարծիքով` «որպէսզի լուծումը երկարատև լինի, այն պէտք է համաձայնեցւի կոնֆլիկտում ներգրաււած բոլոր կողմերի հետ»:
«Լուծումը պէտք է հիմնւած լինի ԵԱՀԿ 3 հիմնարար սկզբունքների վրայ` ազգերի ինքնորոշման իրաւունքի, տարածքային ամբողջականութեան իրաւունքի և ուժի չգործադրման պահանջի»,- շեշտեց ՄԲ դեսպանն ու աւելացրեց. «Թէ ինչպէ՞ ս են այս սկզբունքները կիրառւելու և ինչպիսի՞ վերջնական լուծում է գտնւելու դրանց հիման վրայ, բանակցութիւնների մէջ ներգրաււած կողմերի որոշելիք հարցն է»:

ԱՅՍՕՐ, 13:43
Aysor.am

Նոյն յոգնած տեքստը՝ գումարած օկուպացման մեղադրանքը.

Հ. Յ. Դ. Հայ Դատի Յանձնախմբի Արձագանքը

«Նախագահներ իրենց յայտարարութիւնում պէտք է խստօրէն դատապարտէին յունիսի 18–ին Մարտակերտի շրջանում ադրբեջանցիների իրականացրած յարձակումը»

12:24 • 28.06.10
Հ. Յ. Դ. Հայ Դատի ամերիկեան Յանձնախումբը տարածել է յայտարարութիւն, որում սուր քննադատութեան է ենթարկում Ֆրանսիայի, ԱՄՆ–ի և Ռուսաստանի նախագահների համատեղ յայտարարութիւնը Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ՝ բնութագրելով այն որպէս «կապիտուլացիայի նոյն այն հին ու ծեծւած կոչերից մէկը՝ ուղղւած Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ժողովրդին»։«Նախագահներ Օբաման, Սարկոզին և Մեդվեդևն իրենց յայտարարութիւնում պէտք է խստօրէն դատապարտէին յունիսի 18–ին Մարտակերտի շրջանում ադրբեջանցիների իրականացրած յարձակումը»,– յայտարարել է Հայ Դատի Ամերիկեան Յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համփարեանը։
«Փոխարէնը նրանք արեցին կապիտուլացիայի նոյն այն հին ու ծեծւած կոչերից մէկը՝ ուղղւած Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ժողովրդին։ Նրանց համատեղ յայտարարութիւնը ևս մէկ անգամ ներկայացնում է այն միակողմանի բանաձևը, որով Ղարաբաղին ստիպում են անել ծայրայեղ վտանգաւոր և իր անվտանգութեան տեսանկիւնից անդառնալի զիջումներ՝ անորոշ և պարտադիր ուժ չունեցող խոստման դիմաց, թէ դրա կարգավիճակը կարող է որոշւել անորոշ մի գործընթացով, անորոշ մասնակիցների կողմից և ապագայի ինչ–որ անորոշ պահի»,– ասել է Համփարեանը։
Նրա խօսքով՝ նախագահների այդ յայտարարութիւնն էլ աւելի վիրաւորական է դարձնում նրանց հնչեցրած մեղադրանքը տարածքների օկուպացման մասին։
Հայ Դատի Ամերիկեան Յանձնախումբը նկատում է, որ երեք նախագահների վերջին յայտարարութիւնը գրեթէ չի տարբերւում 2009թ. յուլիսի 10–ի յայտարարութիւնից՝ տարբերութեամբ, որ այս անգամ աւելացել է տարածքների օկուպացման մեղադրանքը։

Tert.am

Թուրքիան թոյլ չի տւել իսրայէլական օդանաւին օգտագործել իր օդային տարածքը

Յունիս 28, 2010 11:00
Թուրքիան հրաժարւել է թոյլ տալ Իսրայէլից Լեհաստան մեկնող ինքնաթիռին՝ օգտագործել Թուրքիայի օդային տարածքը։
Իսրայէլական Yedioth Ahranoth թերթի փոխանցմամբ՝ Լեհաստանի տարածքում գտնւող նախկին համակենտրոնացման ճամբարներ մեկնող 100-ից աւել իսրայէլցի զինւորականների պատւիրակութեան ինքաթիռին Անկարան մերժել է թոյլատրել անցնել Թուրքիայի օդային տարածքով։
Սովորաբար, Իսրայէլից Լեհաստան մեկնող քաղաքացիական եւ զինւորական օդանաւերը օգտագործել են Թուրքիայի օդային տարածքը, սակայն այս անգամ Թուրքիան անակնկալի է բերել իսրայէլական ինքնաթիռի անձնակազմին, ովքեր ստիպւած են եղել փոխել օդային երթուղին։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Էրդողանը վերահաստատում է Ղարաբաղեան
նախապայմանը



10:43 • 28.06.10
Կանադայի Տորոնտօ քաղաքում կայացած «Մեծ քսանեակի» գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Միացեալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թուրքական լրատւամիջոցների փոխանցմամբ` 1 ժամ 15 րոպէ տևած հանդիպման ընթացքում Օբաման և Էրդողանը հիմնականում քննարկել են Քրդստանի բանւորական կուսակցութեան (PKK), Իրանի միջուկային խնդրի, ինչպէս նաև «Ազատութեան տորմիղի» և իսրայէլական բանակի զինւորների միջև տեղի ունեցած միջադէպը:
Սակայն թուրքական Hurriyet օրաթերթը, վկայակոչելով սեփական անանուն աղբիւրները, գրում է, որ մօտ 1 ժամ 30 րոպէ տևած Օբամա-Էրդողան հանդիպման ընթացքում քննարկւել է ինչպէս Հայ-թրքական յարաբերութիւնները, այնպէս էլ Ղարաբաղեան հիմնախնդիրը:
Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը, ընդգծելով, որ առանց Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հնարաւոր չի լինելու առաջընթաց ապահովել Հայաստան-Թուրքիա մերձեցման գործընթացում, յայտարարել է.
«Հակառակ այն բանին, որ մինչև օրս չենք ստացել 2005թ. արւած պատմաբանների համատեղ յանձնաժողով ստեղծելու առաջարկութեան պատասխանը, մենք վճռական ենք յարաբերութիւնների կարգաւորման հարցում: Միւս կողմից պէտք է հասկանալ, որ եթէ առաջընթաց չգրանցւի Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում, հնարաւոր չի լինելու առաջ տանել Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը»:

Tert.am

Աշխարհի առաջնութիւն 1/8..


Արգենտինա – Մեքզիկա` 3:1



Յունիս 28, 2010 01:27
27 Յունիսի, Եոհաննեսբուրգ, Սոքեր Սիթի ստադիոն
Մրցավար` Ռոբերտօ Ռոզէտի (Իտալիա)
Տեւես, 25, 52 (1:0, 3:0), Իգուաին, 33 (2:0), Էրնանդես, 71 (3:1)
Յետ են մնացել մրցավարները ֆուտբոլից: Մէկ մետրանոց խաղից դուրս վիճակից Տեւեսը խփեց իր առաջին գնդակը: Մեքզիկացիները ուշքի գալ այլեւս չկարողացան: Արգենտինայի հաւաքականը երկրորդ առաջնութիւնն անընդմեջ փակում է մեքզիկացիների ճանապարհը: Այս անգամ խայտառակ խաղաց մեքզիկական պաշտպանութիւնը: Աւելի ճիշտ, արգենտինեան յարձակւողներն են այս պահին անգերազանցելի:
Մէսին, Տեւեսը եւ Իգուաինը չեմպիոնական յաւակնութիւններով շարժւում են առաջ: Առայժմ յաջողութիւնը չի ժպտում աշխարհի լաւագոյն ֆուտբոլիստին: Այսօր եւս Մէսին աչքի չընկաւ: Դուբլի հեղինակ դարձաւ Տեւեսը, Իգուաինը խփեց եւ չորս գնդակով գլխաւորեց ռմբարկուների ցուցակը, իսկ Մէսին դէմքի մռայլ արտայայտութեամբ խաղադաշտն էր չափում եւ դարձեալ ոչինչ չստացւեց: Արգենտինան յաղթեց 3:1 հաշւով. Մեքզիկան հեղինակութեան գնդակ խփեց վերջում:
Եւ մեզ սպասւում է հերթական ֆուտբոլային հիթը` Գերմանիա – Անգլիայից ոչ պակաս հնչեղ: Քառորդ եզրափակիչում Արգենտինան կմրցի գերմանացիների հետ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Սերժ Սարգսեանն ու Բակօ Սահակեանը քննարկել են Հայաստանի ու ԼՂՀ-ի փոխգործակցութեան հարցերը



Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը յունիսի 26-ին հանդիպում է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի հետ:
Ինչպէս NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայութիւնից, հանդիպմանը, որին մասնակցել են ԼՂՀ վարչապետ Արա Յարութիւնեանը եւ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսեանը, քննարկւել են տարբեր ոլորտներում յարաբերութիւնների հետագայ ընդլայնման, փոխգործակցութեան խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Երկուստեք կարեւորւել է ներհայկական կապերի շարունակական ամրապնդման անհրաժեշտութիւնը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Հայաստանում մեկնարկում է բասկետբոլի
Եւրոպայի առաջնութիւնը



Յունիս 28, 2010 00:08
Վաղը, Երեւանի Միկա մարզահամալիրում կմեկնարկի բասկետբոլի կանանց Եւրոպայի C խմբի առաջնութիւնը: Այս կարգի մրցաշար Հայաստանն առաջին անգամ է անցկացնում: Երեւանեան առաջնութեանը կը մասնակցեն Անդորրայի, Ջիբրալթարի, Մոլդովայի, Մալթայի, Ուէլզի, Շոտլանդիայի եւ, իհարկէ, Հայաստանի հաւաքականները: Այդ դիվիզիոնում է ընդգրկւած նաեւ Ադրբեջանի հաւաքականը, որը հրաժարւել է մեկնել Հայաստան:
Առաջնութեան բացման արարողութիւնը տեղի կունենայ Յուլիսի 28-ին, ժամը 16:00-ին: Մուտքն ազատ է լինելու:

A խումբ

1. Անդորրա
2. Հայաստան
3. Ջիբրալթար
4. Մոլդովա

B խումբ


1. Մալթա
2. Ուէլզ
3. Շոտլանդիա

Խաղացանկ


28.06.2010 13.45 Մոլդովա - Անդորա
28.06.2010 16.00 Բացման արարողութիւն
28.06.2010 16.45 Հայաստան - Ջիբրալթար
28.06.2010 19.00 Շոտլանդիա - Մալթա
29.06.2010 14.30 Ջիբրալթար - Անդորրա
29.06.2010 16.45 Հայաստան - Մոլդովա
29.06.2010 19.00 Շոտլանդիա - Ուէլզ
30.06.2010 14.30 Մոլդովա - Ջիբրալթար
30.06.2010 16.45 Մալթա - Ուէլզ
30.06.2010 19.00 Հայաստան - Անդորրա
02.07.2010 16.45 B1 - A2
02.07.2010 19.00 A1 - B2
03.07.2010 13.45 Խաղ 5 - 6 տեղերի համար
03.07.2010 16.00 Խաղ 3 - 4 տեղերի համար
03.07.2010 18.15 Եզրափակիչ

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Ջերմուկ-2010 Grand Prix FIDE.
Է.Դանիէլեանն ու Լ.Մկրտչեանը վաստակեցին
կէսական միաւոր


Յունիս 27, 2010 20:43
Ջերմուկում այսօր տեղի ունեցան շախմատի կանանց Grand Prix FIDE մրցաշարի չորրորդ տուրի պարտիաները: Լիլիթ Մկրտչեանը սպիտակներով միաւորը կիսեց Տատեանայ Կոսինցեւայի հետ: Էլինա Դանիէլեանը սեւերով եւս ոչ ոքի խաղաց Սիւ Եուհուայի հետ։
Կէսական միաւոր վաստակեցին Շէն Եանն ու Պիա Կրամլինը: Առաջատար Նանա Ձագնիձէն հերթական յաղթանակը տարաւ, այս անգամ Բաիրա Կովանովայի նկատմամբ եւ միանձնեայ առաջին տեղում է: Մայա Չիբուրդանիձէն պարտութեան մատնեց Մարտա Ֆիէրոյին, Հօու Եիֆանն էլ առաւելութեան հասաւ Ստեֆանովայի նկատմամբ:

4-րդ տուր
Մկրտչեան - Կոսինցեւա 0.5 – 0.5
Չիբուրդանիձէ – Ֆիէրօ 1-0
Ձագնիձէ – Կովանովա 1-0
Շէն Եան – Կրամլինգ 0.5 – 0.5
Սիւ Եուհուա - Դանիէլեան 0.5 – 0.5
Հօու Եիֆան - Ստեֆանովա 1-0

1. Ձագնիձէ 3.5
2. Կոսինցեւա 3
3. Մկրտչեան 2.5
4. Չիբուրդանիձէ 2.5
5. Դանիէլեան 2.5
6. Ստեֆանովա 2
7. Հօու Եիֆան 2
8. Կովանովա 1.5
9. Շէն Եան 1.5
10. Կրամլինգ 1.5
11. Սիւ Եուհուա 1.5
12. Ֆիէրօ 0

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Հայաստանը Վենետիկի 54–րդ բիենալեում կը ներկայանայ աննախադէպ ծրագրով՝
վստահեցնում է նախարարութիւնը

ՀՀ Մշակոյթի նախարարութեան որոշման համաձայն Վիկտոր Վեհամի Մնացականեանը նշանակւել է Վենետիկի 54-րդ բիենալեի հայկական տաղաւարի կոմիսար:
1895թ. հիմնադրւած ժամանակակից արւեստի համաշխարհային ամենահեղինակաւոր այդ ստուգատեսն ամէն տարի նոր թեմայ ունի 2011-ի` 54-րդ բիենալեն, կրելու է «Տիէզերքները տիէզերքում» խորագիրը: Հայկական տաղաւարի նորանշանակ կոմիսարի խօսքով, Հայաստանը կը ներկայանայ աննախադէպ հետաքրքիր նախագծով:

Tert.am

Ռիբակի ջղերը տեղի են տալիս.
Նա կոտրել է ջութակը հէնց բեմի վրայ



13:42 • 26.06.10
Շւէդական ТВ4 հեռուստաալիքի երաժշտական ծրագրերից մէկին մասնակցող՝ «Եւրատեսիլ 2009»–ի յաղթող Ալեքսանդր Ռիբակը զարմացրել է բոլորին իր անկանխատեսելի ու անհասկանալի պահւացքով։
Ինչպէս հաղորդում է КП-ն, շօուի պրոդիւսերների սցենարով Ռիբակն իր յայտնի «Հեքիաթ» հիթով պէտք է փակեր ծրագիրը, սակայն կատարման ժամանակ նա յանկարծ պոռթկացել է և մի քանի անգամ ջութակն ուժեղ հարւածելով բազմոցին, կոտրել է երաժշտական գործիքը, ապա արագ հեռացել ու փակւել իր սենեակում։
Ինչպէս պարբերականին ասել է երգչի հայրը, այդ դէպքից մէկ օր առաջ Ռիբակը չորս համերգ էր տւել, ինչի պատճառով շատ հիւծւած է և բարձր ջերմութիւն ունէր։

Tert.am

Աշխարհի ամենատգեղ շունը չիխուախուա է




17:58 • 26.06.10
Ամերիկեան Կալիֆոռնիա նահանգում անցկացւող Ամենատգեղ շների ամենամեայ մրցոյթում այս տարի յաղթող է ճանաչւել «Արքայադուստր» մականունով չիխուախուան։
Չորսամեայ շան ձախ աչքը կոյր է, նրա հետևի թաթերն ու ողնաշարը ծռմռւած են։ Արքայադստեր տէրը խոստովանել է, որ ուրախ է յաղթանակի համար, սակայն ինքն իր շանը բոլորովին էլ տգեղ չի համարում։
Շան տէրն իր սիրելի կենդանու տգեղութեան համար կստանայ 1000 դոլար մրցանակ։

Tert.am

Լուկաշենկոն գազի պարտքը մարել է Ալիևի շնորհիւ

12:48 • 27.06.10
Բելառուսը ռուսական «Գազպրոմին» գազի պարտքը մարել է Ադրբեջանի շնորհիւ։ Euronews հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ինքն այդ հարցով դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որն էլ մէկ օրւայ ընթացքում իրեն պարտքով 200 միլիոն դոլար է տւել։ Ինչ պայմաններով է Մինսկը Բաքւից պարտք ստացել, Լուկաշենկոն չի մանրամասնել։

Tert.am