Երեւանում Հացադուլ Է Սկսվել Հայ-թուրքական Արձանագրութիւնների Դէմ


16:25 / 15.09.2009
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14:30-ին Հանրապետութեան հրապարակում՝ Արտաքին գործերի նախարարութեան եւ կառավարութեան շէնքերի դիմաց Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը նախաձեռնել էր զանգւածային ակցիա Հայ-թուրքական արձանագրութիւնների դէմ:
ԱԳՆ շէնքի առջեւ՝ «Չուրանանք, չզիջենք, ընդվզենք», «Ոչ նախապայմաններին» պաստառներով ՀՅԴ 24 անդամներ հացադուլ յայտարարեցին:
Հացադուլաւորների մէջ են Գերագոյն մարմնի, կուսակցութեան երիտթեւի անդամներ, նախկին փոխարտգործնախարարներ եւ փոխմարզպետներ: Ինչպէս NEWS.am-ի թղթակցին յայտնեց ՀՅԴ Գերագոյն Մարմնի անդամ Գեղամ Մանուկեանը, որը նոյնպէս հացադուլ է յայտարարել, բողոքի գործողութիւնները կշարունակւեն մինչեւ հոկտեմբերի 14-ը՝ Հայաստանի եւ Թուրքիայի հաւաքականների միջեւ ֆուտբոլային հանդիպումը:
Միաժամանակ նա ընդգծեց, որ ՀՅԴ անդամները հերթականութեամբ փոխարինելու են իրար:
Գործողութեան մասնակիցներից ոչ հեռու պաստառ էր փակցւած՝ ՀՅԴ-ի կողմից նախաստորագրւած արձանագրոթիւններին վերաբերող փոփոխութիւններով եւ առաջարկութիւններով:
Ինչպէս նշեց Գեղամ Մանուկեանը, ՀՅԴ առաջարկներին միանալ ցանկացողների թիւը չի նւազում: Հացադուլաւորներին աջակցելու եկած խորհրդարանական խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանը NEWS.am-ի թղթակցին վստահեցրեց, որ ինքն էլ է միանալու հացադուլաւորներին խորհրդարանական քառօրեայի աւարտից յետոյ:
Կառավարութեան շէնքի առջեւ նոյնպէս նստացոյց էր կազմակերպւել: ՀՅԳ Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը NEWS.am-ի թղթակցի հարցին՝ հաւատում է արդեօ՞ք գործողութեան արդիւնքին, պատասխանեց. «Մեզ մնում է միայն յուսալ: Չէ որ ինչ-որ բան պէտք է անել»:


NEWS.am

0 Պատգամ: