ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎՐԱՍՏԱՆԻՆ
ՈՉ ՄԻ ՄԵՏՐ ՀՈՂ ՉՊԻՏԻ ՏԱՅ


Սեպտեմբեր 17, 2009
Երեւան (Երկիր) - Վերջերս մամուլում տեղեկութիւն էր տարածւել, թէ սեպտեմբերի 11-ին սահմանազատման հարցերով հայ-վրացական աշխատանքային յանձնաժողովի նիստում որոշում է կայացւել, որ հայկական կողմը կարող է Վրաստանին զիջել սահմանային Բավրա գիւղին յարող մօտ 1,5 հազար քառ. կմ համայնքային հողերը, որոնք ներկայումս վերահսկւում են վրացի սահմանապահների կողմից:
Ըստ շրջանառւող լուրերի` տարածքի դիմաց վրացական կողմը Հայաստանին է յանձնելու Մառնեուլից ոչ հեռու գտնւող Խոժոռնի գիւղը, որը 1921թ. նոյեմբերին ստորագրած համաձայնագրով անցել էր Վրաստանին:
Սեպտեմբերի 16-ին «Արմատ» ակումբում հրաւիրւած ասուլիսի ժամանակ «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագէտ Վահէ Սարգսեանը, խօսելով հայ-վրացական սահմանի իրաւական սկզբունքների մասին, վստահեցրեց, որ նման խօսակցութիւնները «տրամաբանութիւնից դուրս են»:
«Նշւում է, որ 1500 քառ. կմ տարածք տրւելու է Վրաստանի Խոժոռնի գիւղի դիմաց: Եթէ այս տեղեկութիւնը պաշտօնական աղբիւրներից է, նշանակում է` պաշտօնական աղբիւրները թւերին լաւ չեն տիրապետում: Այսինքն` Հայաստանի ամբողջ հիւսիսային մասը տրւում է Խոժոռնի գիւղի դիմաց, դա, իհարկէ, անհեթեթութիւն է»,- ասաց նա:
Այս ամէնը գնահատելով որպէս հայկական կողմի` հարցին չտիրապետելու արդիւնք` փորձագէտը հաաստիացրեց, որ եթէ անգամ վրացական կողմը «զիջի» ինչ-որ գիւղ` մի փոքր տարածք, Հայաստանը դրա դիմաց Վրաստանին ոչ մի մետր հող չպիտի տայ:

«ԵՐԿԻՐ»

0 Պատգամ: