Կուստուրիցան կատաղած լքում է Թուրքիան.
Եթէ այդքան զգայուն էք, ինչո՞ւ չէք խօսում
Հայոց Ցեղասպանութեան մասին
Հոկտեմբեր 11, 2010 10:18
Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացւող «Ոսկէ նարինջ» միջազգային կինոփառատօնին որպէս ժիւրի հրաւիրւած յայտնի սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան կատաղել է իր նկատմամբ թուրք արւեստագէտների եւ քաղաքական գործիչների յայտարարութիւններից եւ լքել Թուրքիան:
Մինչ մեկնելը, Կուստուրիցան մամուլի ասուլիս է տւել, որի ժամանակ խիստ քննադատել է Թուրքիայի մշակոյթի նախարարին, ով յայտարարել էր, թէ Կուստուրիցայի պատճառով չի մասնակցի կինոփառատօնին: Կուստուրիցան նշել է, թե Թուրքիայի մշակոյթի նախարարին համարում է թշնամի` նման վարւելակերպի համար:
«Ամիսներ առաջ Բուրսա քաղաքում կազմակերպւած միջոցառման ժամանակ մշակոյթի նախարարի համակուսակից Բուրսայի քաղաքապետը ինձ շնորհակալութիւն էր յայտնել, գրկախառնւել եւ համբուրել: Այս 1,5 ամսւայ մէջ ինչ եղաւ, որ նախարարը յայտարարում է, թէ Կուստուրիցան կայ, ինքը չի մասնակցի: Դա խայտառակութիւն է եւ մեծ սկանդալ»- նշել է կինոռեժիսորը:
Կուստուրիցան խիստ է պատասխանել նաեւ յայտնի թուրք ռեժիսոր Սեմիհ Քափլանօղլուին, ով յայտարարել էր, թէ հանում է իր ֆիլմը մրցոյթից, քանի որ Կուստուրիցան ժիւրի է:
«Եթէ Քափլանօղլուն ցեղասպանութիւնների նկատմամբ այդքան զգայուն է, ինչո՞ւ չի խօսում Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի նկատմամբ իրականացւած Ցեղասպանութիւնից: Դրանով նա կամբողջացնէր մարդկութեան դէմ իրականացրած յանցանքների իր զգայունութիւնը:
Ես միշտ էլ յայտնել եմ իմ վերաբերմունքը Բոսնիայում մարդկութեան դէմ իրականացւած յանցանքների մասին: Իմ ազգն էլ է դէմ եղել այդ յանցանքներին: Միեւնոյն ժամանակ Բոսնիայում էլ են մեծ թւով սերբեր սպանել»-նշել է Կուստուրիցան:
Նշենք, որ «Ոսկէ նարինջ» փառատօնի կազմակերպիչների կողմից Կուստուրիցային ուղարկւած հրաւէրը դժգոհութիւն է առաջ բերել կինոյի մի շարք գործիչների, ռեժիսորների եւ Բոսնիայի կանանց մի շարք հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչների մոտ՝ կապւած սերբամէտ հայեացքների հետ, որ Կուստուրիցան ունէր նախկին Հարաւսլավիայում:
Ի նշան Կուստուրիցայի մասնակցութեան դէմ բողոքի՝ թուրք յայտնի ռեժիսոր Սեմիհ Քափլանօղլուն ցուցադրութիւնից հանել է իր «Մեղր» ֆիլմը։ Փառատօնի կազմակերպիչների հասցէին իրենց քննադատութիւնն են հնչեցրել նաեւ թուրք մի շարք մշակութային, քաղաքական եւ հասարակական գործիչներ։
«Ոսկէ նարինջ» փառատօնը կազմակերպել է Անթալիայի քաղաքապետարանը։ Այն կանցկացւի հոկտեմբերի 9-14-ը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: