Միջուկային անվտանգութեան կոմիտեի ղեկավար. -
Նման աստիճանի հարստացւած
ուրան Հայաստանում չի եղել եւ չկայ

Նոյեմբեր 16, 2010 19:10
Այնպիսի հարստացման միջուկային նիւթ` ուրան, ինչպիսին յայտարարւած է վրացական իշխանութիւնների կողմից, Հայաստանում չի եղել եւ չկայ: Այս մասին այսօր` նոյեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Միջուկային անվտանգութեան կազմակերպման Պետական կոմիտէի ղեկավար Աշոտ Մարտիրոսեանը:
Անդրադառնալով նրան, որ Հայաստանի քաղաքացիները մաքսանենգ ճանապարհով գերհարստացւած ուրան տեղափոխել Երեւանից Թբիլիսի, Ա. Մարտիրոսեանն ասաց. «Հայաստանում գտնւող միջուկային նիւթերը, սկսած ատոմակայանի միջուկային վառելիքից, մինչեւ տարբեր կազմակերպութիւններում եղած աննշան քանակի նիւթերը` մի քանի միկրոգրամների, բոլորը գտնւում են մեր, ինչպէս նաեւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան հսկողութեան ներքոյ: Քանի որ հետաքննութիւնը դեռեւս աւարտւած չէ, չունենք ամբողջ տեղեկութիւնը, մենք չգիտենք, դա Հայաստանո՞վ է անցել: Միգուցէ Հայաստանով չի անցել»:
Բրիտանական հեղինակաւոր «Գարդիան» պարբերականը գրել էր, որ Հայաստանի երկու քաղաքացիներ ապրիլին Վրաստանում ձերբակալւել են հարստացւած ուրանի 18 գրամ չափաբաժինը սեւ շուկայում իրացնելու փորձի ժամանակ: Թերթը գրել էր, որ ըստ գործի, ուրանը Վրաստան է տեղափոխւել Երեւան-Թբիլիսի գնացքով:
Նշենք, որ այս դէպքի կապակցութեամբ հետաքննութիւն է իրականացւում նաեւ Հայաստանի ԱԱԾ-ում, որի աւարտից յետոյ միայն հնարաւոր կլինի ասել, թէ Վրաստանում յայտնաբերւած մաքսանենգ ուրանը Հայաստանի՞ց է հասել վրաստան, թէ՞ ոչ:
Իսկ ահա վրացական անվտանգութեան մարմինները պնդում են, որ ՀՀ քաղաքացիներ 63-ամեայ գործարար Սմբատ Տոնոյեանն ու 59-ամեայ ֆիզիկոս Հրանտ Օհանեանը այս տարւայ մարտ ամսին փորձել են Վրաստանի տարածքում 87 տոկոս հարստացւած ուրան իրացնել, որը Թբիլիսի էին հասցրել Ռուսաստանից` Հայաստանի տարածքով:
Այս առնչութեամբ Միջուկային անվտանգութեան կազմակերպման Պետական կոմիտէի ղեկավարն ասաց. «Այնպիսի հարստացման միջուկային նիւթ, ինչպիսին յայտարարւած է վրացական իշխանութիւնների կողմից, Հայաստանում չի եղել եւ չկայ: Հայկական ատոմակայանում օգտագործւող վառելիքը 3 տեսակի հարստացման է` 1.6, 2.4, 3.6 տոկոս: Դա առաւելագոյն հարստացման ուրանն է, որը Հայաստանում կայ: Իսկ 87 տոկոս հարստացման ուրան Հայաստանում չի եղել»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: