Սերժ Սարգսգան.-
Միշտ ամուր ենք եղել մեր հողի վրայ,
ամուր ենք այսօր, աւելի ամուր ենք
լինելու ապագայում
«Մենք ուժեղ ենք, ուժեղ ենք քան երբևէ, իսկ ամէն յաջորդ օրը շատ աւելի
ուժեղ ենք լինելու»

«Մենք պէտք է շարունակաբար ամրանանք` դրսևորելով տասը միլիոն
հայերի համերաշխութիւնը»

«Իմ ուղերձը ձեզ շատ յստակ է` Լեռնային Ղարաբաղը կայացած և
շարունակաբար ամրացող պետութիւն է, աւելին ասեմ` շատ աւելի
ժողովրդավարական երկիր է, քան հարևան Ադրբեջանը»

«Յայտնի է, որ կան պետութիւններ, որոնք փորձում են օտարներին յարգանք
պարտադրել իրենց զէնքով ու զօրքով, բայց նաև յայտնի է, որ դրանք աւելի
յաճախ յարուցում են ատելութիւն, քան յարգանք: Դա մեր ճանապարհը չէ»
21:05 • 16.11.10
Աշխատանքային այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկւայում գտնւող Սերժ Սարգսեանն այսօր մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամեայ գալա երեկոյին, որին ներկայ են եղել ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեանը, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ, ռուսաստանաբնակ Հայ գործարարներ: Նշենք, որ «Հայաստան» հիմնադրամի թելեթոնը տեղի կունենայ նոյեմբերի 25-ին։
ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսեանը երեկոյի մասնակիցներին ուղղւած ուղերձում անդրադառնալով Հիմնադրամի գործունէութեանը` ընդգծել է, որ համազգային ընդգրկում ունեցող այդ կառոյցը կարողացել է տարիներ շարունակ իրականացնել կենսական կարևորութեան ծրագրեր: Նախագահի խօսքով` «Հայաստան» հիմնադրամն իր գործով բազմապատկում է մեր հաւատն ու վստահութիւնը մեր իսկ ուժերի և մեծ հաշւով` մեր գալիքի նկատմամբ:
«Մենք պէտք է հիմնաւորապէս կառուցենք ու վերակառուցենք մեր տունը: Նրա բնակիչները պէտք է պաշտպանւած լինեն ռազմական, իրաւական և սոցիալական առումներով: Մենք պէտք է շարունակաբար ամրանանք` դրսևորելով տասը միլիոն հայերի համերաշխութիւնը: Ազգային արժանապատւութիւնն այլ կերպ չի լինում»,-նշել է նա:
Սերժ Սարգսեանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, խօսել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հետևողական կայացման, հարևան հանրապետութիւնից անընդհատ հնչող ռազմական կոչերի և մեր պաշտպանական հնարաւորութիւնների աւելացման մասին` նկատի առնելով, որ երեկոյի մասնակիցները յաճախ են այդ թեմաների վերաբերեալ հարցերով դիմում Նախագահին:
«Իմ ուղերձը ձեզ շատ յստակ է` Լեռնային Ղարաբաղը կայացած և շարունակաբար ամրացող պետութիւն է, աւելին ասեմ` շատ աւելի ժողովրդավարական երկիր է, քան հարևան Ադրբեջանը: Բանակցութիւնները հիմնախնդրի խաղաղ կարգաւորման շուրջ շարունակւում են, և ինչքան շուտ Ադրբեջանը գիտակցի, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման ընդունումն իր համար այլընտրանք չունի, այնքան շուտ կաւարտւեն բանակցութիւնները: Իսկ պաշտպանական մեր կարողութիւնների մասին երկու կարծիք լինել չի կարող` մենք ուժեղ ենք, ուժեղ ենք քան երբևէ, իսկ ամէն յաջորդ օրը շատ աւելի ուժեղ ենք լինելու»,-ընդգծել է Սերժ Սարգսեանը:
Սերժ Սարգսեանի խօսքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գալայ երեկոյի ժամանակ
«Սիրելի՛ հայրենակիցներ,Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ողջունում եմ ձեզ: Ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար: Ինչպէս գիտեք, այս տարի ևս «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունէությունն ուղղւած է լինելու Արցախի վերելքին: Իրականացւելու են ծրագրեր, որոնց նպատակն է ԼՂՀ ջրային ենթակառուցւածքների զարգացումը, ինչպէս նաև Հայաստանի սահմանամերձ գիւղերի բարեշենութիւնը և բնակիչների բարեկեցութիւնը:
Այս սրահում այսպիսի լսարանի առջև ես աւելորդ եմ համարում խօսել այդ գործերի կարևորութեան և անհետաձգելիութեան մասին:
Բայց այսօր աւելորդ չէ խօսել յարգանք վաստակելու և այն վայելելու մասին: Խօսքս, անշուշտ, չի վերաբերում առաձին անհատների: Խօսքս մի ամբողջ ազգի և պետութեան նկատմամբ յարգանքի մասին է: Մենք պէտք է հետևողականօրէն շարունակենք ազգովի վաստակել ու վայելել առաւել մեծ յարգանք ողջ աշխարհում, ունենալ առաւել բարձր հեղինակութիւն և վարկ:
Մենք շատ բարձր նշաձողից ենք շարունակում: Մեր նախնիները դարեր շարունակ կաթիլ առ կաթիլ ձևաւորել են Հայի և Հայաստանի կերպարը: Նաև մեծանուն հայորդիներն են իրենց գործով ողջ աշխարհում փառաբանել և՛ իրենց, և՛ իրենց ազգի անունը: Այսօր նոր իրականութիւն ունենք. աշխարհին այսօր մենք առաջին հերթին ներկայանում ենք որպէս պետութիւն և որպէս աշխարհասփիւռ հայութիւն: Ուրեմն մեր կարևորագոյն նպատակներից մէկն էլ պիտի լինի այն, որ ուրիշները յարգեն տարբեր մայրցամաքներում գտնւելու, բայց միասին լինելու, ընդհանուր գործ անելու մեր կարողութիւնը, հինաւուրց ազգի համամոլորակային համերաշխութեան դրսևորումը: Հաւատացէ'ք, սա քչերին է տրւած և հաստատ արժանի է յարգանքի: Մանաւանդ որ այդ համերաշխութիւնն ուղղւած է մեր տունը կառուցելուն: Մեր ընդհանուր տունը մենք պիտի կառուցենք այնքան հիմնակոր, որքան հիմնաւոր է հայը կառուցում իր սեփական տունը: Ընդհանուր տուն ասելով` նկատի ունեմ Հայաստանը, նկատի ունեմ Արցախը, այսինքն նկատի ունեմ Հայոց հայրենիքը:
Յարգելի՛ հայրենակիցներ,
Յայտնի է, որ կան պետութիւններ, որոնք փորձում են օտարներին յարգանք պարտադրել իրենց զէնքով ու զօրքով, բայց նաև յայտնի է, որ դրանք աւելի յաճախ յարուցում են ատելութիւն, քան յարգանք: Դա մեր ճանապարհը չէ: Պոռոտախոսութիւնը նոյնպէս մեր ճանապարհը չէ: Մեր ճանապարհը արարելու, ստեղծագործելու և խաղաղութիւն պարտադրելու ճանապարհն է:
Այսպիսով. մենք պէտք է հիմնաւորապէս կառուցենք ու վերակառուցենք մեր տունը: Նրա բնակիչները պէտք է պաշտպանւած լինեն ռազմական, իրաւական և սոցիալական առումներով: Մենք պէտք է շարունակաբար ամրանանք` դրսևորելով տասը միլիոն հայերի համերաշխութիւնը: Ազգային արժանապատւութիւնն այլ կերպ չի լինում: Սա մեր յարգանքն է մեր նկատմամբ, որից սկսում և մեծանում է միւսների յարգանքը մեր հանդէպ:
Ես չեմ կասկածում, որ այս ճանապարհով հաւաքական հայութիւնը կվայելի աւելի բարձր հեղինակութիւն, և նրա առջև կբացւեն ավելի լայն դռներ:
Աշխարհում Հայաստանից յետոյ ամենաշատ հայեր ապրում են Ռուսաստանում: Այստեղ ձեզ ճանաչում են, ընդունում ու յարգում: Այս իրողութիւնը ձեզ համար և՛ պատիւ է, և՛ պարտաւորութիւն: Դուք լաւ գիտէք վաստակած յարգանքի գինը և զգում էք դրա խթանիչ ուժը ձեր գործունէութեան համար: Ես հէնց այդ զգացումը նկատի ունեմ, և դրա բազմապատկման կարևորութիւնն եմ մատնացույց անում:
Յարգելի՛ ներկաներ,
«Հայաստան» հիմնադրամն այն եզակի կառոյցներից է, որը, ունենալով համազգային ընդգրկում, կարողացել է տարիներ շարունակ իրականացնել կենսական կարևորութեան ծրագրեր, յատկապէս` իրականացնել գաղափարի շուրջը համախմբելու առաքելութիւն. գործ, որ բազմապատկում է մեր հաւատն ու վստահութիւնը մեր իսկ ուժերի և մեծ հաշւով` մեր գալիքի նկատմամբ:
Սիրելի´ քոյրեր և եղբայրներ,
Ձեզ հետ շփումների ժամանակ ես յաճախ եմ հարցեր ստանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հետևողական կայացման, ԼՂ հիմնախնդրի շուրջ առկայ իրավիճակի, հարևան հանրապետութիւնից անընդհատ հնչող ռազմական կոչերի և մեր պաշտպանական հնարաւորութիւնների աւելացման մասին: Իմ ուղերձը ձեզ շատ յստակ է` Լեռնային Ղարաբաղը կայացած և շարունակաբար ամրացող պետութիւն է, աւելին ասեմ` շատ աւելի ժողովրդավարական երկիր է, քան հարևան Ադրբեջանը: Բանակցութիւնները հիմնախնդրի խաղաղ կարգաւորման շուրջ շարունակւում են, և ինչքան շուտ Ադրբեջանը գիտակցի, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման ընդունումն իր համար այլընտրանք չունի, այնքան շուտ կաւարտւեն բանակցութիւնները: Իսկ պաշտպանական մեր կարողութիւնների մասին երկու կարծիք լինել չի կարող` մենք ուժեղ ենք, ուժեղ ենք քան երբևէ, իսկ ամէն յաջորդ օրը շատ աւելի ուժեղ ենք լինելու:
Հայոց բանակը թրծւել է պատերազմի բոհում: Մենք բռնութիւն և պատերազմ չենք հրահրել, սակայն ստիպւած ենք եղել պաշտպանել մեր օջախը: Հէնց դա է անհաւասար ճակատամարտում յաղթանակի հասնելու հիմնական պատճառը: Իր օջախը, տունը, ծնողներին, ընտանիքը, զաւակներին պաշտպանող ժողովուրդն անպարտելի է:
Աստւած վկայ է` հայ ժողովուրդը պատերազմ չի ուզում, և այժմ էլ մենք նախայարձակ չենք լինելու, բայցև մենք չենք անտեսի մեզ նետւած մարտահրաւէրը: Մենք միշտ ամուր ենք եղել մեր հողի վրայ, ամուր ենք այսօր, շատ աւելի ամուր ենք լինելու ապագայում:

Tert.am

0 Պատգամ: